Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Դավիթը սոսկաց. նրա մազերը փշաքաղվեցին, և նա ձեռքը տանելով դեպի սուրը, ուզեցավ աքացի տալ դռանը և ներս մտնել, բայց խոհեմությամբ զսպեց իրեն: Նա համրեց զինվորներին, որոնց թիվը քսանևհինգ երևաց իրեն, իսկ կանայք և հարսները՝ վեց հոգի: Հայ հարսներ էին դրանք

Զգուշությամբ ետ քաշվեց Դավիթը և հասնելով յուր ընկերներին, պատմեց տեսարանը ու նրանք երկուսի բաժանվելով՝ մի խումբը կանգ առավ դռների մոտ, իսկ մյուս խումբը ուժգին աքացի տվեց սենյակի դռանը և ահագին աղմուկ հանելով՝ հանկարծակի վրա ընկավ արաբ զինվորների վրա և սկսեցին սրերով նրանց մեկը մյուսի ետևից կոտորել, և երբ վերջացրին կոտորածը, Դավիթը կանչեց.

Փա՛ռք Աստծո, հետքն էլ չմնաց, այստեղ բավականին պաշար կա, որը շուտով պետք է տեղափոխել բերդը:

Եվ նրանք որքան հնարավոր էր, վերցնելով պաշարը, քաշվեցին բերդը:

Փոքրիկ արշավանքներն էլ ոչինչ չտվեցին բերդականներին, և Սմբատը հուսահատված անձնատուր եղավ Յուսուֆին՝ խոսք առնելով նրանից, որ յուր և բերդականների կյանքը կխնայի:

Յուսուֆը խոստացավ, և Կապույտ բերդը մի տարի պաշարում կրելուց հետո հանձնվեց Յուսուֆին: Սակայն Յուսուֆը դրժեց յուր խոսքը և կարճ ժամանակից հետո Սմբատին շղթայեց, իսկ բերդականներից շատերին գերի տարավ: Գերի չմնաց միմիայն Դավիթը յուր մի քանի ընկերներով, որ հայոց թագավորին կորցնելուց հետո քաշվեց լեռները և օրավուր սպասում էր արաբաց ժանտախտին՝ քաջ Աշոտ Երկաթին...

Ե

Հինգ ձիավոր իրենց երեսները դեպի Վասպուրական դարձրած՝ սրարշավ առաջ էին գնում: Քափ ու քրտինքի մեջ կորած էին նրանց ձիերը, երևում էր, որ նրանք հեռու տեղից Էին գալիս և ոչ մի տեղ դադար չէին տվել ձիերին, որոնք մտրակների հարվածներից ստիպված հազիվ-հազ փոխում էին իրենց ոտքերը: Ձիավորները նկատում էին այդ, բայց կրկին անհամբերությամբ քշում էին ձիերը: Ձիավորներից երկուսը գնում էին կողք-կողքի, իսկ երեքը մի փոքր հեռավորությամբ հետևում էին նրանց՝ թթված ու տխուր դեմքով. դրանք առաջ գնացող երկու հայ նախարարների ծառաներն էին, որոնք երկար ճանապարհորդությունից հոգնած` ոչ մի խոսք չէին արտասանում: Լուռ էին նույնպես իշխանները, երկու եղբայր Գագիկ և Գուրգեն Արծրունիք, որոնք Յուսուֆից խուսափելով փախչում էին իրենց աշխարհը՝ Վասպուրական: Ոչ միայն չկարողացավ դավաճանության ամոթը տանել, այլև կտրեց Գագիկը Յուսուֆից օգնություն և բարիքներ ստանալու հույսը և յուր անձը շտապով կամեցավ ազատել այն բռնակալից, որի ձեռքով վաղ թե ուշ ինքն էլ պիտի մահանար հայոց մյուս իշխանների նման: Նրանք գոնե պատվով էին մեռնում, սրերը ձեռքներին նահատակվում, առանց իրենց տոհմին ու անունին արատ դնելու, իսկ ինքը ի՞նչ էր անումդավաճանության և ստոր մատնության կնիքը դնում էր յուր վրա: Հարկավոր էր ուրի՛շ միջոցների դիմել, ուրի՛շ ճանապարհ ընտրել յուր նպատակին հասնելու համար, և նա Յուսուֆից հույսը կտրած, նրա որոգայթներից վախեցած, յուր եղբայր Գուրգենի հետ միասին արագությամբ փախուստ էր տալիս Վասպուրական... Այնտեղ պետք է բույն դնել, կենտրոնանալ և այնտեղից դավադրություններ լարել հայ իշխանների, հայոց թագավորի դեմ և յուր սեփական ուժով հարթել ճանապարհը...

Բայց քանի դեռ չէր մտել յուր երկրի սահմանները, նա դեռ երկյուղ էր կրում Յուսուֆից...

Գագիկի գլխում այդ միջոցին սարսափելի փոթորիկ էր, որը տակնուվրա էր անում նրա մտածմունքները: Հանկարծ նրա գլխի մեջ, վիթխարի լեռան նման, կանգ էր առնում մի միտք, որ սարսռեցնում էր մարմինը և փշաքաղում մազերը, նրա աչքերը դուրս էին գալիս, երեսը կարմրատակում էր, ատամները կրճտացնում, իսկ երբ կորչում էր այդ միտքը, նրա ողջ գանգը բռնում էր մի ուրիշ միտք, որ այնպես քաղցր, այնպես դուրալի ազդեցություն էր գործում իր վրա, նրա ջղերը հանդարտվում էին, մահվան դողն անցնում էր, բարկության և սարսափի ներկը անհայտանում երեսից և դեմքին երևում էր մի տեսակ դառն, հեգնական ժպիտ...

Ում դեմ էր այդ դառն ժպիտը, հայտնի չէր, միայն թե այդ մտածելիս նրա հոգին ցնծում էր, և նա ավելի էր շտապում շուտ հասնել Վասպուրական:

Ոչինչ նրան չէր տանջում, ո՛չ քաղցը, ո՛չ հոգնածությունը, նա ամենևին չէր էլ մտածում յուր եղբոր և ձիերի վրա, որոնք բավական տարածություն ետ էին մնացել, իսկ ինքը միայնակ առաջ էր անցել... Երեկոյացել էր արդեն. մութը հետզհետե սկսում էր պատել ամեն տեղ, երբ Գագիկը մտավ մի նեղ ձոր, ուր, քարերի վրա թռչկոտելով, վազում էր լեռնային վճիտ առվակը: Գագիկի ձին տեսնելով ջուրը՝ կանգ առավ, խեղճ նժույգը ծարավ էր և սոված, նա ուզեց գոնե յուր ծարավը հագեցնել, և ինչքան էլ որ Գագիկը քաշեց ձիու սանձը, որքան էլ մտրակեց նրան, տեղից չշարժվեց: Այդ ժամանակ Գագիկը ետ նայեց և յուր ձիավորներին փնտրեց, բայց նրանցից ոչ մեկը չկար: Նա ինչ-որ բան մրթմրթաց քթի տակ և իջավ ձիուց: Նա քաշեց ձին մի կողմ և սկսեց շոյել նրա ճակատը, բայց հոգնած երիվարը ուշք չէր դարձնում նրա շոյանքին և ագահությամբ պրճոտում էր թարմ խոտը:

Խե՜ղճ ձիս, դու սովե՞լ ես: Իրավունք ունիս այս թարմ խոտը վայելելու, մինչև որ մոտակա գյուղից քեզ համար գարի բերեն: Ես էլ եմ սոված, վնաս չկա, պետք է համբերել, ամեն նեղություն տանել, — ասում էր Գագիկը՝ յուր, ձիու հետ խոսելով և սպասելով յուր եղբորն ու ծառաներին, որոնք դեռ չկային, ինչպես երևում է շատ էին ետ մնացել:

Է՜ ... ի՞նչ եղան անպիտանները և ինչո՞ւ նրանք այսչափ ետ մնացին, ի՞նչ պատահեց նրանց հետ: Գուրգենն էլ չկա, այնինչ հետզհետե մութը պատում է և հարկավոր է վաղօրոք գյուղ հասնել, հանգստացնել մեր ձիերին:

Փոքր ժամանակից հետո նրան հասան և մնացած ձիավորները:

Մենք մեռանք, իշխա՛ն, — ասաց Գուրգենը, — մեր ձիերի մեջ էլ ուժ չի մնացել, մի քանի քայլ անցնելուց հետո նրանք կընկնեն և էլ վեր չեն կենա:

Հա՛, բավական տարածություն անցանք, մենք արդեն մոտենում ենք մեր երկրի սահմաններին, մի քանի քայլ և ահա առջևի թմբի տակ հայոց գյուղ կա, այդտեղ գիշերս կմնանք, լավ ընթրիք կանենք և վաղ առավոտ կրկին ճանապարհ կընկնենք:

Սովը սպանում է, ամբողջ օր է նշխարք չենք դրել բերաններս:

Դե՛հ, քայլեցեք գնանք, ժամանակ մի՛ կորցնեք, — ասաց Գագիկը, և ամեն մարդ, իջնելով ձիուց, սանձը ձեռքն առավ ու սկսեց ոտքով քայլել: Եվ երբ բարձրացան ձորից, նրանց երևաց մի գյուղ, որ ավելի ավերակի էր նման, քան բնակավայրի:

Երբ մտան գյուղը, մութը արդեն խտացել էր, և գիշերը յուր սևաթույր թևերը տարածել էր ամեն տեղ:

Ամայությունն ու մեռելությունը տիրում էր ամբողջ գյուղին, կարծես ո՛չ մի կենդանի արարած չկար այստեղ, և կարծես հենց նոր էր մահաբեր փոթորիկն անցել այդ վայրի վրայով և ամեն ինչ խորտակելով, ոչնչացնելով մահացրել էր նրա բնակիչներին... Երբ մեր ձիավորները գյուղ մտան, սառն ամայության դողը պատեց նրանց, և նրանք չիմացան, թե ինչ անեն և որ ավերակի դռանը իջնեն: Ո՛չ մի կենդանի շունչ չդիմավորեց նրանց:

Անցան ավերակ և ամայի մի քանի տների մոտով, և հեռվում նրանց երևաց ճրագի աղոտ մի լույս: Անմիջապես դեպի լույսը դիմեցին: Գագիկը առաջինը ներս մտավ, ուր կանթեղի աղոտ լուսավորության տակ, հին չուլի վրա նստած էր մի ծերունի: Նա այնքան խորասուզված էր յուր մտքերի մեջ, որ չնկատեց անգամ Գագիկի ներս մտնելը:

Բարի երեկո, հայրի՛կ, — ասաց Գագիկը խրոխտ ձայնով:

Ծերունին սթափվեց և իր մեռելային անշարժ աչքերը դարձնելով դեպի Գագիկը՝ տեսավ յուր առջև կանգնած զինված մի մարդ, որն ըստ երևույթին վատ տպավորություն թողեց նրա վրա: Նա բարձրացրեց ձեռնափայտը, որի վրա հենված էր, և կարծես ուզում էր խփել Գագիկին, բայց դողդոջուն ու թուլացած ձեռքերը չպահեցին փայտը և այն ընկավ գետին, իսկ ինքը անշարժ ու սարսափահար աչքերով նայում էր Գագիկին և երկյուղից դողում: Խե՜ղճ ծերուկ, նա դողում էր յուր կյանքի համար, այն թշվառ կյանքի, որի ողորմելի մնացորդները մնացել էին նրա մաշված ու դալկացած մարմնի մեջ...

Գագիկը հասկացավ նրան:

Մի՛ վախենա, ծերո՛ւկ, մենք թշնամիներ չենք:

Ծերուկը, թշնամի բառը լսելով, ավելի կուչ եկավ և ետ ետ գնալով կանգ առավ անկյունում, որտեղից յուր անշարժ հայացքով կրկին նայում էր Գագիկին և նրա ուղեկիցներին, որոնք նոր էին ներս եկել:

Մ՛ի վախիր, ծերո՛ւկ, մենք քեզ վնաս չենք տա, մենք միայն օթևան ենք ուզում, — կրկնեց Գագիկը՝ մոտենալով ծերուկին:

Բայց ծերուկն, ըստ երևույթին, ոչինչ չէր հասկանում և ոչ մի պատասխան չէր տալիս:

Երբ Գագիկը տեսավ, որ նրա բերանից ոչ մի բառ դուրս չի գալիս, դարձավ դեպի յուր ձիավորները.

Ձիերը մի տեղ տեղավորեցեք և աշխատեցեք նրանց համար կեր գտնել, իսկ մենք կմնանք այս գիշեր այստեղ: Ինչպես երևում է ծերուկը երկյուղից սարսափահար է եղել և մեզ էլ թշնամիների տեղ է դնում, բայց մենք շուտով սրա լեզուն կբանանք:

Ծառան ձիերը կապեց, իսկ զինվորներն սկսեցին գյուղի մեջ պտտել ձիերի համար գարի կամ հարդ գտնելու, երկար որոնելուց հետո փլատակ ախոռի տակից հանեցին մի փոքր գարի ու հարդ, և ապա վերադառնալով բաց արին իրենց խուրջինները, ուր ամեն տեսակ պաշարեղեն ու գինի կար:

Գագիկն ու Գուրգենը ագահաբար վրա ընկան պաշարին ու գինուն, իսկ ծերուկը ապուշի նման դեռ նայում էր նրանց՝ չհամարձակվելով տեղից շարժվել:

Հարկավոր է գրավել ծերուկին և հարցուփորձ անել, — ասաց Գուրգենը:

Անպատճառ պետք է իմանալ, թե ի՞նչ է պատահել այս գյուղի հետ, որը մի քանի ամիս առաջ այնքան շեն էր, — պատասխանեց Գագիկը և գավաթը գինի լցնելով՝ դիմեց ծերուկին:

Ծերո՛ւկ, ա՛ռ մի բաժակ գինի խմիր, սա քեզ կզորացնի և քո փակ լեզուն կբանա:

Գինին տեսնելով՝ ծերուկի աչքերի մեջ մի փայլ երևաց, որը շատ շուտով հանգավ, ըստ երևույթին, նա կասկածում էր հյուրերի վրա, բայց երբ Գագիկը զոռով նրան բերեց իր մոտ նստեցրեց, նա խմեց գինին, որը ցնցեց նրա ջղերը:

Հը՜, ի՞նչ է, դո՞ւր եկավ, լա՞վն էր, ա՛ռ էլի խմիր, — ասաց Գագիկը դարձյալ գինու գավաթը մեկնելով նրան: Ծերունին նորից դատարկեց և հետզհետե նրա լեզուն բացվեց, որից Գագիկն իմացավ, որ մի շաբաթ առաջ Յուսուֆի հրոսակները ներս խուժելով գյուղ, ավերակ էին դարձրել այն, իսկ բնակիչներից շատերին գերի էին տարել և շատերին էլ կոտորել: Գյուղում մնացել էր միայն ինքը, այդ ծերուկը, որպես գյուղի միակ կենդանի վկան...

Ծերունին սկսեց մանրամասնություններ պատմել, այնինչ Գագիկն ու Գուրգենը հոգնածությունը չտանելով, տեղն ու տեղը մեկնվել էին և թունդ խռմփացնում էին:

Արշալույսը բացվելուն պես հինգ ձիավորները կրկին շարունակեցին ճանապարհը՝ թողնելով ծերունուն նույն անշարժ դրության մեջ, ինչպես առաջ...

Կապույտ բերդի հանձնվելուց հետո մի տարի էլ անցավ: Կրկին կանաչեցին դաշտերն ու ձորերը, կրկին կենդանություն ստացավ բնությունը, լսվեց թռչունների անուշ ճռվողյունը, մեղմացավ օդը, հալվեցին ձյունն ու սառույցը, և առվակները ուրախ քչքչոցով վազեցին առաջ: Բայց ի՞նչ վիճակի մեջ էր Հայաստանը: Յուսուֆը, Սմբատին մի տարի Դվինի մութ ու խոնավ բանտում պահելուց հետո, դուրս եկավ Դվինից յուր հրոսակներով և կանգ առավ Երնջակի2 բերդի պարիսպների տակ՝ չորս կողմը սփռելով ամայություն ու կոտորած:

Գարնանային արևը ուրախ ժպտում էր, այնինչ Յուսուֆի վրանի առաջ, ճիշտ Երնջակի մեջ պաշարված կտրիճ հայերի ներկայությամբ հետևյալ տեսարանն էր կատարվում: Մի խումբ զինվորների, դահիճների և Յուսուֆի իշխանների առաջ կանգնած էր մի մարդ՝ դժգույն և մեռելային դեմքով: Գլխաբաց և ոտաբոբիկ, պատառոտուն, հին, մաշված շորերը հազիվ էին ծածկում նրա մերկ մարմինը, իսկ տեղ-տեղ բաց մնացած մարմինը կապտած և ուռած էր: Գլխի երկար մազերը ալիքաձև ոլորված էին, իսկ թավ մորուքը անկարգ ծածկում էր նրա դեմքը: Հասակը բարձր էր և վիթխարի, այնինչ նիհարությունն այն աստիճանի էր հասել, որ կարելի էր նրան կմախքի տեղ դնել, եթե չլինեին երկու փայլուն աչքերը, որ լցված էին անհուն երանությամբ: Ո՞վ էր նա, որի հաղթանդամ մարմինը ավերել էին տաժանելի վիշտն ու անտանելի հոգսերը և անփոփոխ թողել միմիայն աչքերը, որոնք փայլում էին այնպես սիրուն, այնպես անվրդով, որ կարծես մարմնական բոլոր վշտերն ու հոգսերը, դառն կսկիծը և թշնամիների արհամարհանքը կապ չունեն իր հետ...

Ի՞նչ աչքեր էին դրանք, որոնք տեսնում էին թշնամիների նախատինքը, նրանց ծաղրուծանակը և այնպես անվրդով, այնպես անխռով ու հանգիստ տանում էին ամեն ինչ՝ արհամարհելով այն, ինչ որ աշխարհային էր ու անցավոր:

Յուսուֆի կալանավորներից էր այդ մարդը, որին նա ուզում էր չարաչար տանջանքներով սպանել ի տես այն համառ հայ պաշարվածների, որոնցից չկարողանալով վրեժ առնել յուր բարկությունը ուզում էր թափել այդ մեկի վրա, որն անզեն ու անմռունչ կանգնած էր յուր առջև և բոլոր տանջանքները տանում էր գերմարդկային դիմացկունությամբ:

Հայոց թագավոր Սմբատն էր այդ նահատակը... Դահիճները մեկ-մեկ մոտենում էին նրան, դնում գլխին մի հին, կոտրատված կասկարա, թքում երեսին և, ծաղրելով, ծունկ չոքում նրա առաջ ու կանչում.

Ողջո՜ւյն քեզ, հայո՛ց թագավոր:

Ապա երկաթե գավազաններով և խարազաններով խփում էին նրան, որից հետո կապտած մարմնից դուրս էր ցայտում արյունը և կաթիլ-կաթիլ ընկնում հողին: Հողը կուլ էր տալիս արյան կաթիլները իբրև սուրբ ավանդ Սմբատ արքայից: Նահատակվողը լուռ էր ու անմռունչ, հառաչանքի և ո՛չ մի ձայն չէր լսվում նրա կրծքից, և սոսկալի հարվածներից առաջացած ցավից չէր ցնցվում նրա դեմքի ո՛չ մի մկանը:

Տեսնում էին դա թշնամիները և տանջանք տանջանքի վրա ավելացնում, որպեսզի նա ուրանա Լուսավորչի հավատը և ընդունի Իսլամի կրոնը: Բայց անհուն տոկունությամբ նա տանում էր ամեն տանջանք:

Նրանցից մեկը, առնելով թագավորի թաշկինակը, կոխեց նրա բերանը և ապա, վերցնելով ճիպոտներից մեկը, սկսեց նրանով թաշկինակը կոխել երանելու որկորը, որպեսզի կտրվի նրա շունչը, բայց Սմբատ թագավորը դեռ շնչում էր ծանր ու մահամերձ և յուր մտքում աղոթք մրմնջում: Դրանով էլ չբավականանալով՝ նրա վզով անցկացրին գելարանը3, ծանր բեռը դրին գլխին և տասը դահիճներ սկսեցին նրան ինչպես մի քար շարժել աջ ու ձախ: Ա՛յդ էլ արին, բայց նա դեռ շնչում էր, դեռ ապրում էր, կյանքի թելը դեռ չէր կտրվել և տանջանքների րոպեն դեռ չէր անցել:

Տեսան թշնամիները, որ կենդանության նշույլ կա նրա մեջ, գազանային վրեժխնդրությամբ լցված, շիկացած երկաթով սկսեցին ավելացնել նրա տանջանքները...4:

Խեղդող ճենճահոտը տարածվում էր ամեն կողմ, թանձրը ծխի գոլորշիները դուրս էին ժայթքում Սմբատի մարմնի այն տեղերից, ուր դիպչում էր շիկացած երկաթը...

Վերջին անգամ բացեց Սմբատ թագավորը յուր աստվածային լույսով լցված աչքերը, վերջին մնաս բարովն ասաց հայրենիքին և վերջին շունչը պիտի փչեր, երբ դահիճը կտրեց նրա գլուխը...

Բարկության փրփուրը բերանին Յուսուֆը հրամայեց նրա դիակը Դվին տանել և ի նախատինք քրիստոնյաների՝ խաչել Քրիստոսի նման... Անկուշտ գազանը նրա արյունից չէր կշտացել, դիակն էլ էր ուզում անպատվել:

Է

Կես գիշեր էր...

Երկրի վրա տիրում էր խորին խավարը: Ո՛չ մի շշուկ, ո՛չ մի ձայն չէր խանգարում մեռելային լռությունը, երբ հեռվից Դվին5 տանող ճանապարհին երևացին երկու ձիավոր:

Նետի արագությամբ նրանք սլանում էին դեպի Դվին, ուր նստած էր Յուսուֆը: Սառը գիշերային քամին փռփռացնում էր նրանց փեշերը, և ձիերի ոտքերի տակից բարձրանում էր թանձր փոշի: Գիշերային խավարի մեջ երկու վիթխարի հսկաների էին նմանվում նրանք, որ արշավելով դեպի Դվին, կարծես ուզում էին մի ակնթարթում ոչնչացնել, լափել ու հիմնահատակ անել այն:

Վիթխարի հասակ ուներ ձիավորներից մեկը, որ մյուսից մի քանի քայլ առաջ էր սլանում. լայն թիկունքը, հաստ ու հուժկու բազուկները մի ամբողջ բանակ կարող էին ոչնչացնել: Թավ, սև մորուքը պատել էր նրա դեմքը, իսկ հրացայտ աչքերը փայլում էին գիշերային խավարի մեջ, ինչպես երկու հրաբուխներ: Բարկության ու վրեժխնդրության կատաղի կրակով էին լցված այդ աչքերը, որոնք նայողին հալեցնում էին ինչպես մոմ:

Ահագին սուրը կախված էր նրա մեջքից, իսկ ծանր սաղավարտը փայլում էր գլխին` գիշերային խավարի մեջ: Պակաս չէր մարմնի կազմվածքով և մյուս ձիավորը, բայց նա չէր կարող յուր ուժով համեմատվել առաջինի հետ: Նա էլ սուր ուներ և ձեռքի երկայն նիզակով անդադար խփում էր ձիուն, որպեսզի ետ չմնա առաջին ձիավորից` յուր տիրոջից: Կարճ ժամանակ անց նրանք մոտեցան Դվին քաղաքին, ուր նույնպես տիրում էր մեռելային անշարժությունը: Հեռվում երևում Էին Յուսուֆի պալատը և հայոց կաթողիկոսարանը: Նրանք մոտեցան Դվինին: Այդ ժամանակ մի քանի շուն սկսեցին հաչել ձիավորների վրա, որոնք, մի փոքր էլ առաջ գնալով, իջան ձիերից և նրանց դեպի ձորը տանելով` կապեցին այնտեղ, իսկ իրենք մտան քաղաք:

Դու լա՞վ ես հիշում տեղը, — հարցրեց առաջին ձիավորը մեզ ծանոթ Դավթին, երբ նրանք մտան լուռ փողոցները:

Ինչպես ցերեկվա լույսը, — պատասխանեց Դավիթը:

Իսկ համոզվա՞ծ ես, որ լույսն ամեն գիշեր իջնում էր նրա խաչված տեղը:

Տե՛ր, ես ինքս աչքովս եմ տեսել: Ինչպե՞ս կարելի է չհավատալ:

Դեհ, ուրեմն առաջ քայլիր և ցույց տուր տեղը:

Դավիթն առաջ անցավ, մի քանի լուռ փողոցներ անցնելուց հետո նրանք կանգ առան հայոց կաթողիկոսարանի առաջ, մի հրապարակի վրա:

Ահա այստեղ էր խաչված հայոց թագավոր Սմբատը, այստեղ Էին անարգում նրա դիակը այդ անօրենները:

Լավ ընտրություն է. ճիշտ հայոց կաթողիկոսարանի դիմաց,— ասաց Դավթի տերը և խոր հոգոց հանեց:

Իսկ ու՞ր է լույսը6, ինչո՞ւ նա չկա:

Կլինի, գուցե դեռ վաղ է. երկնքից լույսն իջնում է, առհասարակ, կես գիշերից անց:

Լա՛վ, ուրեմն, սպասենք:

Բայց տես, տե՛ր իմ, ահա լույսն իջնում է երկնքից, տեսնում ես, ճիշտ մեր գլխին մի տեսակ աղոտ լուսավորություն է երևում, չի անցնի կարճ Ժամանակ և դու կտեսնես հրաշքը, — ասաց Դավիթը և նայեց վեր, դեպի աստեղազարդ երկինքը, ուր, հիրավի, իրենց գլխավերևում, այնտեղ, ուր բևեռել էր Յուսուֆը Սմբատին, երևում էր մի աղոտ լույս, որ հետզհետե ընդարձակվում և պսակի կերպարանք էր ստանում:

Դավթի տերը ծունկի չոքեց և ձեռքերը կրծքին դրեց, անթարթ աչքերով սկսեց նայել լույսին, նրա սիրտը սկսեց դողալ, այն սիրտը, որ չէր դողա, եթե Յուսուֆի ամբողջ բանակը յուր վրա գար:

Պսակը հետզհետե իջնում էր ցած, գալարվում, թռիչքներ անում վերև ու ներքև և կրկին կանգ առնում:

Հանկարծ Դավթի տերը, այն հաղթանդամ հսկան, սարսռեց, նրա մարմնով անցավ մի այնպիսի դող, որ քիչ մնաց արյունը սառեցներ երակներում և ցնդեր ուղեղը:

Նա տեսավ յուր առաջ հայոց Սմբատ թագավորին, որ յուր գունատ և դալկացած աչքերով նայում էր նրան:

Աղաչանքի և աղերսանքի հայացք էր այդ, որ ուղղված էր դեպի իշխանը, որն ապուշ կտրած նայում էր նրան:

Այդ դալկացած և աղերսող աչքերում կարծես թաքնված լիներ վրեժխնդրության և ատելության սարսափելի բոցը, որ դեպի հուր ու մոխիր էր քաջալերում:

Այդ բոցը հալում էր իշխանին, նրա դեմքի մկանները ցնցվում էին, երեսին պատում էր մեռելային գունատություն, այնինչ նա յուր աչքերով կլանում էր Սմբատ արքայի ստվերի յուրաքանչյուր շարժումը, դեմքի ամեն մի գիծը, աչքերի թափանցող հայացքը, որ վիշտ և զարհուրանք էր պարունակում յուր մեջ...

Ստվերի հոգեկան այդ բուռն զգացմունքը շատ խորն էր թափանցում իշխանի սիրտը և այնտեղ յուր ավերմունքն անում, յուր խոր, անջնջելի հետքերը թողնում: Սոսկալի էին այդ հետքերը, զարհուրելի նրա ավերմունքը:

Եռուն կյանքով լի, անհաղթելի ուժի տեր մարդու մարմնով կարծես բյուրավոր մրջյուններ էին վազում, որոնք փշաքաղում էին նրա մարմինը: Նա հետզհետե, կարծես, սառչում էր, դադարում էր կենդանության շարժումը, գիտակցությունը լռում էր, և դառնում որպես կենդանի արձան: Ի՞նչ դրության մեջ էր նրա հոգին, ո՞ւր և որտե՞ղ էր սավառնում՝ հայտնի չէր. միայն նա տանջվում էր, այդ երևում էր նրա դժգույն, մեռելային դեմքից, ուր շարվել էին արտասուքի խոշոր, բայց սառն կաթիլներ... Աշխարհը գոյություն չուներ նրա համար, և ինքը յուր ամբողջ էությամբ ամփոփված էր ստվերի աչքերի մեջ, այդ րոպեին դա էր նրա աշխարհը, որ մեծ էր, քան տիեզերքը, ահարկու և սոսկալի, քան դժոխքը: Նա հասկանում էր այդ աշխարհը, ճանաչում էր նրա հոգեկան վիշտը և սարսռում... Նայեց նա ստվերին, նայեց և հանկարծ խուլ, գերեզմանային ձայնով ասաց.

Երդվում եմ, հա՛յր, որ ոչ մի բարբարոս չթողնեմ Հայաստանում և քո վրեժը տասնապատիկ առնեմ Յուսուֆի հրոսակներից:

Այդ միջոցին ստվերը ժպտաց, ուրախացավ, մի տեսակ անհուն երանություն անցավ նրա գունատ դեմքով. ապա երերաց, ցնցվեց, հետզհետե նոսրացավ, լուծվեց օդի մեջ և պսակի հետ չքացավ...

Տիրեց կրկին խորին խավարը:

Վեր կացավ իշխանը և վրեժխնդրությամբ լի աչքերը չորս կողմ դարձնելով` մի այնպիսի մռնչյուն արձակեց, որ սար ու ձոր դողացին:

Այդ ժամանակ Դավիթը մոտեցավ նրան և ասաց.

Տե՛ր իմ, հինգ թե վեց հոգի Յուսուֆի զինվորներից գալիս են դեպի մեզ: Եթե մեզ ճանաչեն, կռիվն անխուսափելի է:

Թո՛ղ գան: Այդ շներին բոլորին էլ պետք է կոտորել:

Բայց, տե՛ր իմ, նրանք կարող են աղմուկ հանել...

Վեց հոգուց բաղկացած խումբը մոտեցավ նրանց: Եվ Դավթի տերը հանկարծակի մեկին այնպիսի աքացի տվեց, որ նա դիպչելով ընկերոջը, նրան էլ գետին գլորեց: Մյուսները այդ նկատելով, սրերը մերկացրին:

Հսկան ժպտաց և, աներկյուղ մոտենալով, երկուսին բռունցքով այնպիսի հարված տվեց, որ նրանց սրերը երեք գազ ու կես այն կողմ շպրտվեցին, իսկ իրենք անշունչ վայր ընկան ընկերների մոտ:

Խմբից մի հոգու գլուխը Դավիթն էր կտրում, իսկ մեկը սարսափից փախուստ էր ուզում տալ, երբ հսկան, բռնելով նրան, տապալեց գետին և ապա հուպ տալով որկորին՝ գոռաց խրոխտաձայն.

Անհավատ շուն, քեզ կենդանի եմ թողնում, որ լուր տանես Յուսուֆին, թե Աշոտ Երկաթ շահնշահը` Սմբատի անդրանիկը, սուրբ վրեժխնդրության ոգով զինված, պիտի հալածե Յուսուֆին և նրա հրոսակներին: Կարճ ժամանակ չի անցնի, և դրանց հետքը չի մնա Հայաստանում:

Այդ ժամանակ զինվորը Աշոտի մատների ճնշումից խռխռացնում էր և խեղդվելու մոտ էր:

Հը՜, սատկու՞մ ես: Ո՞ւր գնաց ձեր քաջությունը, որ մի մատի ուժին էլ չեք դիմանում, — ասաց Աշոտը՝ Սմբատ նահատակի որդին, և մի աքացի տալով նրան, դիմեց Դավթին.

Դե՜հ, Ժամանակն է գնալու, շուտով արշալույսը կբացվի, հասավ վրեժխնդրության ժամը, անօրենների հետքն անգամ չպետք է թողնել, — ասաց նա: Եվ ապա, հեծնելով ձիերը, նրանք երեսները շուռ տվին դեպի Բագրեվանդ և գիշերային մթության մեջ սլացան առաջ...

Ը

Այժմ մի փոքր կանգ առնենք և տեսնենք, թե ինչ դրության մեջ էր Հայաստանը Սմբատ արքայի նահատակվելուց հետո և ու՞ր էր Աշոտ Երկաթը:

Արաբաց տիրապետության ժամանակ Հայաստանի մեջ գտնվում էին բազմաթիվ մեծ և փոքր իշխանական ցեղեր, որոնցից չորսը ձգտում էին առաջնակարգ դեր խաղալ Հայաստանի մեջ: Այդ մեծ իշխանական ցեղերն էին` Արծրունիք, Սյունիք, Մամիկոնյանք և Բագրատունիք: Սրանցից առաջին երկուսը արդեն վաղուց ձգտում էին հայոց թագավորության հասնելուն, բայց իրենց ներելի և աններելի միջոցներով գործն ավելի փչացրին ու իրենց ցանկացած նպատակին չհասան: Մամիկոնյանք, թեև նոր եկած նախարարություն էին կազմում, նպատակ ունեին լոկ ազգին ծառայել ամենից վեր դասելով ազգության շահերը, քան թե ձգտումը դեպի թագավորությունը, և այդ է պատճառը, որ սրանք թեև ընդհանուր սպարապետի պաշտոններ էին կատարում և ուժը իրենց ձեռքին էր, բայց չօգտվեցին այդ ուժից, և հետզհետե, իններորդ դարի կեսին, կտրվեց նրանց շառավիղը Գրիգոր Մամիկոնյանի մահվամբ:

Բագրատունյանց տոհմը, որ հանդես եկավ Պարթևաց օրով և թագադիր ասպետության պաշտոնն ուներ, հետզհետե առաջնակարգ դեր էր կատարում հայոց մեջ: Սրանց միջից դուրս եկան քաջ և իմաստուն զորավարներ, որոնք Բագրատունյաց անունը փառավորեցին, իսկ իններորդ դարի վերջերին արդեն հաջողվեց թագավորի տիտղոս առնել (885 թ.):

Հայոց բնավորության համեմատ, հենց որ Բագրատունիք ձեռք բերին թագավորական տիտղոսը, մյուս նախարարներն էլ` թե՛ մեծ, թե՛ փոքր սկսեցին գլուխ բարձրացնել և ձգտել անկախության:

Արծրունիք առաջինն եղան, որ Գագիկ Արծրունու ջանքերով ձեռք բերին անկախություն և կազմեցին Վասպուրականի մեջ իրենց տերությունը (908թ.): Դրանից վաթսուն տարի հետո քայքայվեց նաև Բագրատունյաց տերությունը, որ գտնվում էր Այրարատյան երկրում: Եվ Բագրատունիք Վանանդ երկրում կազմեցին առանձին թագավորություն՝ Կարս մայրաքաղաքով, այնինչ այդ ժամանակաշրջանում քայքայվեց նաև Վասպուրականի թագավորությունը, որից առաջացան Ռշտունյաց և Անձևացյաց անկախ տերությունները և ապա հետզհետե Սյունյաց, Բագրատունյաց, Կյուրիկյան (Լոռվա մեջ) թագավորությունները և բազմաթիվ մանրմունր իշխանություններ, որոնցից ամեն մեկը ուզում էր անկախ լինել: Անմիաբանության և խռովության ոգին բուռն կերպով տիրում էր հայերի մեջ: Հույներր և արաբները դրա որմները ցանել էին հայերի մեջ, որ այդպես առատ հունձ էր տալիս՝ քայքայելով իրենց ուժերը և մեկ իշխանին մյուսի դեմ հարուցանելով...

Բագրատունյաց առաջին թագավորը եղավ Աշոտ Ա., որի մահվանից հետո թագավորական գահը բարձրացավ Սմբատը, որը երեք որդի ուներ՝ Աշոտ, Մուշեղ և Աբաս: Սմբատի գլխավոր ջանքը եղավ անկախ մանր տերությունները միացնել իրար, բայց այդ չհաջողվեց նրան, որովհետև չարանենգ Յուսուֆը, կասկածելով Սմբատի հավատարմության վրա և նրա ուժեղանալու վախենալով, հետամուտ է լինում նրան բռնելու, բայց Սմբատը յուր որդիներով դիմադրում է Յուսուֆին: Սմբատի անդրանիկ որդի Աշոտը և մյուս որդի Մուշեղը Նիգ գավառում ճակատամարտում են Յուսուֆի զինվորների դեմ, ուր հաղթվելով Մուշեղը գերի է ընկնում և տարվելով Դվին՝ մահացու դեղով սպանվում է և ապա թաղվում Բագարանում7:

Այնուհետև Կապույտ բերդում Սմբատ արքայի անձնատուր լինելուց հետո, նրա երկու որդիները, Աշոտն ու Աբասը, փախչում են Հայաստանից Յուսուֆի վրեժխնդրությունից վախենալով, որոնցից առաջինը գնում է Կոնստանդնուպոլիս Հունաց Լևոն կայսեր մոտ, իսկ երկրորդը՝ Վրաստան և փեսայանում վրաց թագավորին8:

Աշոտը, որ յուր քաջապինդ արիության համար Երկաթ մականունն ստացավ, որ յուր մատներով կարողանում էր երկաթը ոլորել և զարմացնել բոլորին, յուր հոր մահից հետո Լևոն կայսեր հրամանով վերադառնում է Հայաստան, անվանում իրեն շահնշահ, այսինքն՝ թագավորաց թագավոր, և հալածում արաբներին9:

Ահա այս դրության մեջ էր Հայաստանը, երբ երևաց Աշոտ Երկաթը:

Թ

Բագրևանդ10 գավառում, այնտեղ, ուր սկիզբ է առնում Եփրատի մի վտակը և ուր Գրիգոր Լուսավորիչը մկրտեց Տրդատ թագավորին և հայերին, Նպատ լեռան լանջին բարձրանում էր մի մենաստան, որ իններորդ դարի վերջում ծաղկած և փարթամ դրության մեջ էր: Այդ մենաստանը, որի մեջ քառասունից ավելի կրոնավորներ էին գտնվում, կրում էր սուրբ Գրիգոր անունը, ուր հասնելով՝ ամեն մի ճանապարհորդ կանգ էր առնում և հայկական սովորության համեմատ ընդունում էր վանականների լիառատ հյուրընկալությունը:

Դեռ շատ հին դարերում, երբ հայերի մեջ չէր մտել քրիստոնեությունը, երբ պաշտում էին նրանք չաստվածներին, այդ մենաստանը կրկին գոյություն ուներ և ծառայում էր իբրև հյուրընկալության կենտրոն, միայն թե այն ժամանակ չէր կրում այդ անունը, այլ կոչվում էր Բագավան, Բագնաց ավան և կամ Դից ավան: Բագավանը այդ ժամանակ մեծ դեր էր կատարում հայոց մեջ: Այդտեղ էին գտնվում քրմապետ Մաժանի և նրա եղբոր Տիգրանի գերեզմանները, ուր գտնվում էր նաև Վանատրի հյուրընկալության և ամանորաբեր նոր պտղոց չաստծու բագինը: Այդ բագինը, Խորենացու ասելով, շինել էր վերջին Տիգրան թագավորը, որ յուր քրմապետ եղբոր՝ Մաժանի գերեզմանի վրա հրամայեց բագին շինել, որ դրանց մատուցած զոհերից օգտվեն ամեն ճանապարհորդ ու հյուր, և ապա Վաղարշ թագավորը նավասարդի առաջին օրը աշխարհախումբ տոն կարգեց այդ բագնին: Անցավ ժամանակ, քրիստոնեությունը մուտք գործեց Հայաստան և սուրբ Գրիգոր Լուսավորիչը, վերցնելով այդ կուռքը, դրա տեղ Քրիստոսի հաղթական խաչը տնկեց, բերելով այդտեղ սրբույն Հովհաննու և Աթանագինեի նշխարները:

Բայց որովհետև նավասարդի առաջին օրը մեծ հանդեսով տոնվում էր այդ տոնը և միևնույն ժամանակ տոնվում էր նոր պտուղների, բերրիության տոնը, այդ պատճառով, նույն այդ օրը, Գրիգոր Լուսավորիչը նշանակեց սուրբ Հովհաննու Մկրտչի և Քրիստոսի վկայի՝ Աթանագինեի տոն. այդպիսով հետզհետե մոռացության մատնվեցին հին կռապաշտական տոնախմբությունները, և նրանք տեղի տվեցին քրիստոնեական տոներին:

Այդ իսկ մենաստանում11, ինչպես ասացինք, իններորդ դարի վերջերին, ապրում էին քառասնից ավելի վանական, իսկ տասներորդ դարի սկզբներին հազիվ մնացել էին մի քանիսը, և նա զրկվել էր յուր զարդարանքներից, ոսկուց և արծաթից:

Յուսուֆի հրոսակները, մտնելով Բագրևանդա գավառը, ամեն ինչ տակնուվրա էին արել, չխնայելով անգամ այդ մենաստանը, ուր ամեն ինչ հափշտակելով, սրի էին անցկացրել քառասունից ավելի վանականներ, իսկ մնացածներին՝ փախուստի մատնել: Սակայն վանականներից մեկը, վերադառնալով վանք, ամայի պատերի մեջ շարունակում էր յուր թշվառ գոյությունը` ամեն րոպե մահվան սպասելով այն արաբ իշխանից, որը նստած էր Բագավանում և չորս կողմ մահ էր սփռում:

Ծերունի վանականն էր այդ մենաստանի վանահայրը, քանի՜-քանի՜ թշվառություններ անցել էին նրա գլխով, քանի՜-քանի՜ փորձանքների էր հանդիպել նա, բայց նրա հոգու մեջ այնպիսի խոր վիշտ չէր ընկել, ինչպես հիմա: Երբ նայում էր վանքի մերկ, զարդարանքներից զուրկ պատերին, երբ մտնում էր վանքի ամայի ու դատարկ ամբարներն և մառանները, նրա սիրտը քաղվում էր, աչքերից ընկնում էին արտասուքի կաթիլներ:

Մարտիրոս էր այդ ծերունի վանահոր անունը, որ յուր ընկերակիցների կոտորածից հետո, դեռ մի քանի ամիս չկար ինչ վերադարձել էր վանքը յուր մի քանի ծառաներով:

Երեկոյան դեմ էր: Արևը նոր էր հանգիստ առնում Սուկավ կամ Ջրաբաշխ լեռների կատարներին, երբ Մարտիրոսը լուռ շրջում էր վանքի գավթում և երբեմն նայում հորիզոնին, ուր մայր էր մտնում արևը` յուր ետևից թողնելով կարմրածիրանագույն շերտեր... Ծառաներից երկուսն էլ մտախոհ նստած էին մի քարի վրա և ինչ-որ խոսում Էին:

Next page