Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Այդ միջոցին, որ Քոսակը համբերությամբ նայում էր, տեսնելով, որ Հեղինեն մոռացավ իրեն, սկսեց դիտմամբ հազալ, որ յուր վրա դարձնի Հեղինեի ուշադրությունը: Այդ բանը հաջողվեց նրան: Հեղինեն արցունքոտ աչքերով դեպի Քոսակը նայեց և ասաց.

Ա՜խ, ես քեզ բոլորովին մոռացա: Քո բերած լուրը այնքա՜ն անսպասելի էր, որ ինձ վրա խոր տպավորություն գործեց:

Շատ ուրախ եմ, հույս ունիմ, որ գոհ մնացիր ինձանից:

Առ քո վարձատրության համար, — ասաց Հեղինեն` մի քսակ տալով Քոսակին: — Գագիկ Արծրունին ավելի լավ կվարձատրի: Հայտնիր հորս, որ ես պատրաստ եմ նրա կամքը կատարելու: — Քոսակը ագահությամբ առավ քսակը և համբուրեց աղջկա փեշերը:

Բայց, իշխանուհի՛, շատ էլ մի՛ շտապիր, այժմ վտանգավոր է ճանապարհորդելը: Մի՞թե չգիտես, թե ինչ խառն ժամանակ է:

Ի՞նչպես, — հարցրեց զարմացած Հեղինեն:

Ապստամբները և արաբները ճանապարհներս բռնել են, ես հազիվ ազատվեցա նրանց ճանկերից: Ճանապարհին դիակներ էին փռված: Ես սարսափեցի, երբ տեսա Գևորգ իշխ...

Ի՞նչ Գևորգ իշխանի, ասա՛, նա կենդանի՞ է, թե մեռած, — խեղդված ձայնով հարցրեց Հեղինեն և բռնեց յուր սիրտը:

Նրա նեխված և այլանդակված դիակը քաշկռտում էին գազանները, — հարվածեց Քոսակը դիվական հրճվանքով: Բայց այդ միջոցին Հեղինեն մի ճիչ արձակեց և անշունչ գետնին փռվեցավ:

Քոսակը դուրս թռավ սենյակից և ինքն իրեն մտմտաց.

Ա՛յս Գևորգ իշխանի վրեժը, որ ուզում էր ինձ փշերի մեջ բռնել: Այժմ ինձ հարկավոր է դեպի Նըսր ոստիկանը շտապել...

ԻԸ

Արագած լեռն ճակատը վեր պարզած, խորին մտմտունքի մեջ ընկղմված, նայում էր դեպի յուր ավագ եղբայրը` Մեծ Մասիսը և խոր հառաչում: Ճակատը դեռ ձյունով էր ծածկված. իսկ փեշերը, որ ընդարձակ կերպով փռել էր չորս կողմը, արդեն ծածկվել էին քնքուշ կանաչներով և երփներանգ ծաղիկներով: Յուր չորս կողմը սփռում էին Շիրակա և Փամբակա դաշտավայրերը, իսկ փեշերի վրայից վազում կարկաչահոս աղբյուրները և վճիտ ջրերի «Բյուր ակունքը»: Ուրախ էր շուրջը, ուրախ էր բնությունը, այնինչ ինքը` տխուր, հուսահատ: Մի մթին ամպ պատել էր նրա զվարթ դեմքը և կորցրել ուրախ ժպիտը:

Արագած լեռան հարավ-արևելյան փեշերին, մի թմբի գլխին, որի տակ քչքչալով վազում էր մի առատ առվակ, փայլում էին Բյուրական ամրոցի պարիսպները, որտեղից լսվում էր եկեղեցու կոչնակի մելամաղձոտ հնչյունները, որ տարածվելով չորս կողմ, գյուղականներին դեպի ժամ էին հրավիրում: Եկեղեցին լի էր աղոթողներով: Սրբազան պատկերների առաջ ծխում էին մոմերն ու խունկը, իսկ հոգևորականների քաղցր ու ներդաշնակ երգեցողությունը դյութում էր ժողովրդի սիրտը:

Այնտեղ էր Սահակ սրբազանը, այնտեղ էր և Մարտիրոս վանահայրը, որոնց դեմքի վրա թեև երևում էր մի տեսակ թախիծ, մի անորոշ երկյուղի արտահայտություն բայց նրանք ամեն կերպ աշխատում էին մեռցնել իրենց մեջ հոգեկան այդ բուռն վրդովմունքը:

Սկսվեց քաղցրանվագ «Տերողորմյան», և ամենքը չոքեցին, Մարտիրոս վանահայրը բարձրացրեց յուր զիլ, բայց դողդոջուն ձայնը և երբ արտասանեց.

Եկ, տե՛ր Հիսուս, ողորմյա՜ մեզ,
Ողորմության ժամ է արդեն,
Եկ, Բարեխնա՛մ, ա՛յց արա մեզ,
Այցելության ժամ է արդեն:

Նա փղձկաց, արտասուքները դուրս ցոլացին նրա աչքերից և նա այլևս չկարողացավ շարունակել խոսքերը:

Զգաց ժողովուրդն էլ այդ խոսքերի ազդեցությունը, սուր սլաքի նման ցցվեցան նրա սրտի մեջ, և նա էլ, ինչպես մի հոգի և մի մարմին, սկսեց լաց լինել, հեծկլտալ այնպես, ինչպես լաց էր լինում «յուր սուրբը»: Ժամասածությունը նոր էր վերջացել, երբ Բյուրականի հորիզոնի վրա երևացին փոշու ամպեր, իսկ քիչ հետո` Նըսր ոստիկանի արաբաց հրոսակները: Վայրենի աղաղակներով, դիվական հրճվանքով և թմբուկներ ածելով կանգ առան արաբները Բյուրականի պարիսպների տակ և պինդ օղակով շրջապատեցին այն: Մյուս օրն ևեթ նրանք դևերի նման հարձակվեցան Բյուրականի պարիսպների վրա, որ նրան մի ակնթարթում ոչնչացնեն և ջնջեն աշխարհի երեսից: Սակայն փոքրաթիվ հայ զինվորների անձնվեր քաջությունը ետ մղեց նրանց պարիսպներից և թույլ չտվեց ներս խուժել ամրոց: Արաբները զարմացան նրանց դիմադրությունից, սպառնալիքներ ու հայհոյանքներ ուղարկեցին դեպի ամրոցի կտրիճները, պահանջելով, որ նրանք անձնատուր լինեն: Բայց Բյուրականի կտրիճները արհամարհանքով նայեցին արաբների սպառնալիքներին: Նրանց առաջ կանգնած էր իրենց սուրբը` Մարտիրոս հայրը` մի կողմն ունենալով Սահակ սրբազանին, որը յուր եպիսկոպոսական վեղարը մի կողմ ձգած, գլխին դրել էր փայլուն սաղավարտ, իսկ ինքը կորել էր զենք ու զրահի մեջ: Նրա դեմքից կորել էր յուր հանաքչի ժպիտը, և նա ահռելի կերպարանք էր առել: Հոգևորական անձինք, բացի աղոթելուց, զենք էին առել և միացել իրենց ժողովրդին նրանց հետ ապրելու և նրանց հետ մեռնելու:

Արաբները կատաղաբար նորից հարձակվեցան, սանդուղքներից ուզեցան դևերի նման վեր մագլցել պատերի վրա, բայց նրանք նորից ետ մղվեցան: Նրանք պարիսպների վրա տեսան ծերունի վանականին, որ խրախուսում էր հայ կտրիճներին և դրանով էլ չբավականանալով, պոկում էր ահագին ժայռի կտորներ ու շպրտում իրենց վրա: Ո՞վ էր այդ հոգևորականը, որ այդպես ազդել էր հայերի վրա և սարսափի մեջ ձգել արաբներին, որոնք ամեն անգամ հարձակվելիս ետ էին մղվում:

Ո՜հ, ես նրան ոսկով կշրջապատեմ, ով այդ ծերունու գլուխը ինձ կբերի, — կանչում էր կատաղած Նըսրը և հնարքներ որոնում Բյուրականը ձեռք ձգելու: Նա կատաղած և վրդովված ման էր գալիս յուր վրանի մոտ, երբ նրա առջև հանկարծ կանգնեց մի մարդ: Նըսր ոստիկանը բարկացած սուրը պատյանից հանեց և ուզեց այդ հանդուգն մարդու գլուխը թռցնել, երբ սա չոքեց և ասաց.

Թող ալլահը պահե մեծ ամիրապետին, ես ուզում եմ մի ծառայություն անել իմ տիրոջը:

Ի՞նչ ծառայություն, գյավո՛ւր, մի՞թե դուք կարող եք ծառայություն անել ուղղափառներին:

Թող Մարգարեն պահի իմ տիրոջը, բայց վաղը, մինչև արևի մուտքը, Բյուրականը մոխիր կդառնա և ծերունի վանականի գլուխը քո ոտքերի տակ կլինի:

Նըսր ոստիկանին դուր եկան այդ մարդու խոսքերը, և նա, սուրը պատյանի մեջ դնելով, ասաց.

Ասա, գյավո՛ւր, ո՞վ է այդ վանականը և ինչպե՞ս կարող եմ առնել ամրոցը, այն ժամանակ դու առատապես կվարձատրվես ինձանից:

Մի՞թե չի ճանաչում իմ տերը այդ վանականին, որ միանալով Աշոտ Երկաթի հետ, ամբողջ Հայաստանը տակնուվրա արավ և ուղղափառներին հալածեց: Դրան «սպիտակ դև» են ասում, իսկ հայ ժողովրդականք «սուրբ» են անվանում: Դա մի քանի խելառների «փիրն» է, անունը` Մարտիրոս, Բագրևանդի վանահայրը: Մի՞թե չես լսել:

Հը՛մ, հիշում եմ, շատ եմ լսել դրա անունը: Լավ է ուրեմն, ձեռքիցս չի գնա:

Իհարկե, տե՛ր, առյուծի ճանկից էլ չի ազատվի:

Բայց դա որտեղի՞ց գիտես այդ բաները, և ինչպե՞ս մենք կարող ենք առնել բերդը:

Տե՛ր, ես այս րոպեիս Բյուրականի մեջն էի, ամեն բան տեսա, ամեն բան լրտեսեցի և շտապեցի իմ տիրոջը տեղեկություն տալ:

Լավ է, լավ, — ասաց, ինքնաբավական կերպով Նըսրը, — բայց ասա, գյավո՛ւր, ինչպե՞ս կարող ենք մտնել բերդը:

Բերդի հյուսիսակողմըմի գաղտնի անցք, կա, որը ազատ է պահապաններից, ես այդ անցքը պատրաստ եմ ցույց տալու քո զորքերին հենց այս գիշեր:

Շա՛տ լավ, հենց այս գիշեր մենք հարձակումը կսկսենք: Եթե ուղիղ դուրս եկան խոսքերդ, դու արժանավոր վարձատրություն կստանաս:

Թող ալլահը պահե քեզ, տե՛ր, որ չես մոռանում խեղճ մարդկանց, — կրկնեց Նըսրի խոսակիցը:

Բայց ի՞նչ է քո անունը:

Քոսա՛կ, քո ծառան:

Լավ, Քոսա՛կ, այժմ դու հանգստացիր, երբ կանչեմ` իսկույն կգաս:

Քոսակը խոր գլուխ տվեց և գոհ սրտով հեռացավ:

Մատնիչը գոհ էր և մտածում էր ամենահեշտ միջիցով թշնամիներին բերդ մտցնելու, այնինչ այդ ժամանակ ամրոցի մեջ կին, երեխա, ծեր թե երիտասարդ լցվել էին եկեղեցու մեջ և արտասվաթոր աչքերով լսում էին Մարտիրոս հոր քարոզը: Մարտիրոս հայրը կանգնած բեմում խոսում էր անմահության վրա և բացատրում մահվան նշանակությունը: Կարծես նա զգում էր ինչ-որ մի չարագուշակ բան, կարծես նրա հոգին գուշակում էր, որ մատնիչը յուր գործը պիտի կատարի, ուստի շտապում էր վառ և կենդանի պահել հուսահատ ու թուլացած ժողովրդի մեջ հավատքի հոգին և ուժը:

Այո՛, ես տեսնում եմ նրան, — ասում էր Մարտիրոս հայրը, — նա՛ է միայն հավիտենականը և անմահը, իսկ ամեն ինչ անցավոր է: Մի ակնթարթ, ժամանակի մի կարճ գոյություն, երբ մենք ճաշակում ենք նրա բարիքները, ճանաչում նրա անմահ գործերը և ապա սլանում դեպի հավիտենականություն: Թող չվախեցնե ձեզ արաբաց սուրը, նրանց սոսկալի տանջանքը և ամենքդ ի մի դարձած, պինդ պահեցեք ձեր կրոնը և արժանացեք նրա սուրբ նահատակությանը: Ես չեմ ասում վիզներդ ներկայացրեք անհավատների մերկացրած սրերին, որ նրանք կտրեն. ո՛չ, քավ լիցի: Թանկ ծախեցեք ձեր կյանքը և քանի որ շունչներդ բերաններումդ է` սուրը ձեռքներիցդ չձգեք, կռվեցեք ձեր թշնամիների դեմ, որն ուզում է խախտել ձեր կրոնը: Վեհ է այն նահատակությունը, որ կատարվում է հայրենիքի և կրոնի համար: Հենց այս իսկ վայրկյանին դուք կռվում եք և՛ հավատի, և՛ հայրենիքի համար: Կոտորվեցեք ամենքդ էլ, մինչև վերջին մանուկը և դրանով դուք կարժանանաք Քրիստոսի անմահ պսակին:

Մարտիրոս հայրը լռեց և չոքեց աղոթելու: Ինչպես մարմնացած աստվածություն, նա մի քանի վայրկյան անշարժ մնաց և ապա ցնցվեց, երիտասարդի նման վեր թռավ տեղից և իջավ բեմից: Ժողովուրդը հեծկլտում էր և դառն արտասուքներ թափելով ընդունում ս. հաղորդությունը: Երբ մինչև վերջին մարդը ընդունեց ս. հաղորդությունը, կանայք և երեխաները մի կողմ քաշվեցան և մոտ 200-ի չափ զինված մարդիկ դեպի պարիսպները շտապեցին: Պարիսպներից դուրս հնչում էր արաբների դիվական քրքիջը և զենքերի շաչյունն ու շառաչյունը: Ըստ երևույթին նրանք պատրաստվում էին նորից հարձակվելու ամրոցի վրա: Երեկոյան դեմ էր, արևն արդեն թաքնվել էր, և հետզհետե մութն ընկնում էր, երբ կատաղի գնդերը գրոհ տվին դեպի պարիսպները և ճանճերի նման փաթաթվեցին ամրոցին, որոնք կարծես ուզում էին շփոթել բյուրականցիներին, այնինչ մի ուրիշ գունդ Քոսակի առաջնորդությամբ գաղտնի անցքով մտնում էր բերդը:

Հայ կտրիճները անտեղյակ այդ բանից, քաջերի նման կռվում էին և հույս ունեին նորից հալածելու, երբ ներսից մի չարագուշակ աղաղակ մի վայրկյան միայն սառեցրեց և սարսափ պատեց նրանց: Ամրոցի մեջ, այնտեղ, ուր գտնվում էր եկեղեցին, նրա ճիշտ առջևում, երևում էր մի սև գունդ, որը վայրենի աղաղակներով աշխատում էր կոտրել եկեղեցու դուռը, ուր ապավինել էին հայ կանայք, երեխաներ և անկար ծերունիներ: Հայերը զգացին իրենց անհուսալի և վտանգավոր դրությունը, ու սառը քրտինքը պատեց նրանց: Սոսկալի մռնչյուն արձակելով` նրանք թողին պարիսպները, որտեղից արդեն բարձրանում էր թշնամին և կատաղությամբ ընկան ներսի թշնամիների վրա: Գիշերային խավարի մեջ սկսվեց ձեռնամերձ սոսկալի կռիվը, որ ներկայացնում էր մի ահագին մսյա գունդ, ուր որդերի նման վժվժում էին մարդիկ և իրար գրկած շունչները փչում, ընկնում իրենց ոտքի տակ տարածված դեռ տաք դիակների կույտի վրա և անհետանում, որովհետև նոր շարժուն կետեր բարձրանում էին դրա վրա և նորից իրար գրկում...

Զարհուրելի էր այդ կռիվը: Երեխաների և կանանց ճիչն ու աղաղակը, վիրավորների հառաչանքը և սրերի շաչյունները մինչև երկինք էին հասնում: Կռվողների ոչ մի կողմը չէր ուզում տեղի տալ մյուսին, և նրանք մինը մյուսի ետևից կոտորվում, մորթվում էին: Բայց հայ զինվորների թիվն արդեն պակասել էր, այնինչ արաբները քանի գնում ստվարանում էին: Միայն մի բուռն հայ կտրիճներ կռվում էին վերջին, օրհասական կռվով, երբ ամրոցի ամեն անկյունից կրակե հրեղեն լեզուներ երևացին և լուսավորեցին սգապատ տեսարանը: Այդ իսկ միջոցին տապարի հարվածներից ջարդ ու փշուր եղան եկեղեցու դռները, և կատաղի հոսանքը ներս խուժեց... Լսվեց այնտեղից սիրտ պատառող ձայներ, կանանց ու երեխաների մահամերձ խռխռոցը: Արաբներն այնտեղ կոտորում էին երեխաներին, կոտորում կանանց և կողոպտում տաճարը:

Հայ կտրիճները, որոնց հազիվ 40 հոգի էին մնացել, երբ տեսան անօրենների եկեղեցի ներս խուժելը, հանկարծ գրոհ տվին թշնամուն և դիմեցին դեպի տաճարը: Նրանց մեջ էին Մարտիրոս հայրը և Սահակ սրբազանը, որոնք մինչև սրունքները արյան մեջ թաթախված, արյունաներկ սրերը ձեռքներին առաջնորդում էին հայերին: Այդ միջոցին տաճարի բեմը բռնկվեցավ, և բոցերը ճարճատյունով սկսեցին ս. սեղանը լափել և լուսավորել կռվողներին, ուր խառնվել էին իրար հետ կին, երեխա, ծեր, արաբ թե հայ զինվորներ և սպանդանոցի նման մորթոտում էին իրար: Մի չեչոտ մարդ միայն, վառած ջահը բռնած, որ հենց նոր կրակ էր տվել բեմը, կանգ էր առել ս. սեղանի վրա և դիվական հայացքով նայում էր կռվողներին: Կարծես սովորական բան լիներ կատարվելիս նրա առջև, կարծես մարդիկ չլինեին կոտորվելիս, նա նայում էր սառն և անտարբեր հայացքով և երբ մինը մյուսի ետևից ընկնում էին հայ զինվորները, մի տեսակ ինքնաբավական ժպիտ էր փայլում նրա հրեշավոր դեմքին: Հանկարծ նա ցնցվեց, և նրա դեմքը կապույտ գույն ստացավ, աչքերը կատաղեցին և յուր ջահը ճոճելով` զարհուրելի ձայնով ասաց.

Է՛յ, ուղղափառնե՜ր, սպիտակ դևին մի՛ սպանեք, դրան կենդանի պետք է ներկայացնել Նըսր ոստիկանին:

Բայց սրա ձայնը խեղդվեցավ վայնասունի ու աղմուկի մեջ և ոչ ոք ուշադրություն չդարձրեց: Այդ իսկ միջոցին ընկավ Սահակ սրբազանը մի քանի տեղից վիրավորված, իսկ երկու սրի հարված կտրատեցին Մարտիրոս հոր թևերը, բայց նա, հինգ թե վեց հոգով շրջապատված, դեռ կանգնած էր, երբ ջահը ձեռքին մարդը, որ Քոսակն էր, ցած թռավ սեղանից ու առանց երկյուղի մղվեցավ կռվողների մեջ և որոտաձայն կանչեց.

Հեռո՛ւ այստեղից: Անհավատների սրբի դատաստանը ինքը ամիրապետը պիտի անի:

Մարտիրոս հայրը նայեց դեպի դավաճանը և արհամարհական հայացք ձգելով` առաջ եկավ ու ասաց.

Հուդա՛, արա, ինչ անելու ես...

Մարտիրոս հոր ուսերից առատապես բխում էր արյունը, և նա հազիվ էր ոտքի վրա կանգնած: Քոսակը ջահը մի կողմ շպրտեց և, դիվական քրքիջ արձակելով, գրկեց յուր անպաշտպան զոհին, որ ուշաթափ արդեն վայր էր ընկնում:

Այդ միջոցին երկու հարյուր հայ զինվորներից ո՛չ մեկը կենդանի չէր: Արաբները հանգիստ շունչ քաշեցին և դևերի նման սկսեցին կողոպտել տները, առևանգել հայ կույսերին ու մորթել երեխաներին: Այդ ժամանակ Բյուրականը ներկայացնում էր Սոդոմը, ուր կրակն ու անօրենների կատաղությունը ամենազզվելի պատկեր էր ներկայացնում...

ԻԹ

Թալանը վերջացել էր: Սև ծուխը ամպի նման ոլոր-մոլոր բարձրանում էր վեր և Բյուրական ամրոցում էլ քարը քարի վրա չէր մնացել: Արևը արդեն կանգնած էր զենիթում: Նըսր ոստիկանի բանակից լսվում էր ուրախ դիվական քրքիջ, հայհոյական և անամոթ երգեր: Բյուրականի և շրջակա հայ գյուղերի նորատի կույսերն ու կանայք համարյա մերկ, նրանց նախատինքի առարկաներն էին դարձել և միևնույն ժամանակ նրանց վայրենի կրքերին բավականություն տվողներ: Այնտեղ` բաց երկնքի տակ, մի դիվական ճաշ էր կատարվում, ուր խորովածի, օշարակի և թմբուկի հետ միասին ամենասոսկալի տեսարաններ էին տեղի ունենում: Մինչդեռ բանակի միջից լսվում էր թմբուկի, վայրենի քրքիջի և երգի ձայներ, Նըսր ոստիկանը յուր շքեղ վրանի առաջ անցուդարձ էր անում և անտարբեր աչքով նայում էր յուր բանակի մեջ տեղի ունեցող անասնական տեսարաններին:

Այդ քիչ է գյավուրների համար, — ասում էր նա, — դեռ շատ սարսափելի բաներ կտեսնեն ինձանից: Թող դեռ ճանկս ձգեմ Հովհաննես կաթողիկոսին և Աշոտ Երկաթին, այն ժամանակ հեշտ է դրանց ոչնչացնելը:

Այդ միջոցին նրա աչքովն ընկավ Քոսակը, որ նրանից քիչ հեռու կանգնած, նայում էր արաբաց ոստիկանին, երևի նա եկել էր յուր վարձատրությունն ստանալու:

Ա՛... գյավո՛ւր, դու եկել ես, շա՛տ լավ: Ես իսկույն քեզ արժանավոր վարձատրություն կտամ քո ծառայության համար: Բայց ո՞ւր է սպիտակ դևը, ես նախ նրան պիտի պատժեմ, արդյոք նա ուշքի եկա վ:

Ո՛չ, տե՜ր, նա յուր հոգին արդեն փլեց, — պատասխանեց Քոսակը` գլուխ տալով:

Ա՛ ... իսկ ի՞նչ արիր դիակը:

Դաշտի մեջ ձգեցինք:

Վայրենի գազաններին կերակո՞ւր:

Այո՛, տեր, նա, ով քո ամենակար զորության դեմ է գնում, ավելի սոսկալի նախատինքի և պատժի է արժանի:

Լա՛վ ուրեմն: Կեսօրից հետո մեր բանակը հանվում է այստեղից, ես չպետք է մոռանամ քեզ վարձատրել,— ասաց Նըսր ոստիկանը և ապա, դիմելով յուր մարդոց, ինչ-որ մի հրաման տվեց նրանց, որոնցից մեկը հեռացավ, իսկ մյուսները, մոտենալով Քոսակին, բռնեցին նրան և դեպի Նըսրը բերին:

Նըսրի օտարոտի վարմունքը սարսափ բերեց Քոսակին, նա դեռ շփոթված սպասում էր, թե ի՞նչ պիտի լինի:

Անցան մի քանի սարսափելի րոպեներ, և ահա հեռվից երևաց մի կատաղի ձի, որի վրա նստած էր այն արաբը, որ մի փոքր առաջ կանգնած էր Նըսրի մոտ: Ձիավորը կանգ առավ Նըսրի առջև և իսկույն ցած թռավ ձիուց:

Տեսնո՞ւմ ես այս ձին, — ասաց Նըսրը դիմելով Քոսակին, — այս ձին քեզ եմ ընծայում, միայն ոչ թե դու պիտի սրան կառավարես, այլ դա` քեզ: Ես դրանից ավելի լավ վարձատրություն չեմ գտնում քեզ համար:

Քոսակը չհասկացավ նրան, բայց զգաց, որ ինչ-որ մի զարհուրելի բան է պատրաստում յուր համար:

Ձին թամբած չէր և անհամբերությամբ ոտքը գետին էր զարկում:

Կատարեցե՛ք հրամանս, — ասաց Նըսրը դիմելով արաբներին: Արաբները իսկույն մի պինդ թոկ բերեցին և ձգեցին Քոսակի վիզը: Իսկ մյուս ծայրը կապեցին ձիու ագիից:

Տե՜ր, խղճա՛ ինձ... — մրմնջաց լեղապատառ Քոսակը, երբ հասկացավ իրողությունը:

Ո՛չ, քո արժանավոր վարձատրությունը դա է: Եթե դու քո ազգին այդ ես անում, ուրիշին ի՞նչ կանես, — պատասխանեց Նըսրը և նշան տվեց:

Այդ միջոցին ձիու սանձը հանեցին և մի քանի սաստիկ մտրակներ տվին նրան: Ձին ցավից կսկծաց և ահագին թռիչք արավ` քարշ տալով յուր ետևից Քոսակին:

Բանակի ուրախությանը մի նոր բան ավելացավ: Նրանք տեսան, թե ինչպես Քոսակի գլուխը քարերին էր դիպչում և նրա ուղեղը ցաք ու ցրիվ գալիս...

Կեսօրից հետո Նըսրը հանեց յուր բանակը և դափ ու զուռնով ուղղվեց դեպի Նախճվան: Բավական ժամանակ նրանք առաջ էին գնում, և վայրենի քրքիջի, ուրախության ձայները մինչև երկինք էին հասնում: Նրանք ճանապարհին քշում էին ձիերը և նշան դնելով գերիների վրա, ցցում էին իրենց նիզակները նրանց սրտի մեջ և կտրելով գլուխները` ամրացնում նիզակների ծայրին և ձեռքներին պտտեցնելով վազում առաջ: Գերիների լացը, կականը և ողբը, միախառնվելով արաբների քրքիջին, մի զարհուրելի երաժշտություն էին կազմում, որը սառցնում էր մարդուս արյունը: Երեկոն մոտենում էր: Նըսրի բանակը կանգ առավ մի առվակի մոտ գիշերելու: Վառվեցան խարույկները, և ընթրիքի պատրաստություններ սկսան տեսնել, այնինչ գերիներին մի կողմ թողնելով, միայն մի քանի պահապան կանգնեցրին նրանց հսկելու, իսկ իրենք սկսեցին իրենց գազանական ընթրիքն անել:

Այդ իսկ միջոցին մի խումբ ձիավորներ զգուշությամբ մոտենում էին Նըսրի բանակին: Նրանք, ըստ երևույթին, վաղուց է որ հետևում էին բանակին, բայց հարմար ժամանակ չէին գտնում իրենց նպատակին հասնելու:

Տղե՛րք, — դարձավ խմբի գլխավորը յուր ձիավորներին, որոնք թվով մոտ երեսունհինգ էին, — այս բանակի հետ կռիվ սկսելով գլուխ դուրս չենք տանի, մենք պիտի միայն գերիներին ազատենք և խույս տանք: Ձեզանից մի մասը պիտի գերիներին տանի, իսկ ես մի քանի մարդկանցով նրանց ուշադրությունն ինձ վրա կդարձնեմ, որ նրանք ձեզ հանգիստ թողնեն: Այժմ ամենից հարմար ժամանակն է:

Մենք պատրաստ ենք, իշխա՛ն, — պատասխանեցին ձիավորները:

Այդ ժամանակ խմբի գլխավորը, որ Գևորգ իշխանն էր, նշան տվեց, և մի ակնթարթում հարձակվելով գերիների պահապանների վրա, բոլորին կոտորեցին և գերիներին սկսեցին տանել: Բանակում իրարանցում ընկավ: Գևորգ իշխանը փոքրիկ խմբով բանակի հակառակ կողմը թռավ և մեծ աղմուկ հանելով սկսեց շփոթել բանակին: Արաբները գերիներին թողած գրոհ տվին դեպի Գևորգ իշխանը, որը կամաց-կամաց սկսեց նահանջել, իսկ երբ տեսավ, որ բավական ժամանակ է վաստակել, հանկարծ անհայտացավ խավարի մեջ և շուտով միացավ մնացած խմբին, ուր գտնվում էին և հայ գերիները: Նրանք առաջ գնացին դեպի Բյուրական, երբ արշալույսը նոր էր բացվում: Գևորգ իշխանը տխուր առաջ էր գնում, երբ մի աղոտ լույս նկատեց, որ իջնում էր երկնքից: Նա ձին շտապեցրեց դեպի լույսն իջնող տեղը և սարսափահար կանգ առնելով, մի վայրկյանից հետո ցած թռավ ձիուց, վերցրեց գլխարկը և չոքեց: Նրա առաջ տարածված էր Մարտիրոս հոր դիակը, առանց ձեռքերի, որը լուսավորվել էր երկնքի լույսով: Հասան և գերությունից ազատվածները, որոնք տեսնելով իրենց «սրբի» դիակը, սկսեցին լալ և հեծկլտալ:

Գևորգ իշխանը համբուրեց Մարտիրոս հոր սառն ճակատը, որին հետևեցին և մյուսները, ապա նրա դիակը վերցնելով, տարան Բյուրականի տաճարը հողին հանձնեցին: Հողը իր գիրկն առավ սրբազանի դին, և հենց այդ ժամանակ արտույտները սկսան կրկչալ իրենց տխուր տաղերը, իսկ արշալույսը սփռեց երկրի վրա յուր կենարար ցոլմունքները...

Լ

Բյուրականի կոտորածից հետո Հեղինեն հանգստություն չուներ: Նա, ինչպես պահապան հրեշտակ, անցնում էր գյուղե-գյուղ, քաղաքե-քաղաք ու դեղ ու դարման անում տնանկներին ու վիրավորներին: Նա յուր կյանքը սկզբից ի վեր նվիրել էր թշվառներին ու այդ պատճառով, գիշեր-ցերեկ աշխատելով սիրած ժողովրդի մեջ, նրանց վերքերն էր բուժում և այդպիսով մի փոքր հանգստություն տալիս յուր վշտաբեկ սրտին...

Երեկո էր:

Արևի վերջին ճառագայթներն ընկել էին լեռան լանջին փռված մի գյուղի վրա, որի գետնափոր տնակների առաջ, զանազան դիրքերով, ընկած էին հիվանդ ու խեղճ թշվառներ, որոնք ծանր հառաչելով դիտում էին արևի մուտքը:

Հեղինեն նստած էր մի մեծ քարի վրա և յուր անթարթ աչքերով նույնպես դիտում էր արևի մուտքը, որը կամաց-կամաց ծածկվելով լեռան քամակին, յուր ետևից թողնում էր մի սև ու մռայլ ստվեր... Սևով էր պատած և Հեղինեի սիրտը:

Դառն ու սրտամաշ մտքերը պաշարել էին նրան ու ձգել մտքերի ահեղ օվկիանը:

Նրանցից քիչ հեռու, կանաչ խոտի վրա կիսաթեք պառկած էր ծերունի Մաթոսը, որն անշարժ, ինչպես մարմնացած արձան, նայում էր Հեղինեին:

Հանկարծ նա շարժվեցավ, դողդոջուն ձեռքերով փայտին հենվեց ու դառնալով դեպի Հեղինեն, լալագին կանչեց.

Ա՜խ, մի կաթիլ ջուր, ես այրվում եմ, պապակում:

Հեղինեն ցնցվեց: Ետ մղեց յուր մռայլ մտքերը, ծերունի Մաթոսին նայեց ու վեր թռչելով տեղից, մի գավաթ ջուր մեկնեց նրան:

Ա՛ռ, Մաթո՛ս ապեր, այս աղբյուրի ջուրը կհագեցնե ծարավդ և կզովացնե քեզ:

Ա՛խ, սրտիս հրդեհը ոչ մի աղբյուրի ջուր չի կարող հանգցնել, — պատասխանեց Մաթոսը` առնելով գավաթը: — Աղջի՜կս, ես պապակում, այրվում եմ: Դժոխքը յուր բոլոր զարհուրանքով սրտիս մեջ է նստած ու ինձ տանջում, չարչարում է, հոգիս էլ չի առնում, որ ազատվեմ անծայր տանջանքից:

Հանգիստ մնա, Մաթո՛ս ապեր, ամեն ինչ կանցնի, աստված ողորմած է, — մխիթարելով ասաց Հեղինեն:

Մաթոսը ուղղվեց, նստեց ու դառնալով ասաց.

Աստվա՛ծ... Այո՛, բայց մենք այդ աստծուն չտեսանք, տե՛ր, մեղա՛ քեզ: Նրա փեշերից բռնելով տանջանքների և արհավիրքների ծովը նետվեցինք, բայց նրա գութն ու ողորմությունը չտեսանք: Տե՛ր, մեղա՛ քեզ: Արաբը յուր սուրը հանած, մեր աչքերի առաջ մեր աղջիկներին ու կանանց առևանգում է, մինչդեռ մեր հարազատ իշխանները նրանց թև ու թիկունք են դառնում: Մենք տրորվում ենք, ոտնատակ լինում, ինչպես մի հասարակ մրջյուն և ո՛չ ոք, ո՛չ ոք յուր գթառատ ձեռքը չէ մեկնում մեզ պատուհասից ազատելու: Աստվա՛ծ, բայց ուր էր այդ աստվածը, երբ Բյուրականում դժոխքն էր տիրապետում: Ու՞ր էր նա, երբ այնտեղ` սպանդանոցի նման 200 հոգի ընկան, երկու հարյո՜ւր նահատակ, ծեր թե երիտասարդ, կին թե մարդ, տղա թե աղջիկ, որոնք աստծո փեշից բռնած լալագին հայացքով օգնություն էին մրմնջում ու շունչները փչում... Ես, միայն ես ազատվեցի այնտեղից և իբրև այդ զարհուրելի սպանդանոցի կենդանի վկա, բողոքում եմ աստծո դեմ, բողոքում նրա անտարբեր, սառն, անգութ վերաբերմունքի համար, տե՜ր, մեղա՛ քեզ...

Այդպես մի՛ ասի, Մաթո՛ս ապեր,— ընդհատեց Հեղինեն, — մի՛ բողոքիր աստծո դեմ: Նա յուր դատաստանը այսպես շուտ չէ անում: Նա համբերում է, բայց յուր աստվածային շանթով խորտակում անօրենին:

Հա՜, վերջը... այն ժամանակ, երբ հազարավորներ կենդանի-կենդանի խորովվում են, անասելի տանջանքներով հոգիները փչում: Բայց ո՞ր մեղքի համար: Ասա, աղջի՛կս, ի՞նչ է արել ծծկեր մանուկը, որ անօրենի սրից զոհ է գնում: Ասա, ի՞նչ հանցանք են գործել կանայք, որոնց ստինքների պտուկներից շարաններ են շինում և իբրև հաղթական դափնի` իրենց վիզը ձգում: Օ՛... անասելի դժոխք էր ներկայացնում Բյուրականը սրի և կրակի մեջ, ուր ընկավ մեր սուրբը` Մարտիրոս հայրը, որը դիակների մեջ կանգնած, երկու ձեռքերն էլ կտրտված, հարյուր տեղից վիրավորված, դեռ աղոթք էր մրմնջում ու սիրած ժողովրդի համար երկնքից օգնություն հայցում... Սակայն երկինքը լուռ էր, անզգա, անգութ...

Հայի ճակատագիրն է այդ, Մաթո՛ս ապեր, ի՞նչ կարող ենք անել:

Ինչ կարող ենք անե՞լ... բայց ի՞նչ են անում մեր իշխանները, որոնք արաբի հետ միացած` մեզ ծեծում են, արյունաքամ անում, եղբայր եղբոր դեմ հարուցում ու իրենց սիրուն հայրենիքը սրի ու հրի ասպարեզ դարձնում: Մեր գութանն ու մաճը մնաց անտեր, դաշտերն ու արտերն ամայացան, լծկան եզն ու գոմեշը կոտորվեցան, ինչո՞ւ, որովհետև մեր իշխանները փոխանակ միանալու, իրենց սին փառքի համար օտարի առաջ ստրկանում են, քծնում, շողոքորթում և մեզ անտեր թողնում... Օ՜ ... եթե լիներ մեր մեջ համերաշխություն, սեր, գիտակցություն, մենք այս օրին չէինք հասնի...

Այո՛, համաձայն եմ: Ա՛խ, հայի այդ սոսկալի եսը և փառամոլությունը իրեն տունն է քանդում, բայց դրանք էլի չեն խրատվում: Ի՞նչն է պատճառը, որ մեր թագավորը Սևանա վանքն է քաշվել և վիշտը սրտի մեջ, դառն հեծկլտում է Հայաստանի վիճակին նայելով: Ա՛խ, եթե իշխանները և նախարարները միանային ու ժողովվեին թագավորի շուրջը, այն ժամանակ Հայաստանի արշալույսը կբացվեր և դո՛ւ, խե՛ղճ ժողովուրդ, հանգիստ կապրեիր... Այդ ի՞նչ եմ ասում. Այդ արշալույսը չի բացվի, քանի որ հայրս է թագավորի դեմ գնում, իսկ ես, ինչպես մի ստվեր, դեգերում եմ հիվանդ ու մեռնող ամբոխի մեջ ու քավում հորս մեղքերը:

Եվ թող աստված երկարացնե կյանքդ, աղջի՛կս, դու սփոփիչ հրեշտակ ես մեզ համար, երկնքից տրված մի պարգև, որ դառն ու հուսահատ րոպեներին քո քնքուշ ձայնով հուսո նշույլներ ես ներշնչում մեզ... բայց մի ծաղկով գարուն չի գա, աղջի՛կս, և մենք մեռնում ենք, օրեցօր գերեզմանին մոտենում:

Ո՛չ, Մաթո՛ս ապեր, ժողովուրդը չի մեռնի, նա կապրի: Կապրի, որովհետև նրա կենսատու ուժը անսպառ է: Իշխանները կգան ու կերթան, բայց ամբոխը կմնա: Կմնա ու կզարթնի մի անգամ: Այն ժամանակ խավարը կցրվի, մութը կանհետանա, և գեղածիծաղ արշալույսը կծագի ամեն կողմում:

Օ՜... տա աստված այդպես լինի, — գլուխը օրորելով պատասխանեց Մաթոսը: — Բայց ահա սրտիս մեջ դժոխքը կրկին շարժվեց, և ես հիշեցի Աստղիկիս, հիշեցի նրա նշանած Դավթին, որը վերջին շունչը փչելիս ինձ նայեց ու անհուն ժպիտը անցավ նրա դեմքով. կարծես հասկացնել ուզեց ինձ, թե հայրենիքի համար մեռնելը ինչքա՛ն քաղցր, ինչքա՜ն վսեմ է... Դավի՛թ, իմ քաջ և աննման փեսա, դու գնացիր ու ինձ ծով արցունքի մեջ թողիր... Օ՜... ես էլ կգամ, ես էլ կգամ, — ասաց ծերունին, գլուխն իջեցրեց, լուռ կացավ, և արցունքի երկու կաթիլ գլորվեցին նրա ալեզարդ մորուքին:

Հեղինեն նայեց նրան ու սիրտը բռնեց: Ապա, հեռանալով նրանից, նորից նստեց լեռ քարի վրա ու ինքն իրեն մտմտաց.

Քնե՛ց... մի քանի րոպե լռեց նրա սրտի դժոխքը, և ես այս բովանդակ երկրում մնացի միայնակ... Սուտ չէ ասում նա: Չորս կողմը ավե՛ր, սրածությո՛ւն, կոտորա՛ծ: Ամեն կողմից լացի ձայն եմ լսում, որ սիրտս քրքրում, տրորում է ու ինձ գցում հուսահատության անդունդը: Ա՛խ, բարձրյա՛լ աստված, անողո՛ք երկինք, մինչև ե՞րբ հայի արցունքը քո գահի պատվանդանը պետք է ողողե, մինչև ե՞րբ հայի հեծկլտանքն ու հառաչանքը քո սրահի նվագածությունը պիտի կազմեն... Գթա, տե՛ր, այդ ազգին: Դու ներշնչիր իշխանների մեջ սեր ու միություն: Հանիր նրանց սրտից ատելության ու նախանձի որոմները և ի մի դարձրու բարբարոսներին հալածելու...

Հեղինեն էլ լռեց ու քիչ հետո դադարեց մտածելուց:

Պահ մի դառն մտքերը դադարեցին նրա սիրտը կրծելուց, ու նա ընկղմվեց քնի մեջ...

Հեղինեն քնած էր գլուխը լեռ քարին դրած, մինչդեռ արևը մայր էր մտել ու սկսվել էր լեռների ցուրտը, որ գողունի կերպով մտնում էր Հեղինեի տանջված ու հյուծված մարմինը և կամաց-կամաց յուր ավերմունքը գործում...

ԼԱ

Առյուծը բանտարկված էր վանդակում...

Մի սեպացած ժայռ, որի վրա երևում էին մի քանի վանքեր, յուր սև կուրծքը դուրս էր ցցել կապույտ ջրերի միջից և գոռոզաբար նայում էր շուրջը: Պարզ, վճիտ ջրի կոհակներն էին վխտում նրա շուրջը, որոնք երբեմն մանրիկ, քնքուշ ալիքներով լիզում էին նրա ափերը, գորովագութ մոր նման շոյում փեշերը, համբուրում նրան և ապա միմյանց ետևից ետ նահանջում: Իսկ երբեմն փրփրած ալիքները կատաղած վրա էին վազում դեպի այդ սեպացած ժայռը, որ հանդգնել էր իրենց տեղը խլել: Վիշապի նման գլուխները վեր բարձրացրած ալիքները ուժգնությամբ ծեփվում էին ժայռին, նրան խորտակելու նպատակով, ջարդվում, փշրվում և ապա իրենց ոտքերի տակ անդունդներ բանալով` ամոթահար թաքնվում այնտեղ և կորչում անհայտության մեջ. բայց ետևից նոր ալիքներ էին գալիս, ավելի բարձր, ավելի զարհուրելի, որոնք դիպչելով ժայռերին, անհույս կերպով նույնպես ոչնչանում էին, մինչև որ դադար էին տալիս իրենց անհույս հարձակմանը և լռում: Այդ ժամանակ լճի մակերևույթը պարզ հայելի էր ներկայացնում յուր խոր հատակով, ուր լուսնի դյութող ճառագայթների հետ պար էին բռնում ոսկե ձկները, փայլուն արծաթագույն ձկնիկները, գեղարքունին ու կոդակը և ձկների իշխանը:

Այդ սեպացած ժայռի մեջ էր բանտարկված առյուծը` Աշոտ Երկաթը, որի հառաչանքից սարերը ձայն էին ածում և լճի ձկները սարսափից փախուստ տալիս:

Next page