Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Դեռ արևի ճառագայթները նոր էին տարածվել երկրի վրա, երբ նա ոտքի կանգնեց և սկսեց պատրաստություններ տեսնել ճանապարհվելու: Այդ ժամանակ երևաց Սուրմառուի բերդի իշխանը և առաջնորդեց Խենթին դեպի Լուսիկի խուցը: Երբ բացվեց խցիկի դուռը, Խենթը յուր սիրտը բռնեց, որ կարծես հարյուրավոր տեղից խոցվեց. յուր առաջ կարծես Լուսիկը չլիներ կանգնած, այլ նրա ուրվականը: Ինչ օրն էր գցել սև ձեռքը խեղճ Լուսիկին:

Օրիո՜րդ, մեծ իշխանի հրամանով քեզ Անի պետք է տանեմ, համաձա՞յն ես ինձ հետ գալու, — ասաց Խենթը դողդոջուն ձայնով:

Իշխանը Խենթի երեսին նայեց. նրա սրտի մեջ կասկած մտավ` նկատելով Խենթի ձայնի դողդողալը: Բայց այդ միջոցին խոսեց Լուսիկը և համարյա փարատեց իշխանի կասկածը:

Տարեք ինձ, ուր կամենում եք, եթե այդ Վեստ Սարգիս իշխանն է հրամայել, — պատասխանեց Լուսիկը առանց Խենթին նայելու:

Այո՛, մեծ իշխանը քո վիճակը պետք է բարվոքի և այսուհետև դու լավ կապրես:

Շնորհակալ եմ, ես այսուհետև կլսեմ նրան և նրա խորհրդի համաձայն կպահեմ ինձ, — պատասխանեց Լուսիկը:

Այնուհետև նրանք դուրս եկան խցից և երբ պատրաստ էին ձի նստելու ու ճանապարհ ընկնելու, Սուրմառուի բերդի իշխանը դիմեց Խենթին և, սուր հայացք գցելով նրա վրա, հարցրեց.

Դու առաջուց ճանաչում էիր Լուսիկին:

Ո՜չ, իշխան: Ես առաջին անգամն եմ տեսնում սրան:

Ինչպես երևում էր, իշխանի կասկածը դեռ չեր փարատվել, և վա՜յ երկուսին էլ, եթե կամ Լուսիկը, կամ Խենթը մի անզգույշ խոսք կամ քայլ անեին:

Բայց Խենթը շուտով մնաս բարև ասաց Սուրմառուի բերդի իշխանին և Լուսիկի հետ առաջ ընթացավ: Երբ բավականին հեռացան, Խենթը գրկեց յուր եղբոր աղջկան և երկար ժամանակ բաց չէր թողնում գրկից: Երկուսի աչքերն էլ լրցվեցին և միայն այդ արցունքներն էին ամոքում երկուսի վիշտը:

Այնուհետև Խենթը Լուսիկին ապահով Անի տարավ և հանձնեց Գոհարիկի պաշտպանությանը:

ԺԴ

ՉԱՐ ՀՈԳԻՆ

Դավաճանի հույսերը փշրվում էին, նպատակը խորտակվում: Դառնացած սրտով նա շրջում էր Սուրմառուի բերդաքաղաքի մեջ, յուր պալատում և սոսկալի մտքերը կրծում էին նրա սիրտը: Վեստ Սարգսի գոռոզ սիրտը չէր հաշտվում այն պարտությանը, որ կրեց ինքը: Ինչպե՞ս կարող էր տանել այդ ստոր պարտությունը: Չէ որ նա արդեն իրեն պսակյալ թագավոր էր համարում, իսկ Գագիկին` յուր ձեռքին իբրև մի խաղալիք, մի մրջյուն, որին յուր մատների մեջ կարող էր ճզմել, ջարդել, տրորել...

Ո՛հ, դառն է իմ դրությունը, — կանչեց Վեստ Սարգիսը և երեսը ծածկեց ձեռքերով, — դառն է, բայց այդ դառնությանը պիտի վերջ դրվի, պիտի մի սահման դրվի, կամ պիտի փչանա, կորչի, ջնջվի աշխարհիս երեսից Վեստ Սարգիսը, կամ այդ վերջը պիտի քաղցրանա Վեստ Սարգսի համար: Ինչպե՞ս թողնել, որ իմ երկաթե կամքը խորտակվի, իմ նպատակները օդում ցնդեն: Օ՛, ինչքա՛ն անքուն գիշերներ եմ անցկացրել այդ նպատակներիս համար, ինչքա՛ն տանջանքներ կրել, և այդ ամենը զո՛ւր, բոլորովին զո՛ւր պիտի անցնեն: Բայց չէ՞ որ քանի միտքս եմ բերում այդ անհանգիստ գիշերները, քանի հիշում եմ կրածս տանջանքները, մարմինս սարսռում է և մազերս` փշաքաղվում...

Թողնեմ ցնորքները... կանգ առնեմ իմ արյունով լի ճանապարհի վրա... հետո՞... ի՞նչ կդառնամ եսմի անպետք արարած, մի չնչին մարդ, որին ամենքը պիտի արհամարհեն, որից ամենքը պիտի երես դարձնեն և թքեն վրան: Չէ՞ որ այդ ժամանակ իմ եղկելի զոհերը լեզուները կբարձրացնեն և հանդուգն կերպով կծաղրեն այն մարդուն, որի ձեռքից նույնիսկ Հովհանես-Սմբատ թագավորն էր դողումՈ՜չ, ո՜չ, այդ դրության մեջ ես չեմ կարող ապրել, ահա սա վերջ կդնի կյանքիս և...

Եվ Վեստ Սարգիսը մոլեգնաբար վեր թռավ տեղից, սուրը պատյանից հանելով ուզեց մխել յուր կուրծքը, բայց այդ միջոցին նրա ձեռքը կանգ առավ և աչքերը փայլատակեցին մի այնպիսի զարհուրելի կրակով, որ տեսնողը ակամայից քար կկտրեր:

Վեստ Սարգիսը սուրը իջեցրեց, կրկին նստեց փափուկ գահավորակին և կանչեց.

Չէ՛, հիմարություն է իմ արածը, այս սրով և թույնով դեռ շատերին պետք է երանելիների աշխարհն ուղարկել և ես դեռ պիտի գնամ դարձյալ իմ ընտրած ճանապարհով:

«Զղջում» խոսքը գոյություն չունի Վեստ Սարգսի համար: Նրա սիրտը սառն է և անհողդողդ. ուստի, դու, չա՜ր ոգի, զորացրու ինձ, թափիր երակներիս մեջ դժոխքի սասանեցուցիչ կրակը, մի՜՛ թողնիր ինձ հուսահատվելու, այլ բազմացրու քո սև հոգու զոհերը, միայն թե արժանացրու ինձ նպատակներիս իրագործմանը: Եկ, չա՜ր ոգի, Վեստ Սարգիսը դաշինք է կապում քեզ հետ, ծախում յուր հոգին, միայն թե գահը ինձ տաս...

Այդպես ասաց Վեստ Սարգիսը և հիրավի, կարծես թե չար ոգին բուռն ուժով ցնցեց նրան, և նա նոր ուժ ստացավ: Դաժան ու սև մտքերը մեկը մյուսի ետևից պաշարեցին նրա հոգին, և նա, Վեստ Սարգիսը, այդ դիվական մտքերը յուր ուղեղում ամրապնդելով, ժպտում էր, երևացնելով յուր սևացած ատամները: Այդ միջոցին խինդն ու ուրախությունը պատել էին Վեստ Սարգսին, և նրա դեմքին այլևս չէր երևում մի րոպե առաջ եղած հուսահատությունը, երբ նա սուրը ձեռքին պատրաստվում էր անձնասպանություն գործել:

Դեպի գո՛րծ, դեպի գո՛րծ,— կանչեց Վեստ Սարգիսը և ուրախացած նստեց սեղանի մոտ և սկսեց զանազան թղթեր գրել:

Երբ վերջացրեց յուր գրությունները, հոգնած թիկն ընկավ գահավորակին և մի քանի րոպե այդ գրության մեջ մնալուց հետո վեր թռավ տեղից և մոտենալով լուսամուտներից մեկին` բարձրացրեց ծանր վարագույրը և դուրս նայեց:

Մութը արդեն անցել էր, և արշալույսի կենարար լույսը տարածվել. սկսվում էր մի սիրուն, Հայաստանի պայծառ առավոտներից մեկը, երբ հեռու, արևելյան հորիզոնի երկնակամարը ծածկվել էր ծիրանագույն շերտերով, ուր արևի ճառագայթները գնդակների նման լույսի փնջեր էին արձակում և մի քանի կույտ ամպերի հետ խաղում, այդ ամպերը երբեմն կարմրում էին, երբեմն ծիրանի հագնում, իսկ երբեմն կրակի նման շիկանում: Հրաշալի էր այդ երկինքը, հրաշալի էր բնությունը, կանաչապատ լեռներն ու ձորերը: Այդ միջոցին էր, որ բարձրաթռիչ արծիվը օդի մեջ էր սավառնում, ճնճղուկը տանիքի վրա ճռվողում, ծիծեռնակը յուր երգը երգում, իսկ սոխակը վարդի թփին նստած դայլայլում... Բայց բնության այդ հրաշալիքը ոչ մի ազդեցություն չունեցավ Վեստ Սարգսի մռայլ հոգու վրա: Նրա դեմքը ամպոտ էր ու գունատ: Նա կարծես բնության հրաշափառության վրա զարմացած կրկին ցած թողեց վարագույրը և սկսեց անց ու դարձ անել սենյակի մի ծայրից մյուսը: Երկար նա շրջում էր առանց դադար առնելու, երբ հանկարծ կանգ առավ և կանչեց յուր ծառաներին: Երկու ծառա նրա հրամանը լսելուն պես ներս եկան և քարացածի նման կանգ առան դռների մոտ:

Կանչեցեք այստեղ Եղոյին, — հրամայեց Վեստ Սարգիսը:

Ծառաները հեռացան և քիչ հետո ներս մտավ Եղոն և լուռ կանգնեց դռների մոտ: Եղոյի դեմքը նույնպես մռայլ էր ու գունատ: Կարծես նա էլ յուր տիրոջ նման մի քանի անքուն գիշերներ էր լուսացրել:

Եղո՜, ի՞նչ է պատահել քեզ, դու գունատ ես և դժգույն:

Ոչինչ, տե՜ր, — պատասխանեց Եղոն:

Բայց դու տխուր ես, հուսահատ:

Այդ կանցնի, տե՜ր, Լուսիկին կորցնելուց հետո ես հիրավի տանջվում եմ:

Շուտով դու կստանաս քո Լուսիկին, Եղո՜, մի՜ վհատիր:

Ինչպե՞ս, տե՜ր, — պատասխանեց Եղոն, և նրա աչքերից ուրախության կայծեր թռան:

Դու դեռ չես հասկանա թե ինչպես, սակայն վստահ եղիր: Երկար ժամանակ չի անցնի և Հայաստանի գահին Գագիկի փոխարեն քո տերը կլինի բազմած: Այժմ լսիր, ինչ եմ ասում: Եղո՜, դու գիտես, որ միայն քեզ վրա եմ վստահում: Ահա այս նամակները վստահելի ձեռքով պիտի ուղարկես մեկը հունաց հրամանատարին, որ նա հանձնե Կոստանդին Մոնամախոս կայսեր, իսկ մյուսը` Դվինի Աբուսվար էմիրին: Երկու նամակն էլ շատ կարևոր են և հետևանքն էլ խիստ ծանր կլիկի Գագիկի ու Վահրամյանների համար. թող Հայաստանը մնա երկու սրի մեջ, և այն ժամանակ տեսնենք Գագիկը ի՞նչ պիտի անի: Իսկ եթե այդ դրությունից էլ դուրս գա Գագիկը, այն ժամանակ ուրիշ միջոցներ կգտնենք նրան պատժելու:

Տե՜ր, ո՞րն է ամենից կարևոր նամակը, հունա՞ցը, թե էմիրինը: Դուք գիտեք, որ դրանցից մեկը արևմուտք է գտնվում, իսկ մյուսը` արևելք:

Նախ` հունացը, այդ ավելի կարևոր է:

Եղոն գլուխ տվեց և հեռացավ, Իսկ դավաճանը ուժասպառ անկողին մտավ ու քնեց` հրամայելով ոչ-ոքի չընդունել: Նա, ըստ երևույթին, վախենում էր լույսից. գիշերը յուր չար խորհրդի վրա էր մտածում, իսկ ցերեկը ուզում էր յուր խոնջացած մարմնին հանգստություն տալ. սակայն հեռու էր նրանից այդ ցանկալի հանգստությունը...

ԺԵ

ՑԱՆՑԻ ՄԵԶ

Մինչդեռ օձը դարաններ էր լարում Գագիկ թագավորի ու Անիի դեմ, անեցիք միամիտ նստած հրճվում էին իրենց պատանի թագավորի վրա և նրա անունով երդվում: Նրանք տեսնում էին, որ իրենց թագավորը, թեև պատանի, բայց քաջ է, խելոք և համարձակ: Նրանք զգում էին, որ այդ պատանի թագավորի ձեռքի տակ կարողանում են ազատ շունչ քաշել, որովհետև Գագիկ Բ-ի երակներում հոսում էր յուր քաջ նախահայրերի արյունը և նա չէր թույլ տալիս ո՜չ հույներին և ո՜չ ուրիշ թշնամիների հարձակվելու Հայաստանի վրա ու ավերելու այն: Բայց ժողովուրդը շատ միամիտ էր դատում: Նա առժամանակ մոռացել էր Վեստ Սարգսին, նրա երկաթյա ճիրանները, մոռացել էր, թե հույնի հարձակմունքը և թե Վեստ Սարգսից կրած նեղությունները: Այդպես է ժողովուրդը, վտանգն անցնելուն պես անձնատուր է լինում անհոգության և զբաղվում յուր առօրյա հոգսերով, առանց ապագայի մասին մտածելու, առանց յուր գլխին գալիք չարիքի մասին հոգալու: Սակայն այդպես չէին մտածում ծերունի Վահրամը և յուր միաբան իշխանները: Նրանք տեսնում էին Վեստ Սարգսի չարանենգ դիտավորությունները և գուշակում ազգին հասանելիք վտանգը, սակայն նրանց լսող չկար: Պատանի Գագիկը որքան քաջ, համարձակ և խելոք էր, այնքան էլ անփորձ, իսկ այդ անփորձության հետ ինքնավստահ: Ամեն անգամ, երբ ծերունի Վահրամը զգուշացնում էր Վեստ Սարգսից, պատանի Գագիկը ուսերն էր թոթափում և ինքնավստահությամբ ասում. «Ո՜չ, Վեստ Սարգսից ես չեմ վախենում»:

Բայց Վահրամ իշխանը դեռ չէր հուսահատվում, դեռ հույս ուներ, որ այսպես թե այնպես ազդեցություն կունենա Գագիկի վրա և այդ հույսով կխորտակի Վեստ Սարգսի բոլոր որոգայթները: Սակայն մինչև այդ, հունական զորքերը, դրդված Վեստ Սարգսից, կրկին մոտեցան Անիին, իսկ մյուս կողմից Դվինի Աբուսվար էմիրն էլ յուր գնդերը շարժեց Անիի վրա, և այդպիսով Գագիկ թագավորը մնաց երկու սրի մեջ: Ի՞նչ պիտի աներ յուր մի բուռ քաջերով երկու ահեղ բանակին: Նա մնացել էր շվարած: Բայց շուտով այդ կրիտիկական դրությունից էլ դուրս եկավ: Գագիկը շտապեց Դվին Աբուսվար էմիրին ընծաներ ուղարկել և հաշտություն խնդրել Աբուսվարը զիջեց Գագիկի խնդրին և յուր գնդերը կրկին ետ քաշեց: Այդ ժամանակ Գագիկը յուր բոլոր ուժով հարձակվեց հունաց գնդերի վրա, որոնք Ասիդ և Նիկողոս զորապետերի հրամանատարությամբ արդեն պաշարել էին Անին, և մի այնպիսի ջարդ տվեց, որ նրանք սարսափահար փախուստ տվին Անիի պարիսպների տակից և երկու տարի շարունակ դադարեցին Անիի մասին մտածել:

Այնուհետև, երբ Գագիկը հաստատապես իմացավ, որ այդ բոլորը Վեստ Սարգսի գործն է, որ նա կրկին չի դադարում յուր դեմ գործելուց, բորբոքվեց, վառվեց, բռնկվեց ու մի քանի մարդով անսպասելի կերպով ներս մտավ Սուրմառուի բերդաքաղաքը` Վեստ Սարգսի մոտ և գոռաց.

Իշխա՜ն, մինչև ե՞րբ դու պիտի այդ վատ և զազրելի ճանապարհով գնաս:

Վեստ Սարգիսը կրկին նեղն ընկավ, նա զգաց, որ հաղթվում է, որ չի կարողանում դիմադրել, հակառակել նրան, ուստի ավելի լավ համարեց դիմել խորամանկության և ներումն խնդրել պատանի թագավորից, ծունկ չոքեց նրա առաջ և արտասվաթոր աչքերով ասաց.

Թագավո՜ր, ես արդար եմ...

Ո՜չ, այլևս ինձ չես կարող խաբել, — պատասխանեց Գագիկը:

Ներիր ինձ, տե՜ր, — ասաց Վեստ Սարգիսը մի այնպիսի սոսկալի ձայնով, որ ներկա եղողների մարմնով մի տեսակ սարսուռ անցավ:

Գագիկը նայեց նրան, նայեց յուր ոտքերի տակ սողացող իշխանին և խղճահարվեց, արդեն պատրաստվում էր ներել, երբ յուր և Վեստ Սարգսի հայացքներն իրար հանդիպեցան:

Գագիկը սարսռաց: Վեստ Սարգսի աչքերի մեջ մի այնպիսի կրակ կար, որ պատանու մարմինը ցնցեց, և նրա հոգու մեջ գտնված խիղճը մի րոպեում ցնդեց. հիրավի այդ վայրկյանին Վեստ Սարգսի աչքերում փայլում էր ատելության մի այնպիսի մոլի կրակ, որ կարծես գեհենի միջից լիներ արտավիժելիս... Վեստ Սարգիսն արտաքուստ իրան ձևացնում էր խղճալի, ողորմելի մի արարած, որ յուր հզորի ոտքերն ընկած, աղերսագին թողություն էր խնդրում, իսկ ներքուստ, նրա հոգու մեջ, ատելության մի այնպիսի կրակ էր բորբոքվում, որ եթե հնար ունենար, կխմեր պատանի Գագիկի արյունը...

Ներիր ինձ, թագավո՜ր, ես մեղավոր չեմ, — կանչեց նա դարձյալ և նրա աչքերից կրկին ցայտեցին արտասուքի առատ աղբյուրներ, ի՞նչ արտասուքներ էին դրանք, թողությա՞ն, թե կատաղի վրեժխնդրության, այդ ոչ ոք չիմացավ, միայն թե Գագիկը այս անգամ չխաբվեցավ և հրամայեց բռնել Վեստ Սարգսին ու տանել Անի բանտարկելու, ապա, նրա ձեռքից առնելով բոլոր բերդերը, դարձավ Անի:

Բայց Վեստ Սարգիսը Անիում երկար բանտարկված չմնաց, կրկին սկսեց յուր ճարպիկ լեզուն բանեցնել, հասկացավ, որ գինու զորությամբ Գագիկին ընկճել չէր հաջողվում, ուստի հարկ համարեց մի ուրիշ ճար գտնել, այդ ճարն էլ գտավ, որ սոսկալի ազդեցություն ունեցավ թե՜ Գագիկի և թե՜ Հայաստանի վիճակի վրա:

Վեստ Սարգիսը նախ մտածեց բանտարկությունից ազատվել, որը և շուտով հաջողվեց: Գագիկը ընկճվեց նրա ճարտար լեզվից և նրան բանտարկությունից ազատեց: Եվ դրանով էլ չբավականանալով` նա Վեստ Սարգսին մեծ պատիվների հասցրեց:

Վեստ Սարգիսը հրճվեց: Նա նոր հասկացավ յուր ուժը, այն ուժը, որը կայանում էր ո՜չ թե զենքի, այլ լեզվի մեջ: Նա կարճ միջոցում Գագիկին յուր ձեռքն առավ, ցույց տվեց, որ ինքը թագավորի բարեկամն է, և Գագիկի խորհրդականը դարձավ:

Գագիկը յուր անփորձությամբ ընկավ նրա ճիրանների մեջ և անզգալի կերպով բռնվեց նրա պատրաստած ցանցի մեջ:

Գառը գազանի ճիրանների մեջ ընկավ, և այդ գազանը կամաց-կամաց ծծում էր յուր զոհի արյունը:

Ի՞նչ պիտի լիներ վերջը

ԺԶ

ԴԱՎԱՃԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Պատանի Գագիկը մտահույզ էր. բուռն մտքերը սև օձի նման կրծում էին նրա սիրտը և պղտորում նրա անարատ արյունը: Նա դեռ չէր ճանաչում կյանքը, չգիտեր, որ կյանքը լի է դառնություններով, որ մարդիկ շաղախվում են քսությամբ և խաբեությամբ: Նա տեղեկություն չուներ, որ կան մարդիկ, որոնց շրթունքները օրհնում են, իսկ սրտերը` անիծում. Արտաքուստ` ժպտում, ներքուստ` տխրում, երեսանց` համակրում, իսկ տակից` դարաններ լարում... ի՞նչ կկարծեր, թե նրանք, որոնք յուր ոտքերի տակ ընկած փառաբանում են իրեն և երկար կյանք մաղթում, տակից դարաններ կլարեն յուր դեմ... Չէ՜, Գագիկ Բագրատունին այդ համոզմունքը չուներ յուր իշխանների վրա. նա հասկանում էր, որ ամենքը սխալմունքներ ունեն, բայց զուրկ չեն խղճից, որն ի վերուստ տված է ամեն մի մարդու:

Բայց Գագիկը այս անգամ մտահույզ էր, խիստ մտահույզ. որքան նա կամենում էր ետ մղել իրանից դառն մտքերը, այնքան նրանք ավելի ու ավելի էին պաշարում նրան և մռայլեցնում նրա հոգին: Բայց ինչո՞ւ, ի՞նչու մռայլվում է նրա հոգին, ի՞նչու նրա սիրտը ուզում է լալ, արտասվել, քանի որ պետք է նա ժպտա, ուրախանա: Մի՞թե Հայաստանի գահ բարձրացավ նրա համար, որ մատաղ կյանքը խավարեցնի և տանջանքով վերջ դնի յուր դեռափթիթ կյանքին... Հա, վերջ դնի. նա պատրաստ է վերջ դնել յուր կյանքին, պատրաստ է զոհել այդ կյանքը հայրենիքի սիրույն, եթե միայն իմանա, որ յուր այդ զոհողությամբ կփրկվի հայրենիքը, սակայն յուր սիրտը, հոգին այդ վայրկյանին այդ չէր գուշակում:

Նրա սիրտը այդ վայրկյանին զգում էր մի ինչ-որ չարագուշակ, մի ինչ-որ սոսկալի բան: Նա կարծես զգում էր, որ յուր նախնյաց գահը, որի վրա բազմել է ինքը, պիտի ոչնչանա, պիտի անհետ կորչի, ջնջվի աշխարհի երեսից և ինքը չպիտի կարողանա դրա առաջն առնել... վա՛յ իրենց, վա՛յ Գագիկին... Եվ Գագիկը սոսկում էր, զարհուրում և չգիտեր ինչպես դուրս գար այդ ծանր դրությունից:

Այդ մտատանջության մեջն էր, երբ հայտնեցին Վեստ Սարգսի գալը: Գագիկը հրամայեց ընդունել: Երբ Վեստ Սարգիսը ներս մտավ, ուղղակի Գագիկի աչքերին նայեց և երբ նրա դժգույն, մեռելային դեմքը տեսավ. յուր աչքերում մի ինչ-որ դիվական հուր փայլեց: Բայց Գագիկը չնկատեց այդ հուրը և նրան հրամայեց նստել:

Դու մռայլ ես, թագավո՜ր, թող աստված պահպանե քեզ, ի՞նչ է պատահել արդյոք:

Այո, իշխա՜ն, հունաց կայսրը ինձ հրավիրում է Կ.Պոլիս և այդ հրավերը ինձ շատ հուզում է և ես չգիտեմ ընդունե՞մ, թե ոչ:

Վեստ Սարգիսը մի փոքր լուռ կացավ, ոչինչ չպատասխանեց, նա արդեն վաղուց գիտեր, թե ինչն է նրա հոգին վրդովում, ինչն է շփոթում նրան, ուստի և չուզեց իսկույն պատասխանել:

Դու լուռ ես, իշխա՜ն, և ոչինչ չե՞ս ուզում պատասխանել, մի՞թե հնարավորություն չկա այդ հրավերը մերժելու, — դարձյալ հարցրեց Գագիկը:

Ինչո՞ւ մերժել այդ հրավերը, տե՜ր, — վերջապես պատասխանեց Վեստ Սարգիսը:

Ինչո՞ւինչո՞ւ, ես էլ չգիտեմ ինչո՞ւ մերժեմ, քանի որ Հոռոմա կայսեր հրավերը խիստ սիրալիր հրավեր է, որից ես երկյուղ չունեմ: Բայց, իշխա՜ն, խոստովանում եմ քեզ, այստեղ, սրտիս մեջ, մի ինչ-որ որդ է մտել և ինձ հակառակն է պնդում, և ես վախենում եմ, վախենում, որ...

Որ ի՞նչ,— ընդհատեց Վեստ Սարգիսը` մի տեսակ հայացք գցելով Գագիկի վրա: Գագիկը սարսռաց, բայց թե պատասխանեց.

Որ ես ծուղակի մեջ ընկնեմ, իշխա՜ն, — ասաց նա հուսահատ:

Վեստ Սարգսի դեմքով մի դառն, հեգնական ժպիտ անցավ:

Նա ծիծաղում էր յուր թագավորի զգացմունքի վրա:

Ի՞նչ, դու ծիծաղում ես իմ զգացման վրա, դու հեգնո՞ւմ ես ինձ, — ասաց Գագիկը հուսակտուր:

Քա՛վ լիցի, թագավո՜ր, որ ես հեգնեմ քո զգացմունքը, բայց իմացիր, որ այդ զգացմունքները սնոտի, դատարկ բաներ են և դու չպիտի ուշադրություն դարձնես դրանց:

Բայց ի՞նչպես, ի՞նչպես վարվեմ:

Ինչպե՞ս վարվես... Բայց դու սիրո՞ւմ ես հայրենիքդ,— հանկարծ հարցրեց Վեստ Սարգիսը և շեշտակի նայեց Գագիկին: Գագիկը դողաց. նա չէր դիմանում Վեստ Սարգսի հայացքին, որ մինչև ոսկորներն էր ցնցում:

Այդ ի՞նչ հարց է, իշխա՜ն, մի՞թե չգիտես, որ կյանքս անգամ չեմ խնայի հայրենիքիս սիրույն:

Ես էլ եմ այդպես կարծում, որ սիրում ես քո հայրենիքը: Եվ ահա այդ հայրենիքի սիրո համար դու պիտի ընդունես հրավերը և գնաս Կ. Պոլիս: Մի՞թե չգիտես, տե՜ր, որ եթե չընդունես կայսեր հրավերը, հույները իրենց արհամարհված կզգան և այն ժամանակ ոչինչ չեն խնայի կործանելու մեր հայրենիքը, իսկ մենք ի՞նչ ուժ ունենք նրանց ահեղ զորությանը դիմադրելու... Չէ, թագավո՜ր, քո Կ. Պոլիս գնալով ոչինչ վտանգ չի առաջանա ո՜չ քեզ և ո՜չ քո գահին, իսկ չգնալով մեծամեծ փոթորիկների տեղիք կտաս:

Բայց, իշխա՜ն, ծերունի Վահրամը դեմ է դրան:

Ծերունի Վահրամը... հը՛մ, բայց նա ծերության հետ խելքն էլ է կորցրել, տե՜ր, նա հեռուն չի կարողանում նայել: Դու, տե՜ր, չպիտի լսես դրանց, հակառակ դեպքում թող մեղքն ընկնի իմ վզին:

Բայց, իշխա ն, ո՞ւմ հանձնեմ գահս, Անիի բանալիները...

Մի՞թե ինձ չես հավատում, թագավո՜ր, մի՞թե չգիտես, որ Վեստ Սարգիսը յուր վերջին կաթիլը կզոհի յուր թագավորի համար: Դու հանգիստ գնա և վերադարձին քո գահը կստանաս անխափան, իսկ բանալիները հանձնիր մեր վեհափառին` Պետրոս կաթողիկոսին:

Բայց սի՛րտս, հոգի՛ս, իշխա՜ն...

Դատարկ բան, սնոտի զգացմունք, թագավո՜ր:

Ուրեմն խորհուրդ ես տալիս գնա՞լ, — հարցրեց Գագիկը:

Այո՜, անպատճա՜ռ պիտի գնաս:

Երդվո՞ւմ ես, որ մինչև իմ վերադարձը անխախտ պահես իմ գահը:

Երդվում եմ, տե՜ր թագավոր, սրովս, երդվում եմ աստուծով, որ այդ գահին ոչ ոք չի համարձակվի մերձենալ:

Ես համաձայն եմ, — ասաց խուլ ձայնով Գագիկը, և նրա սիրտը կարծես փուլ եկավ. այնինչ Վեստ Սարգսի աչքերից ուրախության կայծակներ թռան:

Ես համաձայն եմ,— կրկնեց Գագիկը,— միայն հայտնիր կաթողիկոսին և իշխաններին, որ երդվեն ինձ ս. տաճարում և Քրիստոսի արյունով կնքեն այդ երդումը, որ դուք ինձ հավատարիմ կմնաք և մինչև ձեր արյան վերջին կաթիլը կթափեք ու ինձ չեք դավաճանի: Այնուհետև ես միայն կհանձնեմ ձեզ Անիի բանալիները և իմ գահը: Այժմ գնա հայտնիր իշխաններին իմ վճիռը և թող հանդիսավոր երդումի պատրաստվեն, — ասաց Գագիկը և երեսը շուռ տվեց: Նրա աչքերը արդեն լցված էին արտասուքով:

Ամեն բան կպատրաստվի հրամանիդ համաձայն, — ասաց Վեստ Սարգիսը և դուրս գնաց:

Վեստ Սարգսի սիրտը ցնծում էր և հոգին հրճվում: Նա տարավ հաղթանակը:

ԺԷ

ԵՐԴՈՒՄ

Թագավորը գալի՛ս է, թագավո՛րը, — շշնջաց ամբոխը և աչքը դեպի պալատը դարձրեց:

Զորքը, որ շարված էր պալատից դեպի մայր եկեղեցին տանող ճանապարհի երկու կողմում, նույնպես ցնցվեց և հայացքը դեպի պալատը դարձրեց:

Արդարև պալատի դռներում երևաց Գագիկ Բ. հայոց թագավորը` ծիրանի քողը ձգված ուսերին, շրջապատված մեծ ու փոքր իշխաններով:

Գագիկի երևալուն պես թմբուկը զարկեցին և զորքը պատվի նշան արավ իջեցնելով նիզակները, իսկ ամբոխը, որ լցված էր ճանապարհի երկու կողմում, կանչեց.

Կեցցե՛ Գագիկը, ապրի՛ մեր թագավորը...

Գագիկը առաջ անցավ` յուր աջ ու ձախ կողմն ունենալով Վահրամ և Վեստ Սարգիս իշխաններին:

Նա տխուր էր ու մռայլ: Նրա դժգույն, բայց արքայական վեհ դեմքը կրում էր հուսահատության սոսկալի դրոշմ, որ նայողի վրա թողնում էր խորին կսկիծ: Ի՞նչ էր պատահել, ինչո՞ւ Գագիկը այդպես տխուր, այդպես վհատ էր: Այդ ամենքը գիտեին, այդ ամեն մարդ զգում էր:

Գագիկը մայր եկեղեցի էր իջնում աղոթելու վերջին անգամ, ուր յուր իշխանները հավատարմության երդում պիտի տային և մյուս օրը ինքը պիտի մեկներ Կ. Պոլիս:

Ողջո՛ւյն հայոց թագավորին, ապրի՛ Գագիկը, — նորից գոռաց ամբոխը և խոր գլուխ իջեցրեց:

Գագիկը մտազբաղ ժողովրդին նայեց, ու նրա սիրտը հուզվեց, կսկծաց: Ինչե՞ր արդյոք չանցան նրա մտքով այդ իսկ րոպեին:

Մայր եկեղեցում սկսված էր պատարագը և Պետրոս Գետադարձ կաթողիկոսը զգեստավորված: Երբ թագավորը ներս մտավ, կաթողիկոսը առաջ եկավ նրան ընդունելու: Գագիկը խաչը համբուրեց և կանգնեց արքայական գահույքի տակ և ամբողջ պատարագի ընթացքում լուռ աղոթում էր:

Ամբողջ եկեղեցին լի էր մեծ ու փոքր իշխաններով և իշխանազնուհիներով, իսկ դուրսը խռնվում էր ժողովուրդն ու զորքը:

Խորհրդավոր լռություն էր տիրում եկեղեցում և բացի երգեցողության մեղմ ու քաղցր ձայնից, ոչ մի շշուկ չէր խանգարում լռությունը: Քաղցրանվագ ալելուն էր հնչում Անվո մայր եկեղեցում և խնկի ու կնդրուկի անուշաբույր հոտը տարածվում:

Ամենքը, ինչպես մի մարմնացած արձան, լուռ էին և անշարժ:

Մեկ կողմը կանգնած էին կաթողիկոսը, Վեստ Սարգիսը և յուր համախոհ իշխանները, իսկ ձախակողմը, արքայական գահի առաջ գլխիկոր նստած էր ծերունի Վահրամ իշխանը` նույնպես յուր կուսակից իշխաններով: Կարծես եկեղեցում իսկ, սուրբ պատարագի ժամանակ, երբ աշխարհային ամեն գծուծ գործ պիտի մոռացվի, հայ իշխանները երկու բանակի էին բաժանվել և իրար վրա լռելյայն մոլի հայացքներ էին ուղղում:

Բայց ահա պատարագը ավարտվում է: Պատարագիչ Խաչիկ եպիսկոպոսը բարձրաձայն կանչում է «կեցո՜, տէ՜ր, զժողովուրդս քո և օրհնեա...», և վարագույրը ծածկում է սրբության սեղանը, որ անխիղճ տիրանենգներն ու անօրեն դավաճանները չտեսնեն ճշմարտության համար զոհված աստուծո գառին: Նոցա զոհը այլ գառն է, որ անմռունչ կանգնած է յուր պարանոցը մերկացնելով կտրողի առաջ:

Բայց ահա վեհափառը բարձրանում է բեմ և վարագույրի առաջ դրած գահի մոտ կանգնելով` սկսում է յուր պերճաբան քարոզը: Նա նզովք, անեծք է թափում հայրենիքի դավաճանի գլխին և պատմում թուլասիրտ Հովհաննես-Սմբատ արքայի տված թղթի մասին, հունաց արշավանքները Անիի վրա և ապա գովաբանում է ներկա հոռոմոց կայսեր բարեպաշտությունը, որ չցանկանալով օգտվել այդ կտակից, վեհանձնաբար Գագիկ թագավորին յուր մոտ է հրավիրում մեծամեծ պատիվներ տալու նրան և խաղաղության դաշն կռելու, սակայն մեր թագավորը երկմտում է այդ հրավերն ընդունելու, որ կազմում է մեր աշխարհի միակ փրկությունը, — ավելացրեց կաթողիկոսը մի ինչ-որ պայմանական հայացք գցելով դեպի Վեստ Սարգիս իշխանը:

Մեր թագավորը այն է մտածում, որ յուր գնալով կկորցնե ամենը, ինչ որ թանկ է հայրենիքի համար: Այն ձեռքը, որ կտակ գրեց և տվեց հույներին, այն հոգևորականը, չիք Կիրակոսը, որ կաթողիկոսի տան հյուրընկալն էր, վաճառեց Անին յուր շրջակայքով և տվեց հույներին, նրա տեսակները շատ ավելի վատ գործերի են ընդունակ, — ավելացրեց ծերունի Վահրամը` հնչեցնելով յուր ուժեղ ձայնը:

Լսո՞ւմ եք, իշխաննե՜ր, որ մեր քահանայապետին դավաճան է հայտարարում այդ զառամյալ ծերուկը, — շշնջաց Վեստ Սարգիսը:

Դավաճանը նա է, ով որ մեր սրբազնասուրբ հոգևոր տիրոջը անբաստանում է, — լսվեցան ձայներ այն դասից, ուր կանգնած էր Վեստ Սարգիսը:

Գագիկի գեղեցիկ դեմքը շառագունեց: Նա զգաց, որ ահա ուր որ է իշխանների մեջ պիտի մի ներքին պառակտում ընկնի, ուստի, ձեռքի շարժումով լռեցնելով իշխաններին, ասաց.

Թող իմանան իմ իշխանները, որ նոցա երջանկությունն է միայն իմ բաղձանքը: Ամենքին հայտնի է, որ ես ոչինչից վախեցողը չեմ: Հունաց լեգիոնները ջարդվեցան ինձանից և խայտառակությամբ ետ փախան: Ես միայն կասկածում եմ, որ եթե գնամ Կ. Պոլիս, կայսեր մոտ, մայրաքաղաքս պահպանող չի լինի: Կաթողիկոսը կրկին խոսեց.

Մի՜ կասկածիր, տե՜ր արքա, երկնքում թող հայր աստվածը վկա լինի, իսկ երկրիս վրա ահա կենդանարար Քրիստոսը, որ այժմ պատարագում է այդ սուրբ սեղանի վրա, որ քեզ ոչ ոք դավաճանող չկա: Ես կհրամայեմ պատարագիչ եպիսկոպոսին թող յուր գրիչը թաթախե զինվող գառի անապական արյան սուրբ բաժակի մեջ և գրե սաստիկ երդման գիր, որ ես իբրև գլուխ հոգևորականության և Վեստ Սարգիսն ու մյուս նախարարները իբրև ներկայացուցիչ քաղաքի բոլոր դասակարգի, երդվում ենք այդ սուրբ անմահ պատարագով, մեր փրկչի խաչով, նորա ավետարանով, որ ինչպես նա, մեր տեր Հիսուս Քրիստոսը բարձրացավ խաչափայտի վրա և անարգ մահով մեռավ և թաղվեցավ մեզ փրկելու համար, այնպես էլ մենք քրիստոսանման պետք է նահատակվենք Անի քաղաքը պահպանելու ու փրկելու թշնամիների ձեռքից և մեր արյունը թափելով` հանձնել այն յուր օրինավոր տիրոջը: Եվ այդ թուղթը ես կպահեմ ինձ մոտ:

Տե՜ր արքա, աղաչում ենք, հաճեցեք ընդունել մեր սրբազնագույն հոգևոր տիրոջ խորհուրդը, որ պատրաստ է Քրիստոսի պես բարձրանալ Գողգոթա` հայ մայրաքաղաքի փրկության համար, — աղաղակեցին Վեստ Սարգսյանք:

Կեղծ են այդ բոլորը, տե՜ր արքա, և մի որոգայթ, աղաչում եմ չլսել դրանց, — կանչեց դարձյալ Պահլավունին:

Թող լռե անաստված խռովարարը,— գոռացին մի քանի ձայներ:

Բայց այդ ժամանակ առաջ է գալիս թագավորը, լռեցնում ամենքին և հուսահատ ձայնով ասում.

Բավական է: Առաջ եկ, Լուսավորչի աթոռին նստող աստվածապաշտ Հայրապետ: Ահա, միայն քո երդումին հավատալով, քեզ եմ տալիս քաղաքի բանալիները և քեզ հանձնում իմ գահի պաշտպանությունը... Գրեցեք երդման թուղթը, — ասաց Գագիկը և արտասուքով լի աչքերով չոքեց փրկիչի խաչելության առաջ և բազկատարած ձեռքերով օգնություն հայցեց բարձրյալից:

Իջավ պատարագիչ եպիսկոպոսը ս. բաժակը ձեռքին: Գրվեցավ երդման թուղթը Քրիստոսի արյունով, և ամեն մի իշխան խաչի ու ավետարանի վրա, երդվելով հավատարիմ մնալու, ստորագրեց յուր անունը երդման թղթի վրա` գրիչը թաթախելով ս. Բաժակի` Հիսուսի արյան մեջ:

Գագիկը դուրս գնաց եկեղեցուց: Ժողովուրդը կրկին ցնծագին գոռում էր.

Ապրի՛ թագավորը, կեցցե՛ Գագիկ արքան:

Սակայն Գագիկը հուզված էր ու մռայլ: Նա էլ ժողովրդին չէր նայում, կարծես վախենում էր նրանից...

ԺԸ

ԳԱԳԻԿ ԹԱԳԱՎՈՐԸ ԱՔՍՈՐԱՆՔՈՒՄ

Միամիտ որսն ընկավ թակարդի մեջ:

Գագիկը Կ. Պոլիս հասավ և միայն մի քանի օր շքեղ ընդունելություն գտավ կայսեր կողմից, և ապա, երբ առաջարկվեց հանձնել Անին, իսկ ինքը մերժեց, նա աքսորվեց Մարմարյա ծովի կղզիներից մեկը:

Գագիկը աքսորանքումն է, հեռու հայրենիքից, հեռու յուր սիրելի նախարարներից: Նրա գլխին օտար երկինք է փայլում, իսկ շուրջը ծովի ահեղ ալիքներն են վխտում, որոնք կատաղաբար մռնչալով ծիծաղում են Գագիկի հուսահատության վրա և հեգնում նրան...

Գագիկը մտամոլոր շրջում է ավազոտ ափերին ու հուզված հեռուն դիտում: Նա նայում է հեռուն, դեպի մթին հորիզոնը, ուր սևին են տալիս Ասիայի ժայռոտ ափերը, ու նրա սիրտը քաղվում է, հոգին խռովվում և ամբողջ մարմինը` ցնցվում: Հուսահատության սոսկալի բոցերով լցվում են նրա աչքերը և նա կարծես թե ուզում է թռչել, անցնել իրեն արգելք եղող ալիքների միջով և մի վայրկյանում սլանալ այնտեղ, ուր յուր սիրտն է ձգտում, բայց զգալով յուր թուլությունը բնության դեմ, հուսահատությամբ կոտրատում է յուր մատները և հառաչելով կանչում.

Ո՛հ, հայրենյաց սուրբ շիրիմներ, մանկությանս օրրան հայրենիք, իմ սիրուն Անի, ո՞ւր եք դուք, ձեր թագավորը տանջվում է այստեղ, ձեր կարոտը քաշում, ձեր ջրին, ձեր հողին կարոտում: Ա՛խ, ինչո՞ւ ես թևեր չունեմ ձեզ մոտ թռչելու, իմ կարոտն առնելու և ապա շունչս փչելու...

Բայց չէ, սպասեցեք, Գագիկը չպետք է մեռնի, չպետք է շունչը փչե ձեր թագավորը մինչև որ յուր վրեժը չառնի դավաճաններից: Ձեր թագավորը ընկավ ծուղակի մեջ, խաբվեցավ ինչպես միամիտ գառը, բայց էլ չի խաբվի:

Օ՛, ստո՜ր իշխաններ, ատելի Հայրապետ և դու, Մեհրուժանի և Վասակի օրինավոր ժառանգ Վեստ Սարգիս, քո թունալից լեզվով դավաճանեցիր թագավորիդ, դավաճանեցիր հայրենիքիդ և թող անիծյալ լինես հավիտյան: Թող քո ոսկորները հանգիստ չմնան գերեզմանիդ մեջ, և այն սուրբ հողը, որին դու դավաճանեցիր, թող դուրս շպրտի քո ոսկորները, յուր գիրկը չընդունի անարժան որդու ժահրալից ոսկորները... Ո՛հ, աստված, կատարիր իմ այդ խնդիրը, — ասաց Գագիկը և չոքեց: Նրա երեսը վառվում էր, աչքերը փայլատակում, հոգին հուզվում... հանկարծ նա վեր թռավ տեղից մի քանի քայլ առաջ գնաց և կանչեց.

Next page