Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Մի՛ հուսահատվիր, Գևորգ, ես գիտեմ, թե ինչ կա սրտումդ և ինչն է քեզ վրդովում: Երիտասարդական արյունդ բորբոքվում է, բայց համբերություն ունեցիր: Հեղինեն քեզ կպատկանի:

Գևորգը ծունկ չոքեց և համբուրեց Մարտիրոս հոր աջը:

Դու ճանաչում ես ամեն սիրտ, հա՛յր սուրբ, ես քեզ եմ ապավինում:

Իսկ դու չկարողացա՞ր անձամբ ներկայանալ Հեղինեին, — հարցրեց Մարտիրոս հայրը Սահակին:

Ո՛չ, այդ անկարելի էր: Դուրսը շրջում են նրա պահապանները, ես վախեցա անտեղի կասկածի մեջ ձգել նրանց:

Լավ, ի՞նչ ես կարծում, եթե մենք նրան փախցնելիս լինենք, նրանից ոչինչ ընդդիմություն չե՞նք գտնի:

Վստահ եղեք ինձ վրա:

Լա՛վ: Այժմ Գևորգ իշխանի և մի խումբ զինվորների հետ գնացեք Հեղինեին բերելու, բայց զգույշ, ամեն մի քայլը նախատեսեք և այնպես առաջ գնացեք: Ոչ մի աղմուկ չլինի, իսկ մենք կսպասենք այստեղ: Ծովը հետզհետե խաղաղվում է և հաջող քամի է փչում: Դեհ, ժամանակ հարկավոր չէ կորցնել, ամեն մի րոպեն մեզ համար թանկ արժե:

Գևորգ իշխանը և Սահակ քահանան իրենց խմբով հենց ուզում էին առաջ գնալ, երբ ոտքի ձայն լսեցին և նրանից հետո` քարի գլորվելու ձայն, որը գլորվելով ծովն ընկավ:

Մեզ լրտեսում են, — շշնջաց Սահակը:

Նրանք սկսեցին ականջ դնել, բայց կասկածավոր ոչինչ չիմացան:

Չէ՛, ո՛չ ոք չկա, քամին էր, որ քարը ծովը գցեց, թե չէ ո՞վ կհամարձակվի մեջ գիշերին այս ամայի տեղում թափառելու:

Ո՛չ, ինձ այնպես երևաց, որ մարդու քայլեր են, քամին չէր կարող քարը ծովը ձգել, մենք պիտի շտապենք և լրտեսին բռնենք, թե չէ ամեն բան կորած է:

Գնա՛նք ուրեմն, — ասացին նրանք և մի ակնթարթում առաջ անցան և զգուշությամբ ամեն մի քար, ամեն մի մացառ սկսեցին խուզարկել, բայց ոչինչ չգտան: Նրանց աչքից փախավ մի մեծ քար, որի տակ մեկնված էր մի մարդ և շունչը իրեն պահած, սպասում էր, որ այդ խումբը առաջ անցնի: Նա խմբից ուզում էր առաջ անցնել, բայց տեսնելով, որ յուր հոտն առան, թաքնվեցավ քարի տակ:

Փոքրիկ խումբը զգույշ առաջ անցավ: Երբ որ նրանք բավականին հեռացան, քարի տակի մարդը ազատ շունչ քաշեց և վեր կենալով տեղից դեպի խումբը նայեց, որ հազիվ էր երևում մթության մեջ:

Նա թափ տվեց յուր շորերը, որոնք շաղախվել էին ցեխի և հողի մեջ և ինքնիրեն մռմռաց.

Հը՜մ... անպիտանները ինձանից առաջ անցան, պետք է շտապել, ապա թե ոչ ամեն ինչ կորած է, — ասաց նա և ինքն էլ մթության մեջ շուտով անհետացավ:

Այդ մարդը Քոսակն էր:

Ը

Հեղինեն խորհրդավոր տոմսակի ընթերցումից հետո մեկնվել էր մահճակալին և ամուր, շատ ամուր սեղմում էր ձեռքի մեջ այդ տոմսակը: Նա ո՛չ արթուն էր, ո՛չ քնած, այլ լայն բացած աչքերով նայում էր առաստաղին: Անթարթ էին նրա աչքերը և ապուշի նման միշտ վեր էին նայում առանց հասկանալու, թե ո՞ւր էր և ի՞նչ էր կատարվում իր հետ: Նա մոռացել էր յուր գոյությունը, մոռացել աշխարհը: Քրտնքի խոշոր կաթիլները միայն զարդարել էին նրա մարմարե ճակատը, որոնք թույլ լուսավորության տակ ադամանդի նման էին պսպղում: Սիրուն էր նա, հրաշալի յուր այդ դիրքով, և նախանձի չաստվածները կարծես նրան դյութել էին, որ նա անշարժ մնա, իսկ ջրային ադամանդները նրա ճակատը զարդարեն: Ու նա անշարժ նայում էր վեր, միշտ վեր, ճիգ էր անում հասկանալու, թե ի՞նչ կա այնտեղ, ինչպե՞ս են կապված քարերը, ի՞նչ մի անհասկանալի զորություն պահում էր նրանց վերևում, օդի մեջ, բայց ոչինչ չէր հասկանում, չէր կարողանում լուծել այդ հանելուկը:

Հանկարծ, այդ խորին լռության մեջ, լսվեցավ յուր բանտի դռան թեթև շռինդը, և մի քանի մարդ կանգնեցան նրա գլխի վերև: Նա երեսը դեպի նրանց դարձրեց և դեռ ապուշի նման նայում էր: Նա չէր հասկանում, թե ովքե՞ր են եկողները և ի՞նչ են ուզում իրենից:

Հեղինե՛, — ասաց ցած ձայնով ներս եկողներից մեկը:

Հեղինեն ուշադրությամբ նայում էր նրանց և ուժ գործ դնում ճանաչելու, բայց նրա միտքը պղտորվում էր և դեռ ուշքի չէր կարողանում գալ:

Հեղինե՛, մի՞թե ինձ չես ճանաչում, — կրկնեց նույն մարդը և կարեկցաբար գլուխը շարժեց:

Ինչպես չէ, ա՜խ, հա՛յր, դու դարձյալ եկար, դարձյալ ուզում ես վրդովել ինձ... թույլ տուր ինձ հանգիստ այս բանտի մեջ մեռնելու: Ես լրտես եմ, ինձ կտոր-կտոր արա, սպանիր, վերջ դիր կյանքիս, — ասաց Հեղինեն և երեսը շուռ տվեց ներս եկողներից:

Ի՞նչ ես ասում, աղջի՛կս, ճանաչիր ինձ, ես հայրդ չեմ, այլ խոստովանահայրդ` Սահակ քահանան, մի՞թե ինձ չես ճանաչում... ա՜խ, դու հիվանդ ես...

Սահակ հա՞յրս... — ասաց Հեղինեն և վեր թռավ տեղից, մի տեսակ սարսուռ անցավ նրա մարմնով և նա ուշքի գալով ընկավ Տեր-Սահակի ոտքերը: — Աղոթիր ինձ համար, տե՛ր հայր, — ասաց նա, և հեկեկանքը խեղդեց նրան:

Ամեն ժամ, ամեն րոպե, աղոթում եմ քեզ համար, աղջի՛կս, — ասաց Սահակ քահանան, ոտքի կանգնեցնելով նրան:

Բաժակս դառն է, տե՛ր հայր, փրկիր ինձ այս տանջանքներից:

Դու փրկված ես, աղջի՛կս, ազատությանդ ժամը հասել է և դու պիտի հետևես մեզ:

Ո՞ւր, մի՞թե ես պիտի հեռանամ, փախչեմ, իսկ հայրս...

Պիտի փախչես, որովհետև այդ է քո փրկության ճանապարհը,

Իսկ հա՞յրս, տե՛ր հայր, մի՞թե թույլ կտա, նա մաս-մաս կկտրատի թե՛ քեզ և թե՛ ինձ:

Այդ չի կարող անել, տեսնում ես ով է այստեղ կանգնած:

Ո՞վ է:

Գևորգ իշխանը:

Ա՛հ, — մի ճիչ արձակեց և ուրախությունից թե ինչից նա ուշաթափվեց և տարածվեց Տեր-Սահակի ձեռքերի վրա:

Գևորգ իշխանը, որ մինչ այդ լուռ արձանի նման նայում էր օրիորդին, մոտ վազեց և գրկեց Հեղինեին:

Հեղինե՛, լսիր ինձ, ես քո Գևորգն եմ, որի սիրտը վաղուց քեզ համար է բաբախում:

Հեղինեն ամուր սեղմում էր Գևորգի ձեռքը և մրմնջում.

Տարե՛ք ինձ, ես ձեզ հետ եմ...

Նրանք առաջ անցան: Գևորգ իշխանը գրկած Հեղինեի նազուկ իրանը, ասում էր նրան.

Մի փոքր էլ, իմ թանկագի՛ն Հեղինե, և մենք կհասնենք ծովափ: Գիտեմ, հասկանում եմ. փոթորիկն է տիրապետում հոգուդ մեջ, ահարկու մտքերը զբաղեցնում են քեզ. բայց հավատացնում եմ քեզ, որ քո այդ վճռական քայլը սրբում է այն սև բիծը, որ հայրդ դնում է Արծրունիների անվան վրա:

Գևո՛րգ իշխան, ինչպես երևում է դու դեռ ինձ չես ճանաչում, — պատասխանեց Հեղինեն: — Իմացիր, որ սրտիս մեջ վախկոտի արյուն չէ հոսում և ես իմ ամեն քայլը կշռել ու չափել եմ: Րոպեի ազդեցության տակ չէ իմ փախուստը, այլ երկար գիշերների մտածության արգասիք: Գիտեմ, ծանր, մահացու հարված եմ հասցնում հորս, բայց թե ուրիշ ելք չեմ գտնում: Սիրում եմ ապրել ու մեռնել այնտեղ, ուր ազնվությունն ու հայրենասիրությունն է թագավորում: Եվ ես կերթամ մեռնելու իմ քույրերի և եղբայրների հետ, որոնք իրենց կյանքը հայրենիքի սիրո համար են զոհում:

Իմ թանկագի՛ն Հեղինե, չէ՛, դու չես մեռնի, — պատասխանեց Գևորգը և ծունկ չոքած նրա առաջ, համբույրներով ծածկեց օրիորդի ձեռքերը: — Դու կապրես երջանիկ, անդորր կյանքով: Իմ կուրծքը պատնեշ կշինեմ, կյանքս ոտքերիդ տակ կզոհեմ և թույլ չեմ տա, որ դու վշտանաս: Այդ սիրուն աչքերից թախիծը կենսունակ ժպիտի կփոխարկեմ և թորշոմած այտերդ` կաս-կարմիր վարդի: Հեղինե՛, դու չգիտես, թե ինչ հուր է այրում ինձ: Սրտիս այդ հուրը ուզում էի հանգցնել, դուրս պոկել սրտիս խորքերից, բայց նա ավելի ու ավելի էր բորբոքվում ու ինձ գցում տանջանքի և արհավիրքի ծովը: Ես սիրում եմ քեզ, Հեղինե՛, սիրում անհուն, անարատ սիրով, ասա, խոսք տուր, որ դու իմը կլինես, որ մենք կապրենք երջանիկ, որ մենք կմեռնենք միասին:

Իմ սիրելի՛ իշխան, վեր կաց: Հայրենիքին նվիրված իշխանը չպիտի ծունկ չոքի մի աղջկա առաջ, որը արժանի չէ նրան: Երկու սեր չի կարող լինել: Դու պիտի սիրես հայրենքդ, ինչպես սիրել ես մինչև հիմա և կյանքդ նվիրես նրան:

Այդ միջոցին առաջ եկավ Գևորգ իշխանի զինվորներից մեկը և ասաց.

Գևո՛րգ իշխան, մենք կորանք, Գագիկ Արծրունու պալատում ճրագ վառվեցավ, մի ինչ-որ սև ուրվական դեպի նա վազեց և այնտեղ խլրտմունքի մեջ ձգեց. շտապեցեք, ապա թե ոչ մենք ամենքս կորած ենք:

Է՜յ, Ծառո՛ւկ, արի այստեղ, — ասաց խրոխտ ձայնով Տեր-Սահակը ժողովելով յուր հոգու ամբողջ արիությունը: — Չպետք է մեզ կորցնենք, երբ վտանգի մեջ ենք: Իշխա՛ն, պատսպարեցեք իշխանուհուն և շո՛ւտ դեպի մակույկները, շտապեցե՛ք, թե չէ, կորած ենք:

Գևորգը մի ակնթարթում ոտքի կանգնեց, և նրանք Հեղինեի հետ առաջ անցան:

Երբ նրանք անցան այնտեղից, որտեղից երևում էր Գագիկի պալատը, նայեցին դեպի այն կողմ, ու սարսռեցան: Այնտեղից լսվում էին խառն խոսակցության ձայներ և ապա` քիչ հետո լսվեց թմբուկի ձայնը, որ դղրդոց գցեց ամբողջ ամրոցում: Թմբկահարը ուժգին թմբուկ էր զարկում և զարթեցնում պահապաններին:

Փախստականները շտապեցնում էին իրենց քայլերը, չնայած որ նրանց սրունքները դողում էին: Նրանք արդեն լսում էին, թե ինչպես իրարանցում ընկավ բերդի մեջ, թե ինչպես այնտեղ ճրագներով վազվզում Էին մարդիկ, հայհոյում և ապա դեպի Հեղինեի բանտը շարժվում: Պարզ էր, որ նրանք իմացել էին Հեղինեի փախուստը և ուր որ է փախստականների հետևից պիտի ընկնեին:

Մի փոքր էլ առաջ անցան, և ահա նրանց առաջ դուրս եկավ մնացած՝խումբը,— որն առնելով Հեղինեին` շտապեց առաջ: Այդ միջոցին բերդի կողմից զենքերի ձայներ լսվեցին, որոնք դեպի իրենց էին գալիս: Փախստականների դեմ մի ամբողջ գունդ էր դուրս եկել:

Ո՞ր կողմն են նրանք, — գոռում էր նրանց առաջնորդը, որ նույն ինքը Գագիկ Արծրունին էր:

Այս կողմը, տե՛ր, — պատասխանեց մի ուրիշ ձայն և դեպի փախստականների կողմը ցույց տվեց:

Դե, շուտ, Քոսա՛կ, թե չէ մաս-մաս կկտրատեմ քեզ, — ասաց Գագիկը, և մթության մեջ նրանք առաջ անցան: Գագիկ Արծրունին արդեն մոտենում էր փախստականներին, բայց վերջինները դեռ չէին հասել ծովափ:

Տե՛ր-Սահակ, իշխանուհուն տարեք դուք, նստեցեք մակույկները և ազատեցեք նրան, իսկ իմ մասին մի՛ մտածեք: Սրանց ճանապարհը հարկավոր է բռնել, ապա թե ոչ, բոլորս կկոտորվենք:

Լա՛վ, բայց զգույշ պահիր քեզ, — ասաց Տեր-Սահակը և մի քանի մարդով առաջ անցավ:

Գևորգ իշխանը և մոտ քսան հոգի կանգ առան տեղնուտեղը: Գագիկ Արծրունու գունդը առանց նկատելու դեպի իրենց էր գալիս, մի քանի րոպե և նրանք կընդհարվեին:

Տղե՛րք, երկու մաս եղեք և աղեղներդ լարեցեք, նշան տալուն պես արձակեցեք և ապա սրերը պատրաստ պահեցեք: Նրանց պիտի շփոթեցնել մինչև Մարտիրոս հայրը ծովափից հեռանա, իսկ հետո մեզ համար հեշտ է մակույկները թռչելը:

Գագիկ Արծրունու խումբը արագ մոտենում էր: Հանկարծ սարսափահար նա կանգ առավ: Մոտ քսան նետ դեպի այդ խումբը սլացավ և պառկեցրեց մի քանիսին:

Վա՛յ, մեռա, — կանչեցին մի քանի կողմից:

Քոսա՛կ, դու դավաճանեցիր, մենք որոգայթի մեջ ենք, — կանչեց Գագիկ` ատամները կրճտացնելով:

Ո՛չ, տե՛ր, այդ ես չդավաճանեցի, այլ սպիտակ դևը, որ հեռու չէ այստեղից, — պատասխանեց Քոսակը:

Առա՛ջ ուրեմն...

Նետերի նոր տարափը թափվեցավ դրանց վրա և դարձյալ մի քանի կյանք խլեց:

Բայց Գագիկի խումբը առաջ էր վազում, առանց ուշք դարձնելու նետերի տարափին և վիրավորների հառաչանքին: Գագիկը դեպի ծովն էր շտապում, արգելելու յուր աղջկա փախուստը: Նա արդեն մոտ էր ծովափին. այնտեղից լսում էր շտապ խոսակցություն և խելացնորի նման դեպի այնտեղ վազում:

Նրա հոգին գուշակում էր, որ այնտեղ է Հեղինեն, մի փոքրիկ ջանք էլ, և փախստականները յուր ձեռքերումը կլինեն:

Հանկարծ Գևորգ իշխանի խումբը գրոհ տվեց և, երկուսի բաժանված, խառնվեց Գագիկի խմբի մեջ: Մթության մեջ սկսվեց կռիվը, արյունալից կռիվը: Գագիկը մի վայրկյան կանգ առավ, առյուծի նման մռնչաց և հարձակվեց յուր հակառակորդների վրա: Մթության մեջ նրանք ջարդում, կոտորում էին իրար առանց հասկանալու, թե ո՞վ ում է սպանում, թե ո՞րն է թշնամին, ո՞րն է բարեկամը, երբ մակույկների թիակների ձայներ լսվեցան և քիչ հետո ծովի միջից մի ձայն կանչեց.

Գագի՛կ Արծրունի, դադարեցրու կռիվը, զուր իրար մի՛ կոտորեք, մենք արդեն տանում ենք քո զոհը` աղջկադ...

Ինչպես սառը ջուր թափես մարդու գլխին, այնպես այդ ձայնը սարսռեցրեց Գագիկին: Նա զգաց, որ յուր մարդիկ իրար էին կոտորում, այնինչ Գևորգ իշխանը մի անգամ հարձակում գործելուց հետո ետ էր նահանջել և շտապով մակույկներ նստել:

Է՛յ, դադարեցրե՛ք կռիվը, — գոռաց նա, — դեպի մակույկները վազեցեք, հասեք, բռնեցեք նրանց, աղջկաս տանում են...

Տե՛ր, ոչ մի մակույկ չկա ծովի ափին, — հայտնեց մեկը:

Լողորդնե՛ր, դեպի ծովը նետվեցեք, աղջկաս ազատեցեք, ես լիառատ կվարձատրեմ, ով Հեղինեին վերադարձնի, — ասում էր Գագիկը և հուսահատությամբ ձեռքերը կոտրատում: Բայց ոչ մի կողմից հույս չկար, ծովը ծփում էր և հորձանքները Ժայռերին խփում, այնինչ մակույկները հաջող քամուց շարժված` սլանում էին հեռու...

Թ

Ցնծում էր Հայաստանը, ցնծում էր Երազգավորս քաղաքը... Ուրախության աղաղակներ էին լսվում հայ սրտերից, ցնծության երգեր էին երգում հայ զինվորները: Թե՛ մեծ, թե՛ փոքր տղա, թե՛ աղջիկ, թե՛ գեղջուկ և թե՛ քաղաքացի օրհնում էին թագավորին, երկար կյանք մաղթում Աշոտ Երկաթին և հազար բարիքներ ցանկանում նրան: Այսօր Աշոտ Երկաթը նոր կյանք էր մտնում, այսօր Հայաստանը նոր թագուհի էր գտնում: Անմայր էր Հայաստանը, թափուր էր թագուհու թախտը և Գարդմանաց հզոր իշխանի` Սևադայի աղջիկը այսօր պիտի բարձրանար այդ թափուր թախտի վրա և մայրություն աներ հայոց աշխարհին:

Ու հրճվում էր ժողովուրդը: Երազգավորս քաղաքը մի տեսակ կենդանություն էր ստացել, փողոցները մաքրվում էին և ճանապարհները ծաղիկներով ծածկվում: Իշխաններն ու իշխանազնուհիները երկրի բոլոր կողմերից դեպի պալատն էին շտապում, իսկ զորքերը գունդագունդ փողոցներում շարվում: Մորթվում էին բազմաթիվ երինջներ, ոչխարներ, մի կողմից ներս էին տանում վայրի կենդանիներ, թռչուններ, իսկ մյուս կողմից` հողում թաղած կարասների բերանները բանում:

Գինին և պաշարեղենը առատությամբ բաժանվում էին ժողովրդին, որ ուրախաձայն երգելով օրհնում էր թագավորի կյանքը: Փողոցներում շրջում Էին ժողովրդական երգիչներ` գուսաններ, ամեն տեղ կանգ առնում և Աշոտ Երկաթի քաջագործությունները գովաբանում: Մինչդեռ ժողովուրդը քեֆ էր անում, պալատից լսվում էր թմբուկների և տավիղների ձայներ, իսկ երբեմն` գուսանների երգը: Այնտեղ` պալատում, խրախճանք էին անում իշխանները, իսկ փողոցում` ժողովուրդը: Խարույկներ էին վառվում Երազգավորսում և շրջակա բլուրներին, որոնք հանդեսին ավելի շքեղություն, ավելի պերճություն էին տալիս: Ուրախ էր Աշոտ Երկաթը: Նա նստած էր ոսկե գահույքին, իսկ նրա կողքին` թագուհին յուր նաժիշտներով և շուրջը զանազան մեծ ու փոքր իշխաններ: Այդտեղ Էին Գարդմանաց Աևադա իշխանը, Ափխազաց Գուրգենը, յուր եղբայր Աբասը, Գևորգ Մարզպետունի իշխանը, Հովհաննես կաթողիկոսը եպիսկոպոսներով և Մարտիրոս վանահայրը: Աշոտ Երկաթը գլխին դրած ուներ ոսկե թագ, զարդարված թանկագին քարերով, իսկ մեջքին կապած ուներ ոսկի, մարգարտաեռ և ակնակուռ գոտի: Վզին ձգած ուներ մանյակ, որ վերջանում էր լայն ձվաձև ոսկով, որի վրա նկարված էր գառն, Քրիստոսի խաչափայտը ձեռքին և շրջապատված էր ադամանդներով, իսկ ուսին ձգած ուներ սամույր մուշտակ: Ձեռքին, ճկույթի վրա անց էր կացված մի թանկագին մատանի, իսկ գոտից կախված էր սուրը ոսկե պատյանով և զարդարված թանկագին քարերով:

Աշոտ Երկաթի մոտ, նույնպես ոսկի գահույքի վրա, նստած էր թագուհին` ոսկեթագը գլխին, իսկ ծիրանի քնքուշ ծածկոցը` ուսերին: Թագուհին շրջապատված էր շատ իշխանազնուհիներով, որոնց մեջ գտնվում էին նաև երկու օրիորդ, մեկը Աստղիկը` Դավթի նշանածը, իսկ մյուսը` Գագիկ Արծրունու դուստր Հեղինեն: Դրանք էլ քեֆ էին անում և ուրախանում: Մի խումբ օրիորդներ երգում էին երգեր, հնչեցնում տավիղներ և պարեր պարում:

Մինչդեռ ներսը` պալատում ուրախություններ էին անում, դուրսը, ուր շարված էին հայոց զորքերը և մի գունդ արաբական զորք, որոնց ուղարկել էր Յուսուֆը` թանկագին ընծաների հետ միասին, անհամբեր սպասում էին հրամանի, որ իրենք էլ սկսեն ուրախությունը, զվարճությունը: Այդ իսկ միջոցին երեք մարդ զգուշությամբ մոտեցան պալատին: Նրանցից երկուսը կույր էին, կամ թե կույր էին ձևանում, և ձեռքերին մի-մի սազ ունեին, իսկ երրորդը դրանց առաջնորդն էր` ծաղկատար երեսով, քոսա մի մարդ: Կույր մարդիկ բռնել էին նրա փեշերից և հետևում Էին նրան:

Քանի դեռ չէին մոտեցել այնտեղ, ուր կանգնած էին զորքերն ու պահապանները, երկու կույրերը շատ գեղեցիկ քայլում էին և ամենևին ցույց չէին տալիս, թե իրենք կույր են, բայց հենց որ մոտեցան նրանց, սկսեցին ցույց տալ, թե դժվարանում են քայլել:

Շարված զորքերին շուտով գինի և խորտիկներ ուղարկվեցան, և նրանք խառնվելով, խումբ-խումբ սկսեցին քեֆը շարունակել: Այդ միջոցին ժողովրդի երեք երգիչները վստահ մոտեցան պալատին և ուզեցան ներս մտնել դահլիճ, բայց պահապանն արգելեց:

Է՛յ, ո՞ւր եք գնում, չի կարելի ներս մտնել, — ասաց նա:

Մենք երգիչներ ենք, ուզում ենք թագուհու կյանքը բարեմաղթել, նրան փառաբանել:

Չէ, չի կարելի, մեր թագուհին կույր երգիչների կարոտ չէ, հեռացեք այստեղից:

Թող մեզ, մենք մեր թագուհու լուսաթաթախ երեսը գովենք, մեր սրտի ուրախությունը հայտնենք, — ասաց երգիչների առաջնորդը և ուժով ուզում էր ներս մտնել:

Ձեզ չե՞ն ասում` չի կարելի, — գոռաց պահապանը և նիզակը ճոճեց նրանց վրա:

Վա՜յ, ի՞նչ ես անում, ուզում ես սպանե՞լ, — գոռաց աղիողորմ ձայնով չեչոտ մարդը և մի քանի քայլ առաջ անցավ: Նրա ձայնը լսվեցավ դահլիճում, ուր իմանալով բանի էությունը, թագուհին հրամայեց ներս թողնել երգիչներին:

Երգիչները ներս մտան և սազերը լարեցին:

Տեսնո՞ւմ ես, իշխա՛ն, — շշնջաց չեչոտ մարդը կույր երգչի ականջին, — տեսնո՞ւմ ես Արծրունյաց օրիորդին:

Տեսնում եմ, Քոսա՛կ, ա՛յ թե ուր է հասել նա, — շշնջաց կույր երգիչը, որ Անձևացյաց իշխան Ատոմն էր:

Նրանք սկսեցին երգել:

Հեղինեն չէր լսում նրանց երգը: Նա մտքով ամփոփվել էր քոսա մարդու վրա և խորին ուշադրությամբ նայում էր նրան:

Որքան նայում էր, այնքան գունատությունը պատում էր իրեն և երբեմն սարսռում էր նրա մարմինը: Նա կարծես սկսում էր ճանաչել այդ մարդուն: Տեսել էր դրանց երեքին էլ, բայց թե ո՞րտեղ` չէր կարողանում մտաբերել:

Բայց երգիչները երկար չմնացին. դուրս գնացին պալատից և երբ մտան Երազգավորսի նեղ փողոցները, շտապեցրին իրենց քայլերը: Կույրերի աչքերը բացվեցան:

Ապրի՛ս, Քոսակ, — ասաց երգիչներից մեկը` Ռշտունյաց իշխանը, — լավ բան հնարեցիր, թե չէ մեզ պալատ ո՞վ կթողներ:

Իհարկե: Մեզ պետք էր իմանալ, թե ովքեր կան այնտեղ, և իմացանք: Հեղինեին էլ գտանք:

Հա՛, գտանք, բայց այդտեղից դուրս կորզելն է դժվար: Այժմ Աշոտ Երկաթը մեծ ուժ ձեռք բերեց` փեսայանալով Գարդմանաց հզոր իշխանին և մի գունդ էլ Յուսուֆից օգնական զորք ստանալով, — պատասխանեց Անձևացյաց իշխանը:

Հը՛մ... Յուսուֆից օգնական զորք... — քթի տակ մռմռաց Քոսակը:

Ի՞նչ հըմ... մի՞թե սուտ է:

Չէ, սուտ չէ, նրանց արդեն մենք տեսանք պալատի առաջ շարված, բայց...

Ի՞նչ բայց:

Այն, որ դրանք «մերն են», — պատասխանեց Քոսակը առանձին հպարտությամբ:

Ինչպե՞ս թե մերն են:

Այնպես են մերը, որ դրանց այստեղ ուղարկողը Աշոտ սպարապետի դրդմամբ է ուղարկել, որ ժամանակին մեզ պետք գան: Իսկ Աշոտ սպարապետը հո գիտեք, որ Աշոտ Երկաթի վրա աչքով աչք չունի:

Լա՛վ է մտածել, ապրի՛ նա, — ասաց Անձևացյաց իշխանը, և նրանք, շուտով դուրս գալով քաղաքից, մտան ձորը, ուր նրանց սպասում էին երեք ձի: Կեղծ երգիչները դեն շպրտեցին սազը, փոխեցին իրենց շորերը և ձիեր նստելով` մթության մեջ շտապեցին առաջ, այնինչ բլուրների վրա դեռ վառվում էին խարույկները, իսկ Երազգավորսն ավելի ու ավելի էր ընկղմվում ուրախության մեջ:

Մինչդեռ Երազգավորսում կատարվում էին հարսանյաց ուրախություններ, Դվին քաղաքում մի ուրիշ բան էր կատարվում: Այստեղ էլ երկրի զանազան կողմերից իշխաններ էին հավաքվում, բայց սրանք շուքով և փայլով չէին մտնում, այլ ամեն մեկն աշխատում էր չեզոք մնալ, որ ժողովուրդը չճանաչի իրեն, այլ ինքը աննկատելի ներս մտնի Դվին և աննկատելի դուրս գա այնտեղից: Գիշերից բավական անցել էր: Լուսաստղը արդեն երերվում էր հորիզոնի վրա և շտապ բարձրանում վեր` հետը բերելով բարերար լույսը, երբ մի խումբ ձիավորներ շտապում էին դեպի Դվին: Խմբի առաջ գնում էր մի մարդ գեղեցիկ արաբական նժույգ նստած, իսկ ետևից գնացողները նրա թիկնապահներն էին: Այդ մարդը, ինչպես երևում է, ամբողջ գիշեր ճանապարհ էր եկել, ձիերն արդեն հոգնել էին, բայց նա կրկին անխնա մտրակում էր ձիուն և շտապում, որ դեռ լույսը չծագած Դվին մտնի: Հեռվից արդեն երևացին Դվինի պարիսպները: Խմբի գլխավորը նայեց և գոհունակության ժպիտ երևաց նրա դեմքին:

Վերջապե՛ս, — ասաց նա և ձիու ընթացքը դանդաղեցրեց: Մի փոքր անց նա ներս մտավ Դվինի լուռ փողոցները և, ձիուց իջնելով, ձին հանձնեց թիկնապահներից մեկին, իսկ ինքը ոտքով դեպի Աշոտ սպարապետի պալատը դիմեց:

Ներս մտավ թե չէ, Աշոտ սպարապետը, որը ըստ երևույթին սպասում էր այդ հյուրին, գրկեց նրան: Եվ նրանք համբուրվեցին:

Վերջապես եկար, արքա՛, — ասաց Աշոտ սպարապետը, — ես վաղուց սպասում էի քեզ:

Ճշմարիտ է, ես մի փոքր ուշացա, թեև գիշերից վաղ պիտի լինեի այստեղ, բայց ասա, ո՞վ կա այստեղ, Քոսակը եկա՞վ, թե ոչ, ի՞նչ լուր ունի Երազգավորսից:

Քոսակին սպասում եմ րոպե առ րոպե:

Ես այստեղ եմ, տե՛ր, — լսվեց հանկարծ Քոսակի ձայնը:

Աշոտ սպարապետը և նոր հյուրը` Գագիկ Արծրունին, ետ նայեցին և տեսան, որ Քոսակը դռներում կանգնած յուր քոսոտ բեղերն էր սրում:

Այդ ե՞րբ եկար, Քոսա՛կ, սատանա հո չե՞ս, — ասաց Աշոտ սպարապետը:

Չէ, սատանա չեմ, բայց սատանայից շատ բան գիտեմ, հենց այս րոպեիս Երազգավորսից եմ գալիս:

Իսկ Անձևացյաց և Ռշտունյաց իշխաններն ո՞ւր մնացին:

Նրանք այս րոպեիս կլինեն այստեղ:

Հը, ի՞նչ տեսար, աղջիկս այնտե՞ղ է, ի՞նչ է անում:

Այնտեղ է, տե՛ր, այնտեղ, Աշոտ Երկաթի հարսանիքում քեֆ է անում ու պարում:

Անիծվի՛ նա, — մռմռաց Գագիկը և աչքերը կատաղությամբ լցվեցին:

Շուտով ժողովվեցան այդտեղ և մյուս իշխանները` Անձևացյաց Ատոմ իշխանը, Ռշտունյաց իշխանը, Ուտիացվոց վրա Աշոտ Երկաթից վերակացու կարգված Մովսեսը և ուրիշները: Եվ երբ լրացավ ամբողջ դավադիր իշխանների թիվը, նրանք փակվելով մի սենյակում` խորհրդի նստան: Ի՞նչ էին ուզում դրանք, ինչո՞ւ էին դավադրություն սարքում իրենց օրինական թագավորի` Աշոտ Երկաթի դեմ: Նրանք չէին ուզում նրան թագավոր տեսնել. և նախանձը կուրացրել էր նրանց և Աշոտ Երկաթի ոտի տակը փորելով, իրենք էլ պիտի ընկնեին նույն վիհի մեջ և օտարին ուրախացնեին: Եվ օտարը հեռու չէր: Յուսուֆը աչքը չէր հեռացնում Հայաստանից, այդ պատառը շատ քաղցր էր, բայց դեռ ժամանակ չուներ դրանով զբաղվելու, նա ուրիշ գործով էր զբաղված:

Տյա՛րք, մի՛ մոռանաք, որ Աշոտ Երկաթը յուր անզոր զորքերի վրա վստահացած շուտով արշավելու է Դվինի վրա, որ սրան էլ Կողբի օրը գցի, — ասաց Ռշտունյաց իշխանը:

Թող գա, մենք պատրաստ ենք նրան ընդունելու, — պատասխանեց Աշոտ սպարապետը, — Բայց դու ճի՞շտը լսեցիր:

Ինձ հաղորդեց Քոսակը, նա ինքը յուր ականջով էր լսել, թե ինչպես Աշոտ Երկաթը սպառնացել էր Դվինը հող ու մոխիր դարձնել:

Ցանկալի է, — ասաց Աշոտ սպարապետը, — մեր նախապատրաստած Յուսուֆի ուղարկած գունդը նրա հետ կլինի, իսկ կռվի ամենաթունդ պահին յուր սուրը նրա դեմ կդարձնի, այնուհետև մեզ մնում է մեր գնդերով ջարդել: Գագիկ Արծրունին Ռշտունյաց և Անձևացյաց իշխաններով թող դարան մտնեն Դվինից դուրս, իսկ մենք կմնանք Դվինում և որոշյալ ժամին, երկու կողմից էլ հարձակում գործելով, թշնամուն մեր մեջ կջարդենք: Նա չի կարող ազատվել, յուր բանակում իրեն հակառակորդ կունենա արաբական գունդը, իսկ չորս կողմից մենք կլինենք շրջապատած:

Ես պատրաստ եմ իմ գնդով ներկա գտնվել նշանակված տեղը, — պատասխանեց Գագիկը:

Ե՛վ մենք, — կրկնեցին մյուսները:

Ազատեցե՛ք աղջկանս, և ես պատրաստ եմ ամեն օգնություն անելու, — ասաց Գագիկը դարձյալ:

Հա՛, ազատել ասելը հեշտ է, բայց կատարելը` դժվար: Նա այժմ առյուծի ճանկն է ընկել, իսկ առյուծի ճանկից ազատելը հեշտ չէ, — ասաց Ատոմը:

Բայց մի՞թե պիտի թողնենք, որ Աշոտ Երկաթը ամբողջ Հայաստանը տակնուվրա անի, մեր իրավունքները խլի, մեր գրկից մեր որդոցը դուրս կորզի:

Համբերություն և հեռատեսություն է պետք, արքա՛, — ասաց լուրջ դեմքով Աշոտ սպարապետը, — ներկա հանգամանքում շատ դժվար է երես առ երես նրա դեմ դուրս գալ, քանի որ նրա ուժը կրկնապատկվեց: Դուք գիտեք Գարդմանաց Սահակ իշխանի զորությունը. նրա ամբողջ զորությունը շուտով մեր դեմ է գալու: Այդ զորությունը դրված է Աշոտ Երկաթի ձեռքի տակ, և մենք պիտի աշխատենք կամ ջլատել այն և կամ ջախջախել: Երես առ երես ջախջախել չենք կարող, իսկ ջլատել` կարելի է:

Ինչպե՞ս:

Ահա թե ինչպես: Նախ և առաջ մենք պիտի մեր կողմը ձգենք Աշոտ Երկաթի եղբորը` Աբասին և Ափխազաց Գուրգենին. դրանց զորությունները մեզ անհրաժեշտ են, իսկ հետո փեսայի և աներոջ մեջ պետք է բաժանություն ձգել. վերջինիս գործը դեռ վաղ է, ժամանակ է պետք, իսկ առաջինների մասին չգիտեմ` ի՞նչ կասեն Անձևացյաց և Ռշտունյաց իշխանները:

Կարող եք վստահ լինել մեզ վրա, մենք արդեն տեսնվեցանք նրանց հետ: Որոմն արդեն ցանված է, և նրանք շուտով մերը կլինեն, — պատասխանեց Ատոմը:

Լավ բան է, եղբայրը եղբոր դեմ:

Այդպես էլ պետք է, բոլորովին հիմնահատակ պիտի անել, որ կործանվի, փչանա աշխարհիս երեսից Բագրատունյաց ցեղը, — մռմռաց Գագիկը:

Եվ կոչնչանա, արքա՛, որոշ ժամանակից հետո Աբասն ու Գուրգենը ինձ հետ կլինեն և այն ժամանակ վա՜յ Աշոտ Երկաթին, նրանց ձեռքով ես սպանել կտամ նրան և երբ թափվի Աշոտ Երկաթի արյունը, այն ժամանակ միայն ես կմոռանամ Կողբ գյուղաքաղաքիս ավերմունքը:

Իսկ աղջի՞կս, — կրկնեց Գագիկը:

Աղջիկդ քո ձեռքում կլինի, երբ Աշոտ Երկաթը այլևս չի լինի և նրա աթոռանիստ քաղաքը` Երազգավորսը մոխրի և ծխի մեջ կկործանվի, — ասաց Աշոտ սպարապետը: Նրանք շուտով ցրվեցան, որպեսզի ամենքը իրենց գնդերով շտապեն դեպի Դվին:

ԺԱ

Աշոտ սպարապետը ժողովը ցրվելուց հետո սկսեց Դվինը ամրացնել, զորքերը կարգի բերել: Նա ճանաչում էր Աշոտ Երկաթին, գիտեր, որ առաջին հարվածը իրեն պիտի դիպչեր ու յուր ուժի վրա չվստահացած, ամբարները պաշարով էր լցնում, որպեսզի երկար ժամանակ կարողանա պաշարմանը դիմանալ, եթե իրեն դաշնակից իշխանները իրենց օգնությունը չհասցնեն:

Երեկոյան դեմ էր, արևը արդեն թեքվել էր դեպի մուտքը, երբ Աշոտ սպարապետին հայտնեցին, որ հորիզոնում գնդեր են երևում:

Աշոտ սպարապետի սիրտը տրոփեց: Նա դուրս եկավ և նայեց հեռուն հորիզոնին, դեպի Երազգավորս տանող ճանապարհին: Այնտեղ ահագին փոշու ամպ էր բարձրանում, որ շտապով դեպի Դվին էր արշավում:

Երկա՛ր, շատ երկար նայեց Աշոտ սպարապետը փոշու այդ ամպին, և նրա սիրտը մթագնեց: Փոշու ամպը մոտենում էր, և նրա մեջ երևում էին սև, շարժուն կետեր, իսկ նրանց գլխին` փայլուն սաղավարտներ: Բայց ինչքա՜ն շատ էին նրանք, ահավոր, որոնք մի ակնթարթում կարող էին կուլ տալ Դվինը և մոխրի կույտ դարձնել: Նա նայում էր նրանց, և մի տեսակ անհասկանալի վրդովմունք պատում էր նրա սիրտը: Նա չափում էր յուր դեմ եկող զորությունը և սարսռում: Ահավոր և զարհուրելի էր այդ զորությունը:

Մի անգամ էլ զարկվենք, մի անգամ էլ չափենք մեր զորությունները, ատելի՛ Երկաթ, կամ դո՛ւ, կամ ե՛ս... Մի խնձորին երկու տեր չի կարող լինել, այդ գահը ես էլ եմ ուզում, — ասաց նա և լուրջ ուշադրությամբ սկսեց դիտել մոտեցող գնդերին, որոնք այժմ պարզ կերպով նշմարվում էին:

Նրա դեմքի մութ մռայլը մի փոքր պարզվեցավ, երբ նկատեց առաջին գնդի դրոշակը, որ քրիստոնեական դրոշմ չէր կրում, այլ` մահմեդական: Դա Յուսուֆից ուղարկված գունդն էր, որ կանգ առավ արևմտյան դռների մոտ գտնվող բլրակի վրա և այնտեղ սկսեց վրաններ խփել: Աշոտ սպարապետը յուր հայացքը դարձրեց երկրորդ գնդին և նայեց դրոշակին: Այդ դրոշակը կրում էր Բագրատունյաց դրոշմը, որին առաջնորդում էր ինքը թագավորը` Աշոտ Երկաթը, որ մոտենալով արաբական գնդին, առանց կանգ առնելու, անցավ առաջ և բռնեց Դվինի արևտմյան կողմը: Աշոտ սպարապետը վրեժխնդրության մի այնպիսի մոլի հայացք ձգեց դեպի այն կողմը, որ կարծես յուր հայացքով ուզում էր ոչնչացնել ջնջել աշխարհի երեսից ատելի այդ գունդը, և նա, բռունցքը բարձրացնելով, սպառնաց.

Դու, Երկա՛թ, կխորտակվես իմ ձեռքից, գնդերդ կոչնչանան և երբ ընկնես ձեռքս, այն ժամանակ վա՛յ քեզ...

Բայց խոսքը կիսատ մնաց բերանում, նրա ուշադրությունը գրավեց մի ուրիշ գունդ, որ ավելի զորավոր էր, ավելի ահավոր. այդ գունդը Գարդմանաց Սահակի գունդն էր, իսկ նրանից հետո` դարձյալ գնդեր և ամենից վերջը` մի ուրիշ փոքրիկ գունդ, որն ավելի սարսռեցրեց ու շփոթեցրեց, քան առաջինները: Այդ գունդը տեղավորվեց Աշոտ Երկաթի և Սահակի գնդերի մեջտեղը, ավելի ապահով տեղ և այնտեղ շուտով ծածանվեցավ Արծրունյաց արծվագլուխ դրոշը, որը ցնցեց Աշոտ սպարապետին:

Նա աչքերը ճմռեց, յուր աչքերին չէր հավատում, մի՞թե ինքը խաբվում է և ուրիշի դրոշակը Արծրունյաց դրոշակի տեղ ընդունում: Բայց չէ, այնտեղ հեռվում` երեկոյան մեղմ քամուց ծածանվում է Արծրունյաց դրոշը: Նա լավ է ճանաչում այդ տոհմի նշանը, միմիայն այս դրոշակը սև գույն ունի, կարծես սուգ է պահում այդ ցեղը, ո՞ւմ համար, ինչի՞, ի՞նչ պատճառով այն ծածանվում է այդտեղ, քանի որ Գագիկ Արծրունին իրեն խոսք տվեց օգնելու...

Նա ընկավ մտածության մեջ և երկար ժամանակ աչքը չէր հեռացնում նրանից, մինչև որ կամաց-կամաց մութը յուր սև քողը տարածեց շուրջը և ամեն բան ծածկեց նրա աչքերից: Տեղ-տեղ սկսվում էին վառվել խարույկներ, որոնք քանի գնում շատանում էին և Դվին քաղաքի շուրջը խարույկների փունջ կազմում: Այդ ժամանակ Աշոտ սպարապետը շարժվեց տեղից և սկսեց ստուգել հսկող պահապաններին, որ արթուն հսկում էին և իրենց դանդաղ քայլերով շրջում պատնեշների վրա:

Next page