Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 Next Last

Աշոտ Երկաթ

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Ա

Կապույտ1 բերդը պաշարված էր ...

Դեռ նոր էր բացվել գարունը, նոր հալվել ձյունն ու սառույցը և թավշյա կանաչով պատել բերդի շրջակայքը, երբ Յուսուֆ սպարապետը յուր հրոսակներով կանգ առավ Կապույտ բերդի պատերի տակ և բազմաթիվ սպիտակ վրաններով շրշապատեց բերդը, ուր ամրացել էր հայոց թագավոր Սմբատը յուր հավատարիմ խմբով:

Արեգակը նոր էր թաքնվել լեռների քամակին՝ յուր ետևից թողնելով ծիրանագույն շերտեր, որոնք հետզհետե անհետանում էին, մեկ գույն մյուսի հետ խառնվում, ոչնչանում և ապա թողնում ամպերի գորշ կույտեր: Կամաց-կամաց հեռավոր լեռներն ընկղմվում էին խավարի մեջ և անհետանում, այնինչ Կապույտ բերդի շրջակա բլուրները և դաշտերը ծածկվում էին խարույկներով:

Մեկը մյուսի ետևից աճում էին խարույկները և գիշերային խավարի մեջ տարածում իրենց կարմրած ծիրանագույն ցոլքերը, որոնց թույլ փայլի տակ, ինչպես մի վիթխարի, մեջտեղը կանգնել էր Կապույտ բերդը և դառն արհամարհանքով նայում էր խարույկներին...

Բայց խարույկների առաջ վխտում էին Յուսուֆի զինվորները դաժան և ահարկու տեսքով. սոցանից մի քանիսը թեք էին ընկած կրակի շուրջը և պատմում էին իրար իրենց սխրագործությունները. նրանք ծիծաղում էին, հռհռում: Մյուս խարույկի մոտ, ընդհակառակը, զինվորները խմբվել էին մի կրակի շուրջը, ուր փայտյա շամփրի վրա խորովվում էր մի ամբողջ ոչխար: Հայաստանի օդն ու ջուրը նրանց ախորժակը բաց էր արել. իսկ կերակուր ամեն կողմ կար, հարկավոր էր մի փոքրիկ արշավանք գործել մոտակա գյուղերը, և ահա ոչխարների հոտերը պատրաստ էին նրանց անկուշտ որովայնը հագեցնելու:

Արաբական վրանից մի փոքր ցած, բաց երկնքի տակ, կանաչ խոտի վրա, համարյա իրար վրա թափված էր խառնիճաղանջ մի բազմություն՝ բաղկացած կանանցից և երիտասարդներից, որոնց վզերից, իրարից շատ մոտիկ, անցկացրած էին շղթաներ: Նրանք ծանր կերպով հեծեծում էին, շղթաների ամուր կապերը ուռցրել էին նրանց վզերը, իսկ պատառոտուն հանդերձների տակից, մերկ մարմիններից հոսում էր արյունը, որով ողողվում էին դաշտի ծաղիկները: Սարսափելի, աղիողորմ տեսարան էր ներկայացնում այդ վայրը, ուր խմբված էին հայ գերիները և որոնց շուրջը պտտվում էին արաբ զինվորներն իրենց արյունաթաթախ նիզակներով:

Դեռ անցյալ օրը այդ գերիները ազատ, իրենց հարկի տակ, իրենց սիրելիների գրկումն էին, երբ վրա հասան անգութ Յուսուֆի հրոսակները և ծերերին ու անկարներին սպանելով, իրենց աչքի առաջ մորթոտելով իրենց փայփայած զավակներին, ծանր շղթաներով շղթայեցին նրանց և քարերի ու մացառների միջով, նիզակներով և սրերով քշելով հոգնած, քաղցած ու ծարավի տարան մինչև Կապույտ բերդի պարիսպները: Ո՞ւր պիտի տանեն նրանց, ի՞նչ պետք է անեն նրանց հետ:

Ո՜հ, պապակեցա, մի կաթիլ ջուր, — շշնջում էր մի նորատի գեղեցիկ աղջիկ և վայրենի հայացքը դարձնում շուրջը:

Մեռա՜, շղթան մի՛ ձգիր, մոտեցի՛ր ինձ, — կրկնում էր մի ուրիշը, որ սարսափից ապշության մեջ ընկած՝ ուժով ձգում էր յուր ընկերոջ շղթան:

Բայց ողորմելիների հեծկլտանքի պատասխանը լինում էր պահապանների մտրակների և նիզակների հարվածները, որոնք մեկը մյուսի ետևից անխնա իջնում էին սրա ու նրա գլխին:

Ցավից նրանք մի փոքր լռում էին և ապա միաձայն, իբրև մի մարմին, արսափելի կերպով հառաչում...

Թող հառաչեն, թող հեծկլտան որքան կուզեն, ո՞ւմ ինչ փույթ: Դրանք ընտրված գեղեցիկ կանայք ու պատանիներն էին, որոնք վաղ թե ուշ պիտի վաճառվեին և կամ զինվորների կրքերին զոհ գնային:

Մի այլ բանակ բռնել էր Կապույտ բերդի աջակողմը:

Այդտեղ էլ շարված էին վրաններ, այդտեղ էլ վառվում էին խարույկներ, բայց այդտեղի զինվորները բոլորովին այլ տպավորություն էին թողնում: Սրանց դեմքն այնքան ահարկու և վայրենի չէր, ինչպես առաջիններինը և այնքան խիստ ու ահարկու տպավորություն չէր գործում: Թուխ դեմքերով էին, բայց կորովի և քաջ, և հայկական արյունը հոսում էր նրանց երակների մեջ: Այդ գունդը հայկական գունդն էր, որ բռնում էր Յուսուֆ ոստիկանի աջ կողմը և արաբական հրոսակների հետ միասին եկել պաշարել էր Կապույտ բերդը: Նա հայոց թագավորին բռնել էր ուզում: Նա ծարավի էր նրա արյան... Ինչո՞ւ, ի՞նչ էր պատահել, և ինչո՞ւ հայը հայի դեմ էր զինվել... Բայց այդ ինչ զինվորների գիտենալու բանն էր, նրանց հրամայված էր կռվել հայոց թագավորի դեմ, և նրանք պիտի կռվեին: Նրանցից շատերը թեև զգում Էին իրենց արարքի վատությունը, բայց լռում էին: Նրանք վախենում էին իրենց իշխան Գագիկից, որի հրամանատարության տակ եկել, Ժողովվել էին այդտեղ: Եվ Արծրունյաց իշխան Գագիկի գունդը վաղը առավոտյան պիտի կռվեր ու գերեր հայոց թագավորին և հանձներ արաբական Յուսուֆ սպարապետին: Իսկ թե ինչո՞վ կվարձատրեր ամիրան հայի այդ դավաճանությունը Սմբատի քեռորդի Գագիկին, այդ կախված էր ամիրայի վեհանձնությունից:

Լուռ ընթրիք էին անում հայ զինվորները և սպասում վաղվա ճակատամարտին:

Այդ միջոցին հեռվում, լեռների քամակին մի լույս երևաց: Այդ լույսը հետզհետե աճում էր և գիշերային խավարի մեջ կազմում մի բոցավառ փունջ: Ի՞նչ է դա... հրդե՞հ թե խարույկ: Եվ ինչո՞ւ գիշերը, հեռու լեռների մեջ վառել են այդ խարույկը, և ինչքան նա մեծ է ու ահավոր և րոպե առ րոպե աճում է ու ծավալվում: Նրա բոցերը մինչև երկինք են հասնում:

Նայում են հայկական գնդի զինվորները դեպի այդ բոցը, և նրանց երեսները կնճռոտվում են:

Տեսնո՞ւմ ես այն բոցը, — հարցնում է մի հաղթանդամ, գեղեցկատեսիլ զինվոր յուր երիտասարդ ընկերակցին, որ խորին մտածմունքի մեջ ընկղմված, թիկն է տվել կրակի մոտ և լուռ նայում է հեռվում երևացող բոցին:

Հա, տեսնում եմ: Ի՞նչ բան է:

Մի՞թե չգիտես, որ այնտեղ գյուղ է այրվում:

Ի՞նչ գյուղ:

Հայոց գյուղ:

Եվ, ո՞վ է այրել:

Իհարկե Յուսուֆի հրոսակները: Այնտեղ հիմա մորթում են, կողոպտում, ոտնատակ տալիս ամեն սրբություն, իսկ նորատի կույսերին և հարսներին որին սպանում են, որին առևանգում, իսկ ոմանց շղթայում և գերեվարում են: Վաղը եթե, տերը մի՛ արասցե, առնվի բերդը, սա էլ նույն օրին կհասնի:

Իսկ հայոց թագավո՞րը...

Հայոց թագավո՜րը... հը՜մ... նրա արյանը վաղուց է կարոտ Յուսուֆը:

Իսկ մենք մի՞թե պետք է կռվենք Սմբատի դեմ:

Այո՛, էլ ինչո՞ւ համար ենք եկել: Մենք եկել ենք, որ մեր արյունը թափենք և բռնելով Սմբատին` հանձնինք Յուսուֆին:

Դավի՛թ, ի սեր աստծո, ասա՛, ինչո՞ւ մենք պետք է պատերազմենք հայոց թագավորի դեմ: Մի՞թե...

Սսս՜... այդ քո գիտենալու բանը չէ, դու պարտավոր ես հնազանդվել մեծիդ և ինչ որ հրամայում են՝ առանց բացատրություն պահանջելու պիտի կատարես:

Բայց մի՞թե դու պիտի վաղը կռվես...

Ե՞ս, իհարկե: Իսկ թե ո՞ւմ դեմ և ինչո՞ւ համար, այդ էլ իմ գիտենալու բանն է:

Այդ միջոցին թմբուկները խփեցին, ընթրիքը վերջացավ, և բանակը խոր քուն մտավ: Պահակները միայն արթուն հսկում էին ամեն կողմը, իսկ հեռվում դեռ ծխում էր հայոց գյուղը և ավելի բոցավառվում, այնինչ բանակի խարույկները հետզհետե հանգչում էին:

Բ

Խոր գիշեր էր...

Անամպ երկնակամարի վրա փայլուն աստղերը լուռ կատարում էին իրենց գիշերային ճանապարհորդությունը: Փչում էր գարնանային ցուրտ զեփյուռը, որ շոյելով Կապույտ բերդի պարիսպները՝ կամացուկ համբուրում էր նրան, յուր կարոտն առնում և գնում կորչում հեռո՜ւ-հեռո՜ւ... Հայրենի քամին կարծես կարոտել էր հայրենի բերդի պարիսպներին, որ այսօր շրջապատված էր թշնամիներով:

Այդ միջոցին, երբ հայկական դավաճան գունդն էլ խոր քուն էր մտած, զինվորական մի վրանից զգուշությամբ մի գլուխ երևաց, որ աջ ու ձախ նայելով, համարյա դուրս սողաց վրանի տակից, կանգնեց, աչքերն ուղղեց դեպի Կապույտ բերդը և զգույշ քայլերով բլրից իջավ ցած: Հաղթանդամ, բայց գեղեցկատեսիլ զինվոր էր դա, նոր էր ծածկվել նրա երեսը աղվամազով, և երկու փայլուն աչքեր վառվում էին գիշերային խավարի մեջ, այնինչ նրա սիրտը արագ տրոփում էր: Վախ չուներ նա մահից, բայց նրա մտքի մեջ պտտվում էր մի բան, որն աշխատում էր շտապ ի կատար ածել: Զգուշությամբ նա անցավ մի փոքր տարածություն և ապա հանկարծ կանգ առավ ու թաքնվեց մի թփի տակ: Իրենից մի փոքր հեռու նա մի շշունջ լսեց, որ սառեցրեց նրա արյունը երակների մեջ: Ի՞նչ էր այդ, խոսակցությո՞ւն, թե՞ հառաչանք, նա պարզ չկարողացավ լսել: Հակառակ քամին թույլ չտվեց նրան իմանալու, և նա, մի քանի վայրկյան պահվելով թփի տակ, հենց ուզում էր վեր կենալ և շարունակել ճանապարհը, երբ ձայները նորից կրկնվեցին: Այժմ նա պարզ լսեց հառաչանքի և խոսակցության ձայներ: Ապա նայեց այն կողմը և տեսավ երկու ստվեր, որ զգուշությամբ առաջ էին գնում:

Ո՜հ, կամաց գնա, ես չեմ կարող քայլել, ոտքերս ուռած և արյունլվա են, — ասում էր մեկը մյուսին:

Կամաց գնալով բան չի լինի, Ավո՛, արշալույսը կբացվի և մենք կրկին կբռնվենք, հարկավոր է շտապել, փախչել դեպի լեռները, դեպի մեր գյուղը, — պատասխանեց մյուսը:

Ա՜խ, եղբա՛յր, ես այս րոպեիս վայր կընկնեմ, աչքերս մթնում են և գլուխս պտտվում է: Բավական չէ շղթաներից առաջացած վերքերս, քաղցն էլ մի կողմից է նեղում ինձ: Մի ամբողջ օր է, որ ոչինչ չեմ կերել: Ես տանջվում եմ:

Լռի՛ր, էլ ինչո՞ւ փախար, երբ չէիր կարող հետևել ինձ...

Երկու ստվերներն անցան թփի տակ պահված զինվորի մոտից, և վերջինս, լավ նայելով նրանց, տեսավ, որ բանակից փախչող երկու հայ տղաներ են:

Զինվորը խոր ախ քաշեց, մի փոքր կանգ առավ, մի միտք անցավ նրա գլխով, և նա սկսեց կամաց հետևել փախստականներին, որոնք հետզհետե արագացնում էին իրենց քայլերը, թեև փշերն ու քարերը արյունլվա էին անում նրանց բոբիկ ոտքերը:

Լուռ հետևում էր զինվորը, որի մեջքից միայն մի սուր էր կախված, երբ անզգուշաբար ոտքը քարին կպավ, և այդ քարը ցած գլորվելով՝ աղմուկ հանեց: Փախստականները սրտատրոփ կանգ առան և նայեցին: Նրանք տեսան իրենց հետևը մի մարդ, որ լուռ իրենց էր նայում: Սարսափը պատեց, և սառը մահվան դողը անցավ նրանց մարմնով: Այդ ժամանակ զինվորը մոտեցավ:

Ի սե՛ր աստծո, մեզ մի՛ սպանի, — ասացին նրանք միասին:

Լո՜ւռ, ձայն մի հանեք, թշվառականնե՛ր, թե չէ կորած ենք:

Փախստականները լռեցին և ուրախացան՝ լսելով հայ լեզուն:

Ո՞վ եք և ո՞ւր եք գնում,— հարցրեց զինվորը:

Մենք զարիշատցի ենք և գերի էինք Յուսուֆի բանակում ու, հաջող ժամանակ գտնելով, փախչում ենք, ի սե՛ր աստծո, մի՛ խանգարիր մեզ:

Լավ, ես ինքս էլ փախուստ եմ տալիս այդ զզվելի բանակից, ուր հայը հայի դեմ պիտի կռվի: Քայլեցեք գնանք, քանի ժամանակ կա, թե չէ լույսը բացվեց՝ ուշ կլինի, մեզ մաս-մաս կկտրատեն արաբ զինվորները:

Ապա երեքն էլ լուռ սկսեցին առաջ քայլել: Զինվորն առաջ անցավ, իսկ երկու տղաները` նրա ետևից: Զգույշ, անխոս անցան նրանք բավական տարածություն և մտան մի փոքրիկ ձոր, ուր խոխոջում էր լեռնային պարզ ու վճիտ առվակը: Այդ ձորից այն կողմ, բարձրության վրա Կապույտ բերդն էր: Հանկարծ զինվորը կանգ առավ և նշան արավ տղաներին, որ թաքնվեն: Ձորի մյուս կողմից զինվորը ինչ-որ ձայն լսեց: Մի փոքր ժամանակ անցավ, և նա պարզ նկատեց մի խումբ զինվորների՝ թվով հինգ հոգի, որոնք դեպի իրենց կողմն էին գալիս: Զգուշությամբ տղաներին ծածկեց մացառի տակ և ինքն էլ կուչ գալով մերկացրեց սուրը, սպասելով նրանց: Նա զգաց, որ թե՛ ինքը, թե՛ տղաները կորած են, գոնե կյանքը էժան չծախեր: Խումբը խոսակցելով` հետզհետե մոտենում էր: Խոսակցությունից հայ զինվորը ոչինչ չհասկացավ, միայն այսքանն իմացավ, որ դրանք Յուսուֆի գիշերապահ զինվորներն են, որ գնացել էին Կապույտ բերդի շրջակայքը լրտեսելու:

Է՜հ, հոգ չէ, որ հինգ հոգի են, դրանցից հեշտ է ազատվելը, բայց վախենում եմ, որ այդ անպիտանները աղմուկ բարձրացնեն և ամեն ինչ փչացնեն, թե չէ դրանց սատկացնելը հեշտ բան է, — մտածում էր զինվորը՝ աչքը չհեռացնելով նրանցից: Նրանք ավելի մոտեցան, մի քանի քայլ էլ և ահա նրանք ոտքի տակ կտային թաքնված տղաներին, որ դողում էին հույսները աստծու վրա դնելով: Զինվորը լսում էր թշվառ տղայոց սրտի բաբախյունը, և այդ ավելի էր սիրտ տալիս նրան:

Հանկարծ խումբը կանգ առավ: Հայ զինվորը մտածում էր անակնկալ կերպով հարձակվել նրանց վրա և արդեն բարձրացրեց սուրը, երբ խումբը ծռվելով մի կողմ, անցավ առաջ: Փախստականները ազատ շունչ քաշեցին:

Ի՞նչ եղավ Ահմադը, — ասում էր Յուսուֆի զինվորներից մեկը:

Չգիտեմ, նա կարող է առաջ գնացած լինել, — պատասխանեց մյուսը: Եվ նրանք ավելի առաջ անցան՝ թողնելով մեր փախստականներին իրենց ետևում:

Կորան անպիտանները, — կամաց ասաց զինվորը տղաներին, և նրանք, մի փոքր ժամանակ կրկին անշարժ մնալուց հետո, շարժվեցին առվակի ուղղությամբ:

Մեր ազատիչն ես, ի՞նչ է քո անունը, — հարցրեց Ավոն, որ ավագն էր:

Իմ անունը Դավիթ է, Գնունյաց ազգից, — ասաց փախստական զինվորը: Եվ այնուհետև նրանք գնում էին լուռ: Ոչ մեկը ոչինչ չէր խոսում:

Բավական ժամանակ այդպես գնում էին առվակի հակառակ կողմով, երբ կրկին կանգ առան՝ մի սև առարկա իրենց առաջը տեսնելով: Նրանցից մի քայլ առաջ նստած էր մի տեսակ սև մարմին, որի երկու աչքերը երկու ճրագների նման փայլում էին գիշերային խավարի մեջ: Ապուշ կտրած, լայն բացած աչքերով դիտում էր նա մեր փախստականներին, իսկ փախստականները՝ նրան:

Այս գիշեր, ինչպես երևում էր, շատ փորձանքների պիտի հանդիպեին մեր փախստականները: Մի վայրկյան Դավիթը նայեց այդ սև հրեշին, որ վիթխարի հասակ ուներ և ջրի ափին նստած լուռ նայում էր իրեն: Երկայն նիզակը դրված էր այդ արաբ զինվորի կողքին, իսկ կեռ սուրը մեջքից էր կախած, բայց արաբ զինվորը ըստ երևույթին ոչ մի տրամադրություն չուներ զենքի դիմելու և ապուշի նման նայում էր իրեն:

Դավթի և արաբ զինվորի հայացքները մթության մեջ հանդիպեցին իրար, և Դավթի մարմնով մի սառը դող անցավ: Նա մտածեց. «Եթե ես սրան չսպանեմ, սա ինձ կսպանի», հարմար վայրկյանից պետք է օգտվել, քանի որ ետ մնացած արաբ զինվորը, որ ջրի ափին նստած ոտքերն է լվանում, իրենց գիշերային վհուկներ կարծելով, երկյուղից, սառել, կարկամել է: Նա հանկարծ վրա ընկավ և մի վայրկյանում յուր սուրը խրեց արաբ զինվորի կուրծքը: Մի վայրկյան ևս և ամեն ինչ վերջացած էր:

Դավիթը հանեց արաբի կեռ թուրը և վերցրեց մոտը դրած նիզակը ու տալով տղաներին, որոնք 1819 տարեկան կլինեին, ասաց.

Առե՛ք, դուք անզեն եք, այս զենքով դրանք շատ հայի արյուն են թափել, այժմ իրենց զենքով իրենց արյունը պետք է թափենք: Պետք չէ մեր ժամանակներում առանց զենքի շրջել: Անիծվածները հայի արյունը քամեցին:

Տղաները իրենց ցավը մոռացան և առնելով զենքերը՝ առաջ անցան կրկին վեր:

Բայց ո՞ւր ես տանում մեզ, մենք մոտենում ենք արդեն բերդի պարիսպներին, — ասաց Ավոն:

Ուր եմ տանո՞ւմ: Մի՞թե կարծում եք Յուսուֆի բանակը:

Ո՛չ, տերը մի արասցե: Եթե մենք մոտենանք պարսպին, մեզ թշնամու տեղ կարող են դնել և կոտորել:

Մի՛ վախենաք, դրա ճարն էլ գիտեմ, վաղը առավոտ մենք Կապույտ բերդում կլինենք և այնտեղից կկռվենք Յուսուֆի դեմ: Գագիկ իշխանը մտածում էր, որ ես հայոց թագավորի դեմ կկռվեմ, բայց շատ սխալվեց: Դավթի երակների մեջ չի հոսում դավաճանության կեղտոտ արյունը. նա յուր արյունը կդնի օրինական թագավորի համար: — Եվ մի այնպիսի ոգևորությամբ կեցցե աղաղակեց, որ երկու տղաների սիրտը տրոփեց` երկյուղ կրելով, որ մոտերքում մարդիկ կլինեն և իրենց վրա հարձակում կգործեն:

Դավիթն արքայորդու` Աշոտ Երկաթի ծառաներից էր, որին Յուսուֆը գերի տանելով և նրա հասակն ու լայնապինդ թիկունքը տեսնելով, հանձնել էր Գագիկ իշխանին, որը յուր զինվորների շարքն էր անցկացրել խոստանալով շատ բարիքներ տալ նրան, եթե մոռանա Սմբատ թագավորին և իրեն հավատարմությամբ ծառայի: Կապույտ բերդը պաշարելով, նա Դավթին յուր տիրոջ դեմ էր զինել, յուր օրինական թագավորի դեմ: Դավիթը ամեն կերպ աշխատում էր փախուստ տալ Գագիկ իշխանից, բայց հարմար ժամանակ չէր գտնում. իսկ այժմ, երբ կանգնած էին Կապույտ բերդի պարիսպների տակ, այդ հեշտ էր Դավթի համար: Նա ծանոթ էր Կապույտ բերդի ծակուծուկին և նրա համար բերդ մտնելը ամենահեշտ բանն էր:

Եվ երեք փախստականներն, առաջ էին անցնում բարձրանալով վե՜ր, միշտ վե՜ր, ուր ցցված էր անհաղթելի Կապույտ բերդը, ուր նստած էր յուր նախկին տերը` այն տերը, որին կարոտել էր վաղուց:

Անցնում էին նրանք առաջ՝ քարերի վրա մագլցելով, թփերի ու մացառների միջով, որոնք պատառոտում էին նրանց հանդերձները և արյունոտում երեսները, բայց նրանց հոգը չէր: Քանի մոտենում էին պարիսպներին, այնքան Դավթի սիրտը ավելի արագ էր տրոփում, այնքան ավելի սկսում էր նա հուզվել ու շփոթվել: Ի՞նչ էր մտածում նա, որ Գագիկ իշխանի խոստումները թողած, ազատ կյանքը մի կողմ ձգած, գալիս էր պաշարվելու և կյանքը զոհելու յուր տիրոջ համար: Չէ՞ որ նա կարող էր կռվել Գագիկի զորքի հետ միասին, քաջություններ անել, բարիքներ վայելել և ապա հանգիստ, Գագիկից և Յուսուֆից բարիքներ ստանալով, պատերազմի դաշտից մի կողմ քաշվել և ապրել հանգիստ ու խաղաղ... Բայց արդարության և ազնվության դրոշակը, ինչպես արևի պայծառ ճառագայթ, ավելի վառ կերպով էր փայլում նրա մտքում, քան այն հանգիստ կյանքը, որ պիտի դավաճանությամբ ձեռք բերեր...

Հոգնածությունից կանգ առավ Դավիթը մի սեպացած ժայռի տակ և նայեց ցած, ուր տարածվում էր Յուսուֆի բանակը, և դառը ժպտաց, ապա յուր ուշադրությունը դարձրեց դեպի հեռուն, այնտեղ ուր կորչում են լեռները իրար ետևում, և նրա սիրտը խիստ տրոփեց: Հեռվում, արևելյան հորիզոնի վրա, երևում էր մի տեսակ աղոտ լուսավորություն, որտեղից կամաց-կամաց բացվում էր արշալույսը... Ի՜նչ հրաշալի էր դա, խավարը նահանջում էր, լեռների գագաթները հետզհետե բացվում էին, կարճ ժամանակից հետո պիտի դուրս գար արևը և ոսկեզօծեր լեռների կատարները ու Կապույտ բերդի անհաղթելի պարիսպների ժանիքները: Նա փեշով սրբեց յուր ճակատի քրտինքը, և նրանք ժայռից ժայռ մագլցելով՝ մտան խիտ մացառների մեջ: Ժամանակը կարճ էր, հարկավոր էր շտապել, վաղ առավոտից Յուսուֆի հրոսակները, վայրենիների նման, կգրոհեն հինավուրց բերդի պարիսպների վրա:

Զգուշությամբ անցնում էին մացառների միջով և իրենց հետքերը ծածկում, ոչնչացնում: Ապա կանգ առան հենց պարսպի տակ, ուր մի ժայռի կտոր դուրս էր ցցել յուր ահարկու ժանիքը: Մի վայրկյանում Դավիթը վեր մագլցեց ժայռի գլուխը և տղաներին էլ օգնեց բարձրանալու: Այդ ժայռի վրայով սկսեցին առաջ գնալ, մինչև որ կրկին մտան մացառների մեջ: Նրանց ոտքերի տակ արդեն բացվում էր ահռելի անդունդը. մի փոքրիկ անզգուշություն և նրանք կգլորվեին անդունդ, որից կենդանի դուրս գալն անկարելի էր:

Վերջապե՛ս, — ասաց Դավիթը և փորսող տալով` մտավ մի անցքի մեջ, ուր հետևեցին և տղաները:

Քառորդ ժամ մութ անցքի մեջ փորսող տալուց հետո նրանք կանգ առան և, չորս կողմը նայելով, տեսան հայկական զորքերին կազմ ու պատրաստ թշնամուն դիմավորելու:

Կեցցե՛ հայոց բանակը,— կանչեց նա և սուրը հանելով պատյանից` ճոճեց օդում:

Նրանք արդեն Կապույտ բերդումն էին:

Այդ միջոցին բարձր լեռների կատարներն արդեն ոսկեզօծվել էին արևի անդրանիկ ճառագայթներով... Իսկ հեռվից արդեն լսվում էին թմբուկների ձայներ: Յուսուֆի զորքերը կամաց-կամաց մոտենում էին

Ինչպես մի սարսափելի փոթորիկ, որի առաջ ամեն ինչ դողում և տապալվում է, այնպես վրա վազեցին Յուսուֆի զինվորները Կապույտ բերդի պարիսպներին, կարծես նրան միանգամից կուլ տալու, ոչնչացնելու և երկրի երեսից ջնջելու համար... Սարսափելի գոռում-գոչյունով, անթիվ նետեր ձգելով դեպի պարիսպները նրանք ուզում էին մագլցել պարիսպների վրա և հիմնահատակ անել ամեն ինչ, կոտորել բոլորին, ով համարձակվում էր իրենց դեմ կանգնել, և այդպիսով հագուրդ տալ իրենց արյունածարավ սրտերին, երբ մեկը մյուսի ետևից, բերդականների նետերից վիրավորված, ընկնում էին գետին և մահվան տագնապի մեջ տոչորվում:

Արհամարհանքով նայում էին Սմբատ արքայի մի բուռ քաջերը դեպի այդ բազմությունը և սառնասրտությամբ թշնամյաց դիակները մեկը մյուսի վրա կիտում:

Գոռում էր զայրացած Յուսուֆը, իր զորքերին խրախուսում, և նրա վայրենի աչքերից կատաղության կայծեր էին ցայտում, երբ տեսնում էր յուր գնդի նվազելը և դիակներից բլուրներ գոյանալը: Նա ուզում էր արյունլվա դիակները կոխկրտելով բերդը մտնել և բոլորին մաս-մաս կտրատել, բայց յուր կյանքը թանկ էր ծախում: Այնտեղից սլանում էին հայկական գնդի մահաբեր նետերը և իրենց հունձն անում:

Կատաղության փրփուրը բերանին նա գոռում էր յուր զինվորների վրա, խրախուսում նրանց, առաջ մղում, բայց ո՛չ մի բան չէր օգնում: Նրանց դիմաց անվեհեր կանգնած էր Կապույտ բերդը յուր ընտիր քաջերով, որոնց ոգևորում էր հայոց Սմբատ օրինական թագավորը:

Երբ տեսավ Յուսուֆը յուր զորքերի կոտորածը, երբ նկատեց բերդականների քաջությունը, հրաման տվեց յուր զորքին ետ նահանջել և ապա առաջ կոչելով Գագիկի հայկական գունդը, սկսեց խրախուսել նրանց.

Տեսնու՞մ եք ինչպես քաջ են հայերը, դուք էլ ցույց տվեք ձեր քաջությունը:

Ու հայկական գունդը նետաձգությամբ առաջ սլացավ դեպի բերդը, բայց բերդից արձակվող նետերը չխնայեցին և նրանց, որոնցից շատերն ընկան դաշտում, առանց բերդին մի փոքր անգամ վնաս տալու:

Երեկոյացավ: Արևը արդեն իր վերջին հանգիստն էր առնում, երբ փողը հնչեց, և զինվորները ետ դարձան:

Բայց Յուսուֆը կատաղած էր: Յուր զորքերի կոտորվելը նրան հուսահատութան մեջ էր գցել, այնինչ յուր նպատակը՝ Սմբատին բռնելը, չէր հաջողվում: Թանկագին օթոցի վրա նստած, թիկունքը տված բարձին, ձեռքի համրիչը գցելով, երբեմն էլ յուր նոսր մորուքը շփելով՝ մտածում էր նա: Կատաղության և վրեժխնդրության ալիքները մերթ ընդ մերթ անցնում էին նրա դեմքի վրայով: Սոսկալի էր նա այդ ժամանակ: Մանր, բայց կատաղությամբ լցված աչքերը կարծես ուզում էին դուրս ժայթքել ակնակապիճներից:

Այդ միջոցին վրան մտավ յուր ծառաներից մեկը և, խոնարհ գլուխ տալով նրան, կանգնեց վրանի դռան մոտ:

Յուսուֆը գլուխը բարձրացրեց և նայեց նրան: Ծառան չհամարձակվելով նայել Յուսուֆին, հայտնեց, որ Գագիկ Արծրունին ցանկանում է արժանանալ իր տեսության:

Թող գա այդ շունը, — հրամայեց Յուսուֆը և կրկին յուր համրիչը սկսեց պտտեցնել:

Այդ միջոցին ներս եկավ Գագիկ հայոց իշխանը, խոր գլուխ տվեց Յուսուֆին և ծունկ չոքելով նրա առաջ, համբուրեց նրա փեշի ծայրը, ապա ետ գնալով, ձեռները կրծքին դարսեց և կանգնեց դռան մոտ:

Այս ի՞նչ է, Գագի՛կ իշխան, քո գունդը ամենևին քաջություն ցույց չտվեց և Կապույտ բերդը գրավելու մեր առաջին արշավանքը անհաջող անցավ: Ի՞նչ խաղ է ուզում խաղալ Սմբատ թագավորը. մի՞թե նա կարծում է, որ ողջ ու առողջ կպրծնի իմ ձեռքից:

Թող չվշտացնե քո սիրտը այդ օրվա անհաջողությունը, մեծ է ալլահի զորությունը, և Սմբատը վաղ թե ուշ կհանձնվի քեզ: Այսօր նրա քաջերը չէին պատերազմում, այլ Կապույտ բերդի պարիսպները, որոնք փլատակ կդառնան միմիայն քո ամենազոր զորության առաջ:

Այո, ես կկործանեմ այդ պարիսպները, որ մյուս անգամ պատսպարան չլինեն վախկոտ և թույլ հայերին: Ի՞նչ է կարծում Սմբատը: Ես երկաթե օղերով կշղթայեմ բերդը, և նա սովից անձնատուր կլինի ու իմ գթությունը կհայցի: Այն ժամանակ վա՜յ հայոց թագավորին, որ համարձակվել է իմ դեմ ապստամբել: Քա՛ջդ իշխան, դու կարգադրիր զորքերիդ, որ կազմ ու պատրաստ լինեն միշտ հարձակումներով նեղելու Սմբատին, իսկ երբ նա կնկնի ձեռքս, այն ժամանակ մեծամեծ պարգևներ կնդունես ինձանից, և ես քեզ Հայաստանի տերը կդարձնեմ:

Գագիկը խոր գլուխ տվեց, նորից ծունկ չոքեց, համբուրեց նրա փեշի ծայրը և դուրս եկավ վրանից:

Տխուր ու տրտում հեռանում էր նա Յուսուֆի վրանից, և նրա միտքը ալեկոծվում էր: Նա մտածում էր յուր դրության մասին, թե ի՞նչ պիտի լինի ինքը, և թե ինչո՞վ պիտի վարձատրի իրեն Յուսուֆը յուր դավաճանության համար:

Չէ՜, Սմբատին փրկություն չկա, հասավ նրա վախճանը: Ի՞նչ պիտի անե նա միայնակ, առանց օգնականի, առանց զորքի և մինչև ե՞րբ պիտի փակված մնա Կապույտ բերդում: Ո՞վ կօգնե նրան, երբ նա սովից ստիպված հուսահատությամբ կորոշի անձնատուր լինել բռնակալ Յուսուֆին: Նախարարները հեռացել են նրանից, ամբողջ Այրարատը անտեր-անտիրական է, Յուսուֆի հրոսակները կրակ ու մոխիր են դարձնում ամեն ինչ, իսկ ես` ստոր դավաճանս, փոխանակ թագավորին պաշտպանելու, ինքս նրա դեմ եմ զինվել: Ի՞նչ պիտի տա փոխարենը Յուսուֆը: Ոչի՛նչ: Ես համոզված եմ, որ նա վաղ թե ուշ ինձ էլ կշղթայի ամուր շղթաներով և ամենասոսկալի տանջանքներ տալով կսպանի: Չէ՛, պետք է շուտով ազատվել նրանից և դառնալ իմ աշխարհը, այդ է պահանջում իմ ապահովությունը...

Եվ նա աննկատելի կերպով մտավ յուր բանակը, ուր մի վրանի առաջ նստած էին զինվորները ու կամացուկ խոսում էին:

Ո՞ւր է Դավիթը, մի՞թե նա սպանված է, — հարցնում էր մեկը:

Չէ՛, նա առավոտից չկար, ինչպես երևում է նա փախել է բանակից:

Շատ էլ լավ է արել: Ի՞նչ կվայելի մեզ հայոց թագավորի դեմ կռվել: Տեսա՞ր, թե որպիսի քաջությամբ էին կռվում նրանք և ինչպես կոտորեցին Յուսուֆի զինվորներին:

Արդարադատ աստվածը միշտ ճշմարտի կողմը կլինի, բայց տեսա՞ր, Թեո՛ս, երբ մեր գունդը առաջ գնաց, նրանք պակասեցրին իրենց նետերի արձակումը, կարծես մեզ խնայում էին:

Հա՛, ես լսեցի ինչպես մեկը գոռում էր պարսպից փախեք, թե չէ ձեզ էլ կկոտորենք, և նա ահագին պարսաքարը ձեռքին կարծես խնայում էր ձգելու: Ես նայեցի նրան, հեռվից այդ զինվորը շատ նման էր մեր զինակից Դավթին, կարծես հենց նա լիներ:

Այդ միջոցին նկատեցին զինվորները Գագիկին և, լռելով իսկույն, ոտքի կանգնեցին: Գագիկը, որ մինչ այդ լուռ լսում էր նրանց, շարժվեց տեղից և ավելի հուսահատ դեպի իր վրանը գնաց:

Դ

Բոլորեցին ամառն ու աշունը և եկավ ցուրտ ձմեռը, այնինչ դեռ պաշարված էր Կապույտ բերդը Յուսուֆի հրոսակներից:

Ամեն անգամ, երբ հարձակում էին գործում, նրանք մեծ կորուստով էին ետ դառնում, և Յուսուֆը հուսահատված այնպիսի պինդ օղակով շղթայեց Կապույտ բերդը, որ ոչ մի մարդ չէր կարող անցնել այդ շղթայից, նա ցանկացավ սովով նեղել Սմբատին: Եվ հիրավի Սմբատի պաշարը հատել էր: Հուսահատված մտածում էր Սմբատը յուր դրության, յուր աշխարհի վրա և դառնորեն հառաչում: Նա տեսնում էր քրիստոնեից կոտորածը, նա տեսնում էր յուր քաջերի արիությունն ու վեհանձնությունը, որոնք սովից հալածված՝ դեռ առյուծների քաջություն էին ցույց տալիս, և նրա սիրտը կսկծում էր: Խորին վիշտը կեղեքում էր բարեպաշտ թագավորի սիրտը, և դառն մտատանջությունները մաշում էին նրան: Նա զգում էր, որ Յուսուֆը միայն յուր արյանն էր կարոտ, այնինչ այստեղ զուր թափվում էր հայոց արյունը, և զուր, բոլորովին զուր հալումաշ էին լինում յուր քաջերը, որոնք իրենց արյան վերջին կաթիլը կդնեին թագավորի համար:

Սմբատը արդեն վճռել էր անձնատուր լինել Յուսուֆին խնայելով յուր քաջերի և քրիստոնյաների արյունը, երբ նրան ներկայացավ Դավիթ զինվորը:

Ես պատրաստ եմ, տե՛ր արքա, ճեղքել թշնամյաց բանակը և ուտեստ հասցնել բերդին:

Սմբատը վեր բարձրացրեց յուր հուսահատությամբ լի աչքերը և նայեց Դավթին. մի տեսակ ժպիտ երևաց նրա դալկացած դեմքին, որը և՛ ուրախություն էր նշանակում, և՛ տխրություն:

Գնա, որդի՛ս, դու մխիթարեցիր ինձ:

Եվ Դավիթը, խոր գլուխ տալով, հեռացավ արքայից, որի աչքերի մեջ այժմ փայլատակում էին ուրախության արցունքներ:

Ձմեռային մի մութ գիշեր էր: Գորշ ամպերը ծածկել էին երկինքը, և խորին խավարը տիրում էր ամեն տեղ: Կապույտ բերդի շրջակայքը ծածկված էր թանձր ձյունով, ուր ամեն ինչ մեռած էր, և կենդանության ո՛չ մի նշույլ չէր երևում: Միայն երբեմն պարսպի շուրջը փչում էր ցուրտ քամին և սուլելով անցնում հեռո՜ւ, հեռո՜ւ: Այդ միջոցին տասնհինգ մարդ դուրս գալով բերդի դռներից՝ զգուշությամբ սկսեցին առաջ անցնել: Նրանք ամենքն էլ զինված էին նիզակներով, վահաններով ու սրերով:

Ցուրտ քամին սուլելով շոյեց և յուր դաժան սառնությամբ համբուրեց նրանց, բայց նրանք, բանի տեղ չդնելով այն, լուռ առաջ էին անցնում: Խմբի առջևից գնում էր մի մարդ՝ բարձրահասակ և վիթխարի տեսքով, որ ամենայն զգուշությամբ աջ ու ձախ էր նայում: Հեռվից հանկարծ ճրագների նման փայլուն կետեր երևացին, որոնք հետզհետե մոտենում էին: Առաջնորդը վաղուց նկատել էր այդ, բայց լուռ էր, այնինչ ընկերներից մեկն ասաց.

Դավի՛թ, տեսնու՞մ ես հեռվում ճրագների փայլփլմունքը, դրանք մեզ վրա են գալիս:

Հա՜, գիտեմ, վաղուց եմ նկատել, բայց ցավում եմ, որ մեր առաջին արշավանքը Յուսուֆի զինվորների վրա լինելու փոխարեն` գայլերի վրա է լինելու:

Այդ միջոցին գայլերի խումբը, թվով տասը-տասներկու հատ, յուր ոռնոցով շրջապատեց նրանց:

Տղե՛րք, այդպես չի լինի, հանաք անելու ժամանակ չէ, սրանց պետք է վերջ տալ,— ասաց Դավիթը և հրամայեց հարձակվել գայլերի վրա: Մի վայրկյանում գայլերի հետքն էլ չմնաց...

Ապա առաջ անցան: Հեռվում երևաց Կապույտ բերդի մոտակա գյուղերից մեկը: Այս բերդի բոլոր մերձավոր գյուղերում տեղավորված էր Յուսուֆի զորքը:

Երբ մոտեցան գյուղին, Դավիթը հրամայեց յուր ընկերներին թաքնվել թփի տակ, իսկ ինքը միայնակ մտավ գյուղը լրտեսելու:

Զգուշությամբ նա առաջ անցավ և ապա կանգ առավ մի դռան առաջ, որտեղից լսվում էին երգի և ուրախության ձայներ: Կատվի ճարպկությամբ նա մագլցեց ցանկապատը և մտավ բակը ու ապա նայելով դռան ճեղքից, տեսավ զինվորներ, որոնցից մի քանիսը կրակի շուրջը նստած խորովում էին մի ոչխար, իսկ մյուսները՝ կրակից հեռու, փափուկ բարձերի վրա նստած ծափ էին տալիս և խաղացնում մի քանի կիսամերկ կանանց: Վայրենի կիրքը փայլում էր նրանց դեմքերին, այնինչ խեղճ կանայք հոգնածությունից հազիվ շարժում էին իրենց ոտքերը:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 Next Last