Մուրացան՝ Պատմվածքներ | |
ՀԱՅ ԲՈՂՈՔԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ
Ա
Դեկտեմբեր ամսի ցուրտ օրերից մեկն էր: Դեռ վաղ առավոտ լինելով՝ ամբողջ քաղաքը պատված էր մշուշով: Քամին անընդհատ փչելով փոթորկում էր յուր հետ տան կտուրների վրա դիզված ձյունը, որի սառած հատիկները զարնրվելով երբեմն փակված պատուհանների ապակիներին, մեղմ հնչյուններ էին հանում: Սառուցակապ փողոցների մեջ անցուդարձ գրեթե չկար. միայն երբեմն — երբեմն, նրանց այս ու այն ծայրում, սևին էին տալիս եկեղեցին շտապող բարեպաշտ ծերունին կամ պառավը, որոնց միօրինակ ու համբաքայլ ընթացքը մերթ ընդհատվում էր նրանց երկաթագամ քոշերի՝ սառույցի վրա սահելուց: Եվ այս շատ անգամ վերջանում էր նրանով, որ բարեպաշտ պառավը ակամա նստում էր ճանապարհի մեջտեղը և դժգոհելով անիծում յուր քոշերը գամող դարբնին:
Քաղաքի մի ետ ընկած փողոցում, որ գլխավորապես աղքատների բնակատեղին էր, գտնվում էր մի տնակ: Ամբողջ գիշերը հակառակ սովորականին, ճրագը վառվում էր այդտեղ: Այդ հանգամանքը կարող էր հետաքրքրել դրացիներին, բայց եղանակի վատթարության և գիշերվան մառախուղի պատճառով այդ նրանցից աննկատելի մնաց: Միայն առավոտյան պահուն, երբ Խաթուն մայրիկը՝ թաղի ամենաբարի պառավը, եկեղեցին գնալու ժամանակ անցավ տնակի մոտից, շատ զարմացավ, երբ ոսկերիչ Գրիգորի ճրագը վառ գտավ: Սա մոտենալով բակի դռանը նայեց նրա ծերպերից տեսնելու համար, թե բակում անցուդարձ կա՞ արդյոք: Բայց որքան մեծ եղավ նրա երկյուղը, երբ տան ներսից լսվեցավ կանացի լացի մի ողորմելի ձայն: Պառավը պատրաստվում էր դուռը բախելու, երբ բակից նրա ականջին զարկավ մի ուրիշ աղիողորմ մրմունջ. «Ախ, աստված, դարձյալ ծեծում»:
Բարի պառավը երկար չսպասեց: Նա ձեռքը ձգեց դռան մուրճը զարնելու, բայց դուռը մուրճ չուներ: Սկսավ քար որոնել գետնի վերա, բայց գետինը սառած լինելով նա այդ ցանկությանն էլ չհասավ: Վերջապես հանեց ոտքի քոչերից մեկը և նրանով սկսավ ամուր — ամուր բախել դուռը:
Դուռը իսկույն բացվեցավ: Պառավի առաջ արձանացավ մի տասնևհինգամյա գեղահասակ աղջիկ: Նրա դեմքը դրսի ցրտությունից դալկացել էր, և արտասուքը սառել այլագունված այտերի վերա:
— Մանիշա՛կ, այս ժամին ի՞նչ ես շինում այս ցրտի մեջ, — եղավ պառավի առաջին հարցը:
Մանիշակը հեկեկալով ընկավ պառավի պարանոցով և ոչինչ չկարողացավ պատասխանել:
— Աղջիկ, ի՞նչ եղավ քեզ. ի՞նչ է պատահել, խոսիր տեսնեմ:
— Ի՞նչ խոսեմ, մայրիկ, միթե չգիտե՞ս. էլի մորս ծեծում է, — պատասխանեց նա, և հեկեկանքը խեղդեց խեղճ աղջկա ձայնը:
Պառավը հասկացավ իսկույն, թե բանը ինչումն էր:
— Իսկ դու ինչո՞ւ այս ցրտի մեջ կանգնած ես, — հարցրավ նա:
— Ես կամեցա մորս ազատել նրա ձեռքից (աղջիկը խոսում էր յուր հոր համար), իսկ նա ուժով դուրս հրեց ինձ և դուռը վերաս կողպեց: Չորս ժամ է, որ այս ցրտում կանգնած եմ ես, բոլոր մարմինս սառել է...
Վերջին բառերը արտասանելիս թշվառ աղջկա աչքերից աղբյուրի պես արտասուքը վազել սկսավ:
Բարի պառավի զայրույթը հասավ իր վերջին աստիճանին: Նա այլևս հարցեր չարավ Մանիշակից, այլ նրա ձեռքից բռնելով արագ — արագ մոտեցավ տան դռանը և ոտքովը ամուր զարնել սկսավ:
— Բա՛ց դուռը, — գոչեց հրամայող ձայնով:
— Ո՞վ է, — ներսից լսվեցավ ոսկերիչ Գրիգորի ձայնը:
— Աչքդ հանողը, անզգա՛մ, դուռը բա՛ց, — զայրացած կրկնեց պառավը:
Տանուտերը ճանաչեց յուր հայտնի դրացուհուն: Նա դուռը թողեց փակ և հեռացավ ուրիշ սենյակ: Պառավը կրկնեց յուր հարվածները:
— Բա՛ց, ասում եմ, անզգա՛մ, թե չէ կերթամ բոլոր ժամավորներին այստեղ կհավաքեմ,
Տանուտերը այս սպառնալիքից վախեցավ և շտապեց դուռը բանալու:
Պառավը ներս մտավ Մանիշակի ձեռքից բռնած: Նրա աչքերի առաջ ներկայացավ մի աղետալի տեսարան: Տանտիկինը արտասվաթոր աչքերով և արյունոտ երեսով ընկած էր սենյակի մի անկյունը և հեծեծում էր անգութ ամուսնուց ստացած հարվածներից: Երկու փոքրիկ երեխաներ կիսամերկ անկողնից ելած` բռնած էին մոր ծնկներից. մի ուրիշ, նրանցից ավելի հասակավոր տղա երեխա հիվանդ նստած էր յուր անկողնի մեջ և լալիս էր:
Երեխաները իրանց ծանոթ և սիրելի պառավին տեսնելով, մոռացան հոր երկյուղը և կարծես նրա մեջ իրանց պաշտպանը գտնելով, իսկույն ցատկեցին տեղից և վազեցին դեպի նա. «Խաթուն մայրիկ տե՛ս պապան որքան է ծեծել մայրիկին, ասա, որ էլ չծեծի, ախար խեղճ է...»:
Երեխաների գանգատը, որ փոքրիկ սրտերի հուսահատ ապստամբության ծնունդ էր, այնքան սրտաշարժ էր, որ պառավի արտասուքը շարժեցին:
— Տո անաստված, — դարձավ նա կատաղի զայրույթով դեպի տանուտերը, — հերիք տանջես այդ խեղճ կնոջը. այդ ինչ օրի ես հասցրել դրան, բա դու չե՞ս խղճում այդ երեխաներին. ասենք սիրտդ քար է կտրել, խո ականջներդ էլ չե՞ն խլացել, խո աչքերդ էլ չե՞ն կուրացել, խո լսո՞ւմ ես այս ողորմելիների լացն ու կոծը, տեսնո՞ւմ ես նրանց արտասունքը: Տո՛ անգութ...
— Լա՛վ լա՛վ, Խաթուն մայրիկ, — խոսքը կտրեց տանուտերը, — մի երկարացնիլ. ի՞նչ ես ուզում ասել, ինչո՞ւ համար այս ժամին մտել ես իմ տունը: Եվ եթե մտել ես, ի՞նչ իրավունքով հայհոյում ես ինձ: Ես գիտեմ իմ կինը ու երեխաները, խո դու չես նրանց հաց ու ջուր տվողը...
— Դու հաց ու ջուրը չես տալիս մեզ, անաստված, — ողորմելի ձայնով ընդհատեց նրան կինը, — քո տվածը թույն ու լեղի է...
— Ձայնդ կտրի՛ր, — գոռաց ամուսինը դեպի նա դառնալով:
— Քո ձայնն էլ աստված կտրի, — մրմնջաց կինը և լռեց:
Պառավը տեսնելով ոսկերիչի անողոք կատաղությունը, մոտեցավ կնոջը, բռնեց նրա ձեռքից, «վեր կաց, Մարիամ» ասաց նրան հրամայողական ձայնով, «վեր կաց, երեխաներիդ հավաքիր գնանք իմ տունը, այս գազանի մոտ մի մնաք»:
— Ախ, Խաթուն մայրիկ, — հեծծաց Մարիամը թույլ ձայնով, — դորանով խո ամեն բան չէ՞ վերջանում:
— Վեր կաց, ասում եմ քեզ, — կրկնեց պառավը:
— Վեր կաց, մայրիկ, վեր կաց գնանք Խաթունենց տուն այստեղ վախենում ենք, — թախանձեցին երեխաները:
— Կորեք այստեղից, — գոռաց հայրը, հրացայտ աչքերը երեխաների վերա սևեռելով: Երեխաները սարսափով ետ քաշվեցան, և նրանցից յուրաքանչյուրը կծկվեցավ մի անկյունում:
— Դու էլ վեր կաց գնա քո տունը, պառավ, — դարձավ նա դեպի Խաթունը, — իմ կինը քո կարեկցության պետք չունի, վեր կաց գնա:
— Վեր կենամ գնա՞մ, — հարցրավ պառավը բարկությունից դողացող ձայնով, գնամ, որ էլի գազանությունդ գործ դնես այս խեղճերի վերա: Չէ՛, դու այլևս արժանի չես այս երեխաներին ու այս կնոջը տեր լինելու, նրանց մենք կպահենք, դու բուի նման միայնակ պիտի մնաս այստեղ մինչև որ ինքդ քո գլուխդ ուտես:
Այս ասելով Խաթունը դարձավ դեպի Մարիամը.
— Այ կին, վեր կաց, ասում եմ, առ երեխաներդ, գնանք այստեղից:
— Ոչ ոք երկյուղից չշարժվեցավ: Տանուտերը սպառնալից դեմքով մոտեցավ Խաթունին և բռնելով նրա ձեռքից՝ ուժով քաշեց դեպի դուռը.
— Դո՛ւրս գնա, ասում եմ քեզ, դո՛ւրս գնա...
Պառավը շատ աշխատեցավ ընդդիմանալ, սակայն նրա թույլ ուժը չօգնեց յուր ցանկության: Տանուտերը նրան դուրս հանեց և դուռը ետևից փակեց:
Այդ բանի վրա Մարիամը և երեխաները սկսան լալ եւ աղիողորմ ճիչեր արձակել, կարծես թե իրանց միակ պաշտպանը կորուսին:
Եվ այս թշվառություններից ամենամեծն է. երբ կինը յուր կողակցի և որդիքը իրանց հոր դեմ օտարի պաշտպանությունն են խնդրում:
Պառավը բռնի դուրս հանվելով, զայրացած վազեց դեպի եկեղեցին, որը այնտեղին շատ մոտ էր: Ժամասացությունը արդեն վերջացել էր, և ժամավորները դուրս էին գալիս: Նա կանգնեց բակի մեջ և աղաղակեց, «Այ մարդուկ, այստեղ ամուսինը յուր կնոջը սպանում է, ի սեր աստծո, եկեք ազատեցեք»:
Այս աղաղակը ցնցեց ժամավորներին: Նրանք պատեցին իսկույն պառավի շուրջը: «Ո՞վ է, ո՞ւր է, ցույց տուր» ամեն տեղից գոչում էին: «Եկեք և ինքներդ տեսեք», պատասխանեց պառավը և առաջ անցավ շտապով, իսկ ժողովուրդը իրար վերախռնվելով հետևում էր նրան:
Մի քառորդ ժամից բոլոր եկեղեցին գրեթե ժողովվել էր, ոսկերիչի բակը: Մի քանիսի խնդրանոք Խաթունը համառոտ պատմեց, թե բանը ինչումն էր: Այնուհետև ամբոխի միջից ավելի տաք գլուխները գոռում գոչումով սկսան տան դուռը բախել: Ոսկերիչը այս խայտառակությունից ավելի համառված ոչ մի կերպ չհամարձակվեցավ դուռը բանալու: Ամբոխի խառնաշփոթ ձայնը ավելի վախեցրավ ներսը գտնվող երեխաներին, որոնք իրանց բոլոր ուժով սկսան գոռալ:
Նրանց լացի ձայնը և հոր համառությունը ավելի և ավելի գրգռում էր ամբոխի զայրութը: Այս տեսնելով վարպետ Սարգիսը, Խաթունի ծերունի, բայց դեռ ուժեղ մարդը, դուրս եկավ ամբոխի միջից և մոտենալով փակված դռանը հրամայաբար կանչեց. «Գրիգո՛ր, բա՛ց դուռը»: Գրիգորը թեպետ ճանաչեց ոսկերիչների համայնքի գլխավոր — վարպետ Սարգսի ձայնը, բայց դարձյալ դուռը չբացավ: Վարպետ Սարգիսը մի փոքր սպասելուց հետո հրամայեց յուր մոտը կանգնող երիտասարդներին, «Տղայք, դուռը կոտրեցե՛ք»: Երկու ուժգին հարվածների առաջ դռան փականքը կոտրվեցավ, և դուռը ճռնչալով բացվեցավ: Ամբոխը հետաքրքիր և զայրացած կամենում էր ներս խուժել, բայց նրան արգելեցին մի քանի առաջավոր մարդիկ և իրանք պառավի հետ ներս մտան:
— Ահա այս մարդն է, որ սպանում է յուր կնոջը, — այս ասելով Խաթունը ցույց տվավ ոսկերիչին, որը սպառնացող դեմքով կանգնած էր ներս մտնողների դիմացը: — Ամբողջ գիշերը ծեծել է նրան, — շարունակեց Խաթունը, — և մեկը չէ գտնվել, որ թշվառ զոհին ազատե դրա ձեռքից: Այս խեղճ աղջիկն էլ կամեցել է յուր մորը պաշտպանել, նրան էլ դուրս է արել և դուռը վերան փակել: Բոլոր գիշերը անցրել է սա դուրսը ցրտում:
Այս ասելով բռնեց նա Մանիշակի ձեռքից, որը ամոթահար կծկվել էր սենյակի մի անկյունում, և նրան առաջ քաշելով շարունակեց, «Նայեցեք սրա գույնին, նայեցեք, կարծես գերեզմանից դուրս հանած լինի: Եթե մի փոքր էլ ուշանայի, խեղճ աղջիկը դրսումը պիտի սառչեր»:
Խաթունի պատմածները վերին աստիճանի գրգռեցին վարպետ Սարգսին: Նա մոտեցավ ոսկերիչին և բարկացած ձայնով գոչեց. «Այ մարդ, ի՞նչ ես ուզում այս խեղճ կնոջից, ինչու ես ծեծում նրան»:
Ոսկերիչը ոչինչ չպատասխանեց:
— Քույրիկ, ինչու՞ համար սա ծեծում էր քեզ, — դարձավ նա դեպի կինը մեղմ ձայնով:
Համայնքի գլխավորը բոլոր արհեստավորների ընտանիքում ընդունվում է իբրև հայր, ուստի Մարիամը չքաշվեցավ նրա մոտ բացարձակ խոսելու: Նա պատասխանեց,
— Վարպետ, ձեզ հայտնի է, որ դա ամբողջ չորս տարի է, որ լութերական է դարձել, և ամբողջ չորս տարի է, որ ինձ տանջում է: Ամեն մի եկեղեցի գնալովս, ամեն մի քահանա իմ տանը ընդունելովս, ամեն մի սուրբի դիմելովս մի մեծ խռովություն է ձգել տան մեջ: Էլ նախատինք, էլ հայհոյանք չէ մնացել, որ դա իմ գլխին չթափեր: Եվ ահա մի քանի ամիս է, որ սովորել է ծեծել:
— Բայց այս գիշեր իսկապես քեզ ինչու՞ համար էր ծեծում, — հարցրավ վարպետ Սարգիսը:
— Տեսնո՞ւմ եք, որ երեխաս հիվանդ է, — ամենայն պարզությամբ շարունակեց Մարիամը, ցույց տալով անկողնի մեջ նստած հիվանդ երեխային, — երեկ մոմ — հալող Վարդին բերի երեխայիս սրտին մոմ հալելու. նա ասաց, որ երեխայի հիվանդությունը խաչիցն է: Դորա համար էլ ես էլ մի գառն ունեինք, վերցրի երեկ և մատաղ արի մեր սուրբին: Երբ դա երեկոյան տուն դառնալով այդ բանը իմացավ, գազանի պես կատաղեց: Ամբողջ երկու ժամ նախատինքներ ու հայհոյանքներ թափեց իմ գլխին, երբ ես էլ համբերությունից դուրս գալով սկսա միևնույն կերպով պատասխանել իրեն, նա սկսավ անողորմաբար ծեծել ինձ... և ծեծեց ամբողջ գիշերը... — այստեղ արտասուքը խեղդեցին խեղճ Մարիամի ձայնը և նա այլևս չկարողացավ շարունակել:
Բայց նրա պատմածները ներկա գտնվողները լսելով չէին կարողանում զսպել իրանց զայրույթը: Նրանցից մի քանիսը մինչև անգամ փորձ փորձեցին ոսկերիչին ծեծելու, բայց վարպետ Սարգիսը բոլորին էլ արգելեց, և դառնալով դեպի յուր կինը
— Խաթուն, — ասաց նրան, — վեր առ Մարիամին և երեխաներին և տար մեր տուն, այս մարդը այլևս դրանց տիրություն անելու չէ. այսուհետև մենք պետք է դրանց պահպանենք և հույս ունեմ, որ ավելի լավ կպահպանենք:
— Ինչու չէ, մեր աչքերի լույսի պես, — պատասխանեց բարի Խաթունը, — մի ժամ առաջ ես նույնն էի կամենում անել, բայց այդ անզգամը ինձ տանից դուրս արավ:
Այս ասելով նա մոտեցավ Մարիամին և ձեռքից բռնելով բարձրացրավ նրան:
— Աշոտ, — դարձավ վարպետ Սարգիսը դեպի յուրը որդին, որը մոտը կանգնած էր, — այս հիվանդ երեխային յուր անկողնով միասին գրկիր և տուն տար: Դուք էլ գնացեք, — դարձավ նա դեպի Մանիշակը և երկու փոքրիկ տղաները, — ձեզանից ոչ ոք թող չմնա այս տանը:
Բոլորը հնազանդվեցան վարպետ Սարգսի հրամանին: Նրանք պատրաստվում էին դուրս գնալ դռնից, երբ ոսկերիչը նրանց առաջ բռնելով գոչեց.
— Ո՞ւր եք կորչում:
— Չգիտե՞ս ուր, — բարկությամբ մոտեցավ նրան վարպետ Սարգիսը և թևիցը բռնելով ուժգին քաշեց դեպի ինքը:
Խաթունը մի ակնթարթումը Մարիամին ու երեխաներին դուրս հանեց տանից: Ոսկերիչը այս տեսնելով ավելի եւս կատաղեց.
— Իմ կնոջը և երեխաներին համարձակվում եք ինձանից խլե՞լ, — գոռաց նա վարպետ Սարգսի վրա:
Սարգիսը ոչինչ չպատասխանեց: Նա մի շեշտակի ապտակ տվավ ոսկերիչին, որից սա գլորվեցավ:
— Տղայք, — դարձավ ապա վարպետը դեպի ներկա եղող երիտասարդները, — կապեցեք դրա ձեռները և վերցրեք գավառապետի մոտ տանելու:
Մի քանի երիտասարդներ իսկույն կապեցին ոսկերիչի ձեռները և դուրս հանելով նրան փողոցը, բռնեցին գավառապետի տան ճանապարհը:
Բոլոր ամբոխը հետևեց նրանց:
Բ
Երջանկությունը, որին մարդիկ շատ փոքր են ճանաչում և որին ընդհանրապես հարուստների ապարանքներում են որոնում, հաճախ յուր բոլոր կատարելությամբ գտնվում է այն անշուք տնակներում, որոնց մենք թշվառների կացարան ենք անվանում: Ապրիլ արդար վաստակով, ճանաչել չափավորություն և գիտենալ գոհ լինել յուր ունեցածով, ահա երջանիկ լինելու առաջին պայմանները: Այս պարզ ճշմարտությունը ճանաչելու համար պետք է այցելել մեր այն գավառական քաղաքները, ուր տակավին զեխությունը լուսավորության անվամբ, չէ եղծել նահապետական կյանքի պարզությունը և ուր անծանոթ է դեռ միշտ զեխության ընկեր արտաքուստ փայլող թշվառությունը: Այն քաղաքը, ուր նախընթաց գլխում նկարագրված դեպքը տեղի ունեցավ, երբեմն շատ այսպիսի երջանիկներ ուներ յուր մեջ: Նրանց թվին պատկանում էր և ոսկերիչ Գրիգորի ընտանիքը:
Ով որ չորս կամ հինգ տարի առաջ ծանոթ է եղել այդ ընտանյաց հետ, նա կհաստատե այս վկայությունը:
Գրիգորը դեռ քսան և երկու տարեկան երիտասարդ՝ յուր ունեցած ձիրքերով մեծ անուն հանեց ոսկերչության արհեստի մեջ: Նրա ձեռացագործները մեծ գին ունեին քաղաքում և գրեթե միշտ մեծամեծների սեփականությունն էին կազմում: Տփխիսի թանգարանը այցելողը կտեսնե այսօր էլ այդ շնորհալի արհեստավորի ձեռքերի ճարտարությունը:
Գրիգորը յուր այդ երիտասարդ հասակում ամուսնացավ Մարիամի հետ, որը յուր պես որբ լինելով, ապրում էր յուր մորեղբայրների մոտ: Նա գեղեցկությամբ այնքան գրավիչ էր և բարվոք այնքան պարկեշտ, որ նրա որբությունը Գրիգորի կողմից ի նկատի չառնվեցավ, մինչդեռ այդ հանգամանքը շատ անգամ նպաստում է գավառացի աղջկա ամուսնական անհաջողության, որովհետև փեսաները այդտեղ անշուշտ ցանկանում են աներ և զոքանչ ունենալ, հակառակ դեպքում այդ պակասությունը շատ զգալի է լինում նրանց համար: Բայց Գրիգորը այդ բոլոր պակասության լրումը գտնում էր Մարիամի մեջ: Մի կին, որ ամենայն խանդաղատանոք սիրում էր յուր ամուսնուն և յուր բոլոր ուրախությունը և կյանքը որոնում էր միմիայն նորա մեջ, մի՞թե այսպիսի մի գանձ չէ, որ լցնում է ամենայն տեսակ բարյաց պակասությունները: Եվ ահա ինչու նրանք ապրում էին ուրախ և երջանիկ, որովհետև ապրում էին միմյանց համար: Գրիգորը ամբողջ օրր գործում էր խանութում և երեկոյան դառնում էր տուն, գոհ յուր օրվա աշխատանքից և ուրախ յուր ամուսինը տեսնելու համար: Մարիամը դիմավորում էր նրան միշտ անուշ ժպիտը երեսին: Երիտասարդական սիրո խանդաղատանքը, այս ժայռերի քաղաքում, նկատվում է իբրև մեղկության նշան, և շատ հազիվ է պատահում, որ փեսան կարողանա գեթ յուր մոր կամ քրոջ ներկայությամբ յուր նորատի հարսին համբուրել, բայց երիտասարդ ոսկերիչի և յուր Մարիամի սերը այնքան վառ և բորբոքված էր որ նրանք չէին կարողանում համարձակ չանել այդ: Չնայելով, որ ոսկերիչի մեծ մորաքույրը, Թագուհի տատը, որ անորդի պառաված լինելով մնում էր յուր քեռորդոց տանը, միշտ խրատում էր նրանց՝ այդպես չվարվել, որովհետև դրացիները կարող էին այդ բանը տեսնել և նրանց բամբասել, այսուամենայնիվ ոսկերիչն ու յուր կինը միշտ մնում էին միևնույնը:
Թագուհի տատը շատ անգամ նրանց այդ, ըստ յուր կարծյաց, ներելի հանցանքից դարձնելու համար պատմում է յուր երիտասարդական կյանքի պատմությունից այնպիսի կտորներ, որոնք յուր կարծիքով մեծ ազդեցություն կարող էին անել ամոլների բարքի վերա: Օրինակ նա պատմում էր, որ մի անգամ յուր ամուսինը շուկայից դարձավ տուն աղլուխով միսը ձեռքին, բայց դեռ բակը չմտած, փողոցից կանչեցին նրան: Եվ որովհետև այդ միջոցին ինքը գտնվում էր բակի մեջ ամուսինը միսը յուր ձեռքը տվավ և դուրս գնաց:
— Երևակայեցեք, — շարունակում էր Թագուհի տատը, — միսը ես տուն բերի, բայց սկեսուրս երբ իմացավ, որ ամուսինս յուր բերած միսը ուղղակի իմ ձեռքն է տվել, նա այն մսից մի կտոր անգամ չկերավ և մի ամբողջ շաբաթ ինձանից և յուր որդուց՝ հանգուցյալ Ղազարից, խռով մնաց:
Այս և սրա նման խրատական օրինակներ շատ էր բերում Թագուհի տատը քանի որ նա կենդանի էր, բայց Գրիգորի և Մարիամի վրա, ինչպես ասեցինք, ոչինչ ազդեցություն չէին կարողանում անել: Երկու նորատի ամուսինները սիրում էին միմյանց այնպես, ինչպես հրամայում էր նրանց բնությունը և ինչպես կամենում է բանաստեղծը:
Այսպես քանի որ նրանք որդի չունեին, ապրում էին իբրև ամենախանդակաթ ամուսիններ: Իսկ երբ մի երկու տարուց ետ ծնավ նրանց Մանիշակը, նրանց սիրո անդրանիկ պտուղը, նրանք սովորեցին ապրել և իբրև կատարյալ ծնողներ: Գրիգորը յուր արհեստի շնորհիվ լավ վաստակ ուներ և նրա կեսը այժմ կարողանում էր խնայել ապագայի համար: Մարիամը քիչ չէր օգնում նրան այդ խնայողության գործի մեջ: Նրանց այս երջանիկ դրության վրա անցան և մի քանի տարիներ, և նրանք ունեցան դարձյալ երեք տղա զավակներ: Նրանցից յուրաքանչյուրի աշխարհ գալովն նորանոր ուրախություններ էին ավելանում նրանց համար: Մյուս կողմից էլ հետզհետե բարվոքվում էր նրանց նյութական վիճակը: Գրիգորը յուր ամուսնության տասներեքերորդ տարում, յուր և ամուսնու խնայողության շնորհիվ, արդեն ուներ մի երեք, հազար ռուբլի, մի գումար, որ արհեստավորի համար հարստություն է համարվում:
Այժմ նրանց ոչինչ չէր պակասում: Երկու ամուսինները շատ անգամ նայում էին իրանց շուրջը, և երբ տեսնում էին հրեշտակի պես գեղեցիկ մետասանամյա դուստրը, երեք սիրուն և կայտառ տղաները և այս բոլորի հետ հիշում էին իրանց անկարոտ վիճակը հրճվում և փառք էին տալիս աստծուն: Ամբողջ 13 տարի նրանց ամուսնությունից ետ դեռ մի դժգոհություն կամ գժտություն չէր խռովել նրանց ընտանեկան խաղաղությունը և երկու ամոլներից ոչ մեկի անախորժ վարմունքը չէր կնճռել մյուսի ճակատը:
Դրացիները երանում էին նրանց, և ով որ ճանաչում էր մանավանդ նրանց առտնին կյանքը, համոզվում էր, որ նրանք երջանիկ էին...
Բայց, կարծես թե այդ երջանկությունը հասել էր յուր կյանքի լրման, և նա տեղի պիտի տար իրանից միշտ անբաժան, բայց և միշտ ատելի ընկերին` թշվառությանը:
187... թվականի հունվար առաջին օրն էր: Այդ օրը մեր երջանիկ ամուսինները ողջունում էին իրանց ամուսնության տասն և չորրորդ տարին: Կեսօրին մոտ էր: Գրիգորը վերջացնելով յուր նոր տարվա առթիվ տված այցելությունները դարձավ տուն: Նախընթաց օրը տեղի ունեցած պայմանադրության համաձայն, այսօր Գրիգորի մոտ պետք է ճաշեին յուր համարվեստ բարեկամները: Մարիամը բոլոր հարկ եղած պատրաստությունները տեսել էր յուր ամուսնու հյուրերին պատվելու համար: Չնայելով, որ օրը պահոց էր, այնուամենայնիվ նրա խոհանոցը արտադրել էր կերակուրների մի քանի տեսակները: Մի քանի աննշան պակասություններ էլ Գրիգորի արած նկատողություններով լրացան, և այժմ նրանք անհամբեր սպասում էին հյուրերի գալստյան:
Կեսօրը լրացավ թե չէ, Գրիգորի բարեկամները խոսելով ու ծիծաղելով խմբովին ներս թափվեցան տան բակը: Սրանք բոլորն էլ հոգվո ամենաուրախ տրամադրության մեջ էին, որովհետև նրանցից յուրաքանչյուրը յուր այցելությանց ժամանակ առնվազն մի հինգ բաժակ օղի վայելած էր: Կենաց ջրի այնպիսի մի քանակությունը բավական է արհեստավորին մոռացնելու տալու աշխարհի մեջ թշվառությունների գոյությունը:
— Գրիգոր, քեզ համար մի նոր հյուր եմ բերել, — զվարթ ձայնով կանչեց նրա արհեստակիցներից մեկը:
— Գլխիս վերա տեղ ունի, Կարո ջան, որքան շատ, այնքան լավ, — պատասխանեց Գրիգորը:
— Գլխիդ վերա տեղ չկա, գլուխդ քեզ լինի, սենյակիդ մեջ տեղ տուր մեզ, — ծիծաղելով պատասխանեց Կարոն և ներկայացրավ նրան յուր բերած հյուրին:
Գրիգորը սեղմեց երկուսի ձեռները:
— Գրիգոր ճանաչո՞ւմ ես Կարոյի հյուրին, — մոտենալով հարցրավ նրան մի կարճահասակ և թխադեմ երիտասարդ:
— Ի՞նչպես չէ, մեր կնքահորենց Ավետիքն է, ինչու՞ չճանաչեմ:
— Տեսա՞ր, որ չճանաչեցիր:
— Ի՞նչպես թե չճանաչեցի, աչքերս խո գրավ չեմ դրել,
— Իհարկե չճանաչեցիր, խմբի միջից ձայն տվավ վարպետ Օհանեսը, որի գլուխը բավականին մեծ ծավալ էր բռնում յուր ուսերի վերա:
— Եղբայրներ, եթե մեզանից մեկը հարբած է, այդ ես չեմ, դուք էլ գիտեք որ ես օղի չեմ խմում, — պատասխանեց Գրիգորը մի փոքր վրդովված:
— Ինչ եք կռվում, — մեջ մտավ քթատ Համբարձումը, որին կարճ քիթ ունենալուն համար այդ անունով էին կոչում, — երեքդ էլ միմյանց չեք հասկանում: Եղբայր, — դարձավ նա դեպի Գրիգորը, հաշտեցուցիչ, համոզիչ ձայնով, — դու գիտես, որ մեր Կարոն լութերական է, էհ, Ավետիքն էլ սրա վարժապետն է: Հիմա սրանք որ հարցնում են, թե ճանաչո՞ւմ ես Կարոյի հյուրին, կամենում են ասել՝ գիտե՞ս, որ նա սրա վարժապետն է թե՛ չէ, ահա սրանց հարցի միտքը, այժմ հասկացա՞ր:
— Իհարկե հասկացա դեհ այդպես խոսեցեք է, հերօրհնածներ:
— Վահ, չպե՞տք է շնորհք ունենան այդպես խոսելու համար, — կրկնեց քթատ Համբարձումը ինքնաբավական ծիծաղով,
— Խոսք չկա, շնորհքդ էլ այնքան մեծ է, որքան քիթդ, — կցեց վարպետ Օհաննեսը ծիծաղելով:
— Իսկ քոնն էլ երևի այնքան է մեծ, որքան գլուխդ, — կրկնեց Համբարձումը, և ծիծաղը ընդհանրացավ խմբի մեջ:
— Բավակա՛ն է, բարեկամներս, — ձայն տվավ Գրիգորը, — ճաշի ժամանակ է, ո՞ւր եք այդքան երկար կանգնում այդ ցրտի մեջ: Ներս հրամեցեք, սեղանը ձեզ է սպասում:
— Այս ասելով նա առաջ անցավ, և հյուրերը հետևեցին նրան:
Բավականին ընդարձակ սենյակը, որ պատրաստած էր հյուրերի համար, փայլում էր մաքրությամբ, երեք երկար գույնզգույն գորգեր, որոնք ծածկած էին սենյակի հատակը, երկու սեղաններ, մի քանի աթոռներ և մի հնատարազ հայելի լրացնում էին սենյակի պարզ զարդարանքը: Հյուրերի համար գորգերի վերա զուգահեռական դիրքով ձգված էին երկու երկար օթոցներ, որոնք ծառայում էին աթոռների փոխարեն և որոնց վերածալապատիկ շարվեցան մեր հյուրերը:
Փոքր ժամանակից ետ Մանիշակը ներս մտավ յուր հոր աշակերտ Աշոտի հետ, յուրաքանչյուրի ձեռքը մի — մի սկուտեղ զանազան պնակներով: Նրանք միասին տարածեցին կապույտ ծաղկենկար սփռոցը հյուրերի առաջ, կարգավորեցին նախաճաշի պնակները, գինու շշերը և ապա հետզհետե ներս էին բերում կերակրի բաժինները: Արհեստավոր դասը առհասարակ ծառա չէ ունենում, նրա տանը հերթով օգնում են յուր արհեստի աշակերտները: Այսօր հերթը Աշոտինն էր, որի հայրը՝ վարպետ Սարգիսը, նույնպես հրավիրված էր այսօր ոսկերիչի տանը:
Վարպետ Սարգիսը տեսնելով, թե ինչ սիրով սպասավորում էին հյուրերին երկու հասակակից երեխաները, երկար նրանց դիտելուց ետ դարձավ դեպի տանուտերը.
— Գրիգոր, — ասաց նրան, — մեր արհեստակիցների ներկայությամբ ես մի խնդիր եմ առաջարկելու քեզ, պետք է ընդունես:
— Հրամայի՛ր, վարպետ, — պատրաստ եմ կարողությանս չափ քեզ ծառայելու, — համեստությամբ պատասխանեց Գրիգորը:
— Օրհնյալ լինես, ուրեմն լսիր, ես կամենում եմ, որ քո Մանիշակը իմ Աշոտի հարսնացուն լինի, և հենց այսօրվանից մենք խնամիներ դառնանք: Իմ Աշոտը 14 տարեկան է, քո Մանիշակը 11 — ից ավելի չէ, 5 թե 6 տարիից հետո մենք, եթե կենդանի մնանք, նրանց կպսակենք: Ի՞նչ կասեք, տղայք, դարձավ նա դեպի հյուրերը, վատ առաջարկություն խո չեմ անում,
— Աստված շնորհավոր անի, — գոչեցին հյուրերը միաբերան, — մենք մեր կողմից հոժար ենք:
— Դուք որ հոժար եք, ես ի՞նչ խոսք ունեմ, — պատասխանեց Գրիգորը քաղցրությամբ և սեղմեց վարպետ Սարգսի ձեռքը, որ նա պարզել էր դեպի իրեն:
— Ապա մա՞յրը, — մեջ մտավ կնքահորենց Ավետիքը, որը ըստ երևույթին կանանց դատը պաշտպանողներից էր:
— Մայրը ինձ հետ միշտ համաձայն կլինի, իմ և նրա կամքը մեկ է, — պատասխանեց Գրիգորը:
— Ուրեմն առաջին բաժակը կդատարկենք Մանիշակի և Աշոտի կենացը, — գոչեցին հյուրերը միանգամայն և դատարկեցին բաժակները:
Մի ապագա ամուսնության դաշը կռված էր: Եվ որովհետև նա համայնքի կամքովն էր, ուրեմն և անքակտելի էր:
Սեղանի վրա հետզհետե բարդվում էին կերակուրները, գինու բաժակները արդեն սովորական արագությամբ պտտվում էին, և ուրախությունը սկսել էր դառնալ հասարակաց:
— Զարմանալի սովորություն կա ձեր մեջ, — խոսել սկսավ կնքահորենց Ավետիքը, — երբ հավաքվում եք մի տեղ ուրախանալու, անպատճառ կամ պետք է մի տղայի նշանեք կամ մի աղջկա, մեծ լինի թե մանուկ բնավ ուշադրություն չեք դարձնում: Լավ, դիցուք թե տղան ես եմ, մեծացա ու աղջկանը չսիրեցի, կամ աղջիկը յուր կողմից սկսեց ատել տղային, այն ժամանակ խո զոռով չեք կարող ամուսնացնել: Եթե անենք էլ՝ նրանց կթշվառացնեք:
— Աստծո ողորմությամբ մինչև այսօր այդպիսի բան չէ պատահել, պարոն Ավետիք, — մեջ մտավ վարպետ Սարգիսը, — եթե աստվածդ կսիրես բարի բանի մեջ քար մի գցիլ:
— Ինչո՞ւ եմ քար գցում, ես ձեր վատ սովորության վրա եմ խոսում:
— Եղբայր, այստեղ ոչինչ վատություն չկա, — մեջ մտավ մյուս կողմից քթատ Համբարձումը, — ուրախության տեղն էլ ուրախ բաների վերա կմտածեն, կխոսեն, էլ ուրիշ ինչ պիտի անեն:
— Ի՛հարկե, ի՛հարկե, — գոչեցին շատ տեղերից հյուրերը: Համբարձումը իրավունք ունի, էլ ուրիշ ինչ պիտի անենք:
— Որ այդպես է Համբարձումի կենացը, — կանչեց վարպետ Օհաննեսը, որը յուր համայնքից ցմահ անփոփոխ մատռվակ էր ընտրված: — Համբարձումի կենացը, — կրկնեցին հյուրերը և դատարկեցին բաժակները:
Համբարձումը ինքն իրեն հրճվում էր, որ յուր նշանավոր նկատողությամբը արժանացավ հասարակության առանձին ուշադրությանը: Բայց Ավետիքը տեսնելով, որ ճիշտ յուր որսի տեղն է ընկել, շահավոր չէր համարում լռել, ուստի նորեն սկսավ խոսել:
— Պարոն Համբարձում, դուք սխալվում եք կարծելով, որ ուրախության տեղը միշտ դատարկ ուրախություն պետք է անենք: Ընդհակառակն, ամեն մի ուրախության տեղ ամենից առաջ մի ավելի լավ բան կա անելու և առաջ այն պիտի անենք:
— Ի՞նչ բան, — հետաքրքրությամբ հարցրավ Համբարձումը:
— Այն, որ առաջ այս սեղանը և կերակուրները մեզ պարգևող «տիրոջ» անունը հիշենք: — Այս ասելով նա մատը բարձրացրավ դեպի երկինքը:
— Իրավունք ունիք, եղբայր, — հաղթված ձայնով գոչեցին հյուրերը, — ախար մենք հացի նստանք առանց սեղանը օրհնելու:
— Այ, այ, այ, — դժգոհությամբ գլուխը շարժեց վարպետ Սարգիսը, և սկսավ օրհնել սեղանը:
«Անուն Հոր և Որթոր և Հոգույն Սրբոյ: Հայր մեր որ կինըս սուրբ եղեցի անուան քո երգեսցե արքավություն քո եղիցեն կամք քո որպես երկիրս և երկրե. զհարս մեզ հանապազ զորթ տուր մեզ այսօր, և թող մեր զպարտս մեզ, որպես թողունք մերոց պարտապանաց, և մի տանիլ ի մեզ ի Փորձություն, այլ փրկեա միզի չարեն, զի քո է արքայություն և զորություն և փառք հավիտյանս հավիտենիս, ամեն»: Վարպետ Սարգիսը յուր աղոթքը վերջացնելուց ետ հանդիսավոր կերպով խաչ հանեց երեսին, որին հետևեցին և բոլոր հյուրերը բացի Ավետիքից և Կարոյից: Բայց այս բանը նրանց բախտից հյուրերից ոչ ոք չտեսավ:
— Դեհ, տիրոջ անունն էլ տվինք, այժմ խո կարող ենք ազատ ուրախություն անել, — դարձավ Համբարձումը Ավետիքին:
— Ես ձեր ուրախությունը բնավ չեմ արգելում: Ես ասացի «տիրոջ» անունն էլ պիտի հիշենք...
— Բա չհիշեցի՞նք:
— Դուք միայն տերունական աղոթքն ասեցիք, և այդ ձեր պարտքն էր, որ մոռացել էիք, այլ իմ պահանջածս ուրիշ էր:
— Ո՞րն է, ո՞րը:
— Հա, ո՞րն է ձեր պահանջածը, ասա, այս րոպեին կատարել տամ, — հանգստաբար գոչեց վարպետ և մատռվակ Օհաննեսը:
— Այ թե ինչ:
— Հա, տեսնենք ի՞նչ է ասում ֆարմասոնը, — զվարճությամբ կրկնեցին մի քանի հյուրեր գինու բաժակները ձախ ձեռքով բռնած ի պատիվ նրա:
Ավետիքը պատրաստվում էր բերանը բանալ թե չէ.
— Սպասի՛ր, — սեղանի մյուս ծայրից խոսաց մի ճաղատ գլուխ, — եթե ասելու ես գինի մի խմեք, այժմենից զգուշացնում եմ քեզ, որ չխոսաս:
— Հա, հա, իրավ է ասում, — կրկնեցին ձախ ձեռքով բաժակ կրողները:
Ավետիքը տեսնում էր, որ դիտմամբ իրեն խանգարում էին, բայց քարոզչի համար այդ տեսակ արգելքները նշանակություն ունեին:
— Սիրելի եղբայրներ, — սկսավ Ավետիքը, — դուք գիտեք...
— «Եղբայրներ» մի՛ ասիր մեզ թե աստվածդ կսիրես, — իսկույն խոսքը կտրեց Համբարձումը:
— Ի՞նչպես, ապա մենք բոլորս էլ «եղբայրներ» չէնք, — զարմացմամբ հարցրավ Ավետիքը:
— Ոչ, քեզ հետ «եղբայրներ» չենք:
— Տո, ի՞նչ ես հիմար — հիմար դուրս տալիս, — Համբարձումի վրա զարմացավ մատռվակը, — թող մարդը խոսի, ասենք ի՞նչ է խոսում է:
— Ի՛հարկե, — վրա բերավ մեզ ծանոթ ճաղատ գլուխը, որի քիթը շատ խմելուց սմբուլի (պատիրջանի) գույն էր ստացել, — թող խոսի գուցե աստված գլխին խռովում է ու մի լավ բան է ասում:
— Ախր դու չգիտես, վարպետ Օհաննես, — իրան արդարցնում էր Համբարձումը, — սրանք իրանց լութերականներին են «եղբայր» կանչում, մենք էլ խո լութերական չենք:
Ավետիքը Համբարձումի այս բացատրությանը պատասխանեց միայն մի ժպիտով:
— Այ թե ի՞նչ են սովորեցնում ձեզ ձեր քահանաները, — հանդարտությամբ շարունակեց Ավետիքը խոսքը՝ ուղղելով մյուսներին: — Աստծու տված «եղբայր» բառն էլ չեն ուզում, որ արտասանեք, ու հազար ու մի նշանակություն են տալիս նրան:
— Հոգուդ մեղք ես անում, պարոն Ավետիք, — խոսքը կտրեց վարպետ Սարգիսը, — մեր քահանան, որ տեր — Արիստակեսն է, այդպես բան ասած չունի, հոգի ունեմ տալու աստծուն:
— Այդ միևնույնն է, այդ չէ ասում, բայց դրա նման շատ բաներ է ասում: Զորօրինակ նա ասում է՝ «Աստծու տված յուղն ու պանիրն մի ուտեք, որովհետև պաս է»: Այս էլ միևնույն չէ՞:
Next page |