Չարենց Եղիշե՝   Տեսիլաժամեր, Ծիածան, Ողջակիզվող կրակ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last

Վաղո՛ւց անցել ես դու, Աստղի՜կ, կյանքից մեր մութ,
Թողել ես կյանքը այս հիվանդ քրոջդ մեղկ,
Թողել ես, որ երգեն նրան երգեր լուսնոտ,
Լուսնոտ երգեր երգեն տխուր ձայնով բեկբեկ:

Նրանք սրինգ ունեն, ունեն քնքուշ քնար,
Գեղգեղ երգում են մութ, տարտամ սերերն իրենց,
Սիրում են քո քրոջ մարմինը պաղ մարմար՝
Սիրով անկիրք ու մեղկ, սրտով մեռած ու խեղճ:

Աշնան անլույս, տխուր օրերն անլույս, բեկուն,
Աշնան քամին, առուն, աշնան հովերը թաց
Խոսում են մեղմ ձայնով նրանց հիվանդ հոգուն
Սիրո մասին՝ վաղո՛ւց արդեն ցնորք դարձած:

Նրանք սրինգ ունեն, ունեն քնքուշ քնար,
Գիտեն երգել աշնան հովի նման անուշ,
Երգում են քո քրոջ մարմինը՝ պաղ մարմար,
Երգում են սեր, աշուն, աշնան ցնորք ու հուշ:

Եվ չեն սիրում նրանք էլ քո մարմինը տաք,
Սիրո խնդում չկա նրանց համար հիմա, —
Սիրում են սերն իրենց, ցնորքը ջինջ, հստակ,
Որ տա՛ պիտի իրենց անսուտ գգվանք ու մահ:

Ու ստվերներ դարձած՝ նրանք շրջում են լուռ
Պուրակներում խոնավ, բուլվարներում անմարդ:
Եվ չի վառվի նրանց կյանքում էլ ո՜չ մի հուր,
Եվ չի լցվի խանդով նրանց հոգին վհատ:

Աստղիկ, ինչո՞ւ անցար, ինչո՞ւ նրանց երգից,
Երգած քո թույլ, նվաղ, հիվանդ, քրոջ մասին
Թողիր դու կյանքը մեր և որբ թողիր դու ինձ,
Եվ կյանքը սուտ դարձավ՝ գիշեր, ցնորք, լուսին:

Ես ի՞նչ անեմ հիմա. նրանք երգեր ունեն,
Նրանք գիտեն ապրել՝ լուսնի լույսին գերի, —
Բայց չե՛մ կարող հո ես սիրել օրերը թեն
Ուզում եմ ես գգվանք, գալարք ու խաղ հրի:

Ուզում եմ ես հիմա քո շեկ մազերը բոց,
Կարմիր շրթերը քո, կոնքերը քո հասուն,
Ուզում եմ կիրքը քո՝ կրակ դարձած կնոջ,
Տարփանքը քո բեղուն, որ չի՜ երբեք կասում:

Ուզում եմ քո բրոնզե անհաղթ թևերը ձիգ,
Ու կուրծքը քո հրե, արգանդը քո գարուն,
Ուզում եմ ջերմ կրքիդ եռերը շոգ, հրձիգ,
Անհո՛ւն աստղեր սփռող երկրի անծայր հեռուն:

Անցնում եմ ես ահա փողոցներով քարե,
Հսկա շենքերը ինձ նայում են խիստ, խոժոռ, —
Ապրել եմ ես այստեղ հարյո՛ւր, հազա՛ր տարի,
Բայց նո՛ր եմ ես նորից՝ քաղաքներում այu նոր:

Անցնում եմ ես ահա քաղաքներով երկաթ՝
Շուրջս՝ մարդիկ անվերջ, կրքի գալարք ու վեճ, —
Վառե՛լ եմ ես հզոր երգեր կյանքում վհատ
Ու, խե՛նթ, փշրել կուզեմ վերջին պատրանքն իրենց:

Քնար չկա ձեռքիս և ոչ սրինգ անուշ
Չե՜մ էլ ուզում նրանց երգերը մեղմ, հուզիչ, —
Շեփո՛րն եմ ես կյանքի՝ համակ կորով ու ուժ,
Շեփո՛ր եմ ես ահեղ՝ մի նո՛ր կյանքի երգիչ:

Ու շուրջը իմ արդեն օրերը՝ կուռ, պողպատ՝
Ահեղ շաչում են՝ նոր երգով առույգ ու ժիր,
Կանչում են ինձ նրանք, որ ես խոսքով երկաթ
Վառե՛մ նրանց հոգում երգեր կարմիր ու հիր:

Եվ իմ հոգին հիմա նրանց երգից այդ կուռ
Լցվել է բորբ հրով, կայտառ սիրով մի նոր.
Ես սե՛ր կուզեմ հիմա, կնոջ գգվանք ու հուր,
Բեղո՛ւն մարմին կուզեմ՝ կրքի՛ս նման հզո՛ր:

Արի՛, Աստղի՜կ, հիմա, որպես գալիք կյանքի
Անհուն, բեղուն խավար՝ աստղի՛ համար իմ վառ.
Եղի՜ր, որպես պղինձ, երկաթ եղիր հանքի,
Շինող կամքիս համար եղիր կարմի՜ր մարմար:

Արի՛, որպես անմար կրքով լցված գարուն,
Ու կո՛ւյս եղիր՝ գարնան դաշտի նման խոպան,
Գարնան խանդի նման եղիր բորբոք, եռուն,
Որ ես, կայտառ, վառեմ քո մեջ իմ նո՛ր ճամփան:

Արի՛ հիմա, ծաղկուն, խնդուն, որպես ամառ,
Երգո՛վ, պարո՛վ արի ու ցանկությամբ որոշ,
Եղի՜ր, Աստղի՜կ, տոկուն, կամքի պես իմ համառ,
Ո՛վ կի՜ն, եղի՜ր հիմա, որպես կարմիր դրոշ:

Ինչպես օրերը այս՝ գալիքներով բեղուն
Այնպես արգանդը քո անհո՛ւն լինի թող տոթ.
Աստղի՛կ, գալի՛ք դարձիր, դարձիր տարերք զեղուն,
Այլևս մա՛յր դարձիր՝ գալիք կյանքի խորհուրդ:

Գալի՛ս է կյանքը նորու իմ ձայնից շեփոր
Քո դալկադեմ քրոջ ցնորքը ծո՛ւխ դարձավ.
Նրա հմայքը մեղկ ցնդե՛ց երգից իմ նոր, —
Սրինգ չկա արդեն, դողդոջ քնար ու ցավ:

Կանգնե՛լ եմ ես, հզոր, գալիք կյանքի առաջ,
Ու կիրքը իմ անսանձ հորդե պիտի հիմա.
Աստղի՜կ, իջի՛ր նորից, որ իմ հրով վառած՝
Արյունդ արև՛ ծնի գալիք կյանքի համար:

Արի՜, Աստղի՜կ, ու ա՛ռ պայծառ հավերժը իմ,
Եվ միսդ թող ծաղկի, ինչպես իմ կամքը ձիգ, —
Ջարդե՛լ եմ ես արդեն նրանց քնարը հին,
Շեփոր-մարմինն է իմ կանչում խանդով հրձիգ...

1920

ԷՊԻՔԱԿԱՆ ՊՈԵՄՆԵՐ

ԿԱՊՈԻՏԱՉՅԱ ՀԱՅՐԵՆԻՔ

(Հատվածներ պոեմից)

I

Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն,
Պատուհանիս առաջ երկա՛ր ու երկա՛ր.
Նայել պահվող ճամփաներին անանուն
Ու երազել խնդություններ արևառ:
Նայել կանաչ հովիտներին՝ արևի
Իրիկնային երանգներով շղարշած,
Խմել լուսե երանգները վերևի՝
Երջանկացած ու հարբած:
Ականջ դնել ցորենների շշուկին
Եվ սպասել, որ շշուկները բուրեն
Ու երգ դառնա երկնասլաց իմ հոգին
Ու երազները մեղմորեն օրորեն:
Ես սիրում եմ նստել մենակ ու անձայն,
Աչքերս հառել հուրհրատող երազին,
Լսել ձայներ, որ զնգացին ու անցան
Երանգների պես իրիկվա երազի:
Ապրել՝ հարբած երազներով իրիկվա,
Սուզվել անտես՝ աղբյուրների կարկաչում, —
Հարբե՛լ, հարբե՛լ ու մոռանալ առօրյան
Եվ հավատալ, որ հեռվից բախտն է կանչում...

II

Կա հոգեկան անհունության մի վայրկյան,
Երբ ամեն ինչ սուրբ է թվում ու անբիծ,
Երբ երազ է դառնում տաղտուկ առօրյան
Ու դառնում են ուղևորները ճամփից:
Դուռս բաց է, դուռս բաց է ձեզ համար
Օ՛, հեռավոր բարեկամներ ու քույրեր.
Սիրտս վառել է կրակները անմար՝
Հին երազներն ու կարոտները հրե:
Սիրտս վաղո՛ւց ձեր գալուն էր սպասում,
Հավատում էր կարոտակեզ, որ կգաք,
Ու կլինի հանդիպումի երազում
Քաղցր ժպիտ ու խնդություն ու կրակ:
Ա՛խ, ես գիտեմ, որ դուք կգաք խնդագին,
Լո՛ւյս կվառեք մառախուղում ու մուժում
Ու մի անմար կարոտանքով կրկնակի
Ճամփա կընկնենք իրիկնային մշուշում...

III

Օ՛, հեռավո՛ր, կապուտաչյա՛ սիրուհիս. —
Հովիտի մեջ փրփրուն գետն էր հոսում
Եվ անդադրում պատմում էր ինձ, որ ունիս
Դու գգվանքներ ու գրկանքներ սերասուն:
Այնտեղ, կանաչ ու ծաղկաշատ գետափին
Տնակս այնքա՛ն հոգեթով էր ու անդորր.
Լսում էի ալիքների երգը հին,
Որ ինձ թվում էր մայրական մի օրոր:
Ալիքների հազարաձայն երգի մեջ
Ես գիտեի գուշակել քո ապագան,
Լսում էի կարոտերգերդ անվերջ,
Լսում էի խոստումներդ՝ ես կգա՜մ:
Ուռին, բարդին ու թթենին գետափնյա
Լսում էին ինձ հետ երգերը ջրի
Ու սիրտ շոյող շշուկներով դյութական
Թախծում էին մենության մեջ օրերի:
Ա՛խ, իմ գետակն ու իմ այգին հայրական,
Գետեզերքին՝ իմ երազը տխրամած.
Ե՞րբ, ե՞րբ էր, որ ասացիր՝ ես կգամ
Ու խոստումիդ սիրտս խնդաց ակամա...

IV

Օ՛, հեռավո՛ր, կապուտաչյա՛ սիրուհիս...
Հովիտի մեջ փրփրուն գետն էր հոսում
Ու փսփսում էր երազներ անհունի
Գորշ օրերի միանման երազում:
Ելնում էր մայրս տնակից հնամյա,
Ծեր քայլերով գնում էր ափը ջրի
Ու թթենին մեղմ օրորում էր նրա
Թախիծը հին, անհրապույր օրերի...
Ես չըգիտեմ, ես չըգիտեմ հիմա էլ՝
Աղջի՞կ ես դու, թե այն տնակն ու այգին,
Ուր հոսեցին իմ երազները ջահել
Ու վայրկյանները անսփոփ պատրանքի:
Բայց ես գիտեմ, որ սիրեցի քեզ մի օր,
Երբ հասկացա, որ աշխարհում դու չկաս,
Բայց երազի ուղիներով հեռավոր
Դու մի գիշեր պիտի իջնե՛ս, պիտի գաս:
Հավատացի, որ կտեսնեմ քեզ մի օր,
Ու կլինես դու իմ անբիծ հարսնացուն՝
Արևների նման պայծառ, լուսավոր,
Ճաճանչների նման Վահագն Աստըծու:
Աներևո՜ւյթ, կապուտաչյա՜ սիրուհիս, —
Գիշերների տխրության մեջ լուսնկա,
Սիրտս տալով շշուկներին անհունի
Ես մեն-մենակ լույս ճամփաներդ ընկա...

V

Որոնումիս ճանապարհին անծանոթ
Չհոգնեցի, չհոգնեցի ես երբեք:
Այրում էր իմ սիրտը հեռու մի կարոտ,
Կանչում էր լույս հեռուներդ անեզերք:
Գնո՛ւմ էի գիշերային իմ ճամփով
Ես միայնակ ու տրտում:
Միայն կարոտս էր հեքիաթում հոգեթով
Երազանքներ անպատում:
Ու լուսնկա ուղիներում անանուն
Կարոտակեզ, սիրակեզ,
Անբառ սիրով ու կարոտով մի անհուն
Քեզ սպասում էի ես:

VI

Ու լուռ էր այնպես: Հեռու-հեռևում
Մի հազարամյա վանք էր երևում:
Փայլում էր ոսկին հնամյա խաչի
Եվ ես կանգ առա նրա առաջին:
Ճամփան՝ ոլորուն՝ դեռ իջնում էր վար,
Դեպի դաշտերի գիրկը, ուր չկար
Մարդկային աղմուկ ու երգ ու շառաչ, —
Երազ էր կարծես՝ անապատ դառած:
Ու լուռ էր այնպես: Վայրկյանն էր հոսում:
Ու հին լռության լաբիրինթոսում
Սպասում էին դաշտ, հովիտ ու քար
Կարծես թե մեկը այցի պիտի գար:

VII

...Եվ մի օր ես այն հին վանքը մտա:
Շուրջը կաղնիներ հաղթ բազմել էին:
Երգում էր անուշ զանգը հնամյա
Ու թախծում էին գորշ քարերը հին:
Եվ այն հին վանքի կամարների տակ,
Ուր մի անիմաց, անիմանալի
Գոյության ճախրում կա լուրջ ու պարփակ՝
Ես ծունկ չոքեցի աղոթքներով լի:
Թեկուզ չվառվեց տոնական բույլով
Ջահը վերևի, ջահը հազարաչ.
Թեկուզ չբացվեց վարագույրը մով
Եվ ոչ մի ծնծղա անուշ չզնգաց.
Թեկուզ ոչ մի երգ չլսվեց վանքի
Այն հազարամյա կամարների մեջ
Բայց հոգիս զգաց մի հին բերկրանքի,
Բախտավորության ու սիրո վայրէջք:
Ու սիրտս լցվեց անհուն մի խնդում:
Հասկացա, որ կա, կգա, կլինի...
Ու ժպտում էր ինձ երկիրը տրտում,
Երկիրը ցավի, սուգի, արյունի...

VIII

Վերադարձա տուն...
Վայրկյանն իմաստուն, եկել է ահա:
Գնացել են մեր հնձվորներն արդեն
Ու հսկում եմ ես հին շեմքի վրա:

Գնացել են մեր հնձվորներն արդեն:
Ես մենակ նստած սպասում եմ լուռ:
Ճերմա՛կ սիրուհիս, ես գիտեմ, գիտեմ,
Որ նրանք հիմա հնձում են տխուր...

Ցավում է հոգիս ու խոցվում է խոր.
Վառվում է քո հին կարոտն իմ հոգում:
Բայց ինչո՞ւ է սիրտս այսպես բախտավոր
Եվ ինչո՞ւ է ցավն այսպես ամոքում...

Հնձում են հիմա հնձվորներն այնտեղ.
Ճերմակ սիրուհի՛, կապուտաչյա քո՛ւյր...
Արևը հիմա այրում է այնտեղ
Խե՛ղճ հնձվորների կրծքերը մաքուր...

Իսկ ես անսփոփ սպասում եմ դեռ
Վերադարձների բերքառատ ժամին: —
Օ՛, հեռու իմ քույր, երկիր իմ անտեր
Այնտեղ, երևի, քրքջում է քամին...

IX

Օ՛, իմ հեռո՛ւ, կապուտաչյա՜ սիրուհի,
Երկիր իմ որբ, արնաքամ ու ավերակ...
Օրերում այս տառապանքի ու մահի
Վառել է իմ սիրտը հեռու մի կրակ:
Օրը կգա: Ու հեռավոր դաշտերից
Մեր հնձվորները, հոգնաբեկ, կգան տուն:
Կբոլորեն սեղանի շուրջը նորից
Ու կլինի հազա՛ր ծիծաղ ու խնդում:
Ու խնջույքում, աներևույթ դու կգաս,
Սիրտս կզգա քո թովչությունը մոտիկ.
Եվ չես լինի դու արնավառ մի երազ,
Ու կխնդան քո զավակներն անոթի...
Կտեսնեն քեզ հանկարծ լուսե՛ ու պայծառ
Ու կլինես դու հարազատ ու անուշ:
Մութը կանցնի ու մառախուղը անծայր
Հուշ կդառնա, հնամենի մի զրույց...

X

Կապուտաչյա՜ սիրուհիս, ամուսնանանք պիտի մենք
Արևի տակ՝ հայրենի հովիտներում կանաչուն:
Ու հնամյա աշխարհում մենք բախտավոր կլինենք,
Կապուտաչյա՛ սիրուհի՜ս, դրախտայի՛ն իմ թռչուն:
Հովիտներում հայրենի, հովիտներում սրբազան
Կլինի մի հարսանիք հազարնվագ ու խնդուն,
Երգ ու ծիծաղ կլինի ու աղջիկները կգան
Ու կպարեն հնամյա պարերը խե՛նթ ու ճկուն:
Ու գինիներ կլինեն արնափրփուր ու կարմիր,
Որպես երազն արյունիս, որպես հոգուս զոհը հիր:
Ու ծաղիկներ կլինեն բազմաբույր ու բազմերանգ՝
Հարսանիքիս խնջույքին փսփսալու են նրանք
Առասպելները ապրըված ու զրույցներ հնամյա
Նրանց մասին, որ չկան ու մոռացվել են հիմա:
Եկե՜ք, եկե՜ք հարսանքիս օրն այնքան երգ կլինի,
Այնքան խնդում ու ծիծաղ, այնքան ցնծանք արյունի,—
Եկե՜ք, եկե՜ք, սրբազան հովիտներում հայրենի
Վաղը մի սուրբ խրախճանք, մի հարսանիք կլինի:
Կարս, 1915. ll

ԴԱՆԹԵԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼ

(Հիշողություններ պատերազմի դաշտից)
ՄԻՀՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
և ԱՇՈՏ ՄԻԼԻՈՆՉՅԱՆ
նահատակ ընկերներիս,
nր ընկան Սուլդուզի դաշտում

1915 թվի դեկտեմբերի 25-ին

I

Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին՝
Կապույտ երկնքի խորությամբ արբած:
Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին՝
Ուրախ էինք մենք և մեր սիրտըբաց:
Կանչում էր, կանչում ճամփան անմեկին
Ոլորապտույտ մեր առաջ փռված:

Եվ վերջին անգամ նայեցինք մենք ետ,
Ուր ոչինչ չկար մեզ համար դյութիչ.
Անցյալը կորել, ցնդել էր անհետ,
Որպես երազում արձակած մի ճիչ:
Ո՜չ մի տխրություն չէր ճախրում մեզ հետ՝
Կախարդել էր մեզ առավոտը ջինջ:

Պար էինք խաղում ու երգեր ասում,
Զենքերի փայլով հրճվում էինք մենք:
Կարծես մանկական կապույտ երազում՝
Ամեն ինչ այնպես ժպտում էր աննենգ:
Ո՜չ հրաժեշտի անորոշ հուզում,
Ո՜չ էլ մեռնելու կասկածանք կար նենգ:

Անսահման դաշտն էր փռված մեր առաջ:
Ոսկի հասկերով ողջունում էր մեզ
Աշխարհի հեռուն՝ բա՛ց, լայնատարա՛ծ,
Արևի շնչով լվացված կարծես:
Իսկ ճամփան, անծայր իրանը փռած,
Թավալվում էր մի հսկա օձի պես:

Թեթև քայլերով ու սրտով թեթև
Քայլում էինք մենք կայտառ ու ջահել:
Մեր հոգին ուներ թռիչքներ ու թև՝
Ո՞վ էր մեզ արդյոք այդպես հմայել...
Նայում էին մեզ լեռները պարթև՝
Կոչո՜ւմն է նրանցհավիտյա՜ն նայել:

Ուշ իրիկուն էր, երբ մի գյուղ մտանք:
Վրաններն արդեն զարկըված էին,
Երբ նույնպես ուրախ, անհոգ, անվտանգ
Բոլորեց իսկույն մեր շուրջպարը հին.
Զնգացին նորից հազա՜ր երգ ու վանկ
Եվ վերջին անգամ պղպջաց գինին:

Լուսնյակը արդեն բարձրացել էր վեր
Եվ շուրջը փռել արծաթե մշուշ,
Երբ հոգնած մտանք վրանները մեր,
Խոտերի վրա պառկեցինք անուժ,
Է՛, բարի գիշեր, անգի՛ն ընկերներ, —
Ու խոր քուն մտանք, քնեցինք անուշ:

II

Եվ ուրախ էինք այսպեսերեք օր:
Բայց հետո հանկարծ բացվեց մեր առաջ
Մի ավեր ուղի, ուր անհուն ու խոր
Մի տառապանքի խորշակ կար վառած:
Եվ կամաց-կամաց դարձավ վիրավոր
Մեր հոգին անօգ ու բազմաերազ:

Երկինքն էլ կարծես փոխվել էր արդեն:
Անձրևներ էին մեր գլխին տեղում:
Ավերված ուղին փռված էր մեր դեմ՝
Իր ծայրը թաղած մեգ-մառախուղում:
Եվ երկնքի պես մեր հոգին էլ թեն՝
Անձրևների տակ մրսում էր, դողում:

Ճամփի մոտ ընկած տեսանք մի դիակ:
Կանգնեցինք, մի պահ նայեցինք իրար:
Փտել էր արդեն անձրևների տակ.
Ի՞նչ ցեղից էր նաայդ ո՞վ կիմանար:
Իր ապրած կյանքից ամեն հիշատակ
Սրբել էր, տարել անձրևը վարար:

Երկա՛ր կանգնեցինք: Մի զինվորընկեր
Դիակն հրելով, խնդաց խելագար:
Բայց չէ՞ որ նա՜ էլ կրել է զենքեր,
Եղել է մեզ պես կյանքի սիրահար:
Ես մտածեցի՝ գնում ենք մենք էլ
Այսպիսի դիակ դառնալու համար:

Եվ անցա առաջ: Լեռներից անդին
Երևաց հանկարծ արեգակը հուր:
Եվ ես մոռացա այն այլանդակ դին,
Շնչեցի հողի թարմությունը խոր,
Եվ նորի՛ց իմ բաց ու լցված սրտին
Աշխարհը թվաց այնքան թա՛րմ ու նո՛ր:

Արևի ոսկի մատները իջան
Ու գուրգուրեցին հեռուները թաց:
Հավիտյան վազող ու միշտ ժրաջան՝
Խոտերի միջից առվակը խնդաց:
Եվ թեթև՛ նետած սլաքի նման
Դեմից մի թռչուն անցավ սրընթաց:

Ախ, այդ դաշտերի հեռո՛ւն ոսկեգույն,
Այդ երկինքների կապո՛ւյտը պայծառ...
Ամեն ինչ կարծես ասում էր հոգուն,
Որ այս աշխարհում քմահաճ ու չար՝
Չըպե՜տք է, որ մարդն հեկեկա անքուն
Աշխարհում մի օր ապրելու համար:

Եվ ես հարց տվի հանկարծ ինքս ինձ,
Թե ո՞ւր ենք գնում այսպես եռանդով:
Չէ՞ որ աշխարհում կա խոր մի կսկիծ,
Ամենքի համար կա մի վիշտ անթով
Էլ ի՞նչ ենք ուզում վերցնել կյանքից
Ահաբեկիչի խելագար խանդով:

Ինչո՞ւ է երազն այս աշխարհավեր
Կախվել մեր գլխին այսպես կուրորեն:
Ինչո՞ւ են փռում այսքան ցավ, ավեր,
Հողմերը այս չար ե՞րբ պիտի լռեն:
Եվ ո՞վ է լարում այսպիսի դավեր
Կյանքը դարձնում նզովյա՜լ գեհեն:

Եվ մի՞թե մարդիկ այստեղ չե՞ն նայել
Երբեք հեռուներն այս լա՛վ աշխարհի,
Ուր արևը բյո՛ւր հրաշք է վառել,
Որ մարդու հոգին խանդավառ, բարի՝
Գգվի հիացքով երջանկավայել
Ամե՜ն մի խոտի, ամե՜ն մի քարի:

Ախ, ո՛չ... Սատանա՜ն քրքջացել է այս
Ոսկի դաշտերի քնքշությանը խոր,
Փռել է կարմիր խորշակ ու երաշտ,
Վառել է ոսկի հասկերը բոլոր: —
Սրտի կսկիծով ես անցա առաջ
Ու շուրջս նորից նայեցի մոլոր: —

Եվ ահակրկին մի քանի դիակ:
Եվ այստեղ ահավարսեր կանացի:
Իսկ այստեղ, արնոտ վերմակների տակ
Փտած փշրանքներ արնաներկ հացի:
Ո՞վ է հեռացել այստեղիցմենակ,
Քարացա՛ծ սրտով, լուռ, առա՜նց լացի...

Իսկ այստեղ ահամի ոսկրացած ձեռք:
Մարմինը չկա: Ընկած է անձայն:
Քիչ հեռուն գտանք սրունքները մերկ,
Իսկ քիչ է՜լ այն կողմատամներ ցիրցան:
Իսկ այնտեղ, ժայռի կատարին այն լերկ,
Մոռացել էին մի հին հրացան:

Սարսափած սրտով մենք անցանք առաջ,
Եվ մեր հայացքից արյուն էր կաթում:
Լուսնոտի նման բութ ու շվարած՝
Այլևս ոչինչ չէինք նկատում:
Մի ծա՜նր կսկիծ ուսերիս առած՝
Լուռ քայլում էինք արնաբույր տոթում:

Իրիկնամուտին մենք մի գյուղ մտանք:
Անունն էր միայն, իսկ ինքը չկար:
Այլանդակ գուղձեր, դևի ապարանք:
Մնացինք՝ հանգիստ առնելու համար:
Եվ գիշերն ամբողջ պատմեցին նրանք
Զրույցներ զազիր ու խայտանկար...

llI

Եվ նորից՝ կանուխ, առավոտ ծեգին,
Մենք ճամփա ընկանք անխոնջ ու համառ:
Այս անգամ արդեն լեռնոտ էր ուղին,
Բայց տրտունջ չկար հոգու համար:
Նախատում էինք տրտնջացողին,
Դեպի նա դառնում անողոք ու չար:

Ես չեմ մոռանա մեր վերելքը թեք
Թափարիզ լեռան ծերպերով անտես:
Այնքան գեղեցիկ չի՜ եղել երբեք
Տոկացող կամքի մաքառումը վես:
Թվում էր, թե հին ասպետներ ենք մենք
Եվ վեր է մղում սուրբ ցնորքը մեզ: —

Սառածծերպերով գնում էինք մենք՝
Ե՜վ զենք, և՜ զրահ ուսերիս առած:
Իսկ ձյունոտ ուղին խաբող էր ու նենգ՝
Սայթաքում էինք, բայց անցնում առաջ:
Վագրերի նման ճկուն էինք մենք՝
Հայացքներս լուրթ գագաթին հառած:

Վերելքը ծանր էր և ուղինավեր:
Եվ այնտեղ չկար ո՜չ մարդ, ո՜չ թռչուն:
Եվ շարա՛ն-շարա՛ն բարձրանում էր վեր
Մեր բեռնավորված ընկերների չուն:
Իսկ ձյունն անընդհատ լարում էր դավեր՝
Ոտքերիս կպած մեզ վա՜ր էր կանչում:

Կեսօր էր արդեն, երբ հսկա լեռան
Ձյունապատ ու ցուրտ գագաթը հասանք:
Կանգնեցինք ճերմակ գագաթի վրա,
Ուր ո՜չ արարած, ո՜չ բույս կար, ո՜չ կյանք:
Եվ կրծքերը մեր ահից թունդ առան՝
Անհո՛ւն զգացինք, որ ապրում ենք, կա՛նք:

Հպարտ հայացքով նայում էի ես
Եվ խմում էի անսահման հեռուն:
Բարձրության վրա անհո՛ւն է այնպես
Մարդկային հոգին աշխարհը սիրում:
Անբառ հրճվանքով զգում էի ես,
Որ կյանքն է իմ մեջ ցնծում ու եռում:

Եվ՝ խորասուզված կույս հեռուների
Անսահման ու խոր անհունության մեջ
Ես հոգուս խորքում խոստանում էի
Լինել վեհասիրտ, ու հպարտ, ու մեծ
Երբ հեռվից հանկարծ մի զինվոր ընկեր
Դողդոջուն ձայնով ինձ իր մոտ կանչեց:

Մոտեցա... և քար կտրած մնացի: —
Սառույցի վրա ընկած էր մի կին,
Որ առանց խոսքի ու առանց լացի
Մեռնում էր՝ անմիտ մի ժպիտ դեմքին:
Դողդոջ մատներով փշրանքը հացի
Սեղմել էր ամուր, որպես գանձ անգին:

Աչքերը թարթեց նա վերջին անգամ
Եվ գոհ ժպտալով՝ ժպտադեմ հանգավ:
Սարսափելի էր այս ամենն այնքան,
Որ մեր շրթերից ո՜չ մի բառ չընկավ:
Բայց ճչում էր մեր սրտերում կարկամ
Մի անհուն կսկիծ, ամեհի մի ցավ:

Մենք լուռ փորեցինք սառցի կուրծքը ծեր
Եվ անալելու թաղեցինք նրան:
Դողդոջուն, սառած, չոր ձեռքերը մեր
Նույն ձյունն անհամբույր դիզեցին վրան:
Եվ ճամփա ընկանք, որպես մեռելներ,
Թաղելով այնտեղ և մեր խիղճն ունայն:

Ու քայլում էինք, հոգնած ու մռայլ,
Այդ ճամփաների հետքերով ավեր:
Եվ մեր թափորի ընթացքն համրաքայլ
Չար, մահաշշուկ բարձրանում էր վեր:
Եվ մեր համր հոգին ծանր էր, որպես քար,
Եվ չէինք կարող այլևս ցավել:

Մենք չէինք կարող խղճալ ոչ-ոքի.
Սարսափն էր նստել մեր հոգիներում:
Զգում էինք, որմի մութ թշնամի
Նենգ, դարան մտած, պահվել է հեռուն:
Զգում էինք, որչար ոսո՜խ կա մի,
Որ վերք է տալիս ու մահ է բերում:

Եվ սուրբ էր թվում ճամփան ահավոր,
Այդ ճամփան խելառ, քմահաճ բախտի:
Եվ քայլում էինք մենք հանդիսավոր,
Ինչպես մի վսեմ սրբազան ուխտի:
Եվ վերջին անգամ երդվում էինք, որ
Էլ ո՜չ ոք իր այս ուխտը չխախտի:
Եվ՝ ծանրաբեռնված քարավաններով՝
Դառնում էր մեկը ճամփաներից ետ:
Ի՛նչ էր հավաքել, ինչո՞ւ, ո՞ւմ գնով
Մութ էր մեզ համար, անմիտ, անհեթեթ:
Բարեկամ էր նա... բայց մե՜ր արյունով
«Բարեկամ» դարձած մի գիշեր մեզ հետ...

Եվ թշնամի էր մեզ ամեն մի քար.
Եվ ամեն մի իր լարում էր դավեր:
Եվ անցնում էինք մենք հանդիսաքայլ
Այն ճամփաների հետքերով ավեր,
Ուր ո՜չ մի էակ այլևս չկար,
Ուր չէ՜ր կարող մարդ խղճալ ու ցավել...

IV

Եվ ահա մի օր մենք մտանք մի գյուղ,
Որ գտնվում էր ծովակի ափին:
Հրդեհված էր նա: Այստեղ ու այնտեղ
Մի քանի տներ դեռ մխում էին:
Իսկ ծովի կապույտ ջրերը հնչեղ
Դեռ երգում էին իրենց երգը հին:

Կարկաչուն, հնչուն մանուկների պես,
Դեմքերին ժպիտ ու փրփուր փռած՝
Ալիքներն, անհոգ ու ժպտուն այնպես,
Վետվետում էին ու թռչում առաջ:
Անուշ ճիչերով պատմում էին մեզ
Հազար մանկական զրույց ու երազ:

Իսկ ավեր դարձած գյուղակն ալևոր,
Ծեր, խորհրդավոր, որպես մեռած հայր,
Ննջում էր անվերջ իր սև նինջը խոր,
Մեռելաստանի իր նինջը մռայլ:
Եվ չէ՜ր հասկանում այդ ժիր, բախտավոր,
Չար ալիքների զրույցները չար:

Իսկ այգիների շուրջպարը կանաչ
Ձգվում էր անծա՛յր ու անծա՛յր հեռու:
Բնությունը, գիրգ ստինքները բաց,
Ցոփ կնոջ նման հեթանոս, հլու
Պատրաստ էր ամե՜ն անցորդի առաջ
Իր աշնանային տռփանքը տալու:

Երկու ընկերով ներս մտանք այգին
Եվ տեսանք մեր դեմխաղողի մի ծով:
Անձնատուր եղած բախտի քմայքին՝
Սնվել էր անմահ արևի բոցով:
Հովերը նրան օրորել էին
Կարկաչուն ծովի հեռո՛ւ զնգոցով:

Մոռացած մի պահ հոգնությունը մեր
Խոնջացած սրտի, փոշոտ ոտքերի
Մոռացած ամեն քանդում ու ավեր,
Բնության անճառ հմայքին գերի՝
Չորացած, ծարավ շրթունքները մեր
Վայելում էին բերքը տունկերի

Երբ տունկերի մեջ... տեսանք մի դիակ:
Խեղդամահ արված՝ ընկած էր մի ծեր:
Ընկած էր արնոտ խաղողների տակ՝
Նրանց ստվերին ընկեր էր դարձել...
Ու չռվել էին աչքերն այլանդակ՝
Զարհուրանքալի մեզ տալով հարցեր:

Ընկերս ճչաց ու ընկավ գետին:
«Ջո՛ւր», — շշնջացին շրթերը նրա:
Մռայլ մոտեցա այգու ջրհորին,
Ամբողջ մարմընով կախվեցի վրա՝
Ուզեցի նայել հատակի ջրին
Ոչինչ չերևաց: Պարան կար: Առա, —

Եվ կախ տվեցի անտակ հորի մեջ: —
Լսեցի հեռու ճղփոցը ջրի:
Ու վեր քաշեցի ձիգ պարանը ես:
Դույլը մի վայրկյան զարնվեց քարի.
Էլի՛ մի վայրկյան... Եվ հանկարծ ասես
Իմ դեմ ոգինե՛ր ելան շուրջպարի...

Չռած աչքերով նայում էի ես
Դույլում օրորվող ջինջ, հստակ ջրին,
Որի մեջ մարմնի կիսանեխ մասեր
Հանդարտ, դանդաղկոտ օրորվում էին:
Ճիչը իմ կրծքում զսպելով հազիվ՝
Ջրհորի մոտից հեռացա լռին:

Հարբածի երեր, տարտամ քայլերով,
Որպես հալածված երկու ուրուներ՝
Մենք դուրս վազեցինք դեմքերով խռով, —
Եվ սարսափահար հայացքները մեր
Ո՜չ այգի էին էլ տեսնում, ո՜չ ծով, —
Ուր Մա՜հն էր արդեն իր թույնը քամել...

V

Եվ ահա մի օր տաժանքոտ ճամփից
Հոգնաբեկ, անուժ, հանգստի համար
Մենք մտանք Մեռած Քաղաքի շեմքից
Մեռած Քաղաքի փողոցները մառ:
Սարսափն էր սահում մեր մռայլ դեմքից,
Ու տենդում էր մեր սիրտը դիվահար:

Մեռած Քաղաքում ո՜չ մի մարդ չկար:
Եվ ամայացած շենքերը ավեր,
Մութ, մահատեսիլ, կույրերի նման
Փորած աչքերով նայում էին վեր:
Եվ չէին կարող նրանց հանդիման
Գետին չնայել հայացքները մեր:

Չգիտեմ ինչումենք մտանք մի տուն:
Անարև, անբիբ աչքերի նման
Նայում էին մեզ կասկածով անքուն
Պատուհանների խոռոչները լայն:
Շեմքի մոտ ընկած՝ նեխել էր կատուն.
Այն ո՞վ էր արդյոք սպանել նրան:

Ներս մտանք: Տեսանք՝ կոտրած թախտի մոտ
Ընկած էր մի կին՝ արնաշաղ ու մերկ:
Խոռոչի նման բացված ահահոտ՝
Քրքջում էր կարծես բերանն արնաներկ:
Իսկ կոնքերն ու չոր ծծերն արյունոտ
Պատմում էին մեզ պղծումներ անելք:

Ցնդեցին գանգիս ճիգերը հետին.
Ուղեղս կարծես արդեն ի՜մը չէր:
Ու պար բռնեցին երկինք ու գետին,
Եվ մեկն ինձ ասաց, որ պետք է փախչել...
Սակայն ո՞ւր գնալ, որ քեզ չգտնեն
Այդ կոնքերը մերկ, այդ ծծերը ծեր...

Եվ մենք այդ գիշեր մնացինք այդտեղ
Մեռած Քաղաքի ավեր շենքերում:
Ամբոխվել էին տեսիլներն ահեղ.
Խեղերի նման ցատկոտում, պարում,
Ու դառնում էին մեռելներ մի տեղ՝
Սատանայական տենդոտ շուրջպարում:

Մեռած Քաղաքի շենքերից մեկում,
Աչքերս անլույս խավարին հառած,
Պառկել էի եսահավոր, անքուն:
Ու դեմս, կարմիր կրակներ վառած՝
Ցատկոտում էին, բառաչում, տնքում
Մեռելներ զարհուր ու բազմատարազ:

Գույնզգույն շորեր, մարմիններ մեռած,
Սրունքներ կապույտ, ստինքներ դեղին,
Հետույքներ ուռած ու արնակալած
Խեղկատակ, արագ ցատկոտում էին, —
Իմ սարսափահար աչքերի առաջ,
Անթափանց միգում գերեզմանային...

Երգ էին ասում, ոռնում էին խուլ,
Հեծկլտում էին, ծիծաղում, շաչում, —
Խինդի էր նման ոռնոցը տխուր,
Լացի էր նման խինդը կարկաչուն, —
Բայց մահո՜ւ նման, և՜ ծանըր, և՜ խոր
Կրծում էր հոգիս ամե՜ն մի հնչյուն:

Եվ դժժում էր իմ աղեղում բորբոք
Երգը այդ շփոթ, սատանայական,
Դառնում էր հեռու կարոտի մորմոք,
Եվ թվում էր ինձ, որ արդեն չկամ,
Այլ ինչ-որ հեռու երազում մի շոգ
Տարվում է հոգիս անզո՛ր ու անկամ:

Թռչում էի ես, որպես մի ուրու
Նրանց պես ուրախ խաղում, ցատկոտում:
Եվ հանկարծ նրանց աղմուկը հեռու
Երգ դարձավ անփույթ՝ մանկական խնդում:
Եվ ես հասկացա, որ հեռո՛ւ-հեռուն
Ծո՜վն է շառաչում գիշերվա տոթում: —

Մանուկներ ուրախ, խլրտուն ու վառ,
Արևի նման կարմրավառ լուսին,
Մեռելներ զվարթ ու խայտանկար
Պա՛ր էին խաղում, երգում միասին...
Թռչկոտում էին սեթևեթ ու չար
Եվ երգում էին Աստղկա մասին...

Խե՜նթ երգում էին, որ Աստղիկը կա՛,
Ապրում է այնտեղջրերի խորքում.
Թո՜ղ բուքը ոռնա՛ աշխարհի վրա
Իրե՛ն ինչ՝ նա կա՜անմահ, անհերքում, —
Եվ մի՜շտ գեղեցիկ ու կույս կմնա
Իր աստվածային, անհուն եզերքում:

Եվ մեռելների շուրջպարն էր թռչում
Լուսնահար, խելառ, տխուր, արնաներկ,
Հնչում էր նրանց երգը կարկաչուն՝
Սատանայական տագնապի մի երգ, —
Ու ցատկում էին խավարի միջում
Մարմինները մառ, սրունքները մերկ...

Ու ձուլած իրար սեր, ցնորք ու մահ,
Լուսնահար ծովի երգով օրորուն
Ուղեղիս բորբոք կտավի վրա
Թանձրացան նրանք ու անցան հեռուն, —
Եվ խավարն իջավ աչքերիս վրա
Եվ ո՜ղջը կորավ աներազ նիրհում...

VI

Մեռած Քաղաքից մենք ճամփա ընկանք
Ճի՜շտ դեպի կռիվդեպի ռազմավայր:
Գնում էինք մենք՝ համառ և ուրախ
Կռվելու, կռվով մեռնելու համար:
Նահանջում էր դեռ թշնամին արագ
Եվ չէինք մենք դեռ հանդիպում իրար:

Թնդանոթները թնդում էին թունդ,
Եվ սրտատրոփ տեսնում էինք մենք,
Թե ինչպես այնտեղ, լեռներում կապույտ
Ավեր է փռում նա, հարված ու վերք,
Եվ դառնում են շեն գյուղերմոխրակույտ,
Եվ ծուխը կապույտ բարձրանում է վեր:
Եվ գնում էինք առաջ ու առաջ՝
Սյունապատ լեռան ահավոր կողով:
Դժվար էր ուղին: Բայց աչքերս հառած
Փախչող թշնամուն՝ անհուն մի կորով
Մղում էր մեզ միշտ առաջ ու առաջ
Եվ սրտերս այրում քանդումի հրով:

Երբ մենք, մի վայրկյան, հանգստի համար,
Կանգնեցինք լեռան ճերմակ գագաթին
Նայեցի հեռուն: — Վարը, հողմավար,
Ծովն էր աղմկում գանգատով մթին:
Զարնվում էին ջրերը իրար,
Ու խուլ, ու վարար մորմոքում էին:

Արճիճի նման գորշ, անփայլ ու մութ
Փռվել էր իմ դեմ ծովը հողմակոծ:
Գորշացել էին ջրերը կապույտ
Ու գորշ էր թվում աշխարհը ամբողջ:
Եվ ինչ-որ մի խոր ու տխուր խորհուրդ
Համակեց հանկարծ էությունս ողջ:

Եվ ծեր, ծովի պես, ծանրացավ հոգիս:
Ու կատակ թվաց արած գործը մեր:
Բայց լուռ բարձրացա, քայլեցի նորից:
Թնդանոթները թնդում էին դեռ:
Լցվել էր հոգիս անբառ մի կսկիծ՝
Թվում էի ինձ մենա՛կ ու անտեր:

Հանկարծ կանգ առա ես ձորամիջին:
Այլանդակ մի դի փռված էր իմ դեմ:
Նրա մոտ ընկած վիրավոր մի ձի
Ջղաձգորեն մեռնում էր արդեն:
Հե՛յ, մի քիչ առաջ, հլու իր սանձին՝
Սա՜ էլ էր փախչում այս վայրից գեհեն:

Ո՞ւր էիր փախչում, խղճո՜ւկ անասուն...
Քեզ քո տերն այստեղ ծեծելո՞վ բերեց:
Բայց նա չգիտե՞ր, որ այս երազում
Միայն Մա՜հն է տեր՝ անողոք ու մեծ:
Էլ ինչո՞ւ էր նա ավերել ուզում,
Այս դաժան մարտին ո՞վ նրան հրեg:

Տե՜ս, այլանդակված այժմ ընկած է նա:
Սևացել է, տե՜ս, արճիճի նման:
Անթաղ, անշիրիմ այստեղ կմնա,
Ոչ ոք չի՜ փորի նրան գերեզման, —
Ոչ ոք չի՜ տխրի, որ նա զոհ եղավ
Մի արնածարավ, անիմաստ ցասման:

Չգիտեմ ինչու, կամքիս հակառակ,
Նայեցի ահով նրա երեսին, —
Ու առաջ անցա քայլերով արագ,
Հոգուս բեռ արած խեղճությունը իմ:
Իսկ մերոնք, անմար եռանդով վայրագ,
Կռվում էին դեռ ու քանդում էին:

Հուր ու ծխի մեջ օրը վերջացավ
Եվ մենք կանգ առանք լեռան փեշի մոտ:
Հուր ու ծխի մեջ թշնամին անցավ՝
Ուսին շալակած պարտություն, ամոթ:
Եվ ամեն անկում, ամեն վերք ու ցավ
Ծածկեց գիշերվա վարագույրը տոթ:

Եվ մենք ետ դարձանք դաշտերից մարտի՝
Հանգստանալու հեռավոր գյուղում:
Հեռուն՝ մի այրած, սևասև արտի
Ցողուններն էին ծուլորեն մխում:
Ու քայլում էինք՝ հոգնած, անոթի,
Աշնան գիշերի մեգ-մառախուղում:

Երկու ընկերով քայլում էինք լուռ՝
Հոգնած զինվորի եռանդով անշեջ:
Մեռելի նման ահավոր, տխուր
Ծովն էր տարածվել մշուշոտ ու գեջ:
Գնում էինք լուռ, չգիտեմ, թե ո՜ւր՝
Միշտ նո՜ւյն ծովափովանվե՛րջ ու անվե՛րջ:

Երբ ուրվագծվեց մշուշում մի լեռ
Ասացին, որ գյուղն այնտեղ կլինի:
Բայց ծալվում էին սրունքները մեր.
Ընկերս ուզեց, որ ընկնի, քնի
Բաց երկնքի տակ, գյուղ չհասա՜ծ դեռ,
Հենց ճամփի վրա՝ ինչ կուզելինի:

Ու մնաց այնտեղ: Ես անցա առաջ:
Նրան երևի ձիով կբերեն:
Վերելքը ծանր էր, ծանր էր՝ ի՛նչ արած...
Պետք է իմ բոլոր ուժերը լարեմ,
Հասնեմնո՛ր քնեմ հոգնած, խոնջացած,
Որ երազները հոգիս օրորեն:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last