Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Տղե՛րք, — դարձավ նրանց վանահայրը, — դռները պինդ փակեցեք և ոչ ոքի այլևս ներս չթողնեք, արևը արդեն մայր մտավ և շուտով խավարը կտիրի:

Պարսպի բոլոր դռները պինդ փակված են, հա՛յր սուրբ, — ասաց ծառաներից մեկը` ոտքի կանգնելով:

Իսկ նիգերն ամրացվա՞ծ են:

Այո՛, այնքան ամուր են, որ եթե ինքը` Յուսուֆն էլ յուր բանակով այստեղ գա, կրկին չի կարող ներս մտնել,— հեգնելով ասաց ծառան:

Հը՜մ, Յուսուֆը... հա՜, եթե հիմա գա, ի՞նչ պիտի տանի. ամեն բան տարավ, բոլորին կոտորեց, էլ ինչու՞ համար է գալիս, ի՞նչին են պետք վանքի սառը քարերը, — մռմռաց ինքն իրեն վանահայրը և սկսեց կրկին տերողորմյան ձգել:

Այդ միջոցին լսվեց վանքի պարիսպների դռան բախյունը. Ինչ-որ մեկը բախում էր դուռը ուժգին և շտապ հարվածներով:

Ծառաները ոտքի կանգնեցին և երկյուղից սկսեցին իրար երեսի նայել, իսկ վանահայրը, տեղից ելնելով դադարեցրեց տերողորմյայի համրելը և շփոթված դեպի դուռը նայեց:

Ո՞վ պիտի լինի, որ այդպես շտապ-շտապ ծեծում է դուռը, — մտածեց նա: Եվ նրա մտքովն անցավ Բագավան գյուղի արաբաց իշխանն ու յուր հրոսակները: Խեղճ վարդապետի մարմնով սառը դող անցավ, երբ մտաբերեց նրանց առաջին արշավանքը և վանքի ավերմունքը:

Ով էլ որ լինի, լավ բանի համար չի լինի եկած, բայց և այնպես պետք է իմանալ և ընդունել: Ի՞նչից պետք է վախենալ, քանի որ ոչինչ չկա վանքում կողոպտելու, իսկ յուր կյանքի վերջին մնացորդները իրեն այլևս պետք չեն:

Տղե՛րք, գնացեք տեսեք ո՞վ է և ի՞նչ է ուզում, բայց առանց իմ հրամանի դուռը չբանաք:

Ծառաները վազեցին դեպի դուռը, որը քիչ էր մնում ջարդուփշուր լիներ: Ինչպես երևում էր, այցելուն շտապ գործ ուներ կամ համբերություն ամենևին չուներ:

Շփոթված վանահայրը դեռ կանգնած էր տեղում, երբ ծառաներից մեկը դառնալով հայտնեց.

Հա՛յր սուրբ, վիթխարի տեսքով մի գյուղացի է, ստիպում է դուռը բանալ, նա կարևոր գործ ունի քեզ հետ:

Միայնա՞կ է նա:

Այո , միայնակ, ուրիշ ոչ ոքի չտեսանք հետը:

Բայց լավ դիտեցի՞ք շուրջը:

Այո՛, չորս կողմ լռություն է տիրում, և նա միայնակ ծեծում է դուռը: Եթե չբանաք, ասում է, դուռը կկոտրեմ:

Զենք ունի՞, — հարցրեց վանահայրը:

Ոչ մի զենք չտեսանք վրան, բայց այնպիսի ուժեղ բազուկներ ունի, որ հազար զենք արժեն:

Լա՜վ, ներս թողեք, բայց դռները իսկույն փակեցեք և դուք էլ զգույշ մնացեք: Ո՞վ գիտե՝ ի՞նչ մարդ է, թշնամի՞ է, թե բարեկամ: Մեր ժամանակներում ամեն բանի վրա պետք է կասկածել, ամեն բանից պետք է վախենալ, — ասաց վանահայրը ինքն իրեն և լուռ նայեց դեպի դուռը, որը ճռճռալով բացվեց, և մի հաղթանդամ մարդ՝ գյուղական հագուստով, երկար փայտը ձեռքին ներս մտավ և ուղղակի դեպի հայր սուրբը գալով՝ խոնարհ գլուխ տվեց նրան:

Մարտիրոս հայրը յուր փոքրիկ, բայց փայլուն աչքերը դեպի նա սևեռելով` ոտքից գլուխ զննեց նրան և, ըստ երեվույթին, լավ տպավորություն ստանալով, մեղմ ձայնով հարցրեց.

Ի՞նչ կկամենայիր, որդյա՛կ, որ այս ժամին վանքի դուռն ես ծեծում, երբ ոչ ոքի այլևս չենք ընդունում:

Քո օրհնությունը, Մարտիրոս հայր, — ասաց գյուղացին և մոտենալով` աջն ուզեց համբուրել:

Վանահայրը աջը տվեց նրան և հարցրեց.

Դու որտեղի՞ց գիտես իմ անունը:

Բարի մարդկանց անունը միշտ ամենքը կիմանան, բայց ես առանձին գործ ունեմ քեզ հետ, հա՛յր սուրբ: Հրամայիր ծառաներիդ հեռանալ կամ մտնենք խուցդ:

Գնանք, որդյա՛կ, — ասաց վանահայրը, առաջնորդելով նրան դեպի յուր խուցը: Եվ երբ նրանք միայնակ մնացին, այցելուն սկսեց յուր հարցուփորձը:

Հա՛յր սուրբ, դու լավ տեղեկություն կունենաս Բագավանից, թե այնտեղ որքան արաբաց զորք կա և ի՞նչ դրության մեջ են:

Հայր սուրբը աչքերը չռեց, երբ լսեց այդ հարցը:

Ի՞նչ հարկավոր է քեզ, որդի՛ , անօրեններն այնքան շատ են, որ համրել չի կարելի:

Ինչքան էլ շատ լինեն, մոտավոր թիվը քեզ հայտնի կլինի, որովհետև նրանք քեզանից մոտիկ են և քո ծառաները միշտ երթևեկություն ունեն գյուղի հետ:

Ի՞նչ ասեմ, մոտ հինգ հազարի չափ կլինեն, որոնց կեսը նստում է Բագավանում, կեսը` Վաղարշակերտում:

Հը՜մ... հինգ հազար... երկու հազար և հինգ հայո՞ւրէ ... հոգ չէ, — ինքն իրեն մռմռաց այցելուն:

Ի՞նչ է որ...

Ոչի՛նչ, փոքր ժամանակից հետո դրանց հետքն էլ չի լինի Բագավանում:

Ի՜նչպես, — ասաց վանահայրը և դողդողուն ձեռքերով բռնեց այցելուի ձեռքը, — դու ուզում ես միայնակ նրանց հետ կռի՞վ տալ, կոտորե՞լ նրանց:

Չէ՛ ես չէ, այլ Աշոտ Երկաթ շահնշահը:

Մի սարսուռ անցավ ծերունու մարմնով, երբ լսեց Աշոտ Երկաթի անունը, և նրա աչքերում փայլեց ուրախություն:

Իսկ դու ո՞վ ես, որ նրանից տեղեկություն ունես: Ո՛ւր է նա, նահատակ Սմբատի որդին:

Ես ո՞վ եմ, ես նրա զինվոր Դավիթն եմ, որ առաջուց եկել եմ հայտնելու քեզ, որ այս երեկո պատրաստ լինես նրա վեց հարյուր քաջերին ընդունելու, որովհետև մի փոքր ժամանակ այստեղ հանգստանալուց հետո գիշերս պիտի հարձակում գործենք Բագավանի վրա, ուր վաղը առավոտյան էլ ոչ մի արաբ զինվոր չի մնա: Դե՜հ, հա՛յր սուրբ, ծառաներիդ հրամայիր, որ իրենց խուցը մտնեն քնելու, իսկ դռան բանալիները ինձ հանձնեն: Ժամանակ չպետք է կորցնել, ես դուրս կերթամ շրջակայքը աչքի անցկացնելու և կարճ ժամանակից հետո կրկին կգամ, — ասաց Դավիթը և, վեր կենալով տեղից, դուրս եկավ խցից:

Շվարած վանահայրը չգիտեր երա՞զ է, թե իրողություն, բայց և այնպես հրամայեց բանալիները հանձնել Դավթին և պատրաստություն տեսնել դիմավորելու Աշոտ Երկաթին:

Ժ

Դավիթը, վանքի բանալիները գրպանը դնելով, կամաց սկսեց կանաչով պատած բլրից ցած իջնել դեպի ձորը: Հուսահատ և տրտում էր նրա դեմքը: Այն մարդը, որ այնպես աներկյուղ էր դեպի մահը, այն մարդը, որ յուր կյանքը դրել էր արդարության և վեհանձնության համար, նա, որ արհամարհեց Գագիկ Արծրունու դափնիները յուր տիրոջ մոտ գտնված փշի փոխարեն, այժմ սաստիկ հուսահատված էր և տխուր: Մի տեսակ ծանր միտք, մի տեսակ անորոշ ճնշում տակնուվրա էր անում նրա սիրտը և խռովում հոգին: Ի՞նչը կրծեց նրա սիրտը, ի՞նչը վրդովեց հոգին, երբ առաջին անգամ ոտք դրեց Բագրևանդ գավառը, այնինչ մինչև այդտեղ ոտք դնելը նրա հոգու մեջ տիրում էր լի հույսը դեպի ապագան... իսկ հիմա, երբ նա աչքի անցրեց այդ գավառը, ամեն ինչ ոչնչացավ, ամեն հույս ջարդուփշուր եղավ...

Նա իջավ բլրից, մտավ ձորը, նոր բլուր բարձրացավ և կրկին նոր ձոր մտավ, կանգ առավ այնտեղ և խոր ախ քաշեց, որից կարծես նրա թոքերը պատառոտվեցին և այդ արի մարդու աչքերում երևացին արցունքներ... Նա նայեց յուր ոտքերի տակ, ուր փռվում էին մի խումբ քարակույտեր, որոնք ցույց էին տալիս, թե դրանք ավերակ գյուղի հետքեր են, որտեղից ահռելի փոթորիկն անցնելով ամեն ինչ քանդել, ոչնչացրել էր` քարը-քարին չթողնելով... Ձորի վերևում երևում Էին միայն մի քանի խաղողի որթեր, որ բախտի բերմամբ ազատ մնալով փոթորկի մահաբեր շնչից, նոր Էին ծաղկել, արձակելով թարմ, քնքուշ տերևներ...

Բայց ու՞ր են դրա բնակիչները, ի՞նչ եղան, աշխարհի ո՞ր կողմը ցրվեցին, կենդանի՞ են, թե մեռած, — ահա հարցեր, որոնք պտտվում էին Դավթի գլխում, բայց ոչ մի պատասխան չէին ստանում:

Դավիթն առաջ անցավ և կանգ առավ մի կիսավեր խրճիթի առաջ և երկար, երկար նայեց այդ գետնի մեջ տարածված, կիսաքանդ խրճիթին: Նա ճանաչում էր այդ տունը, քանի-քանի անգամ սրտատրոփ մոտեցել էր այդ տանը և վայելել ուրախ ու երջանիկ ժամեր: Հիմա էլ եկավ վայելելու վաղուց սպասած ուրախ այդ ժամը, բայց ի՞նչ տեսավ... Այդ տան մեջ առաջ հնչում էր ուրախ խոսակցություն, եռում էր կյանքը, իսկ հիմա տիրում էր մեռելություն ու անշարժություն: Առաջ նրան դիմավորում էին յուր նշանածի՝ Աստղիկի փափուկ բազուկները, նրա ուրախ ժպիտը, իսկ այժմ անմռունչ և սառը քարերը, որոնք մահվան չափ սարսուռ էին բերում Դավթին...

Հինգ երկար և ձիգ տարիներ էին, որ չէր տեսել Աստղիկին, հինգ ամբողջ տարիներ, որ փափագում էր տեսնել նրան, և այժմ, երբ մոտ էր այդ րոպեն վայելելու, երբ սրտատրոփ վազում էր դեպի գյուղ գրկելու յուր նազելիին և ավետելու Աշոտ Երկաթի երևալը, — ամեն ինչ ոչնչանում էր և խորտակվում... Ի՞նչ այլանդակ փոփոխություն...

Ո՜վ գիտե, այժմ մեռա՞ծ է Աստղիկը, թե կենդանի, և եթե կենդանի է` ո՞ւր է նա: Ո՞ր անօրեն իշխանի հարեմումն է նստած կամ ի՞նչ տաժանելի տանջանքներ է կրում մութ բանտի խոնավ հատակին: Այդ մտքերը տանջում էին նրան, և անիծում էր յուր բախտը, որ գոնե մի կենդանի արարած չկա, որից տեղեկանա:

Նա փեշով սրբեց արցունքները և լուռ քայլերն ուղղեց դեպի Բագավան գյուղը, ուր կար շարժում ու կենդանություն և ուր տեղավորվել էին Յուսուֆ իշխանն ու արաբաց մի գունդ:

Արդեն գիշեր էր: Նա դեռ շատ բան ուներ կատարելու մինչև Աշոտ Երկաթի վանք ժամանելը:

Շուտով նա մտավ գյուղ և, անցնելով մի քանի փողոց, կանգ առավ մի տան առաջ, որտեղից լսվում էին թմբուկի և երգի ձայներ:

Այդ տունը արաբաց գնդի իշխանի տունն էր, որն ինչպես երևում էր, անձնատուր էր եղել ուրախության և կերուխումի: Այդտեղ էին հավաքվել արաբաց բոլոր մեծամեծները և անհոգ ժամանակ էին անցկացնում: Դավիթն առաջ անցավ և այժմ սկսեց լրտեսել զորքերին, որոնք իրենց իշխանի օրինակին հետևելով նույնպես կերուխումի և անհոգության էին մատնված՝ ցրված լինելով զանազան տներում: Դավիթը դողաց, դրանից լավ հարձակում գործելու ժամանակ չէր լինի, պետք էր շտապել, հասնել վանք, սպասել Աշոտ Երկաթին: Եվ նա յուր ձեռնափայտը շարժելով` սկսեց շտապ քայլերով առաջ գնալ, երբ նրա առաջը կտրեց զինվորներից մեկը:

Ո՞ւր ես վազում, ա՛յ շուն, — ասաց նա` բռնելով նրա օձիքից:

Դավիթը մեքենաբար ձեռքը դեպի սուրը տարավ, որ թաքնված էր յուր շորերի տակ, բայց իսկույն խելքը գլուխը ժողովեց, որ դրանով ամեն բան կփչացնի, ուստի դուրս պոկվելով զինվորի ձեռքից՝ ասաց.

Թո՛ղ ինձ, ձեր իշխանը ուղարկեց գառ բերելու, մի՛ բռնիր ինձ, թե չէ վատ օրի կհասնես:

Հա՜, եթե իշխանն է ղրկել, գնա՛, բայց մյուս անգամ այդպես մի՛ վազիր, թե չէ տեսնո՞ւմ ես այս կեռ սուրը, թափանդ վեր կածեմ:

Հեռացավ զինվորի մոտից` ուրախանալով, որ այդպես հեշտ պրծավ:

Շուտով նա բարձրացավ վանքը և, նստելով դռների մոտ, սկսեց սպասել Աշոտ Երկաթին:

Մի փոքր անց մթության մեջ նկատեց, որ վեց հարյուրի չափ զինվորներ զգուշությամբ մոտենում են վանքին:

Աշոտ Երկաթը ճանաչեց Դավթին և, մոտենալով նրան կանչեց.

Դավի՛թ:

Այստեղ եմ, տե՛ր իմ:

Իսկ ամեն բան պատրա՞ստ է:

Պատրաստ է:

Իսկ Բագավան գնացի՞ր: Ի՞նչ կա, որքան զորք տեսար:

Զորքի թիվը երկու հազարից ավելի է և հարձակում գործելու ամենահարմար ժամանակը հիմա է, երբ նրանք անձնատուր են եղած կերուխումի և ոչ մի բանի վրա չեն մտածում:

Լա՜վ, մի քիչ կանգ առնենք այստեղ և իսկույն կարշավենք Բագավանի վրա:

Նրանք ներս մտան պարիսպներից, և վանահայրը նկատելով Աշոտ Երկաթին և յուր եղբայր Աբասին՝ խաչ ու խաչվառով դուրս եկավ նրանց ընդառաջ, Աշոտ Երկաթը մտավ վանք, ծունկ չոքեց և ջերմ սրտով սկսեց աղոթել:

Մարտիրոս վանահայրը պահպանիչ ասաց նրանց գլխին: Մի փոքր հանգստանալուց հետո կտրիճների այդ խումբը զգույշ քայլերով մոտեցավ Բագավան գյուղին:

ԺԱ

Չքնաղ դեմքով նազելի կույսը տխուր ու տրտում կանգնած է սենյակի մեջտեղը և յուր արտասվախառն աչերով դարձրել է դեպի դուռը: Խորին թախիծը պատել է նրա սիրուն դեմքը: Ի՞նչ մեգ է, որ սքողել է նրա դեմքի ուրախ ժպիտը: Ի՞նչ ցավ, որ ստիպում է նրան արցունքներ թափել, վշտանալ, տխրել, ցավել ու տանջվել, երբ այդ հասակում պիտի միայն ժպտա և ուրախանա: Ո՞ր անգութ ձեռքը կաշկանդեց նրան այդ սենյակի մեջ, ուր ամբարված են թանկագին կերպասներն ու օթոցները, անգին զմրուխտներն ու ակները, ոսկին և արծաթը, բայց ուր չկա կապույտ երկինքը և ազատ, անուշ օդը... Օ՜հ, նեղ է, շատ նեղ է այնտեղ, ուր չի լսվում թռչունների անուշ ճռվողյունը, առվակի ուրախ քչքչոցը, քամու շնկշնկոցը, ամպի խաղն ու պարը... Եվ նազելի կույսը տխուր ու տրտում էր` բանտարկված լինելով Բագավանի արաբաց իշխան Ահմեդի սենյակներից մեկում, ուր շրջապատված էր աշխարհային ամեն տեսակ բարիքներով ու վայելչություններով, բայց որոնք մահու չափ տխրեցնում Էին կույսին:

Նա հիշում էր իրենց գյուղը, որտեղից գերի էր վերցրել իրեն Ահմեդը, և խոր հառաչում: Նա մտաբերում էր յուր հորն ու մորը, փոքրիկ եղբորը և քույրիկին, և դառն արտասուքները խեղդում էին նրան... Նա հիշում էր փոքրիկ եղբոր ճիչն ու աղմուկը, մոր սրտնեղությունը, ապա գուրգուրանքը, և սիրտը տակնուվրա էր լինում: Ա՜խ, ինչպես այն քա՜ղցր էր, ինչպես անո՜ւշ, իսկ հիմա ինչպես տանջում են իրեն այս ոսկին ու արծաթը, թանկագին կերպասն ու օթոցը, որոնցով շրջապատել է իրեն Ահմեդը... Ինչպես դառն, սոսկալի և ատելի է այն շքեղությունը, որի վրա չի կպչում մարդու սիրտը, և ինչքան քաղցր է այն տանջանքն ու չարչարանքը, որ կրում է ինքը՝ չհանձնվելով իշխանի կրքին:

Բայց կույսը դողում է, և ամեն մի փոքրիկ շշունջ լսելիս փշաքաղվում է նրա մարմինը: Նա սպասում է յուր դաժան տիրոջը, ահա ուր որ է ներս կգա և կսկսվի սոսկալի չարչարանքը... Րոպեներն անցնում են դանդաղ, ինչպես հավիտենականություն, աշխարհը պտտում է յուր անիվը, երկնքի աստղերը լուռ խոնարհվում են դեպի իրենց մուտքը, բայց դեռ Ահմեդը չկա: Ի՞նչ կա, ու՞ր է նա: Ա՞խ, երանի թե հավիտյան չգար, և շուտ բացվեր արշալույսը

Բայց չէ, հեռվում ճրագ է երևում, այնտեղից լսվում է տիրոջ խրոխտ ձայնը, այնտեղ է նա, որ անձնատուր է եղել կերուխումի, չի անցնի կարճ ժամանակ և նա դաժան տեսքով կկանգնի յուր առաջ: Արդեն տեսնում է, թե ինչպես բացվում է այդ դուռը, և կույսը, նայելով նրա վայրենի դեմքին, մի ճիչ է արձակում ու փռվում հատակին...

Մոտենում է Ահմեդը, պիղծ ձեռքերով գրկում կույսին, համբուրում նրա մարմարիոնի նման սպիտակ շրթունքները և ուշքի բերում նրան:

Զարթնի՛ր, նազելի՛ կույս, Եդեմի անմահ վարդ, — ասում է նա` ծունկ չոքած նրա ոտքերի տակ, և շփում է նրա երեսը մի ինչ-որ անուշահոտ ջրով:

Կույսը բաց է անում աչքերը և նայում չորս կողմ, դեռ չի հասկանում, թե ինչ է կատարվում շուրջը, բայց երբ խելքը գլուխն է գալիս, սառը մահվան դողը պատում է մարմինը ու նա հայացքը լուռ իջեցնում է ցած:

Ի՛մ սիրելի, ի՛մ անուշ վարդ, սիրի՛ր ինձ և ապրիր ինձ հետ երջանիկ կյանքով, ես քեզ թագուհու նման կպահեմ, ադամանդներով կզարդարեմ ճակատդ, թանկագին բեհեզներ կհագցնեմ քեզ, — ասում է Ահմեդը` բռնելով կույսի ձեռքը, որը դողում է աշնան տերևի նման:

Կույսը ձայն չի հանում և միայն խոր ախ է քաշում:

Թո՛ղ քո անօրեն հավատը և ընդունիր մեր ճշմարիտ կրոնը, այն ժամանակ մենք երջանիկ կլինենք, քան Բաղդադի ամիրան, և մեր երջանկությունը կօրհնե մեծ մարգարեն` Մահմեդը: Ո՜վ կույս, չոքել եմ քո առջև և խնդրում եմ քեզ, կատարի՛ր խնդիրս, ուրացիր քո պիղծ հավատը ու սիրիր ինձ...

Հեռացի՛ր ինձանից, պիղծը ձեր հավատն է, — ասում է կույսը, և աչքերը շանթեր են արձակում:

Ահմեդը նայում է նրան, նայում է ու մտածում, նրա հոգու մեջ կռվում են կույսի գեղեցկությունը և յուր կիրքը. ինչպե՞ս կտաներ պիղծ գյավուրի այդ խոսքերը, եթե կաշկանդված չլիներ նրա գեղեցկությամբ: Եվ նա կրկին ու կրկին աղերսում է սիրել իրեն և ուրանալ հավատը, այնինչ կույսը ավելի ու ավելի ատելություն և արհամարհանք է ցույց տալիս:

Հատնում է Ահմեդի համբերությունը և տեսնելով, որ աղերսանքն ու պաղատանքը չեն ազդում կամակոր աղջկա վրա, հանում է սուրը և շողացնելով այն կույսի հենց կրծքին, որտեղ արագ տրոփտրոփում է նրա կուսական անմեղ սիրտը, գոռում է.

Կամակո՛ր աղջիկ, մինչև ե՞րբ ինձ պիտի տանջես, մինչև ե՞րբ ինձ պիտի չարչարես, ասա՛, ուրանո՞ւմ ես հավատդ և սիրու՞մ ինձ, թե ուզում ես, որ այս սուրը մխվի կրծքիդ մեջ, և լերդ ու թոքդ դուրս թափվի

Տիրում է լռություն: Կույսը աղոթք է մրմնջում, իսկ Ահմեդը կատաղի աչքերով պատասխանի սպասում. այնինչ այդ նույն պահին դուրսը` փողոցում, վայնասուն ու աղմուկ է լսվում: Բայց Ահմեդը ոչինչ չի լսում: Սպասում է պատասխանի, որ կամ սուրը մխի նրա կուրծքը և կամ գգվի ու համբուրի նրան...

Լսո՞ւ մ ես` ինչ եմ ասում, պատասխանի՛ր, քո կյանքը քեզանից է կախված, ընտրիր երկուսից մեկը, կամ մահը, կամ անուշ կյանքը:

Մահն եմ ընտրում, անօրե՛ն գազան, շո՛ւն, վերջացրու տանջանքներս, էլ ինչո՞ւ ես ուշացնում, — գոռում է կույսը և առատ արցունքները գլորվում են աչքերից:

Բայց ես քեզ չեմ կարող սպանել, ով աննման հրեշտակ, — սուրը մի կողմ է քաշում Ահմեդը, ապա ուզում է գրկել նրա նազելի մեջքը: Բայց կույսը հրում է նրան ձեռքերով և դուրս պրծնում: Ահմեդը կատաղում է, բարկության փրփուրը պատում է բերանը, և կայծակի նման սուրն առնելով, վազում է կույսի վրա, այդ ժամանակ դուռը ճարճատելով ընկնում է ցած, և երևում է Աշոտ երկաթը:

Կայծակնահարի նման կանգ է առնում Ահմեդը և նայում է յուր առջև կանգնած աժդահա մարդուն, որի ձեռքի սրից կաթկաթում է արյունը: Ո՞վ է նա և ինչպե՞ս համարձակվեցավ ներս մտնել, ո՞ւր են յուր զինվորներն ու պահապանները, — մտածում է նա և հանկարծակի թռիչք անում դեպի Աշոտ Երկաթը:

Աշոտ Երկաթը ժպտում է դառն ժպիտով, որից հալչում է Ահմեդի մարմինը, և դեռ յուր սուրը չբարձրացրած՝ արյունաթաթախ գլորվում է գետին:

Այդ ժամանակ ներս են մտնում նաև մի քանի հայ զինվորներ, որոնց դիմելով՝ Աշոտ Երկաթն ասում է.

Բագավանում վերջին անօրենը սատկեց: Ջնջվեցին նրանք: Եվ լավ ժամանակ հասանք, մի անմեղ զոհ ազատեցինք, — ասաց նա և արյունաթաթախ սուրը դրեց պատյանը...

ԺԲ

Տխուր էր Դավթի հոգին

Ուրախության ոչ մի ժպիտ չի փայլում նրա երեսին, հույսի ոչ մի նշան չի ուրախացնում նրան... Ամեն ինչ հուսահատ, ամեն ինչ տխուր է նրա համար: Չկա յուր Աստղիկը, չկա յուր հրեշտակը:

Գնում է Դավիթը մի երիվար նստած դեպի Վաղարշակերտ: Էլ ոչ մի բան նրա աչքին չի գալիս, էլ ոչնչի վրա չի մտածում: Նրա մտքերը կանգ են առել, կարծես նա զրկվել է դատելու ընդունակությունից: Անգիտակցորեն իջնում է ձիուց, սանձը ձեռքն առնում և դանդաղ քայլերով առաջ գնում: Ապա շեղվում է ճանապարհից և սկսում է ծաղիկներով ծածկված դաշտի միջով քայլել: Նա պոկում է դաշտի ծաղիկները, մեկ-մեկ ուշադրությամբ դիտում, գլուխը շարժում և ապա մի փունջ կազմում: Ո՞ւմ համար է կազմում երփներանգ ծաղիկների այդ փունջը, ու՞մ գլուխը պիտի պսակի դաշտի այդ ծաղիկներով, հայտնի չէ:

Պոկեց նա մի ծաղիկ, որ արյան գույն ուներ և խոր ախ քաշեց` այդ ծաղկի անունը մտաբերելով: «Յոթն եղբոր կռան արյուն» էր կոչվում այդ ծաղիկը, այդ ասել էր իրեն Աստղիկը, որն այժմ չկար: Յոթն եղբայր արյուն էին թափել, և այդ թափած արյունից գոյացել էր այդ ծաղիկը, որն այդպես սիրուն, այդպես քնքուշ ծաղկում էր դաշտում:

Իսկ ի՞նչ եղավ Աստղիկը, արդյոք նա էլ թողե՞լ է մի հիշատակ, մի ծաղիկ, և որն է այդ ծաղիկը. անշուշտ այն կարմիր գույն չի ունենա, այլ սպիտակ, որ անմեղության նշան է: Անմեղությամբ, անարատությամբ նա երկինք կլինի գնացած, հիշատակ թողնելով մի սպիտակ ծաղիկ, որ ինքը քաղի, հոտոտի և կարոտն առնի...

Նա պրպտում է, պոկում է զանազան տեսակ սպիտակ ծաղիկներ, հոտոտում նրանց, բայց ոչ մեկը դուր չի գալիս և սրտնեղած դեն է շպրտում դրանք և հոնքերը կիտած շտապեցնում քայլերը:

Նա մինչև անգամ չի նկատում, թե ինչպես հետզհետե թանձրանում է խավարը, թե ինչպես հեռվում, լեռների քամակին, կամաց-կամաց ծածկվում է բարակ եղջերաձև լուսինըօդը հետզհետե սկսում է ցրտել, լռում է թռչունների ուրախ ճռվողյունը, բզեզների և մրջյունների աղմուկն ու ժվոցը: Կենդանական թագավորությունը լռում է, բուսականը` հանգիստ քուն մտնում, երկինքը վառում յուր ճրագները

Հանկարծ Դավիթը կանգ առավ. յուր առջև խոխոջալով անցնում էր լեռնային մի վտակ, որ գոռում ու գոչում էր, ուժգնությամբ բախվում ժայռի կրծքին, փրփրում ու վազում առաջ: Դավիթը գլուխը վեր բարձրացրեց, և մի տեսակ դող անցավ նրա մարմնով, այդ ու՞ր էր հասել և ու՞ր էր Աշոտ Երկաթը յուր խմբով, որոնց հետ միասին գնում էր ինքը տակնուվրա անելու Վաղարշակերտը...

Է՜... հէ՜... ա՛յ քեզ, թե ինչ է նշանակում մտքի հետ ընկնել, — մռմռաց ինքն իրեն, նորից ձի հեծավ և գետի հակառակ ուղղությամբ քշեց, առանց իմանալու, թե ուր պիտի դուրս գա:

Է՛հ, հոգ չէ, որ ես ետ մնացի: Ի՞նչին եմ պետք Աշոտ Երկաթի: Աստված Հայաստանին մի այնպիսի առյուծ է շնորհել, որի առաջ ոչ մի արգելք չի դիմանա: Խե՜ղճ Յուսուֆ, Սմբատ արքային նահատակեց և կարծեց թե Հայաստանին տեր դարձավ, մոռանալով, որ նրա կորյունը կարող է իրենից վրեժ առնել: Այդպես էլ պետք է, մինչև ե՞րբ այդ անիծվածները մեր արյունը խմեն: Վերջապես մի օր մեզ հանգստություն է պետք: Այս ի՞նչ է մեր օրը` որդին հորը չի գտնում, մարդը` կնոջը, երեկվա շեն գյուղը՝ ավերակ, վանքերը քանդված, եկեղեցիները՝ պղծված, խաչերն անպատված... էլ Հայաստանում չմնացին սիրուն հարսներ ու կույսեր, ամենքին գերի տարան: Ամենքին տարա՜ն, ամենքի՜ն... Աստղիկին էլ... — Այդպես մտածում էր նա, երբ հեռվում, մացառների և թփերի միջից երևացող-ընդհատվող կրակի բոցը նրա ուշքը գրավեց:

Կրակի բոցը երբեմն երևում, երբեմն հանգչում էր: Դավիթը կանգնեցրեց ձին. սկսեց ուշադրությամբ դեպի այդ լույսը նայել: Ի՞նչ լույս էր այդ, քաջքերն էին վառել, թե մարդիկ, և եթե մարդիկ, այդ գիշերվա պահին ի՞նչ էին շինում այստեղ և ովքե՞ր էին դրանք: Մի շարք հարցեր կայծակի արագությամբ անցան նրա մտքով: Նախ` վախեցավ քաջքերից և երեսը խաչ հանեց, բայց լույսը կրկին երևում էր, խաչ հանելը չօգնեց նրան, ուստի համոզվեց, որ այդ լույս առաջացնողը մարդիկ են և հետաքրքրվեց իմանալ, թե ովքեր են դրանք: Զգուշությամբ քշեց ձին և մի քանի րոպեում մոտեցավ լույսին: Նա տեսավ այստեղ կրակի շուրջը բոլորած մի ամբողջ ընտանիք՝ բաղկացած կանանցից, աղջիկներից և երեխաներից, որոնք տեսնելով իրենց առաջ զարհուրելի ձիավորին` սարսափահար ետ-ետ գնացին:

Մի՛ վախենաք, — ասաց Դավիթը՝ ցած թռչելով ձիուց, — ես ձեր թշնամին չեմ, այլ բարեկամը:

Հասակավորները դեռ զարմանքով դիտում էին Դավթին, որ ձին թողնելով արածելու, ինքը մեկնվեց կրակի մոտ և նրանց դառնալով՝ ասաց.

Ինչպես երևում է, դուք փախուստ եք տալիս Յուսուֆի զինվորներից, վնաս չկա, շուտով այդ Ժամանակը կանցնի և ամենքդ հանգիստ ձեր տեղերը կդառնաք:

Հա՜ , ղուրբան լինենք քեզ, մեր գյուղը տակնուվրա արին այդ անօրենները, և մենք լեռներումն ենք ապաստանում, — ասաց ընտանիքի ամենահասակավորը, որ մոտ վաթսուն տարեկան ժիր տղամարդ էր:

Ո՞ր գյուղիցն եք դուք:

Բերդկունք գյուղից:

Բերդկու՞նք, — ասաց Դավիթը, և նրա սիրտը սկսեց սաստիկ տրոփել: Այդ գյուղը մոտ էր Աստղիկի գյուղին` Արծակին:

Իսկ ի՞նչ տեղեկություն ունեք Արծակից: Ճանաչո՞ւմ եք դուք ծերունի Մաթոսին, նրա աղջկան` Աստղիկին, — շտապով հարցրեց Դավիթը, և անհանգստությունը տիրեց հոգուն:

Է՜...բարեկա՛մ, ինչպես չեմ ճանաչում, երկու գյուղն էլ մի քանի ամիս առաջ կործանվեցին, խեղճ Մաթոսին իմ աչքերի առաջ արյունլվա արին, իսկ թե հետո ու՞ր փախան նրանք, չգիտեմ: Մենք իրարից բաժանվեցինք լեռներում, և սա Աստղիկի հետ ուրիշ կողմ գնաց...

Վա՜յ, անօրեննե՛ր, ուրեմն նա դեռ կենդանի է և այդ անօրենների ձեռքում, — խոսքը կտրեց Դավիթը ու վեր թռավ տեղից:

Խոսակիցը երկյուղից կուչ եկավ, չհասկանալով, թե ի՞նչ է կատարվում Դավթի հետ:

Ո՞ր կողմը տարան, և ու՞ր է Աստղիկը, ի սեր աստծո, ասացեք ինձ: Ես նրա նշանածն եմ, Դավիթ Գնունին, Աշոտ Երկաթի զինվորը:

Իմ քեռորդի՜ն, — գոչեց հանկարծ ծերունին և փաթաթվեց Դավթի վզով:

Ինչպե՜ս, մի՞թե դո՛ւ ես, Կարո: Օ՜, ասա, Կարո ջան, ասա, ու՞ր է Աստղիկս:

Ի՞նչ ասեմ, որդի՛ս, թե ուր տարան նրան անօրենները: Հավանական է, որ նա մի որևէ արաբ իշխանի ստրկուհին լինի դարձած և կամ սպանած լինեն նրան...

Չէ՛, ես պիտի փնտրեմ, ես պիտի գտնեմ նրան, իսկ եթե չգտա, վա՛յ Յուսուֆին, վա՛յ նրա բանակին, — կատաղաբար գոչեց Դավիթը, նորից ձի հեծավ, մտրակեց և անհետացավ խավարի մեջ

ԺԳ

Սոված ու ծարավ ուրուրի նման սլանում է Աշոտ Երկաթը յուր խմբով և որս փնտրում... Նա ծարավի է արյան: Արյուն է ուզում, անօրեններ՛ արյուն, որ հագեցներ յուր ծարավ սիրտը, հագեցներ վրեժն ու բարկությունը... Օ՜, սոսկալի է նա, զարհուրելի է նրա վրեժխնդրությունը: Ո՞վ կդիմանա սոսկալի մրրկին, ահեղ փոթորկին. նրա աչքերից կրակ ու հուր է ցայտում, նրա հայացքից սարեր ու քարեր են հալչում... Գնում է նա առաջ, փոշին ամպի նման ձիու սմբակների տակից երկինք է բարձրանում:

Դողում է երկիրը, առուն լռում է, թռչունները երկյուղից պահվում են ու դյուցազնին նայում... Գոռում է Աշոտը, սուրը պատյանից հանում և սլանում առաջ: Այո՛, նրան միշտ քաջալերում է հոր ստվերը, նա միշտ յուր հետն է, գիշեր թե ցերեկ: Եվ նա նայում է առաջ, օդի մեջ և տեսնում է նրան, հորը, Սմբատ արքայի դալկացած աչքերը, որոնք դեպի վրեժ են մղում իրեն: Նայում է նրան, և նրա մարմինը դողում է, ատամները կրճտում են, մազերը փշաքաղվում և ապա մի այնպիսի մռնչյուն է արձակում, որ սար ու ձոր դողում են, քարերը լեզու են առնում և գոռում՝ «Եկավ, հա՜, եկավ, Աշոտ Երկաթը եկավ»: Լսում են Յուսուֆի իշխաններն ու զինվորները և լեղապատառ լինում, մահվան գունատությունը պատում է նրանց դեմքերը... Յուր քաջերով մտնում է նա Վաղարշակերտ, արաբները երկյուղից փախուստ են տալիս, իսկ մի քանիսը` զենքի վազում: Աշոտը ժպտում է. դառն ու սոսկալի է այդ ժպիտը, որի ազդեցության տակ դողում են անօրենները և սրերը նետում քաջի ոտքերի տակ ու գթություն խնդրում: Բայց չկա գթություն, չկա թողություն, քաջի սիրտը լեռ քարի նման կարծր է և ամուր, այնտեղ չի շարժվում գութի ո՛չ մի թել, այնտեղ չի հասնում աղերսանքի և լացի ո՛չ մի ձայն: Անզգա է նա, արյուն, արյո՛ւն է ուզում: Նրա սիրտը կրակ է ընկած: Անհավատների արյունն է միայն սփոփում նրան ու ամոքում սիրտը

Նա հրամայում է նույն տանջանքներով տանջել անհավատներին, ինչով նրանք տանջել են հայերին և, սրանով էլ չբավականանալով, հրամայում է տիկեր շինել նրանց կաշվից և պարսպի վրա կախել...

Մաքրվում է Բագրևանդի գավառը անհավատներից, և նա թռչում է Շիրակ: Այնտեղ էլ կոտորում, ջնջում է Յուսուֆի հրոսակներին... Ապա թռչում է յուր աշխարհի չորս կողմը, աջ ու ձախ մահ սփռում և հալածում թշնամիներին: Կարճ ժամանակ է անցնում, և երկրի բոլոր բերդերն ու քաղաքներն առնում է անօրենների ձեռքից` թշնամիների հետքն անգամ չթողնելով այնտեղ:

Ազատ շունչ են քաշում հայերը և օրհնում դյուցազնին: Եկեղեցիների և վանքերի մեջ սկսվում են ժամերգություններն ու պատարագը, սրբոց պատկերների խնկարկությունն ու շարականների անուշ երգեցողությունը...

Բայց Աշոտը դեռ ծարավի է. վրեժխնդրության հուրը դեռ չի իջել: Նա սլանում է դեպի Գուգարաց աշխարհը, որտեղից հալածելով թշնամիներին, Գնթունյաց երկու եղբայրներին` Վասակին և Աշոտին կառավարիչ է կարգում: Ապա սլանում է դեպի Տփխիս, ուր զինվորների մեծ բազմությունը նախարարների հետ միասին հանգիստ անց էին կացնում իբենց օրերը:

Նախարարներին երկաթե շղթաներով շղթայելով բանտարկում է, որպեսզի կարողանա փոխանակել հայոց գերիների հետ, ապա դիմում է Ուտիք` վերակացու կարգելով քաջ և վիթխարի Մովսեսին, ու դառնում է Տաշրաց գավառը:

ԺԴ

Տաշիր կամ Տաշրաց գավառը, որ այլապես կոչվում է Լոռի, ուր կանգ առավ Աշոտ Երկաթը, բնությունից հրաշապես վարձատրված երկիր է յուր կանաչապատ լեռներով, ծաղկազարդ դաշտերով ու մարգագետիններով և անուշահամ աղբյուրներով:

Մի կողմից ձգվում են վիթխարի լեռների շարքերը, որոնց ստորոտներում տարածվում է ընդարձակ դաշտավայրը: Այդ ընդարձակ դաշտավայրում ձգվում է մի խոր ձոր, որի միջով անցնում է Լոռվա մի գետակը և դաշտավայրը երկու կես անում:

Այժմյան Ջալալօղլիից ցած, դեպի հյուսիս-արևելք, երեք թե չորս վերստ հեռու, խոր ձորի գլխին այժմ էլ երևում են կիսաքանդ պարիսպների բեկորները, որ հիշեցնում են հին-հին, անցած-գնացած ժամանակները: Դաշտի կողմից ձգվում են բերդի հաստ ու պինդ պարիսպները, այնինչ երեք կողմից դրա սահմանը կազմում են խոր և ահռելի ձորերը, որոնց միջով պտույտներ անելով` անցնում է գետակը և, փրփրելով ու քսվելով ցից-ցից ժայռերին, լիզում բերդի պարիսպների տակ գտնված հավիտենական հիմքերը և, երեսը դարձնելով դրանից, գլուխն առնում է ու առանց մնաս բարով ասելու կորչում հեռո՜ւ, հեռո՜ւ...

Դարեր են անցել, նույն գետակը կրկին երկյուղով մոտենում է նրան, կրկին լիզում և կրկին վազում է առաջ, բայց առաջվա նման չի գոռում, կատաղի հորձանք չի տալիս դեպի բերդը, այլ ավելի հանդարտ, ավելի մեղմ է հոսում նրա տակով...

Ժամանակի ավերիչ հետքը դրան էլ է նիհարեցրել, դրա ձայնն էլ է կտրել, այնինչ առաջ, երբ շեն էին պարիսպները, երբ այնտեղ եռում էր կյանքը, ինքն էլ էր գեր ու վարար...

Next page