Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Այսօր բավական է, այժմ պետք է ընթրիք անել և հանգստանալ:

Դու ինձ սարսափեցնում ես, հայրի՛կ, այդ ի՞նչ սրեր են և ինչու՞ համար:

Ամեն բան կիմանաս, դուստրս, համբերություն ունեցիր, միայն ցավում եմ, որ մեր այսօրվա հյուրը չեկավ: Ես հարկավոր լուրեր ունեի նրան հաղորդելու:

Ո՞վ չեկավ, հայրի՛կ:

Գոհարիկը: Մի՞թե չգիտես, որ նա միշտ այցելում է:

Երևի այս գիշեր անձրևը արգելք եղավ նրա գալուն: Լուսիկը էլ ոչինչ չհարցրեց: Նրանք սեղան նստեցին և սկսեցին վայելել ընթրիքը: Անձրևը կրկին մաղում էր, և աշնանային քամին յուր նվագը ածում: Հենց այդ ժամանակ դրսից ոտնաձայներ լսվեցին և ապա քիչ հետո` հետևյալ խոսքերը.

Ինձ մի՛ հարցնեք` ո՞վ եմ ես,
Սիրուն ու շեն Անին եմ ես:

Խե՛նթն է, — կանչեցին հայր ու դուստր և աչքերը դեպի դուռը ձգեցին:

Հիրավի, մի քանի վայրկյանից հետո, խուղի դռներում երևաց մեզ ծանոթ Խենթի աժդահա կերպարանքը յուր մեծ փայտը ձեռքին:

Ողջո՛ւյն բարեկամներիս, — ասաց նա, փայտը մի կողմ դրեց և մոտեցավ նրանց: — Ինչպես երևում է, լավ ժամանակ հասա և արժանի կլինեմ Լուսիկի քնքուշ մատներով պատրաստած անուշ ապուրը ուտելու:

Համեցե՛ք, համեցե՛ք, մեր գլխի վրա տեղ ունես, — ասաց դարբինը ուրախացած, տեղ տալով նրան:

Խենթը նստեց, փայտյա գդալով մի քանի ումպ ապուր խպշտեց և ապա, ետ նստելով, ասաց.

Ո՛ւֆ, օրհնվես դու, Լուսի՛կ, սիրտս հովացավ:

Քո սիրտը շատ շուտ է հովանում, Խե՛նթ, իսկ իմը` օ՜... Քո տված լուրը ինձ այրում, խորովում է, — պատասխանեց Ղևոնդը:

Է՜հ, վարպետ, այդ տեսակ փոթորիկներ շատ են եկել ու գնացել, այդ էլ կանցնի: Բայց ափսոս, որ այն մեկին բաց թողի և նա տարավ յուր հետ սև Մարդու թուղթը: (Այսպես էր անվանում Խենթը Վեստ Սարգսին):

Հա՛, տարավ, բայց ո՞վ գիտե` ինչ թուղթ էր:

Սատանան նրա հետ, մեր Վահրամ իշխանը մեռած չէ, որ Վեստ Սարգիսը կարողանա մի բան անել: Բայց ցավում եմ, որ Գոհարի սիրտը կվրդովվի:

Այսօր նա պիտի գար, չեկավ: Դու հայտնեցի՞ր նրան եղելությունը, Խե՛նթ, — հարցրեց դարբինը:

Չէ, դեռ չեմ հայտնել: Վաղը, անշուշտ, ես ամեն բան կհայտնեմ:

Իսկ ի՞նչ են ասում նրա որդեգիրները:

Օ՜... նրանք օրհնում են Գոհարի կյանքը: Թող այդ տեսակ օրիորդների թիվը բյուրապատիկ դառնա: Հարյուրավոր որբեր և աղքատներ օգտվում են նրա բարիքներից:

Այդ մենք գիտենք, Խե՛նթ, բայց տեսնենք ի՞նչ կասի օրիորդը Վեստ Սարգսի վարմունքի մասին: Տեսնենք նա կրկին յուր բարությամբ ուշադրություն չի՞ դարձնի, թե նշանակություն տալով կզգուշանա: Չէ՞ որ Վեստ Սարգիսը գործում է ուղղակի Վահրամի, յուր հոր դեմ:

Այդ թողնենք, վարպե՛տ, Խենթը խիստ հոգնած է, այսօր հարյուր տուն է շրջել և բաժանել օրիորդի տված դրամները: Նա քնել է ուզում, — ասաց Խենթը և վեր կացավ տեղից:

Լուսիկը սփռոցը ժողովեց, իսկ Խենթը, մի երգ մռմռալով, սկսեց քայլել խրճիթի մեջ, երբ նկատեց հնոցի մոտ թափված սրերը:

Այս ի՞նչ ես շինում, վարպե՛տ, — ասաց նա` դիմելով Ղևոնդին:

Չե՞ս տեսնամ` սրեր:

Իսկ պայտե՞րը:

Պայտերը էլ ձեռք չեն տալիս: Այժմ սրեր են պետք մեր Վահրամին պաշտպանելու:

Հա՛... հա՛... հա՛... Ապրի՛ս, վարպետ, երևում է, որ փորձված մարդ ես: Վաղօրոք սրեր ես պատրաստում թշնամիների կուրծքը մխելու:

Անցավ կարճ ժամանակ, և խորին լռությունը տիրեց այդտեղ:

Է

ՍԵՎ ՄԱՐԴԸ

Երկու ձիավոր, Անի քաղաքից դուրս գալով, բռնեցին դեպի Սուրմառուի բերդը տանող ճանապարհը և դանդաղությամբ առաջ էին գնում: Ձիավորներից մեկը Հայոց թագավորության խնամակալն էր` գոռոզ իշխան Վեստ Սարգիսը, իսկ մյուսը` նրա հավատարիմ ծառա Եղոն:

Մռայլ էր իշխանի դեմքը, մռայլ էր ծառայի դեմքը: Ու՞ր էին նրանք գնում և ինչո՞ւ երկուսն էլ տխուր էին` հայտնի չէր: Սակայն երկուսի դեմքից էլ նկատելի էր, որ նրանց հոգին հուզվում է, որ նրանք վրդովված են, անհանգիստ և ինչ-որ բան տանջում էր երկուսին էլ: Չէր խոսում տերը, չէր խոսում ծառան: Նրանցից ամեն մեկը յուր մտքի հետ ընկած առաջ էր գնում, մինչև որ հասան մեզ ծանոթ դարբին Ղևոնդի խուղի առաջ և կանգնեցրին ձիերը: Դարբին Ղևոնդը նստած էր յուր զնդանի առաջ և մի ինչ-որ երկաթի կտոր դրած սալին մրճում էր: Նա չէր նկատել, թե ինչպես երկու ձիավոր կանգնել էին առաջը և իրեն էին նայում:

Եղո՛, ցած իջիր, պետք է ձիուս ոտքը պայտել, թե չէ նա ինչ-որ սկսում է կաղալ:

Եղոն ցած թռավ և, բռնելով Վեստ Սարգսի ձիու սանձը, օգնեց իշխանին իջնելու:

Դարբին Ղևոնդը դեռ ապշած նայում էր իշխանին, երբ Եղոն գոռաց նրա վրա.

Է՜յ, տխմա՛ր, ի՞նչ ես ապուշի նման նայում, իշխա՛նն է, պետք է նրա ձին պայտել:

Դարբինը ակամայից գլուխ իջեցրեց իշխանին և ապա նստելու տեղ ցույց տալով նրան, ինքը գործի անցավ:

«Հը՜մ, լավ բանի համար չեք լինի գնալիս, — մտածեց Ղևոնդը, — ես ձեր ձիերը այնպես պայտեմ, որ կես ճանապարհին մնաք»:

Նա վերջացրեց գործը և ապա, դառնալով իշխանին, ասաց.

Պատրաստ է, տե՛ր:

Լա՞վ պայտեցիր, վարպե՛տ:

Հրաշալի, տե՛ր, ամբողջ տարին բավական է, — ասաց դառն ժպիտով Ղևոնդը:

Ապրի՛ս, վարպետ, — ասաց իշխանը և հեծնելով ձին, մի ոսկի շպրտեց վարպետին: Բայց Ղևոնդը, շտապով բարձրացնելով դրամը, դիմեց իշխանին` ասելով.

Տե՛ր, ես այս ոսկին չեմ կարող ընդունել:

Ինչու՞, վարպե՛տ, ինչու՞ չես կարող ընդունել, — զարմացած հարցրեց իշխանը` ձիու սանձը քաշելով:

Այս ոսկին, տե՛ր, այս ոսկին

Ի՞նչ այդ ոսկին:

Մեր մեծ իշխանից դրամ չենք վերցնում, — ասաց Ղևոնդը և երեսը շուռ տվեց:

Լա՛վ, — ասաց Վեստ Սարգիսը և մտրակեց ձիուն:

Նրանք առաջ գնացին, այնինչ Ղևոնդը երկար ժամանակ նայում էր նրանց ետևից և ինքն իրեն մռմռում.

Որովհետև քո ոսկու մեջ թույն կա, իշխա՛ն, թո՜ւյն, օձի թույնից էլ զորավոր:

Ղևոնդը կրկին գործի անցավ, այնինչ իշխանն ու ծառան սլանում էին առաջ: Երբ նրանք բավական առաջ գնացին, երբ նրանք շրջապատվեցին լուռ դաշտերով, այն ժամանակ Վեստ Սարգիսը դանդաղեցրեց ձիու ընթացքը և մոտ կանչեց ծառային:

Եղո՛, — ասաց նա, — մոտ արի, մեր անելիքի մասին խոսենք: Գիտեմ, դու հավատարիմ ես ինձ, ուստի ես քեզանից գաղտնիք չեմ պահում: Այս բնության ծոցում մենք ազատ ենք և ոչ ոք չի կարողանա լրտեսել մեզ:

Հրամայիր, տե՛ր, ես պատրաստ եմ լսելու: Եղոն, իշխա՛ն, քո ստրուկն է և կյանքը պատրաստ է քեզ համար զոհելու:

Գիտեմ: Բայց, լսիր, ինձ մանրամասն մեկ էլ պատմիր, թե որտեղ է թաքնված պատանի Գագիկը, կամ ավելի լավ է ասել, որտե՞ղ են թաքցրել նրան:

Նա անապատի վանքումն է ապաստանած, տե՛ր, ես և Մարկոսը լավ լրտեսեցինք նրա տեղը: Վահրամյանք ամեն կերպ աշխատում են գաղտնի պահել և նրա հետքը ծածկել, սակայն նրանք չգիտեն, որ ասեղ չի թաքնվի իմ աչքերից:

Ապրիս, Եղո՛, բայց, ասա ինձ, ի՞նչ կյանք է վարում նա վանքում, մի՞թե վանականների նման նա էլ աղոթքի է ապավինած:

Եղոն ժպտաց:

Ո՛չ, տեր, վանականների մեջ նա ապրում է արքայի պես: Հագին ունի ընտիր արքայական զգեստ, և չնայած նրա 14-ամյա հասակին, զենք ու զրահի մեջ է կորած և երբեք չի բաժանվում այդ զենքերից:

Ի՞նչպես: Մի՞թե նա հույս ունի արքայական գահը բարձրանալու, — ասաց Վեստ Սարգիսը դառն ժպիտով և նրա աչքերում երևացին վրեժխնդրության մոլի կայծակներ:

Ինչպես երևում է, տե՛ր, նա այդ միտքն էլ ունի, որովհետև գիշեր-ցերեկ զինավարաժությամբ է զբաղվում:

Կտեսնենք, Եղո՛, կտեսնենք, թե նա ինչպես կժառանգի այդ արքայական գահը: Միամի՜տ պատանի...

Այդ պատանին մեղք չունի, իշխա՛ն, նրան դրդում են Վահրամյանք, որպեսզի նրան թագավորեցնելով իրենց գաղտնի նպատակներին հասնեն: Նրանք չեն ուզում քեզ նման լավ խնամակալ ունենալ, որովհետև գիտեն, որ դու նրանց պակասությունը երեսներով կտաս և թույլ չես տա, որ ազգը կործանվի դրանց խարդախությամբ, — պատասխանեց Եղոն` շողոքորթելով իր տիրոջը, որին միշտ դուր էին գալիս այդ տեսակի խոսքերը:

Բայց այդ ծերունի աղվեսը չի հասնի յուր նպատակին: Նա կտեսնի, թե ինչպես կջախջախվեն յուր նպատակները, երբ յուր փայփայած Գագիկը այլևս չի լինի: Այն ժամանակ տեսնենք ո՞ւմ կառաջարկի թափուր մնացած արքայական գահի վրա:

Եղոն ապուշ կտրած նայեց յուր տիրոջ դեմքին: Այդ դեմքը զարհուրելի և դաժան էր, որից Եղոն անգամ սոսկաց: Դժոխքը արտացոլվում էր իշխանի աչքերում:

Նրանք մի փոքր լուռ առաջ անցան, երբ Վեստ Սարգիսը, դիմելով Եղոյին, խուլ գերեզմանային ձայնով ասաց.

Եղո՛:

Հրամայիր, տե՛ր:

Պետք է մի ծանր գործ կատարես և հարթես իմ ճանապարհը: Պատանի Գագիկին պետք է ճանապարհից հանել: Նա արգելք է ինձ:

Եղոն հասկացավ տիրոջ միտքը և ցնցվեց:

Ի՞նչպես, — հարցրեց նա` նորից տիրոջ դեմքին նայելով:

Ի՞նչպես, այդ քո գիտենալու բանն է: Բայց թե պատանի Գագիկը այլևս գոյություն չպետք է ունենա այս աշխարհում: Նա պիտի մեռնի:

Իշխա՛ն

Ո՛չ մի բառ, — ընդհատեց Վեստ Սարգիսը խրոխտ ձայնով, — նա պիտի մեռնի: Իսկ երբ կկատարես այդ, այն ժամանակ մեծամեծ պարգևների կարժանանաս: Ասա՛, համաձա՞յն ես:

Տիրեց մի վայրկյան լռություն: Տեր և ծառա իրար աչքերի էին նայում: Նրանք կարծես ուզում էին թափանցել իրար հոգու խորքը:

Պատրաստ եմ կամքդ կատարելու, իշխա՛ն, — վերջապես ասաց Եղոն:

Մի վայրկյան, և Վեստ Սարգսի մռայլն անցավ դեմքից: Անհուն ուրախության ժպիտ փայլեց նրա դեմքին և, մոտեցնելով յուր ձին Եղոյին, գրկեց նրան, համբուրեց և պինդ սեղմելով` ասաց.

Ապրե՛ս, Եղո՛, դու արժանի ես իմ վստահության: Մենք մանրամասնության մասին հետո կխոսենք:

Երկուսն էլ մտրակեցին ձիերին և առաջ անցան:

Երեկո էր, երբ հասան Սուրմառուի բերդը, ուր իշխան ու ծառա փակվեցին առանձնասենյակում:

Ը

ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Խրամ գետը կատաղել էր: Պղտոր ալիքներով քշում տանում էր քար ու փայտ և կատաղած գազանի նման փրփուրը բերանին վազում առաջ... Խրամ գետից մի փոքր վեր, Շամշուլդե բերդից ոչ հեռու, մի ժայռի գլխին փայլում էր ս. Անապատ վանքի կաթուղիկեն: Այդ վանքի մեջ լսվում էր սաղմոսերգության տխուր մեղեդին: Երեկոյան պահին էր: Արևը արդեն թեքվում էր դեպի յուր մուտքը, իսկ աշխարհային գծուծ գործերից հեռու փախած կրոնավորները իրենց երեկոյան աղոթքն էին մրմնջում: Քսանից ավելի կրոնավորներ, ծունկ չոքած սեղանի առաջ, աղոթում էին աստծուն և փառաբանում նրան

Սրբոց պատկերների առաջ վառվում էին կանթեղներ և անուշահոտ խնկի ծխով խնկարկում նրանց: Մի տեսակ աստվածային, վեհանձն երկյուղած տպավորություն էր թողնում օտարի վրա այդ վայրկյանը, ս. Անապատի վանքը յուր աղոթող կրոնավորներով: Այն ամենը, ինչ աշխարհային է, մոռացվում էր այդտեղ և մի տեսակ դյութական զորությամբ լցնում մարդու հոգին:

Այդ կրոնավորների հետ ահա ծունկ չոքած Աստվածամոր պատկերի առաջ, լուռ աղոթում էր և մի տասնչորսամյա պատանի, որը տարբերվում էր կրոնավորներից յուր մատաղ հասակով և զգեստներով: Այդ պատանին կրոնավորների նման, սևազգեստ չէր, այլ փայլուն արքայական զգեստի հետ միասին զենք ու զրահի մեջ էր կորած: Այդ զենքերից նա աղոթելու ժամանակ անգամ չէր բաժանվում: Չնայած մատաղ հասակին, նրա բաց, ազդող հայացքի տակ կարծես թաքնված լիներ մի խորին վիշտ, որը կարծես կրծում էր նրա սիրտը: Ի՞նչն էր արդյոք վշտացրել նրա մատաղ հոգին, ինչու՞ նրա սիրուն դեմքին դրոշմված էր վշտի անողորմ կնիքը, քանի որ այդ հասակում աշխարհային հոգսերը գոյություն չպիտի ունենան և նա միշտ պիտի ժպտա, փայլի արևի պայծառ ճառագայթների պես: Կամ ինչո՞ւ նա սևազգեստների մեջ է գտնվում, մի՞թե կյանքի դառն արկածները հենց կյանքի առաջին աստիճաններում ստիպել են նրան թողնել սիրուն կյանքը և խստակյաց կրոնավորների հետ միասին հանդերձյալ աշխարհի մասին մտածել... Հայտնի չէր: Միայն երևում էր, որ բոլոր կրոնավորներն էլ երկյուղածությամբ և պատկառանքով էին վերաբերվում դեպի այդ պատանին:

Աղոթքը վերջացրին: Կրոնավորները քաշվեցին դեպի իրենց խուցը, այնինչ պատանին դուրս եկավ եկեղեցուց և կանգնելով պարիսպների վրա, մռայլ դեմքով ցած նայեց: Նրա ոտքերի տակ ս. Անապատի վանքից մի փոքր հեռու, գոռում էր Խրամը և փրփրալով վազում առաջ:

Պատանին նայում էր գետին, նայում էր նրա փրփրած, կատաղած ալիքներին և նրա մատաղ սիրտը հուզվում էր: Նա տեսնում էր, թե ինչպես գետը կատաղել էր և յուր կատաղությամբ զոհում էր ամեն ինչ և՛ թուփ, և՛ ծառ, և՛ քար: Առանց խնայելու նա ոչնչացնում էր յուր արգելքները, ճանապարհ հարթում և յուր ցանկացած ճանապարհով գնումայնինչ ինքը ի՞նչ էր անում...

Օ՛... դառն է ինձ համար այս կյանքը. ես ազատ, լայն ասպարեզ եմ ցանկանում, ուր կարողանամ սրիս զորությունը փորձել, այնինչ ստիպված, ինչպես մի կալանավոր, անց եմ կացնում օրերս այս սևազգեստների մեջ: Ինչո՞ւ, ի՞նչ պատճառով: Անօրեն Վեստ Սարգսի ձեռքից, որը ձեռքն առնելով թագավորության ղեկը, ուզում է ոչնչացնել Բագրատունյաց տոհմը և ինքը թագավորել... Չէ՛, Գագիկը, գահի իսկական ժառանգը դեռ կենդանի է, թեև փոքր է, բայց առյուծի սիրտ կա նրա մեջ:

Գագիկը` թուլասիրտ Հովհաննես-Սմբատ թագավորի եղբոր որդին լռեց և հուզված սրտով կրկին նայեց Խրամի պղտոր ջրերին: Այդ ժամանակ նրա միտքն ընկավ Անին յուր գիժ Ախուրյան գետով, յուր հազար ու մի եկեղեցիներով, պալատներով ու շինություններով: Նա հիշեց յուր տունը, հիշեց հորը` Աշոտին և մորը, որոնք պալատի շքեղ սենյակներում գուրգուրում և շոյում էին իրան և ապա թագավոր անվանում... Իսկ հիմա ո՞ւր են յուր ծնողներըչկան: Նրանք հանգան, չքացան երկրիս երեսից, Հայաստանի գահը հանձնելով գայլերից մեկին, որը յուր փառասիրության համար պատրաստ է ամեն բան ոտնատակ անել, ամեն իրավունք ոչնչացնել...

Գագիկը խորին մտքի մեջ ընկղմված դեռ մտածում էր: Յուր պատանի, բայց խելոք խելքով դատողություն էր անում, Հայաստանի ապագան գուշակում, այնինչ մութը հետզհետե տարածվում էր չորս կողմ, և ամեն ինչ ընկղմում խորին խավարի մեջ: Հանկարծ Գագիկը ցնցվեցավ և ակամայից յուր ուշադրությունը դեպի մի թուփը դարձրեց, որտեղ կարծես ինչ-որ բան շարժվեց, և ապա ամեն ինչ անշարժության մեջ մնաց: Գագիկը նորից նայեց դեպի այդ թուփը և սոսկաց: Նա նկատեց, որ ճյուղերի միջից փայլում էին երկու արյունալից աչքեր, որոնք ուղղված էին դեպի ինքը և հեռվից անգամ կամենում էին կլանել իրեն: Գագիկը ակամայից ձեռքը դեպի յուր սրի երախակալը տարավ, ապա շփեց ճակատը և շոյելով գանգուր մազերը, ինքն իրեն խոսեց.

Այս ի՞նչ էր, մի՞թե երազի մեջ էի, թե հիրավի արյանս ծարավի մարդիկ պտտվում են շուրջս... բայց մի՞թե նրանք չգիտեն, որ Գագիկը քնած չէ:

Գագիկը նորից նայեց դեպի այն կողմը, բայց էլ ոչինչ չնկատեց: Չորս կողմը ամեն ինչ խաղաղ էր և լուռ, բացի Խրամ գետի որոտալուց էլ ոչինչ չէր լսվում:

Գագիկը շուռ եկավ և ուղղվեցավ դեպի յուր բնակարանը: Նա ժպտաց, երբ մի քանի քայլ առաջ տեսավ յուր հավատարիմ Լևոնին` Հարպիկ իշխանի երրորդ որդուն, որը ձեռքը սրի վրա դրած հսկում էր յուր տիրոջը:

Լևոնի՛կ, գիտե՞ս ինչ տեսա, — ասաց նա` բռնելով նրա ձեռքը:

Ի՞նչ, տե՛ր իմ:

Ինձ թվաց, որ լրտեսում են այստեղ, որ գայլերը մեր հոտն առել են, վաղ թե ուշ պիտի մտնեն այստեղ և ով գիտե ինչեր անեն:

Բայց, տե՛ր, մի՞թե նրանք չգիտեն, որ քեզ պահպանում է Հարպիկ իշխանի որդին, որ գիշերները մի աչքով քնում է, իսկ մյուսով հսկում յուր տիրոջը: Չէ՞ որ Վահրամ իշխանը քեզ ինձ է հավատացել: Միամիտ մնա, տե՛ր, և հանգիստ քո բնակարանը մտիր, իսկ եթե տեսնես, որ նրանք մեր տեղը իմացել են, Հայաստանում տեղ շատ կգտնվի, մինչև որ փոթորիկը անցնի:

Այդ այդպես է, Լևոնի՛կ, սակայն այս գիշեր պետք է զգույշ մնալ: Գագիկի աչքերը սուր են և նրան չեն խաբի: Թող թշնամին գա և մեզ պատրաստ գտնի:

Համբերիր, տե՛ր, ես այս րոպեիս կթռչեմ խուզարկելու բոլոր թփերը և վա՛յ նրան, ով իմ սրի բերանն ընկնի:

Ո՛չ, Լևոնի՛կ, ես հավատում եմ, որ դու քաջ ես, սակայն մենք մեր թշնամուն չպիտի ցույց տանք, որ մեզ հայտնի է նրա ներկայությունը: Հրամայիր` վանքի դռները փակեն և ինքդ արթուն կաց, մինչև անգամ չարժե վանականների խաղաղությունը վրդովել և հայտնել մեր կասկածը:

Գագիկը մտավ յուր բնակարանը և ճրագի լուսավորության տակ երկար ժամանակ խոսում էր ծերունի վանականի հետ Հայաստանի երերուն դրության մասին, մինչև որ վանահայրը հեռացավ նրանից:

Գագիկը ո՛չ մի խոսք, ո՛չ մի բառ չասաց վանահորը յուր կասկածի մասին, այնինչ յուր սրտից չէր հեռանում այն աչքերի արտահայտությունը, որոնք ուղղված էին յուր վրա:

Գագիկը չէր վախենում մահից, ամենևին չէր էլ մտածում, թե կարող են իրեն սպանել, թե նա թշնամիներ շատ պիտի ունենա, քանի որ ինքը միակ ժառանգն է թափուր մնացած գահի, սակայն նա զզվում էր այն տեսակ մարդկանցից, որոնք գաղտագողի լրտեսում են իրեն: Նա երկար ժամանակ շրջում էր սենյակում, մինչև որ քունը կամաց-կամաց հաղթեց նրան: Նա հանվեց, պառկեց փափուկ անկողնի մեջ և ապա, հառելով իր մեծ աչքերը դեպի առաստաղը, կրկին ուզեց քունը փախցնել իրանից, սակայն ֆիզիկական հանգստությունն իրենն էր ուզում: Մատաղ մարմնին հանգստություն էր պետք, երիտասարդ հոգուն` խաղաղություն:

Հետզհետե Գագիկի աչքերը ծանրացան և քնի հրեշտակը նրան յուր գիրկն առավ: Նա քնեց: Հանգիստ բարձրանում, ցածրանում էր նրա կուրծքը, այնինչ նրա մատաղ դեմքին փայլում էր անհուն երանության ժպիտը: Ի՞նչ էր նա երազում այդ րոպեինհայտնի չէր, սակայն նա ժպտում էր, մի ժպիտ, որը հատուկ է միայն պատանի հասակին:

Վաղուց արդեն խոր գիշերը տարածվել էր ամեն կողմ, սփռել էր խորին լռություն: Գագիկի հավատարիմ Լևոնիկն էլ զինված ու զրահավորված թիկն էր տվել Գագիկի ննջարանի դռների առաջ, քարե պատվանդանին և արթուն հսկում էր տիրոջը: Նա չէր մոռացել Գագիկի խոսքերը. թե §Լևոնի՛կ, պետք է այս գիշեր արթուն մնալ, մեզ լրտեսում են. թե չէ ո՞վ գիտե ինչ կարող է պատահել¦: Ծերունի Վահրամը Գագիկի պաշտպանությունը միայն իրեն հավատաց: Նա լավ է հիշում, թե ինչպես Վահրամ իշխանը համբուրեց իրեն և ասաց. «Լևոնի՛կ, Գագիկին պահպանիր քո աչքի լույսի պես, գիշերը չորս աչքով դիտիր, ցերեկը` երկու և վա՛յ քեզ, եթե նրա մազին դիպչող լինի»: Այդ խոսքերը հիշեց Լևոնիկը և ապա միտքը թռավ, գնաց դեպի իր հայրենի երկիրը, լեռնոտ Պաղին գավառը, ուր լեռների ծերպերում բարձրանում են իրենց հայրենի բերդերը, ուր անմատչելի ծերպերում և ձորերում վազում էր ինքը որսի ետևից և նիզակի մի հարվածով գլորում որսը, և ապա ուրախ-ուրախ վերադառնում ամրոց ու հպարտությամբ ցույց տալիս հորը: Նա հիշում էր, թե ինչպես հայրը` ծերունի Հաբելը, ախորժակով ուտում էր որսի միսը և միշտ գովում իրեն ու ասում. «Ապրի՛ս, Լևոնի՛կ, դու էլ քաջ ես ինչպես և մյուս եղբայրներդ. բոլորդ էլ արժանի եք իմ որդիքս կոչվելու»: «Վա՜հ, մի՞թե ես քնում եմ», — հանկարծ ասաց Լևոնիկը և ցնցվեց: Հիրավի սա նկատեց, որ յուր աչքերը ծանրացել են, որ քունը տանում է, որ նա չի կարողանում արթուն պահել իրեն:

Չէ՛, ո՛չ մի ժամանակ ես ինձ թույլ չեմ տա քնելու: Այս ի՞նչ հիմարություն է, չէ՞ որ ես խոսք եմ տվել արթուն մնալ, այս ի՞նչ փոքրոգություն է իմ կողմից, — ասաց Լևոնիկը և դուրս գալով սկսեց աջ ու ձախ նայել, ականջ դնել, թե չի լսվում արդյոք քայլերի ձայն, կամ չկա՞ արդյոք կասկածելի մի բան: Բայց Լևոնիկը կասկածելի ոչինչ չնկատեց: Նրա ուշադրությունից վրիպեց միայն այն, որ նա վանքի պատերի տակ չնկատեց երկու մարդկային մարմին, որոնք արյունածարավ աչքերով իրեն էին նայում:

Չէ՛, Գագիկը սխալվել է, կասկածավոր ոչինչ չի երևում, — ասաց Լևոնիկը և կրկին ներս մտնելով թիկն տվեց Գագիկի ննջարանի առաջ:

Անցավ մի փոքր ժամանակ: Լևոնիկի մտքի մեջ կրկին հանդես եկավ յուր հոր ամրոցը, հայրենի խնջույքը և ուրախությունը: Ա՛խ, ինչպես նա կցանկանար թռչել այնտեղ, ինչպես նա ուզում էր գոնե մի վայրկյան լինել այնտեղ և քաշել յուր եղբոր որդու` չարաճճի Պողոսի ականջները, որ միշտ կանգնում էր յուր առաջ և նետը ձեռքին կանչում. «Հորեղբա՛յր, ի՞նչ կընծայեիր ինձ, եթե նետով ահա այս նշանին խփեմ»: Մի համբույր, — պատասխանում էի նրանԵվ հիրավի, այդ չարաճճին խփում էր նշանին և յուր վարդագույն այտերը դեմ անելով ասում. «Դե, հորեղբա՛յր, նշանին խփեցի, համբուրիր, միայն ինձ համար մի սուր գնիր, ես էլ եմ ուզում մեջքիս սուր կրել, ինչպես պապս և դու կրում եք»: Եվ Լևոնիկը, փայփայվելով այդ մտքով, չէր զգում, որ թեև յուր աչքերը բաց են, բայց նրա միտքը հետզհետե քնում է, հետզհետե կորցնում զգաստությունը և կոպերը կամաց-կամաց ծանրանում:

Ա՛խ, Եսթե՜րս... Եսթե՜րս... Ինչքա՛ն ժամանակ է նրան չեմ տեսել, — մտածեց դարձյալ Լևոնիկը և չնկատեց, թե ինչպես այդ ժամանակ աչքերը փակվեցին և մի վայրկյանում ամեն ինչ թռավ մտքից: Նրա ուղեղը դադարեց գործելուց և հանգիստ անվրդով նինջ պատեց նրան...

Լևոնիկի ականջները չլսեցին անգամ, թե ինչպես դրսից լսվեց զգուշավոր քայլերի ձայներ, թե ինչպես դուռը բացվեց և մի մարդ սուրը հանած կանգնեց յուր գլխին:

Մարդասպանը կանգնած էր նրա գլխին և օրորում էր սուրը: Նա մտածում էր, սպանի՞, թե ոչ: Այդ չէր յուր նպատակը: Լևոնիկի կյանքը նրան պետք չէր: Նրան հարկավոր էր ավելի թանկագին կյանք: Նա պիտի վերջ դներ Գագիկ իշխանի կյանքին, որ ստանար Վեստ Սարգսից` թանկ գնով ձեռք բերած ոսկիները: Եվ մարդասպանը վճռեց առաջ սրան սպանել, հետո` մյուսին: Սա արգելք էր նրա նպատակին: Եվ մարդասպանը սուրը բարձրացրեց և ուզեց մխել Լևոնիկի կուրծքը, երբ մի անորոշ խուլ շշունջ լսեց դրսից: Մարդասպանը կանգ առավ և դեպի դուռը նայեց, ուր դանդաղ, զգուշավոր քայլերով ինչ-որ մեկը մոտենում էր:

Այդ միջոցին Լևոնիկը աչքերը բաց արավ և տեսավ մարդասպանին` մերկ սուրը ձեռքին: Մի վայրկյան և Լևոնիկը վեր թռավ տեղից ու սկսվեց կռիվը երկուսի մեջ:

Է, հե՛յ, լավ ժամանակ գտար Լևոնիկին սպանելու,— գոռաց նա, — անձնատուր եղիր, թե չէ մաս-մաս կկտրատեմ:

Մարդասպանը յուր հարվածով վիրավորեց Լևոնիկի ուսը: Լևոնիկը ցավից կսկծաց, բայց ավելի կատաղեց, երբ տեսավ, որ դուռը բացվելով մի ուրիշ չարագործ էլ ներս մտավ և հարձակվեց յուր վրա:

Ա՛... անիծվածնե՛ր, դուք երկո՞ւսն եք, թե էլի կաք: Մի՞թե դուք չգիտեք, որ Լևոնիկին տասն էլ հերիք չէ:

Կռիվը երկար չտևեց: Չարագործներից մեկը շուտով վայր ընկավ, իսկ մյուսը տեսնելով այդ, խույս տվեց և անհետացավ:

Այդ միջոցին պատանի Գագիկը վեր կացավ և, տեսնելով վիրավոր չարագործին, գլուխը շարժեց, չարագործը հեծում էր մահու տագնապի մեջ:

Աղմուկն ընկավ վանքի մեջ, և շուտով ամեն կողմ ճրագներ վառվեցան: Նրանք ամեն կողմ փնտրեցին մյուս չարագործին բռնելու, սակայն նրա հետքն էլ չգտան: Ո՞րտեղից էին այդ մարդասպանները ներս եկել, և ո՞րտեղից փախուստ տվեց նրանցից մեկը. այդ անհայտ մնաց: Սակայն, երբ նայեցին վիրավորվածի դեմքին, սոսկացին, դա վանքի ծառաներից մեկն էր` Մարկոսը:

Դավաճա՛ն, այդ ո՞ւմ էիր ուզում սպանել, — կանչեց վանահայրը բարկությունից դողացող շրթունքներով:

Ների՜ր... վանահա՛յր, ես մեղք չունեմ... Եզոն... — խոսքը կիսատ մնաց վիրավորի բերանում, և նա շունչը փչեց:

Նա կաշառված էր Եղոյից, բայց թե ո՞վ է այդ Եղոն, ահա՛ գաղտնիքը, — ասաց Լևոնիկը և սառնասրտությամբ յուր վերքը բացեց կապելու...

Թ

ՀՈՒՍԱՀԱՏ ՍԻՐՏԸ

Լուսիկի մատաղ կյանքը ծաղկում էր և ուրախ թռչնիկի նման թրթռում: Դեռափթիթ վարդի նման նա օր ավուր բացվում էր ու գեղեցկանում: Գարնանային արևի անդրանիկ ճառագայթները սփռվել էին աշխարհի վրա, երբ Լուսիկն արդեն ոտքի վրա էր: Նա նոր էր յուր կովը կթել և դեպի դաշտ թողել իսկ ինքը բոկոտն մտել յուր փոքրիկ պարտեզը, ուր նարգիզն ու շուշանը, ռեհանն ու սուսամբարը բուրում էին անուշահոտությամբ: Նա նայում էր ամեն մի մարգ, ամեն մի ծաղիկ առանձին հոտոտում և ապա ջրում յուր ծաղիկներըԼուսիկը սիրում էր այդ փոքրիկ պարտեզը, որ յուր ձեռատունկն էր և ուր ազատ ժամերը անց էր կացնում ծաղիկների և վարդերի հետ զրույց անելով: Այդ վարդերի թփերի վրա ամեն առավոտ նստում էր բլբուլը և յուր սիրուն երգը երգում: Բլբուլը երգում էր... Նրա ձայնը խիստ դուրալի, խիստ քնքուշ էր, որ շարժում էր Լուսիկի սրտի ամենանուրբ թելերը և նրան լացացնելու չափ հուզում... Ո՜հ, բլբուլը սեր էր երգում, սեր մատաղ կյանքին, սեր նոր բացվող վարդի կոկոնին: Լուսիկի սիրտն էլ կարոտ էր այդ սիրույն, կարոտ յուր գիժ Ստեփանիկի սիրուն դեմքին, բայց ահա ամիսները գլորվում էին իրար ետևից, սակայն նա չկար ու չկար... Ա՛խ... թռի՛ր, բլբո՛ւլ, թռի՛ր, հեռացիր իմ ձեռատունկ վարդերից, քո երգը քաղցր է, քան մեղրը և թունալից, քան օձի թույնը: Դու և՛ կրակ ես թափում սրտիս մեջ ու այրում նրան, և՛ թույն ես թափում, սպանում ինձ, և մեղեդիներ երգում, որոնք քաղցր են, քան նույն ինքն երջանկությունը... Ա՜խ, քո երգերից խաբված մոռանում եմ ամեն ինչ և նրա գրկում կարծում. բայց սուտ է ամեն ինչ, դատարկ ցնորք, սնոտի երազ, Ստեփանիկը ինձ խաբեց և նա էլ չի վերադառնա...

Այսպես մտածում էր Լուսիկը և ամեն օր բլբուլի երգը լսելուց հետո ջրում պարտեզը, ծաղիկներից մի փունջ կազմում և յուր խուղը զարդարում, ապա, դիմելով հորը, շարունակ հարցնում.

Հայրի՛կ, Հարպիկ իշխանից լուր չունե՞ս, երբ պիտի գա Ստեփանիկը:

Ի՞նչ է, աղջի՛կս, ինչու՞ թառամում են այտերդ և խավարում աչքերդ: Չէ՞ որ գիժ Ստափանիկը խոսք տվեց վերադառնալու... ինչու՞ դու համբերություն չունես...

Ա՛խ, հայրի՛կ, օրերն անցնում են, բայց ո՛չ Հարպիկ իշխանն է երևում և ո՛չ Ստեփանիկը, իսկ ես մաշվում եմ...

Համբերությունը լավ բան է, Լուսի՛կ, չէ՞ որ ես ինքս օրհնեցի երկուսիդ նշանադրությունը և ինքը` Հարպիկ իշխանը խոստացավ խաչդ բռնելու: Մի՞թե Հարպիկ իշխանը կդրժի յուր խոսքը, մի՞թե կմոռանա յուր տված խոստմունքը: Չէ՛, նա ուր որ է կերևա, որովհետև նրա սիրտն էլ կապված է մեր Գոհարիկի հետԲայց այս ի՞նչ եմ տեսնում: Լուսի՛կ, նայիր ճանապարհի ուղղությամբ, կարծես փոշու ամպեր են բարձրանում, — խոսքը հանկարծ փոխեց դարբին Ղևոնդը և, ձեռքը ճակատին դնելով, ուշադրությամբ սկսեց դեպի փոշու ամպը նայել:

Այո՛, հայրիկ, կարծես մի խումբ ձիավորներ են գալիս, — պատասխանեց Լուսիկը, և նրա սիրտը կարծես կանգ առավ ուրախությունից: Նա այդ կողմից Հարպիկ իշխանին ու յուր գիժ Ստեփանիկին էր սպասում:

Անպատճառ Հարպիկ իշխանն է, — ասաց Ղևոնդը:

Չեմ կարծում, հայրի՛կ, Հարպիկ իշխանը չի սիրում մի խումբ ձիավորներով շրջել: Չե՞ս տեսնում, հայրի՛կ, ինչպես փայլում են զենքերը արևի ճառագայթների տակ, ով որ է` նշանավոր իշխաններից մեկն է լինելուասաց հուսահատ ձայնով Լուսիկը:

Հա՛, հասկանում եմ, մեր թագավորության խնամակալ Վեստ Սարգիսը կլինի: Օ՜, եթե նա է, մենք շուտով պիտի հեռանանք դռներից: Ես չեմ ցանկանում նրա երեսը տեսնել:

Մինչդեռ հայր ու աղջիկ խոսում էին, ձիավոր խումբը մոտեցավ նրանց և սրարշավ անցավ նրանց առջևից դեպի Անի քաղաքը: Հայր և աղջիկ զարմացած դեռ նայում էին նրանց ետևից: Այդ խումբը բաղկացած էր մոտ հարյուր ձիավորից և մի քանի իշխաններից, որոնց առջևից գնում էր մի հույն իշխան:

Պատգամավոր հոռոմներից... Այս ի՞նչ բան է, — ասաց Ղևոնդը:

Այո, հույն իշխան էր առաջին ձիավորը, բայց ի՞նչ բան ունի մեր երկրում:

Անշուշտ մի նոր վիշտ, մի նոր տառապանք է բերում հայերիս համար, թե չէ հոռոմոց թագավորը օգուտի համար մեզ մոտ պատգամավոր չի ուղարկի: Երևի մի փորացավ ունի:

Բայց տեսա՞ր, հայրի՛կ, ինչ գոռոզ կերպարանք ուներ, նա այնպես էր իրեն պահում, կարծես մեր Հայաստանի տերը լիներ: Չէ որ մեր թագավորներն էլ այդպես գոռոզ կերպարանք չունեն, ինչպես այդ հույն իշխանը:

Է՜հ, աղջի՛կս, հիմա դրանց գոռոզանալու ժամանակն է, քանի որ մենք թագավոր չունենք. ա՛յ, երբ Գագիկ իշխանը թագավոր օծվի, այն ժամանակ դրանք չեն համարձակվի այդպես գոռոզ դիրք բռնել:

Իսկ ո՞ւր է Գագիկը, հայրի՛կ, ինչու՞ նրան չեն օծում թագավոր:

Նա դեռ փոքր է, աղջի՛կս, հազիվ 15 տարեկան և անպիտան Վեստ Սարգսի ձեռքից ծածկված: Ա՛յ, թող մի փոքր նրա թևերը ամրանան, այն ժամանակ նա ցույց կտա Վեստ Սարգսին, թե ինքը ինչ տեսակ կորյուն է:

Լա՛վ, ինչու՞ Վեստ Սարգիսը թշնամություն է անում Գագիկին:

Ինչո՞ւ. նրա՛ համար, որ գահն ինքը ժառանգի և ո՛չ թե Գագիկը: Հարցրու Խենթին, տես ինչեր կպատմի Վեստ Սարգսի կյանքից: Նա յուր փառասիրության համար ամեն ինչ կզոհի և ես կարծում եմ, որ այս հույն իշխանին էլ նա է հրավիրել, ո՞վ գիտե ինչ սատանություններ նյութելու համար:

Իսկ Հարպիկ իշխանը ո՞ւմ կողմն է, մի՞թե նա կպաշտպանի Վեստ Սարգսին, եթե հարկը ստիպի:

Եթե հարկը ստիպի... Եթե հարկը ստիպի, նա Վեստ Սարգսի արյունը կխմի, ինչպես և Վահրամը, բայց ինչ անես, որ Վեստ Սարգիսը ներկայիս ուժեղ է և թագավորության ամբողջ գանձը յուր ձեռքումն է: Այդ է պատճառը, որ Վահրամյանք հեռվից մռմռում են, բայց դեռ ոչինչ չեն կարողանում անել նրան:

Աստված վերջը բարի անե, հայրի՛կ, լավ չէ, որ մեր իշխանները փոխանակ իրար ձեռք-ձեռքի տալու, իրար դեմ են գնում:

Next page