Չարենց Եղիշե՝   Երկեր

Իսկ խխունջը այն, որ նստել է
Տզրուկի նման մեր քթին, —
Նա կանցնի, ինչպես ստվերը,
Երբ արևը հասնի զենիթին:

Այս արևը, որ հար բարձրանում է,
Կխանձե նրան իր հրով, —
Բայց նրա ցոլքերում մեր անունը
Կհիշեն գգվանքով ու սիրով...

1933. V. 25

ՀԱՅՆԵԻՆ

Օ, Հա՜յնրիխ Հա՜յնե,
Օ, Հա՜յնրիխ Հա՜յնե, —
Հնչում էր քո ձայնը,
Կանչում էր քո ձայնը,
Ինչպես վաղորդայնը...
Օ, Հա՜յնրիխ Հա՜յնե,
Օ, Հա՜յնրիխ Հա՜յնե...

Խիզախ թմբկահա՜ր դու,
Մարտիկ ու պոետ,
Աշխարհը ու մարդը
Երգում էր քո հետ.
Գալիքն ու աշխարհը,
Քո օրն ու քո դարը
Երկինքը օտա՜ր էր
Երգին քո հավետ...
Օ, Հա՜յնրիխ Հա՜յնե,
Մարտիկ ու պոետ: —

1933. V. 23

FROH EMPFINDICH MICH NUN

(Գյոթեից)

Զգում եմ խնդուն՝ դասական հողով եմ կրկին ներշնչվել ես:
Հին և նոր կյանքը ինձ հետ բարձր են խոսում ավելի:
Ա՜ստ եմ լսում խորհուրդներ, թերթում եմ նոցա վաստակները
Վարժ ու հմուտ իմ ձեռքով, նո՜ր հրճվանքով շարունակ:

1933. V. 17

ANAKREONS GRAB

ԱՆԱԿՐԵՈՆԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ

(Գյոթեից)

Աստ, ուր վարդն է ծաղկում, ուր որթն է փարվում դափնենո՜ւն այն,
Ուր տատրակն է ճախրում, ուր միշտ ծղրիդն է երգում,
Ո՞ւմ գերեզմանն է այստեղ, որ փռել են վրան աստվածները
Ո՜ղջ ճոխությունը կյանքի: —
Անակրե՜ոնն է հանգչում:
Գարո՜ւն, և ամառ, և՜ աշունո՜ղջը կյանքում ճաշակեց նա,
Բայց ձմռանից նրան ցուրտ թո՜ւմբն այս ծածկեց վերջապես:

1933. V. 17.

WANDRERS NACHTLIED

ԹԱՓԱՌԱԿԱՆԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԵՐԳԸ

(Գյոթեից)

Առաջին վարիանտ

Գագաթներին ննջում են
Անդորր:
Լռություն է քո շուրջը
Խոր:
Թռչունները անտառում, հանգում
Քնել են՝ պարուրված մութով.
Սպասի՜ր մի փոքր՝ շուտով
Կքնես և դու:

WANDRERS NACHTLIED

ԹԱՓԱՌԱԿԱՆԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԵՐԳԸ

Երկրորդ վարիանտ

Գագաթներին իջել է
Անդորր:
Կատարների միջև այն
Չե՜ս զգում դու
Անգամ թեթև մի շունչ:
Անտառում թռչունները լռել են.
Կա՜ց միայն դու և՜ս
Կքնես անշուշտ:

WANDRERS NACHTLIED

ԹԱՓԱՌԱԿԱՆԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԵՐԳԸ

Երրորդ վարիանտ

Գագաթներին, իջել, է
Անդորր:
Կատարների միջև այն
Չես զգում դու
Անգամ թեթև մի շունչ:
Թռչունները քնել են մութով.
Կա՜ց միայն՝ շուտով
Կքնես դու և՜ս:

1933. V. 1720

ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ԷՊԻԳՐԱՄՆԵՐԻՑ

IN DER GONDEL TAG ICH

(Գյոթեից)

Ես պառկեցի գոնդոլում, — և սահեց նա կողքով նավերի այն,
Ծանր նստած են որոնք Մեծ Ջրանցքի ջրերում:
Շատ ապրանքներ կգտնես նրանց մեջ, որ մեզ միշտ պետքական են՝
Հաց, պտուղներ և գինի, չոր, եղեգնյա վառելիք:
Մենք սահեցինք անշշուկ: — Եվ հանկարծ դափնենու մի չար ճյուղքը
Դեմքս չանգռեց: — Ասացի. — «Դափնե, խփո՞ւմ ես դու ինձ.
Ես հատուցում եմ ուզում»: — Բայց նիմփը, խնդուն, շշնջաց ինձ,
«Ծանր չե՜ն մեղանչում պոետները: Թեթև՜ է ձեր տուրքը: — Ողջո՛ ւյն»: —

1933. V. 21

SCHENKE

ՄԱՏԸՌՎԱԿ

(Գյոթեից)

Անվանում են պոետ մի մեծ
Բոլորը քեզ շուկաներում:
Երգում ես դուուրախ եմ ես,
Լռում եսջերմ ունկ եմ դնում:

Բայց սիրելի է ինձ անշուշտ
Համբույրը քո անխոս, անբառ.
Չէ որ բառերն անցնում են շուտ.
Այնինչ համբույրն զգում ես հար:

Լավ է երգը, բայց հայեցումն
Ավելի է օգտակար մեզ.
Ուրիշներին երգեր դու տուր,
Մատըռվակինլռություն վես:

1933. V. 21

LIED UND GEBILDE

ԵՐԳ ԵՎ ՔԱՆԴԱԿ

(Գյոթեից)

Հույնը մարմին կերտելիս
Տրորի թող կավը:
Օ, հրճվի թող մարդը միշտ,
Երբ կերտում է լավը:

Բայց մենք սիրում ենք խառնել
Եփրատի հորդ հունը,
Եվ ձեռքերով մեր բռնել
Հոսուն բնությունը:

Ջուրը կարծր կդառնա,
Կհնչեն երգերը,
Եթե մաքուր են միայն
Պոետի ձեռքերը:

1933. V. 21

DERB UND TUCHTIG

ՊԻՆԴ ԵՎ ԱՄՈԻՐ

(Գյոթեից)

Աշխատանքը պոետի,
Օ, խիզախ է հար:
Էլ ի՞նչ եք ինձ հայհոյում
Անվերջ, անդադար:

Եթե պահը տանջանքի
Դառը թվար մեզ
Կլինեինք կրկնակի
Մենք համեստ ու հեզ:

Համեստությունը թողնենք
Կույսերին բողբոջ,
Որ քնքշությունն են սիրում,
Կոպտությունըո՜չ:

Համեստությունը, — օ, նա
Հարկավոր է, երբ
Իմաստությունն է խոսում
Խորիմաստ, մեզ հետ:

Աշխատանքը պոետի
Օ, խիզախ է հար.
Երգի՜ր, — քեզ հետ կլինեն
Սրտերն հրավառ:

Օ, անշուրջառ տերտերնե՜ր,
Լեզու չքերե՜ք.
Միևնո՜ւյնն եմ եսթեկուզ
Դուք ինձ մահ բերեք:

Ձեր խոսքերը սնամեջ,
Որ ասում եք դեռ
Կոշիկների նման ես
Մաշել եմ արդեն,

Թող ջրաղացը երգչի
Իր աղունն աղա. —
Հասկացողը կների
Մինչև վերջ նրան:

1933. V. 21

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

(Պուշկինից)

Որթատունկի աստվածն ուրախ
Թույլ է տալիս երեք բաժակ
Ըմպել քեֆին երեկոյան:
Առաջինը՝ Շնորհների
Կենացն անբիծ ու ամոթխած,
Երկրորդ բաժակը՝ կարմրադեմ
Եվ կարմրաշուրթ առողջության,
Երրորդն՝ ազնիվ մտերմության:
Իմաստունը երրորդից վերջ
Վայր է առնում դափնին գլխից
Եվ ուղերձ է արդեն հղում
Հանգստավետ Մորփեոսին:

1933. V. 18.

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

(Պուշկինից)

Ապրում էր մի աղքատ ասպետ
Եվ լռակյաց, և բարի,
Տեսքով՝ գունատ ու խստադեմ,
Ոգով՝ խիզախ ու արի:

Տեսել էր նա տեսիլ մի վառ,
Մտքի համար անքնին,
Եվ տեսիլն այդ հավիտյանհա՜ր
Դրոշմվել էր իր սրտին:

Այդ օրվանից հոգով անխոնջ
Նա կանանց չէր նայում էլ,
Նա մինչև մահ ո՜չ մի կնոջ
Չկամեցավ խոսք ասել:

Պարանոցին, շալի տեղ, մի
Չոր վարդարան նա կապեց,
Եվ պողպատե քողը դեմքի
Ոչ ոքի դեմ չբացեց:

Սիրտը լցրած սիրով անեղծ
Եվ ցնորքով այն անահ`
A. M. D. իր արնով գրեց
Իր վահանի վրա նա:

Եվ հեռավոր Պաղեստինում,
Պալադիններն ուր ուրիշ
Իրենց տիկնանց էին դիմում
Դեպի կռիվ թռչելիս

Lumen coelum, Sancta Rosa,
Բացականչում էր նա խենթ,
Եվ որոտի նման կոչն այս
Սփռում էր մահ ու աղետ:

Դառնալով իր ամրոցն հեռու՝
Փակ մենակյաց նա դառավ,
Մի՜շտ անբարբառ և մի՜շտ տխուր,
Իբրև մի խենթ, նա մեռավ:

1933. V. 18

ԱՇԽԱՏԱՆՔ

(Պուշկինից)

Ժամն ըղձական արդ հասավ. ավարտված է երկար աշխատանքը:
Ի՞նչ է է թախիծն էլ անհայտ սիրտս կրծում անդադար:
Գո՞ւցե վաստակս ավարտած՝ ես կանգնել եմ, ինչպես բեռնակիրը՝
Վա՜րձն իր արդեն ստացած, ա՜յլ վաստակի անընտել:
Կամ տքնությա՞նս եմ ցավում, գիշերվա լռակյաց ուղեկցի՞ն իմ,
Որ մտերիմն էր իմ տան, քույրը Այգի ոսկեղեն:

1933. V. 17

ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԵՐԿԵՐԻՑ

ՊՈԵՄՆԵՐ

ՄԵԾ ԱՌՕՐՅԱՆ1

Գիշեր էր արդեն, երբ վերադարձավ: —
Ճամփին, փողոցում, քամին սանձարձակ
Հռնդում էր ցուրտ, փչում էր խոնավ
Եվ մտնում մինչև ոսկորները: — Նա
Մրսել էր թեկուզ և սրթսրթում էր
Ինչպես թրջած հավ, — ուղեղը սակայն
Եռում էր անսանձ խոհերի տապից:
Իր ամբողջ կյանքում առաջին անգամ
Նա չնկատեց ցուրտը, չանիծեց
Աշխարհը, մարդկանց և իր բախտը բութ
Ու անաջողակ: — Ուղեղումմտքեր
Նոր ու անսովոր, մտքեր, որոնք մեծ
Ու ճնշող էին ու հրապուրիչ,
Ինչպես մի հեռու, հզոր, անծանոթ
Աշխարհից հնչող շռնդալից երգ: —
Եվ հիշում էր նա, նորից ու նորից,
Ամբողջը... նրանց դեմքերը, նրա
Խոսքերը և՜ պարզ, և՜ զարմանալի,
Ինչպես մեքենան այն հրաշագործ,
Որ գումարում է, հանում, բաժանում
Եվ բազմապատկում: Այդպե՜ս, ճի՜շտ այդպես
Զարմացավ նա, երբ առաջին անգամ
Ցույց տվին նրան հաշվող մեքենան: —
Այդ զարմանալի մեքենան: — Իր գորշ,
Իր միապաղաղ կյանքում, ուր չկար
Ո՜չ մի բան լուսեղ ու զարմանալի,
Որ ամբողջովին մի շղթա էր գորշ,
Փոքրիկ հոգսերի, — որ տևում էր լոկ,
Որպես ռոճիկից ռոճիկ ընթացող
Մի տաղտկալի երթ, — իր կյանքում դա մի
Հրաշք էր վսեմ ու անիրական: —
Այդ զարմանալի մեքենանՄի պահ,
Առաջին անգամ երբ նա դարձըրեց
Այդ մեքենայի կոթը, — մի վայրկյան
Կաշկանդեց նրան անդրաշխարհային
Մի երանություն: — Մի վայրկյան նրան
Թվաց, թե ինքը մի գերերկրային
Հանճարի ուժով պոկվեց առօրյա
Իր անաստղ կյանքիցև թռավ դեպի
Հրաշքով լեցուն աշխարհ մի ուրիշ,
Դեպի հեռավոր աշխարհն այն, որի
Փարթամ, դյութական կենցաղի մասին
Երազել է միշտ ինքը, որպես մի
Դրախտի մասին: — Որի գիտության
Ու հարստության մասին նա այնքան
Կարդացել է դեռ մանուկ հասակից
Անթիվ գրքերում ու ժուռնալներում:
Օ, չքնա՛ղ աշխարհ... — նա գուրգուրանքով
Շոյեց մեքենան մի քանի անգամ,
Հետո հուզմունքից փայլող աչքերով
Նայեց հիմնարկի վարիչի դեմքին
Եվ ժպտաց մի պահ գոհ ու հաղթական: —
Այո՜, հուզմունքից փայլող աչքերով
Նայելով անթարթ վարիչի դեմքին
Ժպտաց նա մի պահ՝ գոհ ու հաղթական
Եվ հետո, փայլող աչքերը կրկին
Հառելով փոքրիկ այն մեքենային
Նա բարակ քրքջաց՝ հեգնանքով, թաքուն
Արհամարհանքով լեցուն քրքիջով...
«Հի՛-հի՛-հի՛» — քրքջաց, ձեռքերը հետո
Ինքնագոհաբար նա քսեց իրար
Եվ ասաց. « — Այո՜... սիրելի վարիչ, —
Այսպիսի բանե՜ր...» — Իսկ վարիչը՝ բութ
Հայացքն հառելով իր փայլող դեմքին,
Չհասկանալով իր արձակած սուր
Հեգնանքը՝ նետած նրանց հասցեին

Երեխայաբար ծիծաղեց ինքն էլ...
Կարո՞ղ էր արդյոք լոկ կուսակցական
Իր տոմսի ուժով մարդու շարք անցած
Այդ ողորմելին, — մտածում էր նա, —
Հասկանալ իր սուր հեգնանքը՝ հղած
Իրենց հասցեին: — Կարո՞ղ էր արդյոք
Այդ ողորմելին հասկանալ, որ այդ
Ֆանտաստիկական մեքենան իրոք
Մի անհերքելի մահավճի՜ռ էր
Ուղղած իրենց դե՜մ: — Ի՞նչ ունեն սրանք,—
Մտածում էր նա, նրանց վիթխարի
Հանճարի, ուժի և տեխնիկական

Քանքարի հանդեպ... Ի՞նչ ունենմիայն
Տկլոր սրունքներ և ուրիշ ոչինչ:
Եվ ի՛նչ, ի՛նչ հեգնանք սատանայական, —
Մտածել էր նա հաճախ, — այսպիսի
Մարդկային տարրից, նման չքավոր
Երկրում՝ ունենալ կոմունիստական
Հասարակակարգ կառուցելու ի՜ղձ...
Երեք տարի է ահա, որ ինքը
Այստեղ, նաիրյան այս գործարանում
Աշխատում է սոսկ մի հաշվետարի
Պաշտոնով: — Երեք տարի շարունակ
Այստե՞ղ է թափել իր քրտինքը նա,—
Եվ ի՞նչ է տեսել՝ տգիտությունից
Եվ ստոր, փոքրիկ շահերի համար
Իրար դեմ մղվող պայքարից բացի...
Վերևում՝ գործին անծանոթ մարդիկ,
Եսասեր, իրար ոտքի տակ փորող,
Անդեմ, ինքնագոհ և ստրկամիտ: —
Իսկ գործարանի բանվորնե՞րը... օ,
Կա՞ արդյոք թեկուզ լույսի մի նշույլ
Այդ մարդկանց կյանքումԿարո՞ղ է արդյոք
Մի բան սպասել ինքը նրանցից,
Երբ ճանաչում է նրանց ավելի՜,
Քան ինքըիրեն: Խեղճ, տգետ մարդիկ,
Օրվա վաստակի համար մաքառող,
Մարդիկ, որ կարծես իզուր են կրում
Կոչումը մարդու: — Նրանց պիտի դեռ
Սովորեցնես քթները սրբել
Եվ ապա՜ նստել հացի... օ, նրանց
Փոխելու համար սերունդնե՜ր են պետք
Եվ ո՜չ թե օրեր, կամ տասնամյակներ: —
Կարո՞ղ են նրանք հասկանալ արդյոք, —
Մտածում էր նա դեռ երեկ, — թեկուզ
Տարրական մի միտքկարո՞ղ է նրանց
Գլուխը մտնել որևէ վսեմ
Գաղափար... օ, դա մի անիրական
Հրաշք էր թվում նրան դեռ երեկ, —
Նա ավելի շատ գլո՜ւխը կտար,
Քան կհամոզվեր երեկ, որ նրանք,
Այդ քարե դարից մնացած մարդիկ
Կարող են լինել խոհի ընդունակ,
Կարող են իրենց մտքով ըմբռնել
Մի բարձր, պայծառ գաղափար, կամ խոհ: —
Նա չէ՜ր էլ կարող երևակայել
Դեռ երեկ, որ այս ածխադեմ մարդիկ
Կարող են երբեք լինել ընդունակ
Ինքնազոհության և հերոսության, —
Որ մարդիկ այդ մութ կարող են իրենց
Սրտերում կրել ոգևորության
Հուրը սրբազան, այն հուրը, որով
Դառնում է մարդը աստված ու հերոս...
Այո ՜տարիներ շարունակ իրեն
Համոզել է նա, որ մարդիկ այդ մութ
Լոկ ուտելո՜ւ են ընդունակ, այո՜, —
Ուտելո ՜ւ միայն և ծանր, դժվար,
Անմարդավայել, սև աշխատանքի, —
Բայց այսօր ահա, ընդամենը մի
Ժամվա ընթացքում, փլվում է հանկարծ
Իր, տարիների ընթացքում կոփված,
Համոզմունքների շենքը անհողդողդ
Եվ չի ՜ հավատում իր աչքերին նա,
Դժվարությամբ է իր միտքը ահա
Ենթարկվում իր նոր, անհասկանալի
Զգացմունքների եռուն հորձանքին...
Եվ ո՞նց պատահեց ամբողջը... Այնքա՛ն
Այնքա ՜ն հասարակ ու զարմանալի,
Այո՜հասարակ ու զարմանալի,
Ինչպես մեքենան այն հրաշագործ, —
Հաշվող մեքենան: —
...Առավոտ նրան
Եկան ասացին, որ երեկոյան
Հայտարարված է ընդհանուր ժողով,
Ուր սոցմրցության հարցն է դրվելու
Քննության... Այո՜: — Լսեց քմծիծաղ,
Ինչպես լսում էր նա սովորաբար
Լուրերն այդպիսի, — և որոշեց գալ: —
Նախ՝ ա՜յն պատճառով, որ պարտադիր էր
Ներկայությունը պաշտոնյաների,
Եվ ապադե, նա ի՞նչ պիտի աներ
Տանը: — Եվ եկավ: — Ժողովը տևեց
Բավական երկար: — Նախ նայում էր նա
Շուրջը՝ քմծիծաղ արհամարհանքով
(Իհարկե, գաղտնի...) — Իսկ հետո... հետո..
Օ, ինքն է՜լ գլխի չընկավ, թե հետո
Ո՛նց, ո՛նց գրավվեց ինքն հետզհետե,
Կարծես թե մեկը սուզեց նրան մեծ
Մի կաթսայի մեջ... Կարծես թե մեկը
Պիրկ, ջղուտ ձեռքով պոկեց իր խավար
Աչքերից բարակ, թափանցիկ մի քող
Եվ տեսավ հանկարծ նա այն, որ երեկ
Չէր կարող անգամ երևակայել,
Թե կարող է ինքն զգալ ու տեսնել...
Եվ ինչի՞ց, ինչի՞ց, ինչի՞ց սկսվեց,—
Մտածում էր նա՝ ժողովից հետո
Վերադառնալիս: — Ցուրտ, խոնավ քամին
Լիզում էր նրա դեմքը, թափանցում
Մինչև թոքերը բավական հիվանդ, —
Նա չէր նկատում ո՛չ մի բան սակայն,
Ձեռքերը կոխած գրպաններն՝ արագ
Քայլում էր ցեխոտ, խարխուլ մայթերով,
Ու բոցկլտում էր ուղեղը՝ ջերմին
Խոհերից թե՜ նոր, թե՜ զարմանալի...
«Ինչի՞ց սկսվեց...» — Հիշեց. — դահլիճում
Ծուխ, ծանոթ մշուշ: — Մշուշումդեմքեր,
Բոլորը ծանոթ: — Նրանց ամեն օր
Տեսնում էր ինքը, ու թվում էր թե
Ճանաչում է նա յուրաքանչյուրին,
Ինչպես սեփական իր կնոջը, կամ
Երեխաներին: — Նստած էր Խեչոն,
Այդ վտիտ մարմնով բանվորը, որի
Դեմքին կա նստած միշտ դժգոհություն,
Ինչի՞ցչգիտես: — Նստած էր Համոն,
Այդ հայհոյասեր լենինականցին,
Այդ պարծենկոտը, որ չի՛ հավանում
Ոչ ոքի՝ բացի սեփական անձից: —
Մուկուչը հետո, այդ երիտասարդ
Բանվորը, որ միշտ ծաղրում է իրեն,
Սիրում է խմել և գնալ կինո,
Թեկուզ ունի մայր, կին ու երեխա,
Որ նայում են լոկ նրա վաստակին: —
Նստած էր Հայրոն... Տպավորվել էր
Նրա ուղեղում մանավանդ նրա՜,
Այդ տարիքն առած, բայց անգրագետ,
Կոպիտ, քչախոս, մի՜շտ անբավական
Բանվորի դեմքը... Այդ մարդը, որի
Ամե՜ն մի մազը ծանոթ էր իրեն,
Որին չէր սիրում ինքը և որից
Նա չէր սպասում ոչինչ՝ վայրենի
Հայհոյանքներից և մութ, եսամոլ
Իղձերից բացի: — Նա չէ՞ր, այդ Հայրոն,
Որ քիչ էր մնում սպաներ մի օր
Իր ընկերներից մեկին՝ մի փոքրիկ
Վեճի ժամանակ... Եվ այսպես, հերթով
Մտաբերում էր նա նրանց մեկ-մեկ, —
Մոտ հիսուն հոգի, որ նստած էին
Սկզբում դժգոհ, հոգնած դեմքերով:
Դահլիճը արդեն լցված էր ծխով,
Հորանջում էին արդեն ձանձրույթից,
Երբ եկավ հանկարծ զեկուցողըև
Ժողովն սկսվեց: — Ինքը անկյունում
Կծկված՝ մի փոքր արհամարհական
Ժպիտը դեմքին՝ նայում էր նրան: —
Ի՞նչ էր սպասում այդ հավաքույթից
Ինքըթվում է, թե պարզ է, առանց
Երկար խոսքերի: — Մի պաշտոնական
Զեկուցում, հետո վաղուց պատրաստված
Մի բանաձևի քվեարկություն
Եվ ուրիշ ոչինչ: — Մութ, մեռյալ մի գործ,
Որ փաթաթվում է այդ անգրագետ
Խեղճերի վզին, որպես մի վերին,
Անխուսափելի կամքի ցանկություն...
Այդպե ՜ս էլ կարծես սկսվեց: — Նախ նա,
Այդ զեկուցողը, հայտնեց, որ իրենց
Սոցմրցության են կանչել՝ Լենինի
Քաղաքից՝ հսկա մի գործ սա անի
Բանվորները... (Նա այդպես էլ ասաց՝
«Լենինի քաղաքը», և ո ՜չԼենինգրադ,
Ինչո՞ւ, չգիտեր ինքն էլ երևի...) —
Խոսեց նա հետո մրցության մասին,
Դրա էության, — բերեց ցիտատներ
Լենինից, Մարքսից և Ստալինից, —
Եվ հետո անցավ սոցիալիստական
Շինարարության հնգամյա հսկա
Պլանին: Բերեց մի քանի թվեր,
Հետո անպաճույճ, պարզ, հասկանալի
Խոսքերով պատմեց, նկարագրեց
Աշխատանքները նա այդ վիթխարի
Եվ հանկարծ ինքն էլ նկատեց, որ մի
Ինչ-որ անսովոր, խոր լարվածությամբ
Լսում են ահա բոլորը նրան, —
Լսում է ի՜նքն էլ և աչքերից իր
Ընկնում է կարծես մի մութ վարագույր...
Բայց ո ՜չ. — դեռ դա չէ ՜ր պատճառը իր այդ
Անսպասելի ոգևորության, —
Զեկուցումը չէ՜ր... Չէ՞ որ՝ ինչ որ նա ՜,
Այդ զեկուցողը պատմեց ժողովին
Ո՜չ նորություն էր իր համար, ո ՜չ էլ
Երկնքից իջած մարգարեություն...
Չէ որ, վերջապես, այդ մարդու ասած
Բոլոր այդ վսեմ բաների մասին
Ինքը բազմիցս կարդացել էր մեր
Բոլոր թերթերում և ժուռնալներում
Կարդացել էր և... չէր հավատացել: —
Ուրեմն դա չէ՛ր պատճառը նրա
Ոգևորության: — Բա ի՞նչն էր, ի՞նչը, —
Մտածում էր նա արագ քայլերով
Կտրելով ծանոթ ճանապարհը: — Նա
Իր ներքին անթարթ հայացքը հառած
Սեփական մտքի խորքը՝ ճգնում էր
Լրիվ ճշտությամբ, մանրամասնորեն
Վերականգնել իր բորբոքված մտքում
Ամբողջը: — Այո ՜: — Զեկուցողը երբ
Իր խոսքն ավարտեցդահլիճում արդեն
Տիրում էր մի խոր, ջերմին լռություն: —
Մի լարվածություն անսպասելի
Նստել էր, ծանր, բոլորի դեմքին
Եվ ի՜նքն էլ, ի՜նքն էլ համակված էր այդ
Խոր, անակնկալ, գոլ լարվածությամբ
Բայց դա ո՞նց, դա ո՞նց, դա ոնց պատահեց
Այդ ինչպե՞ս եղավ, որ ինքն էլ հանկարծ,
Համակված կարծես մի մութ մոգությամբ
Սկսեց տարվել մտքերովայնքա՛ն
Նոր ու անսովորԻր մշուշապատ,
Թե պայծառացած աչքերի առջև,
Գուցե ընդհանուր այդ լարվածության
Ազդեցության տակսկսեց հանկարծ
Վիթխարի պատկեր մի գծագրվել,
Մի զարմանալի, հոյակապ պատկեր
Դահլիճում տիրող կապույտ լռության,
Կապտավուն ծխի ու մարդկային այդ,
Խոր լարվածության միջից ելնելով,
Ձուլվելով գուցե իր լսողության
Սահմանին հասնող խոսքերից, նաև
Մարդկային խորունկ շնչառությունից, —
Հյուսվելով նրբին, անհասկանալի,
Անշոշափելի տարրերիցքիչ-քիչ
Իր պայծառացած աչքերի առջև
Սկսվեց փռվել պատկերն այդայնքա՛ն
Ե՜վ հեքիաթային, և՜... հասանելի: —
Տեսնում էր նա բիլ մշուշի միջից
Դաշտեր, հովիտներ, լեռներ ամեհի,
Քաղաքներ հսկա ու գործարաններ, —
Եվ հասնում էին նրա ականջին
Ամեհի ձայներ... Բանա՞կ էր արդյոք,
Մի բազմամիլիոն, երկաթյա բանակ,
Որ արշավանքի ելած լցրել էր
Աշխարհը հաստատ, մեկին ձայներով...
Ոտքերի դոփյուն, մկանների երգ,
Լարված կամքերի աճումն ամեհի,
Փոկերի դղիրդ, շչակների ձայն, —
Եվ ձուլված իրար այս ամենը՝ մի
Աղմուկի նման ռիթմային, հզոր,
Որպես երկաթյա երաժշտություն՝
Հնչում էր վսեմ ու անպարտելի...
Եվ այդ ամեհի երաժշտության,
Այդ ծխի, կապույտ մշուշի միջից,
Այդ բիլ լռությանտեսնում էր նա կոշտ,
Մազապատ, անտաշ դեմքը Հայրոյի,
Որ այնտեղ, բեմից, ձեռքը ծոծրակին,
Քաշում էր կարծես իր կոպիտ կրծքից
Խոսքի ու խոհի անսովոր գլխից
Այնքան հասարակ ու գոտեպնդիչ
Բառեր... օ, այո ՜խոսում էրՀայրոն...
Եվ ի՞նչ էր ասում. — օ, սովորական
Բառեր... Հասարակ, բայց զարմանալի հոսքեր
Հասարակ, — օ, ո՜չ, — և եթե
Հասարակ էին խոսքերը նրա,
Ապա... ճի՜շտ այնքան հասարակ, որքան
Պարզ ու հասարակ է վերջ ի վերջո
Հաշվող մեքենան... այն զարմանալի,
Հրաշք-մեքենան: — Հայրոյի ասած
Խոսքերում անշուշտ ա՜յն էր իր համար
Թե անակնկալ, թե զարմանալի,
Որ ինքը... այո՜, չէր կարող երբեք
Երևակայել, որ նա, այդ Հայրոն,
Ընդունակ է գեթ գլխի ընկնելու,
Թե ինչ են ուզում մարդիկ իրենից,
Էլ ո՞ւր մնաց, որ նա զգար իրեն
Անխախտ մասնիկը այն մեծ բանակի,
Որ Երևանից մինչև Լենինգրադ
Ձայնում են իրար՝ ֆանտաստիկական
Եվ չտեսնված մի աշխատանքի,
Մի վեհ, վիթխարի մի գործի համար...
Խոսեցին հետո մյուսները: — Եվ
Այն մարդիկ, որոնց ինքը ամեն օր
Տեսնում էր, ապրում հետները, և միշտ
Թվում էր նրան, թե ճանաչում է
Ինքը բոլորին ավելի, քան լավ, —
Հանկարծ հառնեցին իր առջևայնքա՛ն
Կարծես անծանոթ, անճանաչելի: —
Երեք տարի է ահա, որ ինքը
Ապրում է այստեղ, այս մարդկանց կողքին, —
Մտածում էր նա, — և ի՞նչ. — այս երեք
Տարվա ընթացքում կարողացե՞լ է
Արդյոք հասկանալ այս մարդկանց, տեսնել,
Զգալ, թե ինչո՞վ, ինչո՞վ են նրանք
Ապրում ու շնչում: — Ճգնե՞լ է արդյոք
Ըմբռնել նրանց առօրյա կյանքի
Ու աշխատանքի իմաստը, — նրանց
Անդուլ մաքառման և ընդվզումի
Իմաստը: — Օ, ո՜չ... Վերցնենք թեկուզ, —
Մտածում էր նա, — այդ նույն Հայրոյին.
Անցել է անփույթ այդ մարդու կողքից
Ինքը ամեն օր տեսել է միայն
Նրա մարդկային թերությունների
Կեղևը, նրա կոպիտ խոսքերի,
Նրա ձեռների, կեղտոտ մատների
Կոշտերը միայն: — Եվ այսպեսբոլոր
Այդ մարդկանց, նրանց առօրյա անդուլ
Աշխատանքների և նրանց ամբողջ
Գործի նկատմամբ: — Անանցանելի
Մի պատնեշ է միշտ եղել բարձրացած
Կարծես իրև այդ բանակի միջև,
Մի զարմանալի անթափանց պատնեշ,
Որը չես կարող թեկուզ շոշափել,
Բայց պինդ է այդ նուրբ պատնեշը գուցե,
Քան քարը: — Այո՜: — Եվ պատնեշը այդ,
Քաշված իր և իր շրջապատի մեջ
Ինչի՞ց է արդյոք դա առաջացել...
Ինչի՞ց, օ, ինչի՞ց, — հարցընում էր նա, —
Եվ չէր հասկանում, չէր գտնում դրա
Պատճառն իսկական: — Անդրադառնալով
Իր ամբողջ կյանքին՝ փորձում էր գտնել
Այդ հարցին նա մի պատասխան: — Փոքրիկ,
Խուլ, գավառական քաղաքում ահա
Իր հայրը՝ չարչի , թե արհեստավոր...
Օ, և այս, և այն: — Տանը շարունակ
Չքավորություն, խեղճություն, կարիք...
Երկդասյան դպրոց. հետո սեփական
Ջանքերով մի կերպ ընկած Երևան.
Սովորում է նա թեմականում... և
Դա ե՞րբ էր, — թողեց դպրոցը, մտավ
Հաշվապահական կուրսերև ահա
Դարձավ հաշվետար: — Տասնյոթ թվին
Նա ամուսնացավև այն օրվանից
Աշխատում է նա գրասենյակներում: —
Կարգեր են փոխվել, բանակներ եկել,
Բանակներ անցելիսկ նա միևնույն
Մատյանների մեջ թաղված շարունակ
Ապրում է մի գորշ խխունջի նման,
Դժգոհ իրենից, դժգոհ բոլորից,
Դժգոհ մանավանդ անհասկանալի
Այս «ընկերներից», որոնցից միայն
Սարսափել է ինքն ու ակընկալել
Ամենայն չարիք ու դժբախտություն...
Հեռու է եղել ինքը շարունակ, —
Մտածում էր նա, — կռվից, պայքարից. —
Չի եղել երբեք նա կուսակցական,
Դժգոհ է եղել նա դաշնակներից,
Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ չի հավատացել
Եվ սրանց... Ինչո՞ւ... Ի՞նչն է վախեցել
Կորցնել, բացի իր խեղճությունից,
Իր ճղճիմ, խղճուկ, անաստղ գոյության
Գորշ, անհրապույր հեռանկարից...
Խխունջի նման կառչած շարունակ
Իր ընտանիքին, հոգսերին, հացի
Չնչին փշրանքին, թաղված գլխովին
Այդ ամենի մեջչի կարողացել
Սթափվել, բանալ աչքերը, տեսնել
Իր շուրջը թափով թնդացող կյանքի
Ընթացքը թե՜ վեհ, թե՜ հերոսական...
Ինչո՞ւ, օ, ինչո՞ւ, — հարցնում էր նա
Ինքը իրենից, և չէր կարենում
Գտնել իր հարցին պատասխան: —
Արագ, կուրծքը դեմ տված քամու հորձանքին,
Քայլում էր նա՝ ողջ մարմինը թեքած, —
Եվ քամու հնչեղ հորձանքում նա ա՜յլ
Ձայներ էր լսում, նոր ու կատաղի,
Տեսնում էր դեմքեր կոպիտ, անծանոթ, —
Եվ բարձրանում էր նրա մշուշոտ,
Բայց պայծառացած աչքերի առջև
Ելնելով կարծես գիշերվա մուժից
Մեր մեծ առօրյան... Մի նո՜ր, վիթխարի
Իմաստ էր նրա աչքին ստանում
Այն ամենը, որ ինքը ամեն օր
Տեսնում էր, սակայն՝ անհասկանալի
Ինչ-որ պատճառով՝ նա չէ՜ր հասկանում
Մինչև այս գիշեր... Առաջին անգամ
Այդ հաշվետարը, այդ մարդը փոքրիկ,
Որ ապրել էր միշտ իր փոքրիկ, ճղճիմ,
Չնչին հոգսերով, — առաջին անգամ
Իր անաստղ կյանքում զգաց նա կյանքի
Աճումն, ահռելի ընթացքը, — նրա
Երկաթ քայլերի դոփյունն անհողդողդ: —
Այնտեղ, մշուշում, տեսնում էր նա մի
Հսկա գործարան... Քաղաքում հեռու,
Ուր չի եղել նա իր կյանքում երբեք,
Որից բյուրավոր վերստեր են իրեն
Բաժանում, — այնտեղ, քաղաքում այդ մեծ,
Որ առաջնորդի անունն է կրում
Բազմությունների այս արևակամ, —
Տեսնում էր այնտեղ նա կրակներ բյո՜ւր,
Աստղերի նման փայլող կրակներ,
Որոնց շուրջն անդուլ եռում են այս մեր
Հայրոյի նման ածխադեմ մարդկանց
Հոծ բազմություններ... Այդ կրակներից
Ձգվում են ահա դեպի խորքը այս
Հեռավոր երկրիկրակե թելեր: —
Ձգվում են թելեր ոսկեցոլ աստղի
Շողերի նման: — Երբ նայում է մարդ
Կիսախուփ աչով հեռու աստղերին
Այդպիսի ահա ոսկեցոլ թելեր,
Ձգվելով այդ ջինջ, պայծառ աստղերից՝
Կապում են մարդու հայացքը նրա՜նց,
Այդ ջինջ աստղերին: — Առաջին անգամ
Նա զգաց այդ պիրկ, անմար թելերի
Գոյությունըև աշխարհը նրա
Աչքերին հանկարծ լայնացա՛վ, ձգվե՛ց,
Դարձավ անսահմա՛ն, անծի՛ր, անեզե՛րք,
Երկնքի՜, հոգո՜ւ և տիեզերքի՛
Նման անեզերք: — Թեթև քայլերով
Տուն հասավ, թակեց նա դուռը: — Քամին
Շաչում էր դեռ թունդ, թռչում սանձարձակ:
Գիշեր էր արդեն, երբ վերադարձավ: —
Արագ մտավ տուն: — Կինը հարցական
Հառեց մի վայրկյան աչքերը նրա
Շորերին, դեմքին և ոչինչ չասաց: —
Սենյակում փայտյա սեղանի վրա,
Դրված էր մի հին դեղին ինքնաեռ,
Կողքինմի քանի դատարկ բաժակներ
Եվ ուրիշ ոչինչ: — Թափառ աչքերով
Նայեց մի վայրկյան այդ ամենին նա,
«Թեյ կա՞» — հարցըրեց մեքենայաբար
Կնոջըև երբ կինը օրորեց
Գլուխընա լուռ վերարկուն հանեց
Եվ գնաց, պառկեց անկյունում դրված
Անկողնի վրա: — «Հարբա՞ծ է», իրեն
Հարց տվեց մտքում կինը, հետո լուռ,
Չարացած դեմքով չանչ արավ նրան
Եվ ինքն էլ իր հին շորերն հանելով,
Մտավ անկողին: —
Սենյակի մթնում
Խոր լռության մեջ այդ գիշեր երկար
Մտածում էր նա աչքերը հառած
Մութ առաստաղին: — Եվ սրթսրթալով
Երբ վերջապես նա աչքերը փակեց
Եվ քունը՝ խոնավ, գգվող թաթերով
Սկսեց իջնել նրա աչքերին, —
Դեռ հնչում էին նրա ականջին
Ամեհի խոսքեր ու ոտնաձայներ,
Կրակներ էին իր դեմ կայծկլտում
Եվ մթության մեջ թվում էր նրան,
Թե իր հոգնաբեկ մարմնի վրայով
Դոփելով անցնում, անցնում են անվերջ
Հայրոյի նման ածխադեմ մարդկանց
Երկաթյա գնդեր, — գնում են դեպի
Երկաթից, կամքից ու աշխատանքից
Կոփվող մի աշխարհ…………………
…………………………………………..

Իսկ առավոտյան,
Երբ եկավ կրկին նա գրասենյակ
Քնատ էր դեմքը, դժգոհ ու մռայլ.
Գիշերը կարծես եղել էր քեֆի
Եվ այժմ ծանր էր գլուխը, սիրտը
Խառնում էր կարծեսև աշխարհը ողջ
Թվում էր պղտոր, մթին զառանցանք: —
Իր մթնած, կիտված հոնքերի տակից
Նայում էր մեկ-մեկ նա շուրջը, նրանց,
Եվ նրանք կրկին նո՜ւյնն էին թվում,
Նույնն էին թվում այդ մարդիկ նրան՝
Նույն սովորական և անհրապույր,
Կարիքից, հոգսից ու աշխատանքից
Բթացած մարդիկ... Երեկվա իր մեծ
Խոհերից նրա պղտոր ուղեղում
Մնացել էր լոկ մի մթին մորմոք,
Մնացել էր լոկ խղճի խայթի պես
Մի ծանր զգացմունք, որը ճգնում էր
Նա իր մեջ խեղդել: — Նման զգացմունք
Ունենում է մարդ, երբ հանցանք է մի
Կատարում գաղտնի. — խայթում է խիղճը
Եվ իզուր է նա ճգնում թաքցնել
Սեփական խղճից գիտակցությունը
Այդ անդառնալի հանցագործության...
Այդպես երբեմն հարբելուց հետո,
Մյուս առավոտ ամաչում է մարդ,
Երբ հիշում է, որ ինչ-որ անծանոթ
Մի մարդու առջև բացել է սիրտը
Գիշերը՝ խելքից ընկած ժամանակ...
Հեռու, մարմրող ցոլքերի նման
Ցոլացին մի պահ նրա պղտորված
Գիտակցության մեջ երեկվա իր մեծ
Խոհերի վերջին փշրանքներըև
Սուզվեցին անդարձ ուղեղի մուժում: —
Նա թթված դեմքով բացեց իր հսկա
Հաշվեմատյանը, մի վերջին անգամ
Բութ, դժգոհ դեմքով իր շուրջը նայեց
Եվ խորասուզվեց իր մանրակրկիտ,
Անվերջ, չհատնող հաշիվների մեջ: —
«Հը, հո չե՞ս հարբել գիշերը» — նրան
Հարցրեց Կարոն, հաշվապահը: — Նա
Լուռ, անթարթ նայեց նրա աչքերին
Եվ ասաց. — «Այո ... մի փոքր... երեկ...
Ժողովից հետո...» — Եվ կրկին նա լուռ
Թեքվեց իր հսկա մատյանի վրա
Եվ խորասուզվեց հաշիվների մեջ...
…………………………………………
Այսպես
Մի անգամ ահա այդ փոքրիկ մարդու,
Այդ հաշվետարի մոտով, այդքան մոտ,
Թնդալով անցավ մեր մեծ առօրյան,
Նա անգամ զգաց, շոշափեց մտքով
Ընթացքը նրա հսկավիթխարի, —
Նայեց նա մի պահ հրաշքի նման
Իր աչքերի դեմ բռնկված այդ վեհ,
Այդ շռնդալով անցնող պատկերին
Եվ ընկճվելով նրա ամեհի
Մեծության ներքո, այդ անգրկելի,
Անհուն վեհությանսուզվեց նա կրկին
Իր սովորական մտմտանքի մեջ...

Եվ նովելը մեր վերջացավ այսպես: —

1929

REQUIEM AETERNAM

ԿՈՄԻՏԱՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ա

Հայրենի երգն ես դու մեր`
Վերադարձած հայրենիք: —
Դեմքիդ տանջանքն է դրել
Անագորույն մի կնիք: —
Եվ հանճարի հեռակա
Հուրն է հանգչում ճակատիդ,
Ինչպես մարող ճառագայթ
Արարատի գագաթին: —

Բ

Հայրենի ե՜րգն ես դու մեր
Հալածական, ինչպես ամպ,
Որ քամիներն են ցրել
Եվ տարիներն ապստամբ: —
Ժողովրդի հանճարեղ
Սրտով երկնած ձայն ու շունչ,
Որ բարբառել ես դարեր
Օտարության մշուշում:

Գ

Առանձին ձայնն է ինչպես
Դառնում հնչյուն հայրենի
Դաշնության մեջ լոկ հնչեղ
Հայրենական ձայների, —
Այդպես մեր հին դաշնության
Ով մարգարե տարագիր, —
Դու գտանում ես ահա
Ե՜վ ժողովուրդ, և՜ երկիր:

Դ

Հայրենի երգ մեր վսեմ,
Հազարամյա՛ մեր հանճար, —
Լոկ ժողովո՜ւրդն է հյուսել
Քո դաշնությունը պայծառ, —
Քեզ ժողովո՜ւրդն է խոնարհ
Տառապանքով իր ծնել,
Իր ավյունով պահել վառ,
Իր ոգու մեջ ընդունել

Դ*
Քեզ ժողովո՜ւրդն է չարքաշ
Իր բորբ շնչով տվել շունչ, —
Ո՜չ մի իշխան կամ արքա
Քեզ չի՜ պահել իր նաշում: —
Թե՜ հայրենի, թե՜ օտար
Տիրողների համար միշտ
Եղել եսձա՜յն որոտան,
Եվ հա՜ր օտար, և ո՜ւրիշ: —

Ե

Դու աշխատա՛նքն ես երգել
Եվ քրտինքը մաճկալի. —
Անջո՜ւր հանգեր ու հերկեր,
Սիրո երգեր անձկալի...
Դու պանդուխտի տարագիր
Սի՜րտն ես երգել կարոտող
Անհայրենիք արագիլ՝
Կապված հուշի նարոտով: —

Զ

Հնչյուններ ես հավաքել
Հենքի համար քո երգի
Դու՝ հանդերից մահաբեր
Հյուսել ես երգ անթերի
Սերունդների համար նոր: —

Է

Դու երգել ես միայն ճորտ
Ժողովրդի համար մեր
Երգեր՝ կյանքի նման խոր
Եվ զրկանքի նման վեհ: —
Եվ երգերում քո անհուն
Ժողովրդի սրբազան
Սե՛րն է միայն վեհանում
Եվ աշխատանքը դաժան: —

Ը

Դու երգել ես միայն բորբ
Ժողովրդի սրտում մեր
Վառվող ցնորքն անհողդողդ՝
Իր գալիքի մասին վես: —
Հայրենիքի՛ մասին նոր,
Կյանքի, որ հաշտ ու ազատ
Ծնվելու է արյունով
Եվ զոհերով սրբազան...

Թ

Քո Ժողովո՜ւրդն է խոնարհ
Քո երգերում անրջել՝
Իր կյանքի տենչն անհնար
Եվ սիրո շունչը հնչեղ: —
Խաղաղությունն հաշտ ու սուրբ՝
Տանիքների վրա մեր,
Եվ սիրո խսոսք ու շշուկ
Հասկերի երգ ու համերգ...

Ժ

Մեղմ՝ կարկաչում էր քո ջերմ
Երգը՝ երկրում մեր անշող
Տանիքների վրա մեր
Եվ սրտերի ղողանջող:
Կարկաչում էր նա հուշիկ,
Մինչև խորշակն այն դաժան
Հո՛ւշ դարձրեց ու փոշի
Երկիր ու երգ սրբազան...

ԺԱ

Քեզ չմնաց անգամ քո
Հայրենի հող կոչվող սև
Այն հեռաստանն արնակոխ,
Որ քո ցնորքն էր լուսե:
Քեզ չմնաց անգամ ժանտ
Այն արեգակն հայրենի,
Որ ավելի էր դաժան,
Քան թշնամին վայրենի...

ԺԲ

Քեզ չմնաց անգամ քո
Գորշ ժողովուրդն այն չարքաշ,
Որ, ինչպես եզ գլխիկոր,
Տքնում էր լուռ ու չարքաշ. —
Սև զրկանքում մտորող
Քո ժողովուրդն անգամ հեզ,
Որ լոկ հացի ու սիրո
Հույզերո՜վ էր սնում քեզ...

ԺԳ

Next page