Թումանյան Հովհաննես՝   Բանաստեղծություններ, քառյակներ, թարգմանություններ

Խղճալի մարդ, տոգորված
Իրան անհայտ և կորած
Օր ու կյանքի տենչանքով,
Հազար ու մի տանջանքով,
Հույսերով միշտ անկատար,
Շտապում է անդադար...
Յուր գոյության ընթացքում
Դիակներով է ծածկում
Ասպարեզը յուր կոխած,
Եվ, արյունով շաղախած,
Պիղծ ձեռքերով ուզում է
Երջանկություն ընդունե.
Չի նկատում, որ իզուր
Եղած կյանքն էլ բնատուր
Առանց հաշվի վատնում է.
Իսկ երբ ույժը հատնում է,
Գերեզմանի եզերքին
Կանգ է առնում տխրագին,
Ափսոսանքով արտասվում,
Ետ է նայում, և տեսնում,
Որ ողջ կորցրել է անդարձ,
Ինքն էլ կորչում է հանկարծ,
Ինչպես շունչը յուր վերջին,
Ինչպես հյուլե մի չընչին:

Հունվարի 10.

Ա՛Խ, ԵՍ ԵՐԱՆԻ

Ա՛խ, ես երանի
Կայծակ լինեի,
Որոտ-ճայթյունով
Մըռայլ ամպերից
Ժայթքեի ըմբուսո,
Զարկեի ուժգին,
Պատռեի խավար
Կամարը երկնի,
Ցույց տայի մարդուն
Գաղտնիքը վերին,
Որ տեսներ՝ այնտեղ
Ի՞նչ բան կա ահեղ,
Կամ ո՞վ է նըստած
Եվ ո՞ւր է աստված...

Հունվարի 13.

ԵՐԳՉԻ ՎՐԵԺԸ

Ծանըր հեծության ժամանակների
Եվ ճընշումների անըզգա որդիք,
Կամեցա սիրել, սակայն դուք բարի
Սիրտըս ու հոգիս զայրույթով լցրիք:

Բայց դրա համար ես այնպես կերգեմ,
Որ այդ ձեր սիրտը ցավից պատառի,
Տըխուր ձայներով կըթունավորեմ
Հանգստությունը գալոց օրերի:

Հուսահատության թախծալի երգով
Լեղի կըդարձնեմ ձեր կյանքը բոլոր,
Եվ դուք կարտասվեք լիացած աչքով,
Խնջույքների մեջ նստած գըլխակոր:

Եվ խիստ վրեժը զայրացած երգչի
Ձեզ կըհետևի մինչև գերեզման,
Ձեր սիրտը կայրի, հոգին կըտանջի...
Եվ կըտառապեք այսպես հավիտյան:

Փետրվարի 22.

ԿԱՆՉ

Եթե կաս, աստված,
Եվ չես ստեղծել
Արտասուք ու լաց,
Հեծել, անիծել.
Թե չար նախանձի
Թույնով մահացու
Դո՜ւ չես վարակել
Պարզությունն հոգու.
Թե դո՜ւ չես ասել,
Որ կյանքը այսպես
Լինի անասպառ
Տանջանքի հանդես, —
Մեղմացրու մարդկանց
Կիրքն ամբարտավան,
Եթե աստված ես
Դու խաղաղության:

———

Տե՜ր արագահաս,
Աստված արդարի,
Ո՞ւր ես, եթե կաս.
Ես աղոթք արի,
Բայց սրածության
Ահարկու ձայնից
Խլացավ իսկույն
Իմ աղոթքն անբիծ.
Եվ ես, վայրենի
Կրքից կատաղած,
Ամբարիշտների
Քարերից փախած,
Քո անվան հուսով
Կռվեցի երկար,
Պարծեցա քեզնով,
Սակայն դու չեկար:
Էլ ինչո՞ւ եմ ես
Տառատում այսքան,
Եթե աստված ես
Դու անմեղության:

———

Ինչո՞ւ տակավին
Չես պատժում չարին,
Ո՞ւյժդ է պակասում,
Թե՞ չենք աղերսում:
Ինչո՞ւ չես գալիս,
Ո՞ւր ես, եթե կաս,
Թե դո՜ւ չես տալիս
Խեղճին պատուհաս.
Թե չարագործին
Դո՜ւ չես տվել սուր,
Որ խաղաղ հոգին
Սարսափի իզուր.
Թե՞ դու չըգիտես,
Որ այստեղ, երկրում
Մարդը ժպտերես
Մարդ է գիշատում.
Դե արի՜ ու տե՜ս,
Զարկի՜ր ու շանթի՜ր,
Եթե աստված ես
Դու վըրեժխնդիր:

Փետրվար.

«ԱՆՈԻՇԻ» ՁՈՆԸ

Սիրելի՜ ընկեր, շատ ոգևորվել,
Շատ ես հառաչել դա նրա մասին,
Որ այսօր հոգուս թռիչք է տվել,
Որ պիտի երգեմ ես քո առաջին.

Բայց ես չեմ կարող այնպես հառաչել
Անզոր բառերով անվարժ տողերում.
Եվ ահա, ինչ որ գրչով նկարել,
Այն եմ սրտալի քեզ նվեր բերում.

Ընդունի՜ր հոգիս. նրա ձայները
Գուցե ականջիդ հարազատ հնչեն,
Հիշեցնեն անցած օրերի սերը,
Եվ քեզ քո սիրած տանջանքով տանջեն:

Մարտի 2.

ՊԱՏՎԵՐ

Վանա բանտի խորքից ելած հառաչանք,
Ճիչ, աղաղակ բռնաբարված աղջկա,
Թալանվածի լաց ու աղերս, աղաչանք
Թե որ լսեք, ասացեք թե՝ բան չըկա:

Ամբողջ տարին արյուն-քրտինք աշխատող
Հայ գյուղացին թե որ լինի սովամեռ,
Կամ հուսահատ տանից կորչի հողից հող,
Գրեցեք թե՝ սաստիկ ցուրտ էր այս ձմեռ:

Թե կրակված հայոց գյուղի բոցերում
Վա՜յ կանչելով մարդիկ այրվեն կենդանի,
Հավատացրեքխաղաղություն է տիրում,
Ժողովուրդը կյանքն օրհնում է սուլթանի:

Բան է, թե որ (չի պատահիլ այդ իսկի)
Նահատակված հային մի բան տանք, ասեն,
Դուք հասկացրեք, իբրև ծանոթ այդ ազգի,
Որ ժամը չէ, հայերը դեռ տըհաս են:

Հայոց լեզուն Մեսրոպն իրան հետ տարավ,
Իսկ կրոնը մի աղանդ է զենդական...
Սպասեցեք, մինչև որ մեր սրտացավ
Խնամքի տակ լուսավորվեն, առաջ գան:
Մարտի 7.

ՆՎԵՐ ԱՆ. ԱԲ. — ԻՆ

Նորեկ գարունը լեռնական հային
Տեսավ առապար օտար աշխարքում,
Տեսավ մոլորված մտքով տխրագին,
Եվ այսպես խոսաց թախծալի սրտում.

«Հիշո՞ւմ ես, պանդուխտ, քո հայրենիքիդ
Թանձր անտառը, ծառերը հսկա,
Չքնաղ լեռները և ծաղկափթիթ
Մարգագետինը, որ այստեղ չըկա.

Գոչող ջրվեժը, որ ողողելով
Իջնում է գլխից մռայլ ժայռերի,
Զվարթ հավքերը, որ ճռվողելով,
Մերթ խլացնում են աղմուկը ջրի:

Երկրի վայրենի գեղեցկությունը
Եվ գեղածիծաղ երկինքը անհուն,
Նորա փառահեղ, պերճ հորիզոնը
Վաղ առավոտյան, իրիկվան պահուն...

Եվ այն բոլորը, որ թողել ես դու,
Որ ա՛յնքան փարթամ, այնքան սիրուն են...
Օ՛, մի՜ արտասվիր, խորտակված մարդու
Արտասուքները այստեղ գին չունեն:

Նրանք այս օտար ու սառն աշխարքում
Կըկորչեն, ինչպես կաթիլը ջրի,
Եվ քո թախիծը, դարձյալ քո սրտում,
Մենակ քո անձը պիտի տոչորի»:
Մարտի 24.

N. N. — ԻՆ

Կյանքի հոսանքն յար ընթացքում
Մեզ մոտեցրեց միմյանց,
Բայց զգացի ես իմ հոգում
Հենց նույն ժամին մի կասկած:

Նախազգացումն ինձ չըխաբեց. —
Հայտնվեցար դու շուտով,
Եվ մենք այժմ բաժանված ենք
Ատելության անդնդով:

Արդեն ծանըր ես տուժեցի
Քեզ կանչելով «բարեկամ»,
Էլ մի՜ ջանաք, փարիսեցի,
Գրավել սերս մյուս անգամ:

Մի՜ բարձրացնիր կենաց բաժակ,
Ինձ մի՜ օրհնիր ժպտերես,
Էլ չի՜ դարձնիլ ոչ մի մաղթանք
Իմ հավատը դեպի քեզ:

Քո պատկերը իմ սրտի մեջ,
Նզովելի՛ հիշատակ,
Ամեն անգամ զարթեցնում է
Բուռն ցասումն և տանջանք:

Գուցե տեսնես ինձ հալածված,
Անցավակից և մենակ,
Թափառելիս անտուն, անհաց...
Սակայն, և այն ժամանակ,

Անհնազանդ արտասուքս
Կամ հառաչանք մի թեթև
Եթե հանկարծ հայտնեն վիշտս
Ակամայից քո առջև,

Դու մի՜ կարծիր, թե քեզանից
Կարեկցություն եմ խնդրում,
Այլև իզուր մի՜ հարցնիր ինձ,
Թե ինչ ցավ կա իմ սրտում. —

Քո խոսքերն իմ տխրությանը
Չեն լինելու մխիթար,
Եվ իմ սրտի գաղտնարանը
Միշտ փակված է քեզ համար:

Երկինք, գետինք թող միանան,
Կանգնի վկա տիեզերք
Տվողը հոգուս կարողության,
էլ չեմ սիրիլ քեզ երբեք:

Ապրիլի 10.

ՍԱՐԵՐՈԻՄ

Մութը իջավ, գետինն առավ
Քոշաքարա սարերում,
Գագաթների տեսքը կորավ
Ու խոր թաղվեց խավարում:

Երկինքն ամպած, տխուր ու սև
Լաց է լինում միալար,
Հեռո՛ւ, հեռո՛ւ լերան ետև
Խաղում փայլակն անդադար:

Ահա փայլեց և մոտիկից,
Լուսափայլեց սար ու ձոր.
Ոլորվելով սարի տակից
Գետը վազում է պըղտոր:

Մենակ, անքուն հովիվն ահա
Կանգնած իրեն արխաջում,
Արթուն աչքով հըսկում է նա,
Գողից երկյուղ է քաշում:

Փայլակն ահա փայլեց կըրկին,
Նըրա կարմիր լուսի տակ,
Բինից հեռու, երևացին
Երկու մարդու կերպարանք...

Ամպը գոռաց ու տըրաքեց,
Եվ անձրևը սաստկացավ,
Հովիվն «հե՛յ հե՛յ...» աղաղակեց,
Շունը թևից վեր կացավ...

Հրացանները որոտացին,
Ոչխարն եղավ ցանուցիր,
Հավարն ընկավ, ողջ զարթնեցին...
Գիշերը մո՛ւթն, ակնակիր...

Ապրիլի 15,

* * *

Երբ տեսնում եմ, մարդ տակավին
Պահանջածը դեռ չի ստանում,
Եվ հուսահատ գերեզմանին,
Մոլությանն է ապաստանում.

Երբ աչք եմ ածում շուրջս ու հետս
Եվ չեմ գտնում խաղաղ անկյուն,
Ուր հառաչը տանջվող գերու
Չտարածվեր տխրահնչյուն.

Այնինչ խոսքը մարդո որդու
Արհամարհված ու մոռացված,
Եվ գլուխը ազատ մարդու
Մինչև գետին խոնարհած,

Բարկությունով լցված հոգով
Ես ուզում եմ, որ հենց իսկույն,
Տիրող կյանքը յուր վայելքով
Դառնար ժանտախտ ու մահաթույն...

Թող մեղավոր հարանց շիրմի
Վերա որդիքն անապական
Ապրեն հանգիստ, և թող լինի
Նրանց օրենքն ավետարանն:

Ապրիլի 25.

ԿՈՐՈՒՍՏԻՑ ՀԵՏՈ

Խնդրի՜ր, սիրտ իմ կարոտակեզ,
Սիրտ իմ պանդուխտ, վշտաբեկ,
Խնդրիր նրան, որ այլևս քեզ
Սփոփելու չէ երբեք:

Կանչի՜ր, կանչի՜ր, գուցե կանչիս
Հնչյունները ըղձական,
Ինչպես միտքս, ինչպես հոգիս,
Թափանցեն այն գերեզման...

Յուր դրախտից գուցե լսե,
Հառաչանքս աղեկեզ,
Մտաբերե և ափսոսե,
Որ ես ապրում եմ այսպես...

Մայիսի 7.

ՀՐԱԺԵՇՏ

Այստեղ ահա կըբաժանվենք
Մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք
Դառնությունով սիրտս լի:

Այստեղ ահա քեզ թողնում եմ
Եվ չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ...
Թող պահպանե քեզ աստված:

Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս
Օրը տարի կդառնա,
Բայց, ուր լինիս, դարձյալ հոգիս
Շուրջդ պիտի թրթռա:

Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր,
Որ քեզ շատ եմ կարոտել,
Եվ տեսության ժամի համար
Չըմոռանաս աղոթել:

Մայիսի 27.

ԴԵՐԱՍԱՆ ԱԴԱՄՅԱՆԻ ՄԱՀԸ
«Մեռնելքնել»
Համլետ

Ոգևորողն ընկավ արդեն,
Եվ լռեցին նորա հետ
Սիրո տանջանք, զայրույթ ու քեն
Լիր, Օթելլո և Համլետ:

Մեռավքնեց, հանգստացավ.
Որպես աղմուկ կենդանության,
Մեռելության միջից անցավ
Եվ չքացավ հավիտյան:

Էլ չի լսվիլ նորա ձայնը
Իմաստներով ոգեշունչ,
Հավերժացավ աստվածայինը,
Մնաց դիակն անմռունչ:

Եվ կըհանգչի լուռ և անշարժ
Դերասանը քարի տակ,
Բայց կպատմի քարն ապառաժ
Մրրկալից հիշատակ:

Եվ այցելուն պիտի կանգնե
Շիրմի առջև փառագոչ,
Սրտի խորքից բացականչե
Ձայնով հպարտ ու դողդոջ
«Ոսկերացդ հանգիստ,
Աննման արտիստ»:

Հունիսի 7.

* * *

Թե հոգնել ես հաղթահարված
Կյանքի անվերջ հոգսերով,
Թե տանջվում ես արհամարհված
Բոցավառվող քո սիրով.

Թե կյանքի մեջ մի չար դիպված,
Մի ամոթ է քեզ ճնշում,
Թե չարաչար հիսաթափված
Կյանքն ատում ես և գարշում,

Լավ իմացիր, ողջ անօգուտ
Պիտի հուզեն միմիայն քեզ,
Մի՜ սպառիր ուժը հոգուդ
Մտածմունքով կարճատես.

Հանգիստ եղիր, աղոթք արա,
Անհիշաչար եղիր միշտ,
Թող քո լացով չուրախանա
Քո թշնամին ամբարիշտ:

Կյանքի ցավը, բախտի խաղը,
Ատելությունն անմըտի,
Հավատացի՜ր, երբեք չարժեն
Վրդովմունքին քո սրտի:

Եվ այդ սիրտը քեզ չի տված
Որ դու մաշես ամեն օր,
Այնտեղ պիտի ապրի աստված,
Ոչ թե ցավեր նորանոր:
Հունիս.

ԱՍՏՂԵՐԻ ՀԵՏ

Էյ աստղե՛ր, աստղե՛ր,
Երկնքի աչքեր,
Որ այդպես վառ-վառ
Ժըպտում եք պայծառ.
ժըպտում էիք դուք,
Երբ ես դեռ մանուկ
Աշխույժ ու կայտառ,
Ձեզ նման պայծառ
Թըռվռում էի
Ու ցավ չունեի...
ժըպտում եք այսօր,
Երթ թույլ ու անզոր,
Կորած հույսերիս
Կըսկիծն եմ լալիս...
Կըժպտաք նաև
Շիրիմիս վերև...

Հուլիսի 17.

* * *

Երբ խոսում էիր, պատմում էիր ինձ,
Ես այն ժամանակ արբած քո շնչից
Եվ հափշտակված քեզ էի նայում.
Իմ հոգին մենակ այն էր գրավում,

Թե ինչպես էին շարժվում բորբոքված
Թերթիկները քո վարդագույն շրթանց.
Ինչպես աչքերըդ արտևանունքիդ
Ստվերների մեջ, որպես ծով հանգիստ,

Մերթ լցվում էին խաղաղ հրապույրով,
Մերթ վառվում էին կենդանի հրով...
Այնպես էր թվում՝ երազում էի,
Եվ իբրև հեռվից ես լըսում էի
Մի նոր մեղեդի անո՛ւշ, անբարբառ...
Ա՛հ, նորից խոսիր, բայց երկա՛ր, երկա՛ր...

Հոկտեմբերի 10.

ԽՈՍՏՈՎԱՆՈԻԹՅՈԻՆ

Քո աչքերում, որ փայլում է,
Հոգուս հուրն է մշտավառ,
Իսկ ժպիտդ, որ բացվում է, —
Սրտիս բերկրանքն անսպառ:

Երբ որ հանգչի հուրն աչքերիդ
Եվ շըրթունքըդ կարկամի,
Կըմեռանի նաև գերիդ...
Եվ մեզ մի մահ կըտանի:

Նոյեմբերի 9.

ՈԻՐՈԻ

Դո՞ւ ես, իմ սիրո՜ւն.
Այն չըքնաղ ուրուն,
Որ զըրկում է ինձ
Գիշերը քընից:

Դո՞ւ ես գըրկաբաց
Հայտնըվում հանկարծ,
Ուզում ես գըրկել,
Ու հանկարծ, մեկ էլ
Խավարի միջում
Սահում ես, կորչում...

Դո՞ւ ես ծիծաղով
Կամ ծանոթ ձայնով
Մեր սիրած երգի՝
Իմ լուռ սենյակի
Մոտից հեռանում
Գիշերվա մըթնում...

Ասա՜, իմ սիրո՜ւն,
Դո՞ւ ես այն ուրուն,
Որ զըրկում է ինձ
Գիշերը քընից...

* * *

Սիրելի՜ աչեր.
Որպես մութ գիշեր
Վառված աստղերով,
Անմեկին ահով
Ցնցում եք հոգիս,
Եվ, մերթ նայելիս,
Անդիմադրելի
Հրապուրանքով լի
Սիրտս եք թափանցում,
Բայց դուք չեք խոցում,
Այլ մեղմ, անվրդով,
Լուռ այրվող խանդով
Գրկում եք ամուր
Սիրտս անձնատուր
Եվ ճմլում այնքա՛ն
Քաղցը՛ր, դյուրեկան...
Օ՛, ոչ թե պաչել,
Այլ ապշած պաշտել
Ձեզ միայն կուզեի,
Սիրատենչ սրտի
Ջերմ խոսակիցներ, —
Սևորա՛կ աչեր:

* * *

Հուսահատությունը տիրել է կյանքին.
Մարդիկ տխրությամբ տանջվում են ահա,
Իսկ ոգևորողն այս ծանր ժամին
Լսել է արդեն, և հիվանդ է նա:

Անզգա մարդիկ, ձեր կրծքից այդպես
Ոգևորությունը շո՞ւտ է հեռանում.
Ինչո՞ւ չեք հիշում այն մարդուն, որ ձեզ
Ձեր տղմոտ կյանքից երկինք էր տանում.
Քարասիրտ մարդիկ, այսօրվան համար
Էլ ձեր աչքերում արցունքներ չըկա՞ն,
Մի՞թե բոլորը քամել են իսպառ
«Անբախտ Համլետը», «Խելագար արքան»...
Այն արտասո՞ւքը, սե՞րը, հրճվա՞նքը...
Մի՞թե ձեր սրտում բոլորը մեռան,
Մի՞թե չեք սիրում բեմի պարծանքը,
Օ՛, նա հիվանդ է, հիշեցեք նրան:

ԽԵՂՃ ԱԴԱՄՅԱՆ

Ճանաչում էի ես նրան, ընկեր. —
Չափազանց ճարտար, հանճարեղ մարդ էր:
Այս շրթունքները պատմում էին ինձ
Լիր թագավորի, Համլետի սրտից,
Այս աչքերն ուժեղ հրով ցոլանում
Ծիծաղում էին, տխրում, բարկանում...

1892

ՕՐ. Օ. Գ.-Ի ԱԼԲՈՄՈԻՄ

Ի՞նչ ես ուզում, որ թողնեի
Քո ալբոմում հիշատակ,
Սիրո հրդե՞հ փոթորկալի,
Ուրախությո՞ւն, թե տանջա՞նք...
Դու խնդրում ես, բայց որի՞ց
Սիրտս լիքն է բոլորից:

Հունվարի 6.

* * *

Երբ գիշերային
Մութ հորիզոնից
Արև կամ լուսին
Երևում են ինձ,
Իմ տխուր հոգում
Ծագում է ոսկի
Ճաճանչը հուսո
Հարատև կյանքի,
Եվ մտածում եմ. —
Աշխարքը դեռ կա,
Դեռ օր կըտեսնեմ...
Եվ նշանն ահա:
Հրճվում է հոգիս,
Երգում եմ զվարթ,
Եվ ժպտում են ինձ
Թե՜ աստված, թե՜ մարդ:

———

Աստծո տաճարում
Մոմը սեղանից
Խնդաբույր ծխում,
Վառվում է հանգիստ.
Իմ մռայլ հոգում
Առաքինության,
Ճշմարիտ կյանքի
Հավիտենական
Լույսը ցոլանում,
Վառվում է նույնպես.
Սըտով մեղմանում,
Աղոթում եմ ես:

———

Կույսի աչքերին
Նայում եմ ագահ.
Թնդում է հոգիս,
Դողում ակամա,
Եվ կենդանության
Ախտերը եռում,
Ախորժ այրվում են
Իմ երակներում.
Սիրտս անհանգիստ
Պայթում է կարծես,
Զգում եմ ցավ, վիշտ...
Եվ տանջվում եմ ես.
Բայց այն տանջանքը
Քաղցր է ինձ համար,
Քան երկար կյանքը,
Աղոթք փրկարար:

Հունվարի 9.

ՌՈՄԱՆՍ

Երկու աչքով լալիս էր նա.
Վճիտ կաթիլքն արտոսրի
Թափվում էին կրծքի վրա
Սեվ աչքերից այն կուսի:

Նուրբ շրթունքը այրվում էին
Մատաղ սրտի կրակից,
Եվ համարձակ իմ առաջին
Լալով պատմում էր նա ինձ:

Ես ակնապիշ լսում էի
Այն պատկերով հիացած,
Եվ հիշում եմ միմիայն վերջի
Նրա խոսքերն, որ ասաց՝

«...Ա՛խ, չարտասվել ես չեմ կարող
Ծանր է ապրել սիրազուրկ...»,
Եվ բարձրաձայն հեկեկալով
Դարձյալ թափեց արտասուք:

Հունվարի 13.

ՔՐԻՍՏՈՍՆ ԱՆԱՊԱՏՈԻՄ

Անապատի մեջ խավար ու տխուր,
Ցրված քարերից մի քարի վըրա,
Գլխակոր նըստած, մտախոհ ու լուռ՝
Աշխարհի մասին մըտածում էր նա:

Նրա ճակատը մութն էր ավելի,
Քան անապատը գիշերվա մթնում,
Մտածում էր նա՝ սերլույս ծավալի
Մարդկային կյանքի մութ անապատում:

Աչքի առաջև անց էին կենում
Սըրով, արյունով խուժադուժ ազգեր,
Անճար ու տըկար լաց էին լինում
Աղքատը, այրին ու որբը անտեր...

Եվ անապատում, մի քարի վըրա
Միայնակ նըստած մըտածում էր նա...

Հունվարի 18.

ԵՐԱԶ

Գիշերն երազում հալածում էին.
Փախչում էի չար թշնամիներից.
Նրանք խառնաձայն հետևում էին...
Դողում էին սիրտս ու ծնկներս ահից:

Իմ առջև տեսա ընդարձակ դղյակ
Բարձըր պատերով փոքրիկ ծմակում.
Ես այնտեղ մտա... անմարդ ու դատարկ
Այն ավերակը ինձ հույս էր ազդում...

Զգույշ կուչ եկած, շունչս պահելով
Ես դողում էի մահվան սարսափից,
Եվ, զարհուրելի աղաղակներով,
Չարագործները մոտիկ էին ինձ:

Հանկարծ դղյակի իմ շուրջ տարածված
Գերեզմաններից ձայներ դուրս եկան,
Իմ հոգուն ծանոթ ձայներ մոռացված...
Եվ ես զորություն առա գերբնական:

Անարգ թաքստից դուրս թռա իսկույն
Որպես վրդոված վագրը դարանից,
Եվ հարձակվեցի ընդդեմ թշնամուն, —
Զենքերի բախում... զարթեցա քնից:

Հունվարի 20.

* * *

Մութն էր երկինքը, ոչ ոք չըտեսավ
Բնության գործը գիշերվա մթնում,
Միայն առավոտ, երբ որ լուսացավ,
Փայլում էր ցողը կանաչ դաշտերում:

Լուռ էր պոետը, թախիծը դեմքին,
Ի՜նչ էր մտածում՝ մարդիկ չիմացան.
Սակայն տողերում, երբ որ կարդացին,
Զգայուն սրտի արցունքը տեսան:

Հունվարի 22.

ԱՌԱՎՈՏ

Նվեր մեր նոր երիտասարդությանը

Սրտամաշ տաղտուկ ծանըր գիշերի...
Ահռելի սարսափ գիշակերների...
Թառանչում էի և լալահառաչ
Միմիայն արևի լույս էի խնդրում,
Երբ որ շողացին մի քանի ճաճանչ
Մութ հորիզոնի մռայլ ամպերում:

Առավոտն ահա՜, բացականչեցի,
Եվ թնդաց հոգիս, թեթև շնչեցի...
Ցանկալի կյանքի նշան ակներև. —
Պատառվեց ահա թանձր խավարը,
Օրը բացվում է և գլխիս վերև
Շառագունել է երկնակամարը...

Մարտի 12.

ԻՄ ՍԵՐԸ

Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղություն
Զույգ սևորակ աչքերի:

Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՛ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին:

Բայց և պահել անկարող եմ,

Օ՛, դըժվար է համբերել,
Չասել՝ ինչով բախտավոր եմ,
Չասել՝ ինչպե՛ս եմ սիրել:

Մարտի 18.

ՀԻՇԻ՛Ր...

Յուր չար բախտի ճանկում բռնված
Նա քեզանից հեռու մնաց. —
Սիրեց քեզ հեռվից
Զրկված քո բույրից,
Եվ տանջվեց թաքուն
Գիշերը անքուն:

Նրա սերը մընաց անհաս,
Բայց անունը չըմոռանաս, —
Պահի՜ր քո մըտքում,
Հիշի՜ր աղոթքում.
Եվ քո սրտում նա
Թող անմահանա:

Մարտի 20.

* * *

Ինձ մի՜ խընդրիր, ես չեմ երգի
Իմ տխրությունն ահագին,
Աղեկըտուր նըրա ձայնից
Կըխորտակվի քո հոգին...
Ոչ, քեզ համար այսպիսի երգ
Երգելու չեմ ես երբեք:

Ես երգեցի սարի վըրա,
Ու չորացան խոտ ու վարդ.
Անապատ է այնտեղ հիմա,
Սև՛, ամայի անապատ...
Հառաչանքից այրված սարում
Էլ ծաղիկ չի դալարում:

Բույր ու զեփյուռ ես կուզեի
Եվ արշալույս ոսկեվառ,
Որ մի պայծառ երգ հյուսեի
Ու երգեի քեզ համար...

Բայց իմ սիրտը բըռնած են դեռ
Հուր հառաչանք, սև գիշեր:

Մարտ.

ՆՎԵՐ

Դու արտասվում ես, և քո ծանրավիշտ
Սրտից լճացած արցունքի տակից
Փայլում է միտքը բոցոտ աչքերիդ
Խելոք տրտմություն և քնքուշ թախիծ.

Եվ այդ առավել վեհ ու սիրուն է,
Թեև ամպամած գիշերվան գրկում
Փայլակն էլ շողում և ցոլանում է
Խաղաղ ջրերի խորին հատակում:

Ապրիլի 5.

ԿԱՍԿԱԾ

Ո՞վ ես, չար ոգի, դո՜ւ, որ իմ սրտում
Այսպիսի անխիղճ խոսքեր ես կարդում.
«Խղճալի՛, նույնիսկ այն շըրթունքները,
Որ համբուրում ես կախարդված մտքով,
Գաղտնի ծաղրում են քո անբիծ սերը,
Որ փայփայում ես այդքան խնամքով...»:

Ապրիլի 13.

ԻՄ ՍԻՐԱԾ ԵՐԳԻՉ ԱՇՈԻՂ ՋԻՎԱՆՈԻՆ

Սիրե՜լի Ջիվան, ընկերդ իմ հոգու,
Մարդկային սիրտը հասկանում ես դու,
Եվ քո ձայները երգիդ հարազատ
Լի են հուզմունքով անկեղծ և ազատ...
Երբ հայրենիքն է քո երգում խոսում
Կամ նրա վհատ որդին արտասվում,
Զարթնում է իմ մեջ խոր վիրավորված
Հպարտությունը իմ հզոր նախնյաց...
Բայց, ասա՜ , ինչո՞ւ դու սեր երգելիս
Ինձ վերա տանջող թախիծ է գալիս:

Մայիսի 1.

* * *

Ա՛խ, որքա՛ն փարթամ կյանքը ծաղկում է
Մատաղ կրծքի տակ.
Աչքերի մթնում փայլատակում է
Կենդանի կրակ.
Հեշտախտի տապից այրվող շրթունքը
Խոսում են անբան,
Եվ արբեցնում է անուշ բուրմունքը
Նորա թարմության.
Եվ այս բոլորը քեզ պատմում են ճոխ
Սիրո գաղտնիքը,
Բայց, ափսո՜ս, չըկա նաև մի պատմող,
Թե այս աղջիկը
Տերն է պոետի
Հոգու և սրտի:

Մայիսի 3.

ՕՏԱՐՈԻԹՅԱՆ ՄԵՋ

Իմ եղբայրները օտարության մեջ
Ինձ ասում էին. — Կարոտ ենք, երգի՜չ,
Մեր հայրենիքի երգերիցն ասա՜.
Քո երգից նորա
Մայրական զըվարթ
Հողի ու ջըրի
Եվ մեր հարազատ
Հայ ժողովրդի
Համն ու հոտն առնենք,
Որ մխիթարվենք...
Սիրտս լցվեցավ, եվ հառաչեցի...
Նրանք էլ ինձ հետ սաստիկ ցավալի
Աղաղակելով արտասվում էին.
Եվ հոսում էին
Արտասուքները
Տխուր աչքերից,
Եվ մեր ձայները
Մի ծանոթ կսկիծ
Ուժեղացնում էր
Եվ միացնում էր...
Եվ, տխրության մեջ կամ թե խնջույքի,
Օտար աշխարհքում,
Մենք այսպես էինք մեր հայրենիքի
Երգերը երգում...

Հունիսի 26.

* * *

Լսո՞ւմ ես դու էլ, թե ինչ են խոսում
Մեր մասին ամբողջ ամառանոցում.
Աչքերի տակից, տեսնո՞ւմ ես, ինչպես
Ծածուկ նայելով հետևում են մեզ,
Մեր ամեն խոսքին ականջ են դնում
Եվ կասկածավոր աչքով են անում...
Մեզանից հետո էլ մեկը մյուսին
Կասենհիշո՞ւմ եք դուք այն երկուսին,
Ազգական չէին, ոչ քույր ու եղբայր,
Ման էին գալիս անընկեր, անմայր...
Եվ գիշերները այս ծառերի տակ
Երգ էին ասում ձայնով ներդաշնակ,
Եվ նրանց երգը զգացմունքով լի,
Որ կախարդանք էր գիշերին տալի,
Որ ծավալվում էր այնքան հեշտալուր,
Լցված սրտերի զեղմունք էր մաքուր:
Նկատո՞ւմ էիք, անտառի մթին
Ստվերում երգը ընդհատում էին.
Այն լռությունը հասկանո՞ւմ էիք...
Մտաբերո՞ւմ եք դեմքը գեղեցիկ
Վայելչահասակ այն աղջկանը.
Երբ երիտասարդ օտարականը
Ագահ աչքերը վրան հառում էր,
Իսկույն շիկնելով նա խոնարհում էր
Սիրուն գլուխը և ձեռքին բռնած
Ծաղկափնջին էր նայում շփոթված...
Ուրախ հնչյո՛ւնը նորա ծիծաղի,
Որ տարածվում էր այնքան դյուրալի
Այս ամայացած, խուլ շրջակայքում
Եվ սուր ճիչերով սրտերը ծակում...
Հիշո՞ւմ եք արդյոք
Այն ախտաբորբոք,
Միշտ զվարթ զույգին.
Սիրահար էին...

Հունիսի 30.

ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐԵԿՈ

Ամռան գիշերվա երկինքն աստղալի,
Յուր հսկայական վըրանի ներքո
Գրկած շարքերը բարձր լեռների,
Պատմում է երկրին մեծությունն աստծո:

Եվ բարիքներով լցված-լիացած
Երկիրն ունկնդիր երկնքի ճառին,
Քնելուց առաջ, խոնարհ, երկյուղած
Փառաբանում է մեծազոր տերին:

Եվ փառք են տալիս իմ շուրջը բոլոր,
Ամեն մի տերե, ամեն շընչավոր...

Հուլիսի 17.

ԿԱՐՈՏ

Սըրտիս թագուհի,
Կարոտել եմ քեզ.
Ա՛խ, ի՛նչ կըլինի
Հանկարծ հայտնըվես
Եվ, թեկուզ իսկույն
Դարձյալ չըքանաս,
Ինչպես գիշերվան
Կարճատև երազ:
Միայն թե տեսնեմ
Պատկերդ մեկ էլ,
Միայն թե ասեմ՝
Ո՛նց եմ կարոտել:

Հուլիսի 26.

Օ՜, լո՜ւռ կաց, ընկե՜ր. այդ ի՞նչ ես երգում.
Ինչո՞ւ ես խաղաղ հոգիս փոթորկում
Ուրախ օրերի սիրելի երգով
Եվ սիրտս վառում անցյալի կրակով...
Քո ձայների հետ վաղուց հեռացած
Մի ուրիշ պատկեր մտքումս երևաց.
Ահա, կենդանի կանգնեց առաջիս,
Եվ, ահա, դարձյալ կարոտ ականջիս
Հնչում է նորա ձայնը սրտալի,
Որպես երբեմն, երբ սիրված էի:
Եվ մտքումս ահա լուսավորվեցան
Հին ցնորքներս, անցքեր զանազան,
Գծերը հոգուս ծանոթ դեմքերի,
Տեսարանները հայրենի երկրի,
Այն օրհնյալ երկրի, ուր մի ժամանակ
Վայելում էի լիուլի հրճվանք...
Բայց զրկված եմ ես այժմ բոլորից:
Դու հիշեցնում ես կորուստս նորից
Երջանկությունս մռայլ վիճակում
Եվ այդպես անգութ սիրտս կտրատում...
Ո՜հ, ներում եմ քեզ, չեմ հանդիմանում.
Չըգիտես, հոգիս, թե ի՜նչ ես անում.
Սակայն մի՜ երգիր այդ երգը ինձ մոտ,
Թո՜ղ, երգիր ուրիշ մի երգ անծանոթ:

Օգոստոսի 14.

ՏԵՆՉ

Մեկն էլ այն է հոգուս անթիվ տենչերի,
Որ իմ աչքով տեսնեմ հույզը ջըրերի, —
Ալեկոծվող օվկիանոսի մի տագնապ.
Ահեղագոչ ալիքները լեռնաչափ
Բարձրանային իրար վրա անդադար
Եվ մըրրիկը նրանց վրա սաստկանար...
Եվ դիտեի ժայռի գլխին ես կանգնած,
Երբ հողմակոծ կոհակները մոլեգնած
Մինչև երկինք փրփուր ու ջուր ցայտեին
Եվ, ոռնալով, բարձր ափերին զարկեին,
Եվ, խորտակված, օրհասական հեծծանքով
Հեռանային խաղաղացած հորձանքով,
Եվ, խլաձայն մռնչալով, նորից նոր
Բարձրանային աղջամղջում հեռավոր.
Նոր հարձակմունք, անհաշտ կռիվ զայրագնած...
Եվ նայեի ժայռի գլխին ես կանգնած:

Սեպտեմբեր.

ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐ

Սիրում էի երբեմըն քեզ...
Այժըմ ևս տակավին
Իմ սրտումը դու ապրում ես,
Բայց ոչ ուժով քո նախկին:

Առաջ հընչում էիր մաքուր,
Որպես աղոթք իմ հոգում,
Որպես սիրո նախանձ ու հուր՝
Տաք արյունս բորբոքում:

Այժմ՝ որպես վաղուց մեռած
Բարեկամի հիշատակ,
Կամ մանկության օրով սիրած
Մի հին երգի եղանակ...

Եվ անունըդ այժմ տալիս,
Էլ «հոգյակ» չեմ ես ասում,
Չեմ աշխատում քուն մտնելիս,
Որ քեզ տեսնեմ երազում:

Բայց զարմանքով երբեմնապես,
Մտածում եմ ակամա,
Ինչո՞ւ էլ դու սիրելի չես,
Ինչո՞ւ ես քեզ մոռացա...

Դեկտեմբեր.

ՎԱՏ ՕՐԵՐ

Ցուրտ է, իմ ընկե՜ր, ու հողմ ահագին.
Սև թևերը լայն փըռած մեր գըլխին
Որոտամ է խուլ երկինքը խավար.
Դես ու դեն ցըրված ամպերն հողմավար
Փընտրում են, ասես, մի տեղ, օթևան,
Մոլորված մարդու մըտքերի նըման:

Այս խավար, ճընշող, ցուրտ մըթնոլորտում՜
Հանգիստ չեն, ընկե՜ր, նաև իմ հոգում
Իմ վեհ ցընորքներն, իմ տենչերն աննենգ.
Նույնպես հալածված՝ նըրանք էլ երբեք
Չեն կարողանում գըտնել ապաստան,
Երկընքի ցըրված ամպերի նըման:

ՕՐ. Մ. Վ.-ԻՆ

Երբոր բացվելիս է եղել արփին,
Սարերի լանջում կամ թե քարափին,
Դիմացը կանգնած ես շատ եմ դիտել.
Առաջին շողը դեռ ինձ է դիպել.
Եվ ես ծանոթ եմ այն հրաշալի
Գույն ու ձևերին արևագալի,
Որ այնքան շըքեղ մեզ ցույց են տալիս
Երկինք ու երկիր քնից արթնելիս:

Բայց քեզ տեսնելուց օրեր անցկացած,
Երբոր վերստին տեսա լուսաբաց,
Հասկացա գաղտնի կապերը բնության, —
Բացվում էր պայծառ առավոտն ամռան,
Եվ ցոլանալով շաղախվում էին
Վաղ արշալույսի շողերն առաջին
Ջինջ կապուտակին անամպ երկնքի,
Որ գիշերային քողը յուր դեմքի
Թեթև մշուշը դեռ արևմուտքում
Իսպառ վայր ձգել չէր համարձակվում,
Մինչ առավոտյան լույսի երերուն
Ժապավենները խայտալով սիրուն
Երկնային ծովի կապուտակ ծոցում
Հեռո՛ւ և հեռու էին տարածվում.
Եվ մի կյանք, ասես, նուրբ ու սիրազեղ
Ծանոթ ակնարկով խաղում էր այնտեղ.
Ծանոթ էր թվում կապույտն երկնքի
Եվ ծիծղուն շողը անտես արեգի...

Եվ ես հիշեցի սրտի թնդյունով,
Աչքերըդ կապույտ, նույնպիսի գույնով,
Նրանց ժպիտը զվարթ, կուսական,
Որ արշալույսին նման է այնքան.
Տեսա՝ երկուսն էլ մի բան են պատմում,
Երկուսն էլ տեսա՝ արև են բերում,
Մեկը՝ լույսի,
Մյուսը՝ հույսի:

ՀԱՇՏՈԻԹՅՈԻՆ

Կովկասի ամպած երկինքը պարզեց,
Հեռու հարավում շողակի նման
Հսկա Մասիսի գագաթը փայլեց `
Վիթխարի Կազբեկ սարի հանդիման:

«Ողջո՛ւյն, բարեկամ», Մասիսն որոտաց
Թունդ կայծակների ձայնով ահաբեր,
Եվ մեծ Կովկասի լեռները հանկարծ
Խուլ դղրդացին — «Ողջո՜ւյն քեզ, ընկեր»:

Մենք հին փառքերով ու նոր ցավերով
Ազգականներ ենք իրար խորթացած,
Մտաբերո՞ւմ ես, որքան ենք սիրով
Միասին կանգնել փոթորկի դիմաց:

Բայց ի՛նչ կախվել ես մի քանի դարում,
Էլ չես շողշողում ամպերից վերև,
Հենց փաթաթվել ես թխպոտ ամպերում,
Չես ուզում ասես էլ տեսնել արև:

Այստեղ տուր ձեռքդ, մոտեցիր, ընկեր,
Մի նայի՜ր, ետև, ի՞նչ է կատարվում...
Մենք հո եղբայր ենք դարերից ի վեր,
Մեզ հո միևնույն կրակն է այրում:

Մոտեցիր..., իմ հին ազգական,
Եվ թող որոտան լեռները բոլոր,
Թող լինեն վկա մեր նոր հաշտության, —
Խոսքը վերջացրեց Մասիսն ալևոր:

Կովկասի երկինքն ամպեց վերստին,
Ճայթեցին անթիվ կայծակներ ահեղ,
Այն սեգ լեռները ողջունում էին
Եվ ուրախության արցունքն էր հեղեղ:

1893

Քրիստոս հարյավ... Ա՛խ, և այս հոծ
Մութ-մըռայլից, երանի,
Հառներ հոգիս կըրակ ու բոց,
Զըվարթ հոգիս երբեմնի:

Եվ, երանի, նույն սաստկությամբ
Սիրո կիրքը ևս հառներ,
Երկինքս էլի դառնար անամպ,
Միտքըս ուժգին սավառներ...

Լո՜ւռ կաց, անմիտ, ի՞նչ ես լալիս
Վըհատ ձայնով ծերության,
Դեռ քո ճամփին լույս է տալիս
Ճառագայթը վաղորդյան:

Եվ մըռայլից, որ կա իջած
Ծանր ու տարտամ քո սըրտին,
Պիտի հառնեն տանջված, խաչված
Ցընորքները քո նախկին:

Մարտի 28.

Ն. ԲԱՐԱԹԱՇՎԻԼՈԻ ԴԱՄԲԱՆԻ ՎԵՐԱ

Մխիթարությո՛ւն, սգավոր Վրաստան,
Ինչո՞ւ է տխրել դեմքըդ այրական.
Շարժված աճյունը հանգած պոետի
Շարժե՞ց վերստին ցավը քո սրտի,
Թե նորա մըթին գերեզմանը խոր
Որբ հոգուդ համար շատ է ահավոր...

Կը թաղես, այո՜, դարձյալ քո երգչին,
Բայց նորա վառած զգացմունքներին
Չըկա գերեզման և ոչ էլ վախճան.
Նրանք կենդանի կըմնան հավիտյան,
Եվ դու նրանցով պիտի մի այլ օր
Թաղես քեզ մաշող ցավերը բոլոր:

Եվ քե՛զ, անցավոր շիրիմից շիրիմ,
Հեգ ժողովրդի երգիչ մտերիմ,
Քե՛զ, որ տանջվել ես անհանգիստ սրտով,
Հավիտենական հանգիստ անվրդով:

Ապրիլի 25.

ԱՂԲՅՈԻՐԸ

Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բըխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում:

Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ
Ջրեց հոտը իր ծարավ:

Պախրեն անցավ էն սարից՝
Շոքից հանած չոր լեզուն.
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց աստըծուն:

Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,
Գըլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ:

Ու տըվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը
Ջրի նըման երկարի՛...»:

ԱՅՎԱԶՈՎՍԿՈԻ ՆԿԱՐԻ ԱՌՋԵՎ

Ելած՝ օվկիանի անզուսպ ալիքներ,
Ծանըր հորձանքով զարկելով դեպ վեր,
Լեռնանում էին, զուսպով ահեղ,
Եվ մըրրիկն ուժգին շընչում էր այնտեղ
Անեզր ու անվերջ
Տարածության մեջ:

«Կանգնեցե՜ք», գոչեց վըրձինը ձեռքին
Կախարդ ծերունին հուզված տարերքին.
Եվ լուռ, հրնազանդ հանճարի ձայնին,
Մութ ալիքները, փոթորկի ժամին,
Կըտավի վըրա
Կանգնած են ահա:

ՀԱՅ ՈԻԽՏԱՎՈՐԻՆ

Գնա՜ս բարով, ա՜յ ուխտավոր,
Երանի քեզ, հայ ուխտավոր,
Որ կարոտով ու սիրառատ
Ուխտ ես գնում դեպ Այրարատ:
Զեփյուռներով, ծաղկանց բույրով,
Ինչպես ծնող սիրագորով
Քեզ կողջունեն զմրուխտ հագած
Գեղամ սարերն ու Արագած.
Եվ հարազատ աչքի նըման
Քեզ կը ժպտա վճիտ Սևան,
Որ լեռների շուքերի հետ
Խաղ է անում, խայտում վետ-վետ,
Փայլփլում է ծփանքներով,
Հորինում է լույսերի ծով,
Եվ մերթ վշտով ու տխրությամբ
Սևանում է, ինչպես մութ ամպ...

Հապա էն սա՛րն, էն սար հսկան,
Էն սարերի սարն ու արքան,
Լազուր երկնի ծոցր մըտած,
Ճերմակ գլուխն ամպեր փաթթած,
Ահա կանգնեց ծանր ու տրտում
Քու առաջևն ու քու սրտում...
Է՛, նա արդեն քանի սև դար
Պերճ գագաթովն իր ձյունափառ
Շողշողում է, փայլատակում,
Եկ ուխտավոր հայի հոգում
Հպարտության ծնում թունդեր
Եկ սիրելի երազ՝ թե դեռ
Էն երկնահաս Մասյաց կատար,
Ուր հին տապանն առավ դադար,
Դադար կառնեն փառքերն մեր հին,
Որ նորափայլ իջնեն կրրկին...

ՆԱ ՆՍՏԱԾ ԷՐ

Նա նստած էր դաշնամուրի առաջին,
Որպես երգի մի վշտացած դիցուհի,
Եվ, նըվագի հնչյուններով տխրագին,
Այնքան ազդու պատմում էր վիշտն յուր սրտի
Որ թվում էր այն հիացման ժամին ինձ,
Թե արցունքն էր հոսում տըխուր աչքերից..

ԽՐՃԻԹՈԻՄ

Մանուկները գոռում-գոչում,
Լալիս էին աղեկեզ.
Նանի՜, նա՜նի, հաց ենք ուզում,
Վե՜ր կաց, նա՜նի, հաց տուր մեզ:

Հիվանդ նանը տեղի տակին
Ծանը տընքաց տըխըալի.
Մենք հաց չունենք, ես ձեզ մատաղ,
Ապին գնաց հաց բերի:

Չէ՜, խաբում ես, սուտլիկ նանի,
Դու ասացիր՝ քարափին
Երբոր զարկի շողքն աըևի,
Հաց կբռերի մեր ապին:

Արևն եկավ անց էլ կացավ,
Մենք սոված ենք դեռ էսպես.
Նա՜նի, նա՜նի, հաց ենք ուզում,
Վե՜ր կաց, նանի, հաց տուր մեզ:

Հաց չի գտել ձեր ապին դեռ,
Տուն չի գալիս սևերես.
Քիչ էլ կացեք, իմ բալիկներ,
Հիմի այնտեղ կերթամ ես...

Մի մեծ ապի կա երկնքում,
Նա շատ ունի այնտեղ հաց...
Նա ձեզ այնքան շատ է սիրո՛ւմ...
Նա չի թողնիլ ձեզ սոված...

Կերթամ այնտեղ, նրան կասեմ,
Որ սոված եք, իմ բալեք,
Ձեզ համար շատ-շատ հաց կուզեմ,
Որ դուք ուտեք, լաց չըլեք...

Հաջորդ էջ