Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Տեսնո՞ւմ ես` ինչ շատ են, — ասում էր մի զինվոր մյուսին` ցույց տալով դեպի Աշոտ Երկաթի բանակը:

Հա՛, շատ են, — պատասխանեց մյուսը:

Վաղը կռիվը տաք կլինի, — շարունակեց առաջինը:

Այո՛, տաք կլինի, մեկի դեմ տասը, եթե...

Ի՞նչ եթե...

Եթե մեզ օգնության չգան:

Ովքե՞ր պիտի օգնության գան:

Ասում են շատ իշխաններ, որոնք ետևից պիտի ծեծեն, իսկ մենք` առջևից:

Իսկ մեզ ի՞նչ օգուտ...

Ոչի՛նչ: Մենք կսպանվենք, իսկ մեր ընտանիքը որբ կմնա, սրանի՞ց էլ լավ օգուտ...

Սս՜... սպարապետը գալիս է:

Նրանք լուռ կացան: Աշոտ սպարապետը անցավ նրանց մոտով և ուզում էր բարձրանալ պալատ, երբ մեկը առաջը կտրեց:

Տե՛ր, — ասաց նա:

Աշոտ սպարապետը նայեց նրան, և ուրախ ժպիտ երևաց դեմքին: Սպարապետը բռնեց նրա ձեռքը, և նրանք ներս մտան:

Ասա, Քոսա՛կ, ի՞նչ լուր ունես: Ես քեզ անհամբեր սպասում էի:

Լավ լուրեր, տե՛ր, — պատասխանեց Քոսակը:

Ինչպե՞ս, իսկ այն Արծրունյաց սև դրոշակն ի՞նչ է նշանակում:

Դատարկ բան: Որսն յուր ոտովն է եկել մեզ մոտ: Այդտեղ Հեղինեն է գտնվում և սպիտակ դևից կազմած մի փոքրիկ գունդ:

Մի՞թե ինքդ տեսար այդ բոլորը:

Ես բոլորը լրտեսեցի: Աշոտ Երկաթը այնպես վստահ է յուր հաղթության վրա, որ ամենևին նշանակություն չի տալիս ձեզ: Նա արդեն Դվինը յուր ձեռքումն է համարում և մի տեսակ արհամարհանքով է վերաբերվում և այդ պատճառով էլ ամեն բան անփույթ է թողել:

Այդ մեզ համար լավ է:

Վաղը նա հարձակում չի գործի, ինչպես երևում է, նա մի քանի օր ուզում է հանգստանալ:

Շատ լավ է անում. եթե վաղը նա հարձակում չի գործի, գիշերս մենք դուրս կգանք Դվինից և կհալածենք նրանց: Հայտնիր Գագիկ Արծրունուն, որ նա էլ պատրաստ լինի, հենց որ բազուկը մեր գլխին կանգնած լինի, մենք կսկսենք կռիվը:

Շատ լավ, ես այս րոպեին կչքանամ այստեղից և Գագիկի մոտ կերևամ:

Իսկ արաբական գո՞ւնդը, — հարցրեց Աշոտ սպարապետը:

Արաբական գունդը հաստատ է յուր խոսքին, կռվի տաք ժամանակ նա մեր կողմը կանցնի:

Լա՛վ ուրեմն, դու գնա, ժամանակ մի՛ կորցնի:

Քոսակը գլուխ տվեց և անհետացավ:

ԺԲ

Ամպամած և տխուր օրին հետևեց անձրևային գիշերըՄռայլ էր երկինքը, տխուր էին երկու բանակների սրտերը, որոնք աչալուրջ հսկում էին իրար: Լաց էր լինում երկինքը, լաց էին լինում զինվորներից շատերը և վերջին մնաս բարևն ասում աշխարհին: Նրանք գիտեին, որ իրենցից շատերը այդ գիշեր պիտի պառկեին այդտեղ, անշարժ, հավիտենական քնով, առանց տեսնելու վաղվա արևը, առանց արժանանալու իրենց սիրելիների տեսությանը: Ինչու՞ համար, ի՞նչ պատճառով: Այդ նրանք չէին հարցնում, այլ կուրորեն գնում էին իրենց կյանքը վայր դնելու այնտեղ` ուր իրենց յուրայինների արյունը պիտի թափվեր... Բայց մի՞թե մեր տերը` Հիսուսը ա՛յդ քարոզեց, մի՞թե նա մեզ սովորեցրեց յուրայինների արյունը թափել, իրար ոտնատակ տալ, ոչնչացնել ամբողջ Հայաստանը և նրան ձգել ստրկության անարգ լծի տակ... այդ չէին հարցնում նրանք: Զինվորների սրտերը տրոփտրոփում էին, նրանք սրում էին նիզակները, որպեսզի ավելի հեշտ ծակեն մարդկանց մարմինները, սրում էին թրերը` ավելի շատ մարդ կոտորելու համար և լուռ սպասում էին հրամանի, որ սկսեն արյան հեղեղներ թափելը: Եվ այդ հրամանը հեռու չէր: Աշոտ սպարապետը նստած յուր արաբական նժույգը զգուշությամբ մոտենում էր յուր գնդերին և հրաման տալիս պատրաստվել քաղաքից դուրս գալու և հարձակում գործելու համար: Զորքերը խումբ-խումբ կանգնում էին, գնդեր կազմում և լուռ սպասում: Մի վերջին նշան էր պետք, որ նրանք զգուշությամբ քաղաքի դռներից դուրս գային և անակնկալ կերպով թշնամու վրա հարձակվեին:

Բայց Աշոտ սպարապետը դեռ ուշացնում էր վերջին հրամանը: Նա պղտոր հայացքով նայում էր դեպի Աշոտ Երկաթի բանակը, ուր դեռ մեծ քանակությամբ խարույկներ էին վառվում և իրենց թույլ ցոլմունքները տարածում գիշերային խավարի մեջ: Աշոտ Երկաթի բանակում լուսավորություն էր տիրում. այնտեղ դեռ արթուն էին, հարկավոր էր սպասել փոքր-ինչ, մինչև կհասներ խոր գիշերը և թշնամու բանակում կտիրեր խորին գերեզմանային լռություն...

Բայց երկինքը դեռ լալիս էր, և նոսր անձրևի կաթիլները քնքուշ շշնջյունով ընկնում էին գետին ու հողի մեջ ծծվում...

Իշխա՛ն, տեսնո՞ւմ ես Աշոտ Երկաթի բանակում ինչպիսի լուսավորություն է տիրում. նա հանգիստ քեֆ է անում, — ասաց Աշոտ սպարապետը դիմելով իրեն մոտ կանգնած իշխանին:

Այդ քեֆը երկար չի քաշի, տե՛ր, մեր կտրիճները հարամ կանեն այն:

Հա՛, մեր բախտից անձրևը մեզ օգնում է: Հողը կփափկանա և ձիերի ու մարդոց ոտների ձայնը հեռու չի տարածվի: Նրանք այն ժամանակ կիմանան, երբ արդեն ցրիվ կտանք նրանց բանակը:

Այո՛, հաղթությունը մերն է, եթե նրանք մեր հոտը չառնեն:

Նրանք դեռ զվարճանում են և մեզ վրա մտածելու ժամանակ չունեն:

Բայց, տե՛ս, խարույկների թիվը հետզհետե պակասում է, բանակները կարծես քնած լինեն, միմիայն Աշոտ Երկաթի և Հեղինեի գնդերի մեջ է երևում լուսավորությունը: Պետք է շտապել, կես-գիշեր է, մինչև տեղ հասնենք, ամեն ինչ քուն մտած կլինի: Կհրամայե՞ս դուրս գնալու նշանը տալ, — հարցրեց իշխանը:

Տո՛ւր, բայց զգույշ:

Իշխանը հեռացավ, իսկ Աշոտ սպարապետը դեռ անշարժ կանգնած էր յուր տեղում և դիտում էր հեռուն: Տիրում էր ահարկու, խորհրդավոր լռություն: Աշոտ սպարապետը յուր փառքի վրա էր մտածում, նա արդեն երևակայում էր իրեն Բագրատունյաց գահին բազմած, երբ հանկարծ Արծրունյաց Գագիկը միտն ընկավ և ինքն իրեն հարցրեց. «Իսկ նա՞... նա՛ էլ կխորտակվի Երկաթի նման, և ե՛ս միայն տիրապետողը կլինեմ, մինչև այժմ երեք թագավոր էինք, այսուհետև միայն ե՛ս կլինեմ¦...

Այդ ժամանակ լսվեց թմբուկի խուլ, բայց սարսռեցնող ձայնը, որ սարսափի չափ ցնցեց Աշոտ սպարապետին և ընդհատեց նրա մտածության թելը:

Պետք է շտապել, — ասաց նա և ցած իջավ բարձունքից:

Անցավ մի փոքր ժամանակ, և զորքերը գունդ-գունդ առաջ անցան ու կորան մթության մեջ

ԺԳ

Կես գիշերից անց էր

Անձրևը դեռ չէր դադարել, շարունակում էր յուր տաղտկալից ողբը, այնինչ Աշոտ Երկաթի բանակը հետզհետե խոր քնի մեջ էր ընկղմվում: Տեղ-տեղ միայն դեռ վառվում էին խարույկներ, որոնց առկայծող լույսերը, չդիմանալով անձրևի տարափին, մոտ էին հանգչելուն: Նրանց շուրջը միայն երևում էին պահապանների թթված դեմքերը, որոնք այլևս ուշք չդարձնելով խարույկների հանգչելուն, ամեն կերպ աշխատում էին քունը փախցնել, որ ամեն ուժով ընկճում էր նրանց և ստիպում քաղցր նիրհի մեջ ընկղմվելու: Նրանցից մի քանիսը շրջում էին դանդաղ ու հավասար քայլերով և ծանրացած աչքերով դեպի Դվին նայում: Բայց մթության մեջ ոչինչ չէր երևում, ամեն ինչ խաղաղ էր և լուռ, անձրևի շփշփալու ձայնն էր միայն, որ խանգարում էր ընդհանուր մեռելային լռությանը...

Քնած էր քաղաքը, քնած էր թշնամին, էլ ինչո՞ւ զուր տեղը լարել ջղերը և զուր թշնամու բանակը դիտել: Եվ Աշոտ Երկաթի պահապանները մինը մյուսի ետևից դադար էին առնում շրջելուց և մի-մի անկյուն գտնելով` ընկղմվում էին քնի քաղցր գրկի մեջ և ապա, քիչ ժամանակից հետո, տարվում հեռու՜, հեռու՛, դեպի սիրելիների գիրկը: Դրանց երեսին շաղում էր անձրևը, յուր մեղեդին նվագում, բայց նրանք ոչինչ չէին զգում և ոչինչ չէին իմանում: Քնած էր երկիրը, քնած էր Աշոտ Երկաթի բանակը, բայց քնած չէր Հեղինեն, որի վրանի գլխին ծածանվում էր Արծրունյաց սգավոր դրոշակը: Սուգ էր պահում նա յուր դավաճան հոր համար. սուգ էր պահում Արծրունյաց ցեղի համար, որ այնպիսի ամոթապարտ դեր է կատարում պատմության մեջ:

Եվ թուլակազմ, քնքուշ օրիորդը այդ գիշեր կորած էր զենք ու զրահի մեջ և մի խումբ կտրիճ գնդի գլուխ անցած շտապել էր կռվի դաշտը մտնելու, կռվելու հարազատ հոր դեմ և յուր արյան գնով սրբելու այն ամոթալից արատը, որ դնում էր Գագիկ Արծրունին իրենց ցեղի վրա:

Նա գիտեր, նրան տեղեկացրել էին, որ հայրն էլ միացած է Աշոտ սպարապետի հետ, նույն տեսակ դավաճանի, նույն տեսակ փառասերի հետ, ինչպես յուր հայրը, բայց տեղեկություն չուներ, որ հայրը դարան է մտած յուր գնդի ետևը, այնինչ կարծում էր, թե նա փակված է Դվին քաղաքում:

Վաղը, հենց որ արտույտները կերգեն իրենց մեղեդին, հենց որ ցայտի առավոտյան շողքը, մենք պիտի սկսենք հարձակումը, եթե անձնատուր չլինի Աշոտ սպարապետը, — մտածում էր Հեղինեն: — Օ՛, ինչպե՞ս եմ սպասում այդ առավոտյան, ցանկալի այդ ժամին, այնինչ գիշերը երկար է տևում, շա՜տ երկար... Մերկացրած սրով, ես կմտնեմ թշնամու ամենախիտ շարքերի մեջ և կջախջախեմ նրանց: Դավաճանին փրկություն չկա, և վա՛յ նրան, ով իմ սրի բերանն ընկնի... իսկ եթե հա՞յրս հանդիպի... Հա՞յրս... դեմ առ դե՞մ…, երես, առ երե՞ս..., փրկություն չկա՛ և նրան: Կամ ես, կամ հայրս: Կռվի ժամանակ չկա հայր ու դուստր, այնտեղ միայն մի սուրբ գործ կա, որ վեր է քան ծնողը, և այս սուրբ գործը հայրենիքին ծառայելն է: Օ՜ն, քաջացի՛ր, իմ սիրտ, թող կանացի երկչոտությունդ և առյուծի ուժ ստացիր...

Հեղինեի խոսքերն ընդհատվեցան: Նրա վրանը ներս մտավ մի ուրիշ օրիորդ, որ նույնպես զենք ու զրահի մեջ էր:

Իշխանուհի՛, դու դեռ արթո՞ւն ես, չե՞ս քնել, արդեն կես գիշեր է, պետք է քնել, որ վաղը ուժ ունենանք, — ասաց ներս եկողը:

Հա, Աստղի՛կ, ճիշտ է քո ասածը, բայց, ինչպես երևում է, դու էլ չես քնել, — պատասխանեց Հեղինեն և մի տեսակ կարեկցական հայացք ձգեց Աստղիկի վրա, որ սևերի մեջ էր կորած: Նա դեռ պահում էր յուր նշանածի` Դավթի սուգը:

Բայց, իշխանուհի՛, ինչքա՛ն աշխատեցի քնել, չկարողացա: Մի տեսակ անհասկանալի հույզ պատում է սիրտս, և ես սաստիկ շփոթված եմ:

Չպետք է շփոթվել, քույրի՛կս, երբ վտանգի առաջ ենք: Մի՞թե մահը մեզ համար մեկ չէ: Վաղ թե ուշ մենք պիտի մեռնենք, ավելի լավ է պատվով մեռնել, քան անարգան քով:

Ճիշտ է, իշխանուհի՛, բայց ինչքան մենք քաջասիրտ լինենք, երկյուղը դարձյալ տիրում է մեր սրտերին: Այս գիշեր մանավանդ անհասկանալի դող է անցնում մարմնովս և կարծում եմ, թե ահա՛ ուր որ է թշնամին վրա կտա և ամբողջ բանակը կցրվի:

Խե՛ղճ Աստղիկ, զուր դու ինձ սիրելով կռվի դաշտ իջար: Երկյուղը, ինչպես երևում է, պաշարել է քեզ: Ինձ մի՛ նայիր, հոգիս, դու կռվի մեջ մի՛ մտնի, ես գնում եմ դեպի վտանգը:

Ո՛չ սխալվում ես, ուր դու, այնտեղ և ես: Ինչու՞ ես կարծում, թե ես վախենում եմ վտանգից: Վաղը կտեսնես, որ ես քեզանից ետ չեմ մնա և քեզ հետ միասին կռվի խիտ տեղը կմտնեմ: Ինչպես քեզ համար են ատելի դավաճաններս այնպես և ինձ համար: Ինչպես դու ես սիրում հայրենիքդ այնպես և ես: Կմեռնես դու, կմեռնեմ և ես: Բավական է ինչքան սուգ պահեցի, այժմ հարկավոր է կռվել:

Աստղիկը խոսում էր ոգևորությամբ, նրա աչքերը վառվում էին և երեսը բորբոքվում:

Ապրի՛ս, իմ քույրիկ, քո սրտի մեջ նստած է վեհ և ազնիվ հոգի, եկ գրկվենք, համբուրվենք, գուցե թե վերջին անգամ:

Նրանք գրկվեցան և ջերմ, շատ ջերմ համբուրվեցան, կարծես այդ րոպեին հավիտյան բաժանվելիս լինեին իրարից:

Երկուսն էլ հուզված էին, և արտասուքի կաթիլները լուռ գլորվում էին նրանց աչքերից: Ինչո՞ւ էին լալիս նրանք, ի՞նչ վիշտ էր կեղեքում նրանց սիրտը, քանի որ հաստատապես վճռել էին մեռնելու, հայտնի չէր: Բայց անհուն սիրով սիրելով միմյանց, ամեն մեկը նրանցից վախենում էր մյուսին կորցնելու, ահա այդ էր նրանց սրտի վիշտը, այդ էին ասում նրանց արտասվալից աչքերը և տխուր, սիրտ պատռող հայացքները: Հեղինեն սիրում էր Աստղիկին: Վանա բերդից փախուստ տալուց հետո Աստղիկը որոշ ժամանակ ապաստանել էր Հռիփսիմեի վանքում:

Այդտեղ նրանք ծանոթացան և սիրեցին իրար: Այդտեղ սրանք դաշն կապեցին չբաժանվել իրարից և միասին ապրել, միասին մեռնել: Հեղինեն հայտնեց Աստղիկին յուր սրտի գաղտնի խորհուրդը, այն է` վրեժ առնել դավաճաններից և յուր հորից, իսկ Աստղիկը առանց մի բառ անգամ արտասանելու հետևեց նրան:

Աշոտ Երկաթը թեև հակառակ էր նրանց կռվի դաշտ իջնելուն, բայց զիջանելով Հեղինեի թախանձանքներին, թույլ տվեց հետևելու իրեն:

Բավական է ինչքան լաց եղանք, սիրելի՛ Աստղիկ, այժմ հարկավոր է մի փոքր հանգստանալ,— ընդհատեց Հեղինեն:

Ես չեմ կարողանում քնել, իշխանուհի՛, ուզում եմ աչքս խուփ անել, բայց քունը մոտ չի գալիս: Դու քնիր, իսկ ես պահպանություն կանեմ քեզ, կնայեմ քո սիրուն դեմքին և կհիանամ, այդ ինձ արդեն բավական է:

Եթե այդպես է, ես էլ չեմ քնի: Վաղուց է, որ իմ քունն էլ կտրվել է: Նստիր ուրեմն և միասին լուսացնենք, թող պահապանները պահպանություն անեն մինչև առավոտ:

Բայց նրանք կարծես բոլորը քնած լինեն, իշխանուհի՛, ո՛չ մի տեղ խարույկ չի վառվում, ո՛չ մի տեղից պահապանի քայլերի ձայն չի լսվում:

Անձրևն է խանգարում, նրանք երևի մի տեղ կուչ են եկել և լուրջ հսկում են: Թշնամին չի համարձակվի այս մեջ գիշերին անհանգստացնել մեզ:

Իսկ եթե նա այս րոպեիս հարձակվի՞, — հարցրեց Աստղիկը և բռնեց իր սիրտը, կարծես թե նրան ասելիս լինեին, թե ահա ուր որ է կլսվի նրանց գոռ ձայնը, և կսկսվի կոտորածը:

Կհարձակվեն` մենք էլ կջարդենք նրանց: Ի՞նչ օգուտ կտանեն այս ահեղ բանակից: Մինչև մեզ հասնելը երեք զորավոր գունդ կա առաջները:

Հա՛, բայց արաբական գունդը կարող է դավաճանել մեզ:

Հոգ չէ: Ապրի Աշոտ Երկաթը, նա միայն յուր գնդով բավական է թշնամիներին, բացի դրանից, վաղը առավոտ այստեղ կլինին հայր Մարտիրոսը և Գևորգ իշխանը իրենց գնդերով:

Ո՞ւր է Գևորգ իշխանը...

Խոսքը կիսատ մնաց Աստղիկի բերանում, երբ նրա ականջին հասան ձիերի և մարդոց ոտքերի ձայներ:

Իշխանուհի՛, սմբակների դոփյուն եմ լսում, չլինի՞ թշնամին է գալիս:

Երկուսն էլ սկսեցին ականջ դնել: Հիրավի լսվում էր ձիերի զգույշ դոփյուններ և այդ ձայները քանի գնում ավելի և ավելի պարզ էին լսվում:

Թշնամին է, — կանչեց Հեղինեն և, վեր թռչելով տեղից, Վահանն ու սուրը ձեռքն առավ: Նույնը արավ և Աստղիկը:

Իսկ ո՞ւր են մեր պահապանները, մի՞թե ամենքը քնած են, պետք է աղմուկ ձգել բանակում, — ասաց Հեղինեն: Եվ նրանք գուրս գնացին վրանից:

Ի զե՜ն, ի զե՛ն, — կանչեց Հեղինեն և զարթեցրեց պահապաններին, որոնք մի ակնթարթում վեր թռան տեղերից:

Թմբուկը զարկիր, — հրամայեց Հեղինեն, — թշնամին մոտ է, հարկավոր է զարթեցնել բանակը:

Հեղինեն և Աստղիկը նորից ականջ դրին և սարսափով նկատեցին, որ դոփյունները երկու կողմից էին լսվում: Նրանք հասկացան, որ արդեն պաշարված են թշնամիներով:

Համբուրվենք, — շշնջաց Հեղինեն և նրանք դեռ չէին վերջացրել համբույրը, երբ իրենց բանակի զանազան կողմերից լսվեցան թմբուկների ահեղ ձայներ: Նրանք զենքի էին հրավիրում քնած զինվորներին:

Հեղինեն և Աստղիկը թռան իրենց նժույգների վրա, և նրանց գունդը արդեն պատրաստ էր կռիվ սկսելու, երբ բանակի ամեն կողմից լսվեցան թշնամու սոսկալի գոռում-գոչյունը և ապա սրերի ու վահանների չխկչխկոցը, իսկ քիչ հետո` վայնասունի ու հառաչանքի ձայները:

ԺԴ

Գիշերային մթության մեջ սկսվել էր կոտորածը

Աշոտ Երկաթի գնդերը, քնից նոր զարթնած, շփոթված փախուստի էին դիմում, բայց ամեն կողմից մահն անխուսափելի էր: Թշնամին կոտորում էր առաջից, կոտորում էր ետևից և այդ բավական չէր, արաբական գունդն էլ մյուս կողմից էր կոտորում նրանց: Նրանք նմանվում էին ծուղակի մեջ բռնված գազանին, որը անօգուտ ծեծում է վանդակի ամեն կողմը, բայց ամեն տեղ երկաթե ձողերի հանդիպելով, բարկությունից ուզում է խորտակել, կրծել յուր առաջ եղած արգելքները, բայց ինքը ուժասպառ լինելով` արյունաթաթախ ընկնում է ցած:

Աշոտ Երկաթը մի ակնթարթում ամեն բան հասկացավ: Նա զգաց յուր անփութության սխալը, բայց ուշ էր, ժամանակը չէր երկար մտածելու, հարկավոր էր յուր և յուր գնդի կյանքը էժան չծախել, ու նա նժույգ հեծնելով, հարձակվեց թշնամիների վրա: Սոսկալի էր կոտորածը: Գազան էին կտրել Աշոտ սպարապետի գնդերը, գազան էին կտրել նաև Աշոտ Երկաթի զինվորները: Ձիեր ու մարդիկ, կենդանին ու մեռածը իրար էին խառնվել և կազմել մի տեսակ անբացատրելի քաոս, որի միջից լսվում էին միայն դժոխային ձայներ և սիրտ կտրատող հառաչանքներ: Նրանք նիզակներով ծակում էին իրար, երկու կողմից էլ վայր ընկնում ձիերից և ապա մի ակնթարթում ոտքի կանգնելով, սրերը մերկացնում և հարձակվում իրար վրա: Նրանց սրերը փշրվում էին, և նրանք կատաղաբար իրար էին գրկում, մեկը մյուսին գլորում և ատամներով խածելով իրար, արյունը ծծում, մինչև որ երկուսն էլ ուժասպառ լինելով, բայց դեռ իրար ամուր գրկած, շունչները փչում...

Կռվում էր Աշոտ Երկաթը, բայց նրա հոգին հետզհետե վհատվում էր: Նա տեսնում էր ինչպես անխնա կոտորվում են յուր զինվորները, իսկ մի մեծ մասը ճղելով թշնամու գնդերը փախուստ է տալիս:

Անգիտակցորեն ինքն էլ դեպի այն կողմն է գնում և հանկարծ նկատում է Հեղինեին, որ մի խումբ թշնամիներով շրջապատված հերոսաբար պաշտպանվում է: Օրիորդի ձեռքերը հազիվ են շարժվում, մի քանի րոպե էլ և նա կընկնի նրանց ձեռքը: Եվ ահա Աշոտ Երկաթը գրոհ է տալիս ու մտնում թշնամիների մեջ: Հեղինեն նկատում է այդ:

Հեռո՛ւ, թագավո՛ր, հեռու կաց դավաճաններից, որոնք քո արյանն են կարոտ:

Որսը յուր ոտքով է գալիս, այդ լավ է, — կանչում է մի ձայն և նիզակը շեշտակի դեպի Աշոտ Երկաթի կուրծքն ուղղում: Հեղինեն սարսափով նկատում է և սրի հարվածով այդ նիզակը երկու կես անում:

Փախի՛ր, Հեղինե՛, փախի՛ր, իսկ ինձ թող սրա հետ հաշիվս վերջացնելու, — ասում է Աշոտ Երկաթը և վրա վազում յուր ախոյանին: Նրանց սրերը մխվում են իրար, նրանք ետ-ետ են գնում և դարձյալ հարձակվում:

Պիտի մեռնես իմ ձեռքից, Շահնշա՛հ, — ասում է դառն ժպիտով Երկաթի ախոյանը և մերկացրած սրով կրկին հարձակվում, բայց նրա հարվածը դիպչում է Աշոտ Երկաթի վահանին և կայծեր միայն արձակում:

Շատ մի՛ շտապիր, Աշո՛տ սպարապետ, շատ մի պարծենա քո հաղթությամբ,— ասում է Աշոտ Երկաթը և յուր ահագին սուրը վրա բերելով ուզում է ջախջախել հակառակորդի գլուխը: Բայց հարվածը դիպչում է նրա ձիուն, որը վայր գլորվելով, վայր է ձգում նաև Աշոտ սպարապետին:

Անպիտա՛ն Երկաթ, — մրմնջում է Աշոտ սպարապետը և ուզում է նոր ձի հեծնել:

Այդ ժամանակ Աշոտ Երկաթը տեսնում է յուր խմբի նվազելը և քայլ առ քայլ դեպի ետ է նահանջում:

Ետ էին նահանջում Հեղինեն ու Աստղիկը, երբ նիզակի սուր ծայրը ցցվեցավ ուղղակի Աստղիկի սրտի մեջ: Նրա աչքերում կարծես կայծակներ փայլեցին ու նա թեքվելով, անխոս, ձիուց ցած գլորվեց: Մահը վայրկենական էր:

Հեղինեն մի ճիչ արձակեց, ուզեցավ բռնել նրան, բայց արաբական գնդից մի քանի զինվորներ շրջապատեցին իրեն: Ինչպես երևում է, նրանց հրամայված չէր սպանել Արծրունյաց օրիորդին, որովհետև ուզում էին կենդանի բռնել նրան:

Վրեժխնդրության սոսկալի բոցով լցվեցին Հեղինեի աչքերը, և նա զգաց, որ այլևս իրեն փրկություն չկա, որ ինքը պիտի ընկնի թշնամու ձեռքը, ուստի լավ համարեց կենդանի նրանց ձեռքը չընկնել և յուր արյունաթաթախ սուրը վրա բերելով ջախջախեց իրեն մոտեցող զինվորի գլուխը: Նա ընկավ, բայց նրա տեղը ուրիշները բուսան, այդ ժամանակ նա զգաց, որ մեկը յուր ուսին մտրակով խփեց, մի վայրկյան սոսկալի ցավ զգաց և ապա ամեն բան մոռացավ: Նա մտրակեց ձիուն: Ձին ահագին թռիչք արավ, յուր ոտքերի տակ կոխկրտեց մի քանի մարդու և ապա սլացավ մթության մեջ, տանելով յուր հետ Հեղինեին, որը ամուր կպել էր ձիու թամբին և ինքն էլ չէր հասկանում թե ուր է գնում... Ձին թռչում էր առաջ` ոչ մի արգելքի վրա ուշք չդարձնելով, երբ նրա ոտքը քարին դիպավ և նա յուր երկու ոտքի վրա չոքելով, վայր գլորեց Հեղիներն: Հեղինեն ցավից սոսկալի հառաչանք արձակեց և ձեռքը դեպի ուսը տարավ, ուսը կտրված էր սրով, և այնտեղից հոսում էր տաք արյունը:

Ինչպե՞ս վերջացավ կռիվը, — մտածեց նա և առանց ուշք դարձնելու վերքից հոսող արյանը` պառկեց թաց խոտին և աչքերը դարձրեց դեպի անողորմ, մոխրագույն երկինքը: — Ա՜խ, մերոնք ամենքը կոտորվեցան, ամենքը մեռան,— շարունակեց նա, — իսկ ին՞չ եղավ Աշոտ Երկաթը... Ա՛խ, հայր, դավաճան և ստոր արարած... Բայց ինչքա՛ն անուշ է այստեղ, կարծես շուրջս մանուշակներ լինին դուրս եկած, ես չեմ ուզում ուրիշ տեղ ընտրել, այստեղ շատ լավ է, հանգիստ, խաղաղ... թողե՛ք ինձ, — ասաց նա և ուժ արավ աչքերը փակելու, այնինչ նրա աչքերը բաց էին և անշարժ հայացքով դիտում էին երկինքը, կարծես ուզում էին թափանցել երկնքի գաղտնիքի մեջ:

Հեռվից լսվում էին ձիերի դոփյուններ, մարդկանց ոտքերի ձայներ, որոնք շտապ-շատպ հեռանում էին: Նրանք կարծես հալածված մի ինչ-որ աներևույթ զորությունից, փախուստ էին տալիս, առանց նկատելու Հեղինեին, որ ընկած էր մի փոսի մեջ, իսկ մի քանի քայլ հեռու` նրա ձին, որը նույնպես կյանքի ու մահվան կռվի մեջ էր:

Հեղինեն հետզհետե նվաղում էր. արյունը դեռ բխում էր նրա վիրավոր ուսից:

Է՜յ, նաժիշտնե՛ր, հագցրե՛ք ինձ ամենաքնքուշ կերպասներ, հյուսեցեք մազերս և օծեցեք անուշահոտ ջրերով, ես պիտի կաքավեմ իմ սիրելի պարը, այդ շատ է դուր գալիս հորս, և ես ուզում եմ նրա սիրտը շահել, նա առանց այն էլ վրդովված է... Բայց չէ՛, ես չեմ կարող, սիրտս հանգիստ չէ, հայտնեցեք հորս, որ ես այսօր հիվանդ եմ, չեմ կարող պարել: Դուք երգեցեք, նվագեցեք բարձր ու բարձր... Բայց չէ, սպասեցե՛ք, շատ բարձր պետք չէ, մի՞թե չեք խղճում ինձ, ականջներս ծակվում են... Այս ո՞ւր են գնում, ինձ տանում են, ես բարձրանում եմ վեր, շուտով կգլորվեմ ցածՀեռո՛ւ ինձանից, հեռո՛ւ... Հա՛, դավաճան է հայրս, ես չեմ ուզում նրա դուստրը լինել, նա յուր փառքի համար ոտնատակ է տալիս ամեն սրբություն, բայց ես չեմ անի... Զարմանալի բան, ես կարծես կրկին բարձրանում եմ, ինձ կարծես տանում են վեր, ա՜խ, դեպի ո՞ւր... Ես վախենում եմ, վայր կընկնեմ...

Եվ Հեղինեն երևակայում էր իրեն անհուն բարձրությունից ցած գլորվելիս: Նա կծկվեց և ապա սկսեց թաց խոտերը պոկել և հողը ճանկռտել: Ձախ ձեռքը չէր շարժվում, նա արդեն ուժից ընկած էր` ձախ ուսը վիրավորված լինելու պատճառով:

Անցավ մի փոքր ժամանակ: Չորս կողմը տիրում էր արդեն խոր լռությունո՛չ մի ձայն, ո՛չ մի շշուկ այլևս չէր խանգարում լռությունը, երբ հեռվից լսվեցին ձիերի դոփյունների ձայներ:

Հեղինեն ուզեց գլուխը բարձրացնել և նայել այն կողմը, բայց ուժերը չներեցին, և նա կես թմրած, կես զգաստացած յուր լսելիքը սրեց: Ձայները մոտեցան և իսկույն հեռացան նրանից: Հեղինեն զգաց, որ հեծյալ մարդիկ են անցնում յուր մոտով, բայց թե ի՞նչ մարդիկ են և ինչու՞ այդպես շուտ են անցնում, չկարողացավ հասկանար նա կրկին սկսեց զառանցել:

Զարմանալի բան, երկինքը հետզհետե սկսում է ցածրանալ, ես նրան ձեռքով կհասնեմ, ահա լուսինը, ինչքա՛ն նա մեծ և ահավոր է երևում, իսկ աստղե՛րը... տեսեք, ինչպես վազում են, փախչում երկնքից, կարծես մեկը հալածելիս լինի նրանց... Վա՛յ, ես այս տեսակ բան չեմ տեսել, մեր Վասպուրականում այդ տեսակ բաներ չեն պատահում: Այստեղ գետինն էլ է շարժվում, տե՛ս, ինչպես օրորում է նա ինձ... Է՛հ, ավելի լավ է ուշադրություն չդարձնեմ, ես վախենում եմ այդ տեսակ բաներից: Ես կփակեմ աչքերս, ավելի լավ է քնեմ, քունը ինձ կխաղաղեցնի... — Եվ նա երևակայելով, թե քնում է, ճիգ էր անում աչքերը փակելու, բայց նրանք կրկին բաց էին լայն, ապուշ կտրած, որոնց առաջ, երկնքում, սողում էին ամպերը

Ինչքա՛ն հանգիստ է այսպես, ինչպե՜ս հանգիստ են նյարդերս, ես խաղա՛ղ եմ, անվրդո՛վ, հանգի՛ստ:

Ու քաղցր նիրհը պատում էր նրան և յուր քնքուշ թևերով տանում հեռու՜, հեռու՜, ո՞վ գիտե ո՞ր աշխարհը, դյութական ո՞ր երկիրը

ԺԵ

Կամաց-կամաց արշալույսը բացվում էր

Երկնքից արագապես խույս էին տալիս մոխրագույն ամպերը և կորչում անհուն եթերի մեջ... Բացվում էր արշալույսը, սկսվում պայծառ առավոտը:

Բայց տխուր, սոսկալի էր այդ առավոտը Աշոտ Երկաթի համար: Նրա գնդերը սարսափահար փախչում էին որպես աներևույթ թշնամուց հալածված, խումբ-խումբ, հատ-հատ, ոմանք` ձիով, իսկ ոմանք` ոտքով: Իշխանավորը զինվորին չէր ճանաչում, իսկ զինվորը` իշխանավորին, ամեն մեկը յուր հոգսի մեջ էր, ամեն մեկը աշխատում էր շուտով խույս տալ Դվինի շրջակայքից և կորչել հեռու՜, հեռու՛...

Եվ սարսափահար մարդկանց այդ խումբը ուղղվում էր դեպի Երազգավորս ոչ թե ուղիղ ճանապարհով, այլ լեռների, ձորերի և մացառների միջով: Խելագարների նման նրանք վազում էին առաջ, առանց նկատելու, որ թշնամին այլևս իրենց չի հալածում, որ նրանք բավականացել էին իրենց գնդերը խորտակելով, և այնտեղ, ուր առաջ ծածանում էին Աշոտ Երկաթի և Արծրունյանց սևանիշ դրոշները, այժմ տնկված էին Աշոտ Բռնավորի և Գագիկ Արծրունու դրոշակները: Էլ չկային Աշոտ Երկաթի հաղթական գնդերը, նրանք ցաք ու ցրիվ էին եղել, իսկ ոմանք անշունչ փռված էին պատերազմի դաշտում:

Փախստական մի խմբի ճանապարհին պատահեց մի ուրիշ փոքրիկ խումբ: Փախստականները ուզում էին իրենց կիսաշունչ ձիերի գլուխները ետ դարձնել և փախչել այդ խմբից, որոնց թշնամու տեղ ընդունեցին, երբ մի խրոխտ ձայն կանգնեցրեց նրանց:

Սպասեցե՛ք, դեպի ո՞ւր եք այդպես խելագարների նման վազում,— կանչեց ձայնը:

Փախստական խումբը մեխվածի նման կանգ առավ և գլխարկները վերցրեց:

Ի՞նչ է պատահել, — կանչեց խեղդված ձայնով նոր խմբի մեջ գտնվող հոգևորականը, որ Մարտիրոս վանահայրն էր: Նրա աչքերում երևում էին հուսահատության արցունքներ: Նա ամեն բան հասկացել էր:

Հա՛յր սուրբ, մենք կորանք:

Բոլո՞րդ...

Ամենքս ոչնչացանք: Դավաճանությունը մեզ բոլորիս ոչնչացրեց:

Իսկ Աշոտ Երկա՞թը..

Նա էլ փախուստ տվեց: Ա՛խ, եթե Յուսուֆի գունդը չդավաճաներ, նրանք կրկին ոչինչ չէին կարող անել, թեև քնած ժամանակներս հարձակվեցան:

Իսկ կոտորածը շա՞տ է:

Խիստ շատ, հա՛յր սուրբ, թիվ ու համար չկա:

Իսկ Արծրունյաց օրիորդը ի՞նչ եղավ:

Ես տեսա նրան կռվի խիստ ժամանակ, երբ նա կռվում էր թշնամիների հետ. իսկ այնուհետև թե ի՞նչ եղավ` չգիտեմ: Կռիվը այնքան սոսկալի էր, որ մերոնց նրանցից ջոկել անհնար էր: Դա մի կատարյալ դժոխք էր, ուր մորթվում էին հարյուրավոր մարդիկ:

Մարտիրոս վանահայրը լուռ կացավ, նրա դեմքին մի այնպիսի մռայլ պատեց, որ նայողը կսարսափեր: Փախստական խումբը նկատելով, որ հայր սուրբը այլևս ոչինչ չի խոսում, գլուխ տվեց Մարտիրոս հորը և կրկին սլացավ առաջ: Մարտիրոս հայրը մի փոքր կանգ առավ, մի խոր հոգոց քաշեց և ապա, դառնալով յուր խմբին, ասաց.

Տղե՛րք, մենք պիտի գտնենք Արծրունյաց օրիորդին, կենդանի թե մեռած նա մեր ձեռքը պիտի հասնի պետք չէ օրիորդին թողնել թշնամիների ձեռքում կամ նրա դիակը` գիշակեր թռչուններին: Շտապենք առաջ, պատերազմի դաշտը հեռու չէ մեզանից:

Եվ կտրիճների այդ խումբը սլացավ առաջ դեպի կռվի դաշտը: Շատ ժամանակ չանցավ, և Մարտիրոս հոր առաջ բացվեցավ այդ դաշտը, ուր դեռ փռված էին դիակների կույտեր:

Նրանք իջան ձիերից և նրանցից մի քանիսը զգույշ առաջ անցան:

Սոսկալի և սրտաճմլիկ տեսարան էր ներկայացնում այդ դաշտը, ուր հայը հայի կյանքն էր խավարեցրել:

Դիակներից մի քանիսը փռված էին երեսներով դեպի գետին, դեպի մայր հողը, իսկ մի քանիսը մեջքի վրա պառկած լինելով իրենց անշարժ, բայց սարսափով լցված հայացքը դարձրել էին դեպի վեր, դեպի կապույտ եթերը, ուր ջինջ երկնակամարի վրա լողում էին թափանցիկ, սպիտակ ամպեր... Ամպերը թռչում հեռանում էին, նրանց տեղ բացվում էր կապույտ եթերը, բայց սառած, ապուշ կտրած հայացքները կրկին նայում էին վեր... Ի՞նչ էին ուզում նրանք վերևից, ինչու՞ նրանք միշտ վեր էին նայում, առանց իրենց դեմքի մկանունքները շարժելու, մինչև անգամ այն ժամանակ, երբ հենց իրենց գլխի վրա պտտվում էին ագռավները և ապա, դրանց սառած հայացքի վրա սուր, թափանցող հայացք ձգելով, արձակում էին իրենց ուրախաձայն կռնչյունները և սլանում ցած: Մի րոպե էլ և այդ դիակների լայն բացված աչքերի տեղ երևում էին խոր, փոս ընկած ակնակապիճները...

Միայն տեղ-տեղ, մացառների և թփերի տակ ընկածների մեջ շարժողություն կար, բայց շատ թույլ և հուսահատական: Նրանցից մի քանիսը ճանկռտում էին հողը, պոկոտում կանաչ խոտերը, մի վերջին ցնցում անում և մնում անշարժ:

Մարտիրոս հոր խմբից մի քանի մարդ փորսող տալով անցնում էին մի դիակից մյուսը, քննում նրանց դեմքերը և ապա, գլուխները շարժելով, առաջ գնում:

Նրանց աշխատանքը ապարդյուն էր անցնում գտնելու Հեղինեի և Աստղիկի դիակները, այնինչ շատ առաջ գնալ չէին կարողանում, քանի որ այնտեղ, ուր առաջ կանգ էր առել Աշոտ Երկաթի գունդը, այժմ ծածանվում էր Արծրունյաց Գագիկի դրոշակը: Մի անզգույշ քայլ, և նրանք կնկատվեին, և այն ժամանակ նրանց փրկություն չկար:

Նրանց դիակները ոչ մի տեղ չկա, իսկ մենք համարյա մոտեցել ենք Գագիկ Արծրունու բանակին, — շշնջաց մի զինվոր մյուսին:

Չկա, պետք է ետ դառնալ և մտնել ձորը, թե չէ

Սս՛չե՞ս լսում, որ մեկը դեպի մեզ է գալիս, պետք է մեռած ձևանալ, թե չէ էլ վեր չենք կենա:

Նրանք լռեցին և երկուսն էլ դիակների նման տարածվեցին:

Այդ ժամանակ, հիրավի, նրանք նկատեցին մի մարդ, որ դանդաղ քայլերով անցնում էր վիրավորների արանքով և տխուր հայացքով չորս կողմը դիտում: Կարծես նա էլ պտրում էր մեկի: Մարտիրոս հոր զինվորները նայեցին նրա դեմքին և սարսռեցան: Այդ մարդը, որ կանգ առավ հենց իրենց գլխին, ինքը Գագիկ Արծրունին էր:

Next page