Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Եվ հույները ուրախացած գնդեր էին պատրաստում ու բանակներ կազմում, որ գարնանը վերջին հարվածը հասցնեն Հայաստանին, իսկ Վեստ Սարգիսը պատրաստվում էր հարթելու նրանց ճանապարհը...

Եվ սև ժպիտ երևաց դավաճանի դեմքին, երբ նրան լուր բերին, թե հունաց ահեղ լեգեոնները գարնանը կմտնեն Հայաստան գրավելու Անին յուր շրջակայքով

Է

ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ

Ձմեռն էլ անցավ: Եկավ գեղածիծաղ գարունը: Ձյունը հալվեց, դադարեց բուքն ու բորանը, և դաշտերը զուգվեցան երփներանգ ծաղիկներով: Արտույտը յուր երգը սկսեց հնչեցնել, բլբուլը յուր տաղերը ասել, իսկ հոտն ու խաշինքը` մայել ու բառաչել: Ուրախ էր բնությունը, սակայն ուրախ չէր Հայաստանը: Վեստ Սարգսի դրդմամբ Հայաստանի արևմտյան կողմից հունական գնդերը արդեն ներս էին մտել և ավերում ու մոխիր էին դարձնում ամեն ինչ և հետզհետե մոտենում էին Անիին, այնինչ արևելյան կողմից թաթարներն էին իրենց սրերն ու նիզակները սրում: Նրանք էլ անտեր պատառ էին գտել և հարմար ժամանակ էին համարում հարձակվել Հայաստանի վրա, իսկ մյուս կողմից հույների դրդմամբ Աղվանից Դավիթ Անհող թագավորն էր ոտնատակ տալիս Հայաստանի հյուսիսային սահմանները:

Հայաստանը տագնապի մեջ էր: Բայց, չնայած դրան, ծերունի Վահրամ իշխանը քնած չէր: Նա արթուն հսկում էր թե վտանգը ո՞ր կողմից է և, իսկույն գնդեր կազմելով, հարձակվում էր թշնամիների վրա:

Երբ առաջին անգամ հույները ջադվեցան, Վահրամը հասկանում էր, որ դրանով չի վերջանա, որ դա կռվի առաջին քայլն է, որ վերջը ավելի սարսափելի կլինի, ուստի և պատրաստություն էր տեսնում: Եվ նա չսխալվեցավ: Նա տեսավ, որ հունաց բանակը այս անգամ ավելի զորավոր էր, որոնք ողողելով Դերջան, Մանանաղ և Պաղին գավառները, պատրաստվում էին անցնելու Բասյան գավառը, իսկ այնտեղից` Շիրակ:

Հարպիկ իշխանը և Ստեփանիկը, ձմեռը Անիում մնալով, գարնան դեմ, լսելով, որ հունաց բանակը ողողում է Պաղինն ու յուր հայրական ամրոցները, պաշարելով սպառնում է ոչնչացնել, Վահրամ իշխանից պատվեր ընդունելով` մի փոքրիկ գնդի գլուխ անցան և սլացան դեպի Պաղին, ուր թշնամին արդեն ոտնատակ էր տալիս հայրենի երկիրը:

Ճիշտ այն ժամանակ, երբ Հարպիկը և Ստեփանիկը դուրս եկան Անիից, Հաբել իշխանը` Հարպիկի հայրը, յուր բերդի աշտարակներից մեկի գլուխը բարձրացած հորիզոնն էր դիտում: Նրա մոտ այս անգամ կանգնած էին միայն երկու որդիները` Դավիթը, որի բեղերը նոր էին ծլել, և Կոնստանդինը, որի աչքերը փայլփլում էին վրիժառությամբ: Հաբելը այս անգամ խիստ տխուր էր ու մռայլ: Չորս որդուց միայն երկուսն էին մնացել մոտը, իսկ մյուսների մասին դեռ տեղեկություն չուներ, թե ո՞ւր են նրանք և ի՞նչ են անում: Նա երկար ժամանակ դիտեց հորիզոնը, այն ճանապարհը, որտեղից պետք է երևար Հարպիկը, բայց նա չկար ու չկար: Ճանապարհին ոչ ոք չէր երևում:

Դավի՜թ, եղբայրդ ուշացավ, մի լուր էլ չուղարկեց, որ իմանայինք, թե ինչ դրության մեջ են հայոց գործերը, — դարձավ Հաբելը յուր որդուն:

Դաժան ձմռանը անկարելի է լուր ուղարկել, հա՜յր, բայց Հարպիկը ուր որ է կերևա, ճանապարհները բացվել են:

Հա, ես հավատում եմ, որ կերևա, չի ընկնի թշնամու ձեռքը, սակայն ինձ անհանգստացնում է, թե ի՞նչ եղավ Վեստ Սարգսի դավադրությունը: Չէ՞ որ Թլպաղտո բերդի իշխան Թորոսիկն էլ միացավ նրան և նրանք աշխատում են ոչնչացնել մեր բերդերը:

Այո, հա՜յր, դեռ մի քանի օր առաջ Թորոսիկը յուր գնդով նորից դուրս եկավ Թլպաղտո բերդից:

Եվ ո՞ւր գնաց:

Ասում են, որ հունաց բանակին միանալու: Նրանք կրկին երևացել են և սկսել իրենց ավերմունքը:

Հը՛մ, անիծյա՜լ դավաճան, — ասաց դառնությամբ Հաբելը և քիչ լռելուց հետո ավելացրեց.

Դավի՜թ, բերդերը ամրացնել տուր և մարդոցը կարգի բեր: Թորոսիկ իշխանը յուր առաջին հարվածը մեզ կհասցնի, իսկ մենք այնքան մարդ չունենք նրանց դիմադրելու համար: Այո՛, եթե մեր ուղարկած գունդը Հարպիկի հետ միասին ետ դառնար, այն ժամանակ երկյուղալի ոչինչ չկար թեկուզ հունական բանակն էլ հետը բերեր:

Բայց, հայրի՜կ, նայեցեք, հորիզոնի վրա փոշու ամպեր են երևում, — ասաց Դավիթը և մատով ցույց տվեց դեպի հորիզոնը, ուր հիրավի փոշու ամպեր ու փայլուն կետեր էին երևում:

Գալիս են, որդի՜ս, վերջապես Հաբելը գործ կունենա, — ասաց հեգնորեն Հաբելը և անթարթ դեպի այն կետը նայեց, ուր փոշու միջից երևում էր ձիավոր զորք, որի զենքերը փայլում էին արևի ճառագայթների տակ:

Մի՞թե Հարպիկը գալիս է, — ասաց փոքր որդին` Կոնստանդինը, երկյուղածությամբ մոտենալով հորը:

Ո՜չ, զավակս, հունաց բանակն է գալիս մեր դեմ կռվելու: Մենք պետք է կռվենք թե՛ դավաճանի և թե՛ հունաց զորքերի դեմ:

Գուշակությունը կատարվում է: Թորոսիկը առաջին հարվածը մեզ է ուզում հասցնել: — Ապա, դառնալով միջնակ որդուն, ասաց.

Տուր, որդի՜ս, զենք ու զրահս և հրամայիր փողը հնչեցնել, թող իմանան, որ Հաբելի մեջ վախկոտի արյուն չի հոսում, ինչքան էլ ահավոր գունդ գա նրա դեմ:

Հայրի՜կ, ինձ էլ տար կռվելու, ես էլ եմ ուզում թշնամիների մի քանի գլուխ թռցնել:

Չէ, որդի՜ս, դու դեռ անփորձ ես և պատանի:

Հայրի՜կ, մի՞թե ես չէի, որ արծվին ցած գլորեցի:

Ապրե՜ս, գիտեմ, որ քաջ ես, իրավունք եմ տալիս աշտարակից նրանց նշան դնելու, իսկ ցած գնալ թույլ չեմ տա, — ասաց Հաբելը և հեռացավ: Այնինչ Կոնստանդինը դժգոհ էր հորից, դեռ նայում էր հունաց բանակին, որ հետզհետե մոտենում էր բերդին:

Այդ ժամանակ լսվեց փողերի ձայն թե՜ բերդի ներսից և թե՜ դրսից և սարսռեցրեց Կոնստանդինի մարմինը: Նա առանց հորը հարցնելու տուն վազեց, յուր զենք ու զրահը կապեց: Կարճ ժամանակ անցավ, և հունաց զորքը շրջապատեց Հաբելի ամրոցը, բանակը դրեց և ասպատակ սփռեց դեպի շրջակա հայ գյուղերը:

Վրա հասավ գիշերը, և Հաբելը նկատեց, թե ինչպես շրջակա հորիզոնը լուսավորվեց կրակե փնջերով ու լուսավորեց խավար շրջակայքը: Հաբելի սիրտը կսկծաց, տեսնելով թե ինչպես ավերվում են յուր գյուղերը, իսկ այն կողմը, ուր գտնվում էր Թորոսիկ իշխանի Թլպաղտո ամրոցը, խավար էր ու հանգիստ: Երևում էր, որ հույները առաջնորդվում էին Թորոսիկ իշխանով և նրա գյուղերին ձեռք չէին տալիս:

Օ՜, ստո՜ր դավաճան, դու ոչնչացնում ես հայ գյուղերը լոկ միայն ինձ վիրավորելու համար, բայց հասկացիր, որ շուտով կստանաս արժանավոր հատուցումը, — ասաց Հաբելը և բարկությունից ատամները կրճտացրեց:

Նրա շուրջը քիչ-քիչ զինված մարդիկ էին հավաքվում, երևում էր, որ Հաբել իշխանը մտադիր էր գիշերային մի հարձակում գործելու, օգտվելով, որ հույները հոգնած, չեն կարող այն դիմադրությունը տալ, ինչ որ հանգստանալուց հետո:

Երբ մութ խավարը պատեց, և ամեն ինչ լռեց չորս կողմը, Հաբել իշխանը մի քանի լրտեսներ ուղարկեց դեպի նրանց բանակը, իսկ ինքը անհամբերությամբ սկսեց շրջել աշտարակի վրա: Անցավ բավական երկար ժամանակ, երբ լրտեսները երևացին և մոտեցան Հաբելին:

Հը՞, ինչպե՞ս գտաք, — հարցրեց:

Տե՜ր, երևում է, որ հույները քնած չեն և Թորոսիկ իշխանը իրանց լավ դաս է տվել: Ամեն մի գաղտնի անցք բռնված է հունական ուժեղ պահապաններով և կարծես նրանք ինչ-որ նոր բան են մտածում մեզ համար, — ասացին լրտեսները` խոր գլուխ իջեցնելով:

Վնաս չկա, թեև մենք ծուղակի մեջ ենք բռնված, բայց Թորոսիկ իշխանը թող լավ իմանա, որ Հաբելը հաղթվող չէ և երկար կդիմադրե թե՜ իրեն, և թե՜ հույներին:

Բայց, տե՜ր, մեր ամրոցի հյուսիսային կողմի գաղտնի անցքը դեռ ազատ է պահապաններից, թեև այն կողմը խիստ երկյուղալի ճանապարհներ են և գիշերով անցնել անկարելի է:

Ի՞նչ է, մի՞թե իմ քաջերը վախենում են գահավեժ լինել դեպի անդունդը,— հարցրեց Հաբելը և նրա դեմքը փայլեց ուրախությունից: Նա մի փոքրիկ կետ էր գտել, որտեղից կարող էր գիշերով դուրս գալ և հարձակվել հունաց բանակի վրա:

Ոչ, տե՜ր, մի՞թե չգիտես, որ Հաբելի քաջերը մարդիկ չեն, այլ դևեր: Նրանք գիշերն էլ ժայռերի ու անդունդների վրայով կանցնեն և կհասնեն թշնամուն:

Լավ, ուրեմն մենք հենց այդ ճանապարհով դուրս կերթանք և մի փոքր պտույտ կանենք հունաց բանակում, — ասաց Հաբելը և նշան արավ հիսուն հոգուց բաղկացած զինված խմբին հետևել իրեն:

Խումբը լռիկ-մնջիկ հետևեց նրան և կանգ առավ այն պարսպի առաջ, որի տակ տարածվում էր ահռելի անդունդը: Հաբելը փոքր անցքով փորսող տալով առաջ անցավ և կատվի դյուրաշարժությամբ մագլցելով մի ժայռից մյուսը, անցավ նաև մացառների ու թփերի միջով և կանգ առավ բերդի պարսպի տակ, ուր հետզհետե ժողովվեցան և մնացած զինվորները: Երբ բոլորն իջան, Հաբելը աչքի անցուց զինվորներին և «ապրիք, տղե՜րք» ասելով նշան արավ, նրանք լուռ առաջ անցան:

Հունաց բանակում տիրում էր խորին լռություն, իսկ պահապանները անվրդով շրջում էին աջ ու ձախ: Նրանք վստահ իրենց զորության վրա, չէին էլ մտածում, թե Հաբելը խենթություն կանի իրանց վրա հարձակվելու: Բայց Հաբելը յուր խելքն ուներ. նա առանց աղմուկի մոտեցավ բանակին, հանկարծ գրոհ տվեց և այնպիսի իրարանցում ձգեց նրանց մեջ, որ հունաց ամբողջ բանակը դղրդաց և սարսափից չգիտեր ինչ աներ: Նա կարծում էր, թե մի մեծ բանակ է հարձակվել յուր վրա, չհասկանալով, որ միայն մի բուռ քաջեր են իրենց կոտորում: Մինչ այս, մինչ այն հունաց քնած բանակը ոտքի կանգնեց և ուզեց դիմադրել թշնամուն, սակայն այլևս յուր առաջ թշնամի չտեսավ: Թշնամին, բավական ավերմունք գործելով բանակի մեջ, անհետացել էր այնպես, ինչպես և հայտնվել:

Առավոտը լուսացավ, և հույները փչեցին իրենց փողերը: Նրանք գունդ-գունդ մոտենում էին բերդին, որ մի ակնթարթում խորտակեն պարիսպները և պատժեն Հաբելին: Սակայն Հաբելը և յուր քաջերը կանգնած էին աշտարակների վրա և միայն հեգնական ժպիտ էին արձակում թշնամիների վրա: Նրանք գիտեին, որ իրենց բերդը անառիկ է, որ թշնամիները իրենց գործիքներով անգամ ոչինչ չեն կարող անել, դրա համար էլ արհամարհանքով էին պատասխանում հույների սպառնալիքներին ու հայհոյանքներին: Բայց հույները հանկարծ գրոհ տվին և հարձակվեցան պատերի վրա: Նրանք երկար ճանկերով բռնում Էին պատերից և սանդուղքներ դնում վեր բարձրանալու, սակայն Հաբելի զորքերը նրանց գլխին թափում Էին նետերի տարափ և ահագին քարի կտորներ, որ գլորվելով ցած, ջախջախում էին բարձրացողների գլուխը և ցած գլորում նրանց:

Հայերը կռվում էին քաջությամբ, այնինչ հույները մեկը մյուսի ետևից կոտորվում և ցած էին գլորվում: Երբ նրանք տեսան, որ բերդն առնելու հնար չկա, ատամները կրճտացնելով ետ նահանջեցին, որպեսզի նորից, նոր ուժերով հարձակվեն բերդի վրա: Եվ այս փորձերը նրանք մի քանի անգամ արին, բայց` անհաջող, մինչև որ օգնության հասավ Թորոսիկ հայ իշխանը յուր խորհրդով:

Արդեն մի ամբողջ շաբաթ էր, ինչ պաշարված էր բերդը, բայց նա դեռ անվնաս կանգնած ժայռի գլխին ժպտում էր հունաց անզորության վրա, երբ Թորոսիկ իշխանը, որ լավ ծանոթ էր բերդի բոլոր անկյուններին, մի սոսկալի ծրագիր կազմեց: Նա ցույց տվեց հույներին բերդի գաղտնի անցքը, որ անտես էր թողնված Հաբելի կողմից:

Թորոսիկը յուր հայկական խմբով պիտի մուտք գործեր այն ճանապարհից, որտեղից ել ու մուտ էր անում Հաբելի զորքը հարձակման ժամանակ, իսկ հունական գունդը պիտի նեղեր մյուս կողմից: Այսպիսով, երբ Հաբելը յուր ամբողջ ուժը կկենտրոնացներ հունաց կողմը, ինքը աննկատելի կերպով գաղտնի անցքից պիտի ներս մտներ բերդը և սկսեր կոտորածը:

Այսպես էլ արին: Հենց որ մութը, պատեց, Թորոսիկ իշխանը յուր գնդով դարան մտավ այդ գաղտնի անցքի մոտ, որ բոլորովին պահպանված չէր, վստահ այն բանից, թե թշնամին չգիտե այդ ճանապարհը և չի համարձակվի այդ ահռելի ճանապարհով մուտք գործելու: Հունաց բանակը հանկարծ գրոհ տվավ և ճանճերի նման փաթաթվեցավ ամրոցի վրա: Հաբելը չէր սպասում այդ հարձակմանը, բայց քաջությամբ ետ մղեց նրանց պատերից: Հույները նոր հարձակում արին: Եվ ամեն անգամ, երբ մի գունդ ետ էր մղվում, մի նոր գունդ էր գալիս ու նորից հարձակվում: Հաբելը նկատեց, որ այս անգամ կռիվը խիստ տաք կերպարանք է ստանում և հույները թեև ջարդվում են, բայց համառ կերպով նորից են հարձակվում:

Ի՞նչ պիտի լինի սրա վերջը, — մտածում էր Հաբելը և սոսկալով նկատում, որ յուր քաջերը թեև դևերի նման են կռվում, բայց հետզհետե ուժից ընկնում են:

Քաջ կացեք, ընկերնե՜ր, մի՜ վհատիք, — կանչում էր նա և մի աշտարակից մյուսը թռչում:

Բայց հանկարծ նա սոսկալով նկատեց, որ բերդի ներսից էլ թշնամյաց մի գունդ է երևում, որոնք մերկացրած սրերով դեպի յուր քաջերն են սլանում:

Էհէ՛… — մռմռաց Հաբելը, և նրա սիրտը ցավից կսկծաց. ապա կատաղության կայծեր թռան նրա աչքերից, երբ տեսավ, որ այժմ ամեն բան յուր ձեռքից գնաց, որ նա այլևս ուժ չունի դիմադրելու թշնամուն, բայց վճռեց կենդանի չընկնել թշնամու ձեռքը:

Թողե՜ք պարիսպները, ի՜մ քաջեր, և խմբվեցեք շուրջս, — ձայն տվեց Հաբելը և սուրը մերկացնելով մղվեց թշնամիների մեջ: Սկսվեց կատաղի կռիվը: Այդ միջոցին երկու դռներն էլ ճռնչալով բացվեցան, և ներս խուժեց հունաց զորքը և մի բուռ քաջերին, մեջտեղ գցելով, սկսեց կոտորել: Բայց Հաբելը և յուր փոքրաթիվ գունդը գազանի նման էին կռվում: Նրանք մեկը մյուսի ետևից կոտորվում էր, երբ ամբողջ բերդը և շրջակայքը լուսավորվում էին հրեղեն բոցով: Հույները արդեն բերդը մի քանի տեղից կրակ էին տվել, երբ Հաբել իշխանը կռվողների մեջ նկատեց Թորոսիկ իշխանին: Կատաղության փրփուրը բերանին, թողնելով յուր խումբը, միայնակ առաջ մղվեցավ դեպի Թորոսիկ իշխանը և գոռաց նրա վրա.

Թորոսի՜կ իշխան, թեև դու դավաճանությամբ հասար նպատակիդ, բայց պիտի մեռնես:

Թորոսիկ իշխանը նայեց նրա կատաղի հայացքին և մի քանի քայլ ետ-ետ գնաց: Այդ միջոցին էր, որ Հաբելը շրջապատվեց թշնամիներով, մի քանի սրի հարված ստացավ և ինքն էլ վերջին անգամ, յուր ահագին սուրը վրա բերելով, ջախջախեց մի հույնի գլուխ և ցած գլորվեց: Հաբելը քաջի պես փչեց յուր շունչը

Թորոսիկ իշխանը տեսավ այդ և դեմքին մի դիվական ժպիտ փայլեց: Նա մոտ վազեց և քաջի դիակի վրա ոտքը դնելով մխեց յուր սուրը նրա կուրծքը և դառնագին վրեժխնդրությամբ ասաց.

Սատկիր, ավազա՜կ, այժմ ես կարող եմ հանգիստ ապրել...

Թորոսիկ իշխանի բերանում խոսքը սառած մնաց և նա, աջ ու ձախ նայելով, տեսավ, որ հունաց և յուր զորքերը սարսափահար փախչում են, այնինչ բերդի մի բուռ քաջերը հալածում են նրանց:

Ի՞նչ պատահեց, մի՞թե մերոնք վախենում են այդ մի բուռ մարդկանցից, բայց մի՞թե նրանց իշխանի դիակը չէ նրանց ոտքերի տակ… -Ու Թորոսիկ իշխանը, կասկածելով, նորից նայեց յուր ոտքերի տակ փռված դիակին ու նրա կասկածը բոլորովին փարատվեց:

Չէ, Հաբելի դիակն է, — մռմռաց նա և ապա, դառնալով դեպի յուր զինվորներից մեկը, հարցրեց.

Է՛յ, ի՞նչ եք խելագարի նման փախչում, ի՞նչ պատահեց:

Տե՜ր, նայեցեք, նոր թշնամին մեզ է մոտենում, փախե՜ք այստեղից:

Ո՞վ է այդ նոր թշնամին...

Հարպիկը, լեռների ավազակը

Թորոսիկ իշխանը նայեց այն կողմ և երկյուղից մնաց սառած:

Նա տեսավ, թե ինչպես մի գունդ, կոտորելով հունաց և յուր զորքերին, մոտենում էր իրեն:

Զարկեցեք, մի՜ վախենաք: Ահա Հաբելի դիակն ընկած է այստեղ, Հարպիկինն էլ կընկնի, — ասաց Թորոսիկը խրախուսելով յուրայիններին և կատաղությամբ հարձակվեց նոր թշնամիների վրա:

Բայց Թորոսիկը սարսափեց, երբ տեսավ, որ յուր մարդիկ հետզհետե կոտորվում են, որ ինքն արդեն շրջապատված է թշնամիներով: Կատաղած առյուծի նման նա սուրը վրա բերեց և ջախջախեց իրեն մոտեցող զինվորներից մեկի գլուխը: Զինվորն ընկավ և արյան հեղեղով ողողեց Թորոսիկի ոտքերը: Հարազատի արյունը կարծես բողոքում էր Թորոսիկի անիրավության դեմ, սակայն, երբ նա նորից բարձրացրեց սուրը, նրա ձեռքը չիջավ, այլ սոսկալի գունատությունը պատեց նրա դեմքին և սարսռալից դողը ցնցեց մարմինը:

Նրա առաջ, նույնպես սուրը բարձրացրած, կանգնած էր յուր հարազատ որդին` Ստեփանիկը:

Որդի՜ս, ի՞նչ ես անում,— մռնչաց Թորոսիկը:

Դավաճա՜ն, պատրաստվիր մեռնելու, — կանչեց Ստեփանիկը` սուրը ճոճելով:

Որդին հոր դե՞մ:

Դավաճանը չի կարող իմ հայրը կոչվել, պատրաստվիր մեռնելու, — կրկնեց Ստեփանիկը, և հոր ու որդու սրերը զարկվեցին իրար և կայծակներ հանեցին:

Նրանք կռվում էին մի քանի վայրկյան բուռն, ահավոր կռվով, մինչև որ երիտասարդ ուժը գերակշռեց և Ստեփանիկի սուրը մխվեցավ դավաճանի կուրծքը:

Թորոսիկ իշխանը գետին գլորվեց և մարող աչքերով, հազիվ լսելի ձայնով շշնջաց.

Այդ ի՞նչ արիր, որդի՜ս, դու սպանեցիր հորդ...

Արժանի էիր, — ասաց Ստեփանիկը և, կոխկրտելով հոր դիակը, առաջ անցավ

Ը

ԱՆԻԻ ՊԱՇԱՐՈՒՄԸ

Մինչդեռ Հարպիկը քշում էր հունաց զորքերին Պաղինի շրջակայքից, Վահրամյանք էլ մեծ ջարդ տվին հունաց գլխավոր բանակին և քշեցին Հայաստանի սահմաններից: Սակայն հույները այդ անհաջողությունից չվհատվեցին: Նրանք նոր բանակ կազմեցին, կրկին մտան հայոց երկրի սահմանները, բայց կրկին ջարդվեցին: Վերջապես մի մեծ բանակ էլ կազմելով, բաղկացած 100.000 մարդուց, նրանք չորրորդ անգամ մտան Հայաստան և անցած ճանապարհները մոխրի ու ավերակի կույտեր դարձնելով` պաշարեցին Անի քաղաքը:

Անեցիք ցնցվեցան: Խուլ դղրդյուն ընկավ ամբոխի մեջ, որ քանի գնաց սաստկացավ: Նրանք թագավորության խնամակալին էին պտրում, իսկ նա չկար Անիում այն ժամանակ, երբ քաղաքը վտանգի մեջ էր, երբ Անին շրջապատված էր ահեղ բանակով և պատրաստություններ էր տեսնում այդ հրաշալի քաղաքը կործանելու...

Ո՞ւր էր Սև Մարդը, ի՞նչու էր նա հեռացել... հայտնի չէր ամբոխին: Բայց թե այդ ամբոխը զգում էր Սև Մարդու արարմունքի վատությունը և լուռ քրթմնջում. Անիի բարձր աշտարակների և ամուր երկկարգ պարիսպների վրա արդեն շրջում էին հայ պահապանները և լուռ դիտում թշնամու բանակը: Նրանք տեսնում էին նրանց բազմությունը, լսում նրանց սպառնալիքն ու հայհոյանքը և տխրությամբ գլուխները շարժում... Ի՞նչ պիտի անեն մի բուռ զինվորները ահեղ բանակի դեմ, որոնք բաբանները շարելով պարիսպների առաջ, սպառնում էին քարուքանդ անել Անիի հաստ պարիսպները: Լուռ էին պահապանները, լուռ էր ամբոխը, բայց այդ լռության մեջ ամբարվում էր մի այնպիսի կրակ, որ մի փոքրիկ կայծի էր սպասում, որ բռնկի, բորբոքվի և յուր առաջ մոխիր դարձնի ամեն ինչ... Ահա Անիի փողոցներով մի ծերունի մարդ է անցնում գրկին սեղմած մի ինչ-որ կապոց: Նա գնում է տխուր և մռայլ դեմքով, որի վրա զգացվում է հոգեկան և ֆիզիկական տանջանքի խոր դրոշմը: Նա անցավ մի քանի ծուռ փողոցներ, մոտեցավ Անիի մայր եկեղեցուն և կանգ առավ այնտեղ, ուր կանգնած էին մի խումբ մարդիկ: Նրանցից մեկը, ճանաչելով եկողին, դարձավ նրան ու ասաց.

Այդ ի՞նչ է գրկիդ, վարպե՜տ Ղևոնդ:

Եկողը, որ մեզ ծանոթ դարբին Ղևոնդն էր, ապուշի նման իրեն դիմողին նայեց:

Ի՞նչու ես ինձ այդպես նայում, վարպե՜տ, մի՞թե չես ճանաչում, — հարցրեց խոսակիցը և զարմացած նրան նայեց: Նա տեսավ, որ դարբնի հետ ինչ-որ բան է կատարվում, որ նրա աչքերը դուրս են թափված և մազերը փշաքաղված:

Ո՛վ ժողովուրդ, ո՛վ բարեկամներ, խղճացե՜ք ինձ, աղջկանս գտեք, — ասաց դարբինը, և արտասուքը հեղեղվեց նրա աչքերից: Ամբոխը լուռ էր և մտահույզ: Նա հասկանում էր ծերունի հոր վիշտը, զգում էր նրա կսկիծը և ինքն էլ հուզվում:

Լուսիկի՛ս, Լուսիկի՛ս գտեք, մի՞թե դուք խիղճ չունեք, մի՞թե դուք գութ չունեք: Սիրտս այրվում է, լերդ ու թոքս դուրս թափվում, ջիգյարս խորովում...

Աստված մխիթարե քեզ, վարպե՜տ Ղևոնդ, Լուսիկը կենդանի է և շուտով կգտնվի, — ասաց ամբոխից մի մարդ մխիթարելով նրան: Նրանք արդեն գիտեին ծերունի Ղևոնդի վիշտը:

Չէ, չէ, նա տանջվում է, մեռնում է: Նոր բացվող վարդի պես թառամում է, մեռնում և չորանում: Ա՛խ, այս ի՞նչ վիշտ է, տե՜ր, այս ի՞նչ տանջանք է... Ես այրվում եմ, տանջվում եմ, իսկ նա չկա ու չկա...

Աստված փարատե վիշտդ, ծերո՜ւկ, — ասաց դարձյալ նույն մարդը և փեշով աչքի արտասուքը սրբեց: Այդ միջոցին երևաց Խենթը և յուր փայտը օրորելով առաջ եկավ, ուր կիտվում էր ամբոխը: Ամբոխը նրա համար ճանապարհ բացեց, և դարբին Ղևոնդին ու Խենթին շրջապատեց: Խենթը նայեց վարպետ Ղևոնդին, նայեց ու հանկարծ դեղնեց, սփրթնեց: Նա յուր եղբորը այդ դրության մեջ չէր տեսել: Մի՞թե կսկիծը ցնցել է նրա ուղեղը:

Վարպե՜տ Ղևոնդ, ի՞նչ ես անում, այդ ի՞նչ է գրկիդ մեջ:

Սրե՛ր, սրե՛ր, իմ շինած սրեր, իմ ձեռքով կոփած սրեր, որ թշնամիների կուրծքը մխենք, ահա առեք, — ասաց նա ու վայր ձգեց իր բեռը, որ հիրավի յուր շինած սրերն էին:

Ի՞նչ ես անում, վարպե՜տ:

Ի՞նչ եմ անում, մի՞թե չգիտես, ահա ես պարում եմ, Լուսիկիս հարսանիքն է, դուք էլ պարեցեք, — ասաց դարբինը և սկսեց խելագարի ցնցումներ անել:

Ամբոխը սառած, ապշած կանգնած էր Ղևոնդի շուրջը: Նա այդ րոպեին մոռացել էր յուր վիշտը, հոգսը և միայն տանջվում էր վարպետ Ղևոնդի վշտով:

Վա՛յ ինձ, վարպե՜տ, վա՛յ իմ աչքերիս, մի՜, մի՜ անիր այդպես, ես կգտնեմ Լուսիկիդ, անպատճառ կգտնեմ, — կանչեց Խենթը` գլխին տալով:

Ո՜չ, ո՜չ, նրան տանջեց, նրան սպանեց Վեստ Սարգիսը, նա էլ չի ազատվի սև ձեռքից, նա էլ չի փրկվի

Ո՞վ, ո՞վ է սպանել Լուսիկին, — լսվեցան ամբոխի միջից մի քանի ձայներ:

Վեստ Աարգիսը` խնամակալը, — պատասխանեցին մյուսները:

Հա՜, խնամակալը... պետք է որ այդ այդպես էլ լինի: Նա անեցիներին էլ թողել է այս նեղ դրության մեջ և ինքը կորել, — ասաց մի ձայն:

Տեր չունենք, տիրական չունենք, բարեկա՜մ, — ասաց մի ուրիշը:

Ի՞նչպես չունենք, իսկ Վահրամ իշխա՞նը...

Հա, ապրի Վահրամ իշխանը, էլի նրան պիտի դիմենք, էլի նրան պիտի խնդրենք, որ մեզ անտեր չթողնի:

Իրավ, մինչև ե՞րբ պիտի այդպես պաշարված մնանք: Գնանք մեր Վահրամի ոտքերն ընկնենք, ասենք, որ մեր կյանքը յուր ոտքերի տակ է, թող մեզ առաջնորդի դեպի պատերազմը և մենք ցույց կտանք հույներին, որ հայի մեջ չէ մեռած քաջության հոգին:

Այդպես շատ հարց ու պատասխաններ եղան ամբոխի մեջ, շատ երկար վիճաբանություններ տեղի ունեցան, բայց ոչ մի վճռի վրա կանգ չառան, ոչ մի բան չձեռնարկեցին, երբ հանկարծ Խենթը, որ մինչ այդ լուռ էր, կանչեց.

Բարեկամնե՜ր, էլ ի՞նչու եք սպասում: Չե՞ք տեսնում, որ մեր խնամակալը մեզ անտեր է թողել, որ նա հեռանում է հենց այն ժամանակ, երբ թշնամին մեզ շրջապատում է: Էլ ի՞նչ ենք սպասում, մեր Վահրամը այստեղ է, նա չի թողնի մեզ անտեր, անտիրական, նա մեզ համար կյանքն էլ չի խնայի, բայց ինչ կարող է անել միայնակ, պետք է նրան ուժ տանք, իսկ այդ ուժը մենք ենք:

Խենթը լավ է ասում, Խենթը, գնանք Վահրամ իշխանի մոտ, նա մեզ կփրկի, նա մեզ կազատի, — գոչեցին մի քանի ձայներ:

Գնա՛նք, գնա՛նք, — կանչեց ամբոխը և սկսեց շարժվել, ալեկոծվել:

Խենթը առաջ ընկավ և առաջնորդեց նրանց դեպի Վահրամ իշխանի պալատը, այնինչ վարպետ Ղևոնդը դեռ շարունակում էր յուր վայրենի պարը և տխուր ձայնով Լուսիկին կանչում...

Թ

ԵՂՈՆ ԵՎ ԼՈՒՍԻԿԸ

Մինչդեռ Անին պաշարված էր հունաց զորքերով, այդ միջոցին Սուրմառու բերդաքաղաքի մեջ, մթին ու խոնավ բանտում տանջվում էր Լուսիկը, ուր, իբրև ապահով տեղ, տեղափոխված էր նա Վեստ Սարգսի հրամանով: Լուսիկը օր օրի վրա մաշվում էր և գերեզմանին մոտենում, այնինչ դուրսը պայծառ ու հրաշալի օր էր և բնությունը յուր հրաշալիքներն էր թափում: Այնտեղ, ազատ օդի մեջ, ճռվողում էին թռչունները, շարժվում էր կյանքը, իսկ Լուսիկը շրջապատված խոնավ պատերով, զրկված էր նաև աստծո պարգևած արևի լույսից: Ախ, ինչքա՛ն չար են մարդիկ, ինչքա՛ն անգութ են, որ զրկում են նրան աստծո տված բարիքները վայելելուց:

Եվ Լուսիկը մտքերի ծովն ընկած, տխուր ու տրտում նայում է դեպի յուր նեղ բանտի միակ փոքրիկ լուսանցքը և խոր ախ քաշում: Նա հիշում է յուր սիրուն պարտեզը, այն երջանիկ ժամերը, երբ ինքը վարդի թփերից քաղում էր նոր բացվող անուշահոտ վարդեր և լսում բլբուլի երգերը, որը սեր էր երգում և յուր կուսական սիրտը թրթռացնում: Ախ, ո՞ւր ես, բլբուլ, ո՞ւր ես, սոխակ, եկ, թռիր դեպի Լուսիկի բանտի պատուհանը և այնտեղից կրկին հնչեցրու քո երգը, քո անուշ դայլայլիկը: Լուսիկն այժմ կարոտ է քո երգին, կարոտ է լսելու քո սիրո երգերը, որ վերարտադրի յուր սրտի մեջ յուր սիրուն Ստեփանիկին, յուր ծերունի հորը...

Բայց ամեն ինչ լուռ է և հուսահատ:

Չի լսվում բլբուլի ձայնը, չի հնչում նրա անուշ երգը, այնինչ Լուսիկի սիրտը քաղվում է և հոգին մաշվում: Աղբյուրի նման արտասուքները դուրս են թափվում նրա աչքերից և թրջում առանց այն էլ թաց ու խոնավ գետինը:

Ստեփանի՜կ, հասիր ինձ, օգնիր, մի՞թե ինձ մոռացար, — ասում էր Լուսիկը և խոր հառաչում:

Ձայն տուր, Ստեփանի՜կ, որ լսեմ քո անուշ ձայնը և ապա մեռնեմ, — հառաչեց Լուսիկը, և նրա սիրտը կարծես կտոր-կտոր եղավ:

Նա չնկատեց մինչև անգամ, թե ինչպես բանտի դուռը կամաց բացվեցավ և ներս մտավ Եղոն, որի աչքերը վայրենի կատաղությամբ լցվեցան, երբ լսեց նրա վերջին խոսքերը:

Ստեփանի՜կ, հասիր ինձ, — դարձյալ կրկնեց խեղճ աղջիկը ու հեկեկանքը խեղդեց նրան:

Հանկարծ մի տեսակ սարսուռ անցավ Լուսիկի ամբողջ մարմնով և նա սարսափահար ցնցվեցավ. նրա ականջին մի խուլ քրքիջ դիպավ, որ կարծես գեհենից լիներ դուրս գալիս, ի՞նչ էր այդ, երա՞զ, թե իրողություն: Մի՞թե գեհենի դևերն անգամ ծաղրում են Լուսիկին և սարսռեցնում նրան: Բայց ո՜չ: Լուսիկը ետ նայեց և քարացածի նման արձանացավ: Նա տեսավ յուր առջև կանգնած Եղոյին, որ դիվական քրքիջ արձակելով, վայրենի աչքերը հառել էր յուր վրա:

Հա՛, հա՛, հա՛, խելա՜ռ աղջիկ, այդ ո՞ւմ անունն ես տալիս, մի՞թե չգիտես, որ դու Ստեփանիկին չես կարող պատկանել, — ասաց Եղոն մոտենալով Լուսիկին:

Լուսիկը ոչինչ չպատասխանեց, դեռ ապուշի նման նայում էր նրան:

Լսիր, խելա՜ռ աղջիկ, — շարունակեց Եղոն, — ուզում եմ քեզ մի քանի առաջարկություններ անել, եթե համաձայնվես, փրկված ես:

Հեռացիր ինձանից, — ասաց Լուսիկը խուլ ձայնով և կրկին սարսռեց: Նա տանել չէր կարող Եղոյի ներկայությունը:

Չէ, Լուսի՜կ, լսիր ինձ, եթե ուզում ես ազատվել այս նեղ ու խոնավ բանտից: Չէ՞ որ սա քո տեղը չէ:

Լուսիկը լուռ նայում էր Եղոյին:

Անին արդեն պաշարված է հունաց զորքերով, ուր գտնվում է քո Ստեփանիկը: Մի քանի օր կամ մի քանի շաբաթ չի անցնի, և Անին մոխրի կույտ կդառնա, և այդ մոխրի մեջ կթաղվի քո Ստեփանիկը, հետևապես...

Լռիր, անամո՜թ ստախոս, — գոռաց Լուսիկը` ընդհատելով Եղոյի խոսքերը: Եղոն կարծես չլսեց նրան և կրկին շարունակեց.

Հետևապես դու պիտի մոռանաս Ստեփանիկին և պատկանես նրան, ով քո կյանքն է ազատում և քո ազատության մասին մտածում: Առաջուց հայտնում եմ, որ դու նշանակված ես որպես ընծա հունաց հրամանատարին, սակայն քեզ սիրող մարդը այդ բանը պիտի խանգարե և քեզ ազատություն պիտի տա: Ասա, համաձա՞յն ես լսել նրա խորհուրդները, — ասաց Եղոն, և նրա աչքերը փայլեցին ոգևորության կրակով:

Եվ ո՞վ է այդ մարդը, որ իմ ազատության մասին է մտածում, — ասաց սառն կերպով Լուսիկը:

Ո՞վ է. մի՞թե չգիտես, որ հարցնում ես: Այդ մարդը, որ ցանկանում է քեզ ազատելդու ճանաչում ես նրան:

Ո՞վ է վերջապես, ասա նրա անունը, — ասաց Լուսիկը և սիրտը բռնեց: Նա այդ խոսքերից վատ բան էր գուշակում:

Ես եմ, Լուսի՜կ: Ես ցանկանում եմ ազատել քեզ, — պատասխանեց Եղոն:

Դո՞ւ:

Այո, ես: Ես սիրում եմ քեզ, Լուսի՜կ, դու լավ աղջիկ ես...

Ո՛հ, աստված իմ, խնայիր ինձ, — ասաց Լուսիկը և արտասուքները կրկին դուրս վիժեցին նրա աչքերից:

Սիրիր ինձ, և մենք երջանիկ կլինենք, — շարունակեց Եղոն և ուզեց բռնել Լուսիկի ձեռքը, սակայն Լուսիկը ձեռքով հրեց իրեն մոտեցող Եղոյին և խելագարի նման կանչեց.

Կորի՛ր, կորի՛ր ինձանից:

Բայց լսիր ինձ, Լուսի՜կ, իմացիր, որ ես քեզ սիրում եմ, իսկ այդ սերս ատելության մի՜ փոխիր: Վա՛յ քեզ, եթե ատելության փոխվեց սերս, — ասաց Եղոն կանգ առնելով Լուսիկից մի քանի քայլ հեռու:

Հեռացի՛ր, կորիր կամ սպանիր ինձ: Ախ, ո՞ւր է մահը, ի՞նչու նա չի գալիս, որ ինձ այս հրեշից ազատի:

Կրկնում եմ, խելա՜ռ աղջիկ, լավ մտածիր անելիքդ, թե չէ սարսափելի կլինի վախճանդ: Հիշիր, որ ես ազատեցի քեզ իշխանի վրեժխնդրությունից: Եթե ես չլինեի, այժմ դու կույր և համր կլինեիր:

Գեհենի՜ որդի, սպանիր ինձ, եթե ցանկանում ես, բայց չկրկնես քո խելառ առաջարկությունը:

Լավ, տեսնենք, — ասաց Եղոն և, մի քայլ դեպի դուռը գնալով, կրկին կանգ առավ: — Լուսի՜կ, վերջին անգամ դիմում եմ քեզ, խնայիր քո մատաղ կյանքը:

Մա՜հ, մա՜հ եմ ցանկանում, — ասաց Լուսիկը և ձեռքերով ծածկեց դեմքը:

Լավ, միայն իմացիր, որ դու չես ստանա քո ցանկացած մահը, այլ կապրես, սակայն այդ կյանքդ կլինի մի սոսկալի տանջանք: Եղոն գիտե յուր հակառակորդի համար տանջանքներ ստեղծել, — ասաց Եղոն և դուրս գնաց բանտից:

Լուսիկը մնաց միայնակ և ծունկ չոքելով` յուր աղաչավոր ձեռքերը բարձրացրեց դեպի բարձրյալը:

Լուսիկն աղոթում էր. աղոթքը միայն թեթևացնում էր նրա սրտի վիշտը, հոգու այլայլությունը...

Ժ

ԿՌԻՎԸ

Հայաստանը վտանգի մեջ էր:

Հույները ամուր օղակով շղթայել էին Անին և բաբաններ կանգնեցրել պարիսպների մոտ, որպեսզի խորտակեն դրանք և ապա, ներս խուժելով, ավերեն և կոտորած սփռեն Անիի մեջ: Եվ հույները վստահ իրենց հաղթության վրա, սպառնալիքներ էին ուղարկում անեցիներին և ծաղրում ու ծիծաղում էին այն մի բուռ հայերի վրա, որոնք հանդգնում էին պահպանել իրենց քաղաքը: Բայց հայ պահապանները լուռ էին և մտահույզ: Նրանք հույների սպառնալիքներին չէին պատասխանում, նրանց ծաղրին ուշադրություն չէին դարձնում, սակայն իրենց սրտի մեջ բորբոքվում էր մի այնպիսի կատաղության բոց, որ կրակ էր տալիս նրանց սիրտն ու հոգին: Եվ նրանցից ամեն մեկը մտմտում էր յուր մտքի մեջ` «Կռվել, մեռնել և ապա միայն քաղաքը հանձնել հույներին. թող նրանք մեր դիակները կոխկրտելով միայն անցնեն»: Եվ այդ մտքերով տոգորված նրանք հրամանի էին սպասում, որ ամեն մեկն ընդունի նահատակության պսակը և հայրենիքի սիրո համար յուր կյանքը զոհի: Եվ այդ հրամանը չուշացավ, հեռվից արդեն երևաց ծերունի Վահրամ իշխանը շրջապատված հայրենիքին հավատարիմ իշխաններով: Ծերունի Վահրամը մռայլ էր ու գունատ: Նա, չկարողանալով անեցիների խնդիրքը մերժել, անցավ զորքի գլուխը և ստիպվեցավ նրանց դեպի պատերազմ առաջնորդել: Ծանր պատասխանատվություն... Եվ ծերունի Վահրամը զգում էր այդ պատասխանատվության ծանրությունը յուր վրա: Նա հասկանում էր, որ այդ կռիվը պիտի ճակատագրական լինի Անիի համար և դրանից միայն կախված պիտի լինի նրա ազատությունը, իսկ ինքը մի բուռ քաջերով ի՞նչպես համարձակվի վճռական պատերազմ տալ: Յուր 30.000 զինվորներով, ինչպե՞ս դիմադրել հունաց 100.000 զինվորներին...

Next page