Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Ահա այդտեղ, այդ բերդի12 մեջ կանգ էր առել Աշոտ Երկաթը վեց հարյուր քաջերով, որպեսզի մի փոքր հանգիստ առնի և մտածի անելիքը:

Բայց ինչ հանգստություն. նրա համար չկա հանգստություն: Ամբողջ գիշեր նրա աչքին քունը մոտ չէր գալիս, նա դուրս եկավ օթևանից թարմ օդ շնչելու: Տխուր նստեց նա մի քարի, և մտածմունքները մեկը մյուսի ետևից պաշարեցին հոգին:

Մի ամբողջ տարի անցավ հոր մահվանից, և այդ կարճ ժամանակում որքա՜ն փոփոխություն կրեց յուր աշխարհը: Մի տարի առաջ բարբարոս Յուսուֆի զինվորները կոխկրտում էին երկիրը, տակնուվրա անում, մոխիր դարձնում ամեն ինչ, իսկ հիմա, այդքան կարճ ժամանակից հետո, նրանց հետքն էլ չկա...

Սուգն ու շիվանը կրկին ուրախության փոխվեցին, երկիրը խաղաղվեց, լսվեց հոտաղի ուրախ երգը, երկրագործի օրհնանքը... Օ՜հ, ինչ բերկրանք, ինչ ուրախություն... բայց արդյոք երկա՞ր պիտի տևի այս, թե նորից սև սուգը պիտի տարածվի... Ահա հարցեր, որոնք շփոթեցնում էին Աշոտ Երկաթին, որոնք ստիպում էին նրան մտածության մեջ ընկներ:

Ի՞նչ պիտի աներ ինքը միայնակ, առանց օգնականի, Յուսուֆը ուր որ է պիտի նորից ողողի յուր երկիրը, և այն ժամանակ ինքը միայնակ անկարող պիտի լինի դիմադրելու նրա անթիվ հրոսակներին:

Իսկ ի՞նչ էին շինում հայ նախարարները, որոնք օգնության ձեռք կարող էին մեկնել իրեն, նրանցից ամեն մեկը, որ մինչև Աշոտ Երկաթի քաջագործությունները, փակված էր իր բերդում, կամաց-կամաց իջնում էր ցած, մանր հարձակումներով նեղում Յուսուֆի զինվորներին և միմիայն իր երկիրը մաքրում թշնամիներից, ապա սիրտ առնելով իր բերդն ամրացնում և այդ սուրը Աշոտի դեմ դարձնում:

Լուռ հետևում էր Աշոտ Երկաթը դրանց և սպասում հետևանքին: Խորին թախիծը պատում էր նրա սիրտը, բայց դեռ չէր ուզում նրանց զենքով հնազանդեցնել և ճանաչել տալ յուր գերիշխանությունը: Նա մտածում էր միացնել հայ նախարարությունը իր հետ և այդպիսով վերջնական հարված տալ Յուսուֆին: Բայց այդ անկարելի էր առժամանակ... Մտածում էր արի Աշոտը, և այդ մտածմունքների մեջ ընկղմվելով` նրա քունը տարավ: Վրդովալից էր նրա քունը, սոսկալի, և դառն երազները շփոթեցնում էին նրան, այնինչ ձորերի մեջ վազող գետակը օրոր էր ասում... Նա տեսնում էր հեռու, շատ հեռու ապագան, որ պատած էր թանձր խավարով, ուր ճիչի, վայնասունի և աղիողորմ հեծկլտանքի ձայներ էին լսվում, ուր երբեմն երևում էին կմախքի նման մարդիկ, որոնք ուրվականների նման առաջ գալով, խավարի միջից ձեռքերը կարկառում էին, գթություն խնդրում, բայց այդ իսկ վայրկյանին աներևույթ ձեռքը սուր մանգաղով հնձում էր նրանց, և նրանք ընկնում էին ցած...

Բայց այն ի՞նչ է խավարի մեջ, հեռվում, երբեմն-երբեմն երևում են կրակի լեզուներ, որոնք լափում են շինություններ, որոնք կործանվում են մեկ-մեկ՝ իրար ետևից, մեծերը, փոքրերին հետևելով, վերջնական մի բռնկոց է լսվում, վայրկենական լույսով լուսավորվում է խավար հորիզոնը, որի միջից երևում են փլված աշտարակների և բուրգերի մնացորդները, և ապա խորին խավարը պատում է հորիզոնը:

Սարսափած վեր է թռչում Աշոտ Երկաթը և չորս կողմը դիտում:

Գիշերն անցել էր, և լույսը բացվել, հեռու հեռվից ծանրորեն բարձրանում էին սև կպրանման ամպեր և հետզհետե ծածկում հորիզոնը: Ամպերի միջից լսվում էին որոտի խուլ հառաչանքներ, և փայլակները շտապ-շտապ հաջորդում էին իրար:

Սպառնալից ամպերը հետզհետե բարձրանում էին, և փոթորիկ էր սպասվում: Վեր կացավ Աշոտ Երկաթը և դեպի յուր սենյակն էր ուզում գնալ, երբ տեսավ յուր առաջ զրահավորված մի զինվոր: Աշոտ Երկաթը ժպտաց:

Դու լավ պահպանություն ես անում ինձ, Դավի՛թ,— ասաց նա` դիմելով զինվորին:

Ես իմ պարտքն եմ կատարում:

Ապրե՛ս, այդպես էլ պետք է: Երանի թե քեզ նման պարտաճանաչ լինեին ամենքը:

ԺԵ

Կարճ ժամանակ անցնելուց հետո, Աշոտ Երկաթը յուր խմբով ճանապարհ է ընկնում դեպի Աղստեվի Խորաձոր ամրոցը, ուր կենտրոնացած էր թշնամու բանակը: Լոռվա կապույտ երկինքը հետզհետե ծածկվում էր ամպերով, խուլ մռնչյուններն ավելի ու ավելի լսելի էին լինում, և մի տեսակ ծանր, բայց խաղաղ օդը տիրում էր չորս կողմը: Բնությունը լուռ էր. ամեն շարժում դադարել էր, դաշտի բույսերն ու ծաղիկներն էլ լուռ իջեցրել էին գլուխները և սպասում էին ինչ-որ երկյուղալի բանի, որ բերում էր փոթորիկը: Լոռվա խաղաղ բնությունը լուռ ու անձայն սպասում էր փոթորկին:

Եվ Աշոտ Երկաթը սպասում էր Լոռվա ահեղ փոթորկին, բայց նրանից չէր վախենում, գիտեր նրա արհավիրքները, բայց կրկին առաջ էր սլանում: Նրա միտքը կաշկանդված էր ուրիշ բանով, նրա ամբողջ էությունը բռնված էր ուրիշ մտքերով: Փոթորիկը կգա և կանցնի, կապույտ երկինքը կծածկվի սև-սև ամպերով, այնտեղից կլսվի գոռում-գոչյունը, շանթերը կփայլատակեն չորս կողմը, բայց չի անցնի կարճ ժամանակ, և նա ինքն իրեն կդադարի, արևը կժպտա, բնությունը կկենդանանա, մարդիկ դուրս կգան իրենց բնակարաններից, թռչունները կսկսեն անուշ ծլվլոցը, և բնությունը կրկին կկենդանանա: Հոգ չէ, երբ փոթորիկը ի վերուստ է գալիս, վա՛յ է միայն, երբ փոթորիկը անհավատ Յուսուֆի հրոսակներն են առաջացնում:

Ու գնում էր Աշոտ Երկաթը՝ հայացքը հառած ճանապարհին, որ ոլոր-մոլոր պտույտներով ձգվում էր դեպի հեռուն:

Հանկարծ ճանապարհի հենց մեջտեղը փոշու մի ամպ բարձրացավ: Աշոտ Երկաթը աչքերը լայն բացեց և ուշադրությամբ նայեց դեպի փոշին, որ սկսեց պտույտներ անել և սյունաձև բարձրանալ վեր, միշտ վեր, դեպի սև ամպերը: Ճախարակի նման անդադար պտտվում էր այդ փոշին ճանապարհի ուղղությամբ, կարծես նա ուզում էր ծաղրել Աշոտ Երկաթին և նրա խմբին, որոնք բնության արհավիրքներից չվախենալով՝ այնպես առաջ էին գնում: Աշոտ Երկաթը հոնքերը կիտեց, նա չէր սիրում այդ տեսակ «քաջքաքամի», որ այնպես համառ կերպով շարունակում էր պտտվել. ձին քշեց և ուզեցավ կտոր-կտոր անել փոշու այդ սյունը, երբ վերջինս թռավ հեռու-հեռո՜ւ, ո՞վ գիտե ուր, ո՞ր ձորի կամ ո՞ր լեռան գագաթին կրկին յուր պարը շարունակելու:

Վերացավ, պրծավ «քաջքաքամին», հետքն էլ չմնաց, և հանկարծ խորին լռության մեջ լսվեց որոտի ահռելի ձայնը, մի վայրկյան էլ, և ահա սկսվեց Լոռվա հեղեղը...

Ամբողջ բնությունը խառնվել էր, ոչինչ չէր երևում` ո՛չ ծառ, ո՛չ թուփ, ո՛չ լեռ և ոչ ձոր, ամեն ինչ խառնվել էր և դարձել ջրային մի զանգված:

Տղե՛րք, կանգ առեք, մի քայլ անգամ անկարելի է առաջ գնալ, — կանչեց Աշոտ Երկաթը և իսկույն ձիուց ցած թռավ: Նրան հետևեցին ձիավորները, որոնք իջնելով ձիերից մի շրջան կազմեցին և սկսեցին սպասել փոթորկի անցնելուն: Գո՜ւռ, գո՜ւռ, գո՜ւռձայն էր հանում հեղեղը և ճանապարհորդների գլխին կժերով ջուր թափում, որոնք թրջվել էին մինչև ոսկորները և ցրտից դողացնում էին:

Այ քեզ հեղեղ, — ասաց զինվորներից մեկը, որի մորուքից և գլխից առվի պես հոսում էր ջուրը:

Այդպես էլ պետք է. մենք վաղուց է, որ չէինք լողացել և աստված մեզ լողացնում է, ի՞նչ կա որ, — պատասխանեց մի ուրիշը, որ յուր ահագին վահանի տակ պատսպարվել էր հեղեղից:

Այդ միջոցին հեռվից լսվեց մի տեսակ խուլ և անորոշ ձայն, կարծես այնտեղ, ձորի միջից թռչում են հազարավոր թռչուններ կամ հեռու լեռան քամակին քանդվում են աշտարակի պատեր:

Աշոտ Երկաթը, որ լրջորեն հետևում էր ամեն բանի, իսկույն գլխի ըսկավ, թե ինչ վտանգ է սպառնում իրենց և դառնալով դեպի խումբը` գոռաց.

Հեծնե՛լ ձիերը, բարձրանալ աջ, դեպի բլուրը:

Խումբն իսկույն կատարեց նրա հրամանը և քաշվեց վեր, դեպի բարձունքը: Այնուհետև նրանք տեսան, թե ինչպես հեղեղատը լեռան պես գլուխը բարձրացրած եկավ ողողեց այն տեղը, ուր քիչ առաջ կանգնած էին իրենք:

Անցավ մի փոքր ժամանակ. ամպի որոտմունքը հետզհետե կտրվեց, դադարեց հեղեղը, վերջացավ անձրևը, և կապույտ երկինքը ցույց տվեց յուր ուրախ դեմքը: Տղերքն ազատ շունչ քաշեցին, և ամեն մեկն սկսեց յուր թաց շորերը քամել: Քիչ հետո վառեցին մի ահագին, խարույկ, և ամեն մեկն սկսեց շորերը ցամաքեցնել: Աշոտ Երկաթը նայեց յուր կտրիճներին, և նրա հոգին լցվեց գոհունակությամբ: Վեց հարյուր մարդուց ո՛չ մեկը տրտունջ չէր հայտնում, ո՛չ մեկի դեմքը մռայլ ու հոգնած չէր, ուրախության ժպիտն էր փայլում դեմքերին, երևում էր, որ ամենքը իրենց կյանքը Աշոտ Երկաթի համար էին դրել...

Երբ մի փոքր հանգստացան, կրկին ճանապարհը շարունակեցին և մութը դեռ նոր էր պատել, երբ զգուշությամբ կանգ առան Խորաձոր ամրոցի պարիսպների մոտ:

Աշոտ Երկաթը հրամայեց յուր քաջերին մի փոքր հանգիստ առնել և կես գիշերվա դեմ անակնկալ կերպով հարձակում գործել բերդի վրա

ԺԶ

Թողնենք Աշոտ Երկաթին Խորաձոր ամրոցի պարիսպների տակ, թողնենք Դավթին Աստղիկին որոնելիս և գանք Վասպուրական երկիրը, Գագիկ դավաճանի աշխարհը, ուր ծփում են Վանա լճի կապույտ ալիքները:

Գագիկ Արծրունին խղճահարված յուր ստոր դավադրությունից, որ արել էր Սմբատ արքայի դեմ, բայց ավելի երկյուղ ունենալով Յուսուֆից յուր կյանքի համար, խույս տալով Յուսուֆից, մտավ յուր երկիրը և առաջին գործը եղավ քաշվել ամուր տեղերը և սպասել հանգամանքներին, մինչև որ կարողանար յուր մտադրությունները առաջ տանել:

Մինչև Աշոտ Երկաթի երևալը նա դեռ վախենում էր Յուսուֆից և չէր համարձակվում իջնել բերդերից, թեև տեսնում էր ժողովրդի հալածանքը, տառապանքը և թշվառությունը: Բայց հենց որ լսեց Աշոտ Երկաթի քաջագործությունները, հենց որ իմացավ Յուսուֆի զորքերի հաղթվելը, սիրտ առավ և ինքն էլ Աշոտ Երկաթի օրինակին հետևելով՝ սկսեց նեղել Յուսուֆի հրոսակներին և քշել նրանց յուր երկրի սահմաններից: Հեռատես և խելոք մարդ էր Գագիկը, նա հասկացավ, որ նախ յուր երկիրը պետք է մաքրի արտաքին թշնամիներից, երկրում պետք է մի ամուր հենարան պատրաստի և ապա միայն ձգտի իրագործելու յուր մտադրությունը: Նա արդեն Վասպուրականի տերն էր, նրա թագավորը, բայց դրանով չէր հագենում փառասիրությունը: Նա ուզում էր լինել թագավորաց թագավոր և օրինական գահը հափշտակելով միահեծան տեր դառնալ, այդ էր նրա ձգտումը, նրա մտածության միակ առարկան: Յուսուֆի օգնությամբ ուզում էր այդ միակ ձգտմանը հասնել, բայց շուտով հասկացավ սխալը և այժմ ինքը միայնակ սկսեց ձեռնարկել այն:

Չշփոթեցրին նրան Աշոտ Երկաթի քաջագործությունները, ընդհակառակը, նա ուրախացավ, որ առիթ տվեց Յուսուֆի ուժերը դուրս քշելու յուր երկրի սահմաններից էլ: Եվ նա յուր եղբայր Գուրգենի հետ միասին հարձակվեց Յուսուֆի զինվորների վրա, հալածեց նրանց մինչև Ատրպատականի սահմանները և ապա իջնելով ամուր բերդերից սկսեց երկիրը կարգի գցել:

Մյուս հայ իշխաններն ու նախարարներն էլ այդ հաղթություններից ոգևորված սկսեցին իրենց երկրներից հալածել թշնամուն: Ամենքը հալածում էին Յուսուֆի հրոսակներին ինքնուրույն և ինքնակամ կերպով, չկար դրանց մեջ մի ընդհանուր կապ, չէին ճանաչում մի ընդհանուր ղեկավար, չունեին մի որոշ ծրագիր:

Եվ Յուսուֆը դեռ համբերում էր. նա ճանաչում էր հայերին, գիտեր նրանց անմիաբանությունը, հասկանում էր, որ վաղ թե ուշ այդ նախարարները սրերն իրար դեմ կդարձնեն, և այն ժամանակ ինքը գիտե, թե ինչպես կողողի հայոց երկիրը արյունով, թե ինչպես վրեժը տասնապատիկ կառնի հայերից:

Բայց Գագիկի հոգը չէր, թե կկործանվեն փոքրիկ նախարարությունները, թե կտառապի ժողովուրդը, կթափվի հայոց արյունը, նա ամեն միջոց գործ էր դնում միայն յուր իղձը կատարելու համար:

Նստած էր նա Վան քաղաքում, Շամիրամի ձեռքով հիմքը գցած ամուր բերդում և նորոգում ու ամրացնում էր այն: Դեպի Բզնունյաց ծովը նայող կողմում շինեց գեղեցիկ պալատ գեղեցիկ ճեմելիքներով, որտեղից զբոսնողի առաջ տարածվում էր լճի անսահման կապույտը, ուր երբեմն-երբեմն լողում էին փոքրիկ մակույկներ իրենց սպիտակ առագաստներով, որ մի-մի կարապի էին նմանվում:

Գագիկը գոհունակությամբ նայում էր հրաշալի տեսարանին և մտածում ավելի ճոխացնելու և նորանոր շինություններ13 ավելացնելու մասին, բայց հոգին խաղաղ չէր, նա գոհ չէր աշխարհի այդ հրաշալի անկյունով

Տխուր էր այսօր Գագիկը, նա մտածում էր շուտով բաժանվել ընտանիքից, յուր սիրուն աղջկանից, որին հոգու չափ սիրում էր:

Հայոց երկիրը խաղաղվել էր: Յուսուֆի հրոսակներից մի փոքր ազատ շունչ էր քաշել հայ ժողովուրդը: Եվ ահա այժմ ինքը մտածում էր այդ խաղաղությունը խանգարել, առաջին սուրը ինքը բարձրացնել հայոց դեմ:

Նախիջևան քաղաքը նրա մտքից դուրս չէր գալիս, որը Սմբատ արքան խլելով` հանձնել էր Սիսակյան իշխանին, և որն այնքա՜ն գժտությունների առիթ էր տվել: Եվ Գագիկը պատրաստություն էր տեսնում հարձակում գործել Նախիջևանի վրա և այն ետ վերցնել Սիսակյան իշխանից:

Դառն հիշողություններն անցնում էին նրա մտքով, և նա լուռ դիտում էր արևի մուտքը, որ թաքնվում էր հեռու հորիզոնում, իսկ երբ աննկատելի կերպով դուրս եկավ նրա աղջիկը` Հեղինեն, յուր երկու նաժիշտների հետ և առանց նկատելու հոր ներկայությունը` հենվեց պարսպին և հայացքն ուղղեց դեպի Բզնունյաց ծովի ջրերը, որոնք մեղմ ծփում էին և դիպչելով ժայռերին՝ փրփրում... Նազելի և քնքուշ օրիորդ էր Հեղինեն՝ դեռ տասնվեց տարին չլրացած: Սև սաթի հոնքերը բարակ աղեղի նման կամար էին կապել նրա փայլուն, բայց թախիծով լի աչքերին: Նա լուռ դիտում էր փոքրիկ ալիքների խայտանքը, որոնք պար էին բռնում արևի վերջին ճառագայթների ներքո... Ա՜խ, ինչքան շատ էին այդ ալիքները, մի ալիք ջարդվում, փշրվում և ոչնչանում էր, մյուսն էր գալիս, նա էլ էր ոչնչանում, և տեղը ծնվում էր նորը… ...Մտածում էր Հեղինեն և անթարթ աչքերով դիտում հեռուն, դեպի հորիզոնը, դեպի լեռները, որոնց ետևում գտնվում է Այրարատյան աշխարհը, ուր այնպիսի հպարտությամբ երկինք է հասցրել յուր ալեհեր գագաթը հսկա Մասիսը և ուր շրջում է դյուցազն Աշոտ Երկաթը, հայոց օրինական թագավորը...

Մի փոքր ժամանակ Գագիկը լուռ դիտում էր յուր աղջկան և ապա մոտենալով նրան` քաղցր ձայնով ասաց.

Աղջի՜կս:

Հեղինեի մարմնով մի տեսակ սարսուռ անցավ՝ լսելով հոր ձայնը, բայց երբ նայեց նրա գորովալից աչքերին, փաթաթվեց հորը:

Գագիկը մի համբույր դրոշմեց նրա մարմարիոնի նման սպիտակ ճակատին և նրա ձեռքերը յուր ափի մեջ առնելով՝ կանչեց.

Դու տխուր ես, Հեղինե՛ : Ի՞նչն է արդյոք տխրեցնում քեզ: Մի՞թե գոհ չես այս սքանչելի տեղով և այն վայելչություններով, որով շրջապատված ես դու: Ասա, հոգի՛ս, ի՞նչն է վրդովեցնում քեզ, և ես իսկույն կկատարեմ քո ամեն մի ցանկությունը...

Չէ, հայրի՛կ, ես երջանիկ և բախտավոր եմ: Իմ միակ ցանկությունն է, որ դու մնաս մեզ հետ անբաժան: Վասպուրականը ընդարձակ երկիր է, բավականացիր նրանով, և մենք երջանիկ կլինենք:

Մի տեսակ մռայլ քող անցավ Գագիկի դեմքով` լսելով այդ խոսքերը, և իսկույն գլխի ընկավ, թե ինչ է ուզում ասել Հեղինեն: Նույնը միշտ կրկնում էր նաև նրա մայրը:

Չէ աղջի՛կս, ես շուտով պիտի արշավեմ դեպի Նախիջևան, տղամարդու գործը տանը նստելը չէ. իսկ կանանց գործը չէ մարդոց գործերի մեջ խառնվելը, իզուր եք դու և քո մայրը աշխատում ինձ ետ կանգնեցնել իմ նպատակից:

Իսկ Աշոտ Երկաթը մի՞թե թույլ կտա գրավելու այդ քաղաքը:

Աշոտ Երկա՞թը... հը՜մ... դա արդեն իմ գործն է, բայց դու գնա սենյակդ, փչում է արդեն երեկոյան սառը քամին և դու կարող ես մրսել, — ասաց Գագիկը և չսպասելով պատասխանի` ներս գնաց յուր պալատը՝ թողնելով Հեղինեին նաժիշտների հետ:

Հեղինեն նայեց հոր ետևից և ապա մի դառն ժպիտ խաղաց նրա երեսին:

Ոչ, ամեն բան կզոհեմ, որդիական պարտավորությունս կմոռանամ և այն սև կնիքը, որ ուզում է դնել հայրս յուր անվան վրա, ես իմ թույլ տեղովս կքավեմ: Թույլ չեմ տա, որ Աշոտ Երկաթից օրինական գահը հափշտակվի... Ես քեզ հետ եմ, ո՜վ քաջ դյուցազն, քեզ համար եմ միայն աղոթում, քո հաջողության վրա եմ մտածում... Թույլ բազուկներով կխորտակեմ նույնիսկ հորս բոլոր ջանքերը և նրա բոլոր մտադրությունները ի դերև կհանեմ... Շուտով, շատ շուտով կիմանաս, որ մի աներևույթ ձեռք, ամեն դավադրություններից պահպանում է քեզ, — այդպես ասաց ինքն իրեն Հեղինեն և այն է ուզում էր ներս գնալ, երբ մի քահանա խոր գլուխ տվեց նրան: Մի տեսակ հետաքրքրություն պատեց օրիորդին և իսկույն հեռացրեց նաժիշտներին:

Հը՜, տե՛ր հայր, լուր ունե՞ս:

Այո՛, իշխանուհի, ուղարկված մարդը վերադարձավ, և Աշոտ Երկաթը ողջ ու առողջ է: Ամբողջ երկիրը մաքրել է անօրեններից և արդեն ճակատած է Աղստև ամրոցի դեմ, որը, կասկած չկա, այժմ առած կլինի:

Գոհություն աստծո, լավ լուրեր ես բերել, տե՛ր հայր, բայց հարկավոր է նրան մի բանից զգուշացնել: Այս իրիկուն նամակ կգրեմ և այդ թուղթը անհապաղ պիտի Աշոտին հասցնեք:

Պատրաստ եմ քո հրամանը կատարելու, իշխանուհի, — ասաց տերտերը, որ Գագիկի ընտանիքի քահանան էր, և խոր գլուխ տալով հեռացավ:

Մյուս օրն առավոտյան մի ձիավոր սրարշավ գնում էր Աշոտ Երկաթի մոտ՝ հետը տանելով Հեղինեի նամակը:

ԺԷ

Մի մռայլ գիշեր էր...

Փչում էր ու ոռնում լեռների ցուրտ քամին և տարաբախտ մի խմբի հուսաբեկ սիրտը ավելի հուսահատեցնում:

Դեպի Վաղարշակերտ տանող ճանապարհին հայ գերիների խումբը, շրջապատված Յուսուֆի զինվորներով, դանդաղությամբ առաջ էր գնում:

Սրտաճմլիկ պատկեր էր ներկայացնում այն:

Կին, աղջիկ, ծեր ու երիտասարդ, ծանր շղթաներով և պարաններով կապկապած, ցավից տնքում էին ու ծանր հառաչում: Այդ հառաչանքները երբեմն ընդհատվում էին քամու ուժգին շառաչից և մտրակների հարվածներից որ հասցնում էին արաբ զինվորները այս ու այն հայի գլխին, որը դանդաղ էր քայլում:

Գերիների խումբը շարժվում էր առաջ

Մութ խավարն էր նրան ուղեկցում, սև տանջանքը ընկերակցում և անհույս վիշտը կրծում նրա սիրտը:

Չոր ու խոպան գետնի վրայով բավական երկար անցնելուց հետո, գերիների առաջ բացվեց մի ձոր, ուր խոխոջելով վազում էր պարզ ու վճիտ առվակը:

Գերիների խումբը կանգ առավ:

Ինչպես երևում էր, պահապանները ևս հոգնած էին ու կարոտ հանգստի: Նրանք կանգ առան, և քիչ հետո խարույկների լույսը լուսավորեց գերիներին, որոնցից ով ինչպես կարողացավ թեք ընկավ գետնի վրա և լուռ ընկղմվեց անծայր վշտերի մեջ:

Խմբից մի քանի քայլ հեռու, լեռ քարի վրա նստած էր մի ծերունի, իսկ դեռատի մի աղջիկ գլուխը դրած նրա ծնկներին լուռ արտասվում էր:

Հայր ու դուստր էին դրանք, որոնց երկուսին էլ տանում էին գերության: Ծերունի հոր կյանքը խնայել էին միմիայն աղջկա գեղեցկության համար: Մահաբեր սուրը պետք է կտրեր թշվառ ծերուկի վիզը, երբ դուստրը աղի արցունքով փրկեց նրա կյանքը:

Նրանք լուռ էին: Այդ լռությունը խզեց դուստրը և արտասվաթոր աչքերով դառնալով հորը՝ ասաց.

Ա՜խ, հայրի՛կ, ինչքա՜ն ծանր է գերությունըԱստված խղճա մեզ:

Հայրը շփեց մորուքը, հուսահատ մի ցնցում արավ, վեր նայեց դեպի անողոք երկինքը, ապա, շոյելով աղջկա գլուխը, դառնացած սրտով կանչեց.

Հա՜,աստված խղճա մեզ... մեղա՜ քեզ Աստղիկ ջան, աստված մեզ չի խղճա, որովհետև մենք մեր ձեռքերով ենք մեր գերեզմանը փորում... Հայի աստվածն այստեղ մեղք չունի, արաբի աստվածն է մեր երկրին տիրում: Մեր իշխանները, հայի աստծուն մոռացած, արաբի աստծուն են երկրպագում, նրա ամիրապետի փեշի տակ մտնում ու մեզ անտեր ու անտիրական թողնում... Անտե՜ր ենք, աղջի՛կս, անտիրակա՜ն, որ՜բ և անօգնակա՜ն... — Կանչեց ծերուկը մի այնպիսի ցավոտ հևքով, որ արաբ պահապանը կանգ առավ ու նիզակը ճոճելով կանչեց.

Լռի՛ր, անհավատ, բավական է ինչքան խոսեցիր:

Ծերուկը մի րոպե լռեց, կատաղությամբ լի աչքերով մեկ արաբ զինվորին նայեց ու մեկ` նրա նիզակի ծայրին, ապա կուրծքը առաջ ցցեց ու խորին վշտով կանչեց.

Լռեմ... Ինչու՞. ինչու՞ լռեմ... Եթե ես լռեմ, քարերը կխոսեն: Մեր իշխանները մեզ անտեր թողած ձեր փեշի տակն են մտել ու ձեզ են ծառայում:

Նրանք խելոք են վարվում, դուք եք հիմարը, որ մեր սուրբ հավատը չեք ընդունում և մեր ամիրապետի դեմ եք ապստամբում, — ասաց զինվորը և կրկին սկսեց յուր չափավոր քայլվածքը:

Այո՛, մենք հիմար ենք, ճիշտ է ասում արաբը, — դարձավ Աստղիկը հորը: — Հիմար ենք, որովհետև մեր կյանքի անդորրության մասին չենք մտածում ու հավատներս չենք ուրանում... Օ՜ , եթե մենք էլ մեր հավատն ու ազգը մոռանայինք, իսլամին երկրպագություն անեինք, այն ժամանակ այս գերության մեջ չէինք լինի:

Չէ՜, աղջի՛կս, մեղք մի՛ անի, մենք ենք, որ մեր ազգն ենք պահում: Մենք ենք, որ Լուսավորչի լուսաթաթախ հավատն ենք պահպանում: ժողովուրդը, հասարակ ամբոխը եթե չլիներ, հայ ազգն ու կրոնը վաղուց վերջացած կլիներ: Դառն օրերն ու տանջանքները աստված մեզ է տվել, ու մենք պիտի քաշենք: Լացն ու արցունքը մեզ է վիճակված կրելու, իսկ իշխանին՝ քեֆ ու անդորր կյանքըՄենք պիտի տնքանք ու հառաչենք, իսկ իշխանը խնդա և ուրախանա...

Բայց մինչև ե՞րբ, հայրի՛կ, խավարում է կյանքիս գարունը, դեռափթիթ արևս մթնում...

Համբերի՜ր, զավա՛կս, համբերի՜ր... Համբերությունն է մեր բաժինը: Ա՜խ, իմ եղան:

Այդ ժամանակ պահապան զինվորը նորից կանգ առավ ու մտրակի հարվածը իջեցնելով խեղճ ծերուկի մեջքին ասաց.

Լռի՛ր, շուն, թե չէ կաշիդ կքերթեմ:

Աստղիկի սիրտը մորմոքվեց և յուր մարմնով պատսպարելով հորը դիմեց պահապանին.

Ի՛նձ զարկ, անօրե՜ն, բայց հորս ձեռք մի՛ տա: Սպանի՛ր ինձ, որ վերջ տրվի իմ թշվառ կյանքին:

Արաբ զինվորը ժպտաց ու դառն հեգնանքով Աստղիկին դիմելով` ասաց.

Չէ՜, մահը քեզ համար չէ, այլ այս զառամյալ ծերունու համար: Դու չես մեռնի, խելա՛ռ աղջիկ: Դու սիրուն ես և գեղեցիկ, ու մեր ամիրապետը եթե գեղեցկությունդ տեսնի, քեզ յուր հարեմը կտանի ու դու այնտեղ երջանիկ կապրես:

Թշվա՛ռ անհավատ, մի՞թե կարծում ես, թե ես կենդանի նրա ձեռքը կընկնեմ:

Օ՜...քեզ նման կամակոր աղջիկներ շատ են եղել որոնք այդպես են խոսել, բայց վերջը իրենց երջանկությունը մեր իշխանների գրկումն են գտել: Կգա ժամանակ, երբ դու էլ, մեր ճշմարիտ կրոնն ընդունելով, երջանիկ կապրես... Ա՜յ, եթե Յուսուֆը կամ մեր իշխանները քեզ չվերցնեն, ես քեզ ուրախությամբ իմ տունը կտանեմ: Բայց ի՞նչ անես, որ հենց վաղը դու մեր իշխանի գրկում կլինես, իսկ այս զառամյալ ծերուկի դիակը շները կլափեն...

Հայրի՛կ, այս ի՞նչ է ասում... Ա՜խ, մահը լավ է ինձ համար, քան սրանց պիղծ ձեռքերը:

Մահն է մեր բաժինը, աղջի՛կս, ավելին մի՛ սպասիր... Մենք պիտի մեռնենք, որ իշխանը ապրի: Սև ճակատագիրն է մեր բաժինը, — ասաց ծերունին, գրկեց աղջկան և լռեց:

Լուռ էին և մյուս գերիները, այնինչ արաբ զինվորները, կրակի շուրջը բոլորած, ուրախ քրքիջով ընթրիք էին անում ու լպիրշ հայացքով դեպի գերիները նայում...

ԺԸ

Գիշերը յուր սևաթույր թևերը տարածել էր ամեն կողմ և խորին խավարի մեջ ընկղմել Աղստև կամ Խորաձոր14 ամրոցը, որ աժդահա գազանի նման դուրս էր ցցվել ժայռի գլխին և հպարտությամբ նայում էր ցած, յուր ոտքերի տակ, ուր ահռելի, խոր ձորի մեջ լռիկ-մնջիկ հոսում էր Աղստև գետակը...

Չորս կողմը տիրում էր խորին լռություն, միայն երբեմն սուլելով անց էր կենում քամին, խրոխտալով հարձակվում պարիսպների վրա և ապա, հաղթվելով, ետ էր նահանջում և ոռնալով ու հառաչելով` փախչում հեռո՛ւ, հեռու... Կես-գիշերից անց էր. բերդի մեջ ամեն ինչ լուռ էր. խոր քուն էին մտել ամենքը սկսած արաբ իշխանից մինչև հետին զինվորը: Ամենքն արդեն գտնվում էին երազական այն աշխարհում, ուր գոյություն ունեն միայն դյութական սնոտի պատկերներ... Պահապաններն անգամ, որոնք ձանձրացել էին քամու ոռնալուց ու սուլելուց, չկարողանալով տանել դրա միատեսակ ու անտանելի ողբը, կուչ էին եկել ամեն մեկը մի անկյունում և ընկել մի տեսակ մրափի մեջ. երբեմն միայն, երբ հեռվում, ձորի միջից լսվում էր վայրենի բորենու և գայլերի ոռնոցը, նրանցից մի քանիսը բարձրացնում էին ծանրացած գլուխները և անիծում այդ գազաններին, որ իրենց քունը խանգարեցին...

Բայց քամին յուր նվագն էր շարունակում և բուռն զորությամբ քշում երկնքի մոխրագույն ամպերը, որոնք արագությամբ հեռանում էին հորիզոնից, մեկը մյուսին հետևելով, մի ամպի կտոր մյուսի հետ խառնվելով ու ձուլվելով...

Հենց այդ միջոցին Աշոտ Երկաթը յուր երկու հարյուր կտրիճներով զգույշ մագլցում էր ժայռից ժայռ, քարից-քար և մոտենում էր բերդին: Ձորի կողմից մուտքը բաց էր, և այդ կողմից ապահով կարծելով միայն երկու պահապան էին նշանակված, որոնք հենց նոր քուն էին մտել և ընկել դյութական աշխարհը

Հայ կտրիճները բարձրանում էին վեր. ո՜չ մի շշունջ, ո՜չ մի ձայն չէր լսվում, ո՜չ մի քար, ո՜չ մի խիճ չէր գլորվում նրանց ոտքերի տակից, այլ աներկյուղ դևերի նման նրանք բարձրանում էին վեր՝ իրենց ոտքերի տակ թողնելով ահռելի ձորը, ուր ընկնողը պատառ-պատառ կլիներ:

Խմբի առջևից գնում էր Աշոտ Երկաթը, ինչպես մի հասարակ զինվոր: Ահա նա բարձրացավ վեր և կանգ առնելով ազատ շունչ քաշեց ու սրբեց ճակատի քրտինքը, չնկատեց անգամ, որ հենց ոտքերի տակ տարածված է քնած պահապանի մարմինը: Հանկարծ նա լսեց մի տեսակ խուլ ձայն, որ ասում էր.

Գալի՜ս են, գալի՜ս, Շահնշա՜հը...

Աշոտ Երկաթը սուրը մերկացրեց, բայց նայելով ոտքերի տակ փռված պահապանին, այն կրկին պատյանը դրեց և ինքն իրեն ասաց.

Է՜հ, սրա համար չարժեր սուր հանել, — և նկատելով, որ ձորից բարձրանում են յուր կտրիճները, միայն ոտքը դրեց պահապանի կրծքին:

Այդ միջոցին բոլոր կտրիճները արդեն հավաքվել էին Աշոտ Երկաթի շուրջը և նրա հրամանին էին սպասում, երբ լսվեց մի տեսակ թրմփոց, կարծես ինչ-որ մեկը գլորվեց ձորը:

Ո՞վ ընկավ, — հարցրեց Աշոտ Երկաթը, ցած ձայնով դիմելով յուր կտրիճներին:

Ո՛չ ոքպատասխանեց զինվորներից մեկը՝ առաջ գալով, — պահապաններից մեկին Մահմեդի գիրկն ուղարկեցինք:

Շատ լավ արիք, այժմ հարկավոր է զգույշ առաջ գնալ և սկսել կոտորածը: Բայց հենց որ լսեք, թե իմացան մեր բերդ մտնելը, ամեն կողմից ահագին աղմուկ բարձրացրեք և շփոթեցրեք բոլորին: Չխնայել ո՛չ ոքի, մինչև որ զենքերը վայր չդնեն: Դե՜, իմ կտրիճնե՛ր, սկսեցեք գործը, ժամանակ չպետք է կորցնել, — ասաց Աշոտը, և նրանք մի քանի խմբերի բաժանվելով՝ սկսեցին կոտորածը:

Քնած զինվորները չգիտեին՝ մարդիկ են իրենց գլուխները կտրում, թե դևեր: Նրանք մինչև անգամ ժամանակ չունեցան զենքի դիմելու, մի քանիսը միայն խելքի եկան, բայց հայ կտրիճների սուրը նրանց էլ վերջ տվեց: Չանցավ կարճ ժամանակ, արշալույսը դեռ նոր էր բացվում, երբ ամբողջ բերդի մեջ գտնված արաբաց գնդից կեսը կոտորված էր, իսկ մյուս մասը գերի բռնված:

Աշոտ Երկաթը ազատ շունչ քաշեց, երբ զգաց, որ վերջին հարվածը տվեց Յուսուֆի զինվորներին, որոնք այլևս չեն համարձակվի իրեն անհանգիստ անելՋախջախելով Յուսուֆի վերջին զորությունը՝ Աշոտ Երկաթը շտապեց վերադառնալ Արշարունյաց երկիրը:

915 թվականն էր, երբ հայ իշխանները, ակնածելով Աշոտ Երկաթի քաջագործություններից և կարճ ժամանակում ցույց տված հաղթություններից, ի մի ժողովվելով, Ափխազաց Գուրգենի և վրաց Ատրներսեհ արքայի հետ միասին թագավորեցրին նրան յուր հոր փոխարեն:

Այնուհետև նա սկսեց խնամել երկիրը իբրև հայր: Նա փառքի համար չէր մտածում, նրա միակ ցանկությունն էր տեսնել յուր ժողովրդի բարօրությունը: Սակայն այդ հանգստությունը երկար չտևեց, և հայոց խաղաղ երկիրը նորից ալեկոծվեց, նորից արյան և կոտորածի ասպարեզ դարձավ, որ շփոթեց Աշոտ Երկաթի սիրտը: Այս անգամ վերքը շատ ծանր էր:

ԺԹ

Ինչպես հայը յուր ժողովրդին, ինչպես հասարակ մարդ, Աշոտ Երկաթը սուրը մի կողմ դրած, շրջում էր ժողովրդի մեջ և նրա երկարամյա վերքերը բուժում, նրա կարիքներին դարման անում: Նա ման էր գալիս քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, ծանոթանում էր ժողովրդի դրությանը, երբ անակնկալ դիպվածը ստիպեց նրան ընդհատել այն և նորից զենքի դիմել, նորից մտնել արյան ասպարեզ:

Մի երեկո, երբ նոր էր վերադարձել ժողովրդի մեջ շրջագայելուց, նրան հանձնեցին մի փոքրիկ նամակ, որ գրված էր մանր, բայց գեղեցիկ գրերով:

Ո՞վ բերեց այս նամակը, — հարցրեց Աշոտ Երկաթը ծառաներին՝ զարմացած շուռումուռ տալով այն:

Մի գյուղացի, որ յուր անունը և որտեղից լինելը չուզեց հայտնել, — պատասխանեց ծառան:

Աշոտ Երկաթը շտապով բաց արավ նամակը և սկսեց կարդալ: Նա աչքերին չէր հավատում:

«Քաջ Աշոտ Շահնշահ, — գրած էր նամակի մեջ, — մի՛ կարծիր, թե միայն նրանք են քո բարեկամները, որոնք քեզ անձամբ ճանաչում են: Ես քեզ չեմ տեսել, բայց լսելով քո քաջագործությունները՝ սիրում եմ քեզ: Սիրում եմ իմ հարազատ ծնողներից ավելի, սիրում եմ ինչպես իմ հարազատ եղբորը: Իմ մտածության առարկան միայն այն է, որ քեզ, թագավորա՛ց թագավոր, միշտ հաջողության մեջ տեսնեմ, և ես միշտ աղոթում եմ տիրոջը, որ քո կյանքը երկար պահի այն ժողովրդի համար, որ մինչև քո երևալը տառապում էր: Ինձ դու չես տեսնի, չես ճանաչի, բայց ես միշտ քեզ վրա պիտի մտածեմ և քո բարիքները ցանկանամ: Ուրախացավ սիրտս, երբ լսեցի քո քաջագործությունները: Իսկ այժմ ցավում եմ, որ տխուր լուրեր պիտի հաղորդեմ և վրդովեմ քո խաղաղությունը: Գիտեմ դու չես վհատվի. վհատությունը դյուցազնի գործը չէ, այլ թույլերի և վախկոտների, իսկ դու դյուցազների դյուցազնն ես: Հայաստանը նորից պիտի ավերմունքի ասպարեզ դառնա և այդ ավերմունքի պատճառը լինելու է Գագիկ Արծրունին, որ մոտ օրերս պիտի արշավի` Նախիջևան քաղաքը Սիսակյան իշխանից գրավելու: Զգուշացնում եմ քեզ, որ նա իր սուրը նաև քո դեմ է դարձնելու: Նա արդեն որոգայթներ է պատրաստում քեզ մեջը ձգելու, բայց նրա ամեն մի որոգայթը իզուր պիտի անցնի, քանի որ ես ամեն անգամ քեզ պիտի տեղեկություն տամ իր մտադրությունների մասին: Առայժմ այսքան: Քեզ պաշտող իշխանուհի»:

Աշոտ Երկաթը իրեն երազի մեջ էր կարծում. այնքան անակնկալ էր այդ նամակը: Ո՞վ պիտի լիներ այդ իշխանուհին, որ զգուշացնում է իրեն Գագիկ Արծրունու դավադրությունից, և ինչու՞ Գագիկը կրկին վրդովում է հայոց խաղաղությունը: Նա երկար ժամանակ չկարողացավ ոչ մեկի վրա մատնանիշ անել: Արդյոք Գարդմանաց Սևադայի աղջի՞կն է, որի աչքերից շատ անգամ հափշտակվել էր ինքը: Եվ եթե նա է, ինչո՞ւ ստորագրություն չկա կամ ինչու՞ ինքը՝ Գարդմանաց իշխանը անձամբ չի հաղորդում այդ մասին, եթե գիտե Գագիկի այդ ստոր մտադրությունները: Ինչևէ, պետք է սպասել և տեսնել, թե որքան ճիշտ են իշխանուհու այդ ցուցմունքները:

Next page