Շիրվանզադե Ալեքսանդր՝   Հուշեր

Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last

Այդ ի՞նչ եք անում, — հարցնում էի ես:

Եղբայր, չի վերջանում, ի՞նչ անեմ: Պետք է կլորացնե՞լ, թե՞ ոչ: Շուտով, շուտով կվերջանա...

Վեպիկը վերջացավ իններորդ բանասիրականում, և դուրս եկավ սպասվածից երեք անգամ մեծ: Նույնը համարյա պատահեց և «Սամվել»-ի վերաբերմամբ: Րաֆֆիի ասելով այս վեպը՝ չպիտի «Կայծեր»-ի մի հատորից մեծ լիներ, բայց երբ նրա գրիչը տաքացավ, արտագրեց այժմյան ահագին հատորը, որը դեռ ամբողջ վեպի կեսն էլ չէ, մի կողմ թողնելով «ծանոթությունները», որ նույնպես մի մեծ հատոր կարող են կազմել: Առհասարակ Րաֆֆին վեպի ստվարությանը մեծ նշանակություն էր տալիս: Այժմ էլ հիշում եմ, թե ինչպիսի հրճվանքով նա պահում էր իր ձեռքում և աջ ու ձախ շուռ տալիս տպարանից նոր ստացած իր մի հաստ վեպը:

Ամբողջ հայ գրականությունը այնքան վեպեր չի պարունակում յուր մեջ, որքան ես եմ տվել, — ասում էր նա ոչ առանց պարծանքի:

Նա գիտեր, որ գրվածքի որակությունն է գնահատվում և ոչ մեծությունը, լսել էր, որ Սերվանտեսը միայն մի «Դոն-Կիշոտով» է իրան անմահացրել, իսկ Գրիբոյեդովը մի հատիկ «Խելքից պատուհաս» կոմեդիայով: Այդ նա գիտեր, բայց և այնպես գրելու ժամանակ նրա գլխից չէր հեռանում էջերի քանակության խնդիրը:

Րաֆֆիի գրականական զարգացումը առհասարակ թույլ էր: Մանավանդ թույլ էր նրա էսթետիկական ճաշակի կրթությունը: Իր գաղափարների մեջ խորասուզված, նա չէր հետաքրքրվում այն բոլորով, ինչ-որ կարող էր կրթել և նրբացանել նրա գեղարվեստական ընդունակությունները:

Նա կարդացել էր Հյուգո, որին շատ էր սիրում, Էժեն Սյու, կարծեմ, մի քիչ էլ Վալտեր Ակոտից, որոնք արդեն հնացել էին եվրոպական գրականության համար, բայց չգիտեր ով է Բալզակը, Ֆլոբերը, Գոնկուրները, որոնցով հետաքրքրվում էին նոր շկոլայի մարդիկ: Կարծեմ, նա չէր կարդացել նույնիսկ Դիկենսին, իսկ կլասիկ հեղինակների հետ ծանոթ էր շատ մակերևութաբար: Եվրոպական քննադատներից նա ճանաչում էր միայն Իպոլիտ թենին, այն էլ վերջին ժամանակ և կարդացել էր միայն նրա դասախոսությունները գեղարվեստի մասին: Գիտնականների և փիլիսոփաների հետ նույնպես ծանոթ չէր:

Նա չէր հերքում ընթերցանության օգուտը: Նա այն հայ հեղինակներից չէր, որոնք, չգիտեմ ինչ հոգեբանական պատճառներով, վախենում են ուսումնասիրել եվրոպական գրականությունը, որ միգուցե նրա ազդեցությանը ենթարկվենք ընդհակաուակը, նա չարաչար ծաղրում էր այդ մարդկանց, որ հայոց հին գրականությունից դուրս գրեթե ոչինչ չգիտեին և չէին ուզում ճանաչել:

Այդ տեսակ մարդիկ, — ասում էր նա, ակնարկելով մի երկու հեղինակների, — ոչ միայն գրականության, այլև կյանքի մեջ անտանելի են: Նրանց ասածներից, ինչպես և գրածներից, միշտ Հայսմավուրքի և Շարականի հոտ է փչում, ահա ինչու ես ատում եմ նրանց:

Մյուս կողմից նա ծաղրում էր և այն մարդկանց, որ գիշեր-ցերեկ անխտիր կարդում են ամեն ինչ և իրանց ուղեղի մեջ գոյացնում մի տեսակ սումբուր:

Դրանք գլուխներ չեն, այլ երշիկներ, — ասում էր նա կծու հեգնությամբ:

Նա իրավունք ուներ այնպիսիներին ծաղրելու, որովհետև ինքը թեև շատ քիչ էր կարդացել, բայց ինչ որ կարդացել էր, լավ էր մարսել:

Ինձ սաստիկ զարմացնում էր, որ Րաֆֆին թատրոն չէր այցելում: Մի օր ես հարցրի նրանից դրա պատճառը: Դա 1886 թվականն էր, երբ Ադամյանի ներկայացումներն էին տրվում, և հասարակությունր «կեցցեներով» ու ծափահարություններով դղրդացնում էր արքունական թատրոնը: Միևնույն ժամանակ ռուսաց օպերային ամենաընտիր խումբը Թիֆլիսումն էր, և ամեն երեկո նույն թատրոնն էր գրավում ահագին բազմություն:

Գնամ ո՞ւմ տեսնեմ, — հարցրեց Րաֆֆին յուր կողմից.

Ադամյանին:

Ես նրա խաղը տեսել եմ և չեմ հավանել:

Բայց տեսել եք վեց-յոթ տարի սրանից առաջ, այժմ նա հրաշքներ է գործում, ամբողջ Ռուսաստանը հիացած է նրա խաղով:

Մնակյանին տեսե՞լ եք. նա Ադամյանից լավ դերասան է: Ես նրան էի միայն հավանում, է՛հ, եթե շատ եք ուզում, մի օր կգնանք ձեր սիրած Ադամյանին էլ տեսնելու:

Այդ օրը երբեք չհասավ, որովհետև Րաֆֆին ամեն երեկո զբաղված էր յուր վեպերով:

Նա չէր հետաքրքրվում ոչ երաժշտությունով և ոչ երգեցողությունով: Չեմ հիշում, որ Թիֆլիս այցելող եվրոպական նշանավոր արտիստներից մեկը նրան հետաքրքրած լինի, նույնպես, որ նա գեթ մի անգամ, մեր ծանոթության ընթացքում, օպերա տեսած չինի:

Մեր ականջները ընտելացած չեն եվրոպական մուզիկին, մենք չենք կարող բավականություն ստանալ օպերաներից, — ասում էր նա:

Բայց դուք բանաստեղծ եք, մուզիկ հասկանալու համար կարիք չունեք մի առանձին սովորության կամ կրթության: Ձեր բանաստեղծական հոգին ավելի հեշտ կարող է զգալ հնչյունների գեղեցիկ մեղեդին, քան մուզիկ հասկացողներից ոմանք, որոնք զուրկ են բանաստեղծական ճաշակից: Գնանք Վերդիի օպերաները լսելու, նրա երաժշտությունը մեր սրտին ավելի մոտիկ է:

Իմ թախանձանքները հետևանք չունեցան, ինձ չհաջողվեց գոնե մի անգամ Րաֆֆիին օպերա տանելու: Առհասարակ նա չէր սիրում աշխարհային աղմկալից զվարճություններ, խույս էր տալիս նույնիսկ հասարակական կյանքից, ոչ մի հանդես, ոչ մի ընկերության չէր այցելում: Նա ճանաչում էր միայն իր մատիկ բարեկամների շրջանը և Թիֆլիսի ընտանիքների հետ հարաբերություն չուներ: Միայն շաբաթական, կարծեմ, մի անգամ ճաշում էր Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի ընտանեկան շրջանում:

V

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Րաֆֆին օրվա ընթացքում առնվազը պարապվում էր տասնչորս ժամ, իսկ երբեմն և ավելի: Նա ընդունակ էր վեց-յոթ-ութ ժամ շարունակ նստել սեղանի մոտ:

Այս գիշեր լուսաբացին եմ քնել, — ասում էր նա հաճախ զվարթ եղանակով, — ինը ժամին նստել եմ սեղանի մոտ և հինգ ժամին վեր կացել:

Դուք կարող եք այսպիսով քայքայել ձեր առողջությունը:

Է՛հ, ինչ արած, գործ շատ ունեմ, հարկավոր է շտապել: Վճռել եմ, բոլոր կիսատ վեպերս ավարտել և հետո մի թեթև ճանապարհորդություն անել:

Դեպի ո՞ւր:

Կամ Պարսկաստան, կամ Տաճկաստան, դեռ չեմ վճռել: Ուզում եմ մի անգամ Պոլիսը տեսնել, բայց այնպես, որ ոչ ոք չիմանա իմ այնտեղ լինելը: Փառք աստծո «Կայծեր»-ից ազատվեցի, այժմ պետք է վերջացնել «Դավիթ-Բեկ»-ը, «Հարեմ»-ը «Սամվել»-ը, հետո «Սալբի»-ն ուղղել և, վերջապես, տպագրության տալ: Գիտեք, ես շտապում եմ իմ թերի գործերը ավարտել, ով գիտե կարող է մի բան պատահել, ի՞նչ կլինեն իմ վեպերը, եթե ես վաղը մեռնեմ...

Այսպիսի հուսահատական մտքեր շատ հազիվ էին ծագում Րաֆֆու գլխում, բայց և այնպես երբեմն ծագում էին: Նրա համար ծանր էր իր տարիքը հաշվել և չէր սիրում ծերության մասին մտածել: Նա աշխատում էր կանոնավոր կյանք վարել իր առողջությունը պահելու համար, գործելու և միայն գործելու նպատակով:

Նա ճաշում էր հյուրանոցներում և միշտ գանգատվում էր, որ վատ է կերակրվում: Հիշում եմ, մի երկար մորուքով և միջին հասակով կարմրադեմ հույն, որ Թիֆլիսի քաղաքային փոստատան դեմ ճաշարան էր պահում: Այդ ճաշարանը հետո տեղափոխվեց «Մշակ»-ի այժմյան խմբագրատան դեմ գտնվող անկյունի տունը: Այժմ նա այլևս չկա:

Այստեղ են հավաքվում մեծ մասամբ անտուն-անտեր գործիչները և կործանիչները: Շատ անգամ ենք Րաֆֆիի հետ միասին այցելել այդ ճաշարանը: Այստեղ երբեմն տեսնում էինք Պետրոս Սիմոնյանին, որ նստում էր սեղանի մոտ և խաղում հույնի շան հետ: Պատկեր: Րաֆֆին, ձեռնափայտը քահանայի գավազանի պես բռնած, ներս է մտնում: Սիմոնյանը հույնի շան գլուխը շոյշոյում է և փաղաքշական խոսքեր ասում: Տեսնելով Րաֆֆիին, նա քթի ծայրին դրած ակնոցների միջով զարմացած մտիկ է անում, նրան, կարծես առաջին անգամն է տեսնում: Րաֆֆին երեսը շուռ է տալիս, արտասանելով՝ «աղվեսն էլ այստեղ է»: Մեկը նստած է ճաշարանի մի անկյունում, մյուսը նստում է հակառակ անկյունում: Երկուսն էլ անտարբեր են ձևանում, բայց երբեմն ակնոցների միջով գաղտուկ նայում են միմյանց և հետո սրախոսում իրարու մասին իրանց սեղանակիցների հետ:

Րաֆֆին շատ չափավոր ուտող էր: Իբրև արևելցի, խմորեղեն և բուսեղեն կերակուրներ գերադասում էր մսեղենից, թեև նրա մարսողությունը խանգարված էր: Նա ուներ ստամոքսի կատար, որ շատ անգամ ազդում էր նրա հոգեկան տրամադրության վրա: Խմում էր նույնպես շատ չափավոր: Ճաշից առաջ ընդունում է մի փոքրիկ բաժակ օղի, ճաշի միջոցինմի կամ երկու բաժակ գինի: Երբեմն գարեջուր էր խմում, բայց շատ հազիվ և շատ քիչ քանակությամբ: Ժամանակ առ ժամանակ ախորժակով հիշում էր զանազան արևելյան կերակուրներ: Մտաբերում եմ այն րոպեները, երբ նա և Ստեփանոս Զելինսկին ճաշից առաջ, քաղցած ստամոքսի թելադրությամբ, հրճվանքով նկարագրում էին հայկական և պարսկական կերակուրներ պատրաստելու եղանակը, համը, հոտը, երբեմն լրջորեն վիճաբանելով միմյանց հետ: Երկուսն էլ կատար ունեին, երկուսն էլ խոսել գիտեին, իսկ ուտելում շատ էլ քաջ չէին:

Ճաշից հետո Րաֆֆին սովորություն ուներ երկու-երեք ժամ ոտով զբոսնելու: Այժմ էլ կենդանի կանգնած է նա աչքիս առջև, ձմեռային բավական երկար սևագույն վերարկուն մինչև կոկորդը կոճկած, մորթե գդակը գլխին, թանձր, կապույտ ակնոցներով: Անցնում էր նա Դոլովինսկի պրոսպեկտով գլուխը բարձր պահած, ծանր, հավասար քայլերով, ստեպ-ստեպ նայելով գեւոնին: Արտաքուստ անցորդների վրա մի հասարակ վաճառականի տպավորություն էր անում: Բայց այդ միայն դրսումը, իսկ տանը, երբ նրա գդակը գլխին չէր, երբ նրա լայն ու խելոք ճակատը բաց էր, միանգամայն կերպարանափոխվում էր:

Մի տարօրինակ զույգ էին ներկայացնում Րաֆֆին և Աղայանցը միասին զբոսնելիս: Մեկը փոքրահասակ, գդակը աչքերին քաշած, հանգիստ քայլվածքով,ը մյուսըբարձրահասակ, հաղթանդամ, քայլերը խոշոր, հսկայական: Անցորդները ակամա ուշադրություն էին դարձնում այդ զույգի վրա, որ միշտ որևէ բանի մասին վիճում էր, դատում և հակաճառում միմյանց: Րաֆֆին խոսում էր հանդարտ, անփոփոխ ռնգային ձայնով, այն ինչ՝ Աղայանցի ազդու ձայնը քանի գնում բարձրանում էր և խրոխտանում: Նա վրդովվում էր, բորբոքվում և երբեմն իր խոսքը ավելի համոզիչ դարձնելու համար կամ խփում էր խոսակցի կրծքին, կամ ամուր բռնում նրա կուռը և ուժգին թափահարում:

Միմյանց մի լավ գզգզելուց հետո երկու վիպասանները նորից, իհարկե, հաշտվում էին և սկսում էին զվարճախոսել: Միայն վերջում այդ սիրալիր ընկերական հակաճառությունները սուր բնավորություն ստացան: «Կայծեր»-ի առիթով նրանց մեջ ծագեց մի անախորժ բանակռիվ, մեկը մյուսին վիրավորեց խոսքերով, և այսպիսով ընդհատվեց նրանց անձնական հարաբերությունը:

Զարմանալի զվարճախոս էր Րաֆֆին, բայց այդ հայտնի էր միայն մի նեղ շրջանի: Նա ուներ արևելյան անեկդոտների մի անսպառելի պադար, և գրեթե ամեն օր մի նոր բան էր պատմում: Այդ մարդը, որ անցել էր կյանքի կրակի և ջրի միջով, որ ճաշակել էր ամեն տեսակ դառնություններ, մոտ հիսուն տարեկան հասակում յուր հոգու խորքում դեռ պահում էր երիտասարդական աշխույժ և թարմություն: Նա ուներ մի այնպիսի դուրեկան, անկեղծ ու մեղմ ծիծաղ, որին կարող էր նախանձել ամեն մի քսան տարեկան պատանի:

Սակայն զվարթ ու կատակասեր էր նա միայն բարեկամների նեղ շրջանում: Իսկ դրսում, հասարակության մեջ, լուռ էր, լուրջ և երբեմն շատ սառն: Ավելի սառն էր հեռավոր ծանոթների հետ գործնական հարաբերությունների ժամանակ, այնքան սառն, որ երբեմն կարող էր ամենաանտարբեր մարդուն համբերությունից հանել: Մի անգամ Թիֆլիսում հայտնի հայ թղթավաճառ Հովհաննես Տեր-Սարգսյանը դիմում է նրան փողոցում և ասում.

Պարոն Րաֆֆի, ձեզ վրա թղթի փող ունեմ:

Գիտեմ, — պատասխանում է Րաֆֆին, հոգով վրդովված, բայց արտաքուստ այնպես անտարբեր, որ Տեր-Սարգսյանը չի զգում, թե իր վարմունքը վիրավորել է այդ ինքնասեր մարդուն:

Ե՞րբ պիտի տաք այդ պարտքը, — հարցնում է Տեր-Սարգսյանը:

Երբ փող կունենամ:

Իսկ երբ կունենաք փող, — շարունակում է Տեր-Սարգսյանը, հետզհետե վրդովվելով:

Չգիտեմ:

Ինչպե՞ս թե չգիտեք...

Այո՛, ինձ հայտնի չէ, թե Րաֆֆին երբ փող կունենա, բայց անշուշտ մի օր կունենա:

Ինչպե՞ս թե չգիտեք...

Դուք դարձյալ ձեր փողերը կստանաք մինչև վերջին կոպեկը:

Բայց ե՞րբ, ե՞րբ, — գոչում է Տեր-Սարգսյանը, բոլորովին համբերությունը կորցնելով:

Մի՛ չարանաք:

Այդ անտանելի է...

Դուք ձեր փողերը կստանաք մինչև վերջին կոպեկը:

Դուք ինձ կատաղեցնում եք...

Ես ձեր պարտքը կտամ:

Համբերությունս կտրվեց...

Մինչև վերջին կոպեկը...

Տո մարդ աստծո, ես տրաքվեցի, դուք էլ բարկացեք, հայհոյեցեք, որ սիրտս մի քիչ հովանա էլի, — գոչում է Տեր-Սարգսյանը միանգամայն կատաղելով:

Րաֆֆին ժպտում է, Տեր-Սարգսյանը մնում է չարացած:

Նույնքան նա արտաքուստ սառն էր և զվարճության ժամանակ, եթե շրջանը ամենամոտիկ բարեկամներից չէր բաղկացած: Մի օր տասը-տասնհինգ հոգի, մի խումբ կազմած, Օրթաճալում զվարճանում էինք: Մինչդեռ ամենը երգում էին, խմում էին և աղմկում, մինչդեռ հսկայամարմին Աղայանցը, տասնուհինգ տարեկան պատանիի պես, թռչկոտում էր, Րաֆֆին ծանրուբարակ նստած, հանդարտ խոսում էր և նորահարսի պես ծիծաղում: Ամբողջ ժամանակ նա նստած էր միևնույն տեղը, վերարկուն հագին, գդակը գլխին, այնպես որ կարծես երկու րոպեի հյուր էր: Մինչև անգամ իր ձեռափայտից նա չբաժանվեց և ոչ մի րոպե: Մյուս օրը նա փողոցում ինձ պատահելով, ասաց.

Համա երեկ քեֆ արեցինք է: Հարկավոր է երբեմն այդպիսի գժություններ անել, թե չէ բոլորովին կժանգոտվենք:

Սակայն ժամանակը այնքան թանկ էր Րաֆֆիի համար, որ նա չէր ուզում և ոչ մի օր զոհել անձնական զվարճություններին: Իսկական հոգեկան զվարճությունը նա գտնում էր զբաղմունքի մեջ, իսկ անցյալի դառնությունների և թշվառությունների մխիթարանքըայն համակրության մեջ, որով շրջապատել էր նրան հայ հասարակությունը, փույթ չէ, որ այդ համակրությունը մեծ մասամբ պղատոնական էր:

Նա գնահատում էր մարդկանց հարգանքը և պարծենում էր նրանով: Ամեն մի համակրական ցույց, մի նամակ կամ խոսք նրան խրախուսում էր, թեև միշտ ուրիշների մոտ աշխատում էր զսպել իր ուրախությունը: Բայց այնքան մոլորված չէր, որ չկարողանար անկեղծ հարգանքը ջոկել կեղծից: Ընդհակառակը մարդկանց հոգին գիտեր ճանաչել և շատ անգամ նրանց խոսքերի մեջ զգում էր սուտն ու ճշմարիտր: Քանի-քանի անգամ կեղծավոր մարդիկ իմ ներկայությամբ գովել են նրա երկերը երեսին, այնպիսի մարդիկ, որ նրա հետևից հազար ու մի բան էին խոսում: Րաֆֆին ճանաչում էր այդպիսիներին և նրանց գովասանքը լսելիս անախորժության ժպիտ էր երևում նրա դեմքի վրա: Իսկ երբ շողոքորթները հեռանում էին, նա ասում էր.

Խոմ իրանք էլ գիտեն, որ ես շատ լավ եմ ճանաչում իրանց, ինչո՞ւ են դիմակ հագնում:

VI

Րաֆֆիի հոբելյանի տարին էր, երբ մի օր Թիֆլիսում լուր տարածվեց, թե գիշերը ինչ-որ անհայտ չարագործներ հարձակվել են վիպասանի բնակարանի վրա, իբրև թե նրան սպանելու նպատակով: Այդ ժամանակ Րաֆֆին դեռ բնակվում էր այն բնակարանում, որ ես համառոտ նկարագրեցի հոդվածիս սկզբում: Քաղաքի կենտրոնում, մի հայտնի փողոցի վրա, տեղի ունեցած եղելությունը հանդուգն էր, մանավանդ, որ հարձակման ենթարկվածը մի հասարակ մարդ չէր: Ուստի անգործ մարդիկ սկսեցին հազար ու մի անտեղի ենթադրություն անել, որոնց թվում էր և այն, թե իբրև մեղվականների դրդմամբ է եղել հարձակումը:

Տեսնենք ինչպես էր պատմում ինքը Րաֆֆին այդ եղելությունը:

Մինչև ուշ գիշեր պարապվելուց հետո ես մոմերը հանգցրի և անցա ննջարանս: Շատ էի քնել թե քիչչգիտեմ, հանկարծ մի խուլ աղմուկ ինձ զարթեցրեց: Ես իսկույն ոտքի թռա և բնազդումով ձեռս տարա դեպի բարձս, որի տակ միշտ պահում էի մի ատրճանակ: Աղմուկը լսվում էր իմ կաբինետից: Ատրճանակը վերցնելով, անցա նախասենյակ: Այստեղ ականջիս հասան մարդկային շշնջյուններ, ինձ թվաց, որ մի քանի մարդիկ դիմում են դեպի իմ ննջարանը և արդեն ուզում են բանալ կաբինետիս դռները: Ես կանգնեցի դռներիս հետևում և բոլոր ուժովս դեմ կացա, որ նրանք չկարողանան բանալ, իսկ նրանք հրում Էին, որ բանան: Մեր լուռ կռիվը տևեց մի քանի վայրկյան, մինչև որ նրանք կարողացան դռները մի քիչ բանալ: Ես ատրճանակիս խողովակը ուղղեցի դռների միջով դեպի կաբինետը, չարագործները հետ կանգնեցին: Ես, սիրտ առնելով, դռները բաց արեցի և ատրճանակս արձակեցի: Որքան ես կարողացա նկատել, նրանք երեք հոգի Էին, որոնցից երկուսը սենյակումն Էին, երրորդը՝ լուսամուտի հատակի վրա: Նրանք շտապեցին լուսամուտով ցատկել դեպի դուրս և անհայտանալ: Ես սկսեցի գոռալ, հարևաններիս օգնության կանչել չարագործներին բռնելու, բայց ոչ ոք չեկավ, ատրճանակի գնդակը անցավ իզուր, ահա այստեղով...

Այս ասելով, նա ցույց տվեց գնդակի հետքը, որ երևում էր լուսամուտի մի փեղկի վրա:

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ տեսակ մարդիկ կարող են լինել հարձակվողները, — հարցրի ես:

Ով գիտե, բայց կարծում եմ, որ կողոպտելու նպատակով չէին եկել: Ինչպես տեսնում եք, ոչ մի բանի ձեռք չեն տվել: Մինչև անգամ այս մի քանի ռուբլին էլ, որ, ինչպես այժմ, դրված էին գրասեղանիս վրա, անուշադիր են մնացել: Իսկ նրանք տեսած կլինեն, որովհետև մեկի ձեռքում վառած մոմ կար:

Երկու օր անցած, երբ լրագիրները այդ եղելության լուրը հասցրին գավառները, ամեն մի կողմից սկսեցին Րաֆֆիի անունով գալ շնորհավորական հեռագրեր և նամակներ: Թշնամիները այդ եղելությանը չէին ուզում հավատալ և աշխատում էին տարածված լարի մեջ մի հետին միտք գտնել: «Մեղու»-ն, այդ լուրը լսելով, մյուս օրը հրատարակեց, թե միևնույն գիշեր Հայկունիի բնակարանի վրա էլ հարձակում է գործվել, բայց «չարագործները» ոչինչ չեն կարողացել անել և միայն նրա գալոշները գողացել են ու գնացել: Ահա հենց «Մեղվ»-ի հաղորդած այս լուրը, կարելի է ասել, ուներ մի հետին նպատակ: Մի աննշան Հայկունիի անունը կապելով հայտնի վիպասանի հեղինակավոր անվան հետ, կամենում էին հասարակության վրա մի որոշ տպավորություն գործել. Անցավ բավական ժամանակ, և մի օր Րաֆֆին ինձ ասաց.

Գիտեք, վերջապես, ես իմացա ովքեր են եղել ինձ վրա հարձակվողները:

Ովքե՞ր էին:

Սովորական գիշերային սրիկաներ: Տեսեք բանը ինչպես է պատահում:

Նա պատմեց, որ եղելությունից մի քանի օր առաջ յուր ծառային տալիս է մի քսանուհինգանոց թղթադրամ, որ փողոցում մանրացնի: Ծառան թղթադրամը տանում է հարևան օղետներից մեկը, ուր նստած կոնծելիս են լինում մի քանի սրիկաներ: Նրանցից մեկը հարցնում է ծառային, թե արդյ՞ոք նրա աղան շատ ունի այսպիսի թղթադրամներ: Հիմար պատանին պատասխանում է, թե «աղան» մի ահագին սնդուկ լիքն ունի պահած իր ննջարանում: Սրիկաները հարցուփորձ են անում և տեղեկանում, որ Րաֆֆին բնակվում է առանձին բնակարանում և գիշերները մենակ է լինում:

Ահա այդ մարդիկ են եղել ինձ վրա հարձակվողները, ես նրանց հետ ծանոթացա մինչև անգամ:

Ի՞նչպես:

Երբ ծառաս մի օր ինձ պատմեց այդ բանը, իմ մեջ իսկույն կասկած ծագեց: Ես հրամայեցի նրան, որ ցույց տա ինձ այն օղեվաճառին: Գնացի նրա մոտ. Սկզբում օղեվաճառը չկամեցավ ոչինչ ասել, բայց ես խնդրեցի, որ «լոթիանա» ցույց տա սրիկաներին: Խոստացա ոչ միայն ոստիկանությանը չմատնել, այլ մինչև անգամ փող էլ նվիրել նրանց. Մի երեկո օղեվաճառը ինձ մոտ բերեց երկու կարմրադեմ առողջ կինտոներ և ասաց, «սրանք են լոթիքը»: Կինտոները ժպտացին, ասելով, «աղա, էս մեկը բախշի»: Ես հիացա նրանց կազմվածքով և, մի տասը ռուբլիանոց նվիրելով, բաց թողեցի, հավատացնելով, որ ես ոչ միայն փողերով լի սնդուկ չունեմ, այլ երբեմն ինքս էլ ուրիշների սնդուկների վրա արշավանք գործելու չափ կարիք եմ զգում...

Գիշերային հարձակումից հետո շատ հայ կտրիճներ առաջարկում էին Րաֆֆիին գիշերները հերթով պահապան կանգնելու նրա դռների մոտ: Նա բավականացավ միայն մի մշեցու առաջարկությամբ, որ այնուհետև ամեն անգամ քնում էր նրա նախասենյակում:

Րաֆֆին վախկոտ մարդ չէր, ընդհակառակը, նրա կյանքի անցյալը լիքն էր վտանգավոր արկածներով: Նա մեն-մենակ շատ անգամ էր ճանապարհորդել Պարսկաստանի խորքերում և պատահել էր, որ գիշերները ընկել էր ավազակների բները և ազատվել: Այսպես, նա պատմում էր, որ մի անգամ, առևտրական գործերով ճանապարհորդելիս, գիշերը իջևանում է մի ավազակապետի տանը, առանց իմանալու, թե ուր է իջեվանում: Տանտերը ընդունում է նրան սիրով, բայց ագահ աչքերով չափում է նրան ոտից մինչև գլուխ:

Դուք վաճառակա՞ն եք, — հարցնում է նա:

Այո, — պատասխանում է Րաֆֆին:

Չե՞ք վախենում մենակ ճանապարհորդել:

Ի՞նչ կարող են ինձ անել:

Կարող են ձեր գլուխը սոխի պես թռցնել և ձեզ կողոպտել: Երևի դուք փող ունե՞ք:

Ունեմ, բայց ինձանից փող խլելը հեշտ բան չէ:

Տանտերը կատաղած և կարմրած աչքերով նայում է Րաֆֆիին և հեգնաբար պատասխանում.

Մի՞թե... Ցանկալի է իմանալ, ի՞նչ կանեիք, եթե իսկույն, հենց այս րոպեին մի երկու կտրիճ ավազակներ կանգնեին ձեր գլխին:

Այս ասելով տանտերը նշան է անում, և դռների առջև երևում են մի զույգ ավազակադեմ մարդիկ:

Ի՞նչ կանեի, — պատասխանում է Րաֆֆին, — նախ և առաջ ես նրանց ցույց կտայի ահա այս փոքրիկ զենքի ուժը:

Այս ասելով, նա գրպանից հանում է վեցտրաքիչ ատրճանակը և մի անգամ արձակում է. գնդակը անցնում է առաստաղի մեջ: Ավազակապետ տանտերը, մի փոքր լռելուց հետո, ասում է.

Դուք իսկական ճանապարհորդ եք, ես հավանում եմ այն մարդկանց, որ իրանց պաշտպանել գիտեն:

Հետո դառնալով դռների մոտ կանգնած մարդկանց, հրամայում է.

Շարբաթ բերեք մեր ղոնաղի համար:

Նույնիսկ այն դեպքը, որ Րաֆֆին տասնվեց տարեկան հասակում, գիմնազիստ ժամանակը, մեն-մենակ ուղտի վրա ճանապարհորդել է Փոքր Ասիայի մի մասում, ցույց է տալիս, որ նա անձնական վտանգները արհամարհում էր: Նա շատ էր սիրում խոսել հայերի անհատական քաջության մասին: Նա ասում էր, որ եթե այդ անհատական քաջությունը ընկերական լիներ, հայերը կարող էին աշխարհի երեսին մի զորեղ ազգ լինել:

Ամեն մի հայ, առանձին վերցրածառյուծ է, ինչպես և խելքով ու դատողությամբհսկա: Բայց ընկերական ոգու բացակայությունը, խմբովին գործելիս, ջլատում է նրա ուժերը: Ձգեցեք մենակ հային վտանգների փոթորկի մեջ, նա ար ժանավորապես կպաշտպանի իր գլուխը: Բայց խմբեցեք մի քանի հայեր միասին, և նրանք պաշտպանվելու կամ հարձակվելու փոխարեն կսկսեն խորհել, մտածել, հակաճառել և, վերջապես թշնամուն թողած, միմյանց միսը ուտել: Այո, անհատականությունը հայի գլխավոր թշնամին է, և նա տարածված է մեր բոլոր դասակարգերի ու բոլոր գործերի մեջ:

Արդյոք մեր ազգի մտավոր առաջնորդները կկարողանա՞ն մի փոքր հիմարացնել անհատ հային և խելոքացնել ընկերական հային: Եթե այդ եղավ, մենք կարող ենք ապագա ունենալ, եթե ոչ, մենք կորած ենք, կամ կապրենք այնպիսի ամոթալի կյանքով, ինչպես ապրել ենք մինչև այսօր:

Զգո՞ւմ էր արդյոք Րաֆֆին, որ ոչ մի մտավոր առաջնորդ հայի ընկերական հոգու զարգացմանը այնքան չէ նպաստել, որքան ինքն իր զորեղ գրչի միջոցով:

VII

Ես արդեն ասացի, որ Րաֆֆին շատ քիչ էր ծանոթ եվրոպական գրականությանը: Սակայն այն հեղինակները, որոնց երկերը նա կարդացել էր կամ ուսումնասիրել, խորին ազդեցություն էին արել նրա վրա: Եվ ոչ միայն այս, այլև դրոշմել էին նրա ապագա վեպերի վրա իրենց կնիքը:

Դեռ երիտասարդ հասակում նա այնքան էր ոգևորվել Էժեն Սյուի «Թափառական հրեա»-ով, որ կամեցել էր նույն ուղղությամբ վեպեր գրել: Նա ինքը խոստովանում էր, որ «Խաչագողի հիշատակարանը» սկսված է հենց այդ վեպի ազդեցությամբ, բայց հետո ենթարկված է` փոփոխությունների: Սակայն կարծում եմ, որ հոտառություն ունեցող ընթերցողի համար այժմ էլ շատ զգալի է այդ վեպի մեջ «Թափառական հրեա»-ի ազդեցությունը: Այստեղ, ընթերցողին չշփոթեցնելու համար, հարկավոր եմ համարում նկատել, որ թեև «Խաչագողի հիշատակարանը» լույս է տեսել Րաֆֆիի մի շարք ուրիշ վեպերից հետո, որոնց մեջ չէ երևում Սյուի ազդեցությունը, բայց նա գրված է «Խենթ»-ց, «Կայծեր»-ից, «Դավիթ-Բեկ»-ից, «Ջալալեդին»-ից և մյուս հետագա վեպերից առաջ: Եթե չեմ սխալվում, նա սկսված է անմիջապես «Խլվլիկ»-ից և «Սալբի»-ից հետո, որոնք վերաբերվում են Րաֆֆիի գրչի պատանեկան ժամանակներին:

Հայտնի բան է, Րաֆֆին, մտավորապես հասունանալով, չէր կարող երկար մնալ է. Սյուի ազդեցության ներքո: Բայց Վիկտոր Հյուգոյի հրապույրը նրա աչքում վառ մնաց մինչև մահ: Նա ծանոթ չէր գրականության պատմությանը: Նա չգիտեր, որ աշխարհի երեսին ոչ մի գրականություն այնքան պատմական շկոլաներ չէ անսել, որքան ֆրանսիականը, հետևաբար, և ոչ մեկի զարգացումը այնքան հաջորդաբար և կանոնավոր չէ կատարվել, որքան ֆրանսիականինը: Նա հեղինակներին ճանաչում էր առանձին-առանձին, շկոլայից անկախ և այդպես էր դատում նրանց մասին: Հասկանալի է, ուրեմն, որ, նորագույն գրականության ուղղությունների հետ ծանոթ չլինելով, նա ոգևորվում էր ֆրանսիական ռոմանտիզմի վերջին և ամենափայլուն դրոշակակրի գործերով այն ժամանակ, երբ այդ գործերը նույնիսկ հեղինակի հայրենիքում դադարել էին միահամուռ ոգևորություն զարթեցնելուց:

Ժամանակները փոխվել էին, գրականության պահանջները նույնպես, ամբողջ ընթերցող աշխարհը սրտի բաբախումով դիտում էր այն գրականական շարժումը, որ սկսվել էր ռոմանտիզմի վերջնական անկումից հետո, իսկ այստեղ, մի կիսակիրթ հասարակության մեջ, կար մի վիպասան, որ դեռ հափշտակվում էր մի մարող աստղի վերջին փայլով: Նա համոզված էր, որ աստղը դեռ շատ երկար ժամանակ պետք է յուր լույսով նսեմացնի ամենին, որ ռոմանտիզմը վիպագրության իշխող ուղղությունն է: Բնական է, ուրեմն, որ մի այսպիսի անպայմանն հավատ պետք է ստիպեր Րաֆֆիին ենթարկվելու Հյուգոյի ազդեցությանը: Ապագա քննադատին մեծ դիտողություն հարկավոր չէ, որպեսզի նա Րաֆֆիի գրականական ձևերի մեջ գտնի մի անհերքելի նմանողություն Հյուգոյին: Նույն ձգտումն ամեն մի փոքր թե խոշոր երևույթ ընդհանրացնելու և բնական կամ հասարակական օրենքների տակ դնելու, նույն փափագը միշտ պարադոքսներով դատելու, նույն սերը դեպի հանկարծակի էֆեկտներ և, վերջապես, նույն ցանկությունը հակիրճ և հատուկտոր դարձվածքներով գրելու, ինչ որ Հյուգոյի մեջ: Տարբերությունը մեկի և մյուսի տաղանդի զորության ու չափի և նրանց քիչ թե շատ ինքնուրույնության մեջն է: Ինչ ասել կուզի, որ ամեն կետից գերազանցությունը անպայման ուսուցչի կողմն է:

Հյուգոյից յուրացրած թերությունը պետք է համարել և այն կրկնությունները, որոնցով լիքն են Րաֆֆիի վեպերը, և որոնք՝ թեև տեղ-տեղ կրում են բանաստեղծական դրոշմ, բայց ընդհանրապես ձանձրալի և տաղտկալի են: Այդ կրկնությունները դարձյալ առաջանում են վիպասանի դեպի կեղծ էֆեկտները ունեցած անհաղթելի սիրուց: Չլիներ այդ սերը, կարծում եմ լոկ գաղափարով հափշտակվելը Րաֆֆիին չէր ստիպիլ մոռանալ, որ բանաստեղծության ուժը հոգեբանական ճշմարտության մեջ է պարունակվում, որ ֆորման միայն վեպի արտաքին գեղեցկությունն է, իսկ ներքինը, հարատևը ամփոփված է տիպերի, անձերի, տեսարաններն ու պատկերների խորին ռեալականության մեջ, մի ռեալականության, որ դժբախտաբար բացակայում է հայ վիպասանի երկերի մեծամասնության մեջ: Բայց ամբոխին գրավելու համար հարկավոր էին կեղծ էֆեկտներ, նրա աչքերը այնքան սրատես, նրա հոգին այնքան կրթված, նրա սիրտը այնքան քնքշացած չէ, որպեսզի կարողանա իսկական գեղարվեստական նրբությունները գերադասել կոշտ, կոպիտ և շինովի գեղեցկությունից: Իսկ Րաֆֆին գրում էր ամբոխի համար, նրան հարկավոր էր թմրած մտքեր զարթնեցնել և որոշ զգացումներ գրգռել, ինչ փույթ, որ հոգեբանությունը և գեղարվեստը տանջվում էին այն ձգտումից...

Այսպես, ուրեմն, Րաֆֆին ռոմանտիզմի երկրպագու էր: Հյուգոյով հափշտակված, հետևաբար չէր կարող ոգևորվել նոր գրականական ուղղությամբ: Չգիտեմ նա կարդացել էր Զոլայի վեպերը, թե ոչ, բայց հարգանքով չէր վերաբերվում դեպի նատուրալիզմը: Հավանական է, որ ծանոթ չէր (Lassommor)-ի հեղինակի հետ, որովհետև շատ միակողմանի կարծիք ուներ նրա մասին: Նա Զոլային համարում էր պոոնոգրաֆ և, որքան հիշում եմ, այդ կարծիքը կազմել էր հակազոլայական գրվածների հիման վրա: Այն ինչ՝ ինքը Րաֆֆին երբեմն հակումն էր ցույց տալիս դեպի իսկական պոռնոգրաֆիա, երբ կամենում էր իրական կյանքից վերցնել իր վեպերի նյութը: Հիշում եմ այն արատավոր ասիական ինտրիգը, որ նա մտցրել էր յուր վերջին «Մինը այսպես, մյուսը այնպես» վեպի մեջ: Եվ միայն բարեկամների թախանձանքը ստիպեց նրան դուրս ձգել վեպի միջից այդ ինտրիգը:

Րաֆֆին ծանոթ էր ռուսաց մի քանի խոշոր վիպասանների երկերի հետ: Ամենից ավելի նա սիրում էր Տուրգենևին, որին միայն նա կարդացել էր ամբողջովին և որով նույնպես ոգևորվում էր: Առանձնապես դուր էր գալիս նրան ռուս վիպասանի ոճը:

Այդքան պարզ, հասարակ լեզու և այդքան բանաստեղծական, — ասում էր նա, — կարող են ունենալ միայն արտաքո կարգի տաղանդները:

Գալով հայ հեղինակներին, Րաֆֆին, ինչպես վերը ակնարկեցի շատ խստորեն են վերաբերվում նրանց: Նրա խստությունը շատ պարզ արտահայտված է մի հոդվածի մեջ, որ նրա մահվանից հետո տպվեց «Մշակ» լրագրում: Հոդվածը գրված է այն ժամանակ, երբ Րաֆֆին «Կայծեր»-ի առթիվ բանակռիվ ուներ Աղայանցի հետ, երբ երկու հեղինակները միմյանց տալիս Էին այնպիսի սուր ածականներ ինչպես «բրուտի շուն», «Արամազդի Էշ» և այլն և այլն: Պարզ է, որ այդ հոդվածը պետք է միակողմանի ուղղությամբ գրվեր, որպես րոպեական վրդովմունքի արգասիք: Բայց և այնպես նրա մեջ բերված կետերի Էական մասը Րաֆֆիի համոզմունքն է կազմում: Այստեղ Խաչատուր Աբովյանցը հռչակված է իբրև մեր ժողովրդական վիպասանների ամենատաղանդավոր ուսուցիչ, իսկ Ղազարոս Աղայանցը և Պերճ Պռոշյանցը իբր նրա աշակերտներ, բայց աշակերտներ «զուրկ իրանց ուսուցչի տաղանդից»:

Հիշում եմ մի երկար վիճաբանություն Րաֆֆիի հետ այդ հոդվածի առթիվ: Մասնավորապես ես պաշտպանում էի Աղայանցին: Ես գովում էի նրա «Երկու քույրերը» և «Անահիտը», Րաֆֆին հարձակվում էր.

Այդ տեսակ տետրեր կարող է գրել ներսիսյան դպրոցի ամեն մի աշակերտ, — իսկ այդ ահագին մարդուց ավելի բան պետք է պահանջել, — ինչ ուզում եք ասեք, Աղայանցը վիպասան չէ, այլ մանկական գրող...

Եվ այդպես, նա անպայման հերքում էր Աղայանցի տաղանդը, բայց հերքում էր վրդովված, մի հանգամանք, որ ինձ առիթ էր տալիս կարծելու, որ իր հոգու խորքում նա զգում է Աղայանցի արժանավորությոլնները: Այն ինչ Պռոշյանցի մասին նա մեծ մասամբ հեգնաբար էր խոսում:

Այդ մարդը, — ասում էր նա, — Աշտարակ գյուղի դավթարչին է: Նրա դավթարի մեջ ինչ ասես կա, բացի բանաստեղծությունից:

Սունդուկյանցին Րաֆֆին խիստ էր վերաբերվում միայն նրա լեզվի պատճառով, որովհետև ինչպես վերը ասացի, նա ատում էր գավառաբարբառները: Գալով բովանդակության, նա հարգում էր հայ դրամատուրգի կոմեդիաները: Քանի-քանի անգամ փողոցում զբոսնելիս Րաֆֆին ինձ մատնացույց է արել այս կամ այն անցորդին, ասելով. «Տեսեք Սունդուկյանցի Զիմզիմովը» կամ «Սունդուկյանցի Գիքոն, Կակուլին, Պեպոն»: Հիշել հեղինակի տիպերըմի գեղեցիկ ապացույց է, որ զգում ես նրա տաղանդի ուժը: Րաֆֆին չէր հավանում միայն Սունդուկյանցի նոր տիպերը, համարելով նրանց թերի և անհաջող:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last