Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Ի՞նչ կա, էլի՞ նոր բան:

Եվ ինչպիսի՜... Երեկ իրիկուն մեր պալատումն էին Ռշտունյաց և Անձևացյաց իշխանները, որոնց հետ հայրս երկար խորհուրդ էր անում, թե ինչպես անեն, որ Աշոտ Երկաթին Յուսուֆի ձեռքը գցեն և ապա սպանել տան...

Օ՜հ, անգո՜ւթ... Ի՜նչ սոսկալի ոճիր... Եվ դու, աղջի՛կս, բոլորը ճի՞շտ լսեցիր:

Այո, բոլորը լսեցի: Այսօր առավոտյան իշխանները արդեն ճանապարհ ընկան դեպի Դվին, որ ներկայանան Յուսուֆին և այնտեղից արաբաց գնդով բռնեն Աշոտ Երկաթին:

Տեր-Սահակը մի րոպե լռեց և ապա, դառնալով դեպի Հեղինեն, ասաց.

Ապրե՛ս, աղջի՜կս, որ ընդհանրության շահերը վեր դասելով ծնողական շահերից՝ այդ մասին հայտնում ես ինձ:

Ուշ չէ, կարելի է դրա առաջն առնել: Ես ինքս հենց այսօր ևեթ ճանապարհ կընկնեմ դեպի Արշարունիք, կգտնեմ Մարտիրոս հորը և ամեն ինչ կհայտնեմ. իսկ Մարտիրոս հայրը գիտե թե ինչ կանի:

Ա՛խ, այո՜, Հայաստանի այդ Ղևոնդը... Շտապի՜ր ուրեմն...

Փոքր ժամանակից հետո Տեր-Սահակը ձի հեծած արշավում էր, առանց նայելու ճանապարհի ձյունին ու ցրտին: Շատ նեղություններ կրեց, շատ հարցուփորձ արավ և վերջը գտավ ծերունի վանահայր Մարտիրոսին ու մանրամասն պատմեց գործի հանգամանքը: Երբ Տեր-Սահակը վերջացրեց յուր պատմությունը, Մարտիրոս վանահայրը ոչինչ չպատասխանեց: Լուռ սկսեց անցուդարձ անել և համրիչը ձգելով ինքն իրեն մտմտալ:

Տխուր էր Մարտիրոս վանահոր դեմքը, շա՛տ տխուր, և ինչպես երևում էր՝ ծանր մտածողությունը այդ պահին խիստ հալումաշ էր անում նրան: Հանկարծ նա կանգ առավ, շեշտակի նայեց Տեր-Սահակին և կանչեց.

Լսիր, Տե՛ր-Սահակ:

Ի՞նչ է, հա՜յր սուրբ, ես պատրաստ եմ քո ամեն մի հրամանը կատարելու, — պատասխանեց Տեր-Սահակը և խոնարհ գլուխ տվեց Մարտիրոս հորը:

Այս վայրկյանիս ես վճռեցի մի հանդուգն քայլ անել, եթե իմ գործողությունը կարելի է այդպես անվանել:

Ինչպե՞ս, հա՜յր սուրբ:

Ես վճռեցի անձամբ տեսնվել Վասպուրականի արքայի հետ և նրա առաջ դնելով յուր զազիր գործերի ընթացքը, խնդրել, աղերսել ետ կենալու այդ ընթացքից:

Տեր-Սահակը բերանը բաց, ապուշ կտրած նայում էր Մարտիրոսին, որը և ոչինչ չէր պատասխանում:

Ի՞նչ, դու լռո՞ւմ ես, ոչինչ չե՞ս պատասխանում: Գիտեմ ինչն է քեզ վախեցնում: Մի՜ վախենար, իմ կյանքին նրա կողմից ոչ մի վտանգ չի կարող սպառնալ, և ես կկատարեմ իմ մտադրությունը: Օ՛, եթե նա չի կատարի իմ աղերսը, ետ չի կանգնի յուր զազիր ընթացքից, այն ժամանակ վա՜յ նրան...

Քո կամքն է, հա՜յր սուրբ, բայց այդ կամակոր մարդուց ոչինչ դուրս չի գա,— պատասխանեց Տեր-Սահակը:

Այդ կտեսնենք, — ասաց Մարտիրոս հայրը և հրամայեց պատրաստություն տեսնել ճանապարհ ընկնելու դեպի Վասպուրական:

ԼԱ

Բզնունյաց ծովը հուրհրատին էր տալիս վերջալույսին. արևի վերջին ճառագայթները խաղում էին վճիտ ալիքների հետ:

Ծովը հանդարտ ծփում էր, նրա ալիքները վազում էին առաջ ու մարդու սրտի մեջ ցանում մի տեսակ վշտի ու թախծի սերմեր: Այդ ժամանակ էր, որ Հեղինեն` Գագիկ արքայի դուստրը, նուրբ շղարշը գցած ուսին, դուրս եկավ դստիկոն և նայեց դեպի ծովը, դեպի հեռվում կապույտին տվող լեռները:

Այդ պահին նրա սիրուն դեմքը մռայլ էր, և ծովի հրաշալի պատկերն ու Վասպուրականի աննման բնությունը չկարողացան նրա սրտի մռայլը ցրել ու հոգին խաղաղեցնել:

Մի փոքր կանգ առավ, նայեց ջրերի ալիքներին ու ինքն իրեն մտմտաց.

Ա՛խ իմ թրթռուն հոգին էլ ծովի ալիքների նման վազում է առաջ, միշտ առաջ, դեպի անհայտ մթությունը ու սիրտս ցավեցնելու չափ կսկիծ առաջացնում և արցունքի կաթիլներ քամում աչքերիցս... Օ՛հ, ինչքան ճմլվում է սիրտս, հոգիս մռայլվում, երբ միտքս է գալիս այն չար, ոխակալ ոգին, որպիսին տիրապետում է աշխարհիս վրա: Ա՛խ, եթե մեր մեջ տիրապետեր այն սերը, այն խաղաղությունը, որ ավանդեց մեզ Հիսուսը, այն ժամանակ չէին լինի մեր մեջ այն եղբայրասպան կռիվները, որպիսին կատարում է հայրս...

Հեղինեի մտքի թելը կտրվեց, նա նայեց դեպի դստիկոն տանող ճանապարհը, ուր դանդաղ քայլերով բարձրանում էր մի ծերունի վանական:

Տե՜ր աստված, ո՞վ է այս վանականը, որ գալիս է դեպի իմ կողմը, — ասաց Հեղինեն հետաքրքրությամբ և մի քայլ առաջ գնալով, մեխվածի նման կանգ առավ:

Վանականը, որ փոշու մեջ էր թաղված և ինչպես երևում էր ճանապարհորդությունից նոր էր վերադառնում, մոտեցավ Հեղինեին, բարև տվեց նրան, նստեց քարե նստարանի վրա ու հենվելով երկար ձեռնափայտին, ասաց.

Օրհնյալ լինիս, աղջի՜կս, ես վաղուց փափագում էի քեզ տեսնել և աստված արժանացրեց ինձ:

Աստված օգնական, հա՜յր սուրբ, բայց ասա` ո՞վ ես և ի՞նչ գործի համար ես շնորհ բերել ինձ մոտ:

Վանականը ժպտաց մի այնպիսի ժպիտով, որ Հեղինեի մարմնով մի տեսակ անուշ բերկրանք անցավ:

Ես Մարտիրոս վանահայրն եմ, աղջի՜կս...

Մարտիրոս վանահա՛յրը... Ա՛խ, հա՜յր սուրբ, օրհնի՜ր ինձ, քաջալերիր ու իմ լքված հոգին արիացրու, — ասաց Հեղինեն ու ծունկ չոքելով վանահոր առաջ՝ համբուրեց նրա աջը:

Վե՛ր կաց, աղջի՜կս, թող աստված օրհնի քեզ: Կարևոր և ստիպողական գործերը ինձ Վասպուրական բերին, բայց չգիտեմ հաջողությա՞մբ կպսակվի, թե ոչ:

Անշուշտ գործը վերաբերում է հորս:

Այո՜, բայց նախքան նրա հետ խոսելս, ես կցանկանայի քեզ հետ զրույց անել Բզնունյաց ծովի այս հրաշագեղ ափին:

Օ՛, ես պատրաստ եմ քեզ լսելու և քո մի հրամանով ծովը նետվելու: Ես գիտեմ, հա՛յր սուրբ, որ դու քո կյանքը նվիրել ես հայրենիքի բարօրությանն ու բարգավաճմանը, ուստի և ես, իբրև մի անփորձ օրիորդ, կարոտ եմ քո խրատներին ու խրախուսանքին:

Գիտեմ, իշխանուհի՜ս, որ դու Հայաստանի համար մի լուսատու աստղ ես, սակայն հորդ բռնած ընթացքը ինձ խոր կսկիծ է պատճառում և աչքերիցս արցունքներ քամում:

Ա՛խ, հայր սուրբ, այդ ցավոտ վերքը կսկծեցնում է և իմ հոգին, բայց ես ոչ մի հնար չեմ գտնում այն բուժելու: Հայրս, ընդարձակ Վասպուրականով չբավականանալով, ավելի հեռուն է ձգտում: Նա ուզում է տեր դառնալ և բովանդակ Հայաստանին, և այդպիսով հագուրդ տալ յուր փառասիրությանը:

Բայց որքա՛ն զոհեր, սրածություն, ավեր կառաջանա դրանից: Մի՞թե մի ելք, մի դարման չկա ետ կանգնեցնելու հորդ այդ քայլից:

Ես ոչ մի միջոց չգիտեմ, հա՜յր սուրբ, և չեմ էլ կարծում, որ նա ետ կանգնի յուր նպատակից:

Դու հուսահատեցնում ես ինձ, Հեղինե՜: Իմացիր, որ ես, գիշեր-ցերեկ քայլելով, հոգնած ու տանջված, հասել եմ այստեղ, որպեսզի խոսեմ հորդ՝ Վասպուրականի արքայի հետ, որպեսզի նա բավական համարի Աշոտ Երկաթի դեմ թշնամական ցույցեր անելը և ձեռք-ձեռքի տալով նրա հետ ժողովրդի բարօրության համար մտածի: Մինչդեռ դու քո խոսքերով ինձ բոլորովին զինաթափ ես անում:

Դժբախտաբար, ես ճշմարտությունն եմ ասում. բայց խոսիր ինքդ, գուցե հաջողվի քեզ կոտրել նրա համառությունը:

Այո՜, ես կխոսեմ, կաղաչեմ նրան հանուն մեր տանջված և հյուծված ժողովրդի, հանուն մեր տառապած հայրենիքի: Օ՛, եթե նա մերժեց, ես...

Բայց ահա նա ինքն է գալիս դեպի մեր կողմը, — ընդհատեց Հեղինեն Մարտիրոս վանահոր խոսքերը և ցույց տվեց Վասպուրականի արքային, որը, Աշոտ սպարապետի հետ խոսակցելով, դեպի դստիկոնն էր գալիս:

Մարտիրոս հայրը ոտքի կանգնեց ու երբ մոտեցան նրանք՝ խոր գլուխ տվեց և ասաց.

Ողջո՛ւյն Վասպուրականի արքային և հայոց սպարապետ Աշոտ իշխանին:

Գագիկ Արծրունին և Աշոտ սպարապետը սուր, թափանցող հայացք գցեցին Մարտիրոս հոր վրա, և մի տեսակ մռայլ ամպ անցավ նրանց դեմքերի վրայով:

Այդ տարօրինակ հանդիպումը, ինչպես երևում էր, խիստ տհաճ պավորություն գործեց երկուսի վրա էլ, որոնք ամենևին չէին սպասում նրան տեսնել իրենց մոտ:

Բարի ես եկել, հա՜յր սուրբ, նստիր, պատմիր, թե ի՞նչն է քեզ ինձ մոտ բերելասաց Գագիկ արքան և ապա, դառնալով դեպի Հեղինեն, ավելացրեց.-աղջի՜կս, ցուրտը հետզհետե սաստկանում է և օդը խոնավանում. դու կարող ես մրսել: Ներս գնա, իսկ մեզ թող այս վանականի հետ մի փոքր խոսելու:

Ո՛չ, հայրի՜կ, ինձ համար այստեղ անուշ է, դուրեկան: Ես զվարճանում էի ծովի ալիքներով, երբ Մարտիրոս հայրը ներս եկավ: Նա քեզ հետ ուզում է խոսել և ես հույս ունեմ նրան չես վշտացնի և կկատարես խնդիրքը, — պատասխանեց Հեղինեն:

Գագիկը հոնքերը կիտեց: Ինչպես երևում էր, աղջկա խոսքերը նրան դուր չեկան, ուստի դառնալով աղջկան, ասաց.

Լա՛վ: Թո՜ղ մեզ միայնակ: Ես պատրաստ եմ լսելու նրան:

Հեղինեն գլխիկոր հեռացավ, մինչդեռ Մարտիրոս վանահայրը դիմելով Գագիկին, ասաց.

Այո՜, տեր արքա, կարևոր և անհետաձգելի գործերը ինձ ստիպեցին քեզ այցելության գալ, և ես ուրախ եմ, որ քեզ հետ միասին տեսնում եմ և Աշոտ սպարապետին: Գործը երկուսիդ էլ է վերաբերում, որովհետև դուք, երկուսդ էլ, ձեռքձեռքի տված մի ուղիով եք ընթանում...

Այո՜, մի ուղիով, որովհետև այդ է խելացին և օգտակարը, բայց ի՞նչ ես ուզում դրանով ասել, հա՜յր սուրբ, — ընդհատեց Աշոտ սպարապետը:

Նստիր և պատմիր գալուդ պատճառը, Մարտիրո՜ս հայր, — ավելացրեց Գագիկ Արծրունին:

Հույս ունեմ, որ վեհափառը կամ Աշոտ Երկաթը, որոնց կողմից անշուշտ եկել ես դու, գործը ծայրահեղ աստիճանի չեն հասցնի:

Օ՛, միամիտ մնա, Վասպուրականի քա՜ջ արքա: Ինձ ոչ Հովհաննես կաթողիկոսն է քեզ մոտ ուղարկել և ոչ մեր թագավոր Աշոտ Երկաթը:

Ուրեմն Յուսուֆ ամիրա՞ն, — հեգնանքով ասաց Գագիկը:

Հեգնանք պետք չէ, տե՜ր արքա, Յուսուֆի հետ հարաբերություն կունենան միայն ազգուրաց մատնիչները և վատ ու զազիր մարդիկ, որոնք իրենց սին փառքի համար ամենավատ գործի են ընդունակ: Բայց լսիր ինձ, — կանչեց Մարտիրոս հայրը վրդովված, — ինձ այստեղ ուղարկողը ո՜չ վեհափառն է, ո՜չ թագավորը և ո՜չ էլ ամիրան: Դա տրորված և տանջված հայ ժողովուրդն է, որի հեծեծանքի և հառաչանքի աղեկտուր ձայնը ինձ քեզ մոտ է ուղարկել քո դուռը բախելու համար:

Աշոտ սպարապետը, լսելով Մարտիրոս հոր խոսքերը, մի հեգնական քրքիջ արձակեց ու ասաց.

Ժողովո՞ւրդը... Այդ ի՞նչ նոր բան ասացիր: Այդպիսի բան ես չէի սպասում քեզանից, Մարտիրո՜ս հայր:

Այո՜, ժողովուրդը, հայ ժողովուրդը, որին տրորում, տանջում, ջարդում են իշխանները և նրանց ոսկորների վրա կանգնում իրենց փառքը, — բուռն կերպով պատասխանեց Մարտիրոս հայրը: — Այդ ժողովրդի աղեխարշ ձայնը երկինք է հասնում, իսկ դուք՝ հայ իշխաննե՜ր, ձեր անձնական կրքերը առաջ տանելու համար ներքին երկպառակություն եք հարուցում, եղբայրասպան կռիվներ սարքում և ձեր օրինական թագավորի դեմ որոգայթներ լարում... Բայց մինչև ե՞րբ, ասացեք, հա՜յ իշխաններ...

Պարզ խոսիր, հա՜յր սուրբ, և ազատ պահիր մեզ քո քարոզներից, — ընդհատեց Գագիկը զայրացած: — Մենք ժամանակ չունենք այստեղ քո քարոզները լսելու: Դրանք դու կարող ես քո վանքում ասել և այնտեղ միայն աղոթել քո ժողովրդի համար, — ավելացրեց Գագիկը:

Ես աղոթել եմ և կաղոթեմ իմ ժողովրդի համար, որին դու այստեղ արհամարհում և հեգնում ես, տե՜ր արքա: Բայց լավ իմացիր, որ ձեր ուժը, ձեր փառքը այդ ժողովրդի վրա է հիմնված: Չլինի այդ ժողովուրդը՝ ձեր փառքն էլ կանցնի, կանհետանա ինչպես մի երազ: Այդ ժողովուրդը, որին դուք ոտնատակ եք տալիս, այսօր քնած է ու թմրած, բայց վաղը կզարթնի, կշարժվի, և այն ժամանակ վա՛յ իշխաններին, վա՛յ հզորին... Օ՛, վա՛յ է, երբ թմրած գազանն է զարթնում, ուշքի գալիս և ոսոխին առաջը տեսնում:

Ես չեմ վախենում քո այդ թմրած գազանից: Ես կտրորեմ նրան իմ ոտքերի տակ, ինչպես մի թույլ, անզոր մրջյուն: Բայց դու քո ասելիքն ասա, խոսիր, պատմիր, թե ին՞չ է ուզում ինձնից ատելի Աշոտ Երկաթը, այդ քո ասած ժողովրդի սիրելին,— դառն կերպով ասաց Գագիկը:

Այո՜, Աշոտ Երկաթը մեր օրինավոր թագավորն է և ժողովրդի սիրելին, ճիշտ նկատեցիր: Ժողովուրդը, որին դուք արհամարհում եք, սիրում է նրան ու հարգում և պատրաստ է յուր կյանքը դնելու թագավորի համար: Եվ ահա ես, որպես ժողովրդի իղձերի թարգման, Վասպուրականի տե՜ր և դո՜ւ` Աշոտ սպարապետ հայոց, ծունկ չոքած ձեր առաջ խնդրում, աղաչում եմ, վերջ դնել եղբայրասպան կոտորածներին, ձեռք մեկնել մեր սիրեցյալ Աշոտ Երկաթին և հալածել արաբներին: Ահա այդ է իմ այցելության բուն պատճառը, ահա այդ է խնդրում ձեզանից տանջված և հուսաբեկ հայ ժողովուրդը:

Դու խենթ ես, հա՛յր սուրբ: Մի՞թե դու կարծում ես, թե Գագիկ արքան կմոռանա Աշոտ Երկաթի իրեն հասցրած վիրավորանքը: Օ՜, ո՜չ: Գիշերները ես բաց աչքով եմ լուսացնում, բարկությանս հուրը քրքրում է սիրտս և ինձ դեպի վրեժ, դեպի հուր ու մոխիր մղում: Գնա, հայտնիր քո թագավորին, որ ես երբեք հաշտության ձեռք չեմ մեկնի, մինչև որ նա չտապալվի իմ սրից և նրա արյունաթաթախ դիակը չթավալվի ոտքերիս տակ... Գնա, հայտնիր նույնպես քո սիրեցյալ ժողովրդին, որ ես նրան էլ եմ ատում ու արհամարհում, որը, ինչպես մի թույլ մրջյուն, կարող է միայն ոտքերիս տակ սողալ և գթություն հայցել ինձնից...

Բայց նա կզարթնի, տե՜ր արքա, և այն ժամանակ վա՛յ ձեզ, — կանչեց Մարտիրոս հայրը սպառնագին:

Կզարթնի, բայց ոտքերի տակ գլորվելուց դենը չի անցնի: Ի՞նչ պիտի անի մրջյունը առյուծին: Այդ առակները քեզ համար պահիր, Մարտիրո՜ս հա՜յր, և ժողովրդով մեզ մի՜ վախեցնի,— ավելացրեց Աշոտ սպարապետը:

Կույր նախանձը և փառամոլությունը կուրացնում է ձեզ, իշխաննե՜ր, և դուք ձեր հարազատ թագավորի դեմ զենք եք բարձրացնում: Պիղատոսի նման ես ձեռքերս լվանում եմ և ասում՝ արյուն ձեր ի գլուխ ձեր եղիցի... — ասաց Մարտիրոս հայրը և վեր կացավ տեղից:

Բավական է, հա՜յր սուրբ, — ասաց Գագիկը կատաղած: — Գնա դու քո աղոթքները քո վանքում մրմնջա և մեր գործերին մի՜ խառնվի: Շուտով Աշոտ Երկաթը բախտ կունենա մեր ուժերի հետ չափվելու:

Այո՜, կերթամ, կերթամ իմ աղոթքները մրմնջալու իմ սիրելի ժողովրդի համար և նրա հոգու մեջ ցանելու գիտակցության և ինքնաճանաչության սերմերը: Կերթամ կասեմ նրան, որ ժամանակն է զարթնելու, խմբվելու մեր օրինական թագավորի շուրջը և, նրան թև ու թիկունք դառնալով, դուրս վանելու ազգուրաց իշխաններին...

Լռի՜ր, բավական է ինչ խոսեցիր, թե չէ երկինքը վկա, որ քո դիակը դուրս շպրտել կտամ այստեղից, — ասաց Աշոտ սպարապետը և ձեռքը դեպի սուրը տարավ: Այդ նկատեց Մարտիրոս հայրը:

Պահիր սուրդ, իշխա՜ն, ես մահից չեմ վախենում, բայց մինչ այդ ես կխոսեմ և իմ հուժկու ձայնը կհնչեցնեմ իմ ժողովրդի մեջ և կասեմ նրան` զարթնի՜ր, հայ ժողովուրդ, որովհետև զարթնելու ժամ է արդեն, — ասաց Մարտիրոս հայրը, ձեռնափայտը ամուր զարկեց գետնին ու շտապ քայլերով դուրս եկավ անհյուրընկալ պալատից...

ԼԲ

Արաբաց գնդերի գլուխ անցած երկու հայ իշխանները Դվինից արշավում են դեպի Այրարատյան երկիրը` նրան հուր ու մոխիր դարձնելու: Ռշտունյաց և Անձրևացյաց իշխանները արդեն կատարել էին Գագիկ Արծրունուն տված խոսքը, թեև շատ ծանր գնով: Յուսուֆը չհավատալով նրանց խոսքին, պահանջեց, որ հավատներն ուրանան, միայն այդ դեպքում նրանց խնդիրը կկատարե՝ տալով օգնական գունդ թե Գագիկ Արծրունու դեմ, որից նրանք իբր թե հալածված էին, և թե Աշոտ Երկաթի դեմ, որին շատ ուրախ կլիներ բռնելու: Իշխանները ուրացան իրենց եկեղեցին, մոռացան Լուսավորչի հավատը և երդվեցին, որ նրանք հաստատ կմնան Մուհամմեդի կրոնին և ամեն ճիգ կթափեն հայրենակիցներին էլ նույն ճշմարիտ կրոնը ընդունել տալու:

Լավ խաղ ենք խաղում, իշխա՜ն, — ասաց Ռշտունյաց իշխանը` դառնալով ընկերոջը,— տեսնենք ինչո՞վ է վերջանալու:

Ես կարծում եմ, որ ինչով էլ վերջանա, մենք հաղթող պիտի դուրս գանք: Կընկնի Գագիկը` մենք Յուսուֆին կհարենք, կընկնի Յուսուֆը` Գագիկից պաշտպանություն կգտնենք: Մեր ի՞նչ հոգն է, թե երկուսը իրար միս կուտեն, մերն այն է, որ մենք հանգիստ լինենք:

Այդ ճշմարիտ է, իշխան, բայց այն էլ պետք է ի նկատի ունենալ, որ մեր առաջ Աշոտ Երկաթ կա, որը կարող է մեզ արժանավոր պատիժ տալ:

Է՛հ, ես ամենևին չեմ մտածում Աշոտ Երկաթի վրա, քանի որ վաղ թե ուշ նա մեր ձեռքը կընկնի:

Այնուհետև երկուսն էլ լռությամբ առաջ էին քայլում, երբ նրանց առաջ մի գյուղ երևաց:

Օրը արդեն մթնելու վրա էր, և ցուրտը հետզհետե սաստկանում էր. ուստի երկու հայ իշխանները վճռեցին այդ գիշեր գյուղում անցկացնել: Երբ նրանք մտան գյուղ, այնտեղ Մարտիրոս հոր կազմած հիսուն մարդուց բաղկացած մի խումբ կար միայն:

Ռշտունյաց և Անձևացյաց իշխանները ցած թռան ձիերից և դիմեցին գյուղի մեծավորի տունը, իսկ խումբը, ցրվելով գյուղի զանազան խրճիթները, ամենապատվաբեր տեղերում հանգիստ նստեցին և տան տերերից ընթրիք պահանջեցին:

Գյուղացիները լուռ կատարում էին նրանց հրամանները և աղոթում աստծուն, որ շուտ հեռացնի իրենցից այդ փոթորիկը:

Արաբները կերան, կշտացան, բայց հայկական լիառատ հյուրասիրությունից գոհ չմնացին, ավելին պահանջեցին:

Բավական չէին գիշերվա տաք ու կակուղ անկողինները, աներես շների նման գյուղացոց հարսներին ու կույսերին էլ պահանջեցին:

Գյուղացիք խնդրեցին, որ չանեն այդ անամոթությունը: Բայց նրանք իրենց սրերը ցույց տվին, հայտնելով, որ եթե չկատարեն իրենց հրամանը, այդ սրերով կկտրատեն նրանց գլուխները:

Ճար չկար. արտասվաթոր ընկան հայ իշխանների ոտքը և խնդրեցին, որ գոհ մնան իրենց հյուրասիրությունից և չպղծեն իրենց ընտանիքները:

Երկու հայ իշխանները ուսերը թափահարեցին և կոպտաբար պատասխանեցին.

Հա՛, ի՞նչ կպակասի որ, ինչո՞ւ չեք կատարում նրանց հրամանը:

Գյուղացոց կատաղությանը չափ չկար:

Լա՛վ, — ասացին նրանք, — մենք կկատարենք ձեր հրամանը, միայն ոչ ինքնակամ, այլ զենքը ձեռքներիս:

Ասացին ու առյուծների նման հարձակվեցին արաբների վրա: Բայց ինչ կարող էին անել Մարտիրոս վանահոր պատրաստած հիսուն մարդը հինգ հարյուրից ավելի մարդու դեմ: Ոչի՜նչ: Նրանք բոլորը կոտորվեցին, սրի անցկացան նաև մանուկներն ու ծերերը: Իսկ արաբները առավոտյան դեմ, իրենց բարբարոս կրքերին հագուրդ տալուց հետո, ամբողջ գյուղը կրակ տվին ու հեռացան:

Փոքր-ինչ առաջ անցնելով, հայ իշխանները ետ նայեցին և տեսան թանձր ծուխ, որ բարձրանում էր գյուղից, բայց նրանց դեմքին խղճի և ո՜չ մի նշույլ չերևաց. նրանք սառն էին, ինչպես շրջապատող ձյունը:

Մի փոքր էլ առաջ անցան, և ահա նրանց առաջ, ճանապարհից մի քանի քայլ այն կողմ, մի սառույցով պատած այրի մեջ մի կին տեսան, որ պինդ գրկել էր յուր մանկանը և ապուշ կտրած նայում էր իրենց: Անձևացյաց իշխանը ձին առաջ քշեց և մոտենալով կնոջը` գոռաց.

Ո՞վ ես դու:

Կինը ոչինչ չպատասխանեց, այլ ապուշ կտրած նայում էր նրան: Նայում էր և փոքրիկ մանուկը յուր սիրուն, բայց արհավիրքով լցված աչքերով:

Չե՞ս լսում, — գոռաց իշխանը և մտրակով բոթեց: Կինն անխոս ցած գլորվեց, գլորելով յուր հետ նաև մանկանը: Իշխանը հեռացավ, հասկանալով, որ կինն ու մանուկը սառած էին և ոչ մի կենդանության նշույլ չկար նրանց մեջ. այնինչ ինքը, կենդանի կարծելով, խոսում էր նրանց հետ:

Խեղճ կինը գիշերը փախուստ էր տվել գյուղից և ապաստանելով սառցե այդ այգում, յուր մանկան հետ սառել, փետացել էր...

Բայց նրանք չհետաքրքրվեցին անգամ նրա վիճակով, այլ կրկին առաջ անցան: Իրենց ի՞նչ փույթ, թե ետևից թողնում են ավերածություն և մահ, բավական էր, որ գոհ էին իրենց վիճակից: Մի քանի օր այդպես շարունակեցին իրենց ճանապարհը և մի տեղ լուր ստացան, որ Աշոտ Երկաթը հեռու չէ և շրջում է շատ փոքրաթիվ մարդկանցով:

Երկու իշխանների սրտերը թունդ առան, նրանք իրենց գունդը ստվարացրին արաբական գնդերի հաշվին և մոտ հազար հոգով արշավեցին Աշոտ Երկաթի վրա, որն ընդամենը երեք հարյուր մարդ ուներ ձեռքի տակ: Ռշտունյաց և Անձևացյաց իշխանները վստահ էին, որ մի քանի օրից հետո Աշոտ Երկաթը կամ սպանված կլինի և կամ շղթայակապ Յուսուֆի մոտ Դվին կլինի տարվելիս...

ԼԳ

Երեկո էր: Աշոտ Երկաթը յուր խմբով դանդաղաքայլ առաջ էր գնում Բասյան գավառի մի նեղ կիրճով: Երկինքը պատած էր գորշ ամպերով, թափվում էր ձյունը և սպիտակ սավանով ծածկում երկիրը... Տխուր էր Աշոտ Երկաթի սիրտը: Ո՜չ մի բերկրանք, ո՜չ մի հուսո նշույլ չէր ուրախացնում նրա հոգին: Սև-սև մտքերը պաշարել էին նրան, որոնք կրծում էին սիրտը և ձգում նրան մի տեսակ տենդային դրության մեջ, որ ո՜չ հուսահատություն էր նշանակում և ո՜չ հոգու խաղաղ տրամադրություն... Ի՞նչ էր յուր կյանքը և ի՞նչ էր յուր ժողովրդի դրությունը:

Ժողովուրդը տառապում էր սովի, նեղության, սրի և երկպառակությանց տակ, իսկ ինքը մի բուռ քաջերով ստիպված էր աստանդական կյանք վարել, զգալ ժողովրդի ցավն ու դարդը, տեսնել նրա վիշտն ու տառապանքը և ոչնչով չկարողանալ օգնել նրան, ահա թե ինչն էր ցավեցնում նրա սիրտը, ինչն էր վրդովում քաջի հոգին: Ոչ մի կողմից փրկության հույս չէր տեսնում նա, քանի որ նախարարների մեծամասնությունը կամ կղզիացած էր իրենից և կամ թշնամացած. իսկ ինքը փոքրաթիվ համերաշխ նախարարներով և փոքրիկ խմբով ի՞նչ պիտի աներ Յուսուֆի ահեղ զորության դեմ, որն օրավուր ոտնատակ էր տալիս Հայաստանը և հայ դավաճան իշխաններով շրջապատված` աշխատում էր յուր կյանքի դեմ էլ որոգայթներ լարել: Ծանր էր քաջի դրությունը, բայց նա չէր հուսահատվում, հավատում էր նախախնամությանը, որ չի թողնի իրեն և ժողովրդին անօգնական:

Ու գնում էր Աշոտ Երկաթը գլուխը կախ և խորին մտածմունքի մեջ ընկղմված. նրան լուռ հետևում էին երեք հարյուր քաջ տղամարդիկ, որոնք Աշոտ Երկաթի մի ակնարկին էին սպասում, որ իրենց դեպի կրակը նետեն:

Ձյունը տեղում էր շարունակ: Մութն ընկնում էր արդեն, բայց ձիավորները դեռ աշխուժով առաջ էին գնում, երբ նրանց առաջ բացվեց մի խոր կիրճ, որի երեք կողմից էլ բարձրանում էին սեպացած բարձրաբերձ ժայռեր, որոնք զարդարված էին ձյունի և սառցի կեղևներով պատած ծառերի ոստերով, որոնց ճյուղերից կախված էին հաստ սառցե շիթեր:

Ահարկու կիրճ էր դա, որի մի կողմից հոսում էր լեռնային մի վտակ, որ սառցե կեղևի տակ տխուր ղողանջում էր ու գլորվում ցած. իսկ մյուս կողմից` սեպացած ժայռի վրայից թռչում էր մի ուրիշ վտակ և ետևից թողնելով սառցե ահագին շիթը` ուժգնությամբ ցած էր գլորվում և ձորում գրկախառնվելով վտակի հետ` հոսում էր ցած... Աշոտ Երկաթը գլուխը բարձրացրեց և նայեց բնության այդ խաղին, որ վատ տպավորություն թողեց յուր վրա: Մի տեսակ անհասկանալի թախիծ պատեց և սիրտը, տհաճությամբ նա կրկին իջեցրեց գլուխը և մտրակեց ձիուն: Ձին մի թռիչք արավ և մեխվածի նման կանգ առավ, կարծես աներևույթ մի ձեռք հանկարծ սանձահարեց նրան: Աշոտ Երկաթը զարմացավ և շփոթված աջ ու ձախ նայեց, բայց կասկածավոր ոչինչ չնկատեց, որը կարողանար վախեցնել յուր ուշիմ ձիուն և ստիպել նրան այսպես հանկարծակի կանգ առնելու:

Նա նորից մտրակեց: Ձին մի թռիչք էլ արավ, և այնուհետև որքան մտրակեց՝ տեղից չշարժվեց: Խմբի մարդիկ շրջապատեցին Աշոտ Երկաթին և զարմանքով նայեցին ձիուն, թե ինչո՞ւ նա առաջ չի գնում:

Է՛ ինչպես երևում է՝ ձիս հոգնել է կամ մի բանից վախեցավ: Հոգնելը սրանից չեմ սպասում, որովհետև շատ երկար ժամանակ չէ, ինչ որ ճանապարհին ենք, բայց թե ի՞նչից վախեցավ, այդ է ինձ զարմացնում: Տղա՜յք, դուք ոչինչ կասկածավոր բան չտեսա՞ք ճանապարհին, — դարձավ Աշոտը դեպի խումբը:

Ո՜չ, — պատասխանեցին մի քանիսը:

Ուրեմն հարկավոր է մի փոքր հանգիստ տալ, — ասաց Աշոտ Երկաթը ու մի փոքր ժամանակ հանգիստ տվեց յուր ձիուն: Ձին ականջները ցցել էր և վայրենի կերպով նայում էր առաջ, ճանապարհի ուղղությամբ, որով պիտի անցներ խումբը:

Կասկածը պատեց Աշոտ Երկաթին, և նա էլ դեպի ձիու նայած կողմը նայեց: Ո՛չ մի կասկածելի բան չտեսավ: Ճանապարհը ոլորվում էր մի փոքր տարածությամբ առաջ, որտեղ դուրս Էին ցցված ահարկու ժայռերը, որոնք լուռ իրենց էին նայում: Բարկացավ ձիու վրա և հենց ուզում էր մտրակել, երբ ականջին դիպավ մի տեսակ անորոշ ձայն, որը ստիպեց նրան զգաստանալ: Նա նորից ականջ դրեց, այո՛, ձայնը գալիս էր առջևից և հետզհետե մոտենում էր: Այդ ձայները խիստ նման Էին ձիերի դոփյունների և փռնչոցների: Աշոտ Երկաթը զգաց, որ առաջից մի խումբ ձիավորներ են գալիս, բայց թե ովքե՞ր են և ինչքա՞ն էր նրանց թիվը դեռ անհայտ էր: Նա նշան արավ խմբին, որ պատրաստ լինեն, իսկ ինքը սուրը պատյանից հանեց ու սպասեց ձիավորների երևալուն:

Ա՛յ թե ինչի՞ց էր վախենում իմ ձին, — մռմռաց ինքն իրեն Աշոտ Երկաթը:

Հանկարծ նույնպիսի դոփյուններ ետևից լսեց, կարծես երկուսն էլ իմաց էին արել իրար, որ միաժամանակ սկսեն:

Ի՞նչ էր նշանակում այդ, մտածեց նա և ժամանակ անգամ չունեցավ պարզելու այդ հանելուկը, երբ կիրճի երկու կողմերից էլ ահռելի ձայներ լսվեցին և սրերը հանած, ճանճերի նման, բազմաթիվ ձիավորներ վրա տվին Աշոտ Երկաթի խմբին, որը թակարդի մեջ էր ընկել:

Վահանը առաջ քաշեց Աշոտ Երկաթը, սուրը բարձրացրեց, յուր խմբին ձայն տվեց, ահռելի մռնչյուն հանեց և վազեց թշնամիների վրա:

Արյուն էր կաթում նրա սրիցը, մեկը մյուսի ետևից ընկնում են թշնամիները, խորը հառաչում և շունչները փչումԱշոտ Երկաթը առյուծ է դարձել, առյուծ են դարձել նաև յուր քաջերը, որոնցից ամեն մեկը տասը թշնամի է պառկեցնում և ապա ինքն էլ խողխողված շունչը փչում: Տեսնում է Աշոտը թշնամյաց հունձը, տեսնում է նաև յուր քաջերի ընկնելը, սիրտը կսկծում է և կատաղած` երեք չորս գլուխ միասին թռցնում... Բայց ինչքա՜ն շատ են թշնամիները, նրանք կարծես անվերջ, անհամար են. կոտորում է, կոտորում, կրկին սրանք կան, չեն պակասում և պինդ օղակով երկու կողմից սեղմում են իրեն... Ընկնում են յուր քաջերը մեկը մյուսի ետևից, բայց ինքը հերոսաբար դեռ կռիվ է անում, գլուխներ թռցնումԲայց ի՞նչ կա անսպառ աշխարհիս վրա, որ մի քաջի ֆիզիկական զորությունը անսպառ լինի: Աշխարհս էլ է սպառվում, նա էլ վերջ ունի, ո՞ւր մնաց թե Աշոտ Երկաթի զորությունը... Րոպե առ րոպե նրա ուժը սպառվում է, կամաց-կամաց թուլանում են նրա բազուկները, արդեն յուր ահեղ զորության վերջին թելն է մնացել բազուկների մեջ, այնինչ հոգին, այն վեհ և արի հոգին չի թմրում, չի թուլանում, երկյուղի ո՛չ մի նշան չի արտահայտում: Նրա աչքերը փայլատակում են, բոց ու շանթ արձակում և սարսռեցնում թշնամուն. թշնամիները դեռ դիաթավալ ընկնում էին նրա սրից և մահվան տագնապի մեջ տոչորվում... Բայց թշնամիները չեն պակասում, նրանք բուռն ուժով կրկին վրա են վազում:

Նայում է դրանց Աշոտ Երկաթը, նայում և սիրտը լցվում է դառնությամբ: Թախիծով լի աչքերը նա աջ ու ձախ է դարձնում, յուր քաջերին պտրում, նրանց ձայն տալիս, բայց նրանցից շատերը խոր քուն են մտած, նրա ձայնը չեն լսում, շատերը կոտորված են... միայն մի բուռ քաջեր դեռ կռվում են:

Հուզվում է Աշոտ Երկաթը, վերջին ճիգն է թափում, վերջին անգամ բարձրացնում է ահեղ սուրը և ջախջախում իրեն մոտեցող անօրենների գլուխները...

Բայց բազուկները էլ ՜չեն գործում, թուրը, արյունով ներկված թուրը, որից աղբյուրի նման ծլծլում է արյունը, էլ չի բարձրանում, նրանք ուժից ընկած են, անզոր, ինչպես մանկան ձեռքեր, իսկ յուր ձին տասը տեղից վիրավորված հազիվ ոտքի վրա է կանգնած:

Տեսնում են այդ անօրենները, և դիվական ժպիտը փայլում է նրանց դեմքերին, նրանք հրեշավոր քրքիջ են արձակում և համարձակ վազում դեպի Աշոտ Երկաթը...

Վերջին գերմարդկային ճիգն է թափում քաջը, սուրը բարձրացնում և հուսահատությամբ լի աչքերով վերջին անգամ շուրջը նայում: Հանկարծ նրա աչքին, հեռու ձորի մեջ, ժայռերի մոտ երևում է մի ծերունի` Քրիստոսի սուրբ խաչելությունը ձեռքին: Ոգի է ներշնչում այդ խաչը քաջին, և նա կրկին ջախջախում է թշնամյաց գլուխները: Այդ ժամանակ լսվում են աղաղակներ, թշնամին շփոթվում է, թողնում Աշոտ Երկաթին և փախուստի դիմում: Նայում է Աշոտ Երկաթը դեպի խաչը և յուր թշնամիներին: Այդ խմբի մեջ բարձր փայլում է խաչանիշ դրոշակը... Դա յուր խաչն է, յուր փրկիչը, որ ծածանվում է քաջերի մեջ:

Փախչում է թշնամին: Ինքը ազատված է: Խաչն ու դրոշակը մոտենում են: Մոտենում է նաև ծերունին:

Աշոտ Երկաթը ցած է թռչում ձիուց` չոքում ձյունի վրա և համբուրում խաչը:

Կեցցե՜ Աշոտ Երկաթը, ապրի՛ Մարտիրոս հայրը,-գոռում է խումբը և կրկին հալածում թշնամուն:

Ամբողջ կիրճը խավարն է պատում: Մարտիրոս վանահոր խումբը ետ է դառնում հալածելուց և յուր հետ բերում է երկու հայ իշխաններին, որոնց գերել էին քաջերը:

Դավաճաննե՛ր, — գոռում է Մարտիրոս վանահայրը և բարկությունից ատամները կրճտացնում: Քաջերը ուզում են պատառ-պատառ անել նրանց, բայց Աշոտ Երկաթը նշան է անում, և նրանք ակնածությամբ լռում են և Անձևացյաց ու Ռշտունյաց իշխաններին շղթայակապ յ՛ուր առաջ բերում:

Արհամարհանքով նայում է Աշոտ Երկաթը դրանց և ապա դիմելով պահապաններին, ասում.

Քանդեցեք շղթաները, ես չեմ ցանկանում, որ հայ իշխանները շղթայակապ իմ առաջ դուրս գան:

Պահապանները զարմացած քանդում են շղթաները և լուռ նայում Աշոտ Երկաթին:

Մարտիրո՛ս հայր, սրանց ամոթալի արարքը հայտնի է քեզ. քո կտրիճները գերեցին, ուստի և քեզ եմ հանձնում սրանց դատաստանը:

Ո՛չ, արքա, այդ մեր իրավասությունից դուրս է և մեր կյանքն էլ քո իշխանությանն է հանձնված, մենք չենք կարող սրանց դատաստանը անել, իսկ եթե իմ կտրիճներին թողնես, այդ պատիժը սոսկալի կլինի, — ասաց Մարտիրոս հայրը և մի մոլի հայացք ձգեց դեպի դավաճանները:

Գթությո՜ւն, մենք սխալված ենք, կին, որդիք ունենք,— ասացին դավաճանները և ընկան Աշոտ Երկաթի ոտքերը:

Թշվառնե՜ր... — ասաց Աշոտ Երկաթը, — և ապա դարձավ պահապաններին. — զենքներն առեք, իշխանական զգեստը հանեցեք և արձակեցեք դրանց, թող ուր ուզում են գնան:

Next page