Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Հույները վստահ էին իրենց հաղթության վրա, որովհետև գիտեին, որ Հայաստանը տեր չունի, գլուխ չունի, որի թևերի տակ ժողովվելով կարողանար դիմադրել իրենց: Ո՞վ կհանդգներ իրենց առաջ դուրս գալ, քանի որ գահը թափուր է, իսկ տերության խնամակալ Վեստ Սարգիսը` իրենց ձեռքին կույր գործիք:

Եվ երբ դավաճանը լսեց հունաց լեգիոնների Հայաստանի սահմանները մուտք գործելը, նրա սիրտը թունդ առավ և փառասիրության կրակը բորբոքվեց հոգում: Նա զգում էր, որ յուր իղձերը կատարվում են, որ յուր ծրագրերը հետզհետե իրականանում են և մոտ է այն ժամը, երբ արքայական թագը կդնի յուր գլխին և կբազմի Բագրատունյաց գահին:

Այն ժամանակ վա՛յ յուր հակառակորդներին...

Եվ Վեստ Սարգիսը, տնեցիների աչքին թոզ փչելով, հայտնեց նրանց, թե Անիից գնում է յուր կալվածքները և իբր անտեղյակ է հույների Հայաստան մտնելուն, հեծավ յուր նժույգը և սլացավ Անիից դուրս:

Եվ երբ դուրս թռավ Անիի դռներից, նրա դեմքի գծագրությունը փոխվեց, ուրախության ու ցնծության ալիքներ անցան նրա երեսի վրայով և ուժգին մտրակելով ձիուն, երեսը շուռ տվեց դեպի Հայաստանի արևմտյան սահմանները, ուր արդեն ծխում էին հայ գյուղերը:

Նրա ոտքերի տակ կարծես հող չլիներ, կարծես օդի մեջ էր նա սլանում, նրա սիրտը ճաքում էր անհամբերությունից, աշխատում էր որքան կարելի է շուտ հասնել հունաց բանակը:

Թռիր, իմ ձի՜, իմ անուշիկ նժո՜ւյգ, այժմ դու ինձ Անիից դուրս ես բերում որպես մի սոսկ իշխանի, շուտով ներս կբերես իբրև թագավորի, իբրև բովանդակ Հայաստանի միահեծան տիրոջը, — ասում էր Վեստ Սարգիսը և ավելի շտապեցնում ձիուն:

Անցավ մի քանի օր: Ցերեկը գիշեր էր դառնում, իսկ գիշերը` ցերեկ, սակայն Վեստ Սարգսի համար հանգստություն չկար: Նա դեռ սլանում էր առաջ, երբ մի երեկո, հեռու հորիզոնի վրա կրակե բոցեր նկատեց, որոնք երբեմն բոցավառվում էին, երբեմն` հանգչում:

Վեստ Սարգսի դեմքը պատեց անիմանալի մտահոգություն և նա քաշեց ձիու սանձը, առանց աչքը հեռացնելու այդ բոցերից: Նա կարծես զգաց, որ այդ բոցերի մեջ կատարում են մարդկային բարբարոսություններից ամենասոսկալի պատկերներ, նա կարծես իմացավ, որ այնտեղ այրում են հայկական գյուղեր ու կրակին մատնելով հայոց կովերն ու ոչխարները, անդ ու անդաստանը, անխնա կոտորում են յուր իսկ հայրենակիցներին ու ազգականներին...

Վեստ Սարգիսը տխրեց: Նրա սրտի մեջ անցավ մի տեսակ անբացատրելի հույզ, որն առժամանակ հեղաշրջեց նրա մտքերը, նրա հոգու բոլոր տրամադրությունները:

Այդ ի՞նչ կրակներ են, — դարձավ նա իրենից միշտ անբաժան Եղոյին, որը նույնպես հետաքրքրությամբ նայում էր կրակներին:

Տե՜ր, այնտեղ հունաց բանակն է տեղավորված, — պատասխանեց Եղոն` շեղվելով ուղիղ պատասխանից:

Վեստ Սարգիսն ավելի մռայլվեց: Նա ուզում էր լսել, որ այդ կրակներն ուրիշ բան են գուշակում և ոչ թե հրդեհ, ավերածություն, այնինչ Եղոն այդ մասին ոչինչ չասաց, թեև գիտեր նրանց նշանակությունը: «Մի՞թե Եղոն էլ է սարսափում այդ բոցերին նայելիս», մտածեց Վեստ Սարգիսը և կրկին դիմեց նրան.

Եղո՜, ես քեզ հարցնում եմ` այդ ի՞նչ կրակներ են, որ լուսավորում են խավար շրջակայքը:

Հունաց բանակի խարույկներն են, տե՜ր, որի վրա նրանք տաքացնում են իրենց սառած մարմինները, — պատասխանեց Եղոն` մի տեսակ զարհուրելի ժպիտ արձակելով:

Վեստ Սարգիսը նայեց նրան և սարսռեց: Յուր զինակցի դեմքը զարհուրելի էր:

Նրանք լուռ կրկին առաջ անցան: Բոցերը հետզհետե պարզվում էին և նրանց մեջ նկատվում շարժումներ:

Իշխա՜ն, մի փոքր էլ որ առաջ գնանք, կերևա հունաց բանակը: Չե՞ս տեսնում, ահա, բլրի ստորոտում արդեն երևում են հունաց տաղավարները: — Ասաց Եղոն և մատով ցույց տվեց մոտակա բլրի ստորոտը:

Վեստ Սարգիսը ոչինչ չպատասխանեց, և նրանք կրկին առաջ էին գնում, երբ հենց իրենց ոտքերի տակ ստվերների նման բաներ նկատեցին, որոնք, ճանապարհից աջ ու ձախ շեղվելով, շտապով թաքնվում էին թփերի ու մացառների մեջ:

Նրանցից մի քանիսը մինչև անգամ խելագարների նման առաջ վազելով, չնկատեցին ձիավորներին և ուղղակի ձիերի ոտքերի տակ ընկնելով` կանգնեցրին Վեստ Սարգսի ձիուն:

Ո՞վ ես,— կանչեց իշխանը յուր ձիու ոտքերի տակ թավալվող հառաչող կնոջը, որն ամուր գրկել էր յուր ծծկեր երեխային: Հուսահատված կինը, երբ նկատեց իշխանական զգեստը և լսեց հայ լեզուն, ուրախությունից փաթաթվեց ձիու ոտքերին և հառաչելով կանչեց.

Տե՜ր, ազատեցեք մեզ, խղճացեք, մեզ կոտորում են

Ո՞վ է կոտորում, — հարցրեց խեղդված ձայնով Վեստ Սարգիսը:

Հույները, տե՜ր, նրանք կրակ տվին մեր գյուղը և անխնա կոտորում են մեզ:

Իշխա՜ն, թողեք դրանց և մենք շտապենք առաջ, չե՞ս տեսնում, ահա մի խումբ հունաց զորքերից դեպի մեզ է գալիս, — ասաց Եղոն և ցույց տվեց իրենց մոտեցող զինվորների փոքրիկ խումբը:

Վեստ Սարգիսը ցնցվեց, թափ տվեց ձիու սանձը և յուր ձիու ոտքերի տակ կոխկրտելով հառաչող կնոջը` սլացավ առաջ: Նա լսեց, թե ինչպես կինը սուր, սիրտ կտրատող ձայնով ծղրտաց ու մորմոքվող ձայնով կանչեց.

Անիծյալ լինես դու, սպանեցիր իմ ծծկեր մանկանը

«Անիծյալ լինես», մռմռում էր ինքն իրեն Վեստ Սարգիսը և սլանում առաջ, մինչդեռ այդ խոսքերը անջնջելի կերպով դրոշմվում էր նրա հոգու մեջ:

Վեստ Սարգիսը և Եղոն մի փոքր էլ առաջ գնացին, երբ հույների զինված խումբը կանգնեցրեց նրանց:

Ո՞վ եք դուք և ո՞ւր եք գնում, — հարցրեց խմբապետը` սուրը մերկացնելով և կտրելով իշխանի առաջը:

Զենքդ ցա՜ծ դիր, մենք թշնամիներ չենք, այլ բարեկամներ, — ասաց խրոխտ ձայնով Վեստ Սարգիսը, արյունը բորբոքվեց նրա երակներում: Նա զգում էր, որ բախտը յուր հետ կատակներ է անում և հասարակ զինվորն անգամ յուր դեմ զենք է բարձրացնում:

Ուրեմն ձեզ կտանենք մեր բանակը, և այնուհետև ինքը հրամանատարը գիտե, թե ինչպես կվարվի ձեզ հետ, — պատասխանեց խմբապետը:

Ո՞րտեղ է ձեր հրամանատարի վրանը, ցույց տվեք ինձ, — ասաց իշխանը:

Այս րոպեիս մենք ձեզ կտանենք, — ասաց խմբապետը և, յուր խմբով շրջապատելով իշխանին և յուր զինակցին որպես գերիների, մտավ հունաց բանակը:

Վեստ Սարգիսը, երբ աջ ու ձախ նայեց, տեսավ, որ ամբողջ հունաց բանակը խինդ ու ուրախության մեջ է: Հունաց բանակում սկսվել էր կերուխումը, հայ շինականների արյուն քրտինքի ավարով

ԺԵ

ԼԵՌՆԵՐԻ ԱՎԱԶԱԿԸ ԳԱԼԻՍ է

Երկու ձիավոր Կարին քաղաքից նոր դուրս եկան և ձիերի գլուխները դարձնելով դեպի Շիրակ, դանդաղությամբ առաջ էին գնում: Տխուր և մռայլ էին նրանք: Ո՜չ մի ժպիտ, ո՜չ մի ուրախության նշան չէր երևում նրանց դեմքերին և բնության շքեղությունն անգամ չէր ազդում նրանց վրա, այնինչ Հայաստանի սիրուն բնությունը ժպտում էր ու հրճվում:

Լեռներն ու դաշտերը ծածկված էին գույնզգույն ծաղիկներով, և կանաչ թավշապատ բուսականությունը շլացնում էր մարդու աչքը:

Ձորերի միջով և ժայռերի վրայով թռչում էին սառնորակ աղբյուրների ջրերը, գահավիժում էին ցած ու բյուրավոր կաթիլներ գոյացնում և ադամանդների նման պսպղալով արևի ճառագայթների տակ, ուրախ կարկաչով վազում էին առաջ: Բլբուլը ձայնակցում էր նրանց խոխոջին, իսկ արտույտը, սլանալով վեր, այնտեղից մրցում էր նրանց հետ, հնչեցնելով յուր զիլ ու մետաղյա մեղեդին

Բայց այդ բոլորը ճանապարհորդների սրտին ոչ մի հետք չէր թողնում, ոչ մի տպավորություն չէր գործում: Քար էին կտրվել կարծես նրանց սրտերը և մռայլության հաստ քողով պատել նրանց հոգիները:

Նրանք երկուսն էլ զինված ու զրահավորված էին, հաղթանդամ էին ու լայնաթիկունք:

Երկար ժամանակ լուռ առաջ էին գնում, երբ նրանցից մեկը ընդհատեց լռությունը.

Ստեփանի՜կ, տեսնո՞ւմ ես արդյոք, թե ինչեր է կատարվում մեր շուրջը:

Այո՜, իշխան, տեսնում եմ: Զգում եմ, որ Հայաստանը նորից ավերմունքների ասպարեզ է դառնում, — պատասխանեց Ստեփանիկը Հաբելի որդի Հարպիկին:

Բայց ի՞նչ են ուզում հույները մեզանից, ինչու՞ նրանք մեզ հանգիստ չեն թողնում:

Հը՛մ, ի՞նչ են ուզում... Հայաստանի գահը ոչնչացնել:

Հետո՞, դրանով ի՞նչ կօգտվեն: Չէ՞ որ Հայաստանը Հունաստանի համար մի պատնեշ է կազմում և բարբարոսների ամեն մի հարված առաջ հայերն են իրենց ուսերի վրա կրում, այնինչ, եթե Հայաստանը չլինի, այդ հարվածները իրենք պետք է կրեն:

Այդքան հեռուն հույները չեն մտածում, իշխա՜ն, նրանք փառասեր մարդիկ են և ցանկանում են միայն, որ իրենց տերության սահմանները ձգվի մինչև աշխարհի

վերջը:

Շատ բան կարող են ցանկանալ, Ստեփանի՜կ, բայց տվողն ո՞վ է: Հայաստանը մեռած չէ, որ հույները նրան հեշտ գրավեն: Եթե ծանոթ չեն լեռների ավազակին, կծանոթանան և համը կտեսնեն:

Բայց մինչև ծանոթանալը նրանք ավերում են Հայաստանը և հետզհետե նրա սրտին մոտենում:

Թո՜ղ մոտենան... բայց ահա ինչ-որ խումբ է երևում: Ստեփանի՜կ, ես կարծում եմ, որ դրանք բարեկամներ չեն, այլ թշնամիներ, և վա՛յ նոցա, եթե հիրավի հունական գնդերից լինեն, — ասաց Հարպիկը և վահանը առաջ քաշելով կռվի պատրաստվեց:

Ստեփանիկն այն կողմ նայեց և հիրավի նկատեց մոտ քսան-քսանհինգ զինված մարդ, որոնք ուղղակի դեպի իրենց են գալիս:

Լավ ես անում, Հարպի՜կ իշխան, դրանք հունական լեգիոններից են երևում, պետք է կոտորել դրանց, բայց...

Ի՞նչ բայց, մի՞թե վախենում ես նրանց շատությունից:

Չէ՜, Հարպիկ իշխան, Ստեփանիկը վախկոտներից չէ, բայց պետք է իմանալ, որ նրանց ետևից մեծ գունդ կլինի և մեր ուժերից վեր կլինի նրանց դիմադրել:

Լեռների ավազակը հետոյի միասին չի մտածում, պատսպարվի՜ր, նրանք մոտենում են, — ասաց Հարպիկը և սուրը պատյանից հանելով մղվեց հունաց խմբի մեջ:

Նրան հետևեց և Ստեփանիկը:

Հունաց խումբը մի վայրկյան սառածի նման կանգ առավ: Նա երազ էր համարում և չէր կարողանում բացատրել, թե ինչպես կպատահի, որ երկու մարդ հանդգնեն մի խմբի վրա հարձակվելու. սակայն, երբ նկատեց, որ դա երազ չէ, այլ իրականություն, երբ նկատեց, որ իրենցից մի քանիսը դիաթավալ ընկան, այն ժամանակ նրանք սրերը հանած շրջապատեցին մեր քաջերին:

Անիծյալնե՜ր, ու՞մ դեմ եք սուրը բարձրացնում, մի՞թե չեք ճանաչում լեռների ավազակին, — ասաց Հարպիկը և յուր սուրը վրա բերելով ճղեց երկուսի գլուխը և ապա հարձակվեց մյուսների վրա: Նույն հունձն էր անում նաև Ստեփանիկը, և հույները մեկը մյուսի ետևից արյունաթաթախ վայր էին գլորվում ձիերից, երբ նրանցից մեկը ձիու երեսը շուռ տվեց և փախավ: Նրան հետևեցին և մյուս ողջ մնացածները:

Հարպիկը քա՛հ-քա՛հ ծիծաղեց և ետևներից կնչեց.

Վախկո՜տ շներ, ու՞ր եք փախչում, մի՞թե այդքանդ երկու մարդու ուժ էլ չունեք:

Հը՛մ, իշխա՜ն, լավ որս էր, մեր համն առան, ամեն մեկիս բաժինը վեց-վեց ընկավ: Ափսո՛ս, շատ ափսոս, որ մնացածները փախան, — ասաց Ստեփանիկը և արյունոտ սուրը սրբելով ընկած հույնի շորերի վրա, պատյանը դրեց և նրանք կրկին լուռ սկսեցին առաջ գնալ, թողնելով դիակները գիշակեր ագռավներին կերակուր:

Մութն ընկավ և նրանք ճանապարհին մի իջևան հասան, ուր ձիերից ցած իջնելով, ընթրիքի նստան: Այսօր բավականին գործ էին շինել և բավականին երկար ճանապարհ կտրել, Հարպիկն ու Ատեփանիկը մեծ կարիք ունեին հանգստության:

Բեր, Ատեփանի՜կ, տեսնենք ի՞նչ ունես, հարկավոր է շուտ ստամոքսներիս բավականություն տալ, հանգստանալ, — ասաց Հարպիկը:

Իշխա՜ն, այս իջևանատանը ոչինչ չգտա ուտելու, միայն մի գառ են խորովում և շուտով կբերեն: Անիծված հույները ամեն բան սպառել են:

Է՛, հոգ չէ, քչով բավականանանք, գինի ու գառ կա, այսօր դա էլ բավական է, — ասաց Հարպիկը և քիչ հետո ամբողջ գառը առաջները դնելով սկսեցին անուշ-անուշ ուտել և գավաթներով գինին խմել: Կարճ ժամանակ անցավ և նրանց առաջ դրված գինին և գառը անհետացավ: Երբ վերջացրին իրենց ընթրիքը, Հարպիկ իշխանը թիկն տվեց, և սկսեցին երկու բարեկամ զրույց անել: Իջևանատունը հետզհետե լցվում էր հյուրերով, որոնց խոսակցությունը հույների մասին էր, որոնք վերջին օրերը հեղեղել էին այդ կողմերը:

Հույները սաստիկ կատաղած են հայերի վրա, — ասում էր մի հաստափոր մարդ, որ հենց նոր էր ներս մտել իջևանատուն և սփրտնած դեմքով պատմում էր իրեն խոսակից մի ուրիշ հայի:

Ինչու՞, ի՞նչ է պատահել, — հարցրեց մյուսը:

Նրանց առաջապահները, թվով քսան, քսանհինգ հոգի, որոնք այսօր հենց այստեղից վերադառնալիս են եղել դեպի գլխավոր բանակը, ճանապարհին պատահում են երկու մարդու, որոնք հարձակվելով դրանց վրա, կոտորում են տասներկու մարդու, իսկ մյուսներին փախուստի են մատնում, և ահա այդ պատճառով նրանք սպառնում են բոլոր հայերին սրի անց կացնել:

Մի՞թե ճիշտ է, որ երկու մարդ կարող են այդքան մարդ կոտորել:

Ես ինքս տեսա սպանվածների դիակները, բարեկա՜մ, չհավատալ անկարելի է, — ասաց հաստափոր մարդը:

Եվ ո՞վքեր են եղել այդ քաջ մարդիկ, — հարցրեց մյուսը:

Անունները հայտնի չեն, բայց ասում են, որ լեռների ավազակներ են եղել:

Հա՜, հասկանում եմ, Հաբել իշխանի որդիք կլինեն, ես լսել եմ նրանց մասին, — մեջ ընկավ իջևանատերը:

Բայց գիտեք, բարեկա՜մ, հունաց բանակը հենց այս գիշեր կարող է այստեղ երևալ, և վա՜յ քեզ, եթե պատրաստություն չես ունենա նրանց հյուրասիրելու:

Տերը մի՜ արասցե, որ նրանք կրկին այս կողմերը երևան, ես ի՞նչ ունեմ, որ ինչ պատիվ տամ, — ասաց իջևանատերը և վախվխելով ետ քաշվեց:

Հարպիկն ու Ստեփանիկը լուռ լսում էին հյուրերի խոսակցությունը և քմծիծաղ տալիս: Երևում էր, որ հյուրերից ոչ ոք չէր ճանաչում իրենց և ոչ ոք էլ չէր հետաքրքրվում իրենցով: Երբ այդ խոսակցությունները վերջացան, Հարպիկն ու Ստեփանիկը մեկնվեցին թախտին և իրենց թիկնոցը վրաները ձգելով` անուշ քուն մտան:

Կարճ Ժամանակ էին քնել, երբ իջևանատանը խիստ մեծ իրարանցում ընկավ: Գոռում-գոչյունը, հայհոյանքը և ձիերի դոփյունները խառնվեցին իրար:

Երբ Հարպիկն ու Ստեփանիկը աղմուկից իրենց գլուխները վեր բարձրացրին, դահլիճը, ուր իրենք անուշ քուն էին մտել, հույներով լիքը գտան: Նրանցից մեկը բռնել էր իջևանատիրոջ օձիքից և շարունակ թափահարելով` գոռում էր.

Անիծվա՜ծ հայ, այս րոպեիս մեզ համար ընթրիք պատրաստիր, թե չէ գլուխդ կթռչի:

Իջևանատերը երկյուղից գլուխը կորցրել էր և դողդոջուն ձայնով կանչում էր.

Ողորմացե՜ք, տյա՛րք ես ամեն ինչ կպատրաստեմ:

Դե, գնա իսկույն պատրաստիր, — ասաց հույն իշխանը և նրա վզին հրելով` թողեց նրան:

Իջևանատերը մի րոպեում անհետացավ, այնինչ հույները գավերով գինին առաջները քաշելով, սկսեցին ագահությամբ խմել և հայհոյական երգեր երգեր: Նրանք մինչև անգամ չնկատեցին Հարպիկին և Ստեփանիկին, որոնք թիկն տված դեռ լսում էին և սպասում, թե ինչ պիտի լինի վերջը:

Նրանք տեղից շարժվելու մտադրություն անգամ չունեին, թեև հասկանում էին, որ եթե ճանաչեն, որ լեռների ավազակներն իրենք են, այն ժամանակ նրանց փրկություն չկար:

Զոյա՛, քաշիր գինին գլուխդ և խմիր, քեֆ անելու տեղեր են, այստեղ որքան կարելի է պետք է քեֆ անել, թե՜ գինին է ձրի և թե՜ սիրուն օրիորդները: Չէ՞ որ մեր հրամանատարը իրավունք է տվել սրտներս ուզածները գործադրել հայերի վրա,-ասում էր մի հույն իշխան մյուսին:

Հա, դրա մասին խոսք չունեմ, մենք ավելի լավ ավար կունենանք, երբ Անի քաղաքը հասնենք, բայց թե մինչև այնտեղ հասնելը, ես վառվում եմ վրեժխնդրության կրակով: Այսօրվա անպատվությունը, որ հասցրին ինձ երկու ավազակները, մոռանալ չեմ կարող: Թե նրանք մի անգամ էլ ճանկս ընկնեն, էլ նրանց ազատում չկա, — պատասխանեց մյուսը և գինու ամբողջ գավաթը գլուխը քաշեց:

Հարպիկը և Ստեփանիկը իրար երես նայեցին: Նրանց աչքերը վառվեցին կատաղությամբ և հանկարծ ոտքի կանգնելով, սրերը մերկացրին:

Ո՞վ էր, որ լեռների ավազակին ուզում էր կրկին պատահել, ես այստեղ եմ, անօրե՜ն հույնի գլուխ:

Հույները երկյուղից կարկամեցին. նրանցի մի քանիսը միայն սրերը մերկացրին, սակայն, գլուխները գինուց այնքան տաքացել էին, որ պղտոր աչքերով չէին էլ նկատում, թե ինչպես Հարպիկի և Ստեփանիկի սրերը իրենց հունձն էին անում և դանդաղությամբ դեպի դուռը գնում:

Հույներն ուշքի եկան այն ժամանակ, երբ նկատեցին, որ իջևանատանը էլ չկան լեռների ավազակները, այլ նրանք այդտեղ էլ մի քանիսին կոտորելով` անհետացել էին

ԺԶ

ՎԻՐԱՎՈՐՎԱԾԸ

Դարբին Ղևոնդը մի քանի տեղից վիրավորված, փորսող տալով սողում էր առաջ, դեպի ու՞ր` ինքն էլ չէր հասկանում: Նա չգիտեր, թե իրեն հետ ի՞նչ է պատահել, կամ ի՞նչ է կատարվում, զգում էր միայն, որ աչքերը հետզհետե մթնում են, գիտակցությունը խավարում և ինչ-որ մի խոր կսկիծ ցնցում է մարմինը: Նա ձեռքը տանում էր դեպի վիրավորված տեղերը և երբ զգում էր թացություն, ինքն իրեն զարմանում էր, թե ո՞րտեղից է այդքան ջուր, և ինչու՞ յուր ձեռքերը թաց են լինում... Խեղճը չէր հասկանում, որ ինքը յուր սեփական արյան մեջ է լողում...

Նա արդեն հասել էր յուր նազելի աղջկա` Լուսիկի ձեռատունկ պարտեզը, ուր, վարդի մի թփի տակ, դադար առնելով, դարբինը մի խոր հառաչանք արձակեց և ցավից կուչ եկավ: Այստեղ նա զգաց, որ այլևս չի կարողանում առաջ գնալ, ու ցավը սոսկալի կերպով նեղացնում է իրեն: Համարյա թե անզգա դարբինը ցավի կսկծից սկսեց հողը ճանկռոտել և վարդի ճյուղերը կոտրատել. այդ այն վարդի թուփն էր, որից Լուսիկը ամեն առավոտ անուշահոտ փունջ էր կազմում և զարդարում սենյակը, իսկ այժմ հենց նույն թփի տակ կիսամեռ ընկած էր դարբին Ղևոնդը և անօգնական-անտեր, ամենքից մոռացված մեռնում էր: Կտրվում էր նրա կյանքի թելը: Ո՞ւր է Լուսիկը, ո՞ւր է յուր սիրած, փայփայած աղջիկը, մի՞թե մոռացավ հորը...

Ո՛հ, մի կաթիլ ջուր, ես պապակում եմ, — կանչեց նա և ցավից կծկվելով շուռ եկավ և մեջքը դեպի գետին անելով յուր խավարած աչքերը դարձրեց դեպի անհուն երկնակամարը, ուր ջինջ եթերում այնպես սիրուն փայլփլում էին աստղերը:

Եվ դարբին Ղեոնդը նայում էր երկնքին, նայում յուր պաղ, անթարթ, սարսափով լցված աչքերով և դիտում աստղերը: Նա ճիգ էր թափում իմանալ, թե այդ ի՞նչ ճրագներ են և ինչու՞ այդքան շատ, ո՞վ է վառել այդքան ճրագներ, ինչու՞, ինչի՞ն է պետք, չէ՞ որ յուր խրճիթի մեջ միայն մի ճրագ է վառվում, որն աղոտ կերպով լուսավորում էր շուրջը... այնինչ ճրագները և՜ շատ են, և՜ խիստ լուսավոր, որոնց լույսը խտղտեցնում է յուր աչքերը... Դարբին Ղեոնդը ճիգ է անում փակել աչքերը, չնայել այդքան բազմաթիվ ճրագներին, սակայն բոլորը զուր է անցնում, նա զգում է, որ յուր աչքերը չեն փակվում, այնինչ ճրագները ավելի ու ավելի պայծառ են փայլում...

Հանկարծ դարբնի տանջված դեմքին մի ժպիտ է երևում, մի ժպիտ, որ առժամանակ մոռացնել է տալիս ամեն ինչ, և նրա հոգին ցնծում է: Այդ ժամանակ նա միտն է բերում յուր Լուսիկին և բազմաթիվ ճրագներ վառելու պատճառն իմանում: «Հըմ, — մտածում է նա, — Լուսիկիս հարսանիքն է, այժմ ես հասկանում եմ, թե ինչու Լուսիկը այսքան ճրագներ է վառել»:

Է՛յ, Լուսիկ, սիրելի՜ աղջիկս, չե՞ս տեսնում, ձեռքերս մրոտ են, երեսս` կեղտոտ, ջուր բեր, որ մաքրվեմ, զարդարվեմ և սկսեմ իմ պարը, իմ յայլին... չէ՞ որ իմ միակ ուրախությունը դու ես, իմ աչքերի լույս, իմ ազիզ աղջիկ... բայց փեսան ինչու՞ է ուշանում, ինչու՞ չի գալիս... Է՛հ, կրկին նա յուր գժությունները միտքն է բերել... բայց այս ի՞նչ է, հանգան ճրագները, սրտիս վրա էլ ծանրանում է մի ծանր բեռ, աչքերս մթնում են, աղջի՜կս: Լուսի՛կ, Լուսի՛կ, ո՞ւր գնացիր, ինչո՞ւ ինձ միայնակ թողիր, մի՞թե ինձ չես խղճում... խղճա՜, ո՛հ, խղճա՜, կրծքիս ծանր բեռը վերցրու և վառիր ճրագները:

Խավարեց դարբնի միտքը և ամեն ինչ անհետացավ նրա աչքերից: Նրա աչքերը թեև բաց էին, բայց ոչինչ չէին տեսնում, նրանք կորցրել էին իրենց տեսողության կարողությունը: Նա մինչև անգամ չլսեց ձիերի դոփյունները, որոնք լսելի էին լինում Անիի կողմից: Դարբին Ղևոնդը չզգաց մինչև անգամ, թե ինչպես մի խումբ ձիավորներ կանգ առան հենց յուր գլխի մոտ և զգուշությամբ բարձրացրին նրան:

Այդ խմբի մեջ կար մի դեռահաս օրիորդ, որ շատ անգամ յուր հետ զրույց էր արել, շատ անգամ իրեն մխիթարել, Գոհարիկն էր այդ օրիորդը, Վահրամի դուստրը, որն Անիից նկատելով հրդեհի ցոլմունքները, շտապել էր օգնության հասնել: Արտասվալից աչքերով Գոհարիկը ծունկ էր չոքել դարբնի առաջ և յուր ձեռքերով լվանալով նրա վերքերը, աշխատում էր դադարեցնել արյունահեղությունը: Դարբինը չէր տեսնում և չէր զգում: Օ՛, եթե նա տեսներ, թե ո՞վ է իր մոտ գտնվում, խորին ակնածությամբ ոտքի կկանգներ և կասեր.

Բարի ես եկել, իշխանուհի՜, տունը քոնն է, հրամայիր ինչ որ ուզում ես: — Սակայն, այժմ լուռ էին նրա շրթունքները, անշարժ նրա դեմքի մկանները: Մեռելային գունատությունը արդեն պատել էր նրա տանջալից դեմքը:

Հայրի՜կ, հայրի՜կ, ձայն տուր, քո իշխանուհին է կանչում, — ասում էր Գոհարիկը և աչքերից հոսեցնում արտասուքի առատ աղբյուրներ:

Ջո՛ւր, մի՜ կաթիլ ջուր, — կանչեց հանկարծ դարբինը և ցավից սկսեց կրկին հողը ճանկռտել:

Գոհարիկը ջուր տվեց նրան և նրա մեջ հույսը կենդանացավ: Նա զգաց, որ պետք է փրկվի դարբինը, որի վերքերը թեև ծանր, բայց մահացու չէին: Դարբին Ղեոնդը միայն արյունաքամ էր եղել:

Վերքերը կապելուց հետո Գոհարիկը հրամայեց զգուշությամբ տեղափոխել նրան մոտակա հովվի խրճիթը, ապա, դիմելով իրեն հետ եկող մարդկանց, հարցրեց.

Չգտա՞ք օրիորդին:

Ո՛չ, իշխանուհի՜, նրա հետքն էլ չկա:

Լուսիկիս գտեք, թե չէ ես կցնորվեմ, — ասաց Գոհարիկը սրտակտուր ձայնով:

Իշխանուհի՜, մենք ամեն տեղ ման եկանք, ո՜չ մի տեղ չգտանք նրան` ո՜չ մեռած, ո՜չ կենդանի:

Մոխրի և փլատակների տակ տեսեք, գուցե նա այրվում է:

Մենք ամբողջ տունը շուռ տվինք, ոչ մի տեղ չի երևում:

Ա՛խ, ուրեմն չարագործները, սպանելով հորը, հափշտակել են աղջկան, — ասաց խելակորույս Գոհարիկը և հայացքը շուռ տալով, աղեկտուր ձայնով կանչեց.

Լուսի՛կ, Լուսի՛կ, ու՞ր ես դու, ձայն տուր, քո քույրիկն է քեզ կանչում:

Բայց Լուսիկը չկար: Գոհարիկի հարցին գերանները պատասխանեցին իրենց ճարճատյունով:

Մի քանի հոգի հետևեցեք չարագործներին, գուցե ետ դարձնեք Լուսիկին, — հրամայեց Գոհարիկը, հուսահատությամբ կոտրատելով յուր ձեռքերը:

Ձիավորները թռան զանազան կողմեր` Գոհարիկին թողնելով վիրավորվածի մոտ: Այդ ժամանակ հորիզոնից յուր գլուխը հանեց մաշված և դժգույն լուսինը և թույլ լույսով լուսավորեց սգապատ տեսարանը...

ժԷ

ՍՐՏԱՃՄԼԻԿ ՊԱՏԿԵՐ

Ստեփանիկի սիրտը թունդ առավ, երբ մոտեցավ Անիի տափարակի վերջին բլրին: Երիտասարդական արյունը սկսեց բորբոքվել նրա երակների մեջ և աչքերը լցվեցին անհամբերության կրակով: Նա զգում էր, որ այդ բլուրը անցնելուց հետո պիտի երևա դարբին Ղևոնդի խուղը և յուր նազելու ձեռատունկ անդաստանը: Սակայն նույն ոգևորությունը չէր տիրում նրա ընկերակցի դեմքին: Հարպիկը մռայլ էր ու տխուր: Նրա սիրտը չէր թնդում, չէր տրոփում Ստեփանիկի սրտի նման, թեև ինքն էլ պիտի տեսներ յուր սիրելի Գոհարիկին: Հարպիկն, ընդհակառակը, ցուրտ էր և սառն, նրա դեմքին երևում էին մի տեսակ ցնցումներ, որոնք կարծես վրեժխնդրության ու կատաղության ցոլմունքներ լինեին: Այդ միջոցին նա չէր մտածում Գոհարիկի մասին, չէր փափագում տեսնել նրա լուսաթաթախ դեմքը, խոսել նրա հետ, այլ այդ իսկ րոպեին նրա գլխում բոլորովին հակառակ մտքեր էին անցնում, որոնք ստիպում էին նրան այլայլվելու: Այդ միջոցին Հարպիկի գլխում արյան և կոտորածի տեսարաններ էին անցնում, ուր ինքը վրեժխնդրության ծարավի` մղվում էր թշնամիների մեջ և կոտորում նրանց: Նա կոտորում էր անխնա, առանց հոգնելու կոտորում էր, իսկ թշնամիները մեկը մյուսի ետևից սունկի պես նորից բուսնում էին և ոտնատակ տալիս յուր հայրենիքը:

Ա՛խ, ի՞նչ են ուզում նրանք խեղճ Հայաստանից, ինչու՞ հանգիստ չեն թողնում: Մի՞թե աստծո առաջ հայն այն տեսակ հանցանք է գործել, որ նա նրան դատապարտել է հավիտյան տանջվել, հավիտյան ոտնատակ լինել... Ո՛հ... աստված, ինչու՞ հայերին ջարդում են և նրանց շենն ու քաղաքը մոխրի կույտեր դարձնում: Մի՞թե բավական չէր պարսիկների, արաբների, թաթարների և հազար ու մի ազգերի արշավանքները, որ այժմ հույնն էլ է ոտքի տակ տալիս մեզ: Ի՞նչ է ուզում նա մեզանիցմեր հայրենիքը, մեր պապերի արյան քրտինքով պահած ու մեզ հասցրած ազատությունը,.. Հը՛մ, քավ լիցի, այդ երբեք չի ստանա հույնը, եթե ամբողջ յուր լեգիոնները Հայաստան ուղարկի: Հայաստանում դեռ ապրում են մարդիկ, որոնք իրենց հայրենիքի համար կկռվեն մինչև իրենց արյան վերջին կաթիլը և վա՜յ հույներին, որոնք լեռների ավազակների սրի բերանը կընկնեն, — ասաց Հարպիկը, ոտքերով խթեց ձիու կողերին և սուրը պատյանից հանեց: Նրա ձին մի թռիչք արավ և սլացավ առաջ: Ստեփանիկը, որ նույնպես մտածության մեջ էր ընկած, երբ տեսավ Հարպիկի սուր հանելը, ինքն էլ հանեց սուրը և սլացավ Հարպիկի ետևից: Նա կարծեց, թե վտանգ է սպառնում իրենց:

Բայց այդ ժամանակ նրանց առջև բացվել էր տափարակը, Անիի հրաշալի տափարակը, որի մեջ, նազելի հարսի նման, նստած էր Անին յուր հազար ու մի եկեղեցիներով, աշտարակներով, բրջերով և հաստ ու պինդ պարիսպներով:

Երկու երիտասարդի սրտերը թունդ առան և նրանք, կանգնեցնելով ձիերը, գլխարկները վերցրին, երեսները խաշ քաշեցին և պահ մի սկսեցին լուռ աղոթք մրմնջալ:

Անիի հրաշալի տեսարանը ցնցեց երկուսի սիրտն էլ:

Հիրավի բան կար ցնցվելու: Անին այդ ժամանակ հրաշալի էր: Արևի վերջին կարմրածիրանագույն ճառագայթները ընկել էին նրա վրա և աննման տեսք տվել նրան: Եվ երկու երիտասարդներին թվում էր, թե նրանք գտնվում են դյութական աշխարհում, ուր աներևույթ զորությունը նրանց առաջ էր դրել մի հրաշալի, աննման քաղաք, որի աշտարակները, անթիվ եկեղեցիների գմբեթները, պալատներն ու դիտարանները շրջապատվել էին բոցերով և իրենց աչքի առաջ հուրհուրատին էին տալիս:

Եվ ձիավորները մտածում էին. «Մի՞թե սա իրականություն է, մի՞թե սա ցնորք չէ... Մի՞թե, տե՜ր, կգտնվի այսքան փարթամ, շեն և հրաշալի քաղաք, ինչպիսին Անին է... Որի՞ ձեռակերտն է դա, հողեղենի ձեռքերո՞վ է շինված, թե երկնային մի ուժ է այդ աշտարակների և եկեղեցիների գմբեթները բարձրացրել...»:

Բայց ցնորք չէր դա, նրանք Անիի, Բագրատունյանց թագավորության աթոռանիստ քաղաքի առաջ էին կանգնած:

Եվ հույներն այս քաղաքը ուզում են իրենց ձե՞ռքը գցել, — մռմռաց Հարպիկը և ձին մտրակեց:

Բայց սպասիր, Հարպի՜կ իշխան, խուղը, խուղը չի երևում, մի՞թե աչքերս խաբում են, թե՞ ես չեմ տեսնում, — ասաց Ստեփանիկը` աչքերը հառելով:

Ի՞նչ խուղ,— հարցրեց Հարպիկը մեքենաբար:

Դարբին Ղևոնդի խուղը չկա, իմ Լուսիկը...

Ա՛... իրավ որ, այնտեղ միայն մոխրի կույտ եմ տեսնում. արդյոք ի՞նչ է պատահել նրանց:

Նրանք մոտեցան և կանգնեցան դարբին Ղևոնդի խրճիթի առաջ:

Այնտեղ, ուր առաջ դարբինը յուր զնդանի առաջ կանգնած ծեծում էր երկաթը, ամեն ինչ քարուքանդ էր արված, իսկ այն խրճիթը, պարտեզը, ուր Լուսիկը ուրախ թռչնիկի նման ոստոստում էր, այժմ մոխրի և ավերակի կույտ էին ներկայացնում:

Այս ի՞նչ եմ տեսնում, մի՞թե սրան էի սպասում, — ասաց հուսակտուր ձայնով Ստեփանիկը, և նրա աչքերում հուսահատության արցունքներ երևացին:

Մի՜ հուսահատվիր, Ստեփանի՜կ, մենք ամեն բան կիմանանք և կգտնենք Լուսիկին: Ոչինչ իմացած չպետք է հուսահատվել,— պատասխանեց Հարպիկը, և նրանք ձիերի երեսը շուռ տալով` դեպի Անի սլացան:

Քիչ հետո նրանք անցան Անիի դռներով, մտան քաղաք:

ԺԸ

ԴԱՎԱՃԱՆԸ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ Է

Վեստ Սարգիսը և Եղոն, հունաց բանակը մտնելով, մեծ շուքով ընդունվեցին հունաց հրամանատարից: Նա այդ ժամանակ զբաղված էր կեր ու խումով, երբ հայտնեցին, որ հայոց իշխան Վեստ Սարգիսը ցանկանում է ներկայանալ իրեն: Հրամանատարը ուրախությունից վեր թռավ ճոխ սեղանից և դեպի վրանի մուտքը դիմեց, ուր նկատելով Վեստ Սարգսին, ձեռք մեկնեց և ներս հրավիրեց: Գինու շոգիներով լիքն էր հրամանատարի գլուխը և յուր ներքին ցնծությունը չկարողացավ թաքցնել Վեստ Սարգսին տեսնելով: Նա գիտեր, որ այդ հայ իշխանը դյուրություններ պիտի տա Հայաստանի մեջ ավելի ավերմունքներ, ավելի կոտորածներ ասելու: Նա հասկանում էր Վեստ Սարգսի տենչանքը, ուստի ամեն կերպ աշխատում էր շոյել նրա ինքնասիրությունը:

Բարո՛վ, հազար բարին ես եկել, իշխա՜ն, մենք քեզ Վաղուց էինք սպասում, — ասաց հրամանատարը կեղծ ժպիտով` նստեցնելով իրեն մոտ:

Հա՜, ես գիտեմ, որ ուշացա, բայց վնաս չկա, մեղքերս կքավենք, — պատասխանեց Վեստ Սարգիսը:

Հոգ չէ, իշխա՜ն, լավ ժամանակ հասար, այժմ մենք քեֆ կանենք, իսկ վաղը մեր անելիքի մասին կմտածենք: Է՛յ, երգիչներ, երգեցեք ուրախ երգեր, իսկ դուք հնչեցրեք ձեր փողերը և զարկեցեք թմբուկները, թող ամենքն իմանան, որ մեր մեծազոր կայսրը պատվել գիտի այն հայ իշխանին, որ հնազանդ է նրան, — ասաց հրամանատարը և ձեռքով նշան արեց:

Այդ միջոցին փողերը հնչեցին և տավիղները սկսեցին ածել, իսկ երգիչները սկսեցին երգել, որպեսզի ուրախացնեն նոր հյուր եկած հայ իշխանին:

Սկսվեց քեֆը: Հունաց իսկական զեխ քեֆը, գինու գոլորշիներն արդեն ազդում էին սեղանակիցներին, ազդում էր և Վեստ Սարգսի ուղեղին: Նա զգում էր, որ գլուխը հետզհետե շշմում է, մտքերը պղտորվում են, իսկ գիտակցությունը նոսրանում: Նա պղտոր աչքերով առաջ էր նայում, բաժակ բաժակի ետևից դատարկում, երբ հանկարծ նկատեց, որ մի խումբ կիսամերկ աղջիկներ ներս մտան և սկսեցին պարել: Վեստ Սարգիսը քիչ մնաց խելքը կորցներ: Նա կարծում էր, թե ինքը այդ րոպեին երկրի վրա չի ապրում, այլ` երկնքի, ուր անմարմին ոգիները շրջան կազմած պարում են մի այնպիսի եղանակով, այնպիսի նազով ու կոտրատվելով, որ ամենապաղարյուն մարդկանց սրտերն էլ կհալեցնեին:

Ինչպե՞ս ես հավանում իմ հուրիներին, — հարցրեց հույն հրամանատարը, երբ Վեստ Աարգսի աչքերի մեջ նկատեց մի առանձին ոգևորության փայլ:

Հրաշալի՛ է, իշխա՜ն, հրաշալի՛, — պատասխանեց Վեստ Սարգիսը` աչքը չհեռացնելով հուրիներից:

Սա հունական պար է, այս պարը շատ են սիրում մեր իշխանները, և հունաց մայրաքաղաքում առանց այս պարի ոչ մի զվարճություն չի կարող լինել:

Հրաշալի՛ է, աննմա՛ն է, իշխա՜ն, — կրկնեց Վեստ Սարգիսը խելքը կորցրածի նման:

Նույն քեֆն անում էին նաև զինվորները: Նրանք էլ հետևելով իրենց հրամանատարի օրինակին, ցերեկով կողոպտում, թալանում էին հայոց գյուղերն ու քաղաքները, գիշերով` մատնվում զեխ ու անառակ կյանքի: Եվ հունաց բանակը յուր ցոփ կյանքով նման չէր ամենևին օրինակելի բանակի, ուր տիրապետում է զինվորական կարգ ու կանոնը, այլ ավելի նման էր մի բանակի, որը մտածում էր միայն խրախճանալ և ուրախանալ:

Next page