Չարենց Եղիշե՝   Տեսիլաժամեր, Ծիածան, Ողջակիզվող կրակ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last

3

Իրիկունն էր արդեն փռվել շուրջը նրա,
Երբ նա նստեց ձյունե ճանապարհի վրա:
Ճանապարհը` կապույտ` ոլորվում էր առաջ
Ու լեռնային մաքուր պտույտներով սառած`
Վե՛ր էր ձգվում անվերջ` խորհրդավոր ու մութ`
Ու կորչում էր հեռու երկնքի մեջ կապույտ:
Լո՛ւռ էր շուրջը այնպես: Չկար շշուկ ու ձայն:
Իրիկուն էր, ու զով լռություն էր միայն:
Հովը քսվում էր պաղ նրա հոգնած ուսին
Ու պատմում էր հեռու երկինքների մասին...
Բայց չէր լսում կարծես նա խոսքերը նրա
Հոգնություն էր իջել նրա հոգու վրա:
Ու թվում էր նրան, որ քայլել է մի դար...
Լո՛ւռ էր շուրջը այնպես, շուրջը ոչ ոք չկար:
Ու թվում էր նրան կյանքը հեռու մի հուշ,
Որ ցնդել է արդեն ու դարձել է մշուշ...
Ցուրտ էր շուրջը այնպես, լուռ էր շուրջը այնքան
Ու վար նայեց հանկարծ նա աչքերով տարտամ:
Վարը, որպես հեռո՛ւ, անդարձ կյանքի մի հուշ՝
Տարածվել էր մի նուրբ ու թափանցիկ մշուշ:
Մայր էր մտնում հեռուն արեգակը բոսոր
Ու ժպտում էր կարմիր, հեռավոր ու հզո՛ր...
Ու կարմրածոր վառվող, կարմիր սրտից նրա
Վար էր ծորում` թմրած հովիտների վրա՝
Ջերմ արյունը նրա կաթիլներով հրկեզ
Ու վառվում էր դաշտում, հրդեհվում էր կարծես:
Ու արյունը նրա իրիկնային մուժում
Խառնվում էր հեռու ուղիների փոշուն...

4

Նա նայում էր մեռնող արեգակի հրին
Եվ, չգիտեր ինչո՞ւ, արտասվում էր լռին:
Սիրտը զարկում էր խուլ, որպես ջարդած մի զանգ
Ու անցնում էր հոգուց մի հրաշունչ հոսանք:
Որպես վառվող մի սիրտ, ողջակիզվող կրակ,
Մայր էր մտնում հեռուն արեգակը հրակ,
Որ գիշերից հետո, որպես հրե մի վարդ,
Նորից վառվի ծիրում ու բարձրանա զվարթ
Եվ լափվելով անվերջ իր կարմրակեզ հրից`
Երկինքների մովում ողջակիզվի նորից
Որ դաշտերին խոնավ, ճահիճներին ճղճիմ
Տա՛ իր վառվող հոգու ոսկիները վերջին...
Նա լալիս էր անօգ, երբ սրտաբեկ զգաց,
Որ բռնկվեց սրտում արնաշաղախ մի կայծ:
Ոտքի ելավ հանկարծ, շուրջը նայեց մի պահ
Լո՛ւռ էր շուրջը այնպես, լռություն էր ու մահ:
Հովը նորից քսվեց նրա հոգնած ուսին
Ու փսփսաց հեռու երկինքների մասին...
Բայց չլսեց նրան: — Սրբեց աչքերը թաց
Եվ արևի՜ հրին կարոտակեզ ժպտաց:
Եվ հայացքը հառած արեգակի շողին
Նա ժպտալով բռնեց վերադարձի ուղին...
Եվ վայր իջավ արագ հեռուներից պարապ
Ու ճչում էր հոգին, որպես մեռնող կարապ,
Սեգ լեռների վրա, լուրթ երկնքի միջում
Գովքն էր երգում մահի, որպես մեռնող թռչուն:
Մայր էր մտնում հեռուն արեգակը հրակ
Ու քայլերով թեթև նա իջնում էր արագ,
Որ համբուրե այնտեղ, հովիտներում ճղճիմ,
Բորբ արևի թողած ոսկիները վերջին...

1918 հուլիս

ԱՌԱՎՈՏ

1

Իմ անցած օրերի պես,
Հնացած օրերի պես,
Ես արդեն հեռացել եմ,
Հնացել եմ ես.
Ես արդեն հնացել եմ,
Ես արդեն հիմա ծե՛ր եմ,
Հեռացել ու անցել եմ
Ծերացել եմ ես:
Բայց այս վառ օրերի մեջ,
Երբ հողմերն աղմկում են,
Աղմկում ու երգում է
Անցած սիրտը իմ.
Ես կարծես դեռ ջահել եմ,
Ինձ կարծես հմայել են,
Եվ իմ սիրտը պահել է
Կրակները հին: -

Ախ, գիտեմ, որ այդ դո՜ւ ես,
Որ այդպես հմայում ես,
Հմայում ու նայում ես
Օրերում այս հուր.
Դու անուշ կարկաչում ես,
Դու կանչող մի հնչյուն ես,
Կարկաչում ու կանչում ես,
Չգիտեմ, թե ո՞ւր:

Եվ հիմա ես լսում եմ,
Որ վերջին երազում իմ
Քո կարոտն սկսում է
Իմ հոգին հուզել
Ես կարծես ծերացե՛լ եմ,
Ծերացել ու դարձել եմ
Ու նորի՛ց երազել եմ
Կարոտանք ու սեր...

2

Օրերը հուր են հիմա,
Օրերը հողմ են հրե:
Քաղցր է կյանքը, որպես մահ,
Քաղցր է աշխարհը հրե:
Ո՞վ գիտե` ո՞վ է վառել
Հուրը, հրդեհն այս հսկա,
Ես գիտեմ` դո՜ւ ես վառել
Հուրը, հրդեհն այս հսկա:

3

Հնչում են խոսքերը, բառերը,
Հանգերը, վանկերը բոլոր,
Երբ քաղցր կարոտդ վառել է
Սրտիս մեջ նոր սեր ու օրոր:
Սրտիս մեջ վառվել է, վառվում է
Կարոտդ անուշ ու հրկեզ
Իսկ դուրսը հողմի պես տարվում են
Օրերը շեշտով այս երգիս:

Օրերը փրփուր են, ալիք են,
Ծփում են փրփուր առ փրփուր,
Հողմի պես թռչում է գալիքը
Հուզվում են օրերը պուրպուր:

Հուզվում ու ծփում են օրերը,
Ինչպես իմ երգերը բոլոր,
Երբ քաղցր կարոտդ վառել է
Սրտիս մեջ նոր սեր ու օրոր:

4

Հնչում են օրերը, կանչում են,
Օրերըկարմիր ու բոսոր.
Օրերը ղողանջ ու հնչյուն են,
Զնգում են` հրե ու հզոր:

Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է` կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ...

Կրա՜կ կա սրտիս մեջ, կրա՜կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Գալիքը կուզեմ որ արա՜գ գա
Անդարձ է կարոտը երգիս:

Կուզեմ որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն
Կուզեմ որ լսե, ա՛խ, գալիքը
Երգերս այս վառ ու հնչեղ...

5

Նո՛ր է կարոտս հիմա. հուր է կարմիր ու հրդեհ:
Նո՛ր է հմայքը, որով դու ուզում ես կախարդել:

Հո՜ւր ես դարձել ու կրակ, փայլ ես կարմիր ու փրփուր,
Ինչպես օրերը այս տաք, ինչպես օրերը պուրպուր:

Շուրջդ օրերը վառվում ու հոլովվում են արագ՝
Օրերը տո՛թ ու այրող, ինչպես նայվածքդ հրակ:

Ինչպե՞ս երգեմ, չգիտեմ, կարմիր հմայքը քո այս,
Ինչպե՞ս ասեմ աշխարհին, որ աշխարհում արդեն կաս...

6

Կանչում են` դարձի՛ր, դարձի՛ր
Օրերը՝ անցած, լազուր, —
Բայց նո՛ր է իմ դեմ անծիր
Աշխարհը հրահզոր...

Ու շուրջս արդեն հիմա
Շեփո՛ր է հնչում ու շե՛ր.
Շե՛փոր է ամեն մի մահ,
Ամե՜ն վերքհրե մի սեր:

Կանչում են` դարձի՛ր, դարձի՛ր,
Օրերըիզո՛ւր ու զուր.
Բացվել է իմ դեմ անծիր
Աշխարհը հրահզոր...

7

Դու հրե մի ուրու ես, աղջի՜կս,
Դու մոտիկ ու հեռու ես այնպես:
Դու փրփուր ու պուրպուր մի աղջի՜կ ես
Ու մոտիկ ու հեռո՛ւ ես այնպես:

Քո փայլով դու վառել ես երկիրը,
Կարոտով ու փայլով քո անուշ.
Քո կարոտը վաղո՛ւց ես երգել եմ
Քո կարոտը ու փառքը անուշ:

Դու հիմա կարկաչում ես, կանչում ես,
Երերում ես հրե օրերում.
Դու կարմի՛ր քայլերգի մի հնչյուն ես
Կարկաչում ու կանչում ես հեռու...

8

Ես հաճախ մտածել եմ, զգացել եմ
Օրերում այն անգույն ու անել,
Որ քո փայլը անհուն ու անծիր իմ
Տխրությունն ու կարոտն է ծնել:

Որ քո փայլն հղացել է օրերում այն,
Երբ ամե՜ն փայլ մեռնում էր հրում.
Իսկ հիմա այն օրերը հեռո՛ւ են,
Այն օրերը տամուկ ու տրտում:

Եվ հիմա ոսկեփայլ դու շիկնե՛լ ես
Օրերում այս այրող ու անգին, —
Ու տալի՛ս եմ ահա շշուկներս
Քո այրող, քո անուշ կրակին...

9

Բրո՜նզ ես, հո՜ւր ես,
Բրոնզե սո՜ւր ես,
Բրոնզե փա՜ռք ես,
Բրոնզե փա՜յլ
Բայց դու զո՛ւր ես,
Ախ, իզո՛ւր ես
Կոտրում սուրս
Արևառ:
Ինչպես քաղցր
Մեր երգերը
Մեր վերքերը
Հրաբույր
Դու միշտ նո՛ր ես,
Ու հզո՛ր ես,
Ու բոսո՛ր ես,
Քաղցր քո՜ւյր...

Բրո՜նզ ես, հո՜ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փայլ
Բայց ափսո՛ս որ
Դու հեռո՛ւ ես
Դու ուրու ես
Արևառ...

10

Ու վառվո՛ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.
Ջե՛րմ հողմերում ու հրում քե՛զ եմ տեսնում հիմա ես:

Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
Վառել ես սիրտս` խոսքի կարկաչներով արևառ:

Բա՛ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:

Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա
Քա՜ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ...

11

Կարմիր նժույգները թռչում են սրընթաց,
Կարմիր նժույգները` բաշերը փրփուր,
Վառվում, բոցկլտում են պայտերը նրանց,
Պայտերը սփռում են բոցկլտուք ու հուր:

Վառվել է երկիրը կարմիր կրակով.
Կարմիր նժույգները վառե՛լ են երկիրը, —
Թռչում ենհողմի՜ պեսանընդհատ շարքով,
Ամեն տեղերաշտ է, տագնա՜պ է, գրգի՜ռ է:

Դոփում են պայտերը, կայծկլտում են վա՛ռ,
Կայծերը նետի՜ պես ճեղքում ե՜ն գալիքը.
Հողմի մեջ փլչում են շենքերը մարմար.
Ամեն տեղ հրդեհ է, ու հուրըբարիք է:

Թռչո՛ւմ են, թռչո՛ւմ են անվերջ, սրընթաց
Կարմիր նժույգները, բաշերըփրփուր,
Վառվում, հրդեհվում են հետքերը նրանց
Կարմիր նժույգները հրդեհ են ու հուր...

12

Սրտիս մեջ մղկտում է կարոտը,
Սրտիս մեջ մորմոքում է մարմանդ.
Աշխարհը հեկեկանք է, կարոտ է,
Սրտիս մեջ մորմոքում է մարմանդ:

Նայում եմ՝ օրերի մեջ, հրի մեջ
Երում է, երերում է պատկերդ.
Այնպես դու հեռացել ես, հեռո՛ւ ես,
Հեռո՛ւ է, հեռանում է պատկերդ:

Օրերը թևավոր են, թռչո՛ւմ են.
Թռչում ես` թևավոր ես, ուրու ես: —
Կարոտս օրերի հետ թռչում է
Բայց միշտ դու հեռանում ես, հեռո՛ւ ես...

13

Ճամփա եմ ընկել ես մենակ,
Քայլել եմ` դարե՛ր ու դարե՛ր:
Երգում է սիրտս մանուկ
Փլչում են շենքերը քարե:

Հեռո՛ւ է տունս: — Հեռո՛ւ:
Ո՞ւր է, ինչո՞ւ է... Հիմա
Շուրջս գալարք է հրի.
Շուրջս մրրիկ է ու մահ:

Հողմը ոռնում է հեռուն.
Հուր է` թռչում է արագ:
Սիրտս տվե՛լ եմ հրին, —
Սի՜րտ իմ, կարոտ ու կրակ...

Գնում եմ: Ո՛ւր եմ... Ինչո՞ւ: —
Շուրջս գալարք է հրի:
Շուրջս քայլերգ է հնչում: —
Հեռո՛ւ է տունս, հեռո՛ւ...

14

Հուշի պես թել մի բարակ
Կապում է սիրտը իմ քեզ. —
Երկի՜ր իմ, սիրտդ արդյոք
Զգո՞ւմ է հուրը երգիս:

Զգո՞ւմ է տենդը հոգուս,
Երկունքս կարմիր ու մառ.
Երկնո՛ւմ է այսօր հոգիս,
Երկի՜ր իմ, քույր իմ ու մայր...

Հեռո՛ւ եմ, — ո՞ւր եմ հիմա...
Երգում եմ: Երգսկրակ: —
Մրրիկ է կյանքը այս մի,
Թռչում է` հողմից արագ...

15

Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս բախտազուրկ,
Ինչպես երկիրս ավերակ ու արնաներկ
Մխում է սիրտս հիմա որբ, մխում է սիրտս բախտազուրկ,
Մխում է սիրտս` ավերակ ու արնաներկ...

Եվ այս երգերը իմ կարմիր, ախ, այս երգերը իմ կարմիր,
Որ երգում է անսփոփ սիրտս կրակուն — —
Ինչպե՞ս պիտի արդյոք հնչեն, ախ, այս երգերը իմ կարմիր
Իմ ավերակ, իմ ո՛րբ երկրում...

Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս ավերակ
Այնպես էլ սիրտսանսփոփ, այնպես էլ սիրտսանուրախ,
Վե՛րք է դառնում սրտիս խորքում օրերի փա՛յլը այս հրակ
Ախ, սի՛րտս իմ` բո՛րբ ու անսփոփ, — երկի՛ր իմ` ո՜րբ ու անուրախ...

16

Վառվում ես`մարմա՛նդ, մարմա՛նդ,
Սրտիս մեջ դառնում ես հուր:
Վառվում ես մարմա՛նդ, մարմա՛նդ
Հրով քո` շարմաղ, մաքուր:

Անբախտ եմ, ո՛րբ եմ ու խեղճ,
Ինչպես իմ երկիրը, որ
Կորե՛լ է աշխարհի մեջ,
Լռե՛լ է` անտեր, անօր: —

Ես ինչպե՞ս կանչեմ հիմա,
Որ տաս ինձ շրթերդ կաս. —
Ախ, ինչպե՞ս կանչեմ հիմա,
Որ ձայնս լսես ու գաս...

17

Տեսնում եմ` վառ օրերում, օրերի հրում
Դեմքդ ժպտում է ահա աշխարհին ամբողջ.
Բացվել է դեմդ ահա աշխարհի հեռուն,
Շիկնել է դեմդ ահա տիեզերքը ողջ...

Դու, որ ժպտում ես հիմա, որ վառել ես այդ
Խնդությունդ հրեղենամենքի՛ համար, —
Նայի՜ր մի պահ քո հրե աչքերով զվարթ`
Դեպի երկի՜րը իմ մութ, իմ երկիրը մառ...

Վառի՜ր երկիրս քո դեմմի կարմիր կանթեղ,
Նետի՛ր ժպիտդ վերջին իմ ավե՛ր երկրին.
Տո՜ւր վերքերին նրա մառ, վերքերին անդեղ
Կարմիր ժպիտը քո սուրբ, քո՛ւյր իմ, Սոմա՜, կին:

18

Դուհողմային մշուշ ու մահ,
Դուկրակի դուստր բարի, —
Քե՛զ է կանչում սիրտս հիմա,
Քեզ է կանչում սիրտս` արի՛:

Հասել է փառքդ արդեն վառ
Մինչև Հաբաշ ու Հնդուչին.
Քե՛զ եմ նետում եղբայրաբար
Իմ արյունի ճիչը վերջին:

Բո՜րբ աչքերիդ նայվածքը թող
Արյունոտե սիրտս հիմա
Եվ թո՜ղ տեսնի սիրտս վառվող
Մահվան մեջսեր, սիրո մեջմահ...

19

Վառվում է հեռու մի սեր
Սրտիս մեջ, դառնում մոխիր.
Մխում է հուզմունքը զուր
Հարբե՛լ եմ բույրով հողի: —

Վառել եմ, տվել հրին
Բոլո՛ր այն երգերը, որ
Սրտիս մեջ փռել Էին
Հոգնած սեր, հոգնած օրոր...

Երկունք կա սրտիս մեջ մի, —
Վառե՛լ եմ շենքերը բիլ.
Օրհնում եմ կյանքում հիմի
Ամե՛ն հուր, ամե՜ն մոխիր:

Հողմի պես հնչեղ երգեր
Հնչում են սրտում իմ ջինջ.
Տեսնում եմմի նո՛ր երկիր
Բացվում է իմ դեմ քիչ-քիչ...

20

Ելե՛լ են նորից...
Լսո՞ւմ ես երգերը հնչեղ...
Շիկնել է աշխարհը հրից: —
Պատրա՞uտ եu, եթե քեզ կանչեն...

Աշխարհըզգո՞ւմ ես.
Շեփո՛ր է. զնգում է անուշ...
Շիկնե՛լ է, շիկնե՛լ է հսկումս,
Եվ սիրտսկրակ է և ուժ:

Զգում եմ՝ սրտիս մեջ
Ծփում է ալիք առ ալիք
Արյունը նրանց, որ ելել սեգ
Գնում են դեպ կյանքը գալիք...

О, ե՜րգ իմ, թռչո՛ւմ ես.
Գիտեմ, որո՜ւր էլ որ թռչես
Երգիս մեջ կզգա ջերմ ողջույնս.
Ընկերը, կամ քո՜ւյրը հրկեզ...
Օ, ե՜րգ իմ, օ, քո՜ւյր իմ հրկեզ...

21

Որքան դաշտեր որ կան,
Որքան որ կան լեռներ,
Որքան գյուղե՛ր, հյուղե՛ր
Ու քաղաքներ հսկա
Կուզեմ ողջույն այնքան
Հոգուս խորքից թևե՛ր.
Կուզեմ ամե՜ն ժխոր
Հոգիս ապրի, զգա: —

Կուզեմ երգում իմ այս
Հոգիս հրթի՛ռ դառնա,
Թռչի հեռուն` հրկե՛զ. —
Ամեն անցորդ ապրի,
Ամեն անցորդ զգա
Խենթությունը երգիս...

Կուզեմ շնչում երգիս
Ամե՜ն անցորդ զգա
Խե՛նթությունս հրկեզ,
Խնդությո՜ւնս հսկա...

19191920

ԷՄԱԼԵ ՊՐՈՖԻԼԸ ՁԵՐ
(ԳԱԼԱՆՏ ԵՐԳԵՐ)

Արմենուհի Տիգրանյանին
ԵՐԵՎԱՆ, 1920, II

ՍՈՆԵՏ

Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ: — Դուք արվեստ եք ու հոգի:
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել:
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի`
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազա՜ր սոնետ նվիրել:
Դուք այնպես մե՛ղմ եք խոսում: Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի:
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին:

Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ են երգում
Եվ այդ երգով հմայված` սիրտս տխրում է լռին:

Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի:

*

Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ
Ես այսօր կուզեմ երգել,
Որպես մի անհայտ դը Լիլ:
Արդյոք ո՞ր վարպետը մեծ
Հորինել է դեմքը Ձեր.
Արդյոք ո՞ր Ոգին տվեց
Ձեր դեմքին լուսե գծեր:
Կուզեի երգեր կապել
Եվ գովել երգով անծիր
Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ:

*

Որպես մի ցնդած պոետ`
Ես այսօր կուզեմ երգել
Էմալե պրոֆիլը Ձեր
Եվ երգով լինել Ձեզ հետ:
Կուզեի հույսով արեգ,
Աչքերում Ձեր բիլ ու խոր
Գուշակել երգերը, որ
Դուք մի օր պիտի գրեք:
Ձեր կապույտ հրով վառված՝
Կուզեի լսել ես հար
Ձեր վճիտ երգերը վառ,
Որ այսօր դեռ չեն գրված:
Եվ որպես ցնդած պոետ . —
Կուզեի անվերջ խմել
Լազուրե երգերը Ձեր
Եվ երգո՛վ լինել Ձեզ հետ:

*

Ես այնքան փո՛քր եմ դեռ,
Երեխա եմ կարծես, —
Բայց ես սիրում եմ Ձեզ
Ոււ ջինջ երգերը Ձեր:

Գիտե՞ք արդյոք, որ ես
Վախենում եմ, երբ Դուք
Նայում եք աչքերիս
Հայացքներով բորբոք:

Սիրում եք Դուք երգել
Սիրո երգեր հուզիչ.
Վախենո՞ւմ եմ ես Ձեր
Հմայքների ուժից:

*

Երազի պես անուշ
Ինչ որ բան կա, գիտե՞ք,—
Երբ Ձեր գլուխը լույս
Դուք մերթ բռնում եք թեք
Եվ գլխարկի կապույտ,
Թավշե ֆոնի տակից
Ուղարկում եք անփույթ
Ժպիտները Ձեր ինձ:

*

Երբ ես տեսնում եմ Ձեզ
Անդարձ անցած մի սեր
Սկսում է իր հեզ
Հեքիաթները հյուսել:
Հիշում եմ ես հանկարծ
Կապույտ լապտեր գազի,
Որոնք վաղո՛ւց հանգած`
Սպասում են լույսի:
Հիշում եմ ջինջ, մաքուր
Ապակիներ կորած,
Կապույտ ծովի փրփուր՝
Փխրուն գիպսից փորած:
Ինչ-որ մի տեղ գնած
Ֆոլիանտի թերթեր
Ու թիթեղից շինած
Դիակառքի վարդեր:

*

Հստակ հոսում են իմ
Երգերը Ձեր մասին.
Տրվե՛լ եմ Ձեր բույրին,
Ձեր մեղմահոս լույսին:

Հստա՛կ, հստա՛կ է այս
Տխրությունը իմ նոր,
Որպես մանկան երազ,
Որպես մանկան օրոր:

Սրտիս վրա մի հեզ
Քնքշություն է իջել
Թեթև՛, թեթև՛, որպես
Կապույտ վուալը Ձեր:

*

Առել եմ գիրքը Ձեր
Ու նայում եմ նրան:
Ձգվում են բիլ գծեր
Գրքից` հոգուս վրա:

Նայում եմ թերթերին
Եվ սպասում եմ, որ
Երգերը թրթռան,
Որպես լույսի օրոր

Եվ անսահմա՛ն, անծի՛ր
Թրթիռներից երգի
Հյուսվի պրոֆիլը Ձեր
Եվ սրտամոք երգի:

*

Որպես հեռու բույրի,
Հրապույրի կարոտ
Թողե՛ք, որ գուրգուրի
Սիրտը իմ մեգ ու մութ
Քնքշությունը անծիր
Ձեր սրտամոք հուշի`
Կապույտ վուալը Ձեր
Ու վուալի փոշին:

*

Ձեր դեմքի կարոտը վես
Իմ հոգում հեռու հրի
Մի կապույտ փայլ է վառում.
Կարծես ես տեսնում եմ Ձեզ

Մոգական մի լապտերի
Լուսազարդ, բիլ նկարում:
Մոգական մի լապտերի
Կապտավուն լույսի նման
Այս գիշեր կարոտս անծիր
Ձեր հեռու հրին գերի
Ուղեղիս լաթի վրա
Նկարում է դեմքը Ձեր:

*

Էլեկտրական լամպի
Ֆոսֆորագույն լույսում
Ձեր էմալե դեմքի
Տխրությունն է հոսում:
Հոսում է լույսը Ձեր
Փողոցների հեռուն
Ու մի անծի՛ր, անծի՛ր
Թովչություն է փռում:

*

Կարդում էիք Դուք թավ ձայնով
Տարօրինակ ու կանացի
Երգերը Ձեր մարմանդ ու մով:

Երբ բարձրացա ու գնացի
Լռել էր ձայնը Ձեր երգուն,
Բայց իմ սրտում, իմ որբ հոգում
Թավջութակնե՛ր էին երգում:

*

Երբ ես տեսնում եմ դեմքը Ձեր
Եվ Ձեր մատները ապակի,
Եվ Ձեր դեմքինլուսե գծեր
Ինչ-որ հեռու արեգակի
Սիրտս զգում է ցավը նուրբ
Ձեր ուսերին նիրհող շալի,
Մետաքսի վիշտը անսփոփ,
Անբառ թախիծը ռոյալի,
Ու բաժակում նիրհող թեյի
Անմահ ձանձրույթը հորանջող
Ու ջահազարդ սենյակների
Մարմանդ մորմոքը մեզ տանջող:

*

Թղթից շինած ծաղիկների պես հիվանդոտ,
Թոքախտավոր ստեղների պես ռոյալի,
Փոշուց կերած նկարների նման անթով,
Որպես մեռած գեղեցկուհու մի հայելի
Հոգիս տխրել է անբարբառ ու չգիտե
Ինչո՞ւ է օրն իրիկնանում ու լուսանում
Երբ ոչ մի լույս դրսից ընկած ճառագայթի
Չի՛ ամոքում նրա կարոտը անանուն:

*

Երբ ես հիշում եմ Ձեզ
Հավատացե՛ք, որ ինձ
Համակում է մի հեզ
Ու մեղմահոս թախիծ:
Սիրում է սիրտս բիլ,
Երազանքով անհույս,
Կաթի՛լկաթի՛լ խմել
Տխրությունը Ձեր լույս:
Օրերում այս հրե,
Հորձանքներում վարար,
Երբ որ ամեն քարի
Զարնվում է մի քար
Հեռուներից Ձեր կույս
Թող շիթ առ շիթ սուրա
Տխրությունը Ձեր լույս՝
Վառվող հոգուս վրա:

*

Ես հիմա օրհներգում եմ
Մի անուշ տխրություն, որ
Իմ հոգին ամոքում է
Ձեր հեռու կարոտո՜վ նոր:

Ես երգով միշտ Ձեզ հե՛տ եմ`
Ձեր բույրից հավիտյա՛ն գոհ.
Ես հիվանդ մի պոետ եմ.
Օգնեցե՜ք, օգնեցե՜ք, օ՛...

ՏՐԻՈԼԵՏՆԵՐ

*

Իմ երգը միշտ Ձեզ է երգում`
Դուք երգ ու հմայք եք, տիկի՜ն.
Լսեք, ախ, լսե՜ք, իմ երգին
Իմ երգը միշտ Ձեզ է երգում:
Օ, թող իմ ամե՜ն մի երգում
Իր փայլը զգա Ձեր հոգին
Իմ երգը միշտ Ձեզ է երգում,
Դուք երգ ու հմայք եք, տիկի՜ն:

*

Երեկ Ձեր պրոֆիլը այնքան,
Այնքան հմայիչ էր, գիտե՞ք,
Եվ Ձեր սանրվածքը թեք
Երեկ հմայիչ էր այնքան:
Դյութի՛չ էր Ձեր ժպիտը մանկան,
Ձեր քաղցր ժպիտը` սրտաբեկ, —
Երեկ Ձեր պրոֆիլը այնքան,
Այնքա՛ն հմայիչ էր, գիտե՞ք...

*

Ձեր դեմքի էմալը երեկ
Հստակ էր, որպես ապակի.
Կարոտ էր հրի, կրակի
Ձեր դեմքի էմալը երեկ:
Արդյոք ո՞վ պիտի կրակի,
Արդյոք ո՞ւմ պիտի նվիրեք
Ձեր դեմքի էմալը, որ երեկ
Հստակ էր, որպես ապակի...

*

Այսօր Ձեր մատները, տիկի՜ն,
Նման են հեռու մի հուշի.
Մաղում են կապույտ մի փոշի,
Այսօր Ձեր մատները, տիկին:
Հին բույրն եմ զգում ես կրկին,
Հին բույրը անցած, ուրիշի, —
Այսօր Ձեր մատները, տիկի՜ն,
Նման են հեռու մի հուշի...

*

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

*

Շրշում են իմ շուրջը, շրշում
Շորեր ու շորեր կանացի.
Անցնում եմ մայթով փողոցի
Շրշում են իմ շուրջը, շրշում:
Լսում եմ գարնան մի շրշյուն,
Կարծես թե անտառ գնացի
Իսկ շուրջս շրշում են, շրշում
Շորեր ու շորեր կանացի...

*

Երգում է ծովը, դաշտը, հովը,
Ամե՜ն ինչ երգ է ու շշուկ,
Երբ սիրտը խենթ է ու գինով է:
Երգում է ծովը, դաշտը, հովը. —
Գիտե՞ք, որ սիրտը դա՜շտ է, հով է,
Եվ երբ զարթնում է սերն անշուք
Երգում է ծովը, դաշտը, հովը
Ամեն ինչ երգ է ու շշուկ...

(Տրիոլետ ինտիմ)

Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր.
Ինչի՞դ է կյանքը, իր իմաստը,
Հիմա ամեն ինչ անիմա՛ստ է.
Թողել ենք նավը, ղեկը, լաստը,
Իսկ ծովը մո՛ւթ է ու անծիր. —
Հիմա ամե՜ն ինչ անիմաստ է
Իզո՛ւր այդպես դու շիկնեցիր...

*

Ես անդարձ Ձեզ սիրել եմ, և իմ սիրտը հուր է`
Թող ցրե՜ իմ հուրը տխրությունը Ձեր.
Տխրությունը թույն է, ժանգոտած մի սուր է:
Ես անդարձ Ձեզ սիրել եմ, և իմ սիրտը հուր է. —
Օ, թողե՜ք որ, քույր իմ, մորմոքող իմ հուրը
Բռնկի հույսով նոր մշուշում անծիր. —
Ես անդարձ Ձեզ սիրել եմ, և իմ սիրտը հուր է. —
Թող ցրե՜ իմ հուրը տխրությունը Ձեր:

*

Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը
Ու պարում են շուրջս լուսազարդ հուշեր
Այս գիշեր իմ սիրտը Ձեզ նորի՛ց հիշել է...
Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը.
Օ, ինձ ի՞նչ, որ երգն իմ ու գինով իմ սերը
Շարժելու են ծաղրը ու ծիծաղը Ձեր
Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը
Ու պարում են շուրջս լուսազարդ հուշեր:
Երևան, 1920, II

ՆՈՐԻՑ ԱՐՄԵՆՈւՀԻ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ

1920, III

ՄԻԱՅՆ ՁԵԶ ՀԱՄԱՐ

Արմենուհի Տիգրանյանին

Մրսած մի եղեգի նման
Կարոտս անսկիզբ ու անծայր
Տխուր դողդողում է հիմա,
Երգում է միայն քեզ համար:
Երգում է անըսփոփ ու տխուր
Կարոտսանմայր մի մանուկ
Իմ երգըաչքերիդ պես խոր
Ու թույլ ձեռքերիդ պես անօգ:
Բայց դու կարոտիս հանդեպ
Ինչո՞ւ ես լռել, շվարել,
Ինչո՞ւ է լռությունը անդեմ
Շարել իր պատնեշները քարե:
Երգի՜ր, զրընգա՜, զնգա՜,
Նետի՛ր երգիդ վանկը հետին
Անփույթ ժպիտի պես մանկան
Քո թույլ, հոգնաբեկ պոետին:
Մենակ ես ընկել եմ ճամփա,
Ուսիս` հոգնությունը իմ ծեր,
Նետի՛ր արևի մի փայլ
Դեպի իմ խավարը անծիր...

8. III. 1920

ՆՈՐԻՑ` ԱՐՄԵՆՈԻՀԻ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ

Երազիդ մեջ տեսածի հիդ
Ինձի մէ հեսաբ մի անի...
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ

1

Ես այն աշխարհից եմ եկել,
Ուրիշ է իմ կարոտը անբառ:
Չկա փրկության մի երկիր,
Չկա փրկության ճանապարհ:
Մարդիկես սիրում եմ նրանց
Բայց այլ է կարոտը իմ անհուն.
Այս գորշ աշխարհի վրա
Կարող ես սփոփելմիայն դո՜ւ:

Միայն դո՜ւ կարող ես հասկանալ
Հոգուս տխրությունը անել,
Ուզում եմ ցնդել, վերանալ, —
Ուզում եմ միշտ քե՜զ հետ լինել:
Ուզում եմ հավիտյան շնչել
Անուշ թովչությունը դեմքիդ
Խմել քո երգերը հնչեղ
Ու կորչել քո երգում վճիտ...

9. III. 1920

2

Գիտե՞ս, որ գլխարկիդ համար
Ու լենտի համար գլխարկիդ
Կարող եմ ես զոհվել հիմա
Գլխարկդ կարող է ինձ փրկել:
Գիտես, որ երգից ավելի
Ու փառքից ավելիայս սին
Կյանքում կարող է հմայել
Գլխարկդ, գլխարկիդ փոշին:
Թավիշ գլխարկիդ համար
Եվ լենտի համար մոխրագույն
Կարող եմ ես զոհվել հիմա
Միայն թե հասկացիր այդ դու:
Ես ինչպես քեզ ասեմ հիմա,
Որ դու իմ կարոտը հասկանաս,
Դուլույս, լուսեղենքամի,
Դու այլ փրկության երազ:
Եվ ես, պոետ մի անտուն,
Կյանքում, օրերի միգում
Փնտրում եմ մի վերջին խնդում,
Որ կարող ես ինձ տալ միայն դո՜ւ:

9. lll. 1920

Գալիքը կա ու պիտի գա...

ԱՐՄԵՆՈԻՀԻ ՏԻԳՐԱՆՅԱՆ

3

Անհայտ հեռուներից եկած`
Մենակ, անընկեր, անտուն`
Վառված քո անուշ կրակից`
Գնում եմ ես հիմա հեռու,
Գնում եմ երգելով, զնգալով,
Սրտիս մեջ` քո դեմքը լուսե.
Զգում եմ՝ խնդություն է գալու
Մի նոր երազանք ու սեր:
Ուզում եմ չլինել, ցնդել,
Փռվել աշխարհովը մեկ
Դու սիրտս հրկիզել ես արդեն,
Քեզ չեմ մոռանա ես երբե՜ք:

10. lll. 1920

Ի՛նչ խոսքերով երգեմ քեզ...
Վ. ՏԵՐՅԱՆ

4

Քո դեմքը, թովչությունը դեմքիդ,
Աչքերիդ լուսությունը անհուն
Ինչպե՞ս, ի՞նչ խոսքերով երգեմ,
Դու` ծափ, արբեցում, խնդում:
Դուվառ ծիծաղի մի հնչյուն
Դեպի իմ տխրությունը նետած,
Հոգիս՝ տրփակեզ մի գնչու
Երգում է` խենթացել է բախտից:

Արի՜, ծա՜փ զարկիր, հոգիս
Մատներիդ կարկաչում թող զնգա
Ինչքան ինձ քո բանտում փակես
Հոգիս սիրելու է քեզ այնքան:

10. III. 1920, Երևան

ԱՐՄԵՆՈԻՀԻ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ

Աշխարհը մութ ու դժվար, սիրտը կարոտ ու ագահ,
Ուզում է լույս մի աշխարհ, սիրտը կարոտ ու ագահ,
Չի հասկանում, որ չկա, կարծես մանուկ լինի չար.
Գանգատվում է անդադար, սիրտը կարոտ ու ագահ.
Մի խոսք չկա, որ ասես, արտասվում ես ու լռում,
Ա՛խ, չի դառնում կարծր քար, սիրտը կարոտ ու ագահ:

10. III. 1920

ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊՉՐՈւՀՈւՆ

ՅՈԹԸ ԲԱԼԼԱԴ

1. ԽՐԱԽՃԱՆՔ

Ջահերն այնտեղ կասկածոտ
Ակնարկում են ու թարթում
Գիշերային, սակայն տոթ
Հմայքների թակարդում:
Այնտեղ շքեղ ու փարթամ,
Մանեկենի պես կիներ
Ծախում են սուտ խենթության
Թիթեղաձայն ոսկիներ:
Ու մեռելի նման պաղ
Մարդիկ հոգնած ու դեղին
Այնտեղ լցվում են ուրախ
Խենթությունով հրեղեն:
Անցի՜ր մենակ: — Կես մթում,
Ակնարկներով հրակեզ,
Հմայքներով անպատում
Կհմայեն նրանք քեզ:
Նստի՜ր այնտեղ: Թող նրանք
Սրահներում իրենց մութ
Վառեն կարմիր մի կրակ`
Անհրապույր ու աղոտ:
Անհարազատ թող լինին
Կարոտակեզ քո հոգուն, —
Թե երգերը նրանց հին,
Թե ժպիտները բեկուն:
Համոզի՜ր քեզ, որ վաղուց
Դու երազել ես սիրով
Ծախվող հմայքը այդ ուշ
Խրախճանքի ու սիրո:
Ու կդառնա ողջըսուտ,
Ու գինու պես քո հոգին
Հորդ` կթափվի նրանց մութ
Ու մահահոտ հատակին:
Ու էլ մինչև առավոտ
Պիտի մնաս նրանց հետ`
Խրախճանքում նրանց տոթ,
Անիմաստ ու անհեթեթ:
Էլ հանձնվի՜ր մինչև լույս,
Որպես գերի մի անկամ
Խրախճանքին նրանց ուշ,
Անուրախ ու արնաքամ: —
Ո՜չ մի վայրկյան չկասե
Թող հորձանքը ժրաջան
Հարբի՜ր սիրով նրանց սև,
Որ շրթերդ չճչան...

2. ՇԱՄԻՐԱՄ

Նորից՝ անմար կարոտով գգվանքների ու հրի
Դու եկել ես տեսնելու քաղաքները Նաիրի:

Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի
Ցանկությունով հրահրած՝ անհագ վառվել են էլի:

Դու անցնում ես ու տեսնում քաղաքները հիմա այն,
Որոնց տեղ խոտ էր բուսնում, երբ դեռ ապրում էր Արան:

Ա՜յլ է աշխարհը հիմա, ա՜յլ է հիմա Նաիրին.
Ո՜չ մի արքա էլ չկա, որ չտրվի քո հրին:

Մտի՜ր ակումբը հիմա, մտի՜ր թատրոնն ու կաֆեն`
Հազա՛ր արքա ու Արա կհանդիպեն ժպտադեմ:

Ո՜չ վեճ է էլ հարկավոր, ո՜չ պատերազմ մահառիթ.
Արքաների համար նորբավական է մի ժպիտ. —

Միայն ակնարկ մի թեթևև կտրվեն նրանք քեզ,
Քո հմայիչ ու անթև տարփանքներին հրակեզ: —

Կգան մեկ-մեկ ու սիրովու կտանջես նրանց դու
Անհագ կրքի ու սիրո նիզակներով քո հատու:

Եվ այնպիսի՛ տարփանքներ նրանք կտան հիմա քեզ,
Որ կամոքվի քո հոգին կարոտանքից սիրակեզ:

...Բայց կլինի մի գիշերու հմայքով նաիրյան
Կբարձրանա մշուշից մանկաժպիտ քո Արան:

Նորի՛ց հոգիդ անսփոփ կարոտանքով կվառվի
Ու սարսափով մի անօգ` նորից կելնես դու կռվի:

Եվ որպեսզի չտրվի նա ախտաժետ քո հրին
Ոտքի կելնե նրա հետ հազարամյա Նաիրին:

Եվ դաշտերում Նաիրի կպարտվի նորից նա,
Կնահանջե զորքը ետ, երկիրը քեզ կմնա:

Նա կմեռնի, որպես զոհբայց չե՜ս հաղթի դու նրան,
Դա՜ռն է խորհուրդը սիրո, շամբշոտաշո՜ւրթ Շամիրամ...

3. ԱՆԿՈւՄՆԵՐԻ ՍԱՐՍԱՓԻՑ

Ե՜ս եմ հիմամի պոետ. և իմ անունը
Չարենց
Պիտի վառվի դարերում, պիտի լինի բա՛րձր ու մեծ:

Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից` դեպի վառվող Ապագան:

Ի՞նչ է ուզում ինձանից կապույտ մորմոքը հրի.
Ի՞նչ է ուզում քո հոգին, հազարամյա Նաիրի՜:

Եվ ինչո՞ւ ես դու փռել իմ դեմ քո բույրը բոլոր
Եվ իմ մորմոքը վառել թախիծներով ահավոր:

Եվ ինչո՞ւ է իմ առաջ ելել աղջիկը քո հին`
Բորբ աչքերով իր կանաչ ու հմայքով իր դեղին:

Ուզում է մե՛րկ լինեմ ես, ու անսփոփ, ու անօգ,
Որպես մեռել մի հրկեզ. որպես կորած մի մանուկ:

Եվ չարձակած ո՜չ մի նետ, անկումների սարսափից,
Ես փախչում եմ ահա ետես նահանջում եմ նորից:

Եվ աչքերս, որոնց դեմ կանգնել է բիլ մի նկար
Նորի՛ց հառնում են դեպի ամբոխները խելագար:

Նրանք ելել են նորից, նրանք շատ են, նրանք վառ,
Ու ավերե՛ն պիտի ձեր քաղաքները լուսնահար:

Ո՜չ մի հմայք էլ պիտի ձեր աշխարհը չունենա`
Նրա տեղ մահ ու ավեր, վերք ու մոխիր կմնա:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last