Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Թո՛ղ տե՛րը փրկե մեզ, — պատասխանեց Եղսոն և ներս գնաց:

Մինչդեռ երկու հարևանուհիները խոսում էին, Խենթը, Դարբնոցի փողոցից ծռվելով, մտավ Բուն փողոցը, և յուր փայտը շարժելով` կանգ առավ Արքունի պալատի մոտ, ուր ապրում էր այդ ժամանակ Վեստ Սարգիս իշխանը: Նայեց վերև, նայեց ցած ու կարծես հիացավ նրա նուրբ քանդակները և պատերին հագցրած դեղին ու սև քարերից կազմած զարդերը տեսնելով, բայց հանկարծ նրա գույնը նետվեցավ, աչքերը կատաղությամբ լցվեցին և համարյա խեղդվող ձայնով կանչեց.

Ինձ մի հարցնեք` ով եմ ես,
Վա՜յ ինձ, վա՜յ ինձ,
Սիրուն ու շեն Անին եմ ես...

ասաց, փայտը ամուր գետին խփեց, մի քանի հիմար ոստյուններ արավ և ապա դիմելով Վեստ Սարգիս իշխանի ծառաներին` գոռաց.

Ի՞նչ եք կանգնել, Խենթին գինի՛ տվեք, գինի՛...

Արի՛, Խենթ, արի գինի՛ տանք քեզ, — կանչեցին ծառաները:

Հո՛, հո՛, հո՛, — ասաց Խենթը, փայտով ետ քշեց երեխաներին և անցնելով սյունազարդ սրահից` մտավ խոհանոց, ուր ծառաները անուշահամ կերակուրներ էին պատրաստում իշխանի համար: Խենթին գինի տվին, նա առնելով գավաթը դատարկեց, մի քանի ծամածռություններ արավ ու ծիծաղեցրեց ծառաներին:

Խե՛նթ, գինի էլի կուզե՞ս, — հարցնում էին նրանք:

Տո՛ւր, մի գավաթ էլ, — ասաց նա ու, նորից դատարկելով, սկսեց ավելի խենթություններ անել ու զվարճացնել ծառաներին:

Կարճ ժամանակ անցավ, և Խենթը հանկարծ ձեռքով գլխին խփեց, փայտը դեն շպրտեց և առանց մի խոսք ասելու պառկեց մի անկյունում: Քիչ հետո նրա խռմփոցը լսվեց:

Ծառաները ոչ մի ուշադրություն չդարձրին նրա վրա, նրանք ճանաչում էին Խենթին և այդ առաջին անգամը չէր, որ նա մի երկու գավաթ գինի խմելուց հետո քնում էր խոհանոցում: Նրանք արդեն մոռացան Խենթին և այժմ սկսեցին իրար հետ կատակել ու զրույց անել:

Կարո՛, գիշերս ո՞վ էր, որ մեր իշխանի մոտ եկավ, — հարցրեց մի ծառա դռնապանին, որ հենց նոր մտավ յուր բաժին կերակուրը ստանալու:

Չգիտեմ, մի ինչ-որ քահանա էր: Եվ, գիտե՞ս, լույսը բացվում էր, որ հեռացավ: Այդ գիշեր մեր իշխանը քուն չունեցավ:

Ի՞նչ կար որ: Մի՞թե կարևոր գործ էր:

Չգիտեմ: Ախոռապանին արդեն հրամայված է չորս ընտիր ձիեր պատրաստել այս գիշերվա համար: Կարծեմ որ այդ քահանային պիտի Հոռոմոց երկիրը ուղեկցեն:

Խենթը, որ ամենևին քնած չէր, այլ դիտմամբ քնած էր Սևանում, մի տեսակ ցնցվեց, երբ այդ խոսքերը լսեց, բայց շուտով զսպեց իրեն, որ ծառաները գլխի չընկնեն ու անուշ քնած ձևացնելով յուր խռմփոցը շարունակեց:

Զարմանալի՛ բան, մեր իշխանը հոռոմներին շատ է սիրում, միշտ նրանց հետ է գրագրություն անում:

Հա՛, բայց աստված վերջը բարի անի, — ասաց դռնապանը և դուրս գնաց: Խոսակցությունն ընդհատվեց:

Խենթը մի քանի անգամ դարձավ կրակի վրա խորովվողի նման, ապա հանկարծ վեր թռավ տեղից, վայրենաբար չորս կողմը նայեց և կանչեց.

Է՜յ, հե՜ յ... ջո՛ւր տվեք ինձ, սիրտս այրվում է, ջո՜ւր... Նրան ջուր տվին. խմեց, փայտը կրկին ձեռքն առավ և, դուրս գալով խոհանոցից, կրկին կանչեց իր հին երգը:

Բայց այս անգամ նրա ձայնը դողում էր ու սրունքները ծալվում էին: Իսկ ուշադրությամբ նայողը կտեսներ, որ նրա աչքերից առատապես թափվում էր արտասուքը և, գլորվելով նրա գզգզված մորուսի վրայով, ընկնում գետին:

Խենթը լալիս էր

Գ

ՓՈԹՈՐԿԻ ՄԻՋՈՎ

Բնության տարերքը կատաղել էր...

Սպառնալից ամպերը կծկվել էին նրա շրջակայքի գլխին ու ամեն ինչ կորցրել խորին, անթափանցելի խավարի մեջ:

Զարհուրելի փոթորիկ էր սկսվում Անիի գլխին, մրրիկը ամենայն կատաղությամբ փչում էր և բուռն ուժով հարձակվելով Անիի պարիսպների վրա` ուզում էր նրանց խորտակել, հիմնահատակ անել, բայց դիմադրության հանդիպելով` ետ էր նահանջում դեպի արձակ ու ազատ դաշտերն ու ձորերը և այնտեղ սկսում յուր հուսահատ ոռնոցը...

Անիի շրջակայքում քամին ոռնում էր ու լալիս, նա լաց լինելով կորչում էր հեռու և անհետանում լեռների մթին խորշերում: Բնության տարերքի այդ արհավիրքի ժամանակ չորս ձիավոր, ոտից գլուխ զինված, մոտեցան Անիի Կարուց դռանը և կանգ առան: Այդ դուռը փակ էր և պահապանը չէր երևում:

Անիծված պահապանը չէ երևում, ո՞վ պետք է մեզ համար դուռը բանա, — մռմռաց ձիավորներից մեկը:

Հա, խնդիրն էլ հենց այդ է, թե չէ մեզ պետք չէր նրա թթված դեմքը տեսնել, — պատասխանեց մյուսը:

Նրանք առաջ անցան և սկսեցին դուռը ծեծել: Իսկույն հայտնվեց պահապանը և յուր երկար նիզակի վրա հենված կանչեց.

Ո՞վ է այնտեղ:

Բա՛ց դուռը, — կանչեց ձիավորներից մեկը և հանդուգն կերպով ձին առաջ քշեց:

Սպասեցե՛ք, չի կարելի, նշանաբա՛նը ասացեք:

Կեցցե՛ Գագիկը, — ասաց ձիավորը:

Հա՛, այդպես է, անցե՛ք, բայց լավ օր չեք տեսնի այս փոթորկին, — ասաց պահապանը և դուռը բանալով բաց թողեց ձիավորներին Անիի պարիսպներից և քիչ հետո, շռնչյունով նորից փակելով, մռմռաց.

Զարմանալի մարդիկ կան, որ այս տեսակ փոթորկի ժամանակ էլ հանգիստ չեն մնում և մտածում են ճանապարհ գնալ: Ի՞նչ է, միթե չէին կարող սպասել, որ առավոտը բացվի:

Մինչդեռ պահապանը փակում էր դուռը և ինքն իրեն մռմռում, ձիավորները շտապով սլանում էին դեպի Կարին տանող ճանապարհը:

Աստվա՛ծ վկա, լավ ժամանակ ընտրեցինք: Մեզ ոչ ոք չի նկատի, — ասաց ձիավորներից մեկը:

Այո՛, լավ ժամանակ ընտրեցինք, բայց մրրիկի ձեռքից չենք ազատվելու, տեսնո՞ւմ ես, թե ինչպես է փչում, կարող է մեզ ձորը ձգել կամ ժայռից ցած գլորել, — պատասխանեց մյուսը:

Չէ՛, քամին ոչինչ չի կարող անել, եթե դևերը մեզ չմոլորեցնեն,— սրախոսեց մյուսը:

Դևերն այստեղ գործ չունեն, — մռմռաց մյուսը և վախեցած ձեռքը դեպի ծոցը տարավ, ուր շոշափեց մի թուղթ: Նա կարծես վախենում էր, որ դևերը հափշտակեն այդ թանկագին թուղթը, որի բովանդակության հետ միայն ինքն էր ծանոթ:

Ձիավորները լռելյայն առաջ էին գնում: Մրրիկը հետզհետե կատաղում էր, և հեռվից արդեն լսելի էր լինում որոտման խուլ դղրդյունը, քիչ հետո պիտի սկսվեր հեղեղը: Եվ, հիրավի, գիշերային ճանապարհորդները դեռ մի քանի մղոն չէին հեռացել, երբ առաջին փայլակը, դողդողալով, մի վայրկյան միայն լուսավորեց շրջակայքը, ապա, հանգչելով, կրկին խորին խավարի մեջ ընկղմեց այն:

Այդ ժամանակ առաջ գնացող ձիավորը հանկարծ քաշեց ձիու սանձը և կանգնեցրեց երիվարը:

Ի՞նչ կա, տե՛ր հայր, ինչու՞ ձին կանգնեցրիք, — հարցրին մյուս ձիավորները` շրջապատելով առաջ գնացող ձիավորին, որը մեզ ծանոթ Կիրակոս քահանան էր:

Փայլակի լույսի տակ մի մարդ անցավ մեր ճանապարհի մի կողմից մյուսը և թաքնվեց խրամատի մեջ: Վախենում եմ, որ մեզ լրտեսողներ լինեն:

Օ՜, այդ անկարելի է, իշխանից մենք հրաման ունենք, որ ամեն մի լրտեսի կամ մեզ արգելք եղողի սպանենք, — պատասխանեց մյուսը:

Պետք է մի փոքր էլ սպասել և կրկին փայլակի լույսով դիտել շրջակայքը, ապա թե ոչ ծուղակի մեջ կընկնենք:

Փայլակը նորից շողաց, ավելի երկար ու ավելի ահարկու, բայց շուրջը ամայություն էր տիրում և ո՛չ մի շարժուն կետ չէր երևում: Կիրակոս քահանան լայն բացած աչքերով ուզում էր ամեն մի քար, ամեն մի թուփ խուզարկել, սակայն վայրկենական լույսով ոչինչ չէր կարողանում աներ:

Չէ՛, տե՛ր հայր, ոչինչ չկա, ինչպես երևում է գազան կամ մի ուրիշ կենդանի է եղել, որ շտապով անցել է մեր ճանապարհից, թե չէ ո՞վ կհամարձակվի այս տեսակ եղանակին դուրս գալ: Մի՞թե նրանք մտադիր են գազաններին կերակուր դառնալու:

Այո՛, էլ ոչ ոք չի երևում, բայց ես սխալված չպիտի լինեմ, կարծեմ մի մարդ էր, որ անցավ,— մտախոհ ասաց Կիրակոս քահանան:

Դաշտը ընդարձակ է, մենք կարող ենք շեղվել մեր ճանապարհից և փոխանակ ուղիղ ճանապարհով գնալու` դաշտի միջով գնալ և ապա կրկին ճանապարհ ընկնել:

Չէ՛, այդ անկարելի է: Գիշերը մութն է և մենք կարող ենք ճանապարհը կորցնել կամ խրամատների հանդիպել:

Վախեցող մարդը գիշերը տանից չպետք է դուրս գա,— ասաց մեկը և ձին քշեց: Նրան հետևեցին մյուսները: Մի քանի քայլ դեռ չէին արել, երբ հանկարծ, քարերի տակից, մի մարդ դուրս թռավ և կանգնեց ձիավորի առաջ:

Անձնատո՛ւր եղեք, ապա թե ոչ ձեզ մահ է սպառնում, — գոռաց նա մի այնպիսի խրոխտ ձայնով, որ մեր ճանապարհորդների մարմնով սառը դող անցավ: Նրանք միառժամանակ քարացածի նման անշարժ մնացին և ապա, երբ փայլակի լույսի տակ նկատեցին, որ իրենց շրջապատողը միայն մի հետիոտն մարդ է, խելքները գլխները ժողովեցին և սրերը հանելով հարձակվեցին նրա վրա:

Ի՞նչ, դուք կռվել եք ուզում, — կանչեց նույն ձայնը և յուր ձեռքի ահագին փայտով խփեց մի ձիավորի, որ տեղն ու տեղը շունչը փչելով, ցած գլորվեց ձիուց: Մյուս ձիավորները նկատեցին իրենց ընկերոջ մահը և ավելի կատաղությամբ հարձակվեցան, սակայն իրենց թրերով ոչինչ վնաս չկարողացան տալ երկար փայտին, որ աջ ու ձախ հարվածներ էր հասցնում և մինը մյուսի ետևից կիսամեռ ցած գլորում: Այդ խառնակության ժամանակ ձիավորներից մեկը, շեղելով ճանապարհը, կորավ թմբի ետևը, երբ դարան մտնող մարդը յուր փայտով մի այնպիսի հարված հասցրեց վերջին ձիավորին, որ նա չկարողացավ անգամ մի ձայն հանել և ինչպես մի փայտ գլորվեցավ գետին: Դարան մտած մարդը փայտը դեռ աջ ու ձախ էր պտտեցնում ու ինքն իրեն ասում...

Ո՞ւր եք, էլ չկա՞ք, էլ չկա՞ք...

Տեսնելով, որ մարդ չկա, որի հետ կարող էր կռվել, դարան մտած մարդը փայտը մի կողմ նետեց և մոտենալով կիսամեռ մարդուն, որի բերանից փրփուր ու արյուն էր դուրս գալիս գոռաց.

Է՛յ, անիծի՜ց արմատ, ասա, ո՞ր սատանի քամին էր տանում ձեզ և ո՞ւր:

Ընկած մարդը մահամերձ խռխռոց էր հանում և մի քանի անկապ, կցկտուր խոսքեր արտասանում: Կարծես նա յուր լայն բացած աչքերով ուզում էր տեսնել, թե ո՞վ է իրեն հետ խոսողը: Եվ երբ փայլակի լույսի տակ նկատեց իրեն վրա թեքված մարդուն, սոսկալի մի ցնցյուն արավ, ճիգ արավ գլուխը բարձրացնելու, բայց նորից գլուխը վայր ձգելով` կանչեց.

Խե՜նթը...

Հա՜, Խենթը, լա՜վ ճանաչեցիր: Ասա, ո՞ւր էիք գնում, թե չէ մաս-մաս կանեմ քեզ:

Բայց վիրավորը մի քանի անկապ խոսքեր էլ ասաց և հանկարծ մորթած հավի նման մի քանի ցնցյուն անելով, մնաց անշարժ: Նա արդեն մեռած էր: Մեր Խենթը, երբ այդ նկատեց, թողեց նրան և մոտեցավ մյուսներին: Ճանապարհին երեք դիակ միայն տեսավ, որոնց շորերը և գրպանները քրքրելուց հետո, ուզեց չորրորդ ձիավորին խուզարկել, բայց նրա դիակը չգտավ: Խենթը սոսկաց:

Ո՞ւր է չորրորդը: Նրանք չորսն էին, չորս ձի, չորս մարդ: Վա՜յ ինձ, նա փախավ, նա տարավ, — ասաց նա և երկու ձեռքով գլխին տվեց:

Այդ ժամանակ հենց յուր գլխին ամպը կարծես ճայթեց, լսվեց որոտման ահռելի դղրդյունը և խոշոր անձրև սկսեց թափվել Խենթի գլխին...

Խենթը պահ մի կանգ առավ, խոր ախ քաշեց և յուր փայտն առնելով անցավ առաջ ու կորավ խորին մթության մեջ:

Գ

ԿԻՐԱԿՈՍ ՔԱՀԱՆԱՆ

Բոսֆորի գեղատեսիլ ափերին 1044 թվականին ծաղկում ու բարգավաճում էր Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը: Մի կողմից` Պոնտական (Սև ծով), իսկ մյուս կողմից` Միջերկրական ծովերի ափերից վաճառականական նավերը շտապում էին դեպի հունաց այդ քաղաքը և վաճառականության հետ միասին ծաղկեցնում նաև այդ քաղաքի ճարտարապետությունը: Առավոտյան ժամը տասն էր: Կ. Պոլիսը խիստ մեծ շարժողության մեջ էր, կյանքը եռ էր գալիս և ամեն դասակարգի մարդիկ մրջյունների նման անց ու դարձ էին անում զանազան փողոցներում: Բեռնակիրները նավահանգիստներում ցած էին բերում նավերից զանազան ապրանքներ կամ դեպի նավերն էին կրում հակերի բեռները: Փոքրիկ նավակներով անցնում էին իշխաններն ու իշխանուհիները Բոսֆորի մի ափից մյուսը, իսկ զինվորականները զարդարված զենք ու զրահով, փայլուն զգեստներով և նժույգների վրա արագապես սլանում էին Կ. Պոլսո փողոցներով: Այդ միջոցին Հունաց Միքայել կայսեր պալատն էլ դղրդում էր պալատականներով, իշխաններով ու զինվորականներով: Թեև մի խումբ պահապաններ հսկում էին պալատի մուտքը, սակայն ամեն դասակարգի մարդիկ անց ու դարձ էին անում պալատի շքեղ աստիճաններով` ներկայանալու Միքայել կայսեր: Ընդհանուր դահլիճի մեջ արդեն հավաքված էին շատ խնդրատուներ և պալատի սենեկապետը մեկ-մեկ հրավիրում էր նրանց կայսեր առանձնասենյակը, ուր ինքը կայսրը գահին բազմած ընդունում էր այցելուին և լսում նրա խնդիրքը:

Դահլիճի այցելուների մեջ գտնվում էր նաև մի հայ քահանա, որ եկել էր ներկայանալու կայսեր` մի կարևոր գործի համար, որ դեռ գաղտնիք էր ամենքի համար, և այդ էր պատճառը, որ դեռ նրա վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում:

Իբրև մի աննշան հայ և այն էլ քահանա, նա կարգից դուրս դեռ շատ պիտի սպասեր, մինչև որ արժանանար կայսեր տեսությանը, որովհետև ամենից առաջ ընդունվում էին պաշտոնական և զինվորական անձինք, որոնք մեծ հարգանք էին վայելում այդ ժամանակ թե՛ պալատում և թե՛ քաղաքում:

Միջին հասակի տեր մարդ էր այդ քահանան, ճաղատ և խորամանկ աչքերով, որոնք թաքնված էին նրա դուրս ընկած հոնքերի տակ: Մորուսը ցանցառ և շեկ, իսկ դեմքի արտահայտությունը` խրոխտ և հանդուգն: Արդեն մի քանի ժամից ավելի էր, ինչ նա սպասում էր, բայց դեռ իրեն չէին հրավիրել: Երևում էր, որ անհամբերությամբ սպասում էր այն րոպեին, երբ իրեն ներս կհրավիրեն և իր գործը կվերջացներ:

Ըստ երևույթին այդ «գործը» նրան մեծ անհանգստության մեջ էր գցել: Նա մինչև անգամ մի քանի անգամ մտածեց դուրս գնալ պալատից, թողնել իր մտադրությունը, բայց կրկին զսպում էր իրեն, սպասում էր հետևանքին, սպասում էր վերջացնել իր գործը, որից կախված էր իր ապահովությունն ու երջանկությունը: Այդպես էր նա կարծում, այդպես էր համոզված:

Վերջապես հերթը նրան հասավ, և նրան ներս հրավիրեցին: Առաջին անգամ նրա սիրտը դող ընկավ, բայց հետո ինքն իրեն հավաքեց և ներս մտավ կայսեր առանձնասենյակը: Երկյուղածությամբ նա բարձրացրեց աչքերը և տեսավ, որ ինքը Հունաց հզոր կայսեր առաջն է գտնվում: Իսկույն ծունկ չոքեց և համբուրեց կայսեր զգեստների ծայրը:

Կայսրը խրոխտ էր և դեռ չէր արժանացնում յուր հայացքն ուղղելու դեպի մի ողորմելի քահանա:

Վերջապես նա խոսեց:

Ո՞վ ես, ի՞նչ ես ցանկանում, — ասաց նա:

Կիրակոս հայ քահանա կասեն ինձ, ամենահզո՛ր կայսր, — ասաց դողդոջուն ձայով քահանան և մեկնեց դեպի կայսրը թղթի մի փաթեթ:

Միքայել կայսրը կարդաց թուղթը և գունատվեց: Ուրախությա՞ն, թե բարկության վրդովմունք էր, որ անցավ կայսեր դեմքով, հայտնի չէր: Միայն թե թղթի ընթերցումը խոր տպավորություն գործեց նրա վրա: Ըստ երևույթին նա այդպիսի բան չէր սպասում: Նոր միայն նա յուր զինվորականների հետ խոսում էր Հայաստանի մասին, ծրագրեր էր կազմում Հայաստանը ձեռք ձգելու և, հանկարծ, բախտի բերումով, նրա ձեռքն են տալիս հայոց Հովհաննես-Սմբատ թագավորի առ իր նախորդն ուղղած կտակի թուղթը, որով նա Հայաստանը հույներին էր հանձնում:

Ո՞վ տվեց քեզ այս թուղթը, — հարցրեց կայսրը:

Ձեր նախորդ Կոնստանդին կայսրը, տե՛ր, նա մահվան անկողնում կանչեց ինձ և, տալով այդ թուղթը, հրամայեց ետ տալ Հայոց Հովհաննես-Սմբատ թագավորին, սակայն ես

Սակայն դու՞

Ես պահեցի ինձ մոտ, որպեսզի հանձնեմ Ձերդ Մեծությանը:

Կայսրը լուռ, ապուշ կտրած աչքերով նայում էր դավաճանին ու կարծես մտքում ասում` «Հայրենիքիդ ստոր և ցած դավաճան»: Նա սոսկումով լսում էր Կիրակոս քահանայի խոսքերը և զարմանում, որ այդ ասողը հայ է և այն էլ հայ քահանա:

Ի՞նչ ես ուզում սրա փոխարեն, — հարցրեց կայսրը մի փոքր լռությունից հետո:

Ահա այս նամակի մեջ հիշված է ամեն ինչ, — պատասխանեց Կիրակոս քահանան և հանձնեց կայսրին մի ուրիշ գրություն: Կայսրը կարդաց և՛ այդ նամակը գոհունակության ժպիտը փայլեց նրա դեմքին: Այդ նամակն էլ հայ իշխան Վեստ Սարգսիցն էր, որ Հայաստանը հույներին էր խոստանում տալ, միայն թե վարձատրեն իրեն: Նա ամեն պատրաստակամություն էր հայտնում օգնել Հայաստանը հույների ձեռքը տալու:

Ասա՛, խնդրիր ինձանից, ինչ որ ցանկանում ես, ես կկատարեմ քո խնդիրքը, ես տեսնում եմ, որ դու հավատարիմ ծառա ես ինձ, — ասաց կայսրը ժպիտը երեսին:

Ես Ձերդ Մեծության առողջությունն եմ ցանկանում և խնդրում եմ վարձատրել ինձ, որպեսզի ապահով անցկացնեմ կյանքիս վերջին մնացորդը, — ասաց Կիրակոս քահանան խոր գլուխ տալով:

Միքայել կայսրը ցավակցաբար գլուխը շարժեց: Նա զգաց, որ անպիտան քահանան յուր ապահովության համար ծախում է յուր հայրենիքի ազատությունը, ուստի դառնալով դեպի պալատականները ասաց.

Ամենալավ պատիվներ տվեք այս քահանային և մեծ քանակությամբ ոսկով վարձատրեցեք: Սա մեծ ծառայություն է անում մեզ, — ապա, դառնալով Կիրակոս քահանային, ավելացրեց.

Հայտնեցեք իմ համակրանքը հայոց թագավորության խնամակալ իշխան Վեստ Սարգսին և ասացեք, որ նա էլ կվարձատրվի ինձանից և շուտով իմ զորավարներից մեկին կուղարկեմ Հայաստանը գրավելու, այն ժամանակ, ես վստահ եմ, որ հայերը ազատ շունչ կքաշեն զանազան բախտախնդիր իշխանների բռնություններից և բարբարոսների հարձակումից:

Կիրակոս քահանան խոր գլուխ տվեց, կրկին համբուրեց կայսեր զգեստի փեշի ծայրը և գոհ սրտով դուրս գնաց:

Ամեն ինչ կատարվել էր

Ե

ԾԵՐՈԻՆԻ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ

1040 թվականին վախճանվեց Հովհաննես-Սմբատ Հայոց թագավորը, և Հայաստանը երերուն դրության մեջ ընկավ: Վերջին օրհասը մոտ էր, և Բագրատունյաց շառավիղը պիտի հանգչեր ընդմիշտ: Այդ էր թուլամորթ թագավորի կտակ, այդ էր նրա թողած հիշատակը: Նա, մեռնելով, ժառանգ չթողեց: Ո՛չ, թողեց, բայց ոչ կենդանի, խոսուն արարած, որը կարողանար լվանալ յուր խայտառակ թուլամորթությունը, այլ մի թուղթ, մի կտակ, որով իր նախնիներից սրբագործված երկիրը յուր մահից հետո հանձնում էր հույներին: Շատ թանկ ծախեց իրեն, հազարավորների և տասնյակ հազարավորների արյունով ու տանջանքով ապահովեցրեց յուր վերջին օրերը և, ազգի ազատությունը կորցնելով, գերեզման իջավ:

Սև՜ հիշատակ: Ճիշտ այդ ժամանակն էր, և դեռ թուլամորթ թագավորի հոգին պտտվում էր Անիի վրա, երբ հայ իշխաններից մեկը` Վահրամ Պահլավունին, սև սուգի մեջ էր մտել: Նա սուգ էր պահում ոչ թե թագավորի համար, այլ ազգի, Անիի 1001 եկեղեցիների համար: Նա զգում էր, որ նրանք պիտի կործանվեն, որ Հայաստանը պիտի կործանվի յուր իսկ ազգից և օտարներին ոտնակոխ լինելով պիտի տանջվի, չարչարվի և անեծք միայն պիտի կարդա յուր թագավորին:

Վահրամ Պահլավունուն հայտնի էր թագավորի կտակի գոյությունը, և այդ բանը խիստ հուզում ու կսկծեցնում էր նրա սիրտը: Երեք օր էր նա դուրս չէր եկել, ոչ ոքի երես չէր ուզում տեսնել, ոչ ոքի չէր ուզում ընդունել, այլ փակված յուր սենյակում ընկել էր մտածության ծոցը և մի ելք էր փնտրում` Հայաստանը այդ անելանելի դրությունից ազատելու, բայց ոչ մի բանի վրա չէր կարողանում կանգ առնել: Մտքերն ահարկու կերպով պաշարում էին նրան և տակնուվրա անում նրա սիրտը: Երբեմն-երբեմն նրա մտքերը վիթխարի գազանների նման գլուխները վեր էին բարձրացնում և հուզում էին նրա սիրտը, ճնշում, տակնուվրա անում նրան, կարծես պիտի ցամաքեր նրա արյունը երակների մեջ կամ ցնդեր ուղեղը: Այդ ժամանակ մի վայրենի մռնչյուն միայն դուրս էր թռչում նրա բերանից և նրա աչքերից բոց ու կրակ ցայտում: Վա՜յ այն թշնամուն, ով այդ ժամանակ նրա առաջ դուրս գար, նա պատրաստ էր նրա արյունը անգամ խմելու: Իսկ երբեմն մտքերը նրան գուրգուրում էին, փայփայում և իրենց թևերի վրա տանում նրան ո՞վ գիտե ուր: Այդ ժամանակ միայն նրա աչքերի մեջ երևում էին արտասուքի վճիտ կաթիլներ, որոնք գլորվելով նրա ալեզարդ մորուքի վրայից, ընկնում էին ցած: Ի՞նչ արցունքներ էին դրանք, ուրախությա՞ն, թե տրտմության, վշտի՞, թե բերկրանքիհայտնի չէր, միայն թե այդ ժամանակ նրա սրտից դուրս էր թռչում մի այնպիսի հառաչանք, որ խորին կսկծի արտահայտություն էր նշանակում: Եվ այդ հառաչանքները միայն քիչ թե շատ ամոքում էին ծերունի հայրենասերի սիրտը...

Հենց այդ տեսակ դրության մեջ էր ծերունի Վահրամը, երբ յուր սենյակի դուռը բացելով շեմքի վրա երևաց նրա աղջիկը, որ տասնևվեց տարին տեսած մի գեղանի օրիորդ էր: Ծերունին շփոթվեցավ: Նա ուզեց յուր արցունքները, յուր վիշտը թաքցնել աղջկանից, բայց ուշ էր:

Հա՛յր, դու լալի՞ս ես, — կանչեց օրիորդը և փաթաթվեց հոր վզով:

Գոհա՜ր, սիրելի՛ աղջիկս, ինչու՞ եկար վրդովելու քո հոր խաղաղությունը, — պատասխանեց Վահրամը և համբուրեց աղջկա ձյունափայլ ճակատը:

Ա՜խ, հայր, դու արտասվում ես, առանց հարցնելու, թե ինչպե՞ս է բաբախում սիրտս և ինչպես շփոթվում հոգիս, երբ ես քո արցունքներն եմ տեսնում: Մի՞թե դու քո Գոհարին չես ճանաչում, որ թաքցնում ես ինձանից քո վիշտը, քո տրտմությունը: Ասա՛ ինձ, հայր, ի՞նչ փոթորիկ է սպասում հայրենիքին, ի՞նչ վտանգ է սպառնում Հայաստանին, որ քեզ ստիպում են լալու և արտասվելու:

Չէ՛, Գոհարիկ, քո զգայուն սիրտը չի դիմանա այն հարվածին, որ պատրաստվում է հայրենիքին: Ես գիտեմ, որ դու հորդ պես սիրում ես հայրենիքդ, ուստի և վախենում եմ քեզ հայտնելու այն գույժը, որ պտտվում է մեր Անիի գլխին:

Ի՞նչ է, հայրի՛կ, դու ինձ սարսափեցնում ես:

Այո՛, աղջիկս, սարսափելի է, խի՛ստ սարսափելի:

Ի՞նչ, մի՞թե կրկին ապստամբություն կամ մի որևէ իշխանի ստորություն ես լսել:

Ո՛չ, ո՛չ, հորդ երակների մեջ վախկոտի արյուն չի վազում, որ երկյուղ կրե մի որևէ իշխանի դավաճանությունից, բայց այժմ դրանից սոսկալի բան է սպառնում մեզ:

Հա՛, հասկանում եմ, կրկին Վեստ Սարգսի խարդախությունները կլինեն քեզ վրդոված:

Անին ձեոքներիցս գնում է, աղջի՛կս, թագավորը, ո՜հ, այն թուլամորթ թագավորը յուր կտակով Անին հանձնում է հույներին յուր մահից հետո, այժմ մենք թագավոր չունենք, գլուխ չունենք: Անիի գահը թափուր է և այդ գահի համար ո՞վ գիտե ինչեր է ծրագրում մեր խնամակալը` իշխան Վեստ Սարգիսը:

Ի՞նչ պիտի ծրագրի, մի՞թե դու և մեր իշխանները թույլ կտաք, որ Վեստ Սարգիսը ոտնատակ անի օրինավոր ժառանգի իրավունքը: Չէ՞ որ Գագիկը կենդանի է:

Այո՛, կենդանի է, բայց ո՞ւր է պահված նա: Անմեղ գառը ի՞նչ պիտի անի գայլի ճանկերում: Վեստ Սարգսի երեսից փախել են պատանի Գագիկը և մեր հայրենասեր իշխանները, իսկ մի քանի իշխաններ Վեստ Սարգսի ձեռքում կույր գործիք են դարձել: Հայաստանը ներկայումս գտնվում է այդ խաբեբա իշխանների ձեռքին, որը թև առած հույներից, կարծես ձգտում է գահը ձեռք բերել, թեկուզ քանդվի Հայաստանը: Ահա թե ինչն է սարսափեցնում ինձ...

Հա՛յր, մի՞թե քնած են բոլոր իշխաններն էլ, մի՞թե չի գտնվում նրանց մեջ պարտաճանաչը, հայրենիքի վշտին ամոքողը, որ թույլ են տալիս Վեստ Սարգսին յուրն անելու

Չէ՛, դեռ ամեն բան վերջացած չէ: Դեռ մեռած չէ Վահրամը, որ թույլ տա Վեստ Սարգսին գահը հափշտակելու, սակայն ես վախենում եմ, որ Վեստ Սարգիսը հույների օգնությամբ մեծ վնաս պատճառի հայերին: Չէ՞ որ ըստ Հովհաննես-Սմբատ թագավորի կտակի այժմ Անին հույներին է պատկանում: Մի՞թե նրանք այս համեղ պատառը ձեռքներից բաց կթողնեն, առանց առիթից օգտվելու:

Անիծվե՛ն դավաճանները, անիծվի՛ Վեստ Սարգիսը, որ Հայաստանը արյան ասպարեզ պիտի շինի, — կանչեց Գոհարը և նրա աչքերում արցունքներ երևացին:

Մի՛ վրդովվիր, Գոհարի՛կ, ես գիտեմ, որ դու սիրում ես հայրենիքդ, որ դու կյանքդ էլ չես խնայի սիրուն Անիի համար, ուր մնաց, որ դու մտածեիր քո Հարպիկի համար: Չէ՞ որ, եթե քո նշանած Հարպիկն ընկնի պատերազմի մեջ, այդ քո անվան համար փառք է:

Ո՛չ թե նա, այլ ե՛ս, ե՛ս եթե ընկնեմ Անիի փլատակների տակ` մեծ երանություն է ինձ համար: Ես սիրում եմ այն տղամարդին, որը յուր հայրենիքի համար կուրծքը դեմ կտա պաշտպանելու և ոչ թե անարգ զինվորի նման փախուստ կտա կռվի դաշտից: Հարպիկին ես ճանաչում եմ, նա վախկոտներից չէ, և վա՛յ նրան, ով նրա սրի բերանն ընկնի:

Այո՛, Գոհարիկ, այո՛, իմ հույսն էլ Հաբելի որդոց վրա է: Ես գիտեմ, որ նրանք, բոլորն էլ, չորս եղբայրն էլ, որոնց թվում քո Հարպիկը, քաջ և հայրենասեր տղաներ են: Նրանք փախուստ չեն տա կռվի դաշտից, եթե իրենց կյանքն էլ դնելու լինեն. իսկ Հարպիկը` այդ ազնիվ, հայրենասեր տղան, արժանի փեսացու է քեզ:

Այո՛, նրանք արժանի են քո գովասանքին, հայրի՛կ, և կտեսնես, որ քո աղջիկն էլ ետ չի մնա նրանցից, — պատասխանեց Գոհարիկը, և նրա աչքերը փայլեցին մի տեսակ ոգևորությամբ:

Վահրամը հուզվեց: Նա գրկեց աղջկան, մի համբույր դրոշմեց նրա ճակատին, սակայն Վահրամ իշխանի սիրտը հանգիստ չէր: Նա զգում էր, որ մի ինչ-որ չարագուշակ բան պտտվում է Անիի գլխին:

Զ

ՊԱՅՏԻՑ-ՍՈՒՐ

Տաղտկալի աշունն էր սկսվել...

Թռել էին ծիծեռնակները, դաշտերն ու լեռները գունատվել, երկինքը գորշ գույն ստացել, որի վրա միշտ սողում էին անվերջ վհատեցուցիչ ամպեր... Բնությունը մեռնում էրՄեռնում օրեցօր` գարնանը կրկին արթնանալու, կրկին զվարթանալու հույսով, այնինչ մարդկանց սրտերին պատում էր մի տեսակ թախիծ, մի տեսակ կսկիծ, որ անջնջելի կերպով դրոշմում էր այնտեղ մի խոր ակոս... Մարդիկ զգում էին, որ ձմեռն էլ գլորվում է հավիտենականության գիրկը, որ նրանք մի տարով էլ մոտենում են դեպի անդառնալի կորուստը...

Աշնանային ցուրտ քամին փչում էր Անիի դաշտավայրում և մաղում անձրևի կաթիլներ: Անի քաղաքի մեջ այդ միջոցին դադարել էր շարժումը, դադարել էին մանուկների ճչյունը, փողոցների աղմուկն ու ժխորը: Ամեն տեղ լուռ էր և խաղաղ, չորս կողմ արդեն տիրում էր խավարը, տեղ-տեղ առկայծում էին լույսի թույլ ցոլմունքներ:

Այդ միջոցին Անիի պարիսպներից դուրս, մի առանձնացած փոքրիկ խուղում վառ կերպով առկայծում էր կանթեղի լույսը: Գետնափոր էր այդ խուղը, որի առաջ ընկած էին փայտեր և մի քանի պայտելու գործիքներ: Այդ խուղը, որի մեջ բնակվում էր դարբին Ղևոնդը և յուր աղջիկ Լուսիկը, գտնվում էր Անի քաղաքը տանող ճանապարհի վրա, ուր, արևի ծագելուց մինչև մուտքը դարբին Ղևոնդը պայտում էր անցորդ եզների և ձիերի ոտքերը, իսկ այնուհետև, մինչև խոր գիշեր, նա պայտեր էր կռում և ապա խոնջացած մարմնով քուն մտնում: Մինչդեռ նրա աղջիկը հոգում էր տան պիտույքները: Մի քանի տարի էր, ինչ վախճանվել էր դարբին Ղևոնդի կինը, և տան բոլոր հոգսերը ծանրացել էին Լուսիկի վրա: Նա էր լվանում կտավիքը, կտրում, կարկատում հանդերձները, կթում իրենց ունեցած միակ կովը և յուղ ու պանիր պատրաստում:

Հանգիստ ու խաղաղ էր անցնում ծերունի դարբնի կյանքը և նա միշտ, գործը վերջացնելուց հետո, դիմում էր իր սիրուն աղջկան ու ասում.

Լուսի՛կ ջան, բեր տեսնենք ի՞նչ ես պատրաստել հորդ համար:

Իսկ Լուսիկը ժպիտը երեսին, վառվռուն աչքերով շտապով փռում էր թախտի վրա կապույտ սփռոցը, շարում այնտեղ բոքոնն ու լավաշը ու թանե տաք ապուրը և ապա երկուսն էլ նստելով կողք-կողքի, ուտում էին աստծո տված կերակուրը և ապա, ճրագը հանգցնելով, քնի հրեշտակը տարածում էր իր հովանի թևերը մինչև կենարար լույսի առաջին ցոլմունքները:

Սակայն այս գիշեր այդպես չէր դարբին Ղևոնդի խուղը: Դարբին Ղևոնդի դեմքը մռայլ էր և խիստ: Նա շտապ-շտապ երկաթը կրակն էր կոխում, շիկացնում և ապա այն զնդանի վրա դնելով, մուրճով ծեծում էր, կրկին հանում ու դարձյալ ծեծում: Եվ զարմանալի բան: Մուրճի տակ երկաթը փոխանակ պայտի ձև ստանալու, երկար ու տափակ ձև էր ստանում, որ ամենևին պայտի նմանություն չուներ: Այս գիշեր կարծես ինքն էլ չէր հասկանում, թե ինչ է շինում: Նկատելի էր միայն, որ նա խիստ վրդովված, խիստ հուզված էր, և մտքերը կրծում էին նրա սիրտն ու հոգին:

Գործը վերջացնելու սովորական ժամն արդեն անցել էր, բայց դարբին Ղևոնդը տեղից չէր շարժվում. նա հնոցը ավելի էր շիկացնում և կարծես ամենևին մտադրություն չուներ գործը ընդհատելու, այսինչ Լուսիկը ընթրիքը պատրաստել էր և հոր վեր կենալուն էր սպասում: Մի քանի անգամ նա մոտեցավ հորը և զարմացավ նրա օտարոտի դեմքի արտահայտությունից: Յուր հոր դեմքը առաջվա նման հեզ և բարի չէր, այժմ խրոխտ և սպառնալից էր: Ի՞նչ բան էր արդյոք վրդովել յուր հորը, ո՞վ էր արդյոք բարկացրել նրան` չգիտեր, բայց այս անգամ, երբ նկատեց, որ հայրը փոխանակ պայտի, ուրիշ բան է շինում, սարսափեց:

Հայրի՛կ, սիրելի՛ հայրիկ, — կանչեց Լուսիկը սրտատրոփ:

Դարբինը չլսեց աղջկա ձայնը, նա ուժգնությամբ մուրճը զարկում էր սալին և շիկացած երկաթը փափկացնում:

Հայրի՛կ, մի՞թե ինձ չես լսում, — ասաց Լուսիկը և քաշեց նրա փեշը:

Դարբինը դադարեցրեց մուրճ զարկելը, դեմքը շուռ տվեց դեպի աղջիկը և մի քանի վայրկյան լուռ, անմիտ աչքերով Լուսիկին նայեց: Կարծես նա այդ վայրկյանին չէր ճանաչում յուր աղջկան, կարծես յուր սիրելի աղջիկը չլիներ առաջը կանգնած:

Հայրի՛կ, ի՞նչ է պատահել քեզ, — սարսափած կանչեց Լուսիկը:

Դարբին Ղևոնդը ցնցվեց, նա կարծես ետ մղեց իրենից մռայլ մտքերը, և նրա դեմքը մի վայրկյանում կրկին ստացավ իր սովորական արտահայտությունը: Նրա դեմքը այժմ հեզ էր ու բարի, և այդ հեզ ու բարի դեմքին փայլեց երանության մի ժպիտ:

Ի՞նչ է, Լուսի՛կ, իմ աննմա՛ն աղջիկ, — պատասխանեց դարբինը:

Դու հիվանդ չե՞ս, հայրի՛կ:

Օ՜, ո՛չ, աղջիկս, ես հիվանդ չեմ, թող տերը պահե ինձ հիվանդությունից:

Այդ ի՞նչ ես շինում, հայրի՛կ, դու ինձ վախեցնում ես:

Հը՛մ, ինչ եմ շինում, մի՞թե չես տեսնում, իմ աննմա՛ն Լուսիկ, թե ինչ եմ շինում: Ի՞նչ էր շինում հայրդ մինչև հիմա:

Պայտեր: Բայց դրանք պայտեր չեն, հայրի՛կ:

Այո՛, պայտեր չեն, աղջի՛կս, սրեր են, սրեր: Պայտերը սրերի փոխվեցան: Այժմ հայրդ էլ պայտեր չէ շինում չորքոտանիների ոտքերը պայտելու, այլ սրեր է շինում թշնամիների սիրտը մխելու, — ասաց դառն ժպիտով դարբին Ղևոնդը և վերջին շիկացած երկաթն էլ տափակացնելով շպրտեց մի կողմ և, մուրճը ցած դնելով, ասաց.

Next page