Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Ուժասպառ ընկած էր նա յուր կտրիճներով, որոնց թիվը 70-ի էր հասնում և յուր մթագնած հայացքը դարձնում դեպի Սևանի ափերը: Նա խոր, շատ խոր հոգոց է քաշում` տեսնելով Հայաստանի ալեծուփ դրությունը, և նրա սիրտը լցվում է խորին կսկիծով: Հայաստանը քանդվում էր, ժողովուրդը տառապում, իսկ ինքն ի՞նչ էր անում... Ո՜հ, վեր կաց, Աշո՛տ Երկաթ, քաշիր երկաթե սուրդ, հուր ու մոխիր դարձրու թշնամիներիդ, որոնք ոչնչացնում են հայ ժողովրդին... Թո՛ղ անշարժությունդ, ի՞նչը արդյոք սուրդ ժանգոտեց և վհատեցվեց քո հոգին... Տե՛ս, արաբները կրկին գլուխ են բարձրացրել և հայերի ծուխն ուզում են կտրել, իսկ դու մի՞թե մոռացար հորդ ստվերին տված երդումը, թե՞ խորին հուսահատությունը վհատեցրեց քեզ... Հասի՛ր, Երկաթ, հասի՛ր, ժողովուրդը քեզ է սպասում, ազգը քեզ է կանչում...

Եվ Աշոտ Երկաթը ցնցվեցավ: Քաջի ցնցումից սարերը դողացին և Սևանա լճի կոհակները դուրս թռան իրենց տեղից և կատաղած իժի նման գլուխները ցցեցին: Հողմը շառաչեց, և սպառնալից ամպերը թռան անհուն երկնակամարի խորքից և որոտալով ու փայլփլելով կախվեցին Սևանա գլխին: Տարերքն էլ կատաղել էր քաջի դեմ և նրա ցնցումի դեմ յուր սպառնալիքներն էր տալիս:

Է՜, հե՛յ, — ձայն տվեց Երկաթը յուր քաջերին, — հողմն ու մրրիկը, ծովն ու ցամաքը մեր դեմ կռվի են գալիս, զարթնեցեք, նիզակներդ սուր սրեցեք, թրերիդ ժանգը սրբեցեք, կուրծքներդ պատնեշ շինեցեք և պահպանեցեք ձեր թագավորին: Չե՞ք տեսնում, ծովն ուզում է կուլ տալ ինձ, մրրիկը` երկինք բարձրացնել, իսկ փայլակը` կայծակնահար անել: Մեռած չէ ձեր թագավորը, դեռ առողջ են կռներս, անվնաս իմ պողպատե սարը: Հրեղեն է այս սուրը, որ մի ակնթարթում հազարավոր գլուխներ կթռցնի և ծովին ու երկնքին կհրամայի

Ապրի՛ մեր թագավորը, ապրի՛ Աշոտ Երկաթը, — գոռում են յոթանասուն կտրիճները և նիզակներ ճոճում օդի մեջ:

Տվե՛ք իմ սաղավարտը, զենք ու զրահը, հերիք է ինչքան հանգստացանք, — ասում է Աշոտ Երկաթը և աչքերը դեպի լճի ափը դարձնում:

Նա տեսնում է այնտեղ արաբների անհուն բազմություն, որոնք պինդ օղակով շրջապատել էին իրեն և դյութական քրքիջ էին արձակում` տեսնելով քաջին զենք ու զրահի մեջ կորած:

Մի տեսակ դառն, արհամարհական ժպիտ է արձակում Երկաթը և հրամայում տասը նավակ պատրաստել:

Տեսնում են արաբները և ժպտում բանտարկված առյուծի պատրաստության վրա:

Ժպտալիս երևում են նրանց սպիտակ ատամները, որոնք սարսուռ էին ազդում մարդուն:

Խելացնո՛ր Աշոտ, ի՞նչ է ուզում նա անել, — ասում են հեգնորեն արաբները,— մի՞թե չի տեսնում ինչքա՜ն շատ ենք մենք, ինչքա՛ն ահավոր: Արաբիայի և Աֆրիկայի խորքերիցն ենք եկել մենք, որ դրա արյունը խմենք, իսկ դա ո՞ւր է ուզում թռչել...

Բայց երկյուղի ո՛չ մի նշան չի երևում Աշոտ Երկաթի սառն դեմքին, նրան չեն վախեցնում սև-սև դեմքերը, տափակ ճակատները, հաստ շրթունքները և թշնամիների «բյուր» թիվը: Աներկյուղ նստում է նա նավակի մեջ և նշան տալիս քաջերին, որոնք տեղավորվելով յոթնական մարդ յուրաքանչյուր նավակի մեջ, շարժում են թիակները և դեպի թշնամին դիմում:

Աշո՛տ Երկաթ, — գոռում են արաբները, — թող քո խելառ վարմունքը, զենքդ ցած դիր և արի չոքիր մեր Բըշր18 ոստիկանի առաջ, որ չխավարեցնի արևդ: Ե՛լ, գթություն խնդրիր ամիրապետից, մոռացիր պիղծ հավատդ և պաշտիր Մահմեդին:

Լսում է Աշոտ Երկաթը և կատաղությունից մռնչում: Նրա մռնչյունից ծովը ավելի է կատաղում, և հորձանքները ավելի ուժգին են զարկվում ժայռերին:

Տասը նավակը տասը տաշեղի նման կոհակները պար են ածում և սպառնում կուլ տալ անտակ ջրերում: Բայց անվախ են նավավարները, անվախ քաջի պես: Թռչում են նավակներն առաջ, թռչում դեպի թշնամիները: Նրանք երբեմն բարձրանում են լեռ ալիքի գագաթը, երբեմն իջնում խոր անդունդներ, և նրանց գլխին թափվում են բյուրավոր նետեր:

Տղե՛րք, հառա՛ջ, հառա՛ջկանչում է Աշոտ Երկաթը և սուրը պատյանից հանում: Այդ ժամանակ նրանք մոտենում էին ափին, ուր թշնամին խիտ-խիտ կանգնած ուզում էր կուլ տալ Աշոտ Երկաթին և յուր կտրիճներին:

Թռչում են նետերն անթիվ, անհամար: Ծովը կուլ է տալիս բյուրավոր նետեր, և Աշոտ Երկաթը անվնաս մոտենալով ափին, հանկարծակի այնպես գրոհ է տալիս, որ թշնամին առ ժամանակ մնում է սառած, քարացած:

Պլպլում է Աշոտ Երկաթի սուրը և աջ ու ձախ մահ սփռում: Գոռոզ արաբը ալլահ է կանչում և մահվան մեջ տոչորվում: Սարսափը պատում է արաբաց ահռելի բանակին, և նրանք չեն իմանում դևեր են իրենց հետ կռվում, թե մարդիկ: Բայց մի՞թե մի բուռ մարդիկ կհանդգնեն ահռելի բանակի դեմ կռիվ մտնել: Չէ՛, դրանք դևեր են կամ դյութած մարդիկ և իրենց սուրը չի կտրում դրանց, — մտածում են արաբները և լեղապատառ փախուստի դիմում: Ցրվում է բանակը, և նրանք անհովիվ ոչխարների նման սկսում են զանազան կողմ վազել ու իրենց գլուխն ազատել, բայց ամեն տեղ հասնում են Աշոտ Երկաթի կտրիճները և նրանց ջարդուփշուր անում:

Բայց ո՞վ է ահա գեղեցիկ արաբական նժույգ նստած բանակից փախուստ տալիս և ամոթահար գլուխը ցած իջեցրած անխնա մտրակում ձիուն: Հասի՛ր, Աշոտ, հասի՛ր, դա գոռոզ Բըշր ոստիկանն է, որ քեզ սպառնալիքներ էր տալիս և ուզում էր քո արյունը խմել: Աշոտ Երկաթը նայում է նրան և մի հեգնական ժպիտ է արձակում:

Թող գնա՛, էլ նա չի համարձակվի ոտք կոխել Հայաստան: Լավ դաս էր, որ ստացան արաբներն ինձանից,— ասում է նա և հրամայում դադար տալ հալածելուն:

Բայց Բըշրը էլ ետ չէր նայում, իսկ նրա ետևից վազում էին փախստական գնդերը:

Երկար ժամանակ նրանք առաջ էին գնում, երբ նրանց առաջ երևաց Քեղայոց ամրոցը, և կատաղած Բըշրը հրամայեց կանգ առնել այդտեղ և հուր ու մոխիր դարձնել այդ ամրոցը: Աշոտ Երկաթի վրեժը դրանից էր ուզում առնել, բարկության բոցը Քեղայոց ամրոցի վրա էր ուզում թափել, երբ հանկարծ մի խումբ ձիավորներ վրա տվին արաբներին և պակասն էլ իրենք լրացրին:

Տղե՛րք, ձեր սրերը կտրուկ արեք, մեկի տեղ հինգ գլուխ թռցրեք,— կանչեց խմբի գլխավորը` Գևորգ իշխանը և մղվեցավ արաբների մեջ:

Բըշրը սարսափեց: Նրա մարմնով սառը դող անցավ. Նա տեսավ, որ ալլահը յուր երեսը դարձրել է արաբներից, և ուզում է գլուխն առնել կորչել, բայց այդ միջոցին նրա ձին ծանր վիրավորվեց և մահամերձ վայր ընկավ: Կատաղությունից նա ատամները կրճտացրեց, վեր թռավ տեղից և խելագարի նման աջ ու ձախ նայեց: Անգիտակցորեն յուր կեռ սուրը մխեց իրեն մոտից անցնող արաբի սիրտը և ինքը հեծնելով նրա ձին, առանց գլխարկի, մազերը փշաքաղված, առաջ սլացավ և շուտով անհետացավ ձորերի մեջ

Գևորգը ցնծում է յուր հաղթության վրա և շտապում դեպի Աշոտ երկաթը: Թագավորն ու իշխանը գրկախառնվում են և փառաբանում աստծուն:

Այդ հաղթությունը վերջնական էր: Արաբներն այլևս չեն համարձակվում ոտք դնել Հայաստան, դավաճանների ձայնն էլ չի լսվում և նրանք երկյուղից քաշվում են անկյունները: Աշոտ Երկաթը ազատ շունչ է քաշում և սկսում է խնամել յուր երկիրը

ԼԲ

Սևանա ճակատամարտից հետո Հայաստանի մի ծայրից մինչև մյուսը խաղաղություն սփռեցավ: Կոտորածները վերացան, և հայերն ազատ շունչ քաշեցին, իսկ Աշոտ Երկաթը սկսեց դարմանել ժողովրդի վերքերը:

Այդ միջոցին Հովհաննես19 կաթողիկոսը գնում է Վասպուրական Գագիկ Արծրունու մոտ, ուր միայն մի տարի կենալով, վախճանվում է ծեր հասակում և թաղվում այնտեղ: Բայց Աշոտ Երկաթը դեռ նոր էր սկսել հանգստանալ, երբ մի չարագուշակ ամպ մթնացրեց հայոց երկնքի հորիզոնը, Աշոտ Երկաթը մահիճ մտավ:

Ծանր հիվանդությունը բռնեց քաջին, որից նա հաղթական չկարողացավ դուրս գալ:

Երբ նա հավիտյան պիտի փակեր աչքերը, կանչեց յուր եղբորը` Աբասին, որը դեռ թշնամությամբ էր նայում իրեն և դողդոջուն ձայնով ասաց.

Տո՛ւր, եղբայր, ձեռքդ և մոռանանք մեր անցածը: Ես մեռնում եմ և իմ գահը հանձնում եմ քեզ, խնամիր ժողովուրդը, պահպանիր նրան, որովհետև նա է կազմում ազգի հիմքը: Փոթորիկն անցավ, և այժմ սկսվում է գեղածիծաղ արևը, օգտվիր նրանից, բայց հեռու կաց քսու և դավաճան իշխաններից: Սեր և խաղաղություն եմ թողնում քեզ, պահպանիր հայրենիքդ և այն ժամանակ տերը կօրհնի քեզ... — ասաց Աշոտ Երկաթը, և նրա հոգին մարմնից բաժանվեց: Աբասը չոքեց, համբուրեց եղբոր սառը ճակատը և փակեց քաջի աչքերը:

Այլևս չկար Աշոտ Երկաթը, որը փոթորկալից կյանք վարեց 14 տարի և 6 ամիս:

ԼԳ

Գևորգ իշխանը, Քեղայոց ամրոցում Բըշր ոստիկանին ջարդելուց մի քանի ամիս հետո, շտապում էր դեպի յուր Հեղինեն:

Նա անխնա մտրակում էր ձիուն և առաջ սլանում: Նա արդեն կատարել էր Հեղինեին տված խոսքը և այժմ հաղթական կերպով գնում էր ստանալու թանկ գնով ձեռք բերած Հեղինեի ձեռքը:

Երկրիս վրա խաղաղություն է տիրում, և այլևս չկան թշնամիներ, որոնց հալածեմ: Հեղինե՛, գալիս եմ քո ոտքերի տակն ընկնելու և քեզանից սեր խնդրելու: Դադարեց կռիվը, խորտակվեցան արաբները, և այժմ տեսնենք ո՞ւր կուղարկես ինձ... Օ՛, էլ ոչ մի վայրկյան չեմ կարող առանց քեզ մնալ, էլ դու ինձ չես կարող հեռացնել: Կատարեցի տված խոստմունքս և այժմ դու իմն ես և էլ ո՛չ ոք չի կարող խլել քեզ ինձանից, — ասում էր Գևորգ իշխանը և ավելի շտապեցնում ձիուն, բայց մի տեսակ անորոշ զգացմունք նրան հանգստություն չէր տալիս և շփոթեցնում էր նրա սիրտը: Նա վաղուց է, որ տեղեկություն չուներ Հեղինեից, թեև գիտեր, թե որտեղ է գտնվում նա:

Իսկ եթե ինձ մոռացած լինի... Օ՜, այն ժամանակ սոսկալի կլինի իմ դրությունը... կամ թե Վասպուրական լինի գնացած... Հոգ չէ, եթե Վասպուրական գնացած լինի, ես կերթամ նրա համար մինչև աշխարհիս վերջը, բայց եթե մոռացած լինի ինձ կամ արհամարհելիս, ահա՛ սոսկալի բանը... Բայց չէ, ես ճանաչում եմ նրա հոգին, նա սիրում է ինձ, սիրում անհուն, անարատ սիրով: Նա սպասում է ինձ, և ես պիտի թռչեմ դեպի նա, — ասաց Գևորգ իշխանը և առաջ սլացավ:

Բայց ի՞նչ դրության մեջ էր Հեղինեն: Մենք թողինք նրան ուշաթափ, երբ Քոսակը խաբեց նրան, հայտնելով, թե Գևորգ իշխանը սպանված է: Այն օրից Հեղինեն մահիճ մտավ: Հետզհետե նրա դրությունը վատացավ, և նա կռվում էր մահվան հետ: Զառանցանքների մեջ միշտ հիշում էր Գևորգ իշխանին և նրան կանչում, իսկ նա չկար ու չկար:

Այն օրը, երբ Գևորգ իշխանը քաղաք մտավ` Հեղինեն զառանցում էր և այլևս ոչ ոքի չէր ճանաչում: Նրա մոտ կանգնած էր Սահակ քահանան և լացակումած աչքերով նայում էր Հեղինեի բորբոքված դեմքին: Նա նոր էր տվել հիվանդին ս. հաղորդությունը և աղոթում էր Հեղինեի փրկության համար:

Այս ո՞ւր եք տանում, — ասում էր Հեղինեն, — ես չեմ ուզում այդ ճանապարհով գնալ: Չե՞ք տեսնում ահագին ժայռի կտորները, իսկ նրանց գլխին` սև-սև արաբներ... հիմարնե՛ր, այդ էլ չեք հասկանում... Հ՜ը, ի՞նչ ես դեմքդ ծռել, տե՛ր հայր, դու ծիծաղո՞ւմ ես, բայց ինչո՞ւ է դեմքդ ծամածռվում... ու, տես, ինչպես երկարացավ, իսկ հիմա տափակացավ... ճշմարիտ որ ծիծաղելի է... Դարձյալ սև ամպեր, անգութները հենց սրտիս վրա են պառկում և ճնշում ինձ... Գևո՛րգ իշխան, ո՞ւր ես գնում, սպասի՛ր... ա՛յ դու անգութ, ինչպե՞ս չես խղճում ինձ, մի՞թե սիրտ չունես, որ ինձ միայնակ ես թողնում... Չե՞ս տեսնում, սենյակիս առաստաղը վերցնում են, պատերը հեռու քաշում, իսկ ցուրտը կամաց-կամաց մտնում է մարմինս...

Սահակ քահանան լալիս էր և հեղեղի նման արցունքներ թափում: Նա հասկանում էր, որ ո՛չ մի ուժ այլևս չի կարող մատաղ կյանքը փրկել, և խոր կսկիծը ցնցում էր նրան: Մի փոքրիկ, աննշան հույս ուներ նրա առողջանալու համար և այդ հույսը Գևորգ իշխանն էր: Ո՜հ, եթե նա գար, եթե թռչեր յուր Հեղինեի մոտ, այն ժամանակ գուցե բժկվեր, բայց Հեղինեի կյանքի րոպեները համրված էին, մի քանի րոպեից հետո գուցե ուշ լիներ...

Է՛հ, անգո՛ւթ են մարդիկ, ինձ չեն խղճում... մի՞թե դուք քար սիրտ ունեք, մի՞թե չեք հասկանում, որ ցուրտ է, ձյուն է գալիս, ես մրսում եմ, ձյունը ուղղակի վրաս է թափվում, սենյակս առաստաղ չունի, իսկ դուք այստեղ կանգնած ծիծաղում եք... Անգութնե՛ր, — ասաց Հեղինեն և մեքենաբար սկսեց կոլոլվել վերմակի մեջ, ապա հանկարծ նա դեն շպրտեց վերմակը, ուզեցավ վեր թռչել, բայց, ուժասպառ ընկնելով բարձին, ճչաց.

Գևո՛րգ իշխան, ես քեզ սիրում եմ, հասի՛ր ինձ, ո՞ւր ես դու, — կանչեց նա և մի խոր հոգոց հանեց:

Տե՛ր, դու փրկիր մատաղ կյանքը, — կանչեց Սահակ քահանան: Այդ իսկ ժամանակ աղախինը ներս մտավ և Սահակ քահանայի ականջին ինչ-որ մի բան փսփսաց:

Սահակ քահանայի աչքերը մի տեսակ ոգևորության փայլ ստացան, և նա, մոտենալով Հեղինեին, բռնեց նրա սառը ձեռքը և ասաց.

Հեղինե՛, աղջի՛կս, կուզե՞ս տեսնել քո սիրած մարդուն:

Հիմա՛ր, դու էլ բան ասացիր, կարծես ես չեմ տեսնում, որ ծովը ծփում է, և նավակով այլևս չի կարելի զբոսնել:

Հեղինե՛, Գևորգ իշխանն է եկել, ուշքի արի, — կրկնեց Սահակ քահանան, և արտասուքները խեղդեցին նրան:

Գևորգ իշխա՞նը... — շշնջաց Հեղինեն և ապուշի նման սկսեց նրա դեմքը դիտել, ապա նրա աչքերի մեջ մի տեսակ թախիծ անցավ, և նա հազիվ լսելի ձայնով ասաց.

Սուտ եք ասում, ինձ խաբում եք, նա արդեն մեռած է...

Այդ ժամանակ Գևորգ իշխանը ներս մտավ և տեսնելով Հեղինեի գունատ ու մահվան դեղնությամբ պատած դեմքը, մի վայրկյան սառածի նման կանգ առավ և ապա հանկարծակի գրկեց Հեղինեին ու սկսեց համբույրներով ծածկել նրա դեմքը:

Հեղինե՛, լսի՛ր ինձ, — կանչեց նա խեղդված ձայնով:

Հեղինեն լսեց յուր սիրած մարդու ձայնը և ցնցվեցավ: Նա լայն բացած աչքերով նայեց իշխանին և ճանաչեց: Հրաշքը կատարվեցավ: Հիվանդության ճգնաժամն անցավ, և Հեղինեն փաթաթվեց իշխանին: Նրանց շրթունքները հպվեցին, և երկար, շատ երկար բաց չէին թողնում իրար...

Հեղինեն փրկված էր, կարճ ժամանակից հետո հիվանդությունն անցավ և սիրող սրտերն ապրեցին երջանիկ ու հանգիստ կյանքով:

Սահակ քահանան օրհնեց նրանց միությունը, իսկ Գագիկ Արծրունին համբուրեց յուր աղջկա և փեսայի ճակատները:

Ա

ԱՆԽԻՂՃ ՎԱՃԱՌՔ

Քնած էր Անի քաղաքը

Նորահարսի նման սպիտակ, արծաթագույն մշուշով էր քողարկվել և ընկնելով երազների քաղցր գիրկը` սլացել էր վե՛ր, վեր դեպի երկինք ու ամենի աչքից թաքնվել: Ախուրյան գետն էր միայն, որ օձի նման գալարվելով քերում էր Անիի ստորոտները և յուր պղտոր, ուռճացած ալիքներով զարկվելով դուրս ցցված ժայռի կտորներին, փրփրում, կատաղում, ինքն իրեն շփոթվում էր և ապա, գլուխն առնելով, կորչում հեռո՜ւ...

Բայց ժամանակը անցնում էր առաջ, երբ մի բարակ զեփյուռ շշնջալով շոյեց Անիին և գորովագութ մոր նման վեր բարձրացնելով նրա քողը յուր անուշ, մեղմիկ համբույրը դրոշմեց Անիի հազար ու մի եկեղեցիների գմբեթներին ու ինքը, կարծես վախվխելով, փախավ հեռու, դեպի ազատն Մասիս... Այն ժամանակ սիրուն էր Անին: Լուսնի ցուրտ ճառագայթները ընկան նրա աշտարակների բուրջերի, գմբեթների ու պալատների վրա ու նրան տվին դյութական մի սիրուն տեսք: Դյութական մի պատկեր էր ներկայացնում Հայոց թագավորության խնամակալ Վեստ Սարգսի պալատը, որի ստորոտում Ախուրյանը շառաչում էր, փոթորկվում, զարկվում, որպեսզի դուրս պոկի հրվանդանի այդ կտորը և հանդարտ ու ազատ հոսի առաջ: Բայց նրա ճիգը ի դերև էր անցնում: Ժայռը, որի վրա կառուցված էր այդ պալատը, խիստ ամուր և անսասան էր: Այդ իսկ ժամանակն էր, որ Վեստ Սարգիս իշխանը, վերջացնելով իր գիշերվա ընթրիքը, բարձրացրեք պատուհանի թանձր վարագույրը և դուրս նայեց: Նա նայեց իր ոտքերի տակ տարածված քաղաքին ու հուզվեց: Ի՞նչը հուզեց նրան` հայտնի չէր: Այդ պահին քաղաքում տիրում էր խոր լռություն. երբեմն միայն լսվում էր պահապանների ոտնաձայները, որոնք չափավոր, բայց դանդաղ քայլերով շրջում էին պարիսպների ու աշտարակների վրա ու հեռուն դիտում: Այդ ժամանակ շինականն ու քաղաքացին, իշխանն ու ազնվականը իրենց անդորր քնի մեջ էին ընկղմված, և ոչինչ բան չէր հուզում նրանց սիրտն ու հոգին. իսկ խաշնարածի հոտերն ու ջոկերը ագահությամբ պոկում էին կանաչ խոտը և երփներանգ ծաղիկները: Գամփռներն անգամ անուշ քնած էին, և նրանց քունն էլ չէր վրդովում ո՛չ հարամին և ո՛չ վայրենի գազանը: Գիշերվա այդ պահին ամեն ինչ խաղաղ էր ու անդորր և այդ խաղաղության իբրև կենդանի վկաներ Անիի 1001 եկեղեցիների գմբեթներն էին, որոնք այնպես գեղեցիկ փայլում էին լուսնի արծաթագույն ճառագայթների տակ...

Վեստ Սարգիս իշխանը այնպես հրապուրվեցավ Անիի դյութիչ, կախարդական տեսարանով, որ նրա աչքերից կայծակներ թռան և լայն բանալով աչքերը կանչեց.

Հրաշալի՜դ իմ Անի... ո՜հ, ե՞րբ արդյոք դու ինձ պիտի պատկանես, և ե՞րբ արդյոք իմ գլուխը պիտի պսակվի արքայական թագով... Ա՜խ, ես ոչինչ չեմ խնայի, ոչի՛նչ, միայն թե իղձերս կատարվին և գոռոզ Անին իմ հրամանով միայն շարժվիԳա՛հը... բայց ո՞վ կարժանացնի ինձ այդ գահին ու թագին: Գագիկը` իսկական ժառանգը, կենդանի է, իսկ նրա պաշտպան Վահրամ Պահլավունի իշխանը` արթուն: Մի՞թե թույլ կտան ինձ այդ բանը գլուխ բերելու...

Վեստ Սարգիսը լռեց և ընկավ մտածմունքի մեջ:

Վրդովալից էր նրա մտածմունքը: Վրեժխնդրության և բարկության կայծակներ էին թռչում նրա աչքերից, իսկ նրա խրոխտ դեմքը երբեմն գունատվում էր, երբեմն` այլայլվում, իսկ երբեմն` դառն հուսահատվում... Ո՞ւմ դեմ էր նա բարկանում կամ ո՞ւմ հետ ժպտում, — հայտնի չէր. միայն թե այդ Ժամանակ նրա գլխով անցնում էին փոթորիկներ, ավելի զարհուրելի, քան օվկյանի ահեղ ալեկոծությունը, որոնք հառաչելով զարկվում էին իրար, փշրվում, ետ նահանջում ու տեղի տալիս անդորր խաղաղության:

Հանկարծ Վեստ Սարգիսը ցնցվեց և յուր լայն բացած աչքերը հառեց դեպի Անիի մի փողոցը, ուր մի սև կետ էր երևում: Այդ սև կետը շտապ դեպի յուր պալատն էր ընթանում:

Այս ի՞նչ բան է, — մռմռաց Վեստ Սարգիսը, — արդեն կես գիշեր է և փողոցում կրկին մարդ է երևում: Այստեղ անպատճառ մի բան կա:

Սև կետը, հետզհետե մոտենալով պալատին, կանգ առավ և շփոթված սկսեց աջ ու ձախ նայել:

Դռան մոտ կանգնած պահապանը նրա առաջը կտրեց ու խրոխտ ձայնով հարցրեց.

Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում:

Ցանկանում եմ իշխանին տեսնել, — պատասխանեց նա հազիվ լսելի ձայնով:

Բայց այս մեջ գիշերի՞ն...

Այո՛, խիստ կարևոր գործ ունիմ նրան հայտնելու:

Սպասի՛ր ուրեմն, — ասաց պահապանը և երեք անգամ զարկեց դռան կոչնակը:

Վեստ Սարգիսը շատ զարմացավ այդ անակնկալ հյուրի համար և հրամայեց ընդունել նրան:

Տեսնենք ի՞նչ է ուզում ինձանից անակնկալ այցելուն, — ասաց ու ներս մտնելով սկսեց անհամբերությամբ անց ու դարձ անել սենյակում:

Մի քանի րոպեից հետո ներս մտավ գիշերային այցելուն և շփոթված կանգ առավ դռների մոտ:

Վեստ Սարգիսը սուր, թափանցող հայացքը ձգեց նրա վրա ու զարմացավ:

Իր առջև կանգնած էր միջին հասակով մի մարդ քահանայական զգեստով:

Նրա դեմքը գունատ էր ու այլայլված. կարծես նա հենց նոր մի ոճիր էր գործել:

Նստեցե՛ք, տեր-հայր, ինչպես երևում է դուք շատ հոգնած եք, — ասաց իշխանը:

Քահանան նստեց առաջարկած գահավորակին: Նա աշխատում էր հանգիստ երևալ, բայց սրտի բաբախյունը թույլ չէր տալիս: Նա դեռ լուռ էր և ոչ մի բառ չէր կարողանում արտասանել:

Վեստ Սարգիսը խոր զննում էր նրան և մտածում: Այցելուի դեմքը ծանոթ էր իրեն, նա տեսել էր այդ քահանային, բայց թե ո՞րտեղ` չէր կարողանում մտաբերել:

Իշխա՛ն, — վերջապես ասաց քահանան և երկյուղով աջ ու ձախ նայեց, — ես մի կարևոր բան պիտի հաղորդեմ քեզ, սակայն այդ բանը խոր գաղտնիք պիտի մնա իմ և քո մեջ:

Վեստ Սարգսի աչքերը մի տեսակ փայլ ստացան, նրա հոգին գուշակում էր, որ այդ իսկ րոպեին նա պիտի մի զարհուրելի լուր լսի:

Կարող ես վստահ լինել, տե՛ր հայր, — ասաց Վեստ Սարգիսը:

Բայց մեզ ոչ ոք չի՞ լսի:

Ո՛չ ոք: Զգուշության համար ես կփակեմ բոլոր դռները և կիջեցնեմ վարագույրները, — ասաց իշխանը և, վեր կենալով տեղից, փակեց դռները և իջեցրեց թանձր վարագույրները:

Նրանք մնացին միայնակ ճրագի աղուտ լուսավորության տակ: Իշխանը նստեց քահանայի կողքին և լուռ նրան էր նայում, իսկ քահանան դեռ լուռ դիտում էր սենյակի թանկագին զարդարանքները, որ հունական ճաշակով էր զարդարված:

Խոսի՛ր, ես պատրաստ եմ քեզ լսելու, — ասաց խորհրդավոր ձայնով իշխանը:

Իշխա՛ն, երդվիր Անիի 1001 եկեղեցիների վրա, որ այս բանը մեր մեջ գաղտնիք կմնա, — պատասխանեց քահանան:

Երդվում եմ:

Լսիր ուրեմն, — ասաց քահանան այնքան ցածր ձայնով, որ հազիվ լսվում էր: — Դու ինձ պետք է որ տեսած լինես և ճանաչես: Ես Կիրակոս քահանան եմ, կաթողիկոսի դռան հյուրընկալը:

Ա՜... հիշում եմ, ես տեսել եմ քեզ:

Չորս տարի է, ես հեռացած էի հայրենիքից և մի քանի ամիս է ինչ վերադարձել եմ:

Բայց ո՞ւր էիր գնացել:

Կոստանդնուպոլիս, Հոռոմոց թագավորի մոտ:

Հոռոմոց թագավորի՞... բայց ի՞նչ էիր շինում այնտեղ, — հարցրեց Վեստ Սարգիսը զարմացած և իր աչքերը հառեց Կիրակոս քահանայի վրա:

Ես գնացել էի բոլորովին մասնավոր գործով, երբ բախտը ինձ մի այնպիսի բանի հանդիպեցրեց, որ տակնուվրա պիտի անի իմ կյանքը, եթե դու չօգնես ինձ:

Ասա, ես պատրաստ եմ օգնել քեզ, եթե կարողանամ:

Օ՜, միայն քեզ ճանաչեցի այդ գործին հարմար, որովհետև քո մասին Հունաստանի մայրաքաղաքում լավ լուրեր են պտտվում:

Ինչպե՞ս:

Նրանք գովում են քեզ և իրենց մարդը համարում, իսկ ինձ էլ այդ տեսակ մի մարդ էր պետք:

Ի՞նչպես, վերջապես ասա՛ և համբերությունից մի հանիր ինձ:

Շտապել պետք չէ, իշխա՛ն, ես քեզ այս րոպեիս մի այնպիսի գաղտնիք պիտի հայտնեմ, որից դու կսարսափես:

Զարմանալի մարդ ես, տերտե՛ր, ասա՛ վերջապես գաղտնիքը:

Լսի՛ր, քեզ հայտնի է, որ մեր Հովհաննես-Սմբատ թագավորը Պետրոս կաթողիկոսի ձեռքով Անին յուր շրջակայքով իր մահվանից հետո հանձնում է հույներին: Հետևապես, նրա տված այդ թղթի զորությամբ Անին յուր շրջակայքով պատկանում է հույներին, բայց...

Բայց... — շարունակեց Վեստ Սարգիսը, որ այրվում էր անհամբերությունից:

Բայց հույները այդ չեն պահանջում, որովհետև Անին յուր շրջակայքով...

Ի՞նչ...

Ինձ է պատկանում, — ասաց Կիրակոս քահանան և շեշտակի նայեց ուղիղ իշխանի աչքերին:

Ինչպե՞ս, — խուլ ձայնով հարցրեց Վեստ Սարգիսը և շանթահարի նման վեր թռավ տեղից և, աչքերը հառելով քահանայի երեսին, ուզում էր կարդալ նրա աչքերի մեջ, թե այդ քահանան հո չի խելագարվել:

Հանդա՜րտ, իշխա՛ն, հանդա՜րտ, ես խելագարված չեմ:

Պարզիր միտքդ, տե՛ր հայր, ես դեռ չեմ հասկանում, թե ինչպես է, որ Անին քոնն է:

Շատ պարզ: Այն թուղթը, որով հանձնում էր Հովհաննես թագավորը Անին և յուր շրջակայքը հույներինինձ մոտ է:

Ո՞ւր է, ո՞ւր է այդ թուղթը, ցույց տուր ինձ, — համարյա գոռաց Վեստ Սարգիսը և խելագարի նման վեր թռչելով տեղից նախ շուրջը նայեց, ապա ձեռքը տարավ դեպի յուր սրի երախակալը: Նրա գլխում մի չար միտք ծնվեց` սպանել Կիրակոս քահանային և տիրանալ այդ թանկագին թղթին, բայց զսպեց իրեն, երբ նկատեց, որ քահանայի փարաջայի տակ նույնպես մի սուր փայլեց:

Հանդարտ, իշխա՛ն, մեր աղմուկը կարող են լսել և զուր կասկածի տակ ձգել:

Վեստ Սարգիսը զինաթափ եղավ և ավելի մեղմ հարցրեց.

Պատմի՛ր, տե՛ր հայր, թե ինչպես այդ թուղթը քո ձեռքն ընկավ:

Ես մայրաքաղաքումն էի, երբ Կոնստանդին թագավորը իր մահվան ժամանակ կանչեց ինձ յուր մոտ և տալով ինձ այդ թուղթը` ասաց. «Տա՛ր, հայ քահանա, այս թուղթը տուր քո թագավորին և ասա նրան իմ կողմից, թե ինչպես ամեն մահկանացու, ես էլ հավիտենականության շեմքի վրա եմ կանգնած և չեմ կամենում ուրիշի սեփականությունը հափշտակել, թող ուրեմն ետ առնե իր թագավորությունը և յուր որդոցը տա» (1029 թ.): Կոնստանդին թագավորը մեռավ, և ես այդ թուղթը ինձ մոտ պահեցի մինչև այսօր: Այժմ քո խորհրդին եմ դիմում, թե ինչպես վարվեմ այդ թղթի հետ, որ կարող է մեծ ապահովություն տալ ինձ, ես կրկի՞ն այն վաճառեմ հունաց նոր կայսեր վրա, թե հանձնեմ մեր թագավորին:

Վաճառե՞լԱնին վաճառե՞լ, — բացականչեց Վեստ Սարգիսը խորին մտմտանքով և ապա, մի վայրկյան լուռ մնալուց հետո, շարունակեց.

Իսկ ո՞ւր է թուղթը, այժմ մո՞տդ է:

Ո՛չ, նա պահված է ապահով տեղ:

Տիրեց լռություն: Երկուսն էլ մտածում էին, երկուսն էլ մտքով սլանում էին փառքի ու հարստության ետևից և այն` փարթամ Անիի փրկանքով, հայրենիքի վաճառքի գնով...

Այո, ես համաձայն եմ, — վերջապես ասաց Վեստ Սարգիսը, — այդ բանը կնպաստե նպատակիս հասնելուն, և ես ու դու ապահով կլինենք:

Ուրեմն դու էլ համաձա՞յն ես ինձ հետ, որ Անին վաճառվի մեր հանգստության ու փառքի համար, — հարցրեց վերստին Կիրակոս քահանան և նրա սրտից ծանր բեռն իջավ, երբ լսեց Վեստ Սարգսի դրական պատասխանը:

Կիրակոս քահանան գտել էր յուր համախոհին: Մենակ ծանր էր կատարել այդ վատթար վաճառքը:

Համաձայն եմ, և վաղն ևեթ դու պիտի գնաս Կ. Պոլիս, հունաց նոր կայսեր` Միխայելի մոտ և հանձնես այդ թուղթը նրան: Նրանք մեծ փրկանք կտան այդ թղթին և

դրանով մեր ճանապարհը կհարթվի: Ես կտամ այդ մասին հարկավոր նամակներ:

Ապրի՛ս, իշխան, ես չեմ սխալվել իմ ընտրության մեջ, — պատասխանեց Կիրակոս քահանան ոգևորությամբ:

Այնուհետև երկար խոսեցին երկու այդ անարժան մարդիկ` հոգևորական և աշխարհական և բաժանվեցին իրարից այն ժամանակ միայն, երբ Անին ուզում էր նոր զարթնել յուր անուշ քնից:

Կիրակոս քահանան աննկատելի կերպով դուրս եկավ Վեստ Սարգսի պալատից և կորավ Անիի փողոցների մեջ

Բ

ԽԵՆԹԸ

Անին զարթնում էր...

Բարձրադիր կաթողիկեները թոթափում էին իրենց գիշերային մթության քողը և հպարտությամբ վեր պարզելով իրենց ճակատը, սպասում էին ողջունելու առավոտվա անդրանիկ ճառագայթներին:

Հազար ու մի եկեղեցիներից արդեն դղրդում էր առավոտվա «երրորդի» ձայնը, իսկ Անիի շրջականերից` ոչխարների մայունը, կովերի բառաչյունը, ձիերի խրխնջոցը և հովիվների սրնգի ու երգի ձայները, որոնք միախառնվելով եկեղեցիների զանգերի ձայներին, մարդկային հոգին լցնում էին մի տեսակ կենդանությամբ, մի առանձին աշխուժությամբ, որից հետո ամեն մարդ լիառատ շրթունքով աղոթք էր մրմնջում և համբուրելով եկեղեցու դռները` գնում իր գործին: Փողոցները կամաց-կամաց լցվում էին մարդկանցով: Կյանքը սկսում էր եռ գալ, իսկ եկեղեցիների մեջ սկսվում էր քաղցրանվագ «ալելուն»: Իշխանն ու զինվորը, ծերն ու երիտասարդը, կինն ու երեխան եկեղեցիներում ծնկաչոք աղոթում էին և գոհություն մատուցում տիրոջը, իսկ հետո սկսվում էր տնեցիների առօրյա կյանքը, ծխնելույզներից բարձրանում էր ծուխը, մատաղահաս աղջիկները կուժը ուսներին դեպի աղբյուրներն ու Ախուրյանն էին շտապում, դարբինը փչում էր յուր փուքսը և երկաթը շիկացնում, վաճառականը յուր առևտուրն էր սկսում, զինվորը` յուր զինվորական վարժությունը, իսկ մանրիկ երեխաները, փոքրիկ աղջիկներն ու տղաները լցվում էին իրենց դռների առաջ` փողոցներում ու սկսում իրենց մանկական զվարթ խաղերը:

Մի խումբ բոկոտն տղաներ խաղում էին փողոցի մեջ, երբ նրանցից մեկը, ուշադրությունը դեպի փողողի ծայրը դարձնելով, կանչեց.

Խե՛նթը, Խե՛նթը գալիս է:

Մանուկները մի վայրկյանում դադարեցրին իրենց ուրախ գոռում-գոչյունը և սլացան դեպի փողոցի ծայրը, ուր երևաց Խենթը մի խումբ մանուկներով շրջապատված:

Խենթը միջին հասակի մի մարդ էր` մազերը գզգզված, երկար մորուսը անկանոն թափթփված, շորերը պատառոտուն և բոկոտն: Նա ձեռքին մի երկար, ծուռումուռ փայտ ուներ, վրա երբեմն-երբեմն հենվում էր ու կատաղությամբ, լի աչքերը դարձնում շուրջը, ուշադրությամբ դիտում ամեն անցորդի, կանգ առնում, խոսում ու խոսեցնում: Երեխաներից շատերը ծաղր էին անում նրան, քաշում էին նրա պատառոտված հանդերձներից, իսկ մի քանիսը լուռ հետևում էին նրան և երկյուղածությամբ նայում նրա օտարոտի շարժմունքներին: Իսկ հասակավոր մարդիկ, մանավանդ ստոր դասին պատկանողները թե՛ կին և թե՛ մարդ նրան «սրբի կապած» էին անվանում և ամեն հարգանքներ ցույց տալիս: Ո՞վ էր այդ Խենթը, ո՞րտեղացի էր, ո՞րտեղից էր գալիս առավոտները և կամ ո՞ւր էր գնումոչ ոքի հայտնի չէր: Բոլոր քաղաքացիք նրան ճանաչում էին Խենթ անվան տակ, որն առավոտները խիստ կանուխ հայտնվում էր Անիի փողոցներում և ուշ գիշերին` չքանում...

Ահա նա, ձեռքի փայտը ճոճելով, անցնում է առաջ դեպի Վեստ Սարգսի պալատը և տեղ-տեղ կանգնելով կանչում.

Ինձ մի հարցնեք` ով եմ ես,
Վա՛յ ինձ, վա՛յ ինձ,
Սիրուն ու շեն Անին եմ ես,
Վա՛յ ինձ, վա՛յ ինձ...

Կանայք ու հարսները դռների արանքներից նայում էին Խենթին, գլուխները շարժում և զանազան ենթադրություններ անում: Նրանք հավատում էին, որ սրբերն են խոսեցնում Խենթին և թե Անիին մեծ չարիք կա գալու:

Շատ տեղ, ուր կանգ էր առնում Խենթը և յուր «վա՛յ ինձ, վա՜յ ինձ»-ն ասում, կանայք խաչակնքում էին երեսները և Խենթին հաց, պանիր, ձու և այլն առաջարկում. սակայն Խենթը նայում էր նրանց, գլուխը շարժում ու ճոճելով իր փայտը` առաջ գնում:

Է՜յ, թողե՛ք ինձ, թողե՛ք, հե՜յ, հե՛յ, հե՛յ...

Աղջի՛, Խաթուն, լսո՞ւմ ես Խենթին, նա էլի մի չարիք է գուշակում Անիի գլխին, ինչպես որ անցած գիշեր գուշակում էր մեր դրկից Մարոն, — դարձավ մի կին իր հարևանուհուն, որ մտամոլոր նայում էր Խենթի ետևից:

Հա՛, Եղսո ջան, ճիշտ է, աշխարհի վերջը եկել է, ժամանակներս փչացել են, էլ ոչ մեծ կա, ոչ փոքր, աստծո բարկությունը շուտով պիտի իջնի Անիի գլխին, — պատասխանեց նա խոր հոգոց հանելով:

Իհարկե՛ աստծո բարկությունը պիտի իջնի. Աստված ինչպե՞ս կարող է համբերել այն անզգամություններին, որ մեր ջահելները գործում են: Մի՞տքդ է անցյալ օրվա դեպքը Մայր տաճարում, թե ինչ օյին հանեցին խեղճ հայր սուրբի գլխին: Նրանք հայր սուրբի կարճ հասակի վրա ծիծաղելու համար ահագին գրքակալ էին դրել նրա առաջ, որ խեղճը չկարողանա ավետարան կարդալ ու իրենք վրան խնդան: Հա, լավ խնդացին, նրա անեծքը զուր չի անցնի անեցիների գլխին:

Next page