Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Լուսի՜կ, Լուսի՜կ, հյուսիր ծաղկի պսակը, սիրուն պսակ անթառամ ծաղիկներից... օ՛, սրտիս կսկիծներ... ո՞ւր է սուրս... տվեք իմ սուրը ես մխեմ սիրտս... սարսափելի է, — կանչեց Ստեփանիկը և ուզեց ձեռքերով պատառ-պատառ անել սիրտը, ուր հրդեհը անողորմաբար լափում էր ու սոսկալի տանջանքներ պատճառում:

Հա՜յր, աղաչում եմ, հայտնիր ինձ, ի՞նչ է պատահել նրան, մի՞թե նա պիտի մեռնի, — ասաց Լուսիկը նորից, և արտասուքները հեղեղեցին նրա աչքերից:

Արիացիր, աղջի՜կս, տար ճակատագրի և այս դառն հարվածը, Ստեփանիկ իշխանին այլևս ոչ մի ուժ չի կարող ետ դարձնեի նա թունավորված է ամենասոսկալի թույնով:

Թո՛ւյն, թո՛ւյն, և նա պիտի մեռնի... Ահա և իմ թույնը, որ ես պահում էի դառն օրերի համար... Ես քեզ հետ եմ, իշխա՜ն, և քեզ հետ էլ պիտի գնամ մյուս աշխարհը, ուր վշտերը չեն կրծի սիրտս, — ասաց Լուսիկը և զգեստի քղանցքներից հանելով մի սրվակ` մի վայրկյանում դատարկեց նրա միջի հեղանյութը:

Վահրամը և ներկա եղողները վրա ընկան խլելու, բայց ուշ էր: Լուսիկը դատարկ սրվակը դեն շպրտեց ու գրկեց Ստեփանիկի արդեն սառչող դիակը:

Թաղեցեք միասին, — հանկարծ լսվեց Լուսիկի սրտակտոր ձայնը և ամենքին հեծեծացրեց: Մի քանի վայրկյան էլ և թշվառ Վահրամ իշխանի առաջ երկու անշունչ դիակներ էին տարածված...

Խեղճ ծերուկի աչքերում ցամաքել էին արտասուքները, և նա քար կտրած նայում էր դավաճանության անմեղ զոհերին...

ԻԲ

ԱՎԵՐՈՒՄ ԵՆ

Դավաճանի սիրտը դեռ չէր հագեցել: Նա դեռ ծարավի էր արյան: Հունաց աջ ձեռքը դառնալով` նա շատ հայ իշխանների մահվան պատճառ դարձավ: Շատերին թույնով սպանեց, շատերին` սրով: Նա յուր խոսքի տերն եղավ:

Սուրը և թույնը իրենց հունձն էին անում: Վեստ Սարգիսը իրենց դաշնակից Պետրոս Գետադարձ կաթողիկոսի հետ հրճվում էր և դափնիների սպասում, երբ Հայաստանի սահմաններում երևացին սելջուկյան թուրքերը: Ներքին թշնամին` յուր որդին արդեն քանդել էր և շարունակում էր քանդել Հայաստանը, հարկավոր էր նաև մի ուրիշ արտաքին թշնամի, որ Հայաստանի ավերմունքը կատարյալ լիներ, և դա էլ երևաց:

Տուղրիլը վաղուց սպասում էր հարմար րոպեի և գտավ այդ րոպեն: Նա տեսավ, որ Հայաստանը անտեր է մնացել, որ հույները միայն ճնշում են հայերին, հարստահարում խեղճ ժողովրդին առանց նրանց պաշտպանության հոգսը քաշելու, ուստի ինքն էլ ուզեց այդ համեղ պատառին մասնակից լինել:

Եվ նա յուր հրոսակները շարժեց դեպի անտեր Հայաստանը: Ավերվեց Արծն բազմամարդ ու ճոխ քաղաքը: Նրա բնակիչները, որոնք մոտ 150 000 էին, սրով կոտորվեցան և գերի տարվեցան, իսկ քաղաքի տեղը մոխրի կույտ միայն թողին: Ավերվեցին Արծկե, Սմբատաբերդ քաղաքները: Եվ հետևից միայն մոխրի կույտեր թողնելով սելջուկյան հրոսակները մոտեցան Բաբերդին...

Հեծծում էր ժողովուրդը, տանջվում, կոտորվում, բայց դավաճանի սիրտը դեռ չէր հագեցել, նա յուրայինների արյանն էր կարոտ:

Վեստ Սարգիսը մտածեց հանգամանքից օգտվել: Նա իբր հայրենիքը պաշտպանելու համար յուր զորքերով միացավ Վահրամի, նրա որդի Գրիգոր Մագիստրոսի, Լիպարիտ վրաց թագավորի, Ահարոն Վանա վերակացուի և հունաց զորքերի հետ և ճակատեցավ Բաբերդի մոտ թշնամիներին դեմ առ դեմ:

Բայց Վեստ Սարգսի միտքը ուրիշ էր: Նա չէր եկել յուր հայրենիքը պաշտպանելու, նա չէր եկել Տուղրիլի դեմ կռվելու, այլ եկել էր Վահրամի, նրա որդու` Գրիգոր Մագիստրոսի կյանքի թելը կտրելու:

Եվ դավաճանի իղձը կատարվեցավ:

Կռվի ամենատաք ժամանակ, երբ որդին ու հայրը առյուծաբար կռվում էին սելջուկյան թուրքերի դեմ, դավաճանի սուրը մխվեց Գրիգոր Մագիստրոսի կուրծքը և տեղն ու տեղը սպանեց նրան, իսկ ծերունի Վահրամը գերի ընկավ թուրքերի ձեռքը, որոնք անգթաբար տանջեցին նրան և նահատակելով դեն շպրտեցին նրա դիակը:

Սակայն ծերունու դիակը անթաղ չմնաց: Կես գիշերին մի մարդ պտրտում էր նրա դիակը և արտասուքն աչքերին մի դիակից մյուսն անցնում: Դա Խենթն էր, ծերունի հայրենասերի սիրելի Ներսեսը:

Երկար, շատ երկար Խենթը պտրտում էր իր տիրոջ դիակը և արդեն հուսահատված արցունքներ էր թափում, երբ երկնքից մի լույս շողաց ու լուսավորեց ծերունու դիակը: Խենթը դեպի լույսը դիմեց: Աստված ինքը ցույց էր տալիս դիակի տեղը: Նա առաջ գնաց և տեսավ նրան` Վահրամ իշխանին երկնքի անսպառ լույսով շրջապատված:

Խենթը ծունկ չոքեց և համբուրեց ծերունի Վահրամի սպիտակ ճակատը: Ա՛խ, կարծես նա քնած լիներ, կարծես նա դեռ կենդանի լիներ, սակայն մահաբեր սուրը մխված էր նրա կրծքի մեջ, և նա լուռ էր, նրա սիրտը էլ չէր բաբախում:

Իշխա՜ն, քո Խենթն է, լսիր ինձ, — ասաց Խենթը և կրկին համբուրեց նրա ալեզարդ դեմքը:

Բայց իշխանը լուռ էր, նա չէր պատասխանում, իսկ երկնքի լույսը ավելի ու ավելի էր պայծառանում:

Խենթը շալակեց դիակը և տարավ հեռո՛ւ, հեռու:

Մի քանի օր էլ և ծերունի Վահրամի դիակը հողին հանձնվեցավ Մարմաշենում, ուր յոթ գիշեր շարունակ նրա գերեզմանի վրա իջնում էր երկնքի լույսը:

Այդպես են բացատրում պատմիչները, այդպես են նկարագրում հին-հին դարերի գրողները, նրանք, որոնք տեսել են Վահրամին, որոնք արժանացել են նրա սուրբ դեմքը դիտելու

Այժմ էլ կա այդ սուրբ գերեզմանը, դա մի կարմիր, սիրուն քար է, տապան է Մարմաշեն եկեղեցու մոտ, որի հյուսիսային երեսին մի համեստ խաչ է նկարած, իսկ վրան արձանագրած. «Աստ ամփոփին նշխարք Վահրամայ իշխանաց իշխանի Հայոց Մեծաց ի ցեղէ Պահլավունի, որ նահատակեցաւ ի թուրքաց պատերազմի ի Մարմաշեն հայոց թվի ՆՇԴ» (1047 թ.):

ԻԳ

ՑԱՆԱԾԸ ՀՆՁՈՒՄ է

Ահռելի էր բնությունը...

Երկինք ու երկիր խառնվել էին իրար, իսկ գեհենը կարծես բացել էր յուր մահաշունչ բերանը և կրակե շանթեր էր արձակում չորս կողմ: Ախուրյան գետը զգույշ վշվշում էր, Ծաղկոցաձորը ծանր հեծեծում, այնինչ Անին յուր բրջերով և աշտարակներով, յուր պալատներով ու մոզաիկներով ծանր կերպով հեծեծում...

Մութը պատել էր չորս կողմը, և ոչ մի բան չէր երևում: Ամեն ինչ պատած էր անթափանցելի խավարով, միայն երբեմն փայլակների լույսից վայրկենաբար լուսավորվում էին Անիի աշտարակներն ու շրջակայքը և ապա կրկին ընկղմվում խորին խավարի մեջ, լսվում էր որոտման ահռելի դղրդյունը: Կարծես գեհենի դևերը միասին գոռալիս լինեին և կամ սանդարամետը կործանվելիս լիներ դեպի անհատակ անդունդը:

Կես գիշեր էր արդեն, երբ ահռելի որոտմունքից վեր թռավ իշխան Վեստ Սարգիսը յուր փափուկ անկողնից և վայրենաբար չորս կողմը նայեց:

Նա ոչինչ չէր հասկանում, թե ինչ է կատարվում յուր շուրջը, գիտակցությունը կարծես թե թռել էր նրանից ու տեղի տվել մի տեսակ անմիտ տենդային դրության:

Ահա մի քանի օր էր, որ նա կորցրել էր քունը և հանգստությունը: Նոր էր միայն նա աչքը խփել, երբ զարհուրելի որոտմունքը վեր թռցրեց նրան քնից:

Նա վեր թռավ և ապուշի նման կանթեղի աղոտ լույսով լուսավորված պատերին էր նայում, երբ դղրդաց երկրորդ որոտմունքը:

Վեստ Սարգիսը մեքենաբար երեսը խաչ քաշեց:

Եվ այդ առաջին անգամն էր, որ քսան տարվա ընթացքում նա երեսը խաչ էր քաշում: Արդյոք ի՞նչ էր պատահել նրա հետ: Հանկարծ նա անկողնից դուրս թռավ, գլուխը ձեռքերով ամուր բռնեց և սկսեց արագ-արագ շրջել ննջարանում: Նա այնպես ամուր էր բռնել գլուխը, կարծես այն կտրվելիս լիներ մարմնից և թռչելիս լիներ հեռո՛ւ, հեռու...

Ճիշտ որ այդպես էր: Այդ վայրկյանին նրա ուղեղը բորբոքվում էր, մազերը` փշաքաղվում, իսկ աչքերը ակնակապիճներից դուրս թռչում, և նա զգում էր, թե յուր գլուխը հիրավի ուզում է անջատվել մարմնից և փախչել հեռո՛ւ, հեռու, ո՞վ գիտե, դեպի գեհենի բոցը կամ դեպի անհատակ անդունդը, իսկ ինքը ուժ էր գործ դնում այդ գլուխը յուր մարմնի վրա պահելու:

Վեստ Սարգիսը մեռնել չէր ուզում, ուզում էր դեռ ապրել:

Օ՛, ո ւր է գահս... արքայական գահս, ինձ խաբեցին հույները, երեխայի նման խաղացրին և այժմ ծիծաղում են վրաս, ծաղրում ինձև ո՞ւմիշխան Վեստ Սարգսին, որից դողում էր ամբողջ Հայաստանը... Օ՛, սարսափելի է, զարհուրելի է խաբված լինել, ամեն հույս կորավ, ամեն նպատակ փշրվեց, խորտակվեց ինչպես սնոտի երազ... Ի՞նչ շահեցի եսԱնիի կործանումը, Հայաստանի ավերմունքը և անթիվ զոհերի տանջանքը: Օ՛, ապերա՜խտ հույներ, տվեք ինձ իմ գահը, խոստացած գահը, թե չէ` երկինքը վկա եմ կանչում, կթափվի ձեր գլխին բարկությանս բոցը: Ինչո՞ւ սելջուկյան թուրքերի երեսից, ինչպես վախկոտ շներ, փախուստ տվիք և թողիք ինձ միայնակ: Ինձ ի՞նչ եք պատասխանում... Տվեք ինձ խոստացած գահը, որ ես հարազատներիս արյունով գնեցիԱրյո՛ւն... արյո՛ւն... Ո՛հ, սոսկալի է...

Որոտը մեկ էլ որոտաց ու դղրդյունով անցավ սենյակների միջից:

Վեստ Սարգիսը լարվեց: Մեխվածի նման կանգ առավ և դեպի յուր քնարանի մի անկյունը նայեց: Այնտեղ կարծես կանգ առավ որոտը և ինչ-որ քրթմնջյուններ հանեց: Վեստ Սարգիսը ուշադրությամբ այնտեղ նայեց և սարսափով ինչ-որ շարժուն առարկաներ նկատեց, որոնք ոչ կմախքներ էին և ոչ իսկական մարդիկ: Վեստ Սարգիսը շփեց ճակատը, աչքերն ավելի լայն բացեց, որ որոշի դրանց ինչ լինելը, և հանկարծ մազերը սկսեցին դիք-դիք կանգնել, ու մի քանի քայլ ետ-ետ գնալով զարհուրելի ձայնով կանչեց.

Է՛յ, հեռացեք ինձանից, զուր եք գերեզմանից դուրս եկել և ձեր լալկան աչքերը բարձրացրել ինձ վրա... — Բայց Վեստ Սարգիսը զարհուրանքով նկատում էր, որ այդ շարժուն առարկաները հետզհետե ստվարանում են ու մոտենում իրեն: Ո՛ւֆ, ինչքա՛ն շատ են դրանք, և ինչքա՛ն զարհուրելի: Նրանք բոլորն էլ կրճտացնում են ատամները և մոլի հայացքներ գցում Վեստ Սարգսի վրա: Ո՛հ, սարսափելի է, սարսափելի: Եվ Վեստ Սարգիսը նկատում և ճանաչում է դրանց` այդ ուրվականներին... Այդտեղ են Մանաճիհր իշխանը, դարբին Ղևոնդը, որ յուր վայրենի աչքերով վրեժխնդրության բոցեր էր արձակում, ինչպես նաև Վահրամը, Գուրգեն իշխանը, կանայք, երեխաներ, ծերեր ու երիտասարդներԱ՛խ, նրանք մի ամբողջ լեգիոն են և ի՞նչ են ուզում Վեստ Սարգսից:

Ո՜չ, Հայաստանի գահը ինձ է պատկանում: Ես ձեր ոսկորների վրա եմ շինել այդ գահը և ոչ ոք չի կարող խլել ինձանից: — Գոռում է Վեստ Սարգիսը և ետ-ետ գնում: Նա կամաց-կամաց մոտենում է պատին և կպչում նրան: Նրա շնչառությունը ծանր է, աչքերը` կատաղի, իսկ դեմքը` զարհուրելի: Հենց այդ ժամանակ թվում է նրան, որպես թե ինքը Հովհաննես-Սմբատ թագավորը, որ միաժամանակ յուր ձեռքին խաղալիք էր դարձրել, արքայական զգեստներ հագած, ձեռքը մեկնում է յուր գլխից երևակայական թագը խլելու:

Վեստ Սարգիսը ձեռքը դեպի գլուխն է տանում և ամուր բռնելով երևակայական թագը, հեգնորեն կանչում.

Թուլասի՛րտ թագավոր, հեռո՛ւ ինձանից, հեռո՛ւ: Ինչո՞ւ դու նորից ես ձգտում այն բանին, որին արժանի չէիր: — Խոսքը կիսատ է մնում Վեստ Սարգսի բերանում:

Նա տեսնում է, թե ինչպես ամեն կողմից հարձակվում են յուր զոհերը և ուզում են խեղդել իրեն: Զարհուրած, նա աջ ու ձախ է նայում և պատից կախ սուրը տեսնելով թռչում այն կողմ, վերցնում և մերկացնելով` հարձակվում յուր զոհերի վրա: Այդ աղմուկից բացվում է Վեստ Սարգսի ննջարանի դուռը և ներս է մտնում մի մարդ ու զարհուրած կանգնում դռանը:

Վեստ Սարգիսը կայծակի արագությամբ հարձակվում է նրա վրա և սուրը մխելով նրա կուրծքը` կանչում:

Երկրորդ անգամ մեռիր, անիծյա՜լ Հովհաննես-Սմբատ...

Դու սպանեցիր ինձ, իշխա՜ն, անիծյալ լինիս հավիտյան, — կանչում է ընկած մարդը և վերջին շունչը փչում:

Վեստ Սարգիսը վայրկենաբար ցնցվում է, ճանաչում է այդ ձայնը: Ո՞ւմ սպանեց, Հովհաննես-Սմբատ թագավորի՞ն, թե մի ուրիշի:

Վեստ Սարգիսը նայում է յուր զոհին և սարսափում:

Նրա առաջ տարածված է յուր հավատարիմ ծառա Եղոյի արյունաթաթախ դիակը

Երկինքը կրկին գոռաց և յուր որոտով կրկին դղրդացրեց Անիի շրջակայքը, իսկ Վեստ Սարգիսը դեռ խելագարի նման կանգնած էր Եղոյի դիակի մոտ:

ԻԴ

ԱՆԻԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

Ծանր, արհավրալից տարիներ էին անցել:

1064 թվականն էր:

Մինչդեռ Հայաստանի բնությունը ուրախ ժպտում էր, մինչդեռ առուները ձմռան կապանքներից նոր ազատված ուրախ-ուրախ խոխոջում էին և կչկչալով երգում հին-հին դարերի վիշտն ու խինդը, ժպիտն ու արցունքը, այդ միջոցին Անին սև սուգ էր մտել և ողբում էր յուր դառն օրերը... Անին պաշարված էր:

Պաշարված էր նա Ալփասլանի վայրենի, գազանաբարո հրոսակներից, որոնց աչքերը արյունով լցված րոպե առ րոպե սպասում էին, որ ներս թափվեն քաղաք և մեծից մինչև փոքրը սրի անց կացնեն: Նրանք ծարավի էին արյան և փափագում էին տեսնել իրենց առաջ մոխիր ու հուր, այնինչ իրենց առաջ կանգուն էր դեռ Անին յուր 1001 եկեղեցիներով, բրջերով ու աշտարակներով, պալատներով ու հրաշակերտ շինվածքներով:

Դարերից ի վեր մարդկությունը արյուն քրտինք էր մտեք այդ ճոխ, հրաշակերտ շինությունները կանգնեցրել, և այժմ Ալփասլանը յուր վայրենի գնդերով կանգնած էր այդ հրաշալի քաղաքի առաջ և ցանկանում էր միայն մի քանի ժամում հայության այդ կենդանի վկաներին խորտակել, փշրել, ավերել և ջնջել աշխարհի երեսից... Ի՞նչ էր ուզում նա

Ավերել, քանդել և կոտորել... Եվ Ալփասլանը հասկանում էր, որ գտել է ժամանակը, երբ մի հարվածով պիտի ոչնչացնի Հայաստանի երերուն ինքնուրույնությունը:

Նա գիտեր, որ Անիի վերջնական կործանմամբ պիտի կործանվի Հայաստանի հոգևարք անկախությունը, և այդ պատճառով հարվածն ուզում էր ուղղակի Հայաստանի սրտին հասցնել:

Անեցիք տխուր էին ու տրտում: Սև սուգ էին մտել նրանք, բայց և ամեն մի քաղաքացի վճռել էր մեռնել զենքը ձեռքին, յուր սիրուն Անիի հետ և նրա փլատակների տակ գտնել յուր գերեզմանը:

Եվ նրանք իրենց խոսքը կատարեցին:

Անտեր էր այդ միջոցին Անին: Չկար առաջնորդ, չկար ղեկավար: Զառամյալ, քայքայված Վեստ Սարգիս իշխանն էր, որ յուր զորքերը բախտի կամքին թողնելով ինքը ապաստանել էր միջնաբերդում: Քաղաքացիք էին, որ դեռ կռվում էին, դեռ դիմանում էին պաշարմանը:

Ալփասլանը, բավական երկար պաշարելով Անին, արդեն կամաց-կամաց յուր հույսը կտրում էր Անին վերցնելուց:

Ամեն անգամ, երբ Ալփասլանի հրոսակները գրոհ էին տալիս դեպի պարիսպները, քաղաքացիք մեծ արիությամբ ետ էին մղում նրանց և Ալփասլանի հրոսակների մեջ մեծ կոտորած անում:

Հուսահատվում էր Ալփասլանը, հուսահատվում և կատաղությունից շրթունքները կրծոտում: Բայց նախանձելի չէր և անեցվոց վիճակը:

Դեռ Ալփասլանի պաշարումից առաջ հույները Անիից փախուստ էին տվել և քաղաքը թողել բախտի կամքին:

Իսկ քաղաքացիք մինչև ե՞րբ պիտի կարողանային պաշտպանվել, քանի որ չկային իրենց սիրելի թագավորը` Գագիկը, հայրենասեր Վահրամյանները, սիրելի և նվիրված ազնիվ նախարարներն ու իշխանները... Մինչդեռ պարիսպներին արդեն վաղուց զարկվում էին թշնամիներից արձակված բաբանների ահագին քարերը, զարկվում էին պատերին և տեղ-տեղ ճաքեցնում հսկա պարիսպները...

Հանկարծ սարսափելի լուրը ցնցեց անեցիներին:

Նրանք իմացան, որ Անիի պարիսպներից մեկը կործանվել է և այնտեղից ուզում է ներս խուժել թշնամին:

«Տե՛ր, փրկիր մեզ, մի՜ թողնի մեզ կորչելու», — կանչեցին քաղաքացիք և գրոհ տվին դեպի կործանված պարիսպը: Թշնամին չդիմացավ այդ բուռն հոսանքին, ուր հուսահատությունը և վրեժխնդրությունը իրար խառնված` հրաշքներ էր գործում:

Եվ Ալփասլանը ետ նահանջեց կործանված պարիսպի տակից: Նա հասկացավ, որ յուր բանը չէ Անին առնելը:

Փոքրիկ բերդապահ գունդը և քաղաքացիք փլված պարիսպի մոտի կռվից նոր էին վերադառնում, երբ քաղաքի փողոցներից մինում երևաց մեզ ծանոթ Խենթը:

Նրա աչքերը կատաղի էին, մազերը` ցրված, դեմքը` այլայլված և շորերը` պատառոտված: Նա ձեռքին մի մերկ սուր ուներ, որից կաթում էր արյունը:

Քաղաքացիներից մեկը, նկատելով նրան, հարցրեց.

Հը՛, Խե՜նթ, ի՞նչ բանի ես:

Ինչ բանի որ դուք եք, — պատասխանեց Խենթը լրջմտությամբ և սրի վրայից արյունը սրբելով, սուրը պատյանը դրեց:

Շատ մարդ կոտորեցի՞ր, — հարցրեց նույնը:

Շա՛տ, բայց մեկը պակաս:

Ինչպե՞ս թե մեկը պակաս: Խե՜նթ, դու կրկին սկսեցիր քո խենթությունները:

Խենթը յուր խենթությունը կանե, բայց ես մեկով պակաս սպանեցի: Շուտով ամեն բանի վերջ կլինի, բաժակը լցված է, համբերությունը` հատած:

Ինչպե՞ս, Խե՜նթ, ես ոչինչ չեմ հասկանում, — ասաց խոսակիցը և Խենթին առանձնացնելով` հարցական կերպով նրա երեսին նայեց:

Լույսի նման պարզ է, որ շուտով Անին կկործանվի, բայց Անիի կործանումով նա էլ կկործանվի, նա չի մնա:

Ո՞վ, Խե՜նթ, ո՞վ չի մնա:

Իշխանը, մատնիչ իշխանը:

Վեստ Սարգի՞սը... բայց նա ինչո՞վ է մեղավոր:

Հը՛մինչո՞վ է մեղավոր... մի՞թե ձեզ հայտնի չէ, որ նա եղավ Անիի կործանման պատճառը: Մի՞թե չգիտեք, որ նա հանձնեց Անին հույներին, իսկ այժմ էլ բանակցում է Ալփասլանի հետ, որ քաղաքը մատնությամբ նրան հանձնի, եթե թույլ տա իրեն Անիից կենդանի հեռանալ:

Մի՞թե այդ ճշմարիտ է, Խե՜նթ, բայց դա սարսափելի է, մենք կկործանվենք:

Ինքն էլ մեզ հետ,— պատասխանեց Խենթը և նրա աչքերից կայծակներ թռան:

Ինչպե՞ս, դու մտադիր ես նրան սպանե՞լ:

Անպատճառ: Նա այս բազկից կստանա յուր մահը, — ասաց Խենթը և մտամոլոր առաջ անցավ:

Խոսակիցը երկար նայեց նրա ետևից և ապա, գլուխն օրորելով, մրմնջաց.

Արժանի է... Շան պես պիտի սատակի դավաճանը:

Այս խոսակցությունից անցել էր մի քանի օր: Մութ գիշեր էր, ոչինչ չէր երևում: Անիի շուրջը միայն առկայծում էին մի քանի լույսեր: Նիրհում էր Ալփասլանի բանակը և այնտեղ ո՜չ մի շարժում, ո՜չ մի շշունջ չկար: Միայն պահապանները լուռ հսկում էին բանակը, երբ մի տեսակ աղիողորմ ձայն հասավ նրանց ականջին:

Նրանք դեպի Անին նայեցին, ուր խավար էր տիրում և որտեղից լսվում էին հուսահատության աղաղակ, լացի ու կոծի ձայներ: Արդյոք ի՞նչ էր պատահել անեցիների հետ: Ինչո՞ւ նրանք ողբում են ու լալիս, քանի որ իրենք, հուսահատված անեցիների համառ դիմադրությունից, վճռել էին թողնել Անին և հեռանալ այդտեղից:

Լուրը հասցրին Ալփասլանին: Նա լրտեսներ ուղարկեց եղելությունն իմանալու, որոնք լուր բերին, թե Անիի աշտարակների վրա այլևս պահապաններ չեն երևում և թե պահապան զորքը քաշվել է միջնաբերդը թողնելով քաղաքացվոց անպաշտպան դրության մեջ:

Ալփասլանը հենց այդ բանին էր սպասում: Շուտով նա հրաման տվեց յուր գնդերին պատրաստվելու և հարձակվելու անպաշտպան քաղաքի վրա:

Մի րոպեում փողերի ձայնը, զորականների գոռում-գոչյունը դղրդացրեց Անիի շրջակայքի լռությունը և անեցիների մարմնով սարսուռ տարածեց: Անեցիները լսեցին այդ գոռ ձայնը և լացի ու հեծկլտանքի ձայները ավելի ուժեղացրին: Լալիս էին երեխաներ, ծերեր ու պատանիներ և իրենց աղաչավոր ձեռքերը երկինք բարձրացնում:

Դժոխային, սիրտ կտրատող ձայներ էին տարածվում Անիի միջից, երբ Ալփասլանի հրոսակները ներս խուժեցին քաղաք և սկսեցին կոտորածը, արյունալի, զարհուրելի կոտորածը

Կոտորում էին երեխաներին, ծերերին ու պատանիներին, իսկ շատերին ձգում էին ահռելի բարձրություններից դեպի Ախուրյանի սուր-սուր ժայռերը, ուր նրանց գլուխները դիպչելով քարերին` ցրվում էր ուղեղը և շուրջը արյունով ներկում: Հանկարծ Անիի զանազան անկյուններից սկսեցին կրակե լեզուներ երևալ, որոնք հետզհետե սաստկանալով սկսեցին լափել հրաշակերտ շինությունները և լուսավորել արյունալի տեսարանը: Գեհենի դևերի նման մերկ սրերը ձեռքներին, աչքները արյունով լի, Ալփասլանի հրոսակներն անխնա ջարդում ու կոտորում էին անեցիներին, իսկ կրակը լափում էր շինությունները:

Չկար փրկություն, չկար ազատվելու հնար:

Խելագարների նման կանայք, երեխաներ, մեծ թե փոքր վազում էին Անիի փողոցներով, բայց ամեն տեղ իրենց մահն էին գտնում: Փողոցներում առվի պես վազում էր արյունը և ցած վազելով ներկում էր Ախուրյանի ջրերը: Արյուն էր կտրել Անին, դիակներով լցվել Ծաղկոցաձորը, իսկ գետը կարմրատակել: Ամեն կողմը դիակներ, ամեն կողմ սուր ու կրակ: Հանկարծ Անիի միջնաբերդի դռները ջարդ ու փշուր եղան և այնտեղ սկսվեցավ սոսկալի կռիվը:

Խնայեցե՛ք, — կանչում էին շատերը ծունկ չոքած իրենց դահիճների առաջ և գրկած անմեղ մանուկներին, սակայն դահիճները դուրս էին կորզում մայրերի ձեռքից երեխաներին, պատերին էին զարկում նրանց և իրենց սրերն ու տեգերը կոխում մայրերի սիրտը...

Սոսկալի և զարհուրելի էր տեսարանը:

Բոցերը ճարճատում էին, աշտարակներն ու բրջերը կործանվում և իրենց փլատակների տակ թաղում հարյուրավոր մարդկանց:

Այդ կոտորածի ժամանակ էր, որ մի մարդ մերկ սուրը ձեռքին առաջ էր վազում: Նա չէր նայում ոչ յուր ոտքերի տակ հառաչող դիակներին, ոչ աշտարակների փլվելուն և ոչ վայրենի աղաղակներին, այլ դիակից դիակ թռչելով անցնում էր դեպի միջնաբերդը, ուր կռիվը շատ տաք կերպարանք էր առել:

Այդ մարդը զարհուրելի էր: Մի քանի թուրքեր առաջ ընկան սպանելու դրան, սակայն իրենք արյունաթաթախ վայր գլորվեցան: Այդ մարդը առաջ անցավ և տեսավ մի խումբ հայ զինվորներ, որոնք շրջապատել էին ինչ-որ իշխանի և ամեն կերպ աշխատում էին խույս տալ կռվի դաշտից:

Նա մոտեցավ այդ փոքրիկ խմբին և զարհուրելի կերպով գոռաց.

Իշխա՜ն Վեստ Սարգիս, նայի՜ր ինձ

Իշխանը նայեց նրան և սարսափեց: Նրա առաջ կանգնած էր Խենթը, որ յուր մոլի հայացքը ուղղելով` արագությամբ մոտենում էր իրեն:

Վատ և անարգ մարդ, ո՞ւր ես փախչումսրանք բոլորը քո զոհերն են, տես և կշտացիր, — ասաց Խենթը և մի թռիչք գործեց դեպի Վեստ Սարգիսը, որը քարացածի նման դեռ կանգնած էր միևնույն տեղում:

Խենթի շարժումը նկատելով` երկու զինվոր առաջը կտրեցին, սակայն Խենթը այնպես օրորեց սուրը նրանց վրա, որ նրանք ետ-ետ գնացին, իսկ ինքը առաջ ցատկեց և յուր սուրը այնպիսի ուժգնությամբ մխեց Վեստ Սարգսի սիրտը, որ սրի ծայրը մեջքից երևեցավ: Վեստ Սարգիսն ընկավ և մահու տագնապի մեջ էր, երբ ամեն կողմից երևեցան Ալփասլանի հրոսակները և շրջապատեցին Խենթին: Խենթը վայրենի կերպով մռնչաց, վեր թռավ Վեստ Սարգսի դիակից և կուրծքը բանալով կանչեց.

Շունը սատկեց, այժմ կարող եք...

Խոսքը կիսատ մնաց Խենթի բերանում, երբ մի քանի տեգեր մխվեցան նրա կուրծքը, և նա վայր գլորվեց:

Այդ ժամանակ մոտակա աշտարակը փլվեց ահագին դղրդյունով և ամեն ինչ ծածկեց փոշու ու քարերի կույտի տակ:

Երկար ժամանակ էլ ոչինչ չէր երևում

ԻԵ

ԴԱՐԵՐԻՑ ՀԵՏՈ

Ապառաժ և քարքարոտ տեղ...

Երկու կողմից ձոր, մինը ծաղիկներով զարդարված, բայց քարերի կույտերով լի, իսկ մյուսը` խոր, ահռելի, ուր հանդարտիկ սողում է գետը և քերում ժայռերի ստորոտները: Ձորերի գլխին, վերևում, մի տափարակ հարթ տարածություն` ուր տեղ-տեղ հին-հին դամբարանների նման, սփռված են ավերակ պարիսպների ու վիթխարի շինությունների բեկորներ, որոնք սարսուռ են ազդում մարդու սրտին: Այդ ավերակ պարիսպների, բրջերի և աշտարակների մեջ տեղ-տեղ թափված են ավերակների կույտեր, իսկ տեղ-տեղ բուսել են կանաչ խոտ և տատասկ:

Լուսին է: Նա առատապես սփռում է յուր դժգույն ու սառը ճառագայթները և երևացնում կիսակործան ավերակները: Հանդարտիկ քամին հեռվից ղողանջում է, գալիս է համբուրվում ավերակների հետ, քնքշաբար օրորում ավերակների մոտի խոտերն ու փշերը և ապա, հանկարծ, խելագարի նման ուժգին շառաչելով, մի զարհուրելի հառաչանք է հանում և կորչում հեռո՛ւ-հեռու...

Ինչի՞ց վախեցավ նա, ինչի՞ց սարսափեցհայտնի չէ, միայն թե քամին ավերակների հետ գրկվելուց հետո հառաչեց ու փախավ: Նա դրանց այդպես չէր տեսել. նա դրանց հետ այդպես չէր գրկվել: Նա տեսել էր դրանց շեն ու պայծառ, սիրուն ու կոկիկ, իսկ այժմ ինչի՞ն էր հանդիպումՔամին գալիս է, քամին լալիս է ու գնում, ոչ ոք նրա հետ խոսող չկա, ոչ ոք պատասխան տվող չկա:

Այդտեղ խորին, սարսափեցնող լռություն է տիրում: Գերեզմանական անդորր լռության է նման դա, ուր վիթխարի բրջերի մեջ ոչ մի շշունջ չի լսվում, ոչ մի ձայն չէ հնչում: Ամեն ինչ մեռած է ու անշարժ, լուռ ու անխոս: Խոսում է միայն քամին և այն էլ հառաչում, իսկ ձորերի մեջ հոսող գետը լուռ հեծկլտում: Եվ քամու այդ հառաչանքի ու գետի հեծկլտանքի հետ միասին երբեմն-երբեմն լսվում է բուի չարագուշակ ձայնը, որ յուր վույվույոցով սարսռեցնում է ավերակներն անգամ...

Անցել են դարեր, և այդ պատկերը կա ու մնում է: Բայց առաջ այդպես չէր: Առաջ այդտեղ եռում էր կյանքը, բաբախում էին սրտեր, իսկ այժմ լուռ է և անշարժ:

Հանկարծ այդ ամայի և վայրենի տեղում, ավերակների վրա երևաց մարդկային մի արարած: Նա գլխին սաղավարտ ուներ, մեջքից` սուրը կախ: Գլխիկոր առաջ էր գալիս նա` կոխկրտելով ավերակների բեկորները և շտապ-շտապ ոտքը փոխում մի ավերակից մյուսը: Կարծես նրա ոտքերի տակ սառը ավերակների կույտեր չլինեին, այլ շիկացած կրակներ կամ ահագին անդունդներ, որ նա այդպես աշխատում էր ոտքը շուտ հեռացնելու գետնից:

Ո՞վ էր այդ մարդը, ի՞նչ էր շինում մեջ գիշերին այդ ամայի ավերակների մեջ, ուր մարդկային արարածը ցերեկն անգամ չի համարձակվում ոտք դնելու. հայտնի չէր:

Միայն գիշերային այցելուի դեմքը դժգույն էր, խիստ դժգույն և նրա նիհար, թուխ դեմքին արտացոլվում էր տանջանքի ու հուսահատության խոր դրոշմներ

Այդ մարդը, ինչպես երևում էր, տանջվում էր բուռն, ահավոր տանջանքով, և ծանր վիշտը կրծում էր նրա սիրտը:

Եվ դարերից ի վեր կարծես նա դատապարտված էր տանջվելու, չարչարվելու, մի րոպե, մի վայրկյան անգամ միջոց չունենալով հանգստացնելու յուր խոնջացած անդամները...

Զարհուրելի էր այդ մարդու տանջանքը: Ամեն տեղ, ուր ոտք էր կոխում, օձերը բարձրացնում էին գլուխները և հառելով իրենց ցուրտ, մագնիսական հայացքները, սարսափեցնում էին այդ մարդուն: Նա վազում էր առաջ, շտապում, բայց ամեն տեղ, ամեն անկյունում օձերը հալածում էին ու սարսռեցնում նրան: Հուսահատությունից նա ատամները կրճտացնում էր, կանգնում մի բեկորի վրա մի րոպե, մի վայրկյան միայն և սիրտ կտրատող ձայնով կանչում.

Օ՛հ, սարսափելի՛ է... սարսափելի՛...

Բայց հենց որ նա այդ խոսքերն էր ասում, ավերակները կարծես տեղահան էին լինում, շարժվում, լեզու առնում և ամեն մի քարի, ամեն մի ավերակի տակից կանչում.

Տանջվիր հավիտյան, ստո՜ր դավաճան, որ մեր կործանման պատճառ եղար:

Գիշերային այցելուն լսում է այդ խոսքերը և նրա մազերը փշաքաղվում են ու նա խելագարի նման առաջ է վազում...

Դեպի ո՞ւր, ինքն էլ չգիտե, սակայն որքան նա վազում է, այդ ավերակներից դուրս գալ չի կարողանում...

Այդ տենդային փախուստի ժամանակ հանկարծ նա կանգ է առնում և հեռուն դիտում:

Այնտեղ` կիսակործան տաճարի առաջ, այնտեղ, ուր օծվել էր պատանի Գագիկ հայոց թագավորը, երևում է մի ուրիշ մարդ, ծունկ չոքած մի կույտ մոխրի առաջ ետ է քանդում մոխիրը և մոխրի տակ մնացած վերջին կայծը շիկացնում: Ի՞նչ է անում նա և ինչո՞ւ կրակը ավելի է բորբոքեցնում, չէ որ առանց այն էլ ավերակների քարերը տաք են և գիշերային այցելուի ոտքերն են այրում:

Է՛յ, հեռացիր այստեղից, հեռացիր, — կանչում է գիշերային այցելուն և սուրը պատյանից հանում:

Նրա ձայնը դղրդում է ավերակների մեջ և թնդյուններ հանում:

Լսում է նրա ձայնը եկեղեցու մոտ ծունկ չոքած մարդը և ցնցվում: Նա նայում է դեպի ձայնը, և երկուսի հայացքները հանդիպում են իրար:

Զարհուրանքի, վրեժխնդրության մոլի կրակներ են ցայտում երկուսի աչքերից էլ:

Խենթն է, — զարհուրելով կանչում է գիշերային այցելուն և նրա մարմինը ցնցվում է:

Հանկարծ ծունկ չոքած մարդը վեր է թռչում տեղից, ինքն էլ սուրը մերկացնում ու գոռում.

Ա՛... Վե՜ստ Սարգիս, արյա՜ն թագավոր, ողջո՛ւյն քեզ, — ասում է Խենթը և վազում դեպի նա:

Երկուսի սրերն էլ մխվում են իրար, կոփվում, զարկվում և լուսնի թույլ ճառագայթների տակ կայծակներ հանում:

Նրանք կռվում են անվերջ և ոչ մեկը չի կարողանում հաղթել մյուսին: Երբեմն-երբեմն նրանք կանգ են առնում շունչները ետ բերելու, ապա գոռում զարհուրելի ձայնով և կրկին իրար վրա վազում...

Ի՞նչ կլինի վերջը, ո՞վ պիտի հաղթական դուրս գահայտնի չէ, միայն թե նրանք կռվում են, կռվում են անվերջ, մինչև որ առավոտվա կենարար անդրանիկ լույսի հետ չքանում են երկուսն էլ: Բայց հենց որ գիշեր է լինում, հենց որ մութը պատում է գետինը, նրանք դարձյալ հանդիպում են իրար և շարունակում իրենց անվերջ կռիվը... Դարեր են անցել, նրանք դեռ կռվում են անվերջ և ոչ մեկը նրանցից հաղթական չի դուրս եկել...

Ի՞նչ կլինի վերջը, այդ աստված միայն գիտե

ԻԶ

ՎԵՐՋԱԲԱՆ

Ալփասլանի ձեռքով Անիի կործանումից հետո Հայաստանը կորցրեց յուր անկախությունը և ընկավ սելջուկյան թուրքերի տիրապետության ներքո: Հույները, որ կարճ միջոցում հայոց թագավորությանը կործանել էին և գրավել այն, շատ կարճ ժամանակ վայելեցին իրենց հաջողության պտուղը և տեղի տալով սելջուկյան թուրքերին, իրենք ևս տուժեցին, կորցնելով նախ արևմտյան նահանգները, իսկ վերջը և իրենց անկախությունը: Տարաբախտ Գագիկը, որ դավաճանության պատճառով կորցրել էր յուր թագավորությունը, երկար ժամանակ Կապադովկիայում թափառեց, որպեսզի մի հնար գտնի նորից ձեռք ձգել յուր թագավորությունը, սակայն ոչ մի բան չկարողանալով, հուսահատությունից տանջվում էր և ականատես լինում այն նախատինքներին, որ հույները թափում էին յուր հայրենակիցների գլխին: Բայց Գագիկի համբերության բաժակը լցվեց և նա յուր վրեժը Կեսարիայի Մարկոս մետրոպոլիտից հանեց: Այս հայատյաց եկեղեցականը Գագիկին ավելի նախատելու համար յուր շան անունը «Արմեն» էր դրել:

Գագիկը, երբ իմացավ այդ, գնաց այդ մետրոպոլիտի մոտ, կանչեց շանը և երկուսին էլ մի պարկի մեջ կապելով այնքան ծեծել տվեց շանը պարկի մեջ, մինչև որ անասունը կատաղեցավ ու կծելով սպանեց տիրոջը:

Այդ լուրը հույների ականջն ընկավ և նրանցից երեք եղբայրներ` Մանտալյանք, դավաճանությամբ բռնելով Գագիկին, Կիզիստրիայի բերդի վրա կախեցին (1079):

Այդպիսի եղերական վախճան ունեցավ Բագրատունյաց վերջին թագավորը, որ զոհ էր գնացել խորամանկության:

Գագիկը ամուսնացած էր Սեբաստիայի Դավիթ թագավորի դստեր հետ և ուներ երկու որդի` Հովհաննես և Դավիթ անուններով: Սրանք էլ մեկը մյուսից հետո թունավորվելով մեռան և իրենց հետ թաղեցին Բագրատունյաց տոհմը:

Իսկ Անի քաղաքը, Ալփասլանի ձեռքով կործանվելուց հետո, դատարկվելով` մոտ 300 տարի խաղալիք դարձավ այլևայլ կուսակցությանց, որոնք հետզհետե առնում էին ու տալիս իրարու, մինչև որ ԺԴ դարում մի զորեղ երկրաշարժ վերջ դրեց նրա տանջալից կյանքին:

Այդ միջոցին, էլ կենդանի չէին նրանք, որոնք Հայաստանի կործանմանը նպաստեցին:

Next page