Շիրվանզադե Ալեքսանդր՝   Հուշեր

Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last

Չեմ հիշում, ինչ կարծիք ուներ նա Ծերենցի մասին, բայց գիտեմ, որ նրանք միմյանց ատում էին: Մեկը Րաֆֆին էր իր «Կայծեր»-ով և «Խենթ»-ով, մյուսը՝ Ծերենցը, որ հայրենիքի փրկությունը հայ լուսավորչականության մոլեռանդ պաշտպանության և վաճառականության զարգացման և տարածվելու մեջ էր որոնում: Պատմում են, որ երբ «Խենթ»-ը տպվում, վերջանում է «Մշակ» լրագրում, մի օր Ծերենցը մտնում է խմբագրատուն և վրդովված հարցնում է, թե ո՞վ է Րաֆֆին: Ցույց են տալիս Րաֆֆիին, որ այդ ժամանակ նստած է լինում խմբագրատանը:

Դու ես գրել այդ խելառ «Խենթ»-ը, — հարցնում է Ծերենցը բարկացած:

Այո՛:

Խենթը դուն ես, որ անանկ բաներ գրել ես, ամո՛թ, — ասում է Ծերենցը և հեռանում:

Տաքարյուն ծերունին կատաղած է լինում Վարդանի երազով, որով ավարտվում է «Խենթ»-ը:

Բոլոր ոտանավոր գրողների մեջ Րաֆֆին ընդունում էր միայն Դուրյանի, Պեշիկթաշլյանի և Գամառ-Քաթիպայի բանաստեղծ լինելը: Առաջինին նա գերադասում էր ամենից: Մյուս բոլոր բանաստեղծների վերաբերմամբ նա կամ չէր խոսում կամ խոսում էր կիսաբերան: Նա խոնարհվում էր Գամառ-Քաթիպայի ժողովրդականության առջև, հարգում էր նրան իբրև ամենաազդու, տենդենցիոզ բանաստեղծի, բայց ատում էր նրան իբրև անձնավորության: Մի անգամ Գամառ-Քաթիպան Թիֆլիսումն էր, և հասարակությունը բանաստեղծին հարգելու համար հանդիսավոր ընթրիք էր տալիս: Որքան խնդրեցի, թախանձեցի, Րաֆֆին չկամեցավ ներկա լինել այդ ընթրիքին:

Րաֆֆին մեծ գովասանքով էր խոսում Թաղիադյանցի մասին, որի «Սոս և Սոնդիպի»-ն համարում էր առաջնակարգ բանաստեղծություն հայկական գրականության մեջ: Նա վրդովվում էր, որ հայ հասարակությունը լավ չէ ճանաչում այդ բանաստեղծին:

Յուր ոտանավորների մասին Րաֆֆին շատ քիչ էր խոսում: Ըստ երևույթին նա ինքը նրանց մի առանձին նշանակություն չէր տալիս:

VIII

Ամբոխի մակերևութական հայացքր Րաֆֆիի մասին կազմել էր սխալ կարծիք: Մարդիկ նրան համարում էին և ինքնահավան, և ժլատ, և փողասեր և մարդատյաց:

Նա, ով լավ էր ճանաչում Րաֆֆիին, ուրիշ կարծիք ուներ նրա մասին: Ես չեմ տեսել մի հայ հեղինակ, որ իսկապես այնքան համեստ լիներ, որքան Րաֆֆին, միևնույն ժամանակ չեմ կարող ցույց տալ մի հայ գրականական գործիչ, որ այնքան շատ իրավունք ունենար իր գործերով պարծենալու, որքան Րաֆֆին:

Եթե նա իր բարեկամների նեղ շրջանում երբեմն խիստ քննադատում էր յուր արհեստակիցներին, դա դեռ չէ նշանակում, որ նա նրանց չէր հարգում: Այդ ցույց է տալիս, որ նա հայ գրականությունից ավելի էր պահանջում: Եթե լրագրության մեջ երբեմն ստիպված էր լինում իրան պաշպտանելդա դեռ չի նշանակում, որ ուզում էր իրան գովել: Շատ անգամ հակառակորդները այնպիսի ծայրահեղության էին հասնում, որ սկսում էին նրան զրպարտել չեղած բաներում: Ահա հենց բացարձակ զրպարտություններն էին, որ ստիպեցին Րաֆֆիին «Մշակ»-ի մեջ ասպարեզ գալ Փավստոս ստորագրությամբ Հայկունիի դեմ: Նա ինքն էր կամենում պաշտպանել իր նվիրական գաղափարները, իր հավատամքը անզգամ հարձակումների դեմ, նա ինքն էր կամենում մաքրել իր անունը անարդար արատներից, որովհետև ուրիշ ո՞վ կարող էր այնպիսի տաղանդով ու հմտությամբ պաշտպանել նրան: Մարդուն ցեխոտում էին, համարում էին «խաչագող», «փերեզակ», գրականական անբարոյականություն տարածող, ազգի և եկեղեցու դավաճան, չգիտեմ էլ ինչ, և նա պետք է լռեր, պետք է համբերությամբ տաներ այդ բոլոր հայհոյանքները: Ոչ, նա սառնարյուն փիլիսոփա կամ անտարբեր գիտնական չէր, որոնց իսկի չեն էլ հայհոյում այդպիսի անպատկառությամբ: Նա զգայուն սրտի և վառ երևակայության տեր մի մարդ էր, որ չէր կարող ականջները փակել, աչքերը ծածկել բացարձակ զրպարտությունների դեմ:

Նա պետք է պատռեր իր թշնամիների դիմակը և պատռում էր անխնա:

Ահա ինչով պետք է բացատրել Փավստոս-Րաֆֆիի մի շարք կրքոտ հոդվածների երևան գալը: Կրկնում եմ: ոչ մի բարեկամ չէր կարող այնպիսի տաղանդով պաշտպանել Րաֆֆիին, որքան նա ինքն էր պաշտպանում իրան, որովհետև ոչ ոք այնքան լավ չէր ուսումնասիրել նրա թշնամիներին, որքան ինքը:

«Րաֆֆին գոռոզ է», — դատում էին կարճատես մարդիկ, նայելով նրան արտաքուստ: Եվ այդ անսահման թախիծով սքողված դեմքը, այդ մշտական տխուր ժպիտով սեղմված շրթունքները, այդ խորշոմած մռայլ ճակատը, այդ կնճռված ունքերըամբոխի աչքում գոռոզության նշաններ էին: Բայց մոտեցեք այդ մարդուն, խոսեցեք նրա հետ, դիտեցեք նրա դեմքի վրա մերթ ընդ մերթ սահող համեստ ժպիտը, լսեցեք նրա անկեղծ ծիծաղը, այցելեք նրա անշուք բնակարանը, տեսեք ինչպիսի սիրով է նա ընդունում ցնցոտիներով կծկված խեղճ, ողորմելի մշեցիներին, ինչ ախորժանքով է նա նրանց հետ ժամերով խոսում, նրանց մխիթարում, սիրտ տալիս ապագայի համար, ինչպես է սեղմում նրանց կոշտ ու ոսկորոտ ձեռները, ինչպես է հյուրասիրում նրանց, և դուք կհամոզվեք, որ այդ սառն ու գոռոզ կերպարանքի տակ թաքցված է իսկական ժողովրդական մարդու ջերմ և մարդասեր հոգին:

Րաֆֆին գոռոզ էր: Այո՛, ճշմարիտ է: Բայց ո՞ւմ հետ, նրանց հետ, որոնք չգիտեին հարգանքով վերաբերվել դեպի իրանց հայրենիքի ցավերը, նրանց հետ, որոնք հերքում էին և՛ ազգ, և՛ լեզու, և՛ նույնիսկ իրանց ծագումը: Դա իսկապես գոռոզություն չէր, այլ յուր հայրենիքի պատվի նախանձախնդիր հայի արհամարհանք: Հոգով ինքը հպարտ լինելով, նա ատում էր ուրիշների մեջ ստրկությունը մեծամեծների առջև և ամբարտավանությունը փոքրավորների մոտ: Եվ որքան մանավանդ ծաղրում էր գրականական ամբարտավաններին:

«Րաֆֆին ժլատ է», — կրկնում էր նույն ամբոխը: Նա խույս էր տալիս հասարակական զվարճատեղերից, վարում էր չափավոր և սուղ կյանք, գրեթե ինչպես մի կամավոր ճգնավոր, չէր շռայլում աջ ու ձախ յուր դառը քրտինքով վաստակած չնչին կոպեկներըև դա համարվում էր ժլատության և փողասիրության նշան: Բայց ո՞վ պետք է պահեր նրա ընտանիքը, ո՞վ պիտի հոգար նրա զավակների կրթությունը, ո՞վ պետք է ապահովեր նրան ծերության հասակում:

Սակայն, չնայելով այդ հոգսերին, նա ինքը դարձյալ օգնում էր ուրիշներին:

Քանի-քանի անգործ ուսուցիչներ են դիմել նրան և օգնություն ստացել, քանի-քանի ամոթխած մուրացկաններ, որ չէին ուզում բացարձակ ողորմություն հավաքել, շատ անգամ նրան են դիմել և նպաստ ստացել, քանի-քանի հիվանդ տաճկահայերի է օգնել և քանիսի ճանապարհածախսն է հոգացել: Եվ այդ բոլորը անում էր գաղտնի, առանց իր արածի մասին փողեր փչելու և թմբուկներ զարկելու, որովհետև չէ՞ որ նա ինքը մարդկանց փարիսեցիական բարեգործության թշնամի էր և քիչ չէր կռվել դրա դեմ գրչով: Այն ինչ ամբոխը, որ միայն աչքերով է դատում, չէր ճանաչում նրա հոգին, նրա անհատական կյանքը և համարում էր նրան ժլատ, փողասեր: Ո՞ւր մնացին նրա հազարները, որոնց մասին գոռում էին թշնամիները, ինչո՞ւ մահից հետո երևան չեկան, և այսօր նրա ընտանիքի միակ ժառանգությունը նրա գրքերն են և անունը:

Եթե Րաֆֆին մինչև անգամ ժլատ և փողասեր էլ լիներ, արդարանալու կարիք չուներ: Այն դառնությունները, այն կարոտությունները, որ նա կրել էր իր անցյալ կյանքի ընթացքում, ինքնըստինքյան կարող էին արդարացուցիչ պատճառներ համարվել: Մինչդեռ սեփական թշվառությունները նրա սիրտը չէին քարացրել, այլ սովորեցրել էին ուրիշների կարիքին կարեկից լինելու և ոչ միայն իբրև հասարակական գործիչ, այլև իբրև մարդ, իբրև անհատ:

Ճանաչո՞ւմ եք այդ մարդուն, — դարձավ մի օր նա ինձ, ցույց տալով փողոցում մի անցորդ:

Ո՛չ, — ասացի ես:

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ գործով է նա զբաղված:

Արտաքինից դատելով, — պատասխանեցի ես, — կարելի է նրան ընդունել կամ մի միջին կարողության կալվածատիրոջ, կամ վաճառականի տեղ:

Րաֆֆին դառնությամբ ժպտաց և ասաց.

Այսպես շատ անգամ մարդկանց արտաքինը խաբուսիկ է: Այդ մարդը մուրացկան է, բայց գաղտնի մուրացկան: Թիֆլիսը լիքն է այդպիսիներով: Երեկ երեկոյան նա ինձ մոտ էր, ճանաչում է ինձ, կարդացել է իմ վեպերը: Նա մի ժամանակ հարուստ է եղել, հանդիպել է ձախորդության, կորցրել է ամեն ինչ և այսօր մուրացկան է, բայց ինքնասիրությունը չէ թույլ տալիս իր իսկական վիճակը ուրիշներին հայտնելու, նա երեկ եկել էր ինձ մոտ և արտասունքը աչքերին պատմում էր իր օրերը: Նա ասում էր, թե միայն ուրիշների ցավը նկարագրողը կհասկանա նրա վիճակը, ուստի ինձ էր դիմել: Ցավում եմ, որ չունեի ավելի տալու, բայց տվեցի, ինչ որ կարող էի. Թշվա՛ռ մարդ:

Եվ մի՞թե կարող էր ժլատ և մարդատյաց լինել նա, որ այդպիսի վշտակցությամբ էր վերաբերվում դեպի իսկական կարոտյալները և թշվառները:

IX

Ես չեմ ուզում Րաֆֆիի անձնական հատկությունների փաստաբանը հանդիսանալ և ոչ էլ նա կարոտ է իմ պաշտպանության: Բայց զազրելի է, երբ մի այդպիսի մարդու մասին թյուր և անարժան գաղափար է կազմվում:

Րաֆֆին ուներ թերություններ, բայց ոչ այն, ինչ որ վերագրում էին նրան մարդիկ: Նրա լեզուն երբեմն անզուսպ էր իր հակառակորդների վերաբերմամբ: Րոպեական վրդովմունքը նրան հասցնում էր ծայրահեղության: Նա չէր խնայում ոչ մի սուր ածական իր հակառակորդների համար, աշխատում էր միշտ միայն նրանց թերությունները տեսնել, գուցե երբեմն և հնարում էր չեղած թերությունները:

Հիշում եմ նրա մի կատաղի հոդվածը «Մշակ»-ի մեջ Պետրոս Սիմոնյանցի և ընկերության դեմ: Դա «Մեղվ»-ի քսանուհինգամյա հոբելյանի ժամանակն էր: Գաղափարներով արդարացի հոդվածը վարակված էր մի քանի այնպիսի ակնարկներով, որոնց կարելի էր միայն Րաֆֆիի թշնամիներից սպասել և ոչ Րաֆֆիից: Այդ ակնարկները նույնիսկ վիպասանի բարեկամների և երկրպագուների վրա անախորժ տպավորություն գործեցին:

Նա քինախնդիր էր և ոխակալահա նրա հոգու տկար կողմը: Շատ անգամ էր նա վճռել արհամարհել իր թշնամիներին, բայց չէր կարողանում, որովհետև կիրքը նրա մեջ զորեղ էր: Նա միշտ բարկանում էր իր թշնամիների հարձակումների դեմ: Այն ինչ արհամարհանքը, ինչպես շատ գեղեցիկ նկատել է Ռենանը, բարկության հետ կապ չունի: «Բարկությունը մարդուն թելադրում է ճռճռան ֆրազներ, կոպտություն, հաճախ և վիրավորանք, իսկ արհամարհանքը գրեթե միշտ արտահայտվում է վայելուչ և արժանավոր ոճով: Նա ով որ բարկանում է, կամենում է, որ ուրիշներն էլ իր հետ բարկանան, իսկ նա, որ արհամարհում է, այնպիսի մի նուրբ հաճույք է զգում, որ կարիք չունե ուրիշների մասնակցությանը: Արհամարհանքը ինքն իրանով է բավականանում»:

Րաֆֆին կարողանում էր արհամարհել միայն իր թույլ և աննշան հակառակորդներին, որոնց թիվը լեգեոն էր, իսկ նրանց, որոնց մեջ ուժ էր զգում, ատում էր ամբողջ էությամբ: Դրանից էր առաջանում այն սարսափելի թույնը, որով տոգորված են նրա բոլոր պոլեմիկական հոդվածները:

Նա չէր ուզում համոզվել, որ եթե յուր հակառակորդների արժանավորությունները խոստովանի, դրանով ինքն իրան ավելի կբարձրացնի, որովհետև ինչ հրապույր ունի անարժանների հետ կռվելը:

Արժե՞ կռվել այդ մարդկանց հետ, որոնց ինքներդ ամեն կրիտիկայից ստոր եք համարում, — ասում էր նա երբեմն:

Արժե, որովհետև նրանք վնասակար են:

Կնշանակե ոչնչություն չեն, այլ ուժ, խոստովանեցեք, ուրեմն, որ դուք ուժի դեմ եք կռվում:

Այո, թունավոր միջատներն էլ ուժ են, բայց նրանց հետ չեն կռվում, այլ ջախջախում են նրանց, ոտնատակ են անում:

Եվ իրավ, որ նա չէր կռվում, ինչպես դիսցիպլինայով անցած սառնարյուն զինվոր, այլ ջախջախում էր և ոտնատակ անում, ինչպես մի ասպատակ:

Գուցե դրանով պետք է բացատրել այն անսահման ատելությունը, որ զգում էին դեպի Րաֆֆի-Մելիքզադեն ամենը, որոնք երբևէ ենթարկվել են նրա հարվածներին:

X

Բանաստեղծների կյանքում կանայք սովորաբար մեծ դեր են խաղում, շատ անգամ արմատապես փոխում են նրանց հոգեկան աշխարհը:

Ազդե՞լ են արդյոք կանայք Րաֆֆիի վրա երիտասարդ հասակում, հետևապես և ներգործություն արե՞լ են նրա բանաստեղծական ուղղության վրաինձ հայտնի չէ: Գիտեմ միտքն, որ կանանց մասին նրա գաղափարը մերթ թեորետիկական էր, մերթ միակողմանի, գործնական: Նա նրանց հոգեբանորեն չէր ուսումնասիրելդրանով պետք է բացատրել այն գեղարվեստական աններելի սխալները նրա վեպերի մեջ, երբ նա կնոջ և տղամարդի սեր է նկարագրում:

Նա ծնվել և մեծացել է այնպիսի ժամանակ և այնպիսի շրջանում, որ կանայք դեռ փակ կյանք էին վարում: Հետևբար, դժվար է ենթարդրել, որ պատանեկան և երիտասարդական հասակում շատ կանանց հետ ծանոթ լիներ, ուրեմն և՛ թարմ հոգով ուսումնասիրեր նրանց: Իսկ հետո, հասուն տարիքում, որքան ինձ հայտնի է, նա բոլորովին հեռու էր կանանց հասարակությունից: Գրեթե Թիֆլիսում նա չուներ կին ծանոթներ, բացի մի քանի վարժուհիներից, որոնք մի առանձին հոգեբանական հետաքրքրություն չէին ներկայացնում:

Բայց և այնպես Րաֆֆին շատ էր սիրում խոսել կանանց մասին: Նա պատմում էր իր կյանքի անցյալից քանի մի արկածներ, բայց չեմ հիշում մեկը, որ ունենար ռոմանային հիմք: Նրա ձգտումները ավելի զգայասիրական էին, քան հոգեսիրական: Այս դեպքում նա ինձ թվում էր խորին արևելցի, որի հեշտասիրությունը նշմարվում է նրա շատ սիրային նկարագրությունների մեջ անգամ, մանավանդ «Հարեմ»-ում: Հիշում եմ նրա «Պարսկաստանի նամակների» մեջ մի տեսարան, ուր նա նկարագրում է յուր հանդիպումը մի անմեղ օրիորդի հետ և նրանց մեջ տեղի ունեցած րոպեական ինտրիգը: Բայց ես համոզված եմ, որ այդ տեսարանս նրա հարուստ ֆանտազիայի ծնունդներից մեկն է, և ուրիշ ոչինչ: Նա խոսքով էր միայն այսպես, իրականության մեջ չեմ հիշում նրա կյանքից մի դեպք, որ կարողանար ապացուցել նրա հայացքը, բացի հարկավ երիտասարդական քանի մի սխալներից: Սակայն այդ տեսակ սխալներ, որ ներելի են զգայուն բանաստեղծին, Րաֆֆիի կյանքում եղել են այնքան սակավ, որքան գուցե մի ժուժկալ մարդու կյանքում:

Թշնամիների լուտանքը Րաֆֆիի անձնավորության մասին այս դեպքում էլ չափ չուներ: Այդ ժուժկալ մարդուն նրանք վերագրում էին այնպիսի ախտեր, որոնց մասին ակնարկելն անգամ ամոթալի է: Երբ մանր մարդկանց թշնամական կիրքը հուզվում է, զրպարտությունները տեղում են այնպիսի առատությամբ, որ մարդ չգիտե որը հերքե և որի դեմ վիրավորվե: Հաճախ բարոյապես ապականված մարդիկ ուրիշների մեջ են որոնում այն ախտերը, որոնցով վարակված են իրանք: Ոչ ոք այնքան հաճախ չէ կրկնում գող բառը և այնպիսի դյուրությամբ այդ անունը չէ կպցնում յուրաքանչյուրին, որքան իսկական գողը: Ով չգիտե յուր դրական արժանավորություններով իրան բարձրացնել, ուրիշների բացասական հակությունները քննադատելով է զբաղվում: Հասարակ մահկանացուների մասնավոր կյանքը սքողված է նրանց անհայտության քողով: Իսկ բացառիկ անհատների անձնավորությունը ենթարկված է հասարակական քննադատությանը, ուստի բնական է, որ նրանց մասնավոր թերությունների վրա ամբոխը խոշորացույցով նայե: Հիշում եմ շատ անվայել լուրեր Րաֆֆիի մասին, որոնք բխում էին Րաֆֆիի թշնամի բանակից և որոնք ոչ մի հիմք չունեին: Արհամարհենք այդ լուրերը և զզվանքով երես դարձնենք, որովհետև բոլորն էլ ուրիշ ոչինչ էին, եթե ոչ կրքի և ծայրահեղ ատելության ծնունդզրպարտություններ:

ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ

Հայ գրականության ապագա պատմագիրն անկասկած չի մոռանալ Խրիմյան Հայրիկի անունը իբրև գրողի, բանաստեղծի թե բանասերի, որը կամենաք:

Ինքը Խրիմյանը իրան ավելի բանաստեղծ էր համարում, քան կաթողիկոս, և գրիչը նրան ավելի էր զբաղեցնում, քան Էջմիածնի գահը:

Ես շատ բաներ չունիմ ասելու Խրիմյանի մասին, որովհետև հազիվ ես մի 10 անգամ տեսնված լինեմ նրա հետ: Բայց թվում է ինձ, որ իմ գիտցած մի քանի գծերը հետաքրքրությունից զուրկ չեն և կարող են մի որոշ նյութ տալ ապագա պատմաբանին այդ բացառիկ մարդու բնավորությունը պատկերացնելու համար:

Խրիմյանը, ինքը լինելով բարձրահասակ, պարթև, մի տեսակ արհամարհանքով էր վերաբերվում դեպի փոքրահասակ մարդիկ: Հիշում եմ հետևյալը: Խրիմյանի առաջին անգամ Կաթողիկոս ընտրվելուց հետո, Թիֆլիս մտնելու օրն էր: Երկաթուղու կայարանը լիքն էր բազմությամբ: Ներկա էին բազմաթիվ պատգամավորություններ, ռուս կառավարության ներկայացուցիչները մի խումբ գեներալներ և պաշտոնյաներ, վրացի իշխաններ և Թիֆլիսի քաղաքային ինքնավարությունը իր ամբողջ կազմով:

Ընդունելության առաջին խոսքն արտասանեց քաղաքագլուխ Պողոս Իզմայլյանը, մի փոքրահասակ մարդ: Ճառը, որ թարգմանեց ռուսերենից հայերեն Խորեն եպիսկ. Ստեփանեն, խորը տպավորություն գործեց Խրիմյանի վրա: Բայց նրա բնությունն ավելի զորեղ գտնվեց, քան տպավորությունը: Նա քաղաքագլխին ոտքից մինչև գլուխ նայեց և հարցրեց.

Դո՞ւն ես գրել այդ ճառը:

Այո, Ձերդ Սրբություն, — պատասխանեց Իզմայլյանը հայերեն:

Դուն այդպես պզտիկ, ճառդ այդչափ աղվոր, շնորհակալ եմ… — ասաց Խրիմյանը:

Քաղաքագլուխը շփոթվեց, մենք, հայերս, նույնպես, որովհետև օտարները պահանջ ունեին, որ Հայրիկի յուրաքանչյուր բառը թարգմանվի ռուսերեն:

Էջմիածնում Խրիմյանին, ի միջի այլոց, ներկայանում է և մեր բանաստեղծներից մեկը իր ամուսնու հետ: Տիկինը փոքրահասակ է:

Խրիմյանը նայելով նրան, դառնում է բանաստեղծին.

Ա՞դ է քեզ ոգևորում բանաստեղծություններ գրելու:

Այո՛:

Զավակս, աղեկ, որ չարիքներեն փոքրագույնն ես ընտրել:

Տիկինը վրդովվում է, բանաստեղծը՝ շփոթվում:

***

Խրիմյանը հումորիստ էր: Ամենալուրջ և ամենահանդիսավոր պահերին անգամ նա չէր մոռանում իր բնածին հումորը:

Առաջին քարոզն էր Թիֆլիսի Վանքի տաճարում: Բավական երկար քարոզ: Սեղանի վրա դրված էր մի բազկաթոռ, Խրիմյանը խոսում էր ոտքի վրա: Քարոզի կեսին նա ասաց.

Շտէ այդպես:

Եվ նստեց բազկաթոռի վրա: Դպիրների խումբը մի քահանայի ղեկավարությամբ, կարծելով, որ Հայրիկն ավարտեց քարոզը, սկսեց երգել «Հայր մեր»: Հանկարծ ոտքի ելավ Խրիմյանը:

Համբերիր, տեր պապա, ես խոսքս տակավին չեմ ավարտել, — ասաց նա, — անոթի ես, մի շտապիր, կրնաս քիչ ուշ ճաշել:

Մենք դարձյալ շփոթվեցինք: Տաճարը լիքն էր օտարականներով:

***

Խրիմյանը հանճարեղ հռետոր էր: Հանճարեղ ոչ իր պերճախոսությամբ, այլ մտքերի սրությամբ և համեմատությունների սրամտությամբ: Մինչև նրա Կովկաս հասնելը ընդառաջ էին գնացել մի քանի «քաղաքագետներ» նախազգուշացնելու համար, որ նա չլինի թե ռուս կառավարությունը որևէ կերպ քննադատե:

Աղեկ, — պատասխանել էր Հայրիկը, — ես ամենուրեք կփառաբանեմ անոր քաղաքականությունը:

Եվ իրավ Բաթումից մինչև Թիֆլիս նա գովաբանել էր ռուս կառավարությունը: Թիֆլիսում, իր առաջին քարոզում, Վանքի մեջ նա դարձյալ գովաբանեց, համեմատելով ռուսահայերի կացությունը թուրքահայերի վիճակի հետ:

Ձեր բարեկեցությունը, — ավելացրեց նա, — դուք պարտք եք ռուսաց ցարին բարեսրտությանը: Եղեք անոր հավատարիմ, զավակներս, վասնզի ժողովուրդը ցարին ծառայելու համար է:

Հանկարծ հեղափոխականի հոգին զարթնեց նրա մեջ: Նա մի վայրկյան լռեց և, գլուխը հպարտ բարձրացնելով, գոչեց.

Սակայն, կայսրն էլ ժողովուրդին համար է: Գյուղացու չքավոր խրճիթին ու կայսեր պալատին մեջ կա էլեկտրական թել մը: Եթե հոս փլչե գյուղացու խրճիթ, հոն պալատին մեջ կը դղրդա սյուն մը:

Ունկնդիրների բազմությունը զգաց, թե ով է Խրիմյանը:

***

Թիֆլիս եկած ժամանակները ես Խրիմյանի մոտ գնում էի երբեմն:

Մի օր նա ասաց.

Նոր բանաստեղծություն մը գրել եմ: Կամի՞ս կարդամ:

Խնդրեմ, Հայրիկ:

Դա մի բավական երկար երկ էր. Հայրիկը բանաստեղծորեն նկարագրում էր եվրոպական պետությունների ժամանակակից քաղաքական կազմությունը:

Նրա մահից հետո այդ ոտանավորը տպվեց, հետո թարգմանվեց ռուսերեն:

Այնտեղ Հայրիկը, զարմանալի գուշակությամբ նախատեսել էր համաշխարհային պատերազմը և նրա հետևանքները: Դա մի տեսակ մարգարեություն էր, որ ապշեցրեց ռուս ընթերցողներին:

Մի պետություն միայն մոռացել էր Հայրիկը: — Իտալիան:

Ես հիշեցրի նրան:

Աղեկ ըսիր, անոր մասին ալ կը գրեմ, — ասաց Հայրիկը:

Այնուհետև ամեն անգամ երբ ես գնում էի Հայրիկի մոտ, նա ինձ համար կարդում էր իր նոր գործերը բարձրաձայն: Փույթ չէ, որ դուրսը սպասում էին Եպիսկոպոսները այս կամ այն գործի համար:

***

Շատ քչերին էր հայտնի, որ Խրիմյանը իր արտաքին համեստության տակ պահում էր խոշոր ինքնավստահություն: Ես այդ նկատեցի առաջին իսկ օրը, երբ եկավ Թիֆլիս:

Առաջնորդարանի դահլիճում ժողովել էին պատգամավորությունները նորընտրյալին շնորհավորելու համար: Ես Շամախու թեմի ներկայացուցիչն էի: Ինձնից առաջ մի երկար ուղերձ կարդաց Բաքվի մարդասիրական և կուլտուրական ընկերությունների ներկայացուցիչը: Ուղերձը լեցուն էր զանազան խորհուրդներով: Դա ուղղակի մի քաղաքական ծրագիր էր, որ առաջարկում էր Հայրիկին իրագործելու Կաթողիկոսության ժամանակ: Ես նկատեցի, որ Հայրիկի պայծառ դեմքը հետզհետե մթնում է, և նա զանազան ներվային շարժումներ է անում: Որոշեցի մի փոքր մեղմացնել նրա գեշ տպավորությունը: Ես ասացի, թե թեմը, որի ներկայացուցիչն եմ, միայն մի ցանկություն ունե, այն է, որ Հայրիկը կաթողիկոսական գահի վրա մնա երկար, երկար տարիներ: Ինչ վերաբերվում է գործունեությանը, ոչ ոք այնքան լավ չգիտե հայ եկեղեցու և հայ ժողովրդի պահանջները, որքան Հայրիկը, և համոզված ենք, որ նա կկարողանա լրացնել այդ պահանջները:

Հայրիկի դեմքը նորեն պայծառացավ:

Մոտեցիր, — ասաց նա, — մոտեցիր:

Ես մոտեցա և նրա աջը համբուրեցի:

Զավակս, աղեկ ճառեցիր, — ասաց նա և համբուրեց ինձ:

Դժբախտաբար մեծ էր այն մարդկանց թիվը, որ չգիտեին հարգել Հայրիկի նրբազգացությունը և շարունակ ձանձրացնում էին նրան իրենց անկոչ խորհուրդներով: Երբեմն նրա մոտ գալիս էին իրանց «քաղաքական գրագիրներով» մարդիկ, որոնց սահմանափակ խելքը չէր կարող ըմբռնել Խրիմյանի մեծությունը: Ամենից ավելի այդ մեծությունը չէին տեսնում նրանք, որոնք ամեն օր Խրիմյանի քով էին, այն պարզ պատճառով, որ հոյակապ արձանի տակ կանգնողները չեն կարող տեսնել նրա բարձրությունը:

***

Խրիմյանի ազատամտությունը ոմանց զարմացնում էր, ոմանց վրդովեցնում: Մինչև նրա Կաթողիկոս ընտրվիլը ապահարզանի խնդիրը մի ծանր լուծ էր Էջմիածնի վրա: Նրա նախորդները, կես դարի ընթացքում, հազիվ 6-7 ամուսնալուծություն էին թույլ տվել: Խրիմյանը առաջին իսկ տարին թույլ տվեց 57 ամուսնալուծություն: Մի անգամ Էջմիածին է գալիս մի պարոն բողոքելու, որ Խրիմյանը թույլ է տվել իր կնոջը բաժանվել և ամուսնանալ մի ուրիշի հետ:

Սիրո՞ւմ էիր ամուսնուդ, — հարցնում է Հայրիկը վրդովված պարոնին:

Ո՛չ:

Ան ալ քեզի չէր սիրում: Ուստի բաժանեցի:

Բայց, Վեհափառ, դուք նրան իրավունք եք տվել ամուսնանալու մի ուրիշի հետ և դրանով ինձ զրկել եք այդ իրավունքից: Ռուսական օրենքով երկու ամուսնալուծվածներից միայն մեկը կարող է ամուսնանալ, ինչո՞ւ այդ մեկը կինս է և ոչ ես:

Ըշտե, գնա դու էլ ամուսնացիր:

Ուրեմն թո՞ւյլ եք տալիս:

Հարկավ:

Բայց օրե՞նքը:

Օրենքն իմ խոսքն է: Քալե՛:

Եվ Խրիմյանը ստորագրում է պարոնի ամուսնության թուղթը:

Խրիմյանի այդ ազատամտությունը այնքան կատաղեցրեց խավարամիտներին, որ նրանք գաղտնի բողոքեցին ռուս կառավարությանը, և հետևանքն այն եղավ, որ ամուսնալուծության իրավունքը կաթողիկոսից խլվեց և տրվեց Սինոդին

Մարդիկ զարմանալի փոքրանում էին Խրիմյանի խոսակցության մեջ:

Ի՞նչ տպավորություն թողեց ձեզ վրա փոխարքա Վորոնցով-Դաշկովը, — հարցրի ես նրան այն օրը, երբ առաջին անգամ տեսնվել էր կոմսի հետ:

Թույլ է, ձայն չունե, խոսքը չի ազդեր, — պատասխանեց Հայրիկն արհամարհանքովան Գոլիցին քիչ մը կազդեր իր խոսելու եղանակով:

Նա ոչ մի նշանակություն չէր տալիս կայսեր հետ իր տեսնվելուն: Խոսում էր Նիկոլայ Բ-ի մասին իբրև մի հասարակ պատանու վերաբերմամբ:

Պզտիկ մարդ մըն է, կայսերական շուք չունե: Առհասարակ Խրիմյանը մարդկանց հետ վերաբերվում էր մի տեսակ անփութությամբ և արհամարհանքով: Չկար նրա համար ոչ իշխան, ոչ ծառա, ոչ հարուստ, ոչ էլ աղքատ: Ամենքը միևնույն արժեքն ունեին նրա աչքում: Այդ տեսակետից նա կատարյալ բանաստեղծ էր: Միայն մի բանի առաջ էր խոնարհում նրա անկախ ու հպարտ հոգինժողովրդի: Հիշում եմ այն պահը, երբ Ներսիսյան դպրոցի երգեցիկ խումբը նրա առջև երգեց Վանի մի ինչ-որ ժողովրդական երգ: Պետք է տեսնեիք Խրիմյանին այդ պահին: Այդ հսկա մարդը ժողովրդական վշտալի երգի տպավորությամբ կծկվեց, փոքրացավ: Նրա նահապետական պայծառ դեմքը մռայլվեց, և նրա կրծքից դուրս թռավ մի ծանր, երկարատև հառաչանք: Եվ թվաց ինձ այդ պահին, որ դա ինքը հայ ժողովուրդն է իր դարավոր տառապանքներով:

Անտակտ էր, — ասում և կրկնում են Խրիմյան Հայրիկի հակառակորդները:

Գուցե անտակտ էր իբրև Կաթողիկոս, բայց մեծ էր Խրիմյանը նույնիսկ իր անտակտության մեջ:

***

Խրիմյան Հայրիկը, բացի հայերենից, ոչ մի լեզու չ գիտեր: Ես, իհարկե, հաշվի չեմ առնում տաճկերեն լեզուն, որ ոչ մի նյութ չէր կարող տալ նրա ուղեղին: Զարմանալի էր, որ նա կարողանում էր միայն հայերենով հետևել եվրոպական ոչ միայն քաղաքականությանը, այլ գրականություններին ու արվեստներին:

Մի անգամ նա ինձ հետ խոսեց թատրոնի մասին: Մարդը իր կյանքում թատրոն չէր տեսել, սակայն ինձ զարմացրեց իր խելացի հայեցողությամբ այն արվեստի մասին, որ ամենից ավելի կղերականությունից է հալածվել:

Թատրոնը, — ասաց նա, — երկրորդ եկեղեցի է: Անիկա տեսակ մը տաճար է մարդկային բարքերը կրթելու և հոգին բարձրացնելու համար:

Իշխանավորի այդ ազատ հայեցողության շնորհիվ էր, որ հայ վարդապետներն ու քահանաները այնքան համարձակ հաճախում են այսօր թատրոնը, հակառակ ավանդամոլների բողոքներին:

Ազատ և անկախ էր Խրիմյանի հայացքը և գրականության մասին: Նրան չէր շփոթեցնում բարքերի նկարագրությունը: Նա միայն պահանջում էր չափավորություն: Այն, ինչ որ ռեալիզմի հատկանիշն է, վասնզի նա գիտեր նատուրալիզմի և ռեալիզմի մեջ եղած ահագին տարբերությունը: Մի բան, որ չգիտեին և չգիտեն Խրիմյանից ավելի շատ կարդացած մարդիկ:

***

Աննման էր Խրիմյան Հայրիկի արտաքինը: Եթե Ադամյանի միայն գլուխն էր գեղեցիկ, Խրիմյանը ոտքից մինչև գլուխ մարմնացած գեղեցկություն էր և առնական գեղեցկություն: Ոչ մի լուսանկարով չի կարելի պատկերացնել Խրիմյանի դեմքը, մանավանդ խոշոր կապտագույն աչքերի արտահայտությունը: Ցավալի է, որ չգտնվեց այնչափ տաղանդավոր նկարիչ, որ կարողանար տալ այդ աննման պատկերը:

Երբ գնացքը կանգ առավ կայարանում, և Խրիմյանը դուրս եկավ պլատֆորմի վրա, բոլոր ներկա եղողները միաժամանակ շշնջացին:

Ինչ վեհ կերպարանք:

Նա ամբողջ գլխով բարձր էր իր շրջապատողներից: Արծվաքիթ էր նա, հպարտ գծավորված դեմքով: Չկար նրա այտերի վրա եպիսկոպոսներին հատուկ կարմրությունը: Միապաղաղ էր նրա դեմքի գույնը և ճերմակ: Մի բան միայն փչացնում էր այդ դեմքի գեղեցկությունը ծխախոտի դեղնագույն հետքը ընչացքի վրա:

***

Խրիմյանը կաթողիկոսացու չէր, զուր ընտրեցինք նրան, — ասում էին Հայրիկի բարեկամները:

Տեսա՞ք, որ սխալվեցիք, ասում էինք, ասում էինք, — չարախնդությամբ աղաղակում էին Հայրիկի նախկին և նոր հակառակորդները:

Այո, բոլորովին ճիշտ է, Խրիմյանը Կաթողիկոս չէր, այն իմաստով, ինչ որ պահանջում էին ժամանակն ու հանգամանքները: Նա ռուս կառավարության նենգամտության դեմ պայքարելու համար չէր ծնված և ոչ էլ Էջմիածնի անխուսափելի բանսարկությունների հետ կռվելու համար: Նրա մաքուր հոգին գարշում էր և նենգամտությունից, և բանսարկությունից: Իսկ երբ գարշում ես մի թշնամուց, չես կռվում նրա հետ, այլ արհամարհում ես, վասնզի կռվելու համար պետք է դիմես հավասար զենքի: Խրիմյանը չէր ուզում այդ զենքն իր ձեռքն առնել: Նա Ներսես Աշտարակցի չէր:

Նայեցեք այդ երկու բացառիկ դեմքերի պատկերներն և տեսեք ինչ ահագին տարբերություն կա նրանց մեջ:

Խրիմյանը արհամարհում էր իր շրջապատող հանգամանքները և այն միջավայրը, ուր ձգել էր նրան ճակատագիրը: Միևնույն ժամանակ նա և տառապում էր իր հոգու խորքում: Այդ հայտնի էր միայն այն մարդկանց, որոնք գիտեին նրա պարզ խոսքերի ետին իմաստն հասկանալ և նրա պայծառ դեմքի վրա կարդալ նրա ներքին վիշտը:

Խրիմյանը իր ժամանակից դուրս էր, չեմ ասում վեր կամ վար, այլ դուրս: Նա ուրիշ աշխարհի և ուրիշ շրջանի մարդ էր: Քրիստոսի ժանամակ նա կլիներ մեկը նրա առաքյալներից, Սոկրատի շրջանում նա կլիներ փիլիսոփա: Նրա միակ զենքն էր իր հոգին, իր միտքը, իր հեզությունը և ներողամտությունը:

Ահ գիտեմ, այս տողերը կարդալիս կան մարդիկ, որ պիտի ժպտին հիշելով Խրիմյանի այն վայրկյանները, երբ նա վրդովվում էր, բորբոքվում և անիծում մեկին ու մյուսին: Բայց արդյոք երկա՞ր էր տևում այդ: Անմիջապես նրա վրդովմունքին չէր հետևում մեղմ մարդասիրական ժպիտը և նրա անեծքին՝ օրհնությունը:

Համաձայն եմ, որ նա շատ ուներ տկարություններ իբրև իշխանավոր, բայց չէ՞ որ միևնույն ժամանակ ուներ և արժանավորություններ իբրև Մեծ Մարդ: Կաթողիկոսը մեքենա է, մարդը գերիշխան:

***

Խրիմյանը վախճանվեց ութսունյոթ տարեկան հասակում: Զարհուրելի է ամբոխի հոգեբանությունը: Այդ եզական մարդու մահն այնքան վիշտ չպատճառեց, որքան նրա Կաթողիկոս ընտրվիլը` ուրախություն:

ԱՎԵՏԻՔ ԱՐԱՍԽԱՆՅԱՆՑ

Զարմանալի է բնության քմահաճույքը: Երբեմն մարդուն պարգևելով բարձրագույն արժանավորություննեը, տալիս է նրան մի որևէ տարօրինակ հատկություն, որ խանգարում է մարդուն իր բնածին ձիրքերը գործադրելու կյանքի մեջ:

Ավետիք Արասխանյանցը կլիներ մի շատ խոշոր և գուցե բացառիկ դեմք ռուսահայերի հասարակաբան կամ գրական կյանքում, եթե չունենար ի բնե մի շատ Փոքրիկ, շատ չնչին թերություն, որ սակայն ողբերգական դեր կատարեց նրա համար: Ի՞նչ էր այդ թերությունը, ես դժվարանում եմ որոշել մի խոսքով: Առօրյա լեզվով նրան կարելի է անվանել մանրակրկտություն կամ ճշտամոլություն, որը կամենաք:

Ավետիք Արասխանյանցը ճշմարտության մեջ ճշմարտություն փնտրելու մոլի սերն ուներ: Պարզ իրողությունը նրան չէր գոհացնում: Գտնելով արմատը, նա կանգ չէր առնում, այլ աշխատում էր գիտնալ չկա արդյոք նրա տակ մի ավելի խոր արմատ:

Այդ ճշմարտությունը գուցե Արասխանյանցին ծառայեր իբրև արժանավորություն, եթե չհասներ ծիծաղելի չափազանցության: Արասխանյանցը մանրակրկիտ էր ամենաչնչին բաների վերաբերմամբ նույնչափ, որչափ լուրջ հասարակական խնդիրներում:

Անեկդոտ պիտի թվա ձեզ, ինչ որ ասեմ այս առիթով այդ տարօրինակ մարդու մասին: Եթե մեկը Արասխանյանցի մոտ ասեր, օրինակ, «Ես նիստերին եղել եմ հինգ-տասն անգամ», նա անպատճառ պիտի հակաճառեր, «Եղբայր, հնգի և տասի մեջ կա վեց, յոթ, ութ, ինը, քանի՞ անգամ եք եղել նիստերին: Եթե դուք ասեիք. «Իմ կարծիքով, այդ հրապարակի վրա կլինի տասը հազար մարդ», Արասխանյանցն անպատճառ պիտի դիմադրեր. «Եղբայր, ձեր կարծիքը մի կողմ դրեք, պետք է իսկական թիվը գիտնալ»:

Մի անգամ նա մի մեծ ժողովրդական միտինգում սկսում է ամբոխի շուրջը պտտիլ իր քայլերը համրելով:

Այդ ի՞նչ եք անում, պարոն Արասխանյանց, — հարցնում է նրա հետ միտինգի եկած մի անձ:

Ուզում եմ գիտնալ, որքան մարդ կա այս միտինգում, — պատասխանում է նա ամենայն լրջությամբ:

Մի ուրիշ անգամ նա Թիֆլիսի ամենաբազմամարդ մի, փողոցի վրա իր ուղեկցի հետ վիճում է ինչ-որ տարածության վրա և իր ասածն ապացուցելու համար սկսում է փողոցի մի որոջ տարածությունը իր ձեռնափայտով չափել: Անցորդները կանգ են առնում, նայում են տարօրինակ մարդուն:

Երևի խելագար է, — ասում են իրանց գլուխը տարակուսանքով շարժելով:

Դուք տեսնո՞ւմ եք որքան չնչին, որքան աննշան է Ավետիք Արասխանյանցի այս մոլությունը: Բայց նա, այդ չնչին բանը մարդու կյանքում կատարեց ճակատագրային դեր: Նա Արասխանյանցին դարձրեց ծիծաղելի: Այո, նրան ծաղրում էին ամենքը, և՛ մեծերը, և՛ փոքրերը, և՛ իր աշակերտները, և՛ մարդիկ, որ չարժեին նրա կոշիկների կոճակները կապելու պատվին:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last