Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Եվ Աշոտ Երկաթը ծալեց նամակը ու մի կողմ դրեց: Չանցավ մի քանի օր, և ահա լուր ստացավ, որ Գագիկը հիրավի պաշարել է Նախիջևան քաղաքը: Բայց նա տեղից չշարժվեց՝ սպասելով հետևանքին: Նախիջևանը առավ Գագիկը, և ահա Սիսակյանց իշխանը, որին պատկանում էր այդ քաղաքը, բարկությամբ լի հարձակվեց Վասպուրականի վրա, սկսեց այդ երկիրը հուր ու մոխիր դարձնել: Երկպառակության քարը գլորված էր, և սկսվեց Արծրունյաց ու Սիսակյանց արյունը թափվել: Այդ ախտը տարածվեց նաև մյուս հայ իշխանների մեջ, որոնք դուրս գալով իրենց երկրի սահմաններից, սկսեցին հարևան հայ երկրներն ու գավառները ավերել և սրի ճարակ դարձնել:

Կատաղեց Աշոտ Երկաթը և սուրը կրկին պատյանից հանելով սկսեց հայ նախարարների վրա գնալ: Երկիրը նորից փոթորկվեց, նորից սուքն ու շիվանը տարածվեց, նորից գյուղերն ու քաղաքները ամայացան, և թշվառ ժողովուրդը նորից սկսեց հեծեծալ հայ նախարարների ըմբոստության և փառասիրության պատճառով: Արտաքին թշնամին չկար, բայց ներքին խռովությունները ավելի խորն էին խոցում խեղճ ժողովրդին:

Բայց արտաքին թշնամին էլ հեռու չէր: Յուսուֆը, որ միշտ ատամները կրճտացնում էր Աշոտ Երկաթի վրա և մտածում նրանից վրեժխնդիր լինել յուր զորքերին այնպես չարարչար հալածելու պատճառով, այժմ սիրտ առավ և կամաց-կամաց պատրաստություններ էր տեսնում Հայաստանի վրա հարձակվելու: Նա ուրախանում էր հայ նախարարների անմիաբանությունը տեսնելով և ազատ էր թողել նրանց իրար դեմ կռվելու, իրար ոչնչացնելու. նրան նպաստողը միայն այդ էր, ապա թե ոչ նա վախենում էր Աշոտ Երկաթի վրա հարձակվելուց: Ժամանակն արդեն մոտեցել էր: Եվ Յուսուֆը հրամայեց յուր բոլոր զորքերին հավաքվել Ատրպատականում և այնտեղից մտնել հայոց երկիրը: Նրանք արդեն կամաց-կամաց մոտենում էին հայոց երկրին, այնինչ հայ իշխանները դեռ իրար արյունն էին թափում

Ի

Ինչպես անձրևից առաջացած հեղեղատը, ներս խուժեցին Յուսուֆի հրոսակները հայոց երկիրը և սկսեցին քանդել, ավերել ու կոտորել: Ինչպես հեղեղատը ողողում ու ավերում է առաջին հանդիպած տեղերը և ապա, զանազան ուղղությամբ ցրվելով, վազում է միշտ առաջ առանց հարցնելու տեղն ու դիրքը, այնպես էլ արաբաց հրոսակները նախ սկսեցին ավերել մոտիկ գավառները և ապա մտնել ավելի խորը, երկրի ներսը, ուր ազատ ասպարեզ գտնելով իրենց համար, մոխրի կույտեր դարձրին շեն գյուղերն ու քաղաքները... Իրենց ետևից նրանք թողնում էին միմիայն ավերակներ, սուք, լաց ու շիվան... Ամեն ինչ ոչնչանում էր նրանց բարբարոս ձեռքերից, ամեն ինչ կործանվում, և արյունով էր ողողվում մոխիր դարձած ավերակները... Ո՞վ էր խեղճ ժողովրդի պաշտպանը, նրանց մասին հոգացողը. ո՛չ ոք: Իշխաններից ոմանք իրար հետ էին կռվում, իսկ ոմանք ամրանում էին բերդերում՝ անպաշտպան թողնելով խեղճ ժողովրդին, որի քրտինքով էին ապրում իրենք... Այո, ծանր էր, խիստ ծանր էր ժողովրդի դրությունը, ամեն հալածանք, ամեն տանջանք նրա գլխին էր թափվում, և նա անօգնական, իշխաններից մոռացված, ձեռքերը երկինք էր բարձրացնում և տիրոջից օգնություն խնդրում:

Եվ նա, հույսը կտրած, ամենից մոռացված, սարսափով պատած, երկյուղից գլուխը կորցրած, թողնում էր յուր տուն ու տեղը, դաշտն ու արտը և փախչում լեռները. ամեն տեղ` սարում, դաշտում, տանը, մահ էր սպառնում նրան:

Շատ վշտացավ Աշոտ Երկաթը, երբ լսեց ժողովրդի հեծեծանքը: Նա ձայն տվեց իշխաններին, նախարարներին. նրա ձայնը տարածվեց լեռներում ու ձորերում, արձագանք տվեց, բայց ո՛չ մի իշխան, ո՛չ մի նախարար տեղից չշարժվեց, ո՛չ մեկը պատասխան չտվեց նրա կանչին, ամենքը կարծես խոց լինեին և չլսեցին քաջի ձայնը:

Սպասեց Աշոտ Երկաթը, շա՜տ սպասեց, մի թույլ ձայն անգամ չլսեց, ու վրդովվեց քաջի սիրտը. նրա աչքերում երևացին արցունքներ, որոնք գլորվեցին և խառնվեցին յուր սիրած ժողովրդի արտասուքներին: Դյուցազնը լալիս էր, լալիս էր ո՛չ թե մահից վախենալով, այլ նրա համար, որ ինքը չի կարող բյուրի դեմ կենալ... Ապա խոցված սրտով նայում է մի բուռ քաջերին, որոնք լուռ իր հրամանին են սպասում, ու նրա սիրտը լցվում է գոհունակությամբ, նրա աչքերից հուր է ցայտում, դեմքն ընդունում է վեհ ու խրոխտ կերպարանք և դառնալով նրանց՝ ասում է.

Տղե՛րք, մենք միայնակ ենք հազարավորների դեմ, մենք ամենքս պիտի մեռնենք, մահը միայն մի անգամ է գալիս: Ավելի լավ է քաջի պես մեռնենք, սրերը ձեռքներիս, քան թե անօրեններից գերվենք և բանտի մեջ մաշվենք...

Ասում է նա, սուրը օդի մեջ ճոճում և թռչում առաջ:

Ապրի՛ Աշոտը, կեցցե՜ Շահնշահը, — գոռում են կտրիճները և նրա ետևից սլանում...

Ու թռչում է Աշոտը, մեկ այստեղ է կոտորում թշնամիներին ու հանկարծ աներևութանում, մեկ հայտնվում երկրի այլ կողմում: Անակնկալ հարձակվում է նա թշնամիների վրա և հանկարծ չքանում...

Զարհուրանքը պատում է Յուսուֆի զինվորներին, և նրանք ամեն րոպե սպասում են նրան, ինչպես երկնքի պատուհասի, բայց կրկին առաջ են գալիս, կրկին ավերում ու կոտորում, տանջանք տանջանքի վրա ավելացնում: Նրանք չեն հուսահատվում Աշոտ Երկաթի մանր հարձակումներից, նրանք գիտեն, որ իրենք շատ են, զորավոր, անթիվ, անհամար, ո՞ր մեկին կկոտորի Աշոտ Երկաթը...

Ու անօրենները տանջում էին անպաշտպան ժողովրդին, պառավներին և ծերերին կոտորում էին անխնա, ծծմայրների ձեռքերից դուրս էին կորզում նրանց սիրելի մանուկներին և գետնին խփելով՝ նրանց աչքի առաջ սպանում, հղի կանանց կոխկրտում էին ոտքերի տակ, որովայնը պատռելով դուրս էին կորզում պտուղը15 և դեն շպրտում: Մեծամեծներին զանազան տանջանքներ էին տալիս, որ ցույց տան իրենց պահած գանձերը և երբ ստանում էին ամեն ինչ՝ կամ սպանում էին նրանց, կամ գերության վարում և ստիպում հավատն ուրանալ: Գերիներին պահում էին ամենասոսկալի կերպով և երբ նրանք չէին ուրանում իրենց կրոնը, սարսափելի տանջանքներով մահացնում էին նրանց, մի քանիսին կենդանի էին թաղում, մի քանիսին ծանրության տակ ճխլում, իսկ ոմանց կրծքից սկսելով՝ սրով երկու կես էին անում կամ կենդանի մաս-մաս անում...

Անհնարին է մի առ մի հիշել այն սոսկալի տանջանքները, որ գործ էին դնում անօրենները...

ԻԱ

Մութը նոր էր պատել աշխարհը, երբ Աշոտ Երկաթը յուր հոգնած կտրիճներով դանդաղ առաջ էր շարժվում:

Հանկարծ նրա ձին ականջները ցցեց և գլուխը ճանապարհի մի կողմը թեքելով` նայեց:

Աշոտ Երկաթը հավատում էր ձիու ուշիմությանը, նրա գլուխը բարձրացնելուն պես, ինքն էլ այն կողմը նայեց, բայց մթության մեջ ոչինչ չնկատեց, ուստի շոյելով ձիուն` ասաց.

Ի՞նչ է, ի՛մ նժույգ, ի՞նչից վախեցար: Թե քաղցած ես և շտապում ես կեր գտնել, սպասիր մի փոքր էլ, աստված մեզ էլ, քեզ էլ կերակուր կտա:

Ձին կանգ առավ, նրա հետ՝ նաև խումբը: Հեռու լանջի վրա երևում էր մի շինություն, որ վանքի էր նման, որտեղից երևում էր ճրագի աղոտ լուսավորություն: Բայց այդ չկանգնեցրեց ձիավորներին, ընդհակառակը, նրանք շատ ուրախացան, երբ տեսան ճրագի լույսը, քանի որ հանգստության էին կարոտ, իսկ թշնամի էր այդտեղ, թե բարեկամ՝ այդ միևնույն էր. եթե բարեկամ էր՝ հո լավ, իսկ եթե թշնամի, մի փոքր ջանք էր հարկավոր միայն, որ նրանց այդտեղից դուրս քշեին:

Ձիերը կանգնելուն պես, ճիշտ այդ ճրագի հակառակ կողմից նրանք լսեցին մի տեսակ խուլ, գերեզմանային ձայն. կարծես գետնի տակից ինչ-որ մեկը հառաչում էր: Նրանք սկսեցին ավելի ուշադրությամբ ունկնդրել. այո՛, հառաչում, տանջվում էր մի մարդ, որի ձայնը կարծես գերեզմանի միջից էր գալիս: Վանքի մոտ, անշուշտ, գերեզմաններ կան, և մեռելները հարություն են առել, մտածեցին մի քանիսը և ոմանք սարսափած սկսեցին լուռ աղոթք մրմնջալ ու երեսներին խաչ հանել:

Աշոտ Երկաթը ձին քշեց դեպի ձայնը: Նրան հետևեց խումբը:

Մի փոքր գնացին և հանկարծ սարսափահար կանգ առան: Մթության մեջ նրանց աչքին ներկայացավ մի սոսկալի պատկեր, որ ցնցեց բոլորի ուղեղը և փշաքաղեց նրանց մարմինը: Խմբի միջից մի քանիսը մինչև անգամ ուզեցան ետ դարձնել ձիերի գլուխը և փախչել այդ զարհուրելի տեսարանից, որը նրանց մտքի մեջ ծնեցրեց հազարավոր հրեշավոր երևույթներ, բայց Աշոտ Երկաթը ամեն բան հասկացավ և շուտով փարատեց յուր զինվորների սնոտիապաշտությունը:

Տղե՛րք, տեսնու՞մ եք ինչպիսի տանջանքների են ենթարկում հայերին, — ասաց նա և ցած թռավ ձիուց:

Փայտերի վրա գլխիվայր ամուր կապված էին երկու մերկ կանայք, իսկ մի քանի գլուխ սարսափահար դուրս էին ցցվել հողի մակերևույթից:

Տղե՛րք, ետ ածեցեք և ազատեցեք գոնե այս երկուսին, որ դատապարտված են կենդանի թաղվելու, բայց դեռ շունչը բերաններումն է, — ասաց Աշոտ Երկաթը և ինքը, մի կողմ գնալով, նստեց կանաչ խոտի վրա և ընկավ խոր վշտի մեջ:

Դավիթը և մի քանիսը շտապով քանդեցին հողը և ազատեցին երկուսին, որոնք թուլացած ընկան գետին:

Ուշադրությամբ նայում էր Դավիթը թշվառների դեմքի գծագրությանը, երբ հանկարծ կանգ առավ և ապուշի նման սկսեց դիտել մեկին, ձեռքերը թուլացան և կարծես արյունը սառեց երակների մեջ: Այդ դեմքը ծանոթ էր իրեն, բայց վախենում էր այդ նմանությունից, վախենում էր, որ նա լիներ, ում վրա կասկածում էր:

Նայեց, նայեց և ապա հանկարծ փաթաթվեց նրա վզով և սկսեց խելագարի նման համբուրել: Մյուս զինվորները երկյուղով նայում էին և կարծում, թե Դավիթը խելագարվեց: Լուրը հասավ Աշոտ Երկաթին, նա վեր կացավ տեղից և մոտեցավ Դավթին, որ դեռ համբույրներ էր տալիս, առանց խոսել կարենալու:

Ի՞նչ ես անում, Դավի՛թ, — ասաց Աշոտ Երկաթը՝ բռնելով նրա ձեռքը:

Դավիթը դադարեց համբուրելուց և խեղդվող ձայնով ասաց.

Ա՜խ, տե՛ր իմ, իմ աներն է, Մաթոսը: Իսկ ո՞ւր է Աստղիկս, իմ նշանածը:

Ազատվածը, որ դեռ չէր հասկանում, թե ի՞նչ է կատարվում շուրջը, երբ լսեց յուր և Աստղիկի անունը, լայն բաց արավ աչքերը, նայեց Դավթին և ուշաթափվեց: Խեղճ մարդ, նա ճանաչեց կորած փեսային:

Երբ անցավ ուշաթափության պահը, երբ նրանք մի փոքր հանգստացան, սկսեցին իրար հարցուփորձ անել, իրար դրությունն իմանալ:

Ասա, ո՞ւր է իմ Աստղիկը, — դողդողալով հարցրեց Դավիթը,

Այնտե՛ղ, — ասաց Մաթոսը և ցույց տվեց դեպի երեվացող վանքը: Դավթի սիրտը տրոփեց, նա ուզում էր վեր կենալ և թռչել դեպի վանքը: Այդ նկատեց Մաթոսը և կանգնեցրեց նրան:

Սպասի՛ր, ո՞ւր ես գնում, վանքը արաբաց զինվորներով լի է: Մենք մեր գյուղից փախուստ էինք տալիս, երբ հանդիպեցինք մի խումբ արաբների, որոնք անխնա ծեծելով մեզ, ամուր շղթաներով շղթայեցին ու բերին մինչև այստեղ: Անասելի տանջանքներ տվին մեզ: Շատերին սպանեցին, մի քանիսին ողջ-ողջ հողում թաղեցին, իսկ այս երկու կանանց, որոնց տեսնում եք գլխիվայր կապած, այնքա՜ն ծեծեցին, մինչև շունչները փչեցին: Խեղճերը ուզում էին փախչել, բայց չհաջողվեց...

Իսկ Աստղի՞կը, — անհամբերությամբ խոսքը կտրեց Դավիթը:

Աստղիկիդ և ուրիշ օրիորդների բռնեցին ու տարան վանքը: Նա կենդանի է, բայց թե ինչ վիճակի մեջ, այդ աստծուն է հայտնի:

Քանի՞ մարդ են, — հարցրեց Աշոտ Երկաթը, որ մինչ այդ լուռ լսում էր:

Չգիտեմ, պետք է որ մոտ երեք հարյուր լինեն:

Լավ ուրեմն: Տղե՛րք, ձիերը թողեք իրենց տեղը և հետևեցեք ինձ, — ասաց Աշոտ Երկաթը և առաջ անցավ:

Դավիթը ուզում էր ամենքից առաջ անցնել, բայց զսպում էր իրեն, այնինչ նրա սիրտը պատառ-պատառ էր լինում:

ԻԲ

Վանքը, որին մոտենում էին մեր կտրիճները, գտնվում էր Մասյաց լեռան հարավային ստորոտներից մեկի վրա, մի խոր ձորում, որ ծածկված էր մացառներով ու թփերով:

Այդ ժամին, երբ Աշոտ Երկաթը մոտենում էր պարսպին, վանքի ներսում, վանականների ընդարձակ սենյակներից մեկում, կատարվում էր հետևյալ տեսարանը: Բազմոցին, ուր սովորություն ուներ թիկն տալու վանահայրը, այժմ նստած էր արաբաց այդ փոքրիկ գնդի մեծավորը:

Նա խրոխտ, վայրենի դեմք ուներ, գլխին՝ սպիտակ չալմա, իսկ մեջքից կախված էր կեռ թուրը:

Նրա մոտ, մի փոքր ցած, նստած էին ուրիշ մարդիկ, որոնք ըստ երևույթին նրա ստորադրյալներն էին:

Դրանց առաջ կանգնած էին երեք հայ աղջիկներ, որոնք ամոթից և երկյուղից կախել էին գլուխները և լուռ հեկեկում էին: Սարսափը պատել էր խեղճերին, և նրանք դողում էին, այնինչ երեք գազան պետերը ամենայն ուշադրությամբ նրանց էին նայում և իրենց մտքում ընտրում գեղեցկին: Վայրենի կիրքը, անասնական ձգտումը րոպե առ րոպե գրգռվում էր մեծավորների մեջ և նրանց աչքերը բորբոքում մոլության կրակով:

Բայց հայ աղջիկները ամոթից գետին էին մտնում և ամեն կերպ աշխատում էին երեսները թաքցնել:

Մոտեցե՛ք ինձ, մի՛ վախենաք, ես ձեզ վնաս չեմ տա, — ասաց մեծավորը՝ նշան անելով աղջիկներին: Բայց նրանք տեղներից չշարժվեցին:

Չե՞ք լսում, երեկ էլ երդվեցի, որ ձեզ ոչ մի վնաս չպիտի տամ, թեև դուք անհավատի աղջիկներ եք. բայց երդվում եմ ալլահով, որ եթե ձեր նզովյալ հավատը ուրանաք և ընդունեք ճշմարիտ կրոնը, դուք մեր ամիրապետի հարեմում ամենասիրուն աղջիկներից մեկը կլինեք:

Գյավուրի՛ աղջիկներ, խո՞ւլ եք, ինչ է, որ տեղներիցդ չեք շարժվում. թե՞ ուզում եք, որ այս կեռ թրովս ձեզ մաս-մաս կտրատեմ, — գոչեց մեծավորը բարձրաձայն և վեր թռչելով տեղից՝ բռնեց աղջիկներից մեկի ձեռքը, որ հազիվ տասնհինգ տարեկան լիներ: Նա քարշ տվեց նրան յուր մոտ և չնայած աղջկա ընդդիմության, գրկեց նրա նազելի իրանը, ամուր և ամուր սեղմեց կրծքին: Նույնը արեցին և մյուս երկու արաբները՝ հետևելով իրենց մեծավորի օրինակին:

Ապա մեծավորը զոռով բարձրացրեց կիսաուշաթափ օրիորդի գլուխը և հիացած սկսեց նայել նրա գեղեցիկ դեմքին և փոքր ժամանակից հետո, յուր զզվելի շրթունքները մոտեցնելով նազելի կույսին, մի համբույր դրոշմեց թշվառ աղջկա գունատ շրթունքներին:

Ալլահը վկա, Ասկյա՛ր, — դարձավ նա յուր ընկերներից մեկին, — հայերի աղջիկների նման սիրունը աշխարհիս երեսին չկա, միայն ափսո՛ս, շա՜տ ափսոս, որ սրանք մուսուլման չեն: — Ապա նա սկսեց վավաշոտ աչքերով նրան նայել, նրա գեղեցկությամբ զմայլվել... Անցան մի քանի րոպեներ, զարհուրանքի և տանջանքի րոպեներ, երբ հանկարծ դրսից լսվեցին սոսկալի աղաղակներ, վայնասունի ձայներ և սրերի հարվածներ... Երեքն էլ բաց թողին կույսերին և վեր թռչելով տեղերից՝ թրերը մերկացրին:

Այս իսկ միջոցին դուռը ճարճատյունով փշրվեց և այնտեղ երևացին Աշոտ Երկաթը և Դավիթը: Դավիթը նայեց աղջիկներին, նայեց մեծավորի ոտքերի տակ փռված ուշաթափ աղջկան և ճանաչեց յուր Աստղիկին: Սոսկալի ճիչ արձակեց և խելակորույս վրա ընկավ ու գրկեց նրան: Այդ միջոցին նրա գլխին շողաց արաբ մեծավորի կեռ թուրը, մի մազաչափ էլ և Դավթի գլուխը պիտի կես լիներ, երբ հասավ Աշոտ Երկաթը և տեղնուտեղը պառկեցրեց մեծավորին: Մյուս երկուսն էլ կատաղաբար վազեցին դեպի Աշոտ Երկաթը, բայց նրանք ևս արյունլվա գետին գլորվեցին, մինչդեռ դրսում՝ վանքի մեջ հայ կտրիճներն էին հունձ անում: Փոքր ժամանակ անց դադարեց կռիվը, թշնամիների մի մասը կոտորվել էր, իսկ մյուս մասը փախուստ էր տվել:

Աշոտ Երկաթը թողեց, որ Դավիթը նշանածից կարոտն առնի, իսկ ինքը մի կողմ քաշվեց, հրամայելով, որ բոլորը հանգստանան, որպեսզի կրկին ճանապարհ ընկնեն: Նա գիտեր, որ փախստականները կվերադառնան նոր ուժով, և այն ժամանակ ինքը ծուղակի մեջ կնկնի: Եվ չսխալվեց:

Դեռ Դավիթը կարոտը չէր առել Աստղիկից, դեռ նրա կտրիճները չէին հանգստացել և դեռ մութն ու խավարն իրարից նոր էին բաժանվում, արևելքում նոր էր մժժում արշալույսը, երբ արաբացոց մի ահագին խումբ շրջապատեց մեր կտրիճներին:

Է՜, ամեն մեկիս տասից ավելի կընկնի, — ասաց Աշոտ Երկաթը, երբ տեսավ նրանց բազմությունը:

Եվ ժամանակ չտալով, որ յուր վրա հարձակվեն, հրամայեց առաջին հարձակումը գործել և շփոթեցնել արաբներին: Աղջիկներին հանձնեց հինգ զինվորի, որ զգույշ պահեն և աշխատեն շուտով կռվատեղից հեռացնել: Եվ ապա նրանք ահագին դղրդյունով վազեցին արաբացոց վրա ու ճեղքելով նրանց շարքերը ճանապարհ բացին և սկսեցին խռնվելով ետ նահանջել: Արդեն բավական տեղ հեռացել էին, երբ Աշոտ Երկաթը նկատեց, որ զինվորներից մեկը ետ է մնացել և մի խումբ արաբներ պաշարել են նրան, այնինչ ինքը հարվածում է աջ ու ձախ կոտորում և ուզում է հարթել յուր ճանապարհը: Բայց թշնամիները շատ-շատ են, զինվորը հոգնում է, հազիվ է կարողանում սուրը շարժել: Աշոտ Երկաթը ուզում է թռչել, օգնության հասնել նրան, բայց տեսնում է, թե ինչպես տաս-քսան մարդ, ետևից գրոհ տալով, բռնում են զինվորին, խլում սուրը և ամուր չվաններով կապկպում: Աշոտ Երկաթը աչքերը դարձնում է յուր խմբին, պտրում է մեկին, բայց չի գտնում: Նրա աչքը հետապնդում է աղջիկներին, Աստղիկին, ապա խոր հոգոց է հանում և ետ քաշվում:

Դավիթը չկար կտրիճների մեջ: Նա էր, որ գերի բռնվեց արաբներից, և խոր կսկիծ թողեց Աշոտ Երկաթի սրտում:

Այժմ ի՞նչ պիտի աներ խեղճ Աստղիկը առանց Դավթի:

ԻԳ

Աշոտ Երկաթը յուր կտրիճներով, խույս տալով Յուսուֆի անթիվ բազմությունից, կեսօրվա դեմ կանգ առավ Շիրակի դաշտավայրում, մի բլրի ստորոտում, որտեղից երևում էր Արագած լեռան գագաթը, որ դեռևս ծածկված էր սպիտակ ձյունով:

Տղերքը սկսեցին ճաշի պատրաստություն տեսնել, այնինչ Աշոտ Երկաթը, թիկն տալով մի քարի, յուր պղտոր հայացքը զարկել էր դեպի Արագածի բարձունքները և լուռ մտորում էր: Ի՞նչ էր անցնում նրա մտքով, հայտնի չէր, միայն նա սաստիկ տխուր էր:

Նա նայում էր հեռուն, դեպի ձյունածածկ կատարը, դեպի Շիրակի ընդարձակ դաշտավայրը, ուր տիրում էր կատարյալ ամայություն, և նրա սիրտը հուզվում ու պղտորվում էր: Նա հիշում էր Շիրակի պտղավետությունը, նրա ցորենի փարթամ արտերը, այդ դաշտի շինականների ուրախ երգն ու պարը, նույն այդ դաշտը, որ երբեմն Շարայի որկորն էր հագեցնում, այժմ ներկայացնում էր մի սրտաճմլիկ ամայություն...

Արդյոք ի՞նչ պիտի լիներ սրա վերջը...

Կարծես մահաբեր հուրը մի ակնթարթում կոտորել էր բոլոր բնակիչներին և ավերել այն բերրի ու պտղատու դաշտերը, որոնք ժիր ձեռքերի տակ պտղաբերում ու աճում էին...

Ապա նա փակում էր աչքերը, որպեսզի չտեսնի յուր երկրի ամայությունը, չվրդովվի սիրտը, բայց հենց այդ ժամանակ նրա հոգին պաշարում էին ավելի զարհուրելի մտքեր, որոնք փշաքաղում էին մարմինը:

Նա հայոց թագավոր էր, դյուցազն էր, հայր յուր ժողովրդին. նրա պարտքն էր խնամել, փայփայել և դարման անել այդ ժողովրդի բազմաթիվ վերքերին... բայց ի՞նչ էր անում ինքը, կարողանու՞մ էր արդյոք խնամել, գեթ ազատ պահել բազմաթիվ տառապանքներից: Ի՞նչ պիտի աներ մի դյուցազն, որի ձեռքն ու ոտքը շղթայել էին, որի կյանքի դեմ դավադրություններ և որոգայթներ էին լարում նույնիսկ հայ նախարարները, և դրանով չբավականանալով՝ միանալով թշնամու հետ՝ իրենց սուրը յուր դեմ էին դարձնում:

Այո՛, — ասում էր ինքն իրեն Աշոտ Երկաթը, — վաղ թե ուշ ես կխորտակեմ հայ նախարարների եսամոլությունը, վաղ թե ուշ ես կհաստատեմ մի զորավոր իշխանություն, որից կակնածեն մեր թշնամիները և այլևս չեն համարձակվի մեզ անհանգստացնել, բայց ինձ հարկավոր է մի կարճատև հանգստություն, որպեսզի կարողանամ այդ բանը հաջողեցնել, ապա թե ոչ ներկայիս անհնար է այդ:

Մի հոգևորականություն ունենք, որի գլուխ է կանգնած Հովհաննես կաթողիկոսը, որի միջոցով կարելի էր ահագին փոփոխություններ անել, ուժեղացնել օրինական թագավորությունը, բայց այդ գլուխն էլ միայն ողբով է անցնում յուր օրերը և յուր կյանքի ապահովության համար զանազան կողմեր թափառում... Ի՞նչ անեմ ես միայնակ մի բուռ քաջերով: Ժողովուրդն է, հասարակ ժողովուրդն է, որ ուժ է կազմում. նրա մեջ է ազգի փրկությունը, բայց ներկայիս այդ ուժը այնքան տառապած է, այնքան խոցված, որ նախ պիտի դարմանել նրան և ապա միայն վստահ հենվել նրա վրա...

Վեր կացավ Աշոտ Երկաթը թիկն տված տեղից և շրջելով սկսեց ծրագրեր կազմել, թե ինչպե՞ս պիտի կարողանա յուր մտադրությունները ի կատար ածել և այդքան մանր իշխանություններից մի զորավոր մարմին կազմել:

Կերան, խմեցին, հանգստացան և փոքր ժամանակից հետո խումբը առաջ շարժվեց: Բայց Աշոտ Երկաթի մտքից դուրս չէր գալիս Դավիթը, նա մտածում էր մի հնարքով ազատել նրան անհավատների ձեռքից: Աշոտ Երկաթը ափսոսում էր այդ մարդուն, որ հավատարմությամբ և քաջությամբ առաջինն է յուր կտրիճների մեջ:

Ազատած աղջիկներին և Աստղիկին Հռիփսիմեի վանքում տեղավորելով, մի քանի օրից հետո նա կրկին պտտում էր Մասյաց ստորոտներում, ուր կորցրեց Դավթին և ամեն կերպ աշխատում էր նրա մասին տեղեկություններ հավաքել, բայց ոչ մի տեղից որոշակի ոչինչ չէր իմանում: Նա միայն լսում էր, որ գերիներից մի մասին անխնա կոտորում են, իսկ մյուսներին, որոնք քաջ և կորովի են, ուղարկում են Դվին՝ սպարապետի մոտ, ուր ամեն տանջանքներ են տալիս նրանց իրենց հավատից խախտելու համար: Աշոտ Երկաթը մի փոքրիկ գումարտակ ջարդելուց հետո, բռնեց նրանցից մի քանի զինվոր և սկսեց հարցուփորձ անել:

Ասա՛, անհավատ, դու տեղեկություն չունե՞ս Դավթի մասին, ու՞ր է նա, կենդանի է՞, թե մեռած՞:

Զինվորները լուռ էին, բայց խարազանի հարվածները նրանց խոսեցրին:

Մի՜ վախեք, խոսեցեք, ես կընծայեմ ձեզ ձեր թշվառ կյանքը...

Ո՞ր Դավիթը, այն որ գերվեց վանքի կռվի ժամանա՞կ:

Այո՜, հենց նա:

Նրան տարան Դվին, սպարապետի մոտ: Այնտեղ նրան մեր հավատի կբերեն: Այդպիսի քաշը ափսոս է, որ ձեր պիղծ հավատն ունենա:

Լռի՜ր, անհավատ, նա այն մարդը չէ, որ յուր հավատն ուրանա:

Տանջանքները նրան խելքի կբերեն:

Ի՞նչ է, չե՞ս ուզում լռել: Ինչպես երևում է, կյանքը քեզ ձանձրացրել է, իմացիր ուրեմն, որ մենք էլ ենք ձեզանից տանջելու ձևերը սովորել: Տղե՜րք, — դարձավ նա յուր զինվորներին, — սրանց գլխիվայր կախեցեք և մտրակների համը ցույց տվեք:

Զինվորները մերկացրին նրանց, ապա, գլխիվայր կախելով, պատրաստեցին ճիպոտները: Արաբ զինվորները դեռ լուռ էին և սարսափահար նայում էին Աշոտ Երկաթին, արյունը կամաց-կամաց լցվում էր նրանց աչքերը, որոնք սկսում էին դուրս թափվել և սոսկալի կերպարանք ստանալ: Ճիպոտների հարվածներն իջան նրանց մերկ մարմնին, և արյունը սկսեց առատությամբ բխել վերքերից: Ցավը սոսկալի էր: Մինչ այդ նրանք լուռ էին, իսկ այժմ սկսեցին բառաչել և գթություն խնդրել: Ճիպոտների հարվածները դեռ շարունակվում էին:

Գթությո՛ւն, խղճացե՛ք, — կանչում էին նրանք աղիողորմ ձայնով:

Դադարեցրե՜ք, — ասաց Աշոտ Երկաթը, երբ լսեց նրանց աղիողորմ բառաչյունը և տանջանքը, քաջի սիրտը չդիմացավ տեսնելով յուր թշնամյաց սոսկալի տանջանքը:

ԻԴ

Արշալույսը նոր էր ուզում բացվել, արևելքում արդեն նկատելի էր լույսի թույլ շողշողմունքը, րոպե առ րոպե պարզվում, պայծառանում էր հորիզոնը, բայց խավարը դեռ տիրապետում էր երկրին: Բագրևանգի ս. Գրիգոր վանքի շրջակայքում տիրում էր խորին խավար, տեղ-տեղ միայն, թփերի ու մացառների մեջ լսվում էին մի տեսակ թույլ ձայներ, արտույտները թափահարում էին թևերը և ապա նետի արագությամբ սլանում էին վեր և այնտեղ երգում իրենց տաղերը... Տխուր ու հուսահատ էին այդ տաղերը:

Հենց այդ միջոցին ս. Գրիգոր վանքի բեմի առաջ, ինչպես մարմնացած արձան, ծունկ էր չոքել ծերունի վանահայր Տեր-Մարտիրոսը և ձեռքերը դեպի երկինք պարզած աղոթում էրԱնշքացած եկեղեցու բեմի վրա դրված էր Քրիստոսի խաչելությունը, որի առաջ վառվում էր կանթեղը և թույլ լույսով լուսավորում խաչելությունն ու աղոթող ծերունուն:

Գերեզմանային լռությունը տիրում էր չորս կողմը:

Միայն երբեմն շարժվում էր ծերունի վանահոր ալեզարդ մորուքը, որի վրայով մերթընդմերթ գլորվում էին արտասուքի կաթիլները և թրջում քարե հատակը...

Ջերմ ու զգացված էր վանահոր աղոթքը, դա աղոթք չէր ձևի համար, ո՜չ. ծերունին մոռացած յուր գոյությունը, մոռացած աշխարհը, ուրախությունն ու տառապանքը, յուր ամբողջ էությամբ ամփոփվել էր այդ աղոթքի մեջ:

Հանկարծ նրա շրթունքները շարժվեցին, և մեռելային լռության մեջ լսվեց նրա ձայնը.

Օ՜հ, տե՜ր, — ասում էր նա, — տուր ինձ, իմ տկար բազուկներին ուժ և իմ հոգուն՝ արիություն, որ ես կարողանամ ի կատար ածել իմ մտադրությունները... Անմեղ ժողովուրդը տառապում է, հալածվում անօրեններից քո սուրբ անվան համար, տուր ինձ կորով, որ ես կարողանամ մտնել ժողովրդի մեջ, ոգևորել նրան՝ քո խաչը ձեռքիս, որ նա մի սիրտ, մի հոգի դարձած կռվի յուր հալածիչների դեմ... Տե՛ր, խնայիր քո ժողովրդին, խնայիր այդ տառապյալ ժողովրդին, միության և համերաշխության ոգի ներշնչիր նախարարներին, որ նրանք ձեռք մեկնեն օրինական թագավորին՝ Աշոտ Երկաթին և այդպիսով դուրս հալածեն թշնամիներին: Տե՜ր, խնայի՜ր մեզ... — Ապա նա նայում էր խաչելությանը, և հոգեկան բուռն ալիքները երևում էին նրա դեմքին:

Նրա աչքերը լցվում էին ոգևորությամբ, երակների մեջ կարծես վազում էր թարմ ու երիտասարդական արյուն, ծերության կնճիռները կարծես անհետանում էին նրա դեմքից: Մի տեսակ գերբնական զորություն կամաց-կամաց մտնում էր նրա երակների մեջ:

Այդ իսկ միջոցին լուսո աղոտ լուսավորությունը տարածվել էր վանքի մեջ: Վանահայրը վերջին անգամ յուր «Հայր մերը» մրմնջաց, վերջին անգամ համբուրեց խաչելությունը և վեր թռավ տեղից կարծես 2030 տարով ջահելացած:

Այդ միջոցին վանքի դուռը կամաց բացվեց և երևաց Տեր-Մարտիրոսի ծառան:

Հա՜յր սուրբ, ձիերը պատրաստ են, — ասաց նա:

Այս րոպեիս, որդի, — ասաց վանահայրը և դուրս եկավ վանքից: Մի փոքր անց վանահայրը և յուր ծառան, հեծնելով ձիերը, թողին վանքը: Երկար ժամանակ նրանք առաջ էին գնում, մինչև որ կեսօրվա դեմ կանգ առան մի գյուղում, որ մի փոքր հանգստանան և ապա կրկին ճանապարհը շարունակեն:

Գյուղի մեռելությունը Տեր-Մարտիրոսի վրա սաստիկ վատ տպավորություն թողեց: Այստեղ-այնտեղ, գետնափոր խրճիթներից երբեմն երևում էին գլուխներ, որ երկյուղով էին նայում ճանապարհորդներին:

Տեր-Մարտիրոսը կանգ առավ գյուղի մեջտեղը և իսկույն նրան շրջապատեցին գյուղացիները ու սկսեցին աջը համբուրել: Խեղճերը, նրա ալեզարդ մորուքից խաբվելով, կարծում էին, թե եպիսկոպոս է շնորհ բերել իրենց գյուղը, ու նրանցից ամեն մեկը, ձիու սանձը բռնելով, խնդրում էր նրան իրենց տուն գնալ հանգստանալու:

Ո՞ւր է գյուղի քահանան, — հարցրեց Տեր-Մարտիրոսը:

Հա՜յր սուրբ, գյուղի քահանային դեռ անցյալ տարի սպանեցին անօրենները, մենք այժմ քահանա չունենք:

Տեր-Մարտիրոսը ոչինչ չպատասխանեց, իջավ ձիուց և մտավ հանդիպակաց խրճիթը: Շինականները բոլորը տխուր և հուսահատ էին, խորին թախիծը պատել էր նրանց դեմքերը, նրանք և իրենց, երեխաները մերկ ու բոկոտն էին, մի քանի ցնցոտիներ միայն ծածկում էին նրանց մարմինը:

Ինչպե՞ս եք, զավակնե՜րս, — հարցրեց Տեր-Մարտիրոսը, թեև համոզված էր, որ տրտունջից ավելի ոչինչ չպիտի լսի:

Է՛հ, հա յր սուրբ, ինչպես տեսնում եք՝ սոված, քաղցած, մերկ և տանջված: Ամեն բան խլեցին մեզանից անօրենները, ամեն բան տարան, ամեն անգթություն գործեցին, մեր մեջ էլ չմնաց ուժ, զորություն տանելու այսչափ տառապանքները: Խոփը ժանգոտեց, դաշտերնիս մնաց առանց վարելու, առանց ցանելու. հացերնիս սկսում է պակասել: Մեր տերը դուք եք, եթե դուք օգնություն չանեք, մենք կորած ենք:

Մի՜ հուսահատվեք, զավակնե՜րս, հույսներդ դրեք աստծո վրա: Նա է գթածը և ողորմածը, կարճ ժամանակ կանցնի և ամեն տառապանքներ կվերջանան, հնազանդ եղեք միայն ձեր թագավորին, կաթողիկոսին, ահա ես գնում եմ ընկնելու Աշոտ Երկաթի և կաթողիկոսի ոտքերը, որ մի ճար անեն ազգի փրկության համար:

Օրհնյալ լինիք, հա՜յր սուրբ, որ կանգնած եք ժողովրդի համար և նրա մասին եք հոգում:

Այդ ժամանակ նրա համար բերեցին բոքոնի կտոր և մի քանի խաշած ձու:

Ներողություն կանեք, հա՜յր սուրբ, գյուղի մեջ սրանից ավելի բան չգտանք ձեզ պատվելու, — ասաց տան տերը, որ մի պատկառելի ծերունի էր:

Հայր սուրբը ժպտաց:

Ի՞նչ հարկավոր է ինձ համար շքեղ ճաշեր, քանի որ իմ ժողովուրդը տառապում է: Ժողովրդի թե՛ ցավը և թե՛ ուրախությունը մերն է, մենք ավելի` սոված պիտի մնանք, երբ տեսնում ենք, որ մեր ժողովուրդը սոված է:

Տեր-Մարտիրոսը վերջացրեց համեստ ճաշը, քաջալերեց, հույս տվեց շինականներին և ապա ճանապարհը շարունակեց:

ԻԵ

Դավթին Մասիս սարի ստորոտում ձերբակալելուց հետո շղթայեցին և ձգելով վանքի ախոռներից մեկը՝ պահապաններ կանգնեցրին: Անցավ մի ամբողջ օր, բայց Դավիթը դեռ մի պատառ հաց չէր դրել բերանը, թեև հոգեպես ամենևին ընկճված չէր. ի՞նչ փույթ, թե իրեն մաս-մաս կկտրատեն անօրենները, գոնե ազատեց Աստղիկին, վերջին անգամ տեսավ նրան: Յուր դրությունը մոռացած նա միայն Աստղիկի վրա էր մտածում, չնկատեց անգամ, թե ինչպես ախոռի դուռը բացվեց և մի զինվոր նրա առաջ դրեց խեցե ամանով կեղտոտ ջուր ու հացի փշրանքներ:

Արաբ զինվորը մի փոքր կանգ առավ և տեսնելով նրա մտախոհ դեմքը՝ ասաց.

Հը՛, անհավա՜տ շուն, ի՞նչ ես մտածում, ու՞ր գնաց քո քաջությունը, որ մահիցդ առաջ այդպես սարսափի մեջ ես ընկել:

Դավիթը ոչինչ չպատասխանեց, ապա տեսնելով հացի կտորտանքը և խեցիով ջուրը, ժպտաց:

Հ՛ը, ի՞նչ ես ժպտում, գոհ չե՞ս դրանով. ձեզ նման շներին սոված պետք է սպանել, ո՜չ թե հաց ու ջուր տալ:

Չե՞ս կորչի այստեղից, — ասաց Դավիթը, ցանկանալով վերջ դնել նրա վայրահաչությանը, և հրացայտ աչքերը ուղղեց զինվորի վրա:

Սպասի՜ր, շուտով քո կաշին էլ կքերթենք, ափսոս միայն, որ մեր իշխանը թույլ չի տալիս քո դատաստանը այստեղ անել, բայց վնաս չկա, Դվինում էլ չես ազատվի մահից, — ասաց զինվորը և դուրս գնաց:

Չանցավ մի քանի ժամ, և ահա նա զգաց, որ ինչ-որ մեկը աքացի է տալիս իրեն: Շփոթված վեր թռավ տեղից, սուրը միտն ընկավ և ձեռքը անգիտակցորեն դեպի գոտին տարավ, բայց սուրը չկար. շղթաներն էին միայն զնգզնգում: Խելքի եկավ նա, յուր գերությունը մտաբերեց և հաղաղած աչքերը շուրջը դարձրեց: Կանթեղի թույլ լուսավորության տակ նկատեց հինգ թե վեց զինվոր` սրերը և նիզակները ձեռքներին, որոնցից մի քանիսը իր վրա ընկնելով` սկսեցին իրեն չվաներով պինդ կապկապել. շղթաներից գոհ չէին, պարաններով էլ էին կապում: Դավիթը լուռ էր և չէր դիմադրում:

Կապկապելուց հետո նրան ձի նստեցրին և հիսուն ձիավորներով տարան: Մթության մեջ Դավիթը ճանապարհներին էր նայում... հասկացավ, որ իրեն տանում են Դվին, ուր նստած էր Յուսուֆը: Զգում էր նա, որ Դվին ընկնելուց հետո էլ փրկության հույս չկա, ուստի ուժ էր անում պարաններն ու շղթաները կտրատելու, բայց նրանք շատ էին ամուր: Ա՛խ, եթե ազատ լիներ և սուրբ ձեռքին, այն ժամանակ վա՜յ իրեն շրջապատողներին, հոգ չէր, թե դրանք հիսուն հոգի էին, իսկ ինքը՝ միայնակ:

Next page