Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Հը՜ մհենց այդ է, որ մեր տունը քանդում է, է՛այդ անմիաբանությունը որ չլիներ, հո մեր ազգի նման ուժեղ և զորավոր ազգ մեկն էլ չէր լինի: Բայց ինչ անես, որ արտաքին թշնամին հենց այդ բանից է բռնում և մեր աչքը հանում, թե չէ ինչպես կհամարձակվեր հույնը կամ արաբը մեր աշխարհն ավերել ու ոտնատակ տալ:

Բայց Վեստ Սարգիսը ի՞նչ կօգտվի, հայրի՛կ, յուր անմիաբանությունից:

Այդ արդեն մեր բանը չէ: Կօգտվի, թե չի օգտվի, չգիտեմ, բայց որ Հայաստանը տակնուվրա կլինի, այդ լավ գիտեմ: Է՛յ, աղջի՜կս, կմեծանաս, դեռ շատ բան կիմանաս: Այժմ գնա, քո ապուրը պատրաստիր, ով գիտե, գուցե հենց հիմա երևա քո Ստեփանիկը և յուր գժությունները բանեցնե ու քեզանից շուտով ապուր ուզե: Չէ՞ որ նա սիրում է քո եփած ապուրը:

Լուսիկը խոր ախ քաշեց ու հեռացավ, այնինչ դարբին Ղևոնդը սկսեց մտազբաղ խուղի առաջ շրջել: Թե ի՞նչ էր մտածում, հայտնի չէր, երևում էր միայն, որ նրա սրտի մեջ ինչ-որ մի ներքին կռիվ կար, ինչ-որ մի անհայտ որդ բույն էր դրել նրա մեջ և անողորմաբար կրծում էր նրա սիրտը և տակնուվրա անում նրա հոգու խաղաղությունը

Ժ

ՓԱՐԵՑԵՔ ԽԱՉԻՆ, ՎՏԱՆԳԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է

Եվ հանկարծ բոթաբեր գույժը ցնցեց Հայաստանը մի ծայրից մյուսը...

Հույները պահանջում են Հայաստանը: Նրանք տեր են մի թղթի, որով թուլամորթ թագավորը` Հովհաննես-Սմբատը, յուր կնիքով և ստորագրությամբ վավերացնելով, յուր մահից հետո Հայաստանը կտակում է հույներին... Հեշտ է ասել` կտակում է... Բայց չէ՞ որ դա մի տուն, այգի, ամայի երկիր չէր, որ այդպես հեշտ անցներ մեկի ձեռքից մյուսը: Չէ՞ որ Հայաստանը մեռած չէր և չպիտի մեռներ Հովհաննես թագավորից հետո... Նա ապրում էր ազատ, ինքնագլուխ և պիտի ապրեր:

Հայաստանը ստրկական կյանքի սովոր չէր և յուր ազատությունը այդպես հեշտ, մի թղթի զորությամբ չէր տա հույներին: Եվ չտվեց էլ:

Հույն պատգամավորը պահանջում էր.

Ձեր թագավորի տված թղթի զորությամբ մերն է Անին և շրջայքը, տվեք մեզ և այն ժամանակ դուք մեծապես կվարձատրվեք ու կարժանանաք մեծազոր կայսեր ողորմությանը:

Չէ՛, մենք մեր ձեռքով մեր տունը չենք քանդի, չենք ուզում ո՛չ ձեր ոսկիները, ո՛չ ձեր այստեղ գալը, հեռացեք մեզանից և մենք խաղաղ կապրենք ձեզ հետ, — ասացին մի քանի իշխաններ, իսկ մի քանի իշխաններ էլ գլուխները կախեցին ու մտածեցին.

Ի՞նչ շահ, եթե Գագիկը թագավոր լինի, ավելի լավ է մեծազոր կայսեր ծառայությունն ընդունել, նա մեզ առատ կվարձատրի:

Հույն պատգամավորը և՛ ճարտար էր, և՛ խորամանկ: Նա ցույց տվեց նրանց փայլուն ոսկիներ, և հայ իշխաններից շատերը հրապուրված դրանից հրաժարվեցին իրենց համոզմունքից: Վրա հասավ և Վեստ Սարգիսը, որ ծածուկ գրգռում էր տալ Անին հույներին: Սակայն մեռած չէր Վահրամ իշխանը: Նա բեկյալ սրտով իշխաններին ժողովի հրավիրեց և հույն պատգամավորի անիրագործելի պահանջը բացատրեց:

Բարեկամնե՛ր, — ասաց նա, — լավ կշռեցեք, ինչ որ անելու եք, որպեսզի ապագայում ամոթով չմնանք և մեր հետնորդները մեզ անեծքով չհիշեն: Գիտե՞ք, արդյոք, թե ի՞նչ է պահանջում մեզանից հույնը: Նա պահանջում է մեր ազգի կործանումը, մեր թագավորության քայքայումը: Նա ուզում է, որ մենք մեր ազատությունը ծախենք անարգ գերության և ստրկության, որ մենք մեր սուրը վայր դնենք և վիզներս դեմ տանք մեր թշնամիներին, որ նա կտրի այն և բնաջինջ անի մեզ... Ասացե՛ք, համաձա՞յն եք:

Ո՛չ, ո՛չ, — լսվեցին խուլ ձայներ այս ու այն կողմից:

Եթե ոչ, ուրեմն թող հույն իշխանը մեր մոտից գնա խաղաղությամբ և հայտնի յուր կայսեր, որ նրա պահանջը անիրագործելի է, որ նա զուր մեր արյունն է պղտորում, որ ցնորք պիտի համարել մեզանից Անին առնելը, իսկ եթե նա համարձակվի կրկին ոտք դնել Հայաստան այդ պահանջներով, այն ժամանակ երդվեցեք այս խաչի վրա, որ մինչև արյան վերջին կաթիլը պիտի պահպանենք մեր հայրենիքը և մեր ազատությունը: Թող կայսրը իմանա, որ մենք կապավինենք մեր պահապան, մեր զորավոր խաչին և զենքը ձեռքներիս կկռվենք մինչև մեր վերջին շունչը, և նա մեր դիակների կույտերի վրայով միայն կառնի Անին ու իր շրջակայքը... Ասացեք, իշխաննե՛ր, համաձա՞յն եք, — ասաց Վահրամ իշխանը, և նրա ձայնը դողդողաց, այնինչ աչքերից կայծակներ էին դուրս թռչում և սարսռեցնում ժողոված իշխանների մարմինները:

Համաձայն ենք, Վահրա՛մ իշխան, մենք մինչև վերջին շունչը կկռվենք մեր հայրենիքի ազատության համար, — ասացին մի քանի իշխաններ:

Իսկ ինչ կասես դու, մեծազոր խնամակալ Վեստ Սարգիս, — դարձավ Վահրամը և մի այնպիսի հայացք ձգեց նրա վրա, որ նա իսկապես պիտի սարսռար: Սակայն Վեստ Սարգսի մի մկանն անգամ չշարժվեց: Նա փորձված և խորամանկ էր: Այդպիսի դեպքերում նա գիտեր իրեն պահել:

Ո՜հ, Վահրա՛մ իշխան, քո բերնով աստված ինքն է խոսում և ես էլ անեծք եմ թողնում այն իշխանի գլխին, որ յուր ձեռքով յուր տունը կքանդի և Անին յուր 1001 եկեղեցիներով հույներին կհանձնի: Վատ և անարգ է այն հայը, ով կդավաճանի յուր հայրենիքին:

Իսկ դու, վեհափա՛ռ տեր, ի՞նչ կասես մեր վճռին, — դարձավ Վահրամ իշխանը Պետրոս Գետադարձ կաթողիկոսին, որ ներկա լինելով ժողովին, լուռ լսում էր իշխանների խորհուրդը:

Իշխաննե՛ր, այդ թուղթը, որի զորությամբ հույները պահանջում են Անին և յուր շրջակայքը իմ ներկայությամբ է գրված և ես մեղավորս ոչ մի կերպ չկարողացա մեր հանգուցյալ թագավորին համոզել, որ դա ազգակործան մի թուղթ է: Նա գրեց այդ թուղթը և յուր կարճամյա հանգստությունը շատ թանկ գնեց: Բայց այժմ լավ պիտի մտածեք, որ հույները այլևս ձեռք չեն վերցնի այդ պահանջից: Ուստի և եթե դուք ձեր մեջ զգում եք մի ուժ, եթե ձեր մեջ կլինի հույներին դիմադրելու անքակտելի միաբանություն, այդ դեպքում ես համաձայն եմ ձեր վճռին և օրհնում եմ ձեր միաբանությունը: Իսկ եթե ձեր մեջ ընկնելու է երկպառակության չար որոմը, և ոտնատակ է լինելու Հայաստանը, այդ դեպքում մնում է ինձ լռել և ձեր հանցանքը ձեր վզովը փաթաթել:

Դավաճանը յուր արժանավոր պատիժը կստանա, վեհափա՛ռ տեր, և քանի Վահրամ իշխանը կենդանի է, հույնը Անիի տերը չի դառնա: Մեր գահը թեև թափուր է, բայց տեր ունի: Գագիկը նրա օրինավոր ժառանգն է և պիտի ժառանգի այդ գահը, — ասաց Վահրամը և հրամայեց հույն պատգամավորին ժողովի հրավիրել:

Անցավ մի փոքր ժամանակ և հույն իշխանը խորհրդարան մտավ ու մի տեսակ գոռոզ արհամարհական հայացք ձգելով չորս կողմը` հարցրեց.

Ինչու՞ համար են ինձ կանչում հայ իշխանները:

Վահրամ իշխանի դեմքի գույնը թռավ, բարկության շանթեր անցան նրա դեմքի վրայով ու բարկությունից ատամները կրճտացրեց.

Դուք մեզանից պահանջում եք Անին, այդպես չէ՞:

Պահանջում ենք, որովհետև մերն է, մի՞թե կհանդգնեք դեմ կենալ մեծազոր կայսեր հրամանին:

Հույները Անիին չեն տիրանա: Հայտնեցեք կայսերը, որ այդ ցնորքը հանի յուր մտքից, — պատասխանեց Վահրամը:

Ինչպե՞ս... դուք անարգ իշխաններդ հանդգնում եք մեր կայսեր դե՞մ գնալ, — ասաց հույն իշխանը արհամարհական ժպիտ արձակելով դեպի Վահրամ իշխանը:

Իշխա՛ն, լեզվիդ չափ դիր, ճանաչիր, թե դու որտեղ ես գտնվում, — պատասխանեց Վահրամ իշխանը մինչև ականջները կարմրելով:

Ի՞նչ, ես պիտի վախենամ անարգ հայերի՞ց

Լռի՛ր, ապա թե ոչ շանսատակ կանեմ քեզ, — գոռաց Վահրամը և սուրը պատյանից հանելով ուզում էր հարձակվել իշխանի վրա, որը համարձակվում էր անարգ լեզու բանեցնել դեպի հայերը, սակայն այդ միջոցին մեջ ընկավ Վեստ Սարգիսը և նրանց բաժանեց: Հույն իշխանը, որ երկյուղից թաքնվել էր Վեստ Սարգսի ետևը, այժմ սիրտ առած յուր սուրն էր մերկացրել և գոռում էր:

Բայց Վեստ Սարգիսը նրան դուրս տարավ և քիչ ժամանակից հետո ժողովն էլ փակվեցավ:

Հայաստանի դրությունը տագնապալից էր... Վտանգը մոտենում էր

ԺԱ

ԼԵՌՆԵՐԻ ԱՎԱԶԱԿԸ

Հայաստանի Չորրորդ Հայք նահանգում, Տավրոս լեռներից դեպի հյուսիս, Պաղին կամ Բաղնատուն գավառում, անմատչեչի լեռների գլխին բարձրանում էին մի քանի անմատչելի բերդեր, ուր իշխում էին Հաբել իշխանը և յուր որդիք` Հարպիկ, Դավիթ, Լևոն և Կոնստանդին: Շրջակա թշնամիներից ոչ մեկը չէր համարձակվում խանգարել այդ քաջերի անդորրությունը: Թաթարն ու հույնը խույս էին տալիս նրանց երեսից, լսելով նրանց արյունածարավ գործերը և դևեր համարելով նրանց, անուններից անգամ դողում: Վա՛յ նրան, ով կընկներ այդ չորս եղբայրների սրերի բերանը, էլ նրան ազատում չկար և սրի մի հարվածը վերջ էր դնում նրա կյանքին:

Մթին անտառներում և լեռների խոր ձորերում ու ծերպերում առատությամբ թաքնվում էին վայրի կենդանիները, որոնք չէին համարձակվում Հաբելի որդիների ահից գլուխները դուրս բերել: Նրանք գիտեին, որ մահաբեր նետը վերջ պիտի դներ իրենց կյանքին: Թռչունները միայն ազատ երգում էին անտառների մեջ և իրենց ճռվողյունով թնդացնում օդը: Նրանք ազատություն էին վայելում այդտեղ: Նրանք գիտեին, որ Հաբելի որդիք իրենց ձեռք չեն տա, և ուրիշներն էլ չեն համարձակվի խանգարելու իրենց հանգստությունը: Եվ հիրավի, Հաբելի որդիք որքան արյունածարավ էին, նույնքան` բարի և խղճով: Նրանք անխնա կոտորում էին վայրի գազաններին, բայց ձեռք չէին տալիս անմեղ թռչուններին: Այդպես էլ վարվում էին մարդկանց հետ: Հայ շինականներին հոգու չափ սիրում ու պաշտպանում էին, իսկ հույներին և թաթարներին` ատելով ատում: Նրանք ծարավի էին դրանց արյան, բայց ավելի ծարավի այն հայ իշխանների արյանը, որոնք դավաճանում էին իրենց ազգին: Եվ այդ էր պատճառը, որ նրանց որքան սիրում էր գեղջուկը, նույնքան ատում էին հույները, թաթարները և հայ դավաճան իշխանները, որոնք դրանց «ավազակներ» էին հռչակել:

Եվ ահա այնտեղ, լեռների ծերպին բարձրանում են Արղնո ամրոցի հսկա պարիսպները, որի գլխին պտտվում էր բարձրաթռիչք արծիվը և յուր սրատես աչքերով որս փնտրում:

Հաբել իշխանը կանգնած է աշտարակներից մեկի վրա և գոհ սրտով հեռուն է դիտում, այնինչ յուր երեք որդիք Հարպիկը, Դավիթը և Կոնստանդինը խորին ակնածությամբ կանգնած իրենց հորից մի փոքր հեռու, լուռ նրա հրամանին են սպասում: Բավական է մի փոքրիկ նշան, մի ակնարկ, որ երեքն էլ որդիական ակնածությամբ իրենց ցած գլորեն աշտարակի բարձրությունից: Հաբելը նայում է բավականությամբ դեպի ոտքերի տակ տարածված ծերպերը, ուր խոխոջալով վազում են լեռնային առվակները և իբրև մի սպիտակ ժապավեն ոլորվում լեռների չորս կողմը: Հաբելը գոհունակությամբ շփում է յուր ալեզարդ մորուսը և ապա ակամայից հայացքը վեր բարձրացնում, ուր դեռ պտտվում էր արծիվը: Հանկարծ նրա դեմքը ցնցվում է, և նրա խրոխտ դեմքի վրա անցնում ժպիտի նման մի բան, ապա, դառնալով դեպի յուր որդիք, ասում է.

Որդի՛ք, մոտ եկեք:

Երեքն էլ մի ակնթարթում մոտ են վազում և ձեռքները կրծքին, խորին անկնածությամբ գլուխ տալիս հորը:

Նայեցեք վեր, տեսնո՞ւմ եք այն արծվին, որ մեր գլխին է պտտվում, նա որս է փնտրում: Հաբելի որդոց ներկայությամբ նա ուզում է հափշտակություն անել, բայց չէ որ նրան այդ իրավունքը չի տրված:

Այո՛, հայրի՛կ, նա չի համարձակվի, — պատասխանում է Հարպիկը` մեծ որդին և կրկին գլուխ տալիս:

Հը՛մ, բայց նա մեզ չի ճանաչում, մեր իրավունքները ուզում է ոտնատակ անել և թռցնել մեզանից մի որս:

Նա կպատժվի, հա՛յր, եթե իրավունք կտաս, — խոսեց կրկին Հարպիկը:

Այո, պետք է պատժել, պետք է սովորեցնել, թե ո՞վ է ապրում այս աշտարակում, — ասաց Հաբելը և հեգնական կերպով դիմելով բոլորին` ավելացրեց.

Բայց ո՞վ արդյոք ձեզանից մի նետի հարվածով ցած կգլորի նրան իր բարձրությունից:

Ես, հայրի՛կ, — ասաց Հարպիկը` աչքով չափելով արծվի հեռավորությունը:

Եվ ես, — պատասխանեց միջնակը:

Եվ ես, — ետ չմնաց փոքրիկը և նրա սիրտը թունդ առավ, թե արդյոք կբախտավորեցնի՞ հայրը` այդ գործը իրեն հանձնելով:

Ինչպես տեսնում եմ, բոլորդ էլ պատրաստ եք և եթե Լևոնիկս էլ այստեղ լիներ, նա էլ ետ չէր մնա, բայց նա լավ գործի է: Դե, Կոնստանդի՛ն, սկսիր, այդ պատիվը քեզ եմ տալիս, որպես ամենափոքրի: Ես տեսնում եմ, որ աչքերդ անհամբերությունից փայլում են, — ասաց Հաբելը:

Կոնստանդինն էլ սպասեցնել չտվեց: Նա վերցրեց նետը, դրեց աղեղի մեջ և մի վայրկյան դիտեց արծվի պտույտի ձևը: Հայր և որդիք հետաքրքրությամբ նայում էին, թե արդյոք չի՞ վրիպի նա նշանից: Արծիվը բավական բարձր էր:

Հանկարծ Կոնստանդինը հաստատուն ձեռքերով քաշեց լարը, նշան դրեց և բաց թողեց նետը: Նետը սլացավ վեր և մի քանի վայրկյանից հետո հայր և որդիք տեսան, որ թռչունների թագավորը տատանվեց, երերաց և ուժգնությամբ ցած սլացավ: Մի քանի վայրկյան էլ և նա ընկավ Հաբելի ոտքերի տակ...

Հաբելը տեսավ, որ արծվի կրծքին մխված է Կոնստանդինի արձակած նետը և նրա կրծքից բխում է արյուն:

Ապրե՜ս, զավա՛կս, դու արժանի ես իմ որդին կոչվելու, — ասաց հայրը:

Կոնստանդինը մոտեցավ հորը, ծունկ չոքեց և համբուրեց հոր ձեռքը, իսկ հայրը` նրա ճակատը:

Տիրեց մի փոքր լռություն: Հաբելը կարծես առժամանակ մոռացավ արծվին, և նրա դեմքի վրայով մի մթին ամպ անցավ: Երևում էր, որ մի ինչ-որ բան անհանգստացնում էր նրան, որ մի ինչ-որ բան հուզում էր նրա սիրտը:

Հարպի՛կ, բավական ժամանակ է մենք տեղեկության չունենք Շիրակից. այդ բանը շատ է անհանգստացնում ինձ. արդյոք ի՞նչ է պատահել այնտեղ, — ասաց Հաբելը` դիմելով որդուն, սակայն առանց երեսը դեպի նա դարձնելու:

Այո, հայրի՛կ, մի քանի ամիս է, ինչ ես վերադարձել եմ և դրանից հետո դեռ լուր չունենք, թեև Վահրամ իշխանը խոստացավ շուտ-շուտ տեղեկություն տալ մեզ:

Երևում է, որ այնտեղ կարևոր բաներ են պատահել, և Վահրամ իշխանը միջոց չունի մեզ տեղեկացնելու: Բայց դու չե՞ս կարոտում Գոհարիդ, — դարձավ Հաբելը և շեշտակի նայեց ավագ որդու աչքերին:

Հարպիկը ամոթխածությունից մինչև ականջները կարմրեց:

Ա՜... տեսնում եմ, որ սրտիդ լարերից խոսեցի, բայց համբերություն ունեցիր և ամեն բան լավ կերթա:

Շտապելու բան չկա, հայրի՛կ, դեռ կարևոր գործեր կան:

Ի՞նչ գործեր, — զարմացած հարցրեց հայրը:

Հույները կրկին հանգիստ չեն մնում, նրանք նորերս ձեր կալվածքների վրա հարձակում գործեցին:

Ի՞նչպես... հետո՞...

Հետո նրանք ստացան իրենց արժանի հատուցումը:

Հը՛մ... ինչ Հովհաննես թագավորը վախճանվել է, դրանք երես են առել, պետք է դրանց դաս տալ, ինչպես երևում է նախկին դասերից չեն խրատվել:

Այո, հայրի՛կ, եթե նայենք լուրերին, հույները մտադրվում են հարձակվել նաև մեր բերդերի վրա և, ինչպես ասում են, այդ բանին օգնում է հայ իշխաններից մեկը:

Ո՞վ:

Թլպաղտո բերդի իշխան Թորոսիկը:

Թորոսի՞կը... և ի՞նչ է ուզում դա. մի՞թե ցանկանում է, որ մեր բերդերը հույներին տանք և նրանք մեզանից առնելով իրեն հրամցնեն:

Նա հիմարացել է, հայրի՛կ, և ուզում է վասակներին, մեհրուժաններին դասակից լինել: Նրանց դափնիները Թորոսիկին հանգստություն չեն տալիս:

Իսկ նրա որդին` Ստեփանիկը, չէ՞ որ նա մեզ մոտ պատանդ է:

Որդին հոր արյունից չէ, Ստեփանիկը ամենահայրենասեր երիտասարդներից մեկն է և ատում է հորը:

Ատո՞ւմ է... Այդպես էլ պետք է, բայց հարկավոր է զգույշ մնալ: Ո՞վ գիտե, ինչ կարող է պատահել:

Ես երաշխավոր եմ Ստեփանիկի համար, հա՛յր, նա չի ուզում մինչև անգամ յուր հոր երեսը տեսնել, նրան դավաճան է անվանում:

Լավ, բայց ահա ինչ-որ մեկը մեր ամրոցն է բարձրանում:

Հրամայեց բանալ դռները և ընդունել:

Կրկին լռություն տիրեց: Հաբելի որդիներից մեկը իսկույն հեռացավ և կարճ ժամանակից հետո դարձավ մի հաղթանդամ մարդու ուղեկցությամբ: Անծանոթ մարդը դեռ հեռվից նկատելով Հաբել իշխանին կանչեց.

Ինձ մի հարցնեք` ով եմ ես...

Խենթն է, — ասաց Հաբելը և ժպտաց:

Խենթը մոտեցավ Հաբել իշխանին, ձեռքերը կրծքին դրեց և խոր գլուխ տվեց:

Բարև՛, Խե՛նթ, բարև՛. հը՛, կրկին խե՞նթ ես, թե խելոքացել ես:

Տեղ կա` խենթ, տեղ կա` խելոք, իսկ տեղ կա` ո՛չ խելոք, ո՛չ խենթ... բայց ստացեք Վահրամ իշխանի նամակը:

Հաբել իշխանը կարդում էր նամակը, և դեմքը հետզհետե գունատվում էր: Բարկության ալիքները անցնում էին նրա դեմքի վրայով, և աչքերը կատաղության շանթեր էին արձակում:

Հարպիկ իշխանը նայում էր հոր դեմքին, և նրա սիրտը փուլ էր գալիս: Նա զգում էր, որ օտարոտի անցքեր են պատահել Հայաստանում: Արդյոք Գոհարիկի հետ ոչինչ չի՞ պատահել:

Հաբել իշխանը վերջացրեց կարդալը, և, դառնալով որդուն, ասաց.

Հարպի՛կ, որդիս, դու պետք է իսկույն ևեթ սլանաս Անի: Գործերը խիստ ծանրանում են, հույներն ուզում են Հայաստանի տերը դառնալ, իսկ Վեստ Սարգիս իշխանը` Հայոց թագավորության խնամակալը, գաղտնի օգնում է նրանց, հուսալով, որ նրանք Հայաստանի թագը կդնեն նրա գլխին: Բայց վա՜յ դավաճաններին...

Իսկ դո՛ւ, Դավի՛թ, — դարձավ Հաբելը մյուս որդուն, — ամրացրու մեր բերդերը և գնդերդ պատրաստ պահիր հարկավոր դեպքում օգնության գնալու Վահրամ իշխանին: Հայաստանի սիրտը Անին է, եթե Անին խլվի մեզանից, ամեն ինչ կվերջանա: Սիրտը դադարելուց հետո մարդը չի կարող գոյություն ունենալ: Լավ տեղից են բռնել անպիտան հույները:

Հաբել իշխանը, վեր կացավ և, դառնալով Խենթին, ասաց.

Լավ լուրեր չես բերել, Խե՛նթ, հետևիր ինձ, պետք է այդ մասին մանրամասն խոսել:

Նրանք հեռացան աշտարակից, իսկ փոքր Ժամանակից հետո երկու ձիավոր դուրս գալով Արղնո ամրոցից, ձիերի գլուխները դարձրին դեպի Անիի ճանապարհը և սլացան առաջ:

Ձիավորներից մեկը Հարպիկ իշխանն էր, իսկ մյուսը Ստեփանիկը` դավաճան Թորոսիկ իշխանի որդին:

ԺԲ

ԴԱՎԱՃԱՆԸ ՀՐՃՎՈՒՄ է

Վեստ Սարգիս իշխանը մտազբաղ նստած էր յուր սենյակում: Նա թիկն էր տվել թանկագին օթոցին և աչքերը մի կետի հառած մտածում էր: Ծանր էր դավաճանի դրությունը... Նրա սև սրտի մեջ խիղճը երբեմն-երբեմն թույլ կերպով շանթում էր, բայց անհետ, առանց նշան թողնելու կորչում, չքանում: Նրա հոգու մեջ բույն էր դրել սև փառամոլությունը, որը խեղդում, ոչնչացնում էր ամեն լավ զգացմունքի նշան: Բայց դավաճանի սիրտն էլ մարդու սիրտ է, այնտեղ էլ գոյություն ունեն արտասուքն ու ուրախությունը, խիղճն ու անխղճությունը: Նա էլ երբեմն լալիս է, երբ տեսնում է անմեղ զոհի տանջանքն ու չարչարանքը և նրա հետ տանջվում ու ուրախանում: Վիշտը նրա սիրտն էլ է կրծում և դառն մտածությունները նրա արյունն էլ են սառցնում երակների մեջ...

Վեստ Սարգիսը այդ իսկ րոպեին յուր անելիքի, յուր դերի մասին էր մտածում: Նրա գլխում մտքերն ահարկու կռիվ էին մղում, իսկ կամքը ծփում էր այդ մտքերի մեջ: Նա դեռ չարագործության առաջին աստիճանի վրա էր կանգնած: Դեռ մի քայլ էր արել, մի փոքրիկ քայլ դեպի դավաճանությունը, դեպի վատությունը և այդտեղ կանգ առնելով տեսնում էր երկու ճանապարհն էլ: Նա զգում էր, որ դեռ հնարավորություն կա ետ դառնալու, դեռ կարելի է մյուս ճանապարհով գնալ, այնինչ, եթե մի քայլ էլ դներ, արդեն ուշ կլիներ: Նա տեսնում էր, որ մի ճանապարհը տանում է դեպի համեստ, բայց պատվավոր կյանքը, այնինչ մյուս ճանապարհը` դեպի փառքը, թագավորական գահը: Բայցբայց առաջին ճանապարհին փռված էին երփներանգ ծաղիկներ, իսկ երկրորդ ճանապարհին` դիակների կույտեր, որոնց կոխկրտելով նա պիտի հասներ այն գահին, որ փայլում էր հեռվում... Ո՞րն է լավ: Գնալ դեպի ծաղկազարդ ճանապարհը և հանգիստ, պատվով վերջ դնել յուր մարմնավոր կյանքին, թե՞ կոխկրտել արյունաթաթախ դիակներ, լսել վիրավորների դառն, աղեկտուր հառաչանքները և արյունոտ զոհերի գնով բազմել փայլուն գահին... Ահա թե ինչն էր տանջում այդ րոպեին Վեստ Սարգսին և շփոթում նրա միտքն ու հոգին

Եվ երկար ժամանակ բուռն կերպով ընդհարվում էին այդ մտքերը այնպես, ինչպես օվկիանի ահեղ ալիքները ծփում են, դիպչում իրար, ոչնչանում և կրկին ժանտ օձի նման գլուխները վեր բարձրացնում...

Ո՛չ, մի քայլ առաջ եմ գնացել և ետ դառնալ անհնարին է: Հիմարություն կլինի, որ ետ դառնամ: Հայաստանի գահը ինձ պիտի պատկանի կամ ոչ ոքի: Ես դիակներից ինձ համար պատվանդան պիտի շինեմ և հասնեմ այդ գահին: Եվ իմ անհողդողդ կամքը չի ընկճվի երբեք, եթե տեսնեմ, որ ամբողջ Հայաստանը մոխրի և ավերակների կույտ է դարձել: Վեստ Սարգիսը թույլ չի տա, որ խելացնոր պատանին ժառանգի գահը, իսկ ինքը դառնա նրա ստորադրյալը: Ես պիտի գնամ առաջ, պիտի հասնեմ նպատակներիս դանդաղ, բայց հաստատուն քայլերով: Արտաքուստ` գահին պաշտպան, իսկ ներքուստ` գահը ժառանգող: Ահա իմ ծրագիրը, ահա իմ նպատակը: Եվ վա՛յ նրանց, ովքեր իմ ճանապարհին կկանգնեն: Նրանց փրկություն չկա: Շուտով կանհետանան իմ ճանապարհից Գագիկը և Վահրամը, և այն ժամանակ, երբ կհասնեմ ցանկացած նպատակիս, վա՛յ այն իշխաններին, որոնք պաշտպանում էին Վահրամին ու Գագիկին:

Վեստ Սարգիսը վեր կացավ և սկսեց շրջել սենյակում: Այդ ժամանակ սենյակի դռան վարագույրը ետ քաշվեց և մի գլուխ երևաց, որը հետաքրքրությամբ Վեստ Սարգսին էր նայում, սակայն վերջինս յուր մտքերի հետ ընկած չէր նկատում նրան:

Իշխա՛ն, — ասաց այդ մարդը և ներս մտավ:

Վեստ Սարգիսը կանգ առավ ու նայեց նրան: Մի րոպեում նրա կնճիռները բարձրացան և նա իրեն հանգիստ դեմք տվեց:

Եղո՛, բարի ես եկել, նստիր տեսնենք` ի՞նչ նոր լուր ես, բերել:

Լրտեսը և իշխանը նստեցին:

Վահրամ իշխանը մեծ պատրաստության մեջ է, տե՛ր. կարծես հոտ է քաշել, որ դու ձգտում ես գահը ժառանգել:

Ի՞նչպես:

Վահրամ իշխանը, մի քանի իշխանների և Պետրոս կաթողիկոսի հետ խորհրդակցելով, ուզում է Գագիկին Անի բերել և թագավոր օծել:

Այդ անմիտ տղայի՞ն

Նրանք այդ անում են, որ գահը թափուր չհամարվի և ոչ ոք աչք չունենա այդ գահի վրա:

Իսկ ո՞ւր է այժմ Գագիկը:

Հայտնի չէ: Մեր սպանության անհաջող փորձից հետո նրան ս. Անապատի վանքից հեռացրել են, բայց թե ո՞ւր հայտնի չէ: Նրանք այժմ խիստ զգույշ են և ամեն

միջոց ձեռք են առել գաղտնի պահելու Գագիկ Բագրատունուն:

Հը՛մ... Այդ երեխային թագավոր են ուզում օծել... Բայց Վահրամը այդ չի կարող անել: Ես կխանգարեմ նրան, մինչև հունական զորքերը վրա կհասնեն: Չէ՞ որ Վահրամը անպատվեց հունաց պատգամավորին: Մի՞թե կայսրը հանգիստ կթողնի Անին և չի պատժի Վահրամին:

Այո, իշխա՛ն, եթե հունաց զորքերը շուտ հասնեն, Վահրամն իր նպատակին չի հասնի: Նա, որպես գահի պաշտպան, նախ պիտի հույների դեմ կռիվ մղի, նրանց հեռացնի, ապա նոր մտածի Գագիկին թագավոր օծելու մասին:

Բայց ո՞վքեր են Վահրամին համամիտները:

Շատ իշխաններ, որոնց թիվը մոտ երեսունի է հասնում:

Հա՛, հասկանում եմ, բոլորն էլ յուր ազգականներն են:

Չէ՛, իշխա՛ն կան և ո՛չ ազգականներ, մինչև անգամ հեռու Տավրոսի լեռներից էլ համամիտներ կան Վահրամին:

Ո՞վքեր:

Պաղին գավառի իշխանը` Հաբելը յուր որդիների հետք:

Այդ ավազակնե՞րը:

Այո՛, որոնք պատրաստ են իրենց կյանքը դնելու գահը պաշտպանելու համար:

Լավ, դրանց դատաստանը հույներին կտամ: Նրանք գիտեն, թե ինչպես պետք է պատժել ավազակներին, շուտով նրանց ամրոցները մոխրակույտեր կդառնան:

Այդպես էլ պետք է, մենք մեր ձեռքով ոչինչ չպիտի անենք, պետք է զգույշ լինենք, որպեսզի չիմանան, որ քո մատը խառն է այդ գործում: Վահրամ իշխանը շրջապատել է իրեն լրտեսներով:

Ո՞վքեր են այդ լրտեսները, — արհամարհանքով հարցրեց Վեստ Սարգիսը:

Շատերը, մինչև անգամ օրիորդներ...

Ի՞նչ օրիորդներ:

Հիշո՞ւմ ես, իշխա՛ն, որ մենք ձիերով գնում էինք Գագիկին մյուս աշխարհ ուղարկելու և ճանապարհին, Անիի դռներից մի փոքր հեռու, կանգ առանք դարբնոցի առաջ: Հիշո՞ւմ ես, երբ քո ձին պայտեց ծերունի դարբինը, քեզանից փող չէր ուզում վերցնել և բացի դրանից, մի քանի քայլ չարած քո ձիու պայտը վայր ընկավ: Ահա այդ խուղը իսկապես մի լրտեսարան է, որը հսկում է, թե ո՞վ է գնում-գալիս Անի և իսկույն տեղեկացնում Վահրամ իշխանին: Այդ ծերունի դարբինը մի աղջիկ ունի, որը գաղտնի հարաբերության մեջ է Վահրամի դստեր` Գոհարիկի հետ:

Հասա՞ծ աղջիկ է:

Հասած և սիրուն:

Հը՛մ, դա պետք կգա հույն իշխանին նվիրելու համար: Պետք է կրակ տալ դրա խուղը և օրիորդին մեր բանտերից մեկը փոխադրել` մինչև որ կերևան հույն իշխանները:

Բայց պետք է շտապել, տե՛ր:

Այո, պետք է շտապել և այդ գործը դու պիտի կատարես: Վերցրու հինգ ձիավոր և զգույշ մոտեցիր խուղին. նախ օրիորդին կապեցեք և ապա կրակ տվեք խուղը:

Իսկ հո՞րը:

Հորը դանակի մի հարվածով սատկեցրեք: Թող նա իմանա, որ Վահրամն այնքան անզոր է, որ իրեն չի կարողանում օգնել:

Եղոն վեր կացավ:

Բայց, Եղո՛, զգույշ կաց, գործը շինելու տեղ, չքանդես: Գագիկին չկարողացար սպանել, գոնե տեղը իմացիր: Դե՛հ, գնա, հույս ունեմ, որ առանց աղմուկի շուտով օրիորդին կտեղափոխես մեր ներքին նկուղներից մեկը:

Վստահ եղիր, տե՛ր, — ասաց Եղոն և շուտով անհետացավ այնպես, ինչպես հայտնվել էր:

ԺԳ

ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ

Անիի և յուր շրջակայքի վրա խորին խավար էր տիրում: Ամեն տեղ հանգցրած էին ճրագները, ամեն տեղ դադարել էր շարժումը: Քաղցր նիրհը պատել էր ամենքին և նրանց տարել երազական այն աշխարհը, ուր տիրապետում են և՛ սարսափներ, և՛ անուշ երջանկություն... Քնած չէր միայն Լուսիկը, որը ճրագի աղոտ լուսավորութլան տակ նստած, ձեռքը դրել էր ծնոտին և յուր սև-սև մեծ աչքերով նայում էր դուրս, դեպի խավարը, ուր տիրում էր խաղաղություն: Բայց խաղաղ չէր նրա հոգին: Մատաղ սիրտը կարծեք մոտալուտ փոթորիկներ էր գուշակում և խռովում նրա հոգին: Հայրը` դարբին Ղևոնդը վաղուց քնած էր, այնինչ ինքը քնել չէր կարողանում: Երազի նման աչքի առջևից անցնում էին յուր մանկության ուրախ պատկերները, երբ նա անհոգ թռչունի նման վազվզում էր կանաչապատ դաշտերով, ծաղիկներից փնջեր կազմելով տալիս էր մորը և կամ պսակներով զարդարում իրենց սիրելի կովի գլուխը... Անցան այդ երջանիկ օրերը, երազի նման չքացան, և ինքը հասունանալով ճաշակեց կյանքի համը: Ա՛խ, այդ համը շատ դառն էր և վշտալից, խոր կսկիծներ են պատճառում յուր մատաղ կյանքին և ընկղմում իրեն մտածմունքի ծովը... Բայց ինչու՞, ի՞նչ պատճառով, երբ նա փոքր էր, չգիտեր վշտանալ, ցավել ու տրտմել... Մի՞թե վարդը բացվում է միայն տրտմելու և ցավելու համար, մի՞թե կուսական սիրտը, հասունանալով, միայն պիտի տրտմի և ցավի, և խորին վիշտը կեղեքի նրան...

Ո՛հ, ինչո՞ւ չեմ կարողանում քնել, ուզում եմ քնել, բայց քունը փախչում է աչքերիցս, ուզում եմ մոռանալ աշխարհը, և՛ վիշտ, և՛ տրտմություն, սակայն դրանք նոր ուժով են վրդովում սիրտս... — Ասում էր Լուսիկը, և նրա սիրուն աչքերը հեղում էին արտասուքի առատ կաթիլներ:

Լուսիկը լալիս էր, ո՞վ գիտե ինչու: Յուր գիժ Ստեփանիկի՞ն էր կարոտել, թե մորն էր հիշումհայտնի չէր, միայն խիստ տրտում, խիստ հուզված էր երևում, զգում էր, որ յուր սիրտը այս գիշեր խիստ արագ էր բաբախում:

Ո՛հ, աստվա՛ծ իմ, ի՞նչ պիտի պատահի ինձ, — ասաց ինքն իրեն Լուսիկը և բռնեց սիրտը, որ կարծես փախչելիս լիներ յուր նեղ կապանքներից:

Անգիտակցաբար նա յուր ուշադրությունը մի կետի վրա դարձրեց և սարսռեցավ: Կարծես սիրտը կանգ առավ: Նա իրենց խուղից մի քանի քայլ հեռու ստվերներ նկատեց, որոնք լուռ խորհրդակցում էին իրար հետ: Լուսիկը պարզ լսեց, թե ինչպես նրանցից մեկը ասում էր մյուսին:

Զգո՛ւյշ կացեք, օրիորդին վնաս չհասցնեք, նա պետք է ողջ հասնի մեր իշխանին:

Լուսիկը տեղն ու տեղը սառած մնաց: Մի վայրկյան երկյուղը պաշարեց նրան և քիչ մնաց խելքը կորցներ, ապա մի ոստյուն գործեց դեպի հոր անկողինը և հրելով նրան կանչեց.

Հայրի՛կ, հայրի՛կ, վե՛ր կաց, վտանգը մոտ է մեզ... Քնաթաթախ վեր թռավ դարբին Ղևոնդը և դեռ շփոթված կանգնած էր սենյակի մեջ, երբ դուռը ահագին ճարճատյունով ջարդուփշուր եղավ և մի քանի մարդ ներս մտան: Ճրագը հանգավ, և մթության մեջ սկսվեց կռիվը:

Բայց անզեն, քնաթաթախ դարբինը ոչնչով չկարողացավ դիմադրել չորս թե հինգ մարդու, որոնք սրի մի քանի հարվածով վայր գլորեցին նրան: Դարբինն ընկավ արյունի մեջ շաղախվելով և սկսեց փորսող տալով անգիտակցաբար դուրս սողալ, այնինչ ավազակները հարձակվել էին Լուսիկի վրա և ուզում էին կապկապել նրան, որն ամբողջ ուժով դեռ կռվում էր ավազակների հետ: Նա կծում էր ատամներով, չանկռոտում նրանց երեսները և աքացի տալիս: Բայց ուժը իրանն արավ: Չարագործները Լուսիկի բերանը թաշկինակ դրին, որ ձայն չհանի, ապա, պինդ պարաններով կապկպելով նրա ձեռքն ու ոտքը, դուրս տարան նրան սենյակից:

Լուսիկն արդեն ուշաթափվել էր: Նրա վերջին խոսքը Ստեփանիկի անունն էր, որ ակամայից դուրս թռավ նրա սրտի խորքերից, իսկ թե այնուհետև ի՞նչ պատահեց` ոչինչ չիմացավ: Նա չտեսավ մինչև անգամ, թե ինչպես չարագործները իրեն խրճիթից հեռացնելով, դրին կանաչ խոտի վրա, իսկ մի քանիսը ետ դառնալով կրակ տվին յուր տունն ու օջախը, ուր անցրել էր յուր մանկության քաղցր օրերը: Ապա, երբ բոլորակ դաշտի վրա իրենց տունը կրակե փունջ կազմելով լուսավորեց շրջակայքը, այդ ժամանակ միայն Լուսիկին դրին ձիու վրա և ուր որ շտապով հեռացան:

Իսկ երբ բացեց յուր աչքերը, նա տեսավ, որ ինքը գտնվում է մի կամարակապ սենյակում, ուր չեն թափանցում մինչև անգամ արևի ճառագայթները:

ԺԴ

ՀՈԻՆԱՑ ԲԱՆԱԿՈՒՄ

Եվ հանկարծ Հայաստանի արևմտյան կողմից երևացին հունական լեգիոնները և ճանապարհին պատահած գյուղերն ու շենքերն սկսեցին մոխրի ու ավերակների կույտեր դարձնել

Անի քաղաքը ցնցվեց: Նա զգում էր, որ այդ լեգիոնները իր վրա են գալիս, որ մի հարվածով երկրի երեսից ջնջեն իրեն և այդպիսով պատժեն այն հանդուգն հայերին, որոնք համարձակվում են մեծազոր կայսեր դեսպանին անպատվությամբ ետ դարձնել: Եվ գոռոզ հույները անողորմաբար կոտորում էին հայերին, ոչնչացնում պատահած շենն ու գյուղը և առաջանում դեպի Հայաստանի սիրտը, դեպի գոռոզ Անին, որն արհամարհում էր նրանց:

Next page