Չարենց Եղիշե՝   Երկեր

Բայց ուղին մեր եղել է մի՜շտ մթին,
Եղել է անստգյուտ ու անփառունակ,
Տարածվել է անբոց ու անժպիտ
Ուրիշների փայլով շարունակ
Շառագունվածորքա՛ն, որքա՛ն աղետավոր...
Որպես անմիտ զրույց՝ մեզ պատմել են մի օր
Նախնիների մասին մեր փառապանծ,
Բայց օրերի հեռվում ես տեսնում եմ միայն
Ստրկություն, մոխիր, մոռացություն ու մահ
Եվ երկրային ընթացք մի անիմաստ...
Եվ ես, ահավասիկ, հին գրերով այս մեր
Իմ տողերը կոփող մի պոետ
Ի՛նչ խոսքերով երգեմ և ինչ տենդով պատմեմ
Մեր անանցյալ անցյալը, մեր ընթացքը, որ էլ
Ո՜չ մի գուսան երգով չոգեկոչի հին փառքը
Ու կարոտով անմիտ ետ չնայի, —
Չպանծանա այլևս, որ առանց մեզ աշխարքը
Կլիներ պարտեզ մի ամայի...

Պատմության քառուղիներում առաջնորդել են նախ
Մեզ նախնիներ անստույգ ու ոչնչատեսիլ,
Մռայլ հեռուներում անճանապարհ առկախ,
Որ իրենց մորթի հետ միասին
Տարել են բախտը մեր թավալգլոր
Երկրներից-երկիր, — օ, տառապանք երկար, —
Նշել են մեզ համար ուղի աղետավոր,
Եվ տոտեմը եղել է մերգայլ...
Օ՛, նախնինե՛ր... Տեսնում եմ ահավասիկ.—
Հին դարերի խորքում, ուղիներով մռայլ,
Քաղցած, քոսոտ, անբուրդ, դեպի լյառը Մասիս
Քայլում է առասպելյալ մեր գայլը...
Հենց առաջին օրից բզկտված են նրա
Նիհար կողերըբյուր գազանների կողմից, —
Եվ կողերով կարմիր ահա քայլում է նա՝
Դեմքը տված գալիք փորձանքների հողմին: —
Որտեղի՞ց է եկել նա, այդ գայլը,
Եվ ինչո՞ւ է արդյոք նա առաջին օրից
Սարսափահար հայացքը հառած լուսնի փայլին՝
Աղեկտուր ոռնում իր սարսափը խորին:
Եվ նա գիտե՞ արդյոք, այդ բզկտված գազանը,
Որ նշված է արդեն նրա ուղին
Ապագայի գրքում, — որ տարիներ հազար
Քայլելու է այդպես անուղի, —
Որ պատմության մռայլ քառուղիներում
Նա բազմաթիվ դարեր պիտի այդպես տանի
Իր բզկտված կողերըդեպի ի՛նչ անհայտ հեռու,
Ի՛նչ արոտներ կարմիր ու արնանիստ...
Օ, չի եղել մեր գայլը պղնձյա
Եվ ոչ մարմարիոնյա, և ոչ անգամ քարե, —
Նիհար, կողերը լերկ, նա անցել է անծայր
Տափաստաններ, մինչև նա հանգիստ է առել
Այս Մասիսի հանդեպ անիրական,
Այս խորշակյալ, անդուռ Արարատյան դաշտում,
Եվ լուսնի դեմ նստած նա երկար
Ոռնացել է իր վիշտը անկշտում, —
Ոռնացել է անձուկ իր տառապանքը,
Անասնական իր քաղցը, — և ոռնոցը նրա
Դարձել է հիմնը մեր անարձագանք
Ու դարերով հնչել մեր պատմության վրա...

Ապա առաջնորդել են մեզ տարիներ երկար
Արքաներ անժողովուրդ և գահազուրկ,
Որոնց փառքը՝ մեր հին մատյաններում երգած
Եղել է եղկություն ու քծնություն քսու: —
Օ, դո՜ւք, մեր վաղեմի առաջնորդնե՜ր,
Առասպելյալ Հայկեր ու Տրդատներ բազում,
Իշխաններ անփառունակ, սին ըղձերի ճորտեր,
Արքաներ անժողովուրդ ու գահազուրկ, —
Դո՜ւք, որ դարեր երկար, հազարամյակներ,
Ուրուների նման անկերպարանք
Ապրել եք ու կանգնել օդե ապարանքներ,
Օտար խարույկներից հայցել ոգու կրակ, —
Որ ամբողջ ձեր գոյության հազարամյակներում
Չեք ծնել և ո՜չ մի խոհ սերունդների համար
Ո՞ ր, ո՞ր պատմիչը ձեզ պիտի կարդա ներում,
Օ, դո՜ւք, անպտուղ պարտեզներ ու խորաններ ամա

Ապա առաջնորդել են մեզ տարիներ երկար
Ֆեոդալներ շվայտ ու իշխաններ չնչին,
Հազար երանգներով իրենց դեմքը ներկած, —
Եվ մեր անմահության ակունքները այն ջինջ
Պղտորել են ոխով ու ոչնչությամբ,
Չնչին տենչանքների անխոհությամբ ոսին,
Փաթաթելով վզին մեր մի ճորտային շղթա,
Սերմանելով մեր ողջ ժողովրդի մասին
Ոչնչության սերմեր, անխոհության,
Թշվառ անհողության և աղապատանքի,
Եվ դրել են դեմքին մեր կնիքը գերության,
Սնել թշվառ կաթով ապաշնորհ կյանքի

Իսկ նոքա՞, որ եկել են իշխաններից հետո, —
Վերջին ասպետները մեր խեղճության խորին,
Սնված նախնիների անհողության կաթով, —
Օ՜, վարդապետ Մինաս, կամ Իսրայել Օրի, —
Այն ի՛նչ տենչեր են վեհ, ու անխորտակ ու խոր,
Որ սերմանել եք դուք երկրներում օտար,
Եվ ո՞ր, և ո՞ր, և ո՞ր նպատակի շողով
Ձգտել եք կյանքը մեր անմխիթար
Հանել ափունքներից այն սև ու ապերջանիկ,
Նշել սերունդներին ուղի պայծառ, —
Եվ ձե՞զ պիտի արդյոք մենք երգենք հիմն
Ձեր ո՞ր խոհին, կամ ո՞ր երազանքին անճառ

...Ահավասիկ ելած մեր լեռներից այն բարձր,
Ուր վառվում էր հույսի մեր խարույկը վերջին,
Շուրջըխավար գիշեր ու մառախուղ մի թանձր,
Շուրջըժայռեր մռայլ ու բարդիներ վերձիգ, —
Ու թանձրացյալ մուժումապարանքներ ահա՝
Փոքրիկ, ողորմելի, խեղճ
Իրենց մութ պատերում մի բուռ ոսկի պահած,
Եվ ո՜չ մի, ոչ մի մեխ, —
Ո՜չ մի կտոր երկաթ, կամ անագե շաղախ,
Կամ մարմարյա մի սյուն, կամ թեկուզ կիր,
Որ փորձության պահին աձրևներից մխար
Եվ իր ծուխը խառներ ըմբոստության երգին

Ապարանքըայսպես: — Իսկ ներքևումխուղեր՝
Գետնափոր, ստորերկրյա, ցաքուցրիվ,
Թաղված գանգի պես խուլ, գանգի պես անուղեղ,
Կարծես մի խեղճ նախիր
Արածելու ժամին կայծակահար հանկարծ
Կըծկըվել է ահից ու մոխրացել
Եվ մնացել է տեղը մի մոխրաբույր զանգված
Դարերով անջրդի ու հողմածեծ...
Եվ նոքամեր անղեկ առաջնորդները,
Այդ իշխանները եղկ, այդ տերերը վերջին,
Ելել են գիշերով ու մենակ ճամփորդել են
Դեպի հյուսիս, դեպի հյուսիսային որջի
Արջերը սառցասիրտ ու արևաթաթախ, —
Այդպես մեր գա՛յլն էր հին ճանապարհվում որսի՝
Հյուծված, կողերը լերկ և անատամ...

Ես տեսնում եմ նոցա: — Իմ աչքերի առջև
Ահավասիկ իրենց եղկ հասակով ամբողջ
Իրենց խուլ խուզերից ու լեռներից այն բարձր
Ճանապարհ են ընկնում անուղի ու անխոհ: —
Ելած որոնելու հորիզոններ, գալիք
Սերունդների համար արահետներ ուղիղ
Ի՞նչ են տանում նոքա ուրիշներին տալու,
Այն ի՛նչ բերքեր երկրի ու բարիքներ հողի...
Այն ի՛նչ գանձեր արդյոք, ի՛նչ արգասիք ու բեռ,
Ի՛նչ ոսկիներ ոգու ու զորության...
Ո՜չ: — Տանում են նոքա, որպես շնորհ առձեռն,
Կարավաններ ահի ու թշվառության: —

Ելած որոնելու գալիքների շավիղ,
Ապագայի ընթացք ու հորիզոն
Նոքա կրում են լոկ անանձնական ցավի
Ու հանգուցյալ փառքի մեռելային կավիճ՝
Հազարամյա մեր դեմքը երիզող...
Եվ անվավեր փառքի առասպելյալ փայլով
Շղարշելով խեղճությունն հազարամյա
Միջնորդել են նոքա հյուսիսում ու այլուր՝
Ներքինատիպ, զազիր ու զառամյալ...
Խոստացել են նոքա իրենց երբեք չեղյալ
Փառապանծ անցյալի անունով
Առաջնորդել նոցա Երկիրը Ավետյաց՝
Հանուն որդու, հոգու և հանուն հոր...

Այսպես անցել ենք մենք անխոհ ու անգաղափար
Պատմության քառուղիներով, որպես միրաժ, —
Կտրել ենք երկար մի ճանապարհ
Եվ ճանապարհը մեր այս
Ե՞րբ է արդյոք, ե՞րբ է փայլատակել, օ, ե՞րբ,
Ե՞րբ է վառվել լույսով գալիքնափայլ, —
Եվ ո՞վ, և ո՞վ է մեր ապագային տվել
Անխզելի ընթացք ու գաղափար...

Իսկ նրանցից հետո ահավասիկ իմ դեմ
Մի ձեռք, որ զորություն է տալիս գրչիս
Մեր պատմության գրքից դարձնում է մի թերի
Եվ բացում է էջը նախավերջին, —
Եվ հանդես են գալիսանկերպարանք անդեմ
Երեկվա մեր տերերը չնչին: —
Օ, վաշխառու ճորտե՜ր, հացկատակնե՜ր, մթին
Սերմանողներ քամու ու մուրացկանության, —
Մեզ ժառանգած գանձի օ, վատնիչներ հետին,
Որ ափերում հեռու ձեզ ապաստան գտած
Կերտեցիք դղյակներ ու ապարանքներ,
Մեր անունից մրրիկ սերմանեցիք
Եվ այսօրվա ձեր խեղճ ոչնչությանն անգետ
Վերջին խարիսխը մեր
Վաճառքի հանեցիք...
Եվ կործանվեց ձեր փառքը: Ապարանքները ձեր
Միրաժների նման անապատի
Անէացան մի օրև ո՜չ մի ձեռք
Չդրոշմեց ձեր հետքը պատմության ճակատին...
Որպես փոշիանցաք, որպես քամի,
Եվ ո՜չ մի, ո՜չ մի մատյան
Չի նշելու երբեք ձեր ցնորքը անհիմն
Իր էջերում անջինջ ու անհատյալ...
Անէացավ ձեր փառքը: — Եվ այն, որ դեռ ունեք
Աշխարհի բոլոր հեռուներում
Կկործանվի մի օր ամենուրեք
Եվ գալիք պայծառ օրերում
Ո՜չ մի գուսան երբեք իր երգերում հնչեղ
Չի կարդա նզո՜վք անգամ ձեզ, —
Դո՜ւք, որ միայն ոգու խեղճություն եք ցանել
Եվ գալիքումտխուր մոռացություն հնձել...

Իսկ ժողովո՞ւրդը, որ եղել է հանճարեղ,
Եղել է որմնադիր, եղել է կառուցող,
Քաղաքներ է շինել, պարիսպներ է շարել,
Կամուրջներ է գցել կոր գծով, —
Որ դարերի միջով մինչև այգն այս հասած՝
Կրել է մեջքի վրա իր,
Օ՛, եղկելի տերե՜ր, զազիր ու բազմազան
Մեր բռնությունը բիրտ...
Ունի՞ արդյոք թեկուզ մի աննշան մասնիկ
Վաստակներում ձեր այս անքանքար
Ժողովուրդը, որ իր աշխատա՜նքն է ազնիվ
Ձեզ սեղանին բերել՝ արնաքամ: —
Օ, ո՜չ: — Ապրել է նա իր ճորտային կյանքով,
Խոր խավարում՝ արև՜ երազել, —
Եվ երգել է դարեր իր ռամկական հանգով
Իր խոհերը արդար ու վսեմ:
Ստեղծել է նա իր հեքիաթները, — և իր
Հնամյա վեպում հանճարեղ
Իր ապագա կյանքի գաղափարը կարմիր
Եվ անմահ խորհուրդն է դրել:
Խոր գերության ներքո, այնուամենայնիվ,
Պատմության քառուղիներում ոլորապտույտ,
Պայքարել է ոգով, մաքառել է նա միշտ,
Եվ չի կորել դաժան տարիներում այն մութ: —
Խո՛ր գերության քարե կամարների ներքո,
Բռնության տակ հայրենի և օտար,
Նա մեր անպարտ ոգու ստեղծարար բերքի
Ճանապարհն է հարթել անդադար:
Այդ ճանապարհն է, որ չնչին արքաների
Եվ բոլո՜ր տերերի ոչնչությանն ընդդեմ
Դարձրել է ոգին մերայնքա՛ն բերրի,
Ամե՜ն ճորտության անընտել:
Այդ ճանապարհը ձգվում է ահավասիկ
Մեր օրերից մինչև միջնադարյան հեռուն,
Մինչև դարերը հին, ուր մենք հազի՜վ ենք
Պատմության ընթացքը տարբերում:
Քայլել են քարքարոտ այդ ճանապարհով
Գորշ, անանուն մարդիկ, գեղջուկ ճորտեր, —
Կրել են կրծքերում գաղափարներ գերող,
Ստեղծարար մտքեր, բոցե բառեր, որ դեռ
Չեն խոյացել երկինք, չեն ընդունել դեռ ձև,
Բայց կհառնեն մի օր կերպավորված, —
Օ՛, հանճարե՜ղ ոգու դեռ չբացված գանձե՛ր,
Եվ հանճարի հանքե՛ր դեռ չփորված...
Ա՜յս է տվել նրան ոգու անհուն կորով
Եվ ա՜յս է մեզ փառք սահմանել, —
Բայց կարո՞ղ էր արդյոք՝ կապանքներում գերող՝
Իր հուրը անեղծ նա պահել
Արքաների օրով և իշխանների
Կքել է ճորտության կապանքներում նա լուռ,
Եվ անգամներ բազում նա քշվել է գերի,
Եվ գերությունը իր կրել է համր ու լուռ: —
Եվ գերության գրկում կեղեքող
Յուրաքանչյուր գերին՝ աչքը ահեղ մահի՝
Ծածկել է խեղճության թաղիքով,
Իբրև անգին մի գանձ, իբրև ավանդ վերին
Իր հանճարեղ ոգու կրակն անշեջ,
Ստեղծարար այն հուրը, — և բոլորից թաքուն
Վառել է միայնակ, վախվըխելով, ինչպես
Հանցագործն է վառում իր լապտերը միգում:
Ջլատվել է այսպես ժողովրդի անեզր
Հավաքական հանճարը զարկիչների հանդեպ, —
Եվ դարձել է ահա ժողովուրդը և՜ս,
Իր տերերի նման, անուղի ու անդեմ...
Իսկ ապա, երբ փոխվել է ընթացքը դարերի,
Երբ դարերում մարել է թիթեղյա,
Սակայն շլացուցիչ պորփյուրն արքաների
Եվ արքաների տեղ ա՜յն
Ոսկի՜ն է նվաճել իշխանություն ու փայլ,
Բաժանել արյունոտ դափնիներ,
Պետություններ կանգնել, ուր պճնություն ու փառք
Կարելի է գնել, —
Նա քշվել է կրկին նախիրների նման
Դեպի թիարաններն անհաց աշխատանքի,
Եվ վաստակել այնտեղ մինչև ի մահ՝
Ընտելացած արդեն անինքնուրույն կյանքի:
Եվ անհաց վաստակի այդ թիարաններում,
Ինչպես առաջ՝ դաշտերում ճորտության
Վիճակվել է նրան մի կապարե հեռու
Կրկնակի՜ տառապանքի և գերության:
Նրա գլխին շաչող այդ նոր խարազանը
Եղել է երկճյուղ, ինչպես քի՛ստ, —
Եվ վաստակը ոգու, որ սրբազան է
Արգելված է եղել նրան միշտ:
Բայց առաջին անգամ իր գոյության չարքաշ
Հազարամյա ուղու ընթացքում
Նա այստե՛ղ է տեսել շողշողացող մի այգ,
Որ պայքարով է բացվում

Եվ այսպեսպատմության քառուղիներով
Անցել ենք մենք անղեկ ու անգաղափար,
Շառագունված անվերջ ուրիշների հրով, —
Եվ մեր ճանապարհը անփայլ
Եղել է ճանապարհ ունայնության, մահի
Եվ չե՜նք կարող այսօր ձեզ մեծարել
Օ, նախնինե՜ր մեր խեղճ, առաջնորդնե՜ր մեր հին, —
Մեր պատմություն անդեմք ու անհանճարեղ...
Ահավասիկ ելած ձեր աներազ քնից
Նզովում ենք մենք ձեր եղկությունը մթար
Օ՛, կերտողնե՜ր չնչին մեր անհանճար հնի
Եվ հերոսնե՜ր անքանքար մեր պատմության...
Մոլորակի վրա այս խայտաբղետ,
Աշխարհի սկզբից մինչև վախճանը
Երևի առաջին Ժողովուրդն ենք մենք,
Որ կամենանք անգամդավաճանել
Անկարող ենք փառքին մեր ու պատմությանն անցած,
Ու կանգնած ենք ահա ապագայի հանդեպ
Զարմանալի՛ թեթև, զարմանալի՛ անդեմ՝
Մերկության պես տկլոր ու անանցյալ...
Այդ մե՜նք ենք երևի այն ուղտը հաստակող,
Որ Հիսուսի առակին հակառակ
Պիտի մտնենք՝ անգամ ասեղի նուրբ ծակով՝
Ապագայի դրախտը անարատ...
Այդ մե՜նք ենք երևի այն հարուստը,
Որ անցյալի մեր այդ տկլորությամբ հարուստ
Պիտի ժառանգենք մեր դարերի կորուստը,
Որ բոլո՛ր տկլորներին սահմանված է վերուստ...

1933.I

ԴԵՊԻ ԼՅԱՌԸ ՄԱՍԻՍ

Ակսել Բականցին, պայծառ բարեկամիս
Նա դուրս եկավ տնից առավոտվա ծեգին,
Իր ետևից կամաց դուռը փակեց,
Վերջին անգամ նայեց իր տնակին
Եվ քայլերը ուղղեց դեպի բաղերը: —
Ցուրտ էր: — Արևը դեռ հորիզոնից
Նոր էր փռել աղջամուղջը վաղընջական,
Եվ վաղ առավոտի ծիրանեգույն ֆոնին
Հեռվում երևում էր Մասիսը՝ կապույտ շղարշ հագած,..

Գիշերը չէր քնել: — Քրքրել էր թղթերը,
Երկար թերթել թերթերը բազմաթիվ, —
Օրագրեր, գրքեր, ձեռագրեր,
Գրություններ՝ մնացած դեռ Դորպատից:
Կյանքի նման իր բարդ, խառնիխուռը, լիքը,
Իր խոհերի նման բազմապիսի,
Խոհեր՝ ուղղած դեպի սերունդները գալիք,
Ծրագիրներ՝ կիսատ, կամ սկսված հազիվ, —
Ո՞ւմ էր թողնում բոլորը, ո՞ր սիրեցյալ սանին,
Որպեսզի վաղը նա այդ թերթերից
Գուրգուրանքով հաներ իր խոսքը կենդանի
Եվ խնամքով հանձներ տպագրյալ գրին
Եվ նամակնե՛ր ապա... Այդ թերթերը դեղին,
Ծածկած հաճախ գրով գոթական
Այդ չէ՞ր միթե հախուռն իր օրերի ուղին,
Իր խոհերի, գործի ու տքնաջան
Մաքառումի՝ ընդդեմ իր գոյության չարքաշ...
Օ՛, անպտուղ վաստակ ու տքնություն երկար,
Գոսն օրերումոգու հոգնություն ե՜ղկ, —
Անաեսնելի գալիք ու կապարե ներկա,
Անհորիզոն կյանքի կապարե ե՜րգ...

Գիշերը երկար նա նստած
Քրքրել էր իր հին նամակները բազում.—
Մոռացության փոշին էր նրանց վրա նստած,
Եվ թվում էր՝ հեռու մի երազում
Նա տեսնում է կրկին իր օրերը,
Հորձանուտը նրանց անօրինակ
Այդ դեղնավուն թերթերը, այդ զանազան գրքերը՝
Ի՜նչ ըղձերով արդյոք հորինած...
Նամակների դեզում կային խստաբարո
Գրություններ՝ շեշտով խրատական,
Ինչ-որ ուրիշ կյանքի ընթացք բարբառող
Գրություններ կային, որոնք, սակայն,
Նշում էին նրան ուղի նվաստ,
Գծում դժնի ընթացք ասիացու,
Եվ հորդորում էին քայլով զգաստ
Ընթանալ կամոքն աստուծո՝
Խոնարհությա՜ն շավղով, առաքինությա՛ն,
Դարերով սրբագործյալ հեզության,
Որ ժողովուրդը լինի, ինչպես հնում
Չարքաշ, աստվածավախ ու արդար: —
Սակայն նամակների դեղին դեզերում,
Ծալքերում նրանց փոշաբույր
Հանկարծ աչքին ընկավ մի գրություն գերող
Մի փոքրիկ թերթ կապույտ: —
Ինչպես ցողն է լինում ծաղիկների վրա
Թափանցիկ, վաղընջական ու գերող
Այդ թերթիկը կապույտ ալեկոծեց նրա
Հուշերով՝ չճաշակած մի քաղցրություն բուրող...
Հիշեց: — Ե՞րբ էր արդյոք: — Դեռ ինքը՝ երիտասարդ
Լցված երազներով ու հույզերով,
Երևանից մինչև այն եզերքը հասած՝
Բռընկվեց անկարելի մի սիրով...
Մռայլ հեռուներից եկած մի աբեղա,
Ընտելացած խոհեմ երազի ու կյանքի
Զգեցած սուրբ վարքի խստաբարո ուրար
Դեմ հանդիման եկավ այդ տենչանքին անգին...
Եվ հանկարծայնքա՛ն պայծառ,
Կարծես այսօր լիներ, հենց հիմա
Պատկերացավ նրան այդ անցյալը
Մի տեսիլի նման: —
Կանգնեց իր դեմ աղջիկը. — ոսկե գիսակներով,
Աչքերով, որպես երկնակամար,
Աստվածածնի նման պսակավոր, —
Ի՛նչ մեղսական ու հույլ տենչանքների համար
Բուսած, ինչպես ծաղիկ, անուշ ու անգրկելի...
Երիտասարդ էր, կուրծքը հեշտանքով լի:
Բարակ մատներն ինչպես սիրո տավիղ. —
Մորմոքում էր իր սիրտը անհուն ցավից,
Երբ դիտում էր պատկերն այդ մեղսալի...
Այդ ե՞րբ էր. երե՞կ էր, թե տարինե՛ր,
Տասնամյակնե՛ր առաջ... Եվ ե՞րբ անցավ...
Ժամանակը հետո փոշոտ պատնեշ հինեց
Եվ ինքը ամբո՜ղջը մոռացավ: —
Եվ ի՞նչ մնաց: — Այս թերթը ոսկերիզ,
Այս թերթիկը կապույտ, ինչպես անուրջը,
Ուր գրում է նա իր հրաժեշտի խոսքերը,
Այն ոսկեծամ աղջիկըՇարլոտտա Շույլցը: —
Մի բաց-կապույտ թերթիկ, վերևը զարդարած
Սուվենիրով խրթին ու մանրանկար,
Եվ գոթական սուրսայր նշաններով գրած
Ոտանավոր մի խեղճ ու անքանքար...
Ահավասի՜կ ամբողջը: — Երկա՛ր, երկա՛ր նայեց
Սուվենիրին նա նուրբ ու գրերին,
Ուզեց ճմլել այդ թերթը, ինչ-որ մի տեղ պահել,
Կամ պատառոտել նվերը, —
Սակայն թողեց. թաղեց թերթերում ա՜յլ,
Կամքի վերջին ճիգով քերեց խոհերից,
Եվ սկսեց թերթել զգաստությամբ մռայլ
Մյուս թերթերը հին: —
Եվ հետո, արդեն լուսադեմին,
Երբ մոտենում էր տնից հեռանալու ժամը
Նա գզրոցից հանեց տետրակ մի հին,
Որ նայի նրան մի անգա՜մ էլ:
Երկա՛ր, երկա՛ր նայեց նա տետրակին,
Հիշեց հանկարծ իր հորը, Երևանի բերդը,
Մորը հիշեց՝ պարթև ու արխալուղ հագին, —
Եվ սկսեց թերթել...
նախ թերթում էր այնպես, աննպատակ,
Հետո աչքին ընկավ մի բայաթի,
Սկսեց կարդալ մի հատված,
Հետո խորասուզվեցև մինչև առավոտի
Շողն առաջին ընկավ սենյակից ներս
Նա կարդում էր, կարդում էր, մոռացած, որ պիտի
Շուտով թողնի ամբողջը և ելնի վեր...
Երկա՛ր, երկա՛ր կարդաց: — Մի երկու տեղ
Նկատեց փոքրիկ վրիպումներ
Եվ մատիտով ուղղեց: — Հետո թեթև
Այլ ուղղումներ արավ, — սակայն անվերջ
Գիտակցության տակից, իր էության
Մութ խորքերից, ուր միտքը վախում էր թափանցել
Տագնապալից աճում էր ահանման մի բան՝
Կասկածի պես անորոշ ու անձև...
Արդեն մոտենում էր առավոտը և նա պիտի գնար,
Սակայն կարդում էր դեռ, — և հանկարծ
Տագնապալից այն միտքը անհնար
Բարձրացավ, ցցվեց ուղեղում զարմանալի ուռուցիկ ու պայծառ: —
Ի՞նչ է ասում այդ գիրքը և ի՞նչ բարբառում.
Զուր չէ՞արդյոք վատնել անհատնելի ձիրքը.
Եվ չի՞ արդյոք եղել իր ողջունած հեռուն
Մի թիար անվատթար, — և այդ գիրքը՝
Իր արյունով, սրտի յուրաքանչյուր նյարդով,
Իր վերջին ճիգով հորինած
Չէ՞ արդյոք խեղճության ու սխալի ադյունք՝
Սերունդների երթին ի վնաս...
Վաղո՛ւց են չարաշուք այդ խոհերը խոցել
Անօգնական իր սիրտը, — սակայն ամեն անգամ
Հենց որ հանել է գիրքը և կարդացել
Ինչ-որ անհուն մի բան:

Զարմանալի մի բան՝ կարոտի
Ու թովչության նման անհասկանալի
Ողողել է իր սիրտը և կոկորդում
Իբրև արցունք՝ հորդել...
Օ՛, անձկալի Ժամեր միայնությա՜ն, ընդվզո՜ւմի, խոհի՜,
Ոգու ըմբոստության ու կորովի, —
Ստեղծագործ մտքի թռի՜չք ամեհի՝
Ճգնության պես անձուկ ու թովիչ...
Եվ հայրենի բարբառը որոտաձայն, հախուռն,
Ոգու անեղծ հրով սրբագործած, —
Եվ խորախոց խոհերը տարիներում անդուռ
Միթե սո՞ւտ է բոլորը և փորձա՞նք...
Միթե սո՞ւտ է բոլորը, ոգու սայթաքո՞ւմ, —
Եվ ամենը, որ եղել է կյանքում
Իր երազանքը սուրբ, իր ըղձանքը թաքուն
Անիմա՞ստ է եղել, ինչպես հորձանքով,
Գոսն օրերի դժնի հորձանուտով տարված
Թղթե չնչին նավակ կամ տաշեղ, —
Եվ իր իյանքը ամբողջ եղել է սին մի հարց՝
Աննպատակ ուղղած և ամպաշեն...
Բայց ո՜չ. ի՜նչ էլ լինիայնուամենայնիվ
Հո չի՞ ստում կարկաչն այս բարբառի,
Այս երգեցիկ գրքի երգանման ձայնը,
Որ դիպչելով կյանքի հազարամյա քարին՝
Պիտի ճեղքե այդ քարը, այդ ժայռակուռ պարիսպը,
Պիտի բանա թեկուզ փոքրիկ կածան,
Որ դպրությունն անցնի ու հորդանա, ինչպես
Ջինջ առուն է անցնում ջրանցքներով բացած: —
Ո՜չ. չ՜ի ստում բարբառը. — ահավասի՜կ գարնան
Հեղեղների նման որոտում է իր դեմ, —
Եվ նա կարդում է հափշտակված, կարդում է բարձրաձայն,
Իսկ դուրսըառավոտ է արդեն: —
Իսկ եթե չի՜ ստում այն կասկածը
Եվ ստում է այս գիրքը... — Նա
Տագնապասիրտ՝ գրքի նախաբանը բացեց,
Մի երկու տող կարդացև գազազած
Պատրաստվում էր արդեն շպրտել գիրքը դեն, —
Երբ աչքերի հանդեպ ահասաստ
Հառնեց, կանգնեց հանկարծ մի բարի դեմք...
Այդ նա՜ էրուսուցի՜չը: — Դեմքով բարի,
Ե՜վ հարազատ, և՜ սառը, խստաբարո,
Բարեկամի նման մտերիմ,
Ե՜վ անհողդողդ, և՜ մեղմ, և՜ անսահման ներող
Նայեց նրան մի պահ, աչքերը սևեռեց
Նրա հոգու խորքըև մարմարի պես նուրբ
Ձեռքը եղբայրաբար գրքի վրա դրեց
Եվ մրմնջաց հանգիստ. — Թո՝ղ, Խաչատո՜ւր: —
Այնքան քնքո՛ւշ էր ձայնըև, միևնույն պահին,
Ահասաստ էր, ինչպես մահվան պատգամ,
Եվ նա հիշեց հանկարծ. — այն ցուրտ ճանապարհին
Դեպի լյառը Մասիսմի անգամ
Այդ միևնո՜ւյն ձայնով նա՝ ուսուցիչը՝
Զսպեց իրեն, երբ ինքը մի գյուղացու
Ուզում էր սառցապատ ճանապարհից գցել,
Որովհետև այդ բութ գյուղացին
Համոզել էր, թե ինքը գիտե ճանապարհը,
Բայց հասցրել էր իրենց անդունդի, —
Եվ այժմ, նո՜ւյն ձայնով, նա հորդորում էր հար
Անդավաճան մնալ իր ուխտին: —
Եվ նա մնաց: — Հապճեպ մի շարժումով
Գիրքը ծալեց, դրեց արկղում ավանդական,
Հետո հավաքեց նամակները ու մի
Դառն հայացքովերկա՛ր, վերջի՜ն անգամ
Դիտեց թղթերը, արկղը, պատերը սենյակի,
Արկղը փակեց, հագավ վերարկուն,
Գլխարկը դրեց կռնատակին
Եվ ելավ դուրս: —
Առավոտ էր արդեն: — Այգիների վրա
Արդեն փռել էր իր լույսը ծիրանեգույն
Արարատյան արևըև հուրհուրան
Առավոտվա միգում
Հեռուն, հորիզոնի վաղընջական ծիրում
Արթնանում էր Մասիսը վեհափառ,
Որպես լուսե ցնորք, որպես հեռու
Բարեկամ անդավաճան, կամ եղբայր:
Գիշերը չէր քնել: — Հոգնած էր, վաստակած,
Խոհերը խառնիխուռը և վրդովյալ, —
Հոգնած էր ու տխուր, — երբ դուրս եկավ սակայն
Առավոտվա վեհությամբ թովված՝
Զգաց հանկարծ իրեն այնքա՛ն թեթև,
Եվ այնքա՛ն, այնքա՛ն թարմացած,
Որ ամե՜նը, ամե՜նը, որ մնում էր ետևը,
Իբրև ցնորք անցած
Թվաց անգին ու քաղցր, հեռու ու անիրական,
Սրբագործված, ինչպես ոսկեղեն հուշ
Եվ նա քայլեց հաստատ, քայլով սովորական,
Ինչպես գնում են գործի, որ կարևոր է հույժ:
Դեմըդաշան էր անծայր, իսկ հեռվում
Մասիսը,
Լյառն այն վսեմ, որի ճանապարհով մի օր
Բարձրացել էր ինքը և սառցանիստ Գեղեցկությամբ գերվել: —
Եվ այժմ, մենավոր
Նա գնում էր կրկին դեպի հեռուն այն լուրթ,
Դեպի լյառը անհաս ու վեհանիստ, —
Դեպի գագաթը բարձր, որ իր ժողովուրդը
Համարել է հավետ իր գոյության խորհուրդը, —
Որ ճաշակե այնտեղ հավերժական հանգիստ...

1933. II. 20

ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ(

Կոտորա՛ծ, կոտորա՛՜ծ, կոտորա՛ծ...
ՍԻԱՄԱՆԹՈ

ՄՈԻՏՔ

Քերթության ոլորապտույտ ճանապարհներով
Անհանգըրվան անցած տարիներ երկարաձիգ,
Սիրտս կիզած բազում արևների հրով,
Խուսափելով ընդմիշտ երգերից դյուրածին,
Ահա զգում եմ ինձ կրկի՜ն անօգնական,
Ահավորված, ինչպես բարձր լերան առջև
Որի ոլորտներով կրկի՜ն պիտի գնամ,
Եվ չգիտեմ՝ ընկնե՞մ պիտի արդյոք, թե՞ վաստակած հանգչեմ

Արդ՝ մանուկ եմ ես նորից, և՜ անուժ, և՜ դողահար,
Անհամարձակ, ինչպես աշակերտ, ուժերիս ու գրչիս անվստահ, —
Լեզվիս վրա կսկիծ, և՜ ջերմություն, և՜ վահր՝
Աչքերս հառել եմ անցյալին՝ ապագայի նժույգը նստած: —
Ձե՜զ եմ հառել աչքերըս, ո՛վ անցյալի վսեմ քերթողահայրե՜ր,
Գագաթնե՜ր Մտքի ու Հանճարի և

Քերթության պետե՜ր, —
Քե՜զ, անհույզ, մարմարյա Հոմերո՜ս, որ երգել ես հերոսների մահը,
Սակայն խաղա՛ղ սրտով, մի մանկական հեքիաթ իբրև թե: —

Եվ քե՜զ, լատինական փառքի հռչակը ավետող
Ո՛վ դյուցազնական և բարբարոս Վիրգի՜լ,
Որ ընթացել ես թեև հելլեն հանճարների սրբագործած հետքով,
Սակայն ինքնահուն է եղել պղընձյա արշավանքը երգիդ:
Եվ քե՜զ, արեգակնական հանճար, շռայլորեն փարթամ Ֆիրդովսի՜,
Բազմաբղետ, ինչպես Արևելքը, գանձերով ու արկածներով հարուստ,
Որ հանճարիդ այնքա՛ն անայլայլ և իմաստուն լույսով
Ներբողել ես շահերի սխրությունները սին, իբրև ուղի անմեռ, որ տրվում է վերուստ...

Սակայն բոլորդ միասին թվում եք ահավասիկ
Ապագայով լեցուն աչքերիս, որ անցյալին եմ հառել ահալի,—
Ո՛վ դուք, զառամյալ մանկության հիշատակներ վսեմ, —
Այնքա՛ն թոթովախոս ու միամիտ...

Ձեր երգը միամիտ մանկության և ոգու երջանիկ անգիտության,
Եվ կարծեցյալ փառքի, և ճորտության դժնի,
Բայց և հանճարափայլ պարգևն էր՝ մեզ տրված
Հի՛ն դարերի տքնությունից ազնիվ: —

Այլև ներբողել է ձեր երգը հերոսություն ու փայլ,
Խիզախների վսեմ արշավանք և այրերի դաշինք,
Նշել է քերթության լուսազարդ ճանապարհ,
Փառք անմահական՝ բազմած մարմարիոնյա նժույգների բաշին: —
Բայց անցյալը այն, այն ուղին, այն ճանապարհը չարչարանաց,
Որին ես ահավասիկ ուզում եմ մոտենալ
Չ՜ե լյառ հերոսության, կամ վեհության ուղի, կամ փառքի ճանապարհ,
Կամ իմաստության պարտեզ, կամ ոգորում ոգու, կամ տքնություն անահ...
Եվ այն տեսիլը, որ՝ տարիներից հառնած՝
Ծառացել է ահա իմ վարանոտ ու զարհուրյալ հայացքների դեմ
Ո՜չ փառքի գագաթ է խոստանում, ո՜չ քերթության Պառնաս,
Ո՜չ անգամ փողփողյալ տողերի անմրցելի հանդես: —
Այդ տեսիլը դժնի է և ժանտաժանտ, անփայլ է և գոսնական,
Եվ զարհուրելի է, ինչպես զառանցանք, և անիմաստ է հավետ, —
Ո՛վ անցյալի պայծառ քերթողներ, ձեր երգը հերոսական
Թող դարերի՜ն մնա ձեր հեռավոր, ձեր օրերի՜ն անէ: —

Ձեր մարմարիոնյա և դաշն դեմքերի փոխարեն,
Իբրև վարպետ միակ, իբրև անկաշառ մարգարե
Ահավասիկ հառնում է մռայլ միջնադարից
Եվ կանգնում է դեմս, ո՛վ տառապյալ հանճար, քո կերպարանքը քարե: —
Անցյալի արնակարմիր տեսիլներից շշմած հայացքներիս հանդեպ,
Որ ուղեցույց են հայցում, և՜ առաջնորդ արդար, և՜ կորովի հանճար
Պատկերելու համար Անցյալի խավարից հառնած զարհուրանքը
Դժոխքի դժնի մշուշից բարձրանում է ահա քո դեմքը բազմաչարչար...
Զարհուրանքի սովոր աչքերով, որ խորն են ու գերող,
Դու նայում ես ահա ոգուս խորքը, երկա՛ր նայում ես ոգուս խորքը,—
Եվ բռնում ես ձեռքս, որ ինձ առաջնորդես մռայլ ուղիներով,
Ինչպես Վիրգիլը լուսավոր, որ ցույց տվեց մի օր քեզ երկնային դժոխքը: —
Ահավասիկ գնում ենք քեզ հետ միասին, աշակերտ ու վարպետ,
Քերթության թոթովախոս մանուկ և այր բազմավաստակ,
Մեր խոհերով, մեր կյանքով, մեր երգերով անհունորեն տարբեր,
Բայց և հարազատ ու արնակից, իբրև միևնո՜ւյն մարդկության երկու տարբեր հասակ: —
Ընկնում ենք քեզ հետ միասին մենք ճանապարհ երկար,
Եվ մեր առջև ահա իր հորձանքն է ձգում արնափրփուր մի գետ,
Որ բաժանում է դժնի անցյալից այս լուսավոր ներկան, —
Եվ մենք նստում ենք Մտածումի նավը, որ նավարկենք քեզ հետ: —
Գնում ենք ահավասիկ քեզ հետ
Քերթության ու Խոհի դժվար ճանապարհով
Դեպի ափը դեմի՝ ամե՜ն հույս ու հավատ թողնելով այս ափին,
Եվ Մտածումս ահա, որպես մշտնջական ու կորովի Քարոն,
Նավարկում է դեպի Անցյալը, դեպի Անցյալը դառն, դեպի
ափը Մահվան ու Սարսափի

Ա

Մենք ափ ենք ելնում միասին և նայում ենք մեր շուրջը մի պահ. —
Լռություն է, մռայլ մառախուղ, իսկ վերից գունատ մի մահիկ
Իր մեռյալ լույսի հետ մեկտեղ տարածում է տխրություն ու ահ
Այդ անծիր եզերքի վրա անսահման Սոսկումի ու Մահի:
Քայլում ենք, իրարու բռնած, քայլերով տարտամ, երերուն,
Անուղի, ինչպես մոլորված երկու կույր, կամ անօգ մանուկ:
Միևնո՜ւյն մառախուղն է բռնել թե՜ մոտիկը մեր, թե՜ հեռուն,
Միևնո՜ւյն լռությունն անհուն:

Խտանում է մեր դեմ մառախուղը. — ժայռեր են կարծես ու քարեր
Պարսպի նման բարձրացել և բռնել ճանապարհն անդարձ: —
Մոտենում ենք մենք ժայռերինև տեսնում ենք վիթխարի ծառեր,
Եվ մտնում ենք ահա խավարով ու ահով լեցուն մի անտառ: —

Ծառերի միջով վիթխարի գնում ենք դանդաղ մենք առաջ,
Կանգնում ենք, ականջ ենք դնում լռության մեջ երկար ու երկար,—
Եվ ահա հնչում է մթին անտառի խորքից մի հառաչ. —
Այդ ե՞րգ է արդյոք, հեկեկա՞նք, թե տրտունջ՝ քնարով երգած: —

Լսվում է ապա մոտիկից մի հանդարտ, դանդաղ ոտնաձայն.
Մոտենում է մեկը. դեպի մե՜զ, դեպի մե՜զ է գալիս ահա նա.
Եվ ահածառերի ետևից ելնում է մի այր գլխաբաց. —
Վարդապե՞տ է նա, մուրացի՞կ, թե՞գեղջուկ, աղքատ քահանա: —

Լուսնի սառ լույսերով ողողված՝ մոտենում է նա երերուն
Քայլերով, կանգնում է մեր դեմ, — ուրվական է կարծես նա ցավի. —
Փոքրիկ է. նիհար. կիսամերկ. ճակատին պսակ է կրում,
Եվ ձեռքին բռնած նա ունի մի հսկա արծաթյա տավիղ:

Հասնում է մորուքն սպիտակ մինչև սրունքները նրա՝
Սպիտակ սավանի նման ծածկելով մերկությունը ծերի.
Հայացքով տխուր ու անօգ նայում <է> նա լուռ մեր վրա,
Եվ ապա, դառնալով Վարպետին, նա ասում է ձայնով մտերիմ.

« — Վարպե՜տ, օ՛հ, ես է՜լ քեզ նման մի գիշեր աշխարհից անցա,
Ապրեցի, իբրև վանական, հայրենի եզերքում քո ծովի.
Բայց չքնաղ հայրենիքը քոինձ համար հայրենիք չդարձավ,
Եվ ծովը ձեր այն ծիծաղկուն, — չբուժեց իմ սիրտը ցավից:

Աշխարհում շաչող հողմերից այն կղզում ապաստան գտած,
Զգեցած սևասև սքեմ՝ ես տավիղը սակայն սիրեցի.
Եվ տավիղը շեփոր դարձըրած՝ քերթության պարտեզը մտա,
Որ կորած հայրենիքս երգեմ և անցյալը նրա հրածին: —

Երգեցի ես ձայնով առնական ամրոցներն ու բերդերը հայոց,
Ոստանները հայոց արքայից, պալատները նոցա փառահեղ.
Երգեցի Կարմիր Ավարայրը, Մասիսը՝ աստղերին հայող,
Ձգտելով հին փառքը հայոց սրտերում անմար միշտ պահել:

Քնարով մարտի կոչեցի ես նոցա՝ հանուն անցյալի,
Կոչեցի ելնել վերստին, թոթափել փոշին բարբարոս, —
Կոչեցի արժանի լինել մեր նախնյաց փառքին պանծալի՝
Վառելով ջահերն անցյալի, իբրև նո՛ր փրկության փարոս: —

Եվ երգս իզուր չհնչեց: — Հայրենի եզերքից քո լուրթ
Թռչելով, իբրև հրավեր, դեպի հայրենիքն իմ հեռու
Նա ոտքի հանեց քաջարի այրերի անմահ մի սերունդ,
Որ ելավ գերության փոշուց հայրենյաց համար կռվելու: —

Եվ թեև քենով բարբարոս փորձեցին նոքա, դարավոր
Ոսոխները հայոց աշխարհի, մեզ արյամբ ողողել կրկին,—
Բայց վսեմ մեր երթը եղավ անցյալի փայլով փառավոր,
Եվ խաղա՜ղ սրտով ես մեռա՝ մինչև մահ քնարը ձեռքիս»: —

Ասացև խփեց քնարին նա մոմե մատներով դեղին,
Աչքերում ամեհի մի հուր, մորուքով մերկությունը ծածկած, —
Եվ ձայնը նրա քնարի, որ նման էր ձայնին թիթեղի,
Հնչում էր, ինչպես մի հիվանդ, մահամերձ ընկած մանկան լաց:

Եվ տավիղն հնչելով հեռացավ, խարխափով մտավ նա նորից
Անտառի խորքը խավար, ուր տիրում էր տագնապ ու հառաչ: —

Մենք երկար լսեցինք նրա քնարի հառաչքը խորին,
Մինչ սուզվեց, լռեց նա հեռվում...
Եվ անձայն անցանք մենք առաջ: —

Բ

Գնում ենք մենք ահա կրկին անտառով այդ մութ ու խավար.
Ծառերի ճյուղերն անտերև քսվում են դեմքերին մերթ մեր,
Եվ թվում է մեզ, թե նոքա չորացած մատներ են նիհար,
Եվ թվում են ծառերն անտառիսարսափից քարացած դեմքեր:

Գնում ենք անտառով երկար, և ինչքան խորն ենք մտնում
Լցվում է անտառը այնքան հառաչի ու լացի ձայներով,
Մանուկներ են կարծես զառանցում, ծերեր են հռնդում մթնում,
Սերունդներ են կարծես կարկառում բազուկներ գրկող ու գերող:

Բայց ահա երևում է հեռուն տագնապով թարթող մի կրակ,
Թարթում է նա մերթ խավարում, ու կրկին տագնապով մարում:
Մենք քայլում ենք նրա ուղղությամբ, մոտենում ենք ահա մենք նրան,
Եվ տեսնում ենք արդեն մոխրացած, համարյա հանգած մի խարույկ:

Խարույկի շուրջը թափված մենք տեսնում ենք զենքեր, ոսկորներ,
Մարդկային գանգեր, հնօրյա զրահներ, մի հին հրացան: —
Եվ տեսնում ենք ապա, այլայլված հայացքով նայում ենք երբ վեր
Ծառերի ճյուղքերից կախված կմախքներ՝ տապից չորացած:

Այս դժնի պատկերից սարսած՝ ուզում ենք արդեն կիսամար
Այդ խարույկը թողնել ու գնալ, ընթանալ կրկին, երբ հանկարծ,
Ծառերի ետևից ելնելով երևում է կիսամերկ մի մարդ՝
Սևահեր, ահագին գլխով, ոտքերը ոլորուն ու կարճ:

Գաճաճ է կարծես՝ հրաշքով անտառի խավարից ելած.
Աչքերը շանթեր են թափում, ցայտում են կայծակներ ու կիրք.
Վիթխարի գլուխը կարծես տնկած է ուսերի վրա.
Ակնոցներ ունի նա դրած, և ձեռքին բռնել է մի դիրք:

Next page