Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Հեղինեի ձեռքերը սառն էին ինչպես սառույց և դողդողում էին աշնան տերևների նման: Հեղինեն էլ հուզված էր և մտազբաղ:

Մի տեսակ ծանր, խեղդող միտք ճնշում էր նրա հոգին, և նրան թվում էր, թե ոտքերի տակից փախչում է գետինը և ամբողջ աշխարհը արագ-արագ շրջան է կազմում և յուր հետ պտտեցնում թե՛ իրեն, թե՛ հորը և թե՛ այն սենյակը, ուր կանգնած էր ինքը... Ա՜խ, ինչքա՜ն արագ է պտտվում, րոպե առ րոպե արագացնում է յուր ընթացքը. ա՜խ, գոնե մի րոպե, մի վայրկյան դադարերԵվ Հեղինեն զգում է, որ ինքը չի կարողանում ոտքի վրա կանգնել, գլուխը շշմում է, աչքերն արդեն մթնել են, էլ ոչինչ չի տեսնում, ամեն բան անհետանում է աչքերից, իսկ ինքը թռչում է անսահման տարածության վրա, հեռո՛ւ, հեռո՜ւ, դեպի անհայտություն, ո՞վ գիտե դեպի ուր... յուր առաջ արդեն բացված են անհատակ անդունդներ, և նա զգում է, թե ինչպես անհուն բարձրությունից ընկնում է ցած, դիպչում մի ինչ-որ աներևույթ ժայռի, օրհասական մի ճիչ արձակում և ուշաթափվում...

Երբ բաց է անում աչքերը, տեսնում է, որ ինքը գտնվում է յուր ննջարանում, ուր մի կողմից նստած է հայրը և տխուր, վհատ աչքերը դարձրել է իրեն:

Աղջի՜կս... Հեղինե՜, — ասում է Գագիկը, երբ տեսնում է աղջկա ուշքի գալը:

Ա՛խ, — շշնջում է Հեղինեն և կրկին փակում աչքերը:

Նա զգում է ամբողջ իրողությունը, որ ինքը, չկարողանալով տանել յուր հոգեկան բուռն վրդովմունքը, ուշաթափվել էր հոր առանձնասենյակում, չդիմանալով հոր այն ահարկու հայացքին, — որը սուր սլաքի նման ցցվում էր յուր սրտում, այն սրտում, որը նոր բացվող կոկոնի նման դեռ չգիտեր աշխարհային ո՛չ մի տառապանք և լի հույսով հենց ուզում էր յուր քնքուշ թերթիկները բանալ, հագենալ թարմ օդով, երբ հանկարծ նրան դիմավորեց ահռելի, սարսռեցուցիչ փոթորիկը...

Ի՞նչ պիտի աներ թույլը հզորի առաջ

Դ

Աշոտ Երկաթը, Հունաստանում փառավոր ընդունելություն գտնելուց հետո, հունական զորքերով վերադառնում էր Հայաստան... Ալեկոծյալ ծով էր ներկայացնում այդ ժամանակ Հայաստանը, և նա, իր հույսը օտար զորքերի վրա դնելով, գալիս էր խաղաղեցնելու այն ալիքները, որ ամեն բան ավերելով ո՛չ մի բան իր տեղը չէին թողել: Նա գալիս էր թագավորելու այնտեղ, ուր բացի իրենից թագավորում էին երկու հոգի` մինը Գագիկ Արծրունին Վասպուրականում, մյուսը հորեղբոր որդին` Աշոտ սպարապետը Դվինում, չհաշված այն մանր իշխաններին, որոնք հայտնի կամ անհայտ կերպով թագավորում էին իրենց երկրներում:

Հունական զորքի գլուխ անցած` Աշոտ Երկաթը շտապում էր Հայաստան: Քանի դեռ չէր մտել յուր երկրի սահմանները, տխուր էր նա: Երբեմն նայելով յուր ետևից սլացող հունական գնդին, նրա սիրտը ավելի էր կսկծում, ավելի էր ցավում: Նա զգում էր, որ ինքը միայնակ է օտար երկրում, անտեր, անօգնական և թե յուր ետևից սլացող գունդը օտար է իրեն և վաղը կարող է այդ սուրը յուր դեմ դարձնել... Բայց հենց որ մտավ յուր երկրի սահմանները, հենց որ ոտքը դրեց հայրենի հողի վրա, նրա սիրտը թունդ առավ, երակների մեջ կարծես նոր արյուն վազեց: Մի տեսակ սարսուռ անցավ նրա մարմնով, որը ցնցեց նրա մկանները, և նա զգաց, որ ինքն է այդ հողի տերն ու տիրականը, թագավորն ու իշխանը, ու նա սուրը պատյանից հանելով, մտրակեց նժույգին և փոթորկի նման սլացավ առաջ` դեպի վեհ Մասիսը, դեպի յուր երկրի սիրտն ու հոգին...

Գունդը սլանում էր նրա ետևից: Ամեն տեղ, ուր կային շեն գյուղորայք և քաղաքներ, ընդառաջ էին գալիս և ողջունում իրենց թագավորին, գյուղացի աղջիկներն ու տղաներն անգամ ծաղիկներ էին փռում Երկաթի ոտքերի տակ և ուրախաձայն աղաղակում.

Ապրի՛ Աշոտը շատ ու շատ օրեր,

Ապրի՛ Երկաթը բյուրավոր դարեր

Աշոտ Երկաթը լսում էր անմեղ մանուկների բերանից այդ խոսքերը, ու նրա սիրտը հուզվում և տակնուվրա էր լինում: Իսկ երբ նա մոտեցավ Մասիս սարին, երբ տեսավ նրա ալեզարդ գագաթը, նրա սիրտը փղձկաց և արտասուքներ ընկան աչքերից: Նա լուռ լալիս էր: Ո՞վ գիտե ինչի համար և կամ ի՞նչ մտքեր ալեկոծեցին նրա սիրտը, ի՞նչ զգացմունքներ պատեցին հոգինՆա տեսավ ալևոր Մասիսը և հուզվեց: Սիրուն էր Մասիսը: Վիթխարի հսկայի նման կուրծքը դեմ էր տվել և հպարտությամբ նայում էր չորս կողմ: Ամեն բան փոքր էր երևում նրա առաջ, այնինչ ինքը վե՜հ էր, բա՜րձր, և ի հաստատություն յուր կարծիքի, չորս կողմը արդեն տիրում էր խավարը, այնինչ յուր գագաթը, սպիտակ ձյունային բարձրությունը, այնտե՛ղ, ուր տիրում է հավիտենական սառնամանիքը, բուքն ու մրրիկը դեռ ոսկեզօծված էր արևի թույլ, բայց հրաշալի ճառագայթներով... Ծիրանի քող էր ձգված այդ գագաթին: Ծիրանագույն քողով էր զարդարվել հսկա Մասիսը և այդպես էր ընդունում տիրոջը, թագավորին, որ այսօր կրկին դառնում էր յուր գիրկը...

Բայց հետզհետե դա էլ նսեմացավ, նոսրացավ և հանկարծ չքացավ: Աներևույթ մի ձեռք հանկարծ վերցրեց այդ ծիրանի քողը հսկա Մասիսի գագաթից, և նա էլ ընկղմվեց խորին խավարի մեջ: Այժմ միայն նրա հսկա ստվերանկարն էր երևում:

Աշոտ Երկաթը սրտնեղեց: Նա ուզում էր երկա՛ր, շա՛տ երկար նայել այդ գագաթին, հագենալ նրանով, այնինչ խավարը շուտ կլանեց նրան և չթողեց յուր կարոտը հագեցնելու: Տխրեց Աշոտ Երկաթը և ձիու ընթացքը ավելի արագացրեց: Գիշերը հետզհետե պատում էր. հարկավոր էր շուտ տեղ հասնել, հանգստանալ և հանգիստ տալ զորքերին: Հանկարծ խորին խավարի միջից լսվեցին ձիերի դոփյուններ: Ովքե՞ր էին դրանք, թշնամի՞, թե բարեկամ, նա չգիտեր, բայց որ դիմացի կողմից գունդ էր գալիսանկասկած էր: Աշոտ Երկաթը նշան արավ, և զորքը կանգնեց:

Բայց հանդիպակաց գունդը աներկյուղ առաջ էր գալիս, երևում էր, որ կամ նա ոչ մի բանից երկյուղ չունի, կամ էլ չի տեսնում իրենց: Երբ որ նրանք բավականին առաջ եկան, Աշոտ Երկաթը սուրը ճոճելով խրոխտ կանչեց.

Ո՞վ է գալիս, բարեկա՞մ, թե թշնամի:

Կեցցե՜ Աշոտ Երկաթը, ապրի՛ Մարտիրոս հայրը, — գոռաց գունդը և, մի փոքր առաջ գալով, կանգ առավ:

Աշոտ Երկաթը և Մարտիրոս վանահայրը գրկվեցին: Ծերունի վանահայրը ամուր սեղմեց նրան իր կրծքին և մրմնջաց.

Կորածիս գտա, այժմ կապրի Հայաստանը:

Երկու խումբն էլ, որոնցից մեկին առաջնորդում էր մեզ ծանոթ Գևորգ Մարզպետունի իշխանը, միանալով իրար հետ` սրարշավ առաջ էին գնում: Հեռու էր Կողբ գյուղաքաղաքը, ուր պիտի իջևանեին Երկաթը և զորքը:

Գյուղաքաղաքը արդեն երևում էր հեռվում, երբ հանկարծ մի քանի նետեր թռան, և ապա, հանկարծակի, մի խումբ խառնիճաղանճ ձայներ հանելով, սրերը հանած, հարձակվեց Աշոտ Երկաթի զորքի վրա:

Դավաճանությո՛ւն, — կանչեց Աշոտ Երկաթը և նետվեց թշնամիների մեջ:

Վա՜տ և անա՜րգ... — մռմռաց Մարտիրոս վանահայրը:

Աշոտ սպարապետն է, նա դրժեց խոսքը և կրկին դավաճանեց, — պատասխանեց Գևորգ իշխանը և յուր խմբով հարձակվեց թշնամիների վրա:

Մթության մեջ լսվում էր միայն սրերի շխկոցը և ընկնողների վայնասունը: Կարճ ժամանակ անց թշնամին, որին ղեկավարում էր Աշոտ սպարապետը, չդիմանալով Աշոտ Երկաթի զորությանը, փախուստ տվեց դեպի Կողբ գյուղաքաղաքը: Բայց մեր խումբը ետ չկանգնեց: Նա հետևեց նրան, և քիչ ժամանակից հետո խավար երկիրը լուսավորվեց հրեղեն լեզուներով, որոնք հետզհետե ավելի ու ավելի էին բոցավառվում և մոխրակույտերի վերածում Կողբ գյուղաքաղաքը...

Բոցերի մեջ դեռ կռվում էին Աշոտ սպարապետի և Աշոտ Երկաթի զորքերը, այնինչ ժողովուրդը, փլատակների տակ թաղվելով` օգնություն էր կանչում:

Հանկարծ Աշոտ սպարապետը անհետացավ: Ինչպես երևվում է, նա փախուստ էր տվել գյուղից, այնինչ կոտորածը դեռ շարունակվում էր, և բոցերը ագահորեն լափում էին շինությունները:

Դադարեցրե՛ք կռիվը, — հրամայեց Աշոտ Երկաթը:

Բայց հանկարծ զորքերը, դադարեցնելով կոտորածը, թալանել սկսեցին հայերին, այն հայերին, որոնք իրենց թագավորին կռվով էին դիմավորում:

Ե

Մինչդեռ Աշոտ Երկաթը հունական զորքով վերադառնում էր Հայաստան, մինչդեռ ժողովուրդը ցնծության և ուրախության աղաղակներով էր ողջունում թագավորին, այդ միջոցին Վասպուրականի Գագիկ թագավորը միջոցներ էր որոնում ամեն կերպ նսեմացնելու Աշոտ Երկաթի փառքը և յուր իշխանությունը տարածելու ամեն կողմ: Բայց նա այսօր շատ խռովված էր, մի խորին թախիծ տակնուվրա էր անում նրա սիրտը: Այն արի սիրտը, որ վախ անգամ չուներ կրակի մեջ նետվելու, այժմ դողում էր և ամեն մի շշուկից վախենում: Հուսահատ մարդու նման նա կանգ առավ յուր շքեղ սենյակի պատուհանի մոտ և ապա բարձրացնելով թանձր վարագույրներից մեկը` դուրս նայեց: Դրսում փայլում էր գեղածիծաղ արևը և թռչունները ուրախ-ուրախ սավառնում էին օդում... Ցնծում էր բնությունը, ժպտում էր սիրուն արևը, բայց այդ տեսարանը ո՛չ մի տպավորություն չէր թողնում նրա վրա. նա ավելի էր տխրում, ավելի մռայվում:

Օ՛, ինչ ծանր վերք հասցրեց ինձ աղջիկս: Ինչ որ չէի նախատեսել` կատարվում է: Եվ նա յուր արտասուքով ուզում է իմ իղձերը ոչնչացնել, փափագներս խորտակել... Չէ՜, սիրում եմ աղջկաս, պաշտում եմ նրան, չեմ ուզում տեսնել նրա արցունքները, բայց միևնույն ժամանակ Գագիկ Արծրունու երկաթե կամքը կմնա անհողդողդ, կարծր և ամուր, այնպես, ինչպես այն ժայռերը, որոնց դարերից ի վեր ծեծում են Վանա ջրերը, բայց նրանք կան և կլինեն... Ինձ համար չկա ընտանիք, կին, դուստր, ժողովուրդ, քաղաք ու շեն. ամեն բան ոչինչ են Վասպուրականի թագավորի առաջ, և նա պիտի կոխկրտի ամեն բան յուր ոտքերի տակ, հուր ու մոխիր դարձնի ամբողջ Հայաստանը, միայն թե ոչնչացնի Բագրատունյաց տոհմը... Արծրունյաց արծվանիշ դրոշը պիտի տարածվի Հայաստանի մի ծայրից մինչև մյուսը, ահա այդ է ցանկանում Վասպուրականի Գագիկ թագավորը...

Գագիկը լռեց. նա չնկատեց անգամ, թե ինչպես կից սենյակում խշխշոց լսվեց և ինչպես մեկը զգույշ քայլերով մոտեցավ դռանը ու ծածկվեց թանձր վարագույրների ետևում:

Պիտի մեռնի Աշոտ Երկաթը, ահա իմ դատավճիռը, — կանչեց Գագիկը մի տեսակ խուլ ձայնով, որ կարծես դուրս եկավ նրա թոքերի ամենամթին խոռոչներից:

Այդ խոսքերը լսելով վարագույրի մեջ պահվածի մարմնով մի ցնցում անցավ. նա ուզեց դուրս թռչել, փախչել այդ տեղից, բայց Գագիկը կրկին շարունակեց.

Իսկ Հեղինեն... Է՛հ, մի ցնորք էր այդ բոլորը: Ես չեմ հավատում, որ նա լինի իմ տան լրտեսը, մատաղահաս սրտի թելադրանք էին նրա խոսքերը, քնքուշ, մեղմ սրտի արգասիք... Բայց նա չգիտե, որ քաղաքականությունը քնքշություն չի սիրում, որ նրա ասպարեզը հուր ու մոխիրԱրյո՛ւն է նրա ասպարեզը, և արյունով պիտի մաքրեմ իմ ճանապարհը. վա՛յ նրան, ով իմ առաջ կկանգնի...

Գագիկը կրկին լռեց: Այդ միջոցին լրտեսողը, որ Հեղինեն էր, դուրս թռավ թաքստի տեղից և անզգուշաբար աղմուկ հանեց: Գագիկը սարսռեց: Նա ետ նայեց և սկսեց դեպի կից սենյակի դուռը գնալ, որտեղ պահված էր օրիորդը, բայց հավաստիանալով, որ ոչ ոք չկա, նորից դեպի պատուհանը գնաց և սկսեց դիտել հեռվում ոլորվող ճանապարհը: Նա կարծես սպասում էր մեկին: Այդ ժամանակ ճանապարհի վրա երևաց մի մարդ, որ երկայն նիզակը ձեռքին շտապ դեպի Գագիկ Արծրունու ամրոցն էր գալիս:

Վերջապե՜ս, — ասաց Գագիկը ուրախացած: — Բավական ժամանակ է, որ ես լուր չունեմ, թե ի՞նչ են անում իմ մարդիկ:

Նա սկսեց անհանգստությամբ անցուդարձ անել սենյակում` մինչև ճանապարհորդը հասներ ամրոց:

Եվ ահա Գագիկի սենյակի դուռը կամաց բացվեց, և մի մարդ, աննկատելի ներս մտնելով, յուր նիզակը դռան մոտ դրեց, իսկ ինքը լուռ կանգնեց դռների մոտ: Գագիկ Արծրունին մի քանի անգամ գնաց-եկավ սենյակում, բայց նրան չնկատեց: Նորեկ մարդը, որ կարճահասակ ու լիքն էր, անհամբերությամբ աչքերը Գագիկի վրա էր դարձրել և անթարթ աչքերով նրան էր նայում: Գագիկը կրկին մոտեցավ պատուհանին և նայեց դուրս: Իրեն հետաքրքրող ճանապարհորդը այլևս չէր երևում:

Ինչո՞ւ ուշացավ... նա ամրոցի գաղտնի ճանապարհը գիտե, ի՞նչը զբաղեցրեց Քոսակին:

Ես այստեղ եմ, տե՛ր, — կանչեց ուղևորը և խոր գլուխ տվեց:

Ա , դու արդեն այստե՞ղ ես: Ես կարծեցի, թե դևերը քեզ կուլ տվին:

Դևերը ինձ ձեռք չեն տա, տե՛ր, ես նրանց գլխավորն եմ, — պատասխանեց Քոսակը:

Գագիկի դեմքին մի դառն ժպիտ երևաց, որ ամեևին չսազեց նրա տխուր տրամադրությանը: Նա նստեց բազմոցի վրա և, դիմելով Քոսակին, ասաց.

Արի, Քոսա՛կ, նստիր, պատմիր տեսնենք ի՞նչ տեղեկություններ ունես:

Ո՜չ, տե՛ր, ես հրաժարվում եմ մի բան ասելուց, մինչև չեմ հավաստիանա, թե մեզ լսող չկա:

Գագիկը կարմրեց: Նրա մտքով կայծակի նման անցավ Հեղինեն, դա ցնցեց յուր ամբողջ մարմինը, բայց հոգու ալեկոծությունը ծածկելով` վեր կացավ տեղից, դռները պինդ փակեց, վարագույրները ցած թողեց և կրկին նստելով տեղը, հրավիրեց Քոսակին:

Արի, Քոսա՛կ, այժմ կարող ես հանգիստ մնալ, մեզ ոչ ոք չի կարող լսել:

Տե՛ր, այս անգամ մենք տարվեցինք:

Ինչպե՞ս, — հարցրեց Գագիկը զարհուրելով:

Չպետք է հուսահատվել` թեև այժմ ուժը նրանց կողմն է, բայց խորամանկության և հեռատեսության առաջ ամեն բան կոչնչանա: Աշոտ Երկաթը հունական զորքով արդեն մտավ Հայաստան: Ժողովուրդը ցնծության աղաղակներ է

արձակում, և նորատի կույսերը ծաղիկներ են փռում նրա ոտքերի տակ: Կողբ գյուղաքաղաքի մոտ, երբ նրա հոգնած զորքը հանգստության էր կարոտ և սպասում էր ճոխ ընդունելության, մենք միայն մոխրակույտ քաղաքը հանձնեցինք:

Ինչպե՞ս, մի՞թե Կողբը` Աշոտ սպարապետի կալվածքը ավերվեց:

Քարը-քարի վրա չմնաց: Դեռ Կողբին չմոտեցած, Աշոտ սպարապետը Անձևացյաց և Ռշտունյաց իշխանների հետ միասին անակնկալ կերպով հարձակվեց Աշոտ Երկաթի վրա և սկսեց կոտորել հունաց զորքը, բայց այդտեղ մենք տարվեցինք: Սպիտակ դևը կրկին օգնության հասավ և քշեց մեզ...

Ո՞վ

Սպիտակ դևը: Մի՞թե չեք ճանաչում նրան, խոսքս Մարտիրոս վանահոր մասին է, որ անակնկալ կերպով հայտնվում է այնտեղ, ուր մենք չենք սպասում:

Անիծվի՛ նա, — մռմռաց Գագիկը` ատամները կրճտացնելով:

Մենք հաղթում էինք, երբ թշնամին մի կողմից հունաց զորքով, մյուս կողմից Մարտիրոս հոր և Գևորգ իշխանի կազմած հրոսակներով, գրոհ տվեց մեզ վրա և քշեց մեզ: Մենք մտանք Կողբ: Այնտեղ էլ կռիվը շարունակվեց, և քիչ հետո կրակե լեզուները սկսեցին լափել քաղաքը:

Իսկ ինչ եղան իմ իշխանները:

Փա՛ռք տիրոջը, ամենքը ազատվեցին: Ռշտունյաց և Անձևացյաց իշխանները ծպտյալ գնացին Ափխազաց Գուրգենի մոտ, նրան մեր կողմը հակեցնելու, իսկ Աշոտ սպարապետը քաշվեց յուր կալվածքների ներսը նոր հարձակում գործելու համար: Նա մտադիր էր ավերել Աշոտ Երկաթի կալվածքները:

Երկուսն էլ առժամանակ լուռ մնացին:

Տե՛ր, այդ մի հաղթությունը տանուլ տվինք ո՛չ թե մեր զորքի թուլության պատճառով, այլ այն պատճառով, որ նրանք սպասում էին, նրանք գիտեին, թե մենք ի՞նչ ենք անում և ի՞նչ մտածում

Ինչպե՞ս:

Շա՛տ պարզ: Մեր ամեն քայլափոխը լրտեսում են, և այդ լրտեսը գտնվում է քո պալատում, նա...

Ի՞նչ նա... — գոռաց Գագիկը, հասկանալով, թե ում է ակնարկում Քոսակը:

Իշխանուհի է և քեզանից սիրված, — հարվածեց Քոսակը առանց խնայելու:

Ո՞վ է նա,

Աղջիկդ:

Հեղինե՞ն... Ոչ, անկարելի է:

Այո՛, Հեղինեն, նա լրտեսում է մեզ և ես այդ մասին ամենևին կասկած չունեմ:

Դու սխալվում ես, Քոսա՛կ, իմ աղջիկը չի կարող մեզ լրտեսել:

Քոսակը երբեք չի կարող սխալվել. ինչ-որ նա ասում է` հաստատ գիտե: Հեղինեն լրտես է:

Լռիի՛ր, անզգա՜մ, — գոռաց Գագիկը և կատաղությամբ բռնեց նրա օձիքից: Քոսակը անտարբեր էր, ինչպես անշունչ առարկա: Միայն մի դառն ժպիտ երևաց նրա շրթունքներին, որից սարսուռ զգաց Գագիկը:

Քոսա՛կ, մի ասա՛ այդպես, ասա` ես սխալվեցի:

Կրկնում եմ, տե՛ր, Հեղինեն լրտես է:

Բարկությունը ներկեց Գագիկի դեմքը և նա, յուր սուրը պատյանից հանելով, խրոխտ ձայնով կանչեց.

Ապացո՛ւյց, ապա թե ոչ կտոր-կտոր կանեմ քեզ:

Քոսակը յուր նոսր բեղերը սրեց և անտարբեր կերպով, ձեռքը դեպի ծոցը տանելով, մի նամակ հանեց և մեկնելով Գագիկին` ասաց.

Ահաա՛ ապացույցը:

Ի՞նչ է դա, — հարցրեց սարսափած Գագիկը:

Քո աղջկա գրած նամակը Մարտիրոս հորը: Գագիկը դողդոջուն ձեռքով վերցրեց նամակը, կարդաց և գունատվեց: Սառը մահվան դող պատեց նրան. աչքերին չէր հավատում: Այդ նամակը Հեղինեի ձեռքով գրված նամակ էր, որով զգուշացնում էր Մարտիրոս վանահորը հոր լարած որոգայթներից:

Ո՞վ տվեց այս նամակը, — հարցրեց Գագիկը գերեզմանային ձայնով:

Գողացա, — սառն կերպով պատասխանեց Քոսակը:

Որտեղի՞ց գողացար, պատմիր:

Բյուրականի վանքում, երբ Սահակ եպիսկոպոսը և Մարտիրոս հայրը իշխանների հետ խորհրդի էին նստել, ես դևի նման ներս սողացի և այս նամակը գողացա: Նրանք շատ խոսեցին քո աղջկա մասին, շատ գովեցին նրան և ամեն միջոց պիտի գործ դնեն Հեղինեին քեզնից հեռացնելու:

Այդ չեն կարող անել, — ասաց Գագիկը և, բանալով կից սենյակի դուռը, երեք անգամ ծափ տվեց:

Երկու սպասավոր ներս վազեցին ու լուռ կանգնեցին դռան շեմքում:

Կանչեցեք այստեղ Խորեն իշխանին, — ասաց նա` դառնալով դեպի սպասավորները:

Նրանք դուրս գնացին, և քիչ հետո ներս մտավ Խորեն իշխանը, որ ամրոցի գլխավոր էր կարգված:

Խորե՛ն իշխան, իսկույն բանտարկիր Հեղինեին և մի աղախին թող նրա մոտ, և բացի հաց ու ջրից ոչինչ չտաս:

Խորեն իշխանը, որ 4045 տարեկան մի մարդ էր և յուր աղջկա նման սիրում էր Հեղինեին, շանթահարի նման կանգ առավ, երբ լսեց Գագիկի հրամանը:

Դու չլսեցի՞ր...

Բայց, տե՛ր, նա առանց այն էլ հիվանդ է, ինչպե՞ս կդիմանա...

Լուռ, կատարել այն, ինչ հրամայում եմ: Վա՛յ քեզ, Խորե՛ն իշխան, եթե լավ չես հսկի: Մի թռչուն անգամ չես թողնի նրա մոտով անցնի:

Անգո՛ւթ հայր, — մռմռաց ինքն իրեն Խորեն իշխանը և դուրս գնաց հրամանը կատարելու:

Քոսակը լուռ լսում էր նրանց, և երբ Խորենը դուրս գնաց, նա մի դիվական ժպիտով ասաց.

Արժանի էր...

Հեղինեն բանտարկված էր

Զ

Ուր որ հեռու, անսահման տարածությունից այն կողմ, անհայտության մեջ լսելի էր լինում որոտման խուլ հառաչանքներ... Այնտեղ` հեռվում կատարվում էր ինչ-որ խառնակություն, ինչ-որ շփոթ, ուր լացացնելու չափ հառաչում էին ամպերը և լսողի սրտում սերմանում վշտի ու տխրության սերմեր...

Եվ Հեղինեն, կանգնած բանտի պատուհանի առաջ, չուռ լսում էր այդ հառաչանքը, որ հետզհետե ավելի ու ավելի լսելի էր լինում և նրա սիրտը լցնում էր մի տեսակ անհասկանալի ու անբացատրելի դառնությամբ: Ի՞նչ էր կատարվում յուր հետինքն էլ չգիտեր, բայց զգում էր, որ այդ րոպեին սիրտը պատրաստ էր դուրս թռչելու, ժայթքելու այնտեղից, ուր նա կաշկանդված էր, և յուր մեջ ամբարված դառնությունները չորս կողմը տարածելու... Եվ նա տխուր, հուսահատ ու անթարթ աչքերով դիտում էր հեռու հորիզոնը, որտեղից դանդաղությամբ բարձրանում էին ամպերը և կամաց-կամաց ծածկում հորիզոնը: Զով քամին ծածանում էր նրա ալիքանման մազերը, իսկ խավարը աննկատելի կերպով տիրապետում էր երկրին... Խավարում էր աշխարհը, խավարում էր Հեղինեի սիրտը, բայց նա դեռ արձանի նման կանգնած նայում էր ամպերի պարին ու փայլակների թռիչքներին, կարծես ինչ-որ բան էր սպասում ամպերից: Կարծես խավարի մեջ լույս էր փնտրում, այն լույսը, որին ինքը այնքա՛ն կարոտ էրԽե՛ղճ, նա մոռանում էր, որ հոր պահապանները լուրջ հսկում են յուր վրա և դիտում յուր ամեն մի շարժումը...

Արդեն խավարը պատեց ամեն կողմ: Եվ Հեղինեն, հեռանալով պատուհանից, ուժասպառ ընկավ յուր համար պատրաստված չոր թախտին: Նա ձեռքերով բռնեց գլուխը և առատ արտասուքը հեղեղեց նրա աչքերը: Չնկատեց մինչև անգամ, թե ինչպես ներս մտավ աղախինը և վառած ճրագը դնելով մոտը, լուռ նայում էր իրեն:

Սառը քամին փչում էր բաց պատուհանից և օրորում ճրագի բոցը, աղախինը ուզեց փակել պատուհանը, բայց անվճռականությամբ կանգ առավ, ապա դառնալով դեպի Հեղինեն` ասաց.

Իշխանուհի՛:

Պատասխան չկար: Հեղինեն մտքի մեջ այնքա՜ն էր խորասուզված, որ չլսեց աղախնի խոսքերը:

Իշխանուհի՛, կցանկանա՞ս պատուհանը փակել, այնտեղից փչում է սառը քամի և կարող է ճրագը հանգցնել:

Հեղինեն բարձրացրեց գլուխը և ապուշ կտրած աչքերով նայում էր աղախնին: Երկուսն էլ լուռ իրար երեսին էին նայում, առանց համարձակվելու ընդհատել այդ խորհրդավոր լռությունը:

Այդ միջոցին դրսից լսելի եղավ անձրևի խշխշոցը, և քամին ուժգնությամբ ներխուժելով սենյակ` քիչ մնաց ճրագը հանգցներ:

Իշխանուհի՛, փակե՞մ պատուհանը, ճրագը կհանգչի, և դու կմնաս խավարի մեջ:

Ո՛չ, թող բաց մնա այդ միակ պատուհանը, որտեղից ես շնչում եմ ազատ ու թարմ օդ, որտեղից գալիս է իմ լույսը և կյանքի հույսը: Ինչո՞ւ փակել այդ պատուհանը և հուսալ այս թշվառ ճրագի վրա, որի յուղը պակասելով` ինքն էլ պիտի հանգչի, այնինչ այդ պատուհանից գալիս է արևի անսպառ լույսը և հույս ու կյանք ներշնչում ինձ նման կալանավորներին: Ա՛խ, Արուսյա՛կ, ես ինչքա՜ն եմ կարոտ լույսին, այն լույսին, որ հավիտենական է և անսպառ: Ինչո՞ւ իմ սրտի մեջ տիրում է հավիտենական խավարը: Մի՞թե դու, Արուսյա՛կ, չես կարող լուսավորել իմ սրտի խավարը: Ճրագ բեր, որ սիրտս լուսավորի, ճրագ, որի ճառագայթները կյանք սփռեն, թե չէ ինչի՞ է պետք այս ճրագը, որ բերել ես:

Ա՜խ, իշխանուհի՛ս, աչքերս պիտի կուրանային, և քեզ այդպես չտեսնեի... բայց ահա քայլերի ձայներ եմ լսում, իմ ուշանալը կարող են նկատել, գիշե՛ր բարի, — ասաց աղախինը և դուրս գնաց: Հեղինեն նայեց նրա ետևից, մի փոքր ժամանակ անշարժ մնաց և ապա գլուխը օրորեց.

Խե՛ղճ Արուսյակ... ինչքա՜ն էր ինձ սիրում, իսկ այժմ մի րոպե անգամ չի կարողանում մոտս մնալ, ինձ հուսադրել: Օ՜հ, ինչքան թանկ է կյանքը և ինչպես ամեն մարդ դողում է յուր կաշվից: Այդպես են մարդիկ, կյանքի վտանգի առաջ ամեն բան մոռացվում է, ամե՛ն բան, և աստիճան, և՛ սեր, և՛ երախտագիտություն: Չլիներ այդ անիծած կյանքի վտանգը մարդիկ այսպես չէին լինի, և աշխարհս բոլորովին այլ կլիներ:

Հեղինեն վեր կացավ և մի քանի անգամ անցավ բանտի մի ծայրից մյուսը: Հանկարծ ինչ-որ բան թրխկաց յուր առաջ: Նա սոսկալով նայեց և տեսավ մի քարի կտորի վրա կապած ինչ-որ բան: Երկար ժամանակ չէր համարձակվում ձեռք տալ, ապա կռացավ ու բարձրացրեց այն: Դողդոջուն ձեռքերով քանդեց կապոցը և մի փոքրիկ ծրար տեսավ, որի վրա մանր, բայց գեղեցիկ տառերով ինչ-որ բան էր գրած: Ի՞նչ էր նշանակում այդ և ո՞վ էր գրողը: Նա, վախենալով, աջ ու ձախ նայեց, որ չխլեն յուր ձեռքից այդ թանկագին տոմսակը, ապա մոտենալով ճրագին կարդաց. «Հեղինե, մոտ է ազատության ժամը. պատրաստ եղիր այս գիշեր: Բոլոր պահապանները կաշառված են, հայր Մարտիրոսը քեզ է սպասում յուր կտրիճ խմբով: Խոստովանահայրդ` Սահակ քահանա»:

Սարսռեց խեղճ աղջիկը, երբ վերջացրեց տոմսակի ընթերցումը, և մի տեսակ անվճռականություն պատեց նրա սիրտը: Ի՞նչ անի, փախուստ տա հորից, թե՞ կրկին տանջվի այդ մթին բանտում...

Նա մնացել էր երկու կրակի մեջ...

Երկա՜ր, շա՛տ երկար մտածում էր նա, բայց ո՛չ մի ելք չէր գտնում: Մտքերը մինը մյուսից սև, մինը մյուսից սարսափեցնող` պաշարում էին և սարսափեցնում նրան: Երբեմն մտածում էր ուղղակի իրեն պատուհանից ցած գցե, ջախջախե իրեն, որպեսզի ամեն բանի վերջ տրվի, բայց զսպում էր իրեն, չէր ուզում մեռնել, չէր ուզում խավարեցնել մատաղ կյանքը:

Օ՛, ծանր է իմ դրությունը, — կանչեց նա և ուժասպառ ընկավ փայտյա թախտին: — Ծա՛նր է, բայց այնտեղ է իմ հույսը, ուր կանչում է այս տոմսը: Նա ապրում է այն ոլորտում, ուր գործում է Աշոտ Երկաթը: Նա թագավորի հետ կռիվ է մղում դավաճանների դեմ, և ես էլ պիտի ատեմ այդ դավաճաններին` լինի դա ծնող, թե մի ուրիշը: Ես սիրում եմ նրան, նրա պատկերը միայն հիշում և նրա համար ապրում...

Բայց նա, օ՜հ տե՛ր իմ աստված, սիրո՞ւմ է ինձ, չի՞ մոռացել արդյոք այն, երբ ես դեռ փոքր էի և կատակներ անելով փաթաթվում էի յուր վզով, անմեղ մանկական համբույրներ էի տալիս, չարաճճիի նման մի րոպե անգամ հանգստություն չէի տալիս, իսկ ինքը... նայում էր ուղղակի աչքերիս մեջ և լուռ մտածում... Ի՞նչ էր մտածում նա, չգիտեմ, բայց այն օրից ես սիրեցի նրան, սիրեցի իմ ամբողջ էությամբ, բայց հենց որ սերս հասավ կատարելության, նա թողեց ինձ, թողեց մեր տունը և հեռացավ: Նա սուրը հորս դեմ դարձրեց` միանալով Աշոտ Երկաթի հետ, և այնուհետև, ոտք չդրեց այստեղ: Բայց ինչքան ծանր և վշտալից են այդ տարիները, ամեն րոպե սերս աճում է, ես նրան չեմ մոռանում, իսկ ինքը արդյոք սիրո՞ւմ է ինձ, սիրո՞ւմ է յուր Հեղինեին, որի սրտի մեջ ցանեց սերմեր և հեռացավ... Գևո՛րգ, Գևո՛րգ, Մարզպետունյաց քաջ և ազնիվ իշխան, քեզ համար է բաբախում Հեղինեի սիրտը և քեզ համար է նա ապրում: Սուրբ էր այդ անունը ինձ համար և սրբությամբ էլ, ինչպես մի ավանդ, պահում էի այն սրտիս սրբազան խորքերում, բայց այլևս անհնար է պահել, սիրտս լիքն է, նա արդեն ժայթքում է... — ասաց Հեղինեն և թեքվեց մահճակալին: Նրա աչքերից անընդհատ զեղում էր արցունքը: Անցավ մի փոքր ժամանակ. նրա աչքերը կամաց-կամաց փակվեցին, և կուսական կուրծքը հանգիստ ցածր ու բարձր էր անում. նա արդեն նիրհում էր... Վրդովալից էր նրա նիրհը, իսկ բաժակը` շատ ծանր: Փշալից կյանքի օրհասը մոտ էր վախճանին և կարծես նա նիրհում էր վերջին, օրհասական նիրհով: Սնոտի, խաբուսիկ երազներն էին նրան գուրգուրում այդ վայրկյանին, իսկ աշխարհս կարծես գոյություն չունենար նրա համար: Նա մոռացել էր ամեն ինչ` և՛ սեր, և՛ դավադրություն, և՛ ծնող... Նա չէր լսում մինչև անգամ որոտի գոռում-գոչյունը, փայլակների փայլփլելը և քամու շռնչյունը, որ վայրենի գազանի նման ոռնալով հարձակվում էր Հեղինեի բանտի պատերի վրա, ներս սողում, քնքուշ համբույրներ դրոշմում նրա բորբոքված այտերին, շոյում նրա գանգուրները և ապա դուրս թռչելով սենյակից, խելագարի նման վազում առաջ...

Ո՞ւր էին տանում այդ համբույրները` հայտնի չէր...

Է

Որոտն անցնում էր...

Բայց Վանա ծովը կատաղի փրփրում էր, հորձանքներ տալիս և դիպչելով ծովափնյա ժայռերին` փշրվում, կտոր-կտոր էր լինում և ետ նահանջում: Վանա բերդի մոտ, ծովի մի փոքրիկ խորշի մեջ կապված էին մի քանի մակույկներ, իսկ նրանց մոտ, ծովափին, մի մեծ ժայռի տակ, երևում էին մոտ քսանևհինգ զրահավորված մարդիկ: Մեկը միայն զենք ու զրահ չուներ, բայց նրանից ամենքը ակնածում էին և պատրաստ էին նրա ձեռքով նշան տալուն պես ծովը նետվելու և կուլ գնալու կատաղի ալիքներին:

Մութը հետզհետե խտանում էր, իսկ կայծակի վայրկենական փայլփլելը հետզհետե նվազում, որոտն արդեն անցել էր նրանց գլխով և այժմ հեռու` լեռների ետևիցն էր լսելի անում յուր խուլ, անորոշ գոռգոռոցը:

Ծովը փոթորկվում է, հա՛յր սուրբ, ի՞նչպես կհրամայեք, այժմ ժամանա՞կ է արդեն գործ սկսելու, — ասաց զենքերի մեջ կորածներից մեկը` դիմելով վանականին:

Ալիքները մեզ վախեցնել չեն կարող, ուր որ է կհանդարտվի, և մենք կփախցնենք Գագիկ Արծրունու զոհը... Բայց չդարձա՞վ Տեր-Սահակը, ինչո՞ւ նա ուշացավ:

Չգիտեմ, Մարտիրո՛ս հայր, գուցե նա մի փորձանքի հանդիպեց կամ գուցե չկարողացավ նշան տալ Հեղինեին:

Չեմ կարծում, Գևո՛րգ իշխան, Սահակ հայրը ամեն ծակուծուկ ճանաչում է. նա դժվար գործը արդեն վերջացրել է` կաշառելով պահապաններին, իսկ Հեղինեն չեմ կարծում հակառակի:

Այո՛, եթե պահապաններին փոխած չլինեն: Ո՞վ գիտե, Գագիկը գիշերներն էլ է հսկում յուր աղջկան, նա կարծես հոտ է քաշել մեր անելիքի մասին:

Բայց բավական ուշացավ Սահակ հայրը, չլինի թե...

Ս՜ս... քայլերի ձայներ եմ լսում, կարծես նա լինի գալիս:

Հիրավի, հեռվից զգույշ քայլերի ձայներ լսվեցան: Մարտիրոս վանահայրը և Գևորգ Մարզպետունի իշխանը լռեցին և լայն բացած աչքերով առաջ էին նայում, բայց մութը այնքան սաստիկ էր, որ ոչինչ չէր երևում: Քայլերի ձայներն էլ երբեմն լսվում էին, երբեմն` ոչ: Ծովի հորձանքի ձայնը չէր թողնում պարզ լսել:

Տղե՛րք, զենքներդ պատրաստ պահեցեք, ո՞վ գիտե ով է, ամեն բանից պետք է զգույշ կենալ, մենք կարող ենք թակարդի մեջ ընկնել, — դարձավ Գևորգն խմբին:

Այդ ժամանակ լսվեց գորտի կռկռոց, որի ձայնից իսկույն միամտեցին և այդ կռկռոցին իրենք էլ գորտի կռկռոցով պատասխանեցին:

Սահակն է և Ծառուկը: Փուչը լավ է նմանեցնում գորտին, կարծես իսկը գորտ լինի, — ասաց Մարտիրոս վանահայրը և անհամբերությամբ դեպի ձայնի կողմը նայեց:

Անցավ փոքր ժամանակ, և Սահակն ու Ծառուկը կանգնած էին այդ փոքրիկ խմբի մեջ:

Հը՜, Սահա՛կ հայր, ի՞նչ եղար, ի՞նչ պատահեց քեզ, մենք կարծեցինք, թե Գագիկը քեզ էլ ու Ծառուկին էլ բանտ դրեց, — հարցրեց Մարտիրոս հայրը:

Չէ՛, դեռ վաղ է ինձ բանտ դնելը, գործեր շատ ունիմ, մեղքերս շատ են. պետք է քավել և ապա բանտ նստել ու մեռնել:

Ի՞նչ արիր, հայտենցի՞ր Հեղինեին, նա համաձա՞յն է փախչելու, — ասաց վրդովված Գևորգը և շունչը պահելով պատասխանի էր սպասում, կարծես այդ խոսքից կախված լիներ նրա մահն ու կյանքը: Բայց Սահակն ուշացնում էր պատասխանը, նա չգիտեր, թե ինչ կա Գևորգի սրտում. նա չէր էլ տեսնում, թե ինչպես նրա դեմքը այլայլվում է:

Հայտնեցի, բայց թե...

Ի՞նչ բայց թե...

Բայց թե պատասխան չստացա: Մեր լրտեսը համբավ բերեց, թե նա կարդաց նամակը և, ուժասպառ ընկնելով մահճակալին, քնեց:

Քնե՜ց... Քնեց այն ժամանակ, երբ մենք ուզում ենք փրկել նրան... Այդ ի՞նչ է նշանակում, տե՛ր հայր, ուրեմն նա չի ուզում յուր փրկությունը, արհամարհում է մեզ, — ասաց Գևորգը և մի խոր ախ քաշեց:

Այդ «ախը» գաղտնի չմնաց Մարտիրոս վանահորից, որ ամեն բան տեսնում էր և նախագուշակում:

Next page